The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-27 10:24:17

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2 / 2018 I SSN 1829-2 232 18002

i 9 77182 92 2300 0

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORK” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3

Արձակ
Արմինե Բոյաջյան

Նկարում եմ նապաստակ (location - ծառի տակ) (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . 6

Դավիթ Սամվելյան
C2H6O (էսսե) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 18
Աչքերդ փակիր ու մինչև տասը հաշվիր (էսսե) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 20

Դիանա Խաչատրյան
Գետի աղջիկը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 22
Ծիրանանոց (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 27
Կարմիր Բլուրը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 29

Տիգրան Գրիգորյան
Գիտափորձ 291․ «Տաճարի» գաղտնիքը (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32

Արտաշես Շահբազյան
Դինոզավրը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 43

Ալեքսանդր Թոփչյան
Վրիպում (վիպակ) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 60

Նորայր Ադալ յան
Երազի իրականությունը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 95

1

Թարգմանություն
Գոլի Թարաղի

Տանձենի (վիպակ)
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 102

Ժան Ժնե
Սպասուհիները (պիես)
Ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 123

Շապիկին՝ Էմի Ստյուարտ.
«Ընթերցանություն Բրայանթ այգում», 2017թ.

Համարի ներսում օգտագործվել է
Գարի Մելհերսի «Պատուհանի մոտ ընթերցող կինը» 1905թ. աշխատանքի ֆրագմենտը.

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Քանի՞ գիրք կարելի է կարդալ կյան-
քի ընթացքում, եթե, ենթադրենք, ապ-
րելու ես 80 տարի։ Այսօր աշխարհում՝
իսկ աշխարհն ավելի շատ սիրում է հաշ-
վել, քան կարդալ, կա 129864890․․․ մինչև
այսքանը գրեցի, հավանաբար դարձավ
129864891․․․ 92․․․ 93․․․ գիրք, իսկ մեկ տա-
րում հնարավոր չէ գերազանցել 70-ը։

Գիտնականներն ասում են, որ ըն-
թերցանությունից ամենաշատ հաճույք ստացողները մանուկներն ու ծերերն են,
հատկապես՝ ամռանը։ Չէ, ոչ թե որովհետև մանկությունը և ծերությունը մարդու
կյանքի ամենապարապ ժամանակաշրջաններն են, այլ պարզապես․․․ մանուկներն
ու ծերերը չեն շոգում։

Տարիներ առաջ, գործով, մի գյուղ էի գնացել՝ Հայաստանի հարավում էր, ուր
ծառերը միայն բակերում են աճում․ մեկ բակ՝ երկու ծառ, և եթե ամեն օր չջրես՝
տեղնուտեղը խռովում, ճյուղով անում, հեռանում են։

Ամառ էր, տոթն՝ անտանելի, փոշի բարձրացնելն անգամ ճնճղուկների համար
էր դյուրին՝ տեղից տեղ թռչկոտելիս։ Գյուղի կանայք վաղ առավոտյան հասցնում
էին լվացք անել, ավլել, եփել, ամուսինների հետ կռվել-բարիշել, որպեսզի հետո՝
մինչև ուշ գիշեր, հանգիստ խղճով նստեն ծառի տակ ու հևալով բամբասեն։ Տղա-
մարդիկ վաղ առավոտյան հասցնում էին նախաճաշել-ճաշել-ընթրել, գործի գնալ-
գալ, կանանց հետ կռվել-բարիշել, որպեսզի հետո՝ մինչև ուշ գիշեր, հանգիստ
խղճով հավաքվեն ծառի տակ ու կիսաքնած նարդի խաղան։ Եվ բոլորը հանգիստ
էին իրենց երեխաների համար, որովհետև գյուղում մի Կալենդար պապ կար՝ հա,
անունը Կալենդար էր, երևի ծնողները մի բան գիտեին՝ նստած էր միշտ նույն ծա-
ռի տակ ու բարձրաձայն գիրք կարդում։ Շուրջը խաղում, զվարճանում, իրար ու պա-
պին ջրում, մողես ու լորտու բռնում, կռվում-բարիշում էին գյուղի բոլոր երեխաները։
Երբ Կալենդար պապը մի գիրքը վերջացնում էր ընթերցել՝ գրքից հարցեր էր տալիս
երեխաներին, ու նրանք պատասխանում էին։ Հետո միասին հաց էին ուտում ու
որոշում, թե որ գիրքն է հաջորդը լինելու։ Բերում էին տալիս պապին, նա սկսում էր
կարդալ։ Մինչև ուշ գիշեր, մինչև կանայք ու տղամարդիկ՝ շոգից բթացած, գալիս
ջոկում էին իրենցին ու տանում քնելու։

3

Գյուղացիները պնդում էին, որ Կալենդար պապը հավերժ է, քանի որ դեռ նրանց
պապերի պապերին է հիշում և մանրամասներ գիտի բոլոր հարևանների տոհմա-
ծառերի մասին։ Համոզված եմ, որ այդպես էլ կա։

ՆՈՐՔ-ի այս համարում միայն արձակ գործեր են, միայն գեղարվեստական,
որովհետև շոգից միայն հետաքրքիր պատմություններ լսելով կարող ես չբթանալ,
մանավանդ, որ բոլորը, ի վերջո, սիրո մասին են․

Ռուբեն Հովսեփյանի մրցանակի հաղթող` Արմինե Բոյաջյան, Ալեքսանդր Թոփ-
չյան, Նորայր Ադալյան, Դիանա Խաչատրյան, Դավիթ Սամվելյան, Արտաշես Շահ-
բազյան, Տիգրան Գրիգորյան, Գոլի Թարաղի և Ժան Ժնե։

Լիլիթ Հովսեփյան

4



ԱՐՁԱԿ

ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ռուբեն Հովսեփյանի անվան
մրցանակի հաղթող

ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՆԱՊԱՍՏԱԿ
(LOCATION - ԾԱՌԻ ՏԱԿ)

1. «ՌՈՒԲԵ´Ն ՈՐԴՈՒԴ ԿՏԵՍՆԵ´Ս»
Մեր բակում մի տղա կար` Ռուբեն անունով: Լավն էր Ռուբենը, չգիտեմ` խղճում
էինք նրան, թե՞ սիրում, բայց լավն էր: Տասնմեկ տարեկան էր, ապրում էր կողքի
շենքի առաջին հարկում, պապու հետ: Պապու անունը Սմբատ էր, բայց ամբողջ
թաղը Ռուբենի լեզվով նրան պապ էր ասում: Երբ ես ծնվել էի, նա արդեն պապ էր:
Ռուբենն ինքն էր խանութ գնում, ինքն էր մաքրում-հավաքում տները, արդուկում
իրենց վերնաշապիկները: Լվացք փռելուց ամաչում էր. լվանում էր, հարևանուհին
գալիս, կախ էր տալիս պարանից: Ամենալավ տան տնտեսուհուց համով պահածո էր
սարքում, դեռ մեզ էլ բաժին էր հանում իր սարքածից: Կարճ ասած` ամեն բան ինքն
էր անում, անգամ ինքն էր կտրում իր մազերը: Մի երկար, նեղլիկ, խամրած հայելի
ունեին պատշգամբում, կանգնում էր էդ հայելու դիմաց, վերցնում սովորական մըկ-
րատ-սանրն ու սկսու˜մ… Բայց էս գործում չէր փայլում: Ամեն մազ կտրելուց հետո
սեղմում էր մեր դռան զանգի կոճակը: Դուռը բացում էինք, հայրս, գլխին նայելով,
հասկանում էր, որ դզմզելու գործ ունի: Հայրս վարսավիր չէր, ընդհակառակը` տեխ-

6

նիկական գիտությունների մասնագետ, բայց ձեռքից շատ բան էր գալիս: Ռուբենը
խոնարհ բարևում, ներս էր մտնում: Մայրս մանր-մանր հացի սեղան էր գցում, Ռու-
բենն ամաչում էր, մեզնից մեկը հետը սեղան էր նստում, համոզելով, հումոր անելով հաս-
նում էինք նրան, որ մի բան վերցնում էր: Ուտում էր չափավոր, նույնիսկ` չափից քիչ: Քիչ
ուտում, քիչ խոսում էր: Հետո հայրս ուղղում էր մազերն ու ամեն անգամ ասում`

-Ռուբե´ն, գիտես չէ՞` ի˜նչ խորը անուն ունես դու:
Ժպտում էր, թշերը կարմրում էին հասած խնձորի պես: Հայրս շարունակում էր.
-«Ռուբեն» նշանակում է «որդուդ կտեսնես»: Եբրայերեն է: Եբրայերենը հրեա-
ների լեզուն է: Հրեաների մասին լսե՞լ ես, չէ՞…
Գլխով դրական նշան էր անում Ռուբենն ու էլի ժպտում:
-Ապրե´ս: Էնպես, որ` քո նման լավ տղերք պիտի ունենաս, Ռուբե´ն ջան:
Ասում էր հայրս ու աչքերը լցնում: Ուժեղ մարդ էր հայրս, դրա համար էլ ամեն
չնչին բանից աչքերը լցվում էին: Սիրում էր մանուկների հետ զրուցել մեծերի պես,
երբեք լսողին չէր թերագնահատում` անկախ տարիքից: Միշտ հեռու էր ավելորդ
բառերից, ավելորդ ժեստերից, բառը կարևոր էր, բառի հետ խաղ չէր անում, բառն
անտեղի չէր գործածում, ստորակետի ժամանակ շնչում էր, բազմակետի ժամանակ`
երկինք նայում, վերջակետի ժամանակ` ձեռքն ամուր «խփում» սեղանին: Ժպտա-
լուց ժպտում էր, բարկանալուց` բարկանում: Մեկ-մեկ էլ զարմանում էր`
-Արա˜, դե ժպիտով ջղայնանալը ո՞րն ա: Էրեխու վրա պիտի չբարկանաս, բայց
եթե բարկանում ես, կարգին դեմքով բարկացիր, որ զգա սխալը, որ բարկանալդ
իրեն փոխի, ոչ թե` քեզ հանգստացնի:
Մի օր էլ հայրս աշխատանքից տուն գալիս բակում լսել էր մի քանի երեխու զրույց:
Մեկն ասել էր` «երազում եմ օդաչու դառնալ», մեկը`«…ոստիկան», Ռուբենն էլ ասել
էր` «երազում եմ կանաչ գնդակ ունենալ»: Հայրս հետ էր դարձել, գնացել «ներքևի»
խանութ, մի կանաչ գնդակ առել ու եկել: Մինչև հասել էր բակ, էրեխեքը ցրված էին
եղել: Եկավ տուն` կանաչ գնդակը ձեռքին: Զարմացանք` չորս երեխա ենք, մի գնդա-
կով ինչու՞ է տուն եկել: Նա նայեց եղբորս ու ասաց.
-Տղե´ս, էս գնդակը տա´ր, տո´ւր Ռուբենին ու արի´, բակում էր մոռացել:
Եղբայրս տարավ գնդակն ու հետ եկավ: Հաջորդ առավոտ պապն եկավ մեր
տուն, հայրս արդեն դուրս էր գալիս. աշխատանքի պիտի գնար:
-Անդրեյ ջան, շնորհակալ եմ: Ռուբենս ամբողջ գիշեր ուրախությունից չի քնել:
-Ես էլ,- ժպտաց հայրս, պապու ուսին թփթփացրեց ու գնաց:
Պապն աչքերը լցրեց ու դուրս եկավ: Ես միջանցքում գիշերազգեստով կանգնած
էի: Մտքումս մի հարց էր վեր ու վար անում` «էս մեծ մարդիկ ինչու՞ են էսքան լաց
լինում առանց պատճառի»:
-Ռուբե´ն, որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս:
-Բժիշկ, որ պապիկիս շաքարը բուժեմ ու նոր շորեր առնեմ նրա համար,- հազիվ
խոսեց Ռուբենը:
Հայրս լռեց: Իսկական տղա էր, արո´ւ: Մազերը կտրեց, գրպանը զոռով մի երկու
կոնֆետ խցկեց ու ճանապարհեց:

7

ԱՐՁԱԿ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

-Պա´պ, որ շաբաթ օրը Թումո գնանք, Ռուբենին էլ տանենք, էլի՜,- ասաց Արսենը,
ու մեր երեկոյան տաք զրույցը հանկարծակի շեղվեց:

-Անպայման, բա ո՞նց: Բա առանց Ռուբենի ո՞ւր ենք գնում,- վրա բերեց հայրս ու
հոգու մեջ ուրախացավ, որ հաջողվել է իր տվածի մեջ:

Հորս քթից թռած էր Արսենը: Չնայած, ասում են` չորսս էլ:
Լավն էր Ռուբենը: Չգիտեմ` սիրում, թե՞ խղճում էինք նրան: Բակում մի օրենք էր
գործում, չգրված օրենք` ոչ ոք Ռուբենի հետ չէր վիճում, անգամ` եթե նա սխալ լիներ,
թեև էդպես քիչ էր պատահում կամ հեչ չէր պատահում: Նրան ամեն ինչ կարելի էր,
ու դրանից Ռուբենն ավելի ամաչկոտ էր դառնում: Սիրում էր առանձնանալ, բայց
ո՞վ էր նրան բակում մենակ թողնողը: Հենց տեսնում էինք` մի հարմար անկյուն է
մտել ու ձեռքի կարճլիկ փայտով հողի վրա պատկերներ է հորինում, պարան-ռեզին
թողնում էինք, գնում, կպչուն կենդանու պես էնքան հարցախեղդ էինք անում, մինչև
զզվում, միանում էր մեզ: Էն թվերին, երբ դպրոցում հումանիտար օգնություն էին
տալիս` ամեն մեկիս մի գավաթ տաք կաթ ու երկու անհամ պեչենի, ամեն երկար
դասամիջոցի Ռուբենը` մեծի պես, իր բաժին երկու պեչենին ձեռքին, գալիս էր տար-
րական մասնաշենք, տալիս ինձ, թուշս քաշում ու գնում: Էդպես էին անում նաև
ավագ ու միջնեկ եղբայրներս, էդպես էին անում իմ դասարանի բոլոր տղաները`
առանց բացառութան: Գիտեին, որ էդ պեչենու համար խելքս իմս չի: Հայրս արգելել
էր ուտել անհայտ ծագման էդ խմորե չոր զիբիլները, բայց դա էն հազվագյուտ դեպքն
էր, որ ջայլամի պես էի պահում ինձ: Մեր դասարանում ոչ ոք իր կաթը չէր խմում.
մերոնցից մեկի տանը փոքր կար, հետն ապակե տարա էր բերում, կաթը լցնում
էինք, տանում էր տուն:
Ռուբենը դպրոցում լավ էր սովորում, պապն օրագիրն ու տետրերը թևի տակ
ման էր գալիս ու անընդհատ կրկնում.
-Իմ բալի առաջին բառը «պապի»-ն ա եղել, է՜:
Որ տեսնեի˜ք, թե կավից ինչե˜ր էր սարքում: Մեր բակում գարաժներ կային: Էդ
գարաժների հետևում իր համար տեղ էր արել, կավը ջրով հունցում ու էդ երկար
մատներով սկսում էր «խաղը»: Էդ խաղից ձուկ ու խաչ էր ստանում: Ամենքիս տանն
էլ կար Ռուբենի սարքած թե´ ձուկը, թե´ խաչը: Էնքա˜ն սիրուն մատներ ուներ` նուրբ,
համաչափ: Մեկ-մեկ գնում էինք, շարվում շուրջն ու ժամերով լու˜ռ հետևում նրան:
Հոգնում էինք, նստում էինք մոտակա քարուքռին: Ռուբենը կավով աշխատելիս խո-
սել չէր սիրում, նա առհասարակ խոսել չէր սիրում: Լինում էր, որ մեզ էլ էր տալիս ու
սովորեցնում` ձեռքի մեջ ոնց պտտել կավանյութը: Մեր «խաղից» ամեն ինչ դուրս
էր գալիս, բացի խելքը գլխին պատկերից:
-Որ սարքելուց կենտրոնանաք, կստացվի:
Հինգ-վեց տարի էր մեր ու Ռուբենի տարիքային տարբերությունը, բայց Ռուբենն
ասես մեծ մարդ լիներ. քիչ էր ժպտում, բայց որ ժպտում էր, թշերը դառնում էին մի-
մի հասուն խնձոր:
Մեծացանք, բոլորս իրար հետ, մի ընտանիքի պես մեծացանք: Տասնմեկ-
տասներկու տարեկան կլինեի, երբ բակում մի լուր պտտվեց` «լենինգրադյան փո-

8

ղոցի վրա ավտովթար է եղել, ասում են` ջահել է, ասում են` էս բակից է»: Բակի տղա-
մարդիկ, որ հանգիստ նստած «մեր» ուռենու տակ նարդի էին շրխկացնում, խառնվե-
ցին իրար ու իրար հերթ չտալով վազեցին դեպի լենինգրադյան փողոց: Չէի´ն սխալվել,
ջահե´լ էր, մեր բակի´ց էր, Ռուբե´նն էր: Մեր համեստ, մեր ամաչկոտ, մեր լավ Ռուբենը:

Պապը մի բուռ դառավ, կծկվեց, լեզուն չորացավ` ոչ խոսում էր, ոչ` մարդամեջ
դուրս գալիս: Պապն ավելի էր պապ դարձել:

Ռուբենից օրագրերը մնացին: Հայրս օրերով չէր քնում: Երբ աչքս բացում էի,
պատշգամբի լույսը վառվում էր:

-Պապ, քնա՞ծ չես: Հո՞ ստամոքսդ չի ցավում:
-Չէ, սև շունիկ, տեղ չունեմ ցավող, ուղղակի քունս չի տանում: Ինչի՞ ես արթնա-
ցել, բան ես ուզո՞ւմ:
-Չէ´: Ռուբենի համար չես քնո՞ւմ:
-Երևի´:
Ես էլ չէի կարողանում քնել, սենյակումս ամեն ինչ խնձորի էր նմանվել` կարմրին
տվող հասուն խնձորների: Հաստա´տ հայրս մտածում էր, որ իր անունի պես չեղավ
Ռուբենի կյանքը: Որդի չտեսա´վ: Նրա առումով հրեաները ծայրահեղ սխալվել էին:
Շա˜տ բան չտեսավ: Երևի երազանքներից մենակ էն կանաչ գնդակը տեսավ: Չհասցրե´ց:
Մեր բակի մեծ մարդիկ լաց էին լինում, ու ես էլ չէի զարմանում, որովհետև իմ
աչքերն էլ լցվել, ծովացել էին: Բարձս Ռուբենով էր ողողվել, սենյակիցս խնձորի հոտ
էր գալիս:

9

ԱՐՁԱԿ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

Ռուբենը ծնված օրից իր ծնողներին չէր տեսել: Հայրը լքել էր մորը, երբ նա դեռ
հղի էր եղել, մայրն էլ երեխային ունեցել, թողել էր հիվանդանոցում ու ծլկել: Ամբողջ
թաղն ասում է` ամուսնու ընկերոջ հետ: Բայց` ով գիտի… Պապը գնացել էր, Ռուբե-
նին ուղիղ իր տուն բերել: Հարևաններն օգնել, մեծացրել էին: Դրա համար էլ բոլորը
սիրում էին նրան` մեծից փոքր: Պապն իր կյանքը, ունեցած-չունեցածը հենց տուն
բերելու օրը նրան էր կտակել: Ամեն պատեհ-անպատեհ առիթի ասում էր.

-Ապրի´ Ռուբենի մոր արևը. որ չգնար, Ռուբենս հիմի իմ տղեն չէր, Ռուբենս էն
բուժքույր Լաուրի տղեն էր:

Ռուբենի մայրն իր աղջիկն էր: Հայր էր, բերանն անեծք տալ չէր կարող: Ասեմ, որ
բակում շատերն էին օրհնում Ռուբենի մորը, որ գնաց ու նրան մեզ թողեց: Բուժքույր
Լաուրը Ռուբենի տատն էր, մոր նախկին ամուսնու մայրը: Էս ամուսնությունը հենց
գլխից Լաուրի սրտով չէր: Չէր ուզում ու վե´րջ: Ասում էր` մայրը հիվանդ է եղել, չեմ
ուզում, գենի դեմն ո՞վ կառնի: Բայց տղան` Ռուբենի հայրը, սիրում էր, ասում են`
գժի պես էր սիրում: Մի օր էլ սրճարանից Ռեբեկային ուղիղ տուն տարավ ու պահեց:
Լաուրի ներսի մանր բզեզներն սկսեցին շարժվել:

-Եկավ, իմ խաղաղ տունը հարամեց,- ամեն իր հետ նստող-վեր կացողին բողո-
քում էր աղվեսախոսը: Ամեն իրիկուն վեճ, կռիվ`

-Սփռոցն էս դարակում պիտի դնեիր, սրբիչներն` էն… Դե, տեսե՞լ ես, որ իմանաս:
-Դժվա՞ր ա` էս ճաշի հետ մի սովորական աղցան սարքելը, սառնարանդ ծփում ա:
Ու էսպես շարունակ: Կենցաղը, որ խուժում է սիրո մեջ, թող ու փախի˜: Էդպես
էլ արեց Ռուբենի հայրը: Մի օր թողեց ու փախավ: Սկզբից գնաց, որ մի քանի ամիս
անց գա, Ռեբեկային էլ տանի: Դե, սկզբից բոլորն էլ գնում են, որ գան: Ռուբենն էդպես
էլ չտեսավ ո´չ հորը, որ գնաց, ո´չ մորը, որ թողեց: Տասը տարի շարունակ, ամեն
մարտի իննին նա դպրոց չէր գնում, որովհետև չէր գրում մոր մասին հանձնարար-
ված իր բաժին շարադրությունը:
Առավոտ էր: Հագնվեցի ու վազեցի դպրոց: Փոքր եղբայրս առանց ինձ տնից դուրս
չէր գալիս, տնից դուրս չէր գալիս նաև առանց հաց ուտելու: Կես ժամից ավել
սպասում էի, թե երբ պիտի նախաճաշն ավարտի, որ դուրս գանք: Դպրոցը հենց
մեր շենքի կողքին էր, զանգի ձայնն արդեն լսել էինք, մեզ հազիվ գցեցինք դռնից
ներս: Մեր դպրոցում օրենքն այլ էր` մեկ րոպե ուշացար, ներս չէիր կարող մտնել:
Երեկոյան, երբ մեր սենյակում հավաքված էինք ու, երևի, մեր հորինած «փուչիկ-
փուչիկ» խաղն էինք խաղում, Արսենն էլի հանկարծակի ասաց`
-Ի˜նչ վատ էր, չէ՞, որ էսօր առանց Ռուբենի դպրոց գնացինք:
Ես լռեցի: Ինձ մեղավոր զգացի ու սսկվեցի: Շտապելուց չէի հասկացել, որ Ռուբենը
պիտի լիներ, բայց` չկար: Պառկեցի քնելու, վերմակս գլխիս քաշեցի ու մրմնջացի`
-Ներիր, Ռո´ւբ, շտապու˜մ էի…
Մոլորակն արագ է պտտվում: Մոլորակը եսասեր է:
Իսկ «փուչիկ-փուչիկ» խաղն ընդամենն էս էր` ծալպատակ նստում էինք պահա-
րանի մեծ հայելու դիմաց ու հերթով ծամոնով փուչիկ անում: Հաղթում էր նա, ում
փուչիկն ավելի մեծ էր լինում: Էս խաղի մեջ իմ փուչիկներն ամենափոքրն էին, բայց

10

միշտ հերթը ես էի խախտում: Երեքով բարկանում էին ու… հատ-հատ մոտենում,
համբուրում էին այտերս:

-Ռու˜բ, փնտրելու եմ քեզ: Ամեն բակ մտնելիս փնտրելո˜ւ եմ քեզ:
-Հիմա հաստատ գիտեմ` չեմ խղճում, սիրո˜ւմ եմ… Մենակ ափսոսում եմ, որ
որդուդ չտեսա˜ր…

2. «ՔԱՐԻ ՏԱԿ ՔՆԱԾ ԵՆ ՕՁԵՐՍ...»
Իմ պեչենիներն ամեն օր պակասում էին ուղիղ երկուսով:
Մի դուռ բաց մնաց:
-Այն դուռը, որ Ես բացում եմ, ոչ ոք չի կարող փակել, և այն դուռը, որ Ես կփակեմ,
ոչ ոք չի կարող բանալ…
Առաջին անգամ ես բախվեցի այս ճշմարտության հետ: Ամբողջ բակով, մեծ ու
փոքրով անկարող եղանք էդ դուռը փակելու: Ապակե մի բան կոտրվեց մեր տաք բա-
կում, փշուրները հավաքել չեղավ: Մեր հեքիաթը կապվեց:
-Պապ, ասա´, ինձ բաղեր չեն տանում:
-Բաղերում ի՞նչ ես կորցրել:
-Օձ եմ ուզում բռնել:
-Օ՞ձ:
-Չէ˜, լորտո´ւ: Լորտուն չի կծում, պա´պ:
-Ինչի՞ էրեխուն բաղեր չեք տանում:
-Պապ, տղերքով ենք գնում, իրան ո՞նց տանենք,- ճմրթեց դեմքն ավագ եղբայրս.
նա դեմք ճմրթելուց լավ էր:
-Չեղա˜վ, սև շունիկ, տղերքի հետ քեզ ո՞նց տանեն:
Արտակն ու Արսենն ուրախ-ուրախ վազեցին դեպի դուռը:
-Էդ ո՞ւր,- լսվեց հորս ձայնը:
-Բաղեր,- կմկմաց միջնեկը: Նա ազնվությունից միշտ կմկմում էր:
-Չեղա´վ, դուք տղերքի հետ չեք գնա, բա ձեր քո՞ւյրը:
Դեմքս պսպղաց, արտասուքս հետ գնաց. դրոշակն իմն էր` ինչպես միշտ: Աչքիս
տակով տնտղում էի նրանց դժգոհ դեմքերը, ծիծաղս հազիվ էի զսպում. ամեն մեկը
ոնց որ մի թթված լիմոն: Ամբողջ ճանապարհին փնթփնթացին:
-Եթե շարունակեք հետս մունաթով խոսել, պապային կասեմ:
Վե´րջ: Ես ասացի իմ կախարդական նախադասությունն, ու ամեն ինչ իր տեղն ընկավ:
Բաղերից հետ եկանք, հետներս էլ չորս-հինգ լորտու` չորս-հինգն էլ վզիս փաթաթած:
Բակում ո՞վ չէր սիրում բաղեր իջնել. բոլորիս օձ բռնելու տեղն էր: Լենինգրադյան
փողոցը մի կերպ անցնում էինք (լայն էր, մեքենաներն էլ` շատ), տրամվայի գծերն
անցնում էինք ու… Հիմա էնքան շենք ու տուն են սարքել, բաղերից բան չի մնացել:
Մի քիչ շատ փող ունեցողներն իրենցով են արել էդ տարածքն ու անուն դրել` «Նոյ»
թաղամաս: Մեր գրականության ուսուցչուհին պատմում էր, որ էդ բաղերը ձգվել
էին մինչև Քանաքեռ ու եղել էին Խաչատուր Աբովյանի կա´մ պապու, կա´մ հոր անձ-
նական այգին, լավ չեմ հիշում:

11

ԱՐՁԱԿ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

Հասա տուն, ամեն մեկին մի տարայի մեջ տեղավորեցի ու հերթով շարեցի լոգա-
րանում: Երեկոյան մի մեծ ժողով էր. մայրս, ալրաթաթախ կանգնած հյուրասենյակի
կենտրոնում, բողոքի ակցիա էր սկսել.

-Առավոտյան ես էդ օձերին չտեսնե´մ: Վախենում եմ:
Վերջին բառը փոխեց հորս որոշումը, ես դա նկատեցի: Հայրս նայեց ինձ, ժպտաց:
Վերցրեցինք օձերին` իրենց «բնակարաններով» ու իջանք բակ: Մեր բակում մի մեծ
քար կար: Հանրահայտ էր քարն այդ: Կողքի բակերից մարդիկ պայմանավորվելիս
ասում էին` «կլինեմ քարի մոտ»: Հայրս բարձրացրեց քարը, օձերին հերթով շարեց:
-Թո´ղ քնեն:
-Պապ, բա ի՞նչ են ուտելու:
-Առավոտյան կկերակրե´նք: Մաման եթե չվախենար, մենք օձերին էս քարի տակ
չէինք պահի, հասկացա՞ր:
-Ըհը´:
Ես հենց սկզբից էլ հասկացել էի:
Շատ մարդ է վախենում օձից: Իսկ ինձ համար նրանից սիրուն կենդանի չկա´:
Ու ամենից շատ օձը գրավիչ է նրանով, որ ոտքեր չունի, բայց բոլորից սիրուն է
շարժվում: Օձը միշտ էլ գրավիչ է եղել: Դա ժամանակին նույնիսկ սատանան ֆայ-
մեց, երբ կերպավորվեց ու շշնջաց առաջին կնոջ ականջին: Պարզվում է` հե´չ ան-
խելք չէ. հասկացել էր, որ կարևոր բաներ փոխելու համար հարկ կա´ շշնջալ կնոջ
ականջին, ու, որ կինն անպայման կգայթակղվի անոտ սողունի գալարքով: Իմ օձերը
սովորական օձեր չէին. ես ամբողջ գիշեր նրանցից ամեն մեկի համար անուն հորի-
նեցի` իսկական անուն, որ կարող էր ունենալ ցանկացած մարդ: Երկար մտածելուց
հետո որոշեցի անուններն ընտրել տեսածս ֆիլմերից: Առավոտյան դարձյալ արթնա-
ցա շատ վաղ: Վերցրեցի թուղթ ու գրիչ, առանձին-առանձին, վայելչությամբ, չակերտ-
ների մեջ գրեցի օձերիս անուններն ու գնացի ուղիղ ծնողներիս ննջարան: Ամեն առա-
վոտ ես վաղ արթնանում էի, որպեսզի չորսիցս հենց ե´ս հասցնեմ առաջինը մտնել հորս
վերմակի տակ, քանի դեռ նա անկողնում է: Հարմար տեղավորվեցի ու թաքուն ցույց
տվեցի ձեռքումս արդեն քրտնած, թրջված թղթերի կույտը: Հայրս ինձ իր բոլոր բջիջ-
ներով էր զգում` միանգամից գլխի ընկավ, թե ովքեր են Ջեքը, Սեմը, Նինան ու Լավաշը:
-Բա չենք կերակրելո՞ւ:
-Անպայմա´ն: Գնում ենք…
Ամեն օր, օրվա մեջ հարյուր ու հազար անգամ հայրս այնպես էր անում, որ աչ-
քերս ժպտան: Ինձ թվում էր` նա ապրում է, որ ես ժպտամ:
Երեկո էր: Պատշգամբում նստած մածնաբրդոշ էինք ուտում` ծիտիկներով
եզրագրված կապույտ խոր պնակների մեջ: Մեր տանը մածնի ժամ կար, երգի ժամ,
գիրք կարդալու ու խաղի ժամ: Նստում էի հորս մեջքին ու… էնքան էի քշում, մինչև
հոգնելս: Ես էլ հո հոգնել չունե˜մ: Ու մեկ էլ ծալպատակ էինք լինում խալու վրա,
հանկարծ հեռվից, Քարաթափի թաղից աղմուկ-աղաղակ էր գալիս, խումբ-խումբ
տղերք էին վազուվազ անում, ակոսաջուրն առնում դույլերի մեջ ու շաղ տալիս
իրար վրա, ում դույլն էլ դատարկվում էր, քարերն առած ընկնում էին իրար հետևից

12

էնքան, մինչև նեղ ու վեր ձգվող փողոցն ավարտվեր: Հասնում էին փողոցի տուտը,
նայում իրար երեսի, քարերը դեն շպրտում ու հռհռալով ցած իջնում… Էն Մեյդանն
էր, էն Սուրբ Գևորգ եկեղեցին, խաչ հանող դեդիները` քիշմիշ շալերն ուսներին, թև
թևի ընկած, բուռնութին մանր ծաղկավոր ժակետի գրպաններում պահ տված, մըր-
մընջալով, բամբասանք անելով… էն էլ Շեյթան-Բազարը, դերձակ, բեղավոր բոյ-
բուսաթով Պողոսովը, որ այծեմազ ժիլետ էր կարում` սև, սպիտակ ու չալպուտուր,
հետն էլ գլուխ գովում` «շուն սովետի համար չե´մ աշխատել ու մինչև մեռնելս էլ չե´մ
աշխատելու»… էն էլ պստիկ աղախնատունը` կաթնագույն վարագույրներով ու կա-
թի անուշ-մեղուշ հոտով… Ու ծովանում էր թամամ աշխարհը, լցվում մեր տուն, լուսա-
մուտների ապակիները զրնգում էին, մեր ձենն օղակվում, գնում էր հեռուները…
Միամիտ երեխա էի. կարծում էի, թե ձենս գնում-հասնում է մինչև հենց Քարաթափ,
կարծում էի` երգափունջը ձեռքիս ուր որ է կտեսնեմ նրան, էն պատկերը ղալամով
քաշածին, ում դիդարի պես ո´չ հայրս էր տեսել, ո´չ ես, ո´չ էլ երևի որևէ մեկը…
Ձենս հասնում էր քարի տակ քնած օձերիս` իմ Ջեքին, Սեմին, Նինային ու Լավաշին:
Նրանք, անխո˜ս, հեռվից հեռու ճանաչում էին իմ ձայնը: Բոլորն ասում են` կապիկն
ամենախելացի կենդանին է: Ես վստահ եմ` օձն է բոլորից խելացին: Դանդալոշ կապ-
կի խելքը ո՞րն է… Պարզապես բնազդն ուժեղ է, իր բողազը լցնելու համար օրերից
մի օր երկու արկղ է դրել իրար վրա ու հասել առաստաղից կախված բանաններին:
Պոդումայե˜շ… Գիտնականներին էլ էդպիսի անհեթեթ պատմություն է պետք, վերցնեն,
ճոռոմ բառահյուսք անեն ու գյուտի տեղ մարդկանց վրա սաղացնեն: Էս խեղճ ու
կրակ մարդն էլ` հողից շինված բան` ո˜վ, ի˜նչ ասում է, հավատում է:

13

ԱՐՁԱԿ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

Երեկոն խաղաղվեց: Մենք մեր քնելու ժամը գիտեինք. էկրանից անհետանում
էին խոզուկը, նապաստակն ու Նոնա մորաքույրը, բռնում էինք ննջարան տանող
ճանապարհը: Պատուհանից դուրս նայեցի` անլույս էր, մութն էլ` շատ ու թանձր:

Օձերս խաղաղ քնած էին քարի տակ:

3. «ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ»
Էնպես եղավ, որ ես երկու կյանք ունեցա, երկուսն էլ երկրի վրա, երկուսն էլ նույն
անունով, նույն աչք-ունքով, պարզապես` մեկը քեզ հետ, մեկն` առանց քեզ:
Ծնվեցի Երևանում, երբ աշունն արդեն ձմեռ էր դառնում: Չեմ նկարագրի այդ
տարվա աշունը. միանգամից միտս են գալիս դպրոցական շարադրություններս,
երբ տասը տարի շարունակ ձմռան գալուն պես ձմռան մասին էինք գրում, աշնան
գալուն պես` աշնան… Առաջին դասարանում էի, երբ մայրենի լեզվի դասի ժամանակ
ուսուցչուհիս, ում գանգրահեր գլուխը մինչև հիմա աչքիս առաջ է, հանձնարարեց
գրել շարադրություն գարնան մասին: Ես գրիչս վերցրեցի ու գրեցի իմ կյանքի առա-
ջին հանգավոր քառատողը`

Ահա եկավ ժիր գարուն
Եվ համերգը վտակի,
Երգով, ծաղկով, սիրով լի
Ջերմ գարունն է մեր սրտում:

Ոչ մի բան երբեք անգիր չեմ հիշում, բացի էս քառատողից: Պարզվում է` հիշողու-
թյունն էլ խարակտեր ունի. գիտի` երբ, ինչ հիշի: Առաջին անգամ էր, երբ տողը
կերպավորվեց իմ մտքում, առաջին, բայց` ոչ վերջին անգամ քանդեցի կաղապարը:
Երևի ամենահաջողված բաները մենք գործում ենք ենթագիտակցաբար, ներսից,
անհայտ մղումով` կտցահարելով ուրիշ լուսոլորտ: Երևի դրանք միակներն ու եզակի-
ներն են, որ գործում ենք առանց գիտակցության կարգավորման: Պնդերես էր ադա-
մը` «ուտեմ, հա ուտեմ»… շատերը կասեն` եվան, բայց ես կպնդեմ` ադամը, որով-
հետև նրան էր ասված` «չուտե´ս»:

Ու անիծյալ այդ մեղանչումից հետո հենց նրան էլ Աստված կանչեց`
-Որտե՞ղ ես, ադա´մ…
Ադամը երկրորդ սխալը թույլ տվեց` թաքնվեց, հետո` երրորդը` մատնացույց արեց
կնոջն ու` «այն կինը, որ Դու ես ինձ տվել, նա համոզեց ինձ»: Շեշտը Դու-ի վրա էր:
Ամենազորը ջենթլմեն է խիստ: Նրա հարցն ընդամենը սա էր`
-Որտե՞ղ ես, ադա´մ:
Քեզ տրված տեղ կա´ր, չմնացիր: Հարցը հնչում է դեռ, երկրորդ ադամն եկավ,
բայց առաջինը տակը լցրած, վատ դաստիարակ ունեցող մանկապարտեզի սանի
պես շարունակում է թաքնվել: Երկրորդն եկավ` ձեռքին անանուն քաղաքի կտավը,
որ վրձնած էր ոսկով: Տեսնող է եղել` քաղաքի պարսպի հիմերը թանկարժեք քարե-
րից են, տասներկու հսկա դարպասներ ունի քաղաքը` մարգարտից, հրապարակը

14

թափանցիկ ապակու պես մաքուր ոսկուց է: Արև չկա´: Արևն ի´նքն է, կտավը վըրձ-
նո´ղը: Հիմա կարդում ես ու մտածում` սո˜ւտ է… Ասում եմ` տեսնող է եղել, Պատ-
մոս կղզում էն մենակ աղոթողն է տեսել ու պատմել բոլորին: Հիացմունքից խոս-
քը բերանում չի թրջվել ու լեզուն շաղ է տվել դես ու դեն: Ով էլ էդ մետառեալը տես-
ներ, կպատմեր: Ասում են` քաղաքը չթաքնվողների համար է. գիշեր չկա, որտե՞ղ
թաքնվես: Ձեռքիդ տերևը դեն պիտի նետես ու մորեմերկ մտնես` այնպես, ինչպես
մերկ էիր, երբ դեռ տերևը չէիր առել: Այս կտավը քո եդեմի գծագրով է, ադա´մ,
բայց դու դեռ թաքնվում ես, որովհետև դեռ չես սովորել շնչել ու արտաշնչել ենթա-
գիտակցաբար:

Չշեղվե´մ: Այսպիսի տեսք ուներ իմ առաջին հանգավոր քառատողը: Թեև, սուտ
չլինելու համար, ասեմ` սրանից առաջ գրելու փորձ ունեցել էի: Երկու տարեկան էի,
մոտեցա մորս ու թե`

-Գիտես` ես բանաստեղծություն եմ գրել, ուզու՞մ ես լսել:
Մայրս ցնդելու չափ ուրախ դեմքով ժպտաց, հասկացա, որ ուզում է.
-Շունը նստած է պատուհանագոգին:
Սպասում էր հաջորդ տողին, բայց իմ բանաստեղծությունն հենց այստեղ էլ
վերջացավ. նովել էր` անսպասելի ավարտով: Տան մեջ պտտվեցի, պտտվեցի, էլի
եկա մորս մոտ.
-Հիմա ուրիշ բանաստեղծություն եմ գրել, ուզու՞մ ես լսել:
-Ուզո´ւմ եմ,- ժպտաց մայրս:
-Կատուն նստած է պատուհանագոգին:
Մայրս էնքան գովեստի խոսքեր շռայլեց, որ ես մինչև երեկո աշխարհի բոլոր
ինձ հայտնի կենդանիներին նստեցրեցի պատուհանագոգին: Իսկ իրականում ես
այդ օրը սովորել էի երկու կարևոր բառ` իրենց ճիշտ նշանակությամբ` «բանա-
ստեղծություն» ու «պատուհանագոգ»:
Տանը չորս երեխա էինք` Արտակը, Արսենը, ես ու Արմենը: Արտակի անունը
հայրս էր կնքել, Արսենի´նն էլ, ի´մն էլ, Արմենի´նն էլ: Հայրս անուն դնելու հետ սեր
ուներ, ես էլ` ի դեպ: Երբ Արտակը ծնվել էր, մորական տատս զանգել էր հորս ու թե`
-Ես անուն եմ մտածել:
-Ի՞նչ անուն:
-Արկադի:
-Լավ,- ասել էր հայրս ու գնացել Արտակ կնքել: Հետևությունների մասին լռեմ:
Հայ ընտանիք ու… զոքանչ: Մի տեսակ դրոշակակիր-լիդերի պես էր. սիրում էր բաց
խաղալ ու չէր սիրում, երբ իր գործառույթի մեջ մարդ էր խառնվում: Ամեն ինչից
շատ ատում էր կոմպրոմիսների գնալը. հա-ն հա էր, ոչ-ը` ոչ: Նրա որոշումները եր-
բեք չէին բեկվում: Չեմ հիշում մի դեպք, որ կարելի լիներ նրան համոզել` անկախ
դեպքի մեծությունից-փոքրությունից: Բայց միշտ իր որոշումների մեջ առաջին
տեղում մարդն էր:
Արսենի անունը հորս ընկերոջ անունն էր: Ամեն տեսնելուց գոչում էր`
-Ադա´շ,- ու գրպանից «լյուքս» շոկոլադ հանում: Արսենը երբեք մենակ ոչինչ չէր

15

ԱՐՁԱԿ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ

ուտում: Շոկոլադի մեծ մասն իմն էր, էն մնացածը բաժանում էի երեք մասի, «հյուրա-
սիրում»: Իմ ախպերբաժնի կանոնն էր: Ու էդպես գրեթե ամեն օր: Դե, իմ ու Արմենի
անուններն էլ պարզ են` հայ ու հայուհի:

Էնպես եղավ, որ երկու կյանք ունեցա, երկուսն էլ նույն հողի վրա, նույն կամակոր
բնավորությամբ, պարզապես մեկը քեզ հետ, մեկն` առանց քեզ: Երկու գնացք
եղավ, երկու ճանապարհ, որ իրար կողքով ընթացան, բայց էդպես էլ չհատվեցին,
որովհետև էդ երկու գնացքներն իրարից տարբերվեցին քեզնով: Էնպես եղավ, որ
մի վայրկյանում դատարկվեց ամեն ինչ, ամլամիտ էի, մի ակնթարթի մեջ մեծացա,
մե˜ծ աղջիկ դարձա:

4. ՑԱՎՆ ԷՈՒԹՅՈՒՆՍ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋԵՑ:
Էլի աշուն էր, դեռ ձմռանն էնքան էլ մոտ չէինք, բայց աշուն էր ու ցուրտ: Սառը
քամի կար: Մի երկու տեղ նույնիսկ քամին տանիքներ էր քշել, ծառեր արմատախիլ
արել: Քաղաքս գզգզված, ասես շան բերանից դուրս պրծած` հոգնած նստե˜լ էր`
ոտքերն անփույթ աջուձախ չռած: Տանը չէի եղել նախորդ գիշեր: Հորեղբորս տանն
էի մնացել: Առավոտյան զանգ եկավ, բոլորը խառնվեցին ու, հայացքները մեզնից
թաքցնելով, հերթով տնից դուրս եկան: Հա´մ հասկացանք, հա´մ չուզեցինք հաս-
կանալ: Ամբողջ օրն անհանգիստ էի: Մի տգեղ թիթեռ ինչ-որ բան էր խզբզում սրտիս
վրա: Քամու ձենն էլ մի կողմից էր մտել ականջս, դուրս չէր գալիս` ծովափին կռթնած
մի մեծ խխունջի պես, որ ափ է նետվում առանց հրավերի: Երեկո էր արդեն, երբ
հասա բակ, հավաքված մարդկանց տեսա ու մնացի կանգնած. ոչ առաջ էի գնում,
ոչ` հետ: Մեխվել էի տեղում: Երկինքն իջավ, կախվեց ու անկանոն պտտվում էր
գլխիս վերևում, երկինքն իմ նոր ես-ն էր ծնում, Նա առաջին անգամ ծնում էր ոչ թե
իր, այլ` ի´մ ցավով:
Բակում հավաքված մարդիկ մեկ առ մեկ ուղեղիս մեջ էին խրվում` մեծ, կոպիտ,
երկաթե մեխերի նման: Ամենից շատ այդ պահին երազում էի լինել մեդուզա, որ գլուխ
չունենայի, որ մեխեր չլինեին տնկված, որ չլսեի, չտեսնեի, չհավասարակշռվեի, որ
լինեի տափակ, տձև պարկի պես, որ ամեն ինչ զգայի շոշափելով միայն: Բայց
աչքերս ու տեսածս հուշում էին, որ հե´չ էլ մեդուզա չեմ, որ կարծր ցավ ունեմ արդեն,
որ կանգնած եմ բակում, որտեղ հավաքված է շատ մարդ, որտեղ մարդիկ տխուր
դեմքերով են, որովհետև կարծր ցավ ունեն: Սրսունք կար. ես կորցրեցի քեզ, իմ կյան-
քի ամենամեծ սե´ր, կորցրեցի էն ծառը, ով ինձ շունչ էր տալիս ու սնում ճյուղերս,
որ դալար մնամ: Էդ բակում առաջին անգամ կանգնած էի առանց քեզ, ու սրսունքն
ուժգնանում էր, ալիքի պես հողից բարձրանում մինչև կոկորդս: Նորից երազեցի
մեդուզա լինել` զգալ փոթորկի մոտենալն ու նախապես թաքնվել ծովի ընդերքում:
Աշխարհի ամենամենակ մարդն էի այդ ժամին, ով կանգնած էր հողմ ու մրրիկի
դեմ` կրծքով, գլխով… Երկնքում հանդիպելու հեռավոր հույսը չէր փարատում և չէ´ր
կարող. դու ինձ երկրի վրա էիր պե´տք, երկիրն էր ինձ համար դատարկ, լո˜ղ-լո˜ղ:
Անգլուխ էր երկիրը` մեդուզայի պես, տափակ ու տձև մի պարկ էր, եսասեր մեշոկ,
մի «ճիտին պարտք», որ ծակ էր ու չէր լցվում, խորն ու բաց մի երախ, որ անկուշտ

16

էր, անհագ, որ սիրում էր մարդու ոսկոր: Աշխարհի ամենամենակ մարդն էի ու թվում
էր` հիմա պիտի ատեի բոլորին ու ամեն ինչ, բայց թարսի պես սիրում էի բոլորին ու
ամեն ինչ: Իսկական սեր էր դա, որովհետև պատճառ չուներ, կար` լինելու համար
ու սիրուն էր, որովհետև կար: Երևի պիտի նողկանք զգայի, ձեռքս սեղանով տայի,
ինձ պատեպատ զարկեի, երևի պիտի ծնկեի, չոքերս գետնին քսեի, բայց կանգուն
էի. ոչ առաջ էի գնում, ոչ` հետ: Ժամացույցս չէր աշխատում` ոտքերիս պես, որ պի-
տի բերեին ինձ քեզ մոտ, ու իմ կյանքում առաջին անգամ քեզ անշունչ պիտի գտնեի:
Հետո անձրև էր, քամի, մրրիկ: Քաղաքն ալիքվում էր, ալիքվում էին օդում սև ժա-
պավեններն ու ինձ պատմում քո մասին: Անձրևը սառն էր, մանր: Տատս ասում
էր` «մանր անձրևը երկար կգա»: Չէ´ր սխալվում: Վերջ չունե´ր: Ու ծիծաղ էր ելնում
ինձնից` անբնական, անզուսպ… Մարմինս մոլորվել, կորցրել էր ճիշտ արձագանքը,
որովհետև դու նոր օթևան էիր գտել քեզ համար: Աչքերումս դեռ դաջված են
արցունքներդ, որ հեղվում էին ընդամենը մեկ գիշեր առաջ: Գնալդ դժվար էր հե´նց
քեզ համար. հասկանում էիր, որ թողնում ես: Թողնում ես ունեցա˜ծդ, թողնում ես
քոնո˜նց, թողնում ես ի´նձ:

Վերև չբարձրացա: Ես բակում էի կորցրել քեզ ու էդ նեղ տուփի մեջ պարփակ-
ված գտնել չուզեցի:

Չէ˜, մի´ խղճացեք: Ես մի կյանք եմ ապրել նրա հետ, որ մինչև հիմա հերիքում է
ինձ ու դեռ շա˜տ կհերիքի:

Էնպես եղավ, որ երկու կյանք ունեցա, երկուսն էլ երկրի վրա, երկուսն էլ նույն
անունով, նույն աչք-ունքով, պարզապես` մեկը քեզ հետ, մեկն` առանց քեզ:

էնպես եղավ, որ մինչև քսան տարեկան դառնալս Աստծո փոխարեն ես քեզ էի
հավատում, պա´պ:

17

ԱՐՁԱԿ

ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Արձակագիր

C2H6O

Կարոտ կոչվող հնգատառ այս տանջանքի շղթաները ոլորում են կոկորդս այն-
քան ուժգին, որ աչքերիս առաջ խավարում է: Չնայած երբ դու չկաս, ցանկություն էլ
չկա որևիցէ բան տեսնելու, քանի որ չեն լուսավորվում պատկերներս ներդաշնակող
Քեզանով...

Երևի ավելի հեշտ կլիներ, եթե լինեի հեռվում կամ լինեիր հեռվում, երբ տասնյակ
կիլոմետրեր բաժանեին մեզ:

Չնայած վստահ չեմ դյուրության վրա...
Հույսներս դրել ենք բախտի վրա, բայց արի ու տես, որ բախտն էլ չի բերում քեզ
ինձ մոտ, ոչ էլ ինձ է մոտիկ թողնում:
Կարոտիս Հատուկ Գոյական, բոլոր ստորոգյալներն ու պարագաները ածան-
ցում եմ քեզ...
Ու թե բախտդ բերի իմանաս, թե որն է քո բախտը, այնժամ միայն կհասկանաս,
որ ոչ մի բախտ էլ չկա, այլ արածդ կամ չարածդ սրտիդ ու խելքիդ որոշման ար-
դյունքն է միայն. ոնց էլ անես, միևնույն է, մի քանի ժամ հետո կամ կյանքիդ վերջում
զղջալու պատճառներ ունենալու ես:
Միայն թե բախտդ բերի ու զղջալու ժամանակ ունենաս...
Բայց ոչ լոկ խոսքերով, ընկճված, հուզականության ազդեցության տակ բառերի
կույտով արտահայտած զղջում, որտեղ միշտ ենթակա ու մեծատառով ասվում է՝
«Ների՜ր» և փորձ արվում փրկել իրավիճակը, խաբել:
Բայց արի ու տես, որ ստի բախտը երբեմն բերում է...

18

Կուլ տուր, թուքդ կուլ տուր ու ինքդ քեզ հայհոյիր երևակայությանդ մեջ ծնված
ամենաանտրամաբանական խոսքերով, և միայն այն պատճառով, որ խաբվել ես...

Երբեմն խաբված ապրելը բախտավորություն է, խաբված լինելու գիտակցումն էլ՝
դժբախտություն, իսկ ես հարբել եմ, արբել եմ քեզանով. չգիտեմ՝ դժբախտ եմ, թե բախ-
տավոր, բայց մի անանուն հիվանդությամբ եմ տառապում. հիվանդ եմ քեզանով:

Հիմարության ու թուլության հասցնող անտեսանելի ձեռքդ՝ հայացքիդ լուռ ուղեկ-
ցությամբ թափանցում է մաշկիս տակ ու քերծում երակներս, նյարդերիս վրայով
դանդաղ, ծանր շարժվում է դեպի կոկորդ, սեղմում այն, որ աչքերս ցավից կարմրեն,
որ հիվանդությանս համար ստիպված անուն փնտրեմ:

Հարբել եմ, թունդ արբել եմ քեզանով։ Իսկ դո՞ւ՝ դու իմ չցնդող սպիրտն ես, միա-
խառնվում ես մարմնիս, սակայն չես օքսիդանում, շարունակում ես մնալ, ազդել
ամիսներով, կաթիլ առ կաթիլ, քայքայել անգամ ամենաանպիտան օրգաններս:
Անիրավունք, առանց հարցնելու, կամքիս հակառակ ու դաժանորեն ոչնչացնում ես
ներկաս, իսկ մինչևների ու հետոների արանքում ընկածը լցնում ես դատարկությամբ
ու լռությամբ:

Եթե բախտդ բերի, կհասկանաս, որ մեկ-մեկ ժամանակն էլ է հարբում և խառ-
նում անցյալն ու ապագան, որի արանքում էլ քնում է ներկան:

Քնել եմ ուզում: Չձանձրացնող, երազաշատ, հարատևության մեջ թափառող
քուն եմ ուզում. երազներս եմ հետ ուզում, անհեթեթ երազանքներս ու առողջ երևա-
կայությունս՝ գոնե այդպես բուժվեմ քեզանից, գոնե այդպես չզգամ գլխապտույտս...

Միայն թե բախտս բերի ու փոշիանամ, աստիճանաբար տարրալուծվեմ կեղ-
տոտ օդում ճախրող մասնիկների հետ, սրբվեմ գետնի երեսից, թափառեմ անշունչ
տարածություններում ու անէանամ:

19

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

ԱՉՔԵՐԴ ՓԱԿԻՐ ՈՒ ՄԻՆՉԵՎ ՏԱՍԸ
ՀԱՇՎԻՐ

Ամենագեղեցիկ աչքերը նրանն են, ով քեզ նայում է սիրով։ Ու կապ չունի՝ սև են
դրանք, կապույտ, ուռած, կիսափակ, թե կանաչ կամ հոգնած։

Բայց դու աչքերդ փակիր, դրանք անգամ փակված են գեղեցիկ:
Մատներս նրբորեն կհոսեն մարմնովդ ու ամուր կշղթայվեն մեջքիդ: Երբ գրկում
եմ քեզ, ձեռքերիս միջի դատարկ տարածությունը լցվում է ջերմությամբ:
Բայց հիմա մատներս սառում են ու կարմրում, ասես ամոթից, որ արդեն մոռացել
են մակերևույթդ: Զրո ամբողջ հինգ, թե զրո ամբողջ երեք միլիմետր, արդեն չեմ
հիշում՝ վաղուց եղունգներս չեն խրվել մաշկիդ մեջ:
Շուրթերս չորացել են, բայց՝ ցրտից:
Քո կողմերում ցրտել է, ցրտահարվել ու չորացել է ամեն ինչ. խոնավ ցուրտ, որ
թափանցում է մաշկիս տակ ու չափում ոսկորներիս հաստությունը:
Ուղեղս պայթում է քեզանից դատարկված տարածություններում տիրող բարձր
ճնշումից, անունդ եմ գոռում մտքումս:
Քայլեր, քայլեր...
Դանդաղ ու եթերային, եթերից դուրս, իրականության մակերևույթից մի ոտնա-
չափ բարձր:
Մոտ վազիր, աչքերդ փակիր ու մինչև տասը հաշվիր. կհայտնվեմ քո փողոցում:
Մայթերին դեռևս կանգուն բոլոր ծառերի վրա կփորագրեմ, բոլոր գարշահոտ ու
կիսամութ անցումների պատերին նախօրոք պատրաստած շաբլոնով կներկագրեմ
անունդ: Քաղաքում վխտացող գովազդային վահանակներից մի քանիսը՝ էն քա-
նիսը, որ քո տան խաչմերուկում են տեղադրված, հավելավճարով կփոխարինեմ քո
դիմագծերի լայնաֆորմատ պատկերով, փողոցովդ անցնող հոսանքի գծերը սյունից
սյուն կկապեմ ու մեկումեջ պայթած փուչիկներով կզարդարեմ, վարձով տրվող բնա-
կարանների հայտարարությունների վրա կսոսնձեմ ձեռքիս բոլոր թղթերը, որոնց
վրա 18 համարի տառաչափով ու Arial Armenian տառատեսակով գրված է անունդ
ու դրանից առաջ էլ այն մասին, որ սիրում եմ և՛ քեզ, և՛ անունդ:
Բայց դու վաղուց արդեն դուրս չես գալիս: Անգամ զանգերիս չես պատասխանում:
Աչքերդ փակիր, մինչև տասը հաշվիր ու բարձրացրու լսափողը. ես տասնհինգ
վայրկյան կպահեմ զանգը:
Պատուհանիդ քար կնետեմ, անգամ անվանդ տառերը սվվոցով կսուլեմ, բայց
դիմացի մայթից, թաքուն: Կբարձրանամ աստիճաններով վեր՝ երկուական աստիճան
ցատկոտելով, որ ժամանակը կիսով չափ կրճատեմ, ամբողջ ուժով ներքև կհրեմ
դռանդ բռնակն` այն հույսով, որ, հնարավոր է, առաջվա պես բաց կլինի, մատս կդնեմ

20

զանգի կոճակին, գլուխս կհենեմ դռանն ու քսան վայրկյանով կմոռանամ, որ զան-
գիդ ծվծվոցը բռնաբարվող թռչունների երամի ճվճվոցի է վերածվում, հետո ոտքով
կհարվածեմ վաղուց արդեն լաքից զրկված դռանդ մակերեսին: Ապարդյուն։ Արդեն
հուսախաբ ու քննությունից կտրված դիմորդի պես կնստեմ աստիճաններին, մի
հատ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հենց մի հատ ծխախոտ կծխեմ, կհանգցնեմ աղբատար
խողովակի կիսաբաց կափարիչի վրա ու կհեռանամ:

Ներքևի հարկում ձեր մուտքի լեզվանի կանանցից մեկից իմացա, որ արդեն
էդտեղ չես ապրում:

Մատներս դանդաղ սահում են ներքև. ափերիս միջի դատարկ տարածությունը
լցվում է սառնությամբ, երբ փորձում եմ գրկել քեզ․․․ հուշերում...

Աչքերդ փակիր ու մինչև տասը հաշվիր. հինգ վայրկյանից արդեն ես էլ հեռու կլինեմ...

21

ԱՐՁԱԿ

ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արձակագիր

ԳԵՏԻ ԱՂՋԻԿԸ

Գլխումս նորից անծանոթ կարոտի հուշը եկել՝ թպրտում էր: Անձրևի թողած խոնա-
վությունը ասֆալտների վրայով վազել էր ու նյարդերիս մեջ ներարկվել: Ամեն ինչ
վաղուց էի հաշվարկել, դասավորել այնպես, ինչպես ինձ էր հարմար, ճիշտ այնպես,
ինչպես սենյակիս իրերը՝ ամեն մեկն իր տեղում: Ես դեռ չէի կարողացել հասկանալ,
որ իրականում կյանքը դասավորված սենյակ չէ, ուր ամենաանշան իրն անգամ պար-
տավոր է համապատասխան տեղում գտնվել:

-Ընդամենը պետք է մի երեք միավորով ձգել պատմությունը,- կարծրացած ու
մաղձոտ հայացքով կրկնեց հայրս:

Չգիտեմ էլ, թե որերորդ անգամ էր նույն նախադասությունը կրկնում երեկոյան
ընթրիքի ժամանակ: Ինքս էլ հասկանում էի, որ այդ երեք միավորը չպարտադրված
անհրաժեշտություն էր իրավաբանականի համար, իսկ ես այնտեղ ընդունվել շատ
էի ուզում, ու երևի հորս՝ հաշվիչ մեքենայի հատիկների վրա մաշված ու խունացած
երազանքները բոլորովին կապ չունեին ներսումս եփվող ցանկությունների հետ:
Մոլագարի տենդով կպած էի դասագրքերին, մնացել էր երեք ամիս ընդունելության
քննություններին ու դեռ ավարտականի նախապատրաստություններին էլ պետք էր
ժամանակ հատկացնել, իսկ ժամանակը չէր հաշվարկում մեր ծրագրերը՝ միայն ան-
խընա վազել գիտեր․ մեկ էլ կտեսնես հասնում է վերջին այնպիսի արագությամբ,
որ չես հասցնում կողմնորոշվել, թե ինչքան է կազմում կյանքի իրականություն աս-
վածի չափաբաժինը:

22

Ուզում էի դուրս պրծնել ներսից՝ վերջերս սկսել էի մի տեսակ անհասկանալի
վախ զգալ ինձ շրջապատող վերահաս լռություններից, դրանցից մտքերս ճարպոտ-
վում էին: Իջել էի մեր թաղի փոքրիկ զբոսայգին, դրսի ամբոխի աղմուկը ականջներիս
համար անուշ երաժշտություն էր: Քայլում էի կիսաչոր ու կիսաթաց հողի վրայով,
հասա մինչև այգու ծայրը ու մի պահ կանգ առա․ սկիզբ առնող ճանապարհից
դուրս, ուղիղ իմ դիմաց, անշարժ կանգնած աղջկա գլուխը, ավելի ճիշտ, գլխարկը
շատ ծանոթ թվաց, հիշեցի՝ ախր զուգահեռ դասարաններում էինք սովորել: Նույն
անտարբերությամբ ու, երևի, մի փոքր էլ արհամարանքով կանցնեի, այնպես, ինչ-
պես հազար անգամ եմ անցել, եթե սովորականից տարբերվող նրա հայացքը չստի-
պեր ինձ անշարժանալ այս անգամ: Ի՞նչն էր այդքան հետաքրքրել ակնապիշ նայող
մեկին, ով դպրոցում գերեզմանային անտարբերություն էր ցուցաբերում բացար-
ձակապես ամենի ու ամենքի հանդեպ: Հետաքրքրությունը սողոսկել էր ներսս, ոտքս
կախ գցեցի, աչքերս ուղղեցի դեպի այն կողմ, ուր հայացքն էր անշարժ գամվել:
Դիմացի մայթին շուն էր ընկած, ավելի ճիշտ՝ շան դիակ, կարծում եմ, մեքենան էր
հարվածել: Սպիտակ շան բերանից դանդաղ ծորող բալագույն արյունը մակարդվում
էր հողում, սև ցեխով կեղտոտված սպիտակ թաթերը մերթընդմերթ դողում էին,
ցնցվում, իսկ կիսախուփ աչքերում մոլորվել էր երկնքի մի մոխրագույն պատառ:
Բազմաթիվ վազող դեմքերից միայն այս երկնագույն հայացքն էր անթարթ լողում
արյան, ցեխի ու սպիտակ թաթերի վրայով, վերուվար անում անտանելի համառու-
թյամբ: Չէի սխալվել՝ նա իրոք տարօրինակ է մի քիչ: Տպավորություն էր ստեղծվում,
որ ցանկանում է ինչ-որ աննշան ելևէջ որսալ, մի բան բացահայտել, երևի ամեն ինչ
կախված էր ճիշտ ակնթարթը որսալուց՝ եթե կորցներ պահը, ապա բաց կթողներ
չգտնված հավերժության դռան բանալին:

Սառը ստվերը շրջապատել էր անկողինս, արդեն քանի գիշեր անկոչ հյուրս էր
դարձել: Տեղիցս վեր թռա մի անծանոթ սարսափով, ստվերը արդեն հասել էր ներսս:
Ինձ թվաց՝ ձեռքերս ցեխոտ են, թե՞ բալագույն: Չգիտեմ՝ խելագարվո՞ւմ էի, թե՞ իրոք
սենյակումս շրջում էին կես մոխրագույն, կես երկնագույն աչքերը: Բաժակի սառը
ջուրը լցրեցի գլխիս, ջուրը լվաց տարավ աչքերումս հավաքված քրտինքը, անծա-
նոթ սարսափը, եթե ամեն ինչ այսպես շարունակվեր, ապա մինչև ընդունելություն
սթափ դատելու կարողությունս հաստատ կկորցնեի: Հանգստանալ էր պետք:

Նոր բացվող գարնան օդը փոքր-ինչ կազդուրել էր ուղեղս, չնայած ժամանակ
առ ժամանակ մի անորոշ միտք, պաղ հոսանքի նման, սողոսկում էր գլխիս մեջ: Դա-
սարանի երեխաներով որոշել էինք մեր ավանդական դարձած խնջույքի օրը՝ հա-
րազատ քաղաքի գետի ափին: Երբ դեռ միջին դասարաններում էինք սովորում, փախչում
էինք դպրոցից, գալիս աջ ափը ու ականջ դնում գետի պատմած հեքիաթներին, կամ
էլ մենք էինք պատմում մեր իմացած հեքիաթները նրա մասին: Ժամանակների
փոփոխվելուն զուգընթաց փոխվել էր նաև մեր հավաքների բնույթը, ու այս տար-
վանը յուրահատուկ էր, տարբերվող մյուսներից, վերջինն էր, բոլոր վերջերի նման
փառավոր էինք ուզում դարձնել, մենք մեր պատանեկության մնաս բարովն էինք
կազմակերպում, չգիտեինք, թե կյանքը յուրաքանչյուրիս համար ինչ վերջ ուներ

23

ԱՐՁԱԿ ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

նախապատրաստած: Դեռ կեսօրին մի քանի հոգով եկել էինք գետաբերանը. ես
որոշել էի, որ ամեն ինչ կատարյալ պիտի լինի, չէի էլ հասկանում, թե որքան ձանձրալի
կարող է լինել կատարելություն կոչվածը իրականում: Ինչքա՜ն հեշտ կլիներ մարդ-
կային կյանքը, եթե այն աշխատեր երբեք չխափանվող ու ճշգրիտ մեխանիզմի նման,
բայց ափսոս՝ մեր կյանքի համակարգերից միայն մեկն է կատարյալ ծրագրով գոր-
ծում, այն երբեք չի խափանվում ու հաճախ երկար սպասեցնել չի տալիս:

Վերջացրել էինք մեր գործերն ու ետ էինք դառնում արդեն, երբ այս անգամ էլ
դիմացի ափի տեսարանը ինձ շեղեց ճանապարհիցս: Սկսեցի քայլել հոսանքին հակա-
ռակ, մինչև հասա գետի այն հատվածը, որտեղ երկու ափերը ամենամոտ հե-
ռավորության վրա էին իրարից: Ինձ ծանոթ գլուխը տեսա՝ գլխին գլխարկ չկար,
այնպիսի դիրքով էինք, որ կողքից շատ պարզ տեսնում էի նրան, տեսնում, բայց
հասկանալը….. չէի հասկանում․ ինչի՞ն էր այդքան երկար նայում։ Հետո նկատեցի
ձեռքի երկար, թելի պես բարակ փայտը, դրանով մերթընդմերթ տարօրինակ շար-
ժումներ էր անում հողի վրա։ Տարօրինակ էր թվում ամեն ինչ:

Հետաքրքրությունը դաղում էր ուղեղս, ես որոշել էի հասկանալ արարքների
իմաստը, ուզում էի վերջապես պարզել՝ ի՞նչն է գիտակցված բանականության ծնունդը
և ի՞նչը՝ ոչ: Ոտքս շարունակ կախ էի գցում, հասկացել էի՝ նրա վարքագիծը դեռ
նախորդ անգամից էր սկսել միտքս հաճախակի զբաղեցնել: Աչքս հանկարծ ընկավ
մազերին՝ հասած ցորենի հասկեր էին, ու քամին խաղ էր անում այդ հասած ու խանձ-
ված փնջի հետ, սկսեցի ավելի ուշադիր նայել, ինձ թվաց առաջին անգամ էի տես-
նում նրան, նրա ծաղկած ծիրանենու ճերմակություն ունեցող դեմքը:

Առօրյա գործերիս խառնաշփոթում ամեն կերպ ճնշել ու ճզմել էի ուզում մի բան,
որը տապակում էր արյունս, վերջին քանի օրը տարօրինակ մեղքի զգացողություն
էր ներսումս արթնացել, չնայած, որ երբեք չեմ մեղանչել` գոնե ես այդպես էի հի-
շում, գուցե հիշողություններիս մի մասը կորցրել էի: Ուղղակի մարդ արարածը ինքնա-
պաշտպանական հետաքրքիր մեխանիզմ ունի. բավական է ցանկանաս մի բան մոռա-
նալ ու՝ վերջ, իսկ եթե հանկարծ օրերից մի օր որոշես հիշել մի դեպք, որը ուղարկել ես
այն հեռու, անծանոթ վայրը, ինքդ քեզ հետո դժվարությամբ կկարողանաս համոզել,
որ դա դու ես եղել, այն մյուսը՝ մոլորված մի մասնիկդ, որ քեզնից բաժանված ու
նետված է եղել սեփական կյանքիդ կրկնվող միջանցքները: Բայց դե, առանց հիշողու-
թյան կորստի էլ կյանքի թողած ամբողջ գարշահոտությունը անտանելի կլիներ տեղ
հասցնել: Այդպես է, կյանքիդ երկու գույները միշտ ճիշտ չափաբաժնով պետք է խառ-
նես, որ սպեղանին ակամա չդառնա մահացու թույն մարմնիդ համար:

Մեր հավաքույթի ժամը մոտենում էր: Մեքենայի շարժիչը անջատեցի, ընկերներով
քայլեցինք ներքև՝ դեպի գետի ափը, երեխաները համարյա հավաքվել էին: Դիտմամբ
ընկերներիցս մի փոքր հետ մնացի, չգիտեմ ինչու, միայն զգում էի, որ աներևույթ
մի ձեռք անխնա դեպի հակառակ ափն է հրում: Չնայած, որ այն կողմում ինչ-որ
մեկին հանդիպելու միտքը կատարյալ խելագարության էր, այնուամենայնիվ ճամփի
կեսից ետ չդարձա: Հասա այն նույն վայրը, կանգ առա ու սկսեցի հողի վրա փնտրել
մի բան, որի իսկական էությունը ինքս էլ չէի հասկանում. ի՞նչ պետք է փնտրածս

24

լիներ: Զարմացած ու լուռ ինձ էի դիտում կողքից, չէի կարողանում վերջիվերջո հաս-
կանալ, թե որ մեկս է ավելի իրական, որ մեկս ավելի խելագար: Բարկացած շրջը-
վեցի ու տեղնուտեղը սառելս մեկ եղավ, դեմ հանդիման կանգնած էի նրան, ով իմ
ներսում ահա քանի օր է մեծ հարցական էր դրել: Մի քանի րոպե անշարժ ինձ նա-
յեց, հետո անցավ այնպիսի անտարբերությամբ, որ մի պահ ես ինձ ուրվական
թվացի: Քայլելով հասավ համարյա եզրին, լուռ նստեց խոտածածկ հողաթմբի վրա
ու սկսեց նայել դեպի ցած: Ես չէի էլ նկատել, որ այստեղից շատ պարզ երևում է
մեր վառած խարույկը, զվարճացող ամբոխը, ամբողջ կյանքն իր խայտաբղետ լույ-
սերի ու գույների ներքո: Վերլուծում էի ուղեղիս աշխատելու ձևը՝ միգուցե պատ-
րանքի մեջ եմ հիմա, հիվանդ մտքերից հյուսված պատկերներն են հյուր եկել ամենա-
հարմար պահին: Հանդարտ քայլերով նրան մոտեցա, օտարի հայացքով նստել ու
ներկայացում էր նայում:

-Ներքև իջի՛ր, միացիր նրանց,- իմ բերանով, բայց խորթ ձայնով ասացի ես:
-Չէ, դրա կարիքը ամենևին էլ չկա, ինձ այս կողմում էլ բավական լավ է, բացի
այդ չեմ էլ հասկանում՝ ո՞րն է իմաստը, մի՞թե չեք հոգնում, ախր ամեն անգամ նույն
բանն է կրկնվում։ Հետո չեմ կարծում, որ այնտեղ իջնելով կկարողանամ տեսնել այն
ամենը, ինչ երևում է այստեղից:
Այնպիսի միատոն ձայնով ու հանգստությամբ էր արտաբերում յուրաքանչյուր
բառը, որ մարմինս սկսեց սառնություն զգալ: Ներքին սուր պահանջ առաջացավ
բացել նրան, հանել մտասույզ վիճակից, չնայած, որ կարող էի ինքս այնպիսի խոր
լաբիրինթոսում հայտնվել, որտեղից մի օր դուրս գալու համար հարյուրամյակներ

25

ԱՐՁԱԿ ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

կպահանջվեին թերևս: Խիզախեցի: Անհաստատ քայլերով մոտեցա, տեղավորվեցի
կողքի հողաթմբին, առանց կանաչի էր, խոնավ հողի հոտը ջերմ բարևեց: Նա ճիշտ
էր ասում, այնքան հետաքրքիր էր իմ առջև բացվող տեսարանը, կախարդական
աշխարհն էր ներքևում. փոքրիկ քաղաքի խայտաբղետ լույսերը, գետի ջրերում հալ-
վող տարօրինակ լուսինն ու աստղերը, բոցավառվող կրակը, ծանոթներիս անծանոթ
ու անկանոն ստվերները: Կարծես օտար մի գրքից հեքիաթ էի կարդում, հեքիաթ,
որը միայն մի անգամ ես կարողանում կարդալ, իսկ հետո, ողջ գիտակցական կյան-
քիդ ընթացքում փորձում ես այն հասկանալ, հասնել ամենախորքերը, ձեռքդ գցել
իրականին, միայն մի անգամ, ու այն էլ չես կարող գիտենալ՝ նա չի՞ ճողոպրի մատ-
ներիդ արանքից, չի՞ լքի, չի՞ թողնի քեզ մենակ, որբացած այս աշխարհում:

-Շնորհակալ եմ, քո շնորհիվ այս կողմում էլ եղա,- արտաբերեցի ես երազի մեջ:
-Իսկ ես երբեք այն կողմում չեմ եղել, երևի այդպես էլ երբեք չեմ հասցնի լինել:
-Մեծ բան չես կորցրել, ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ իր նույն ձևի մեջ է: Չնայած
կարող ենք հենց հիմա միասին, երկուսով իջնել: Կուզե՞ս։
Պատասխանը լռությունը եղավ, այնպես էլ ուժգին ու բարձրաձայն էր այդ պա-
տասխանը, որ մի վայրկյանում ամբողջ էությունս տարրալուծվեց անծանոթ հոսանք-
ներում: Ես նրա ձայնը լսելու պահանջն էի զգում, լսողությունս մի փոքր հանգստանալ
էր ուզում: Ես պետք է հասկանայի մարդու նրա տեսակը:
-Չե՞ս վախենում գետի մոտ մենակ մնալուց, այն էլ այս ժամին: Նրա պատմությունը
հաստատ լսած կլինես, դեռ մեր պապերի ժամանակներից է պատմվում: Իսկ եթե
հանկարծ նրա ջրերը հսկող հոգին՝ գետի ուրվականը հայտնվի, չե՞ս վախենում:
Կտրուկ շրջվեց, ծիծաղելով պատասխանեց, որ վախենալու ոչինչ չկա, մենք բո-
լորս էլ մի օր ուրվականներ ենք դառնալու, կամ գուցե հենց հիմա էլ ինչ-որ մեկի
համար պարզապես ապրող ուրվականներ ենք ու չենք էլ գիտակցում դա:
Փոքր քաղաքը թառել էր մեծ գետի աջ ափին, որտեղ սպիտակ շուշաններ էին
ծաղկում: Նախնիներց հասած պատմության համաձայն շատ տարիներ առաջ գետի
ափը բնակեցված չի եղել մարդկանցով, մոտիկ լեռան լանջին միայն մի փոքրիկ
բնակավայր կար՝ ուրախ բնակիչներով: Իսկ մեր քաղաքի ստեղծման պատմությունը
տխուր է. ասում են, թե մի գիշեր աղջիկ է սարից իջել ու նետել իրեն արագավազ
ջրերի գիրկը: Նրան շատ են փնտրել ու այդպես էլ չեն գտել, հետո իջել են ներքև
ու հմայվել գետափին բացված սպիտակ ծաղիկներով: Մինչև հիմա էլ պատմում են
ու հավատում, որ մշուշոտ գիշերներին, երբ լուսնի լույսը սովորականից ավելի պայ-
ծառ է ու սառը, մաքուր հոգիները կարողանում են տեսնել ու լսել կորած աղջկան:
Կամաց-կամաց շատերն են գայթակղվել անբացատրելին մեկնելու փնտրտուք-
ներով, իրար գլխի են հավաքվել, բազմացել ու հիմնել քաղաքը, նույնիսկ հիմա վերջ
չեն գտնում շշուկներն այն մասին, թե սա կամ նա տեսել է գետի աղջկան:
Մեր զրույցը ոչ մի կերպ առաջ չէր գնում, իսկ լռությունն աննկատ նստել էր
ծնկներիս ու իր իմացած պատմությունն էր ուզում անել: Ընդունելության քննություն-
ներից հարցրեցի ու նորից փակուղիում հայտնվեցի՝ նա ոչ մի տեղ չէր պատրաստ-
վում ընդունվել: Զարմացա` մի՞թե ոչ մի նպատակ չուներ այս կյանքում:

26

-Ճանապարհորդության եմ պատրաստվում, հետաքրքիր է, չէ՞: Իսկ դու ինչո՞ւ
ես որոշել անպայման իրավաբան դառնալ:

-Ճանապարհորդությո՞ւն,- զարմացած կրկնեցի,- նախանձում եմ քեզ:
-Հավատա, նախանձելու ոչինչ չկա, դու էլ, ինչպես մնացած բոլորը, պատրաստ-
վելու և անցնելու ես այդ ճանապարհը, ժամանակը` ահա միակ տարբերությունը,
բայց հարցիս պատասխանը այդպես էլ չտվեցիր:
-Օրենքները և կարգերը պահպանել է պետք:
-Դրանք հենց խախտելու համար են ստեղծված, դեռ չե՞ս հասցրել նկատել, որ
կյանքում ոչ մի բան օրինաչափ չէ, ու մեզ պարզապես դատապարտել են ապրելու,
ապրելու կյանքի մեր բաժինը՝ սա միակ օրինաչափությունն է, որ ես գիտեմ, իսկ
քո ասած օրենքները դարձել են ձև՝ առանց բովանդակության, այնպես որ շատ մի
տանջվիր, որ փոշմանելու շատ առիթներ էլ չունենաս:
Ես կամաց-կամաց զգացի իմ լուծվելը տխրության գրկում ու այդպես էլ այդ գի-
շեր չիջա դիմացի ափ, մասնակիցը չդարձա ուրախ ամբոխի խրախճանքներին:
Իրավաբան նույնպես չդարձա, որովհետև ես սիրում էի պահել օրենքներն ու կար-
գերը: Իմ այդքան սպասած ավարտականը ուրիշ գույներ ունեցավ, այդ օրը իմ երկըն-
քի աչքերով աղջիկը գնաց երկրի արգանդը, թողնելով ինձ մեն-մենակ այն անհասցե
շշուկների հետ, որ կյանքի անհունից հասնում էին հոգուս ականջներին:

ԾԻՐԱՆԱՆՈՑ

Դրսում բարակ անձրև էր մաղում: Մենությունը ձայն չուներ, լռությունը նրա միակ
ձևն էր, միակ անունը, անձրևն ու ձայնը լցվում էին քանդված փոսերն ու լցնում
սենյակիս մենությունը: Կուզեի անձրևը սենյակումս մաղեր, մաքրությունից փայլող
հատակը մի քիչ կեղտոտվեր, պատերը սառեին ու հիմքից սկսեին ցնցվել: Կուզեի
ոտաբոբիկ մտնել ցեխաջրով լցված բները, անձրևաջուրը կլցվեր աչքերիս ու ականջ-
ներիս մեջ, մարմինս կսառեր, կկապտեր, բայց կշնչեր ու կզգար, կյանքի զարկերակը
կշարժվեր իմ մեջ: Սպիտակ փեշիս ծայրերը կլցվեին ոտքերիս տակ ճմռվող սև, մա-
ծուծիկ կյանքով, թաց ու կեղտոտ կտորը կձուլվեր մաշկիս հետ, կդառնային մեկ, ես
ամեն մի բջիջովս կզգայի կյանքը:

Դեռ ամենափոքր տարիքից զզվում էի այն ամենից, ինչը չափազանց ճիշտ էր։
Կատարելությունը ձանձրալի է, հոգնեցնող, կատարելություն չկա: Հիմա պառկած
եմ հիվանդանոցի իմ մահճակալին՝ ականջիս մեջ դրսի անկատար կատարելության
նոտաներն են, ես վերլուծում եմ մաշված իմ տարիները, բորբոսի հոտ է փչում: Ես
երևի կմեռնեմ, ձեռքերիս կաշին, որը կապույտ անցքերով ցանց է հիշեցնում, դա է
ասում, հակառակվում է բժշկի, ծնողներիս, ողջ աշխարհի բոցավառվող հավատին:

27

ԱՐՁԱԿ ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իմ մի մասը միշտ իմացել է, որ չեմ ավարտելու համալսարանը, չեմ տանջելու մար-
մինս օտարի դաժանությամբ, մինչ կգտնեմ հարմար զգեստը քսանամյակի երեկո-
յիս պատրաստվելու համար, ինձ մեր դռան չաղլիկ ու բամբասկոտ հարևանը այդպես
էլ չի հասցնի ասել, որ հիմա արդեն ժամանակն է պսակվելու: Ես երբեք չեմ լինի այս
կյանքի հերթական օրինակելի ավարտականը: Բայց չեմ իմացել, թե ինչու և ինչպես
դա կլինի:

Ծիրան շատ էի սիրում, իսկ մեր ազգի մեջ այդ միրգը արգելված ցանկություն
էր, մեր ծիրանից ոչ թե արևի, այլ արյան հոտ էր փչում: Պատմում են, թե մեր տոհմի
պառավներից մեկը շատ չար սիրտ է ունեցել: Եղել է այնպես, որ մի օր հարևանի
աղջիկը ծառի տակ թափված անպետք ու լխկած ծիրանները հավաքել է ու կերել:
Պառավը բացել է բերանը ու կյանքի գարշանքը դուրս է թափվել նրա սմքած շուր-
թերից, լցվել է այգին ու հարևանի աղջկա սիրտը: Ասում են աքլորականչի հետ թա-
ղում հարայ է ընկել, կտուրից կախված աղջկա պարող մարմին են իջեցրել ու ողբա-
ցող մայրը անեծք է թափել, անիծել է, որ անմեղ արյան վրեժը մեր ազգի սերմից
դուրս գա, մեր մայրերն էլ սգան անմեղ մեռնող իրենց դուստրերի չորացած տարի-
ները: Մեր մեծ պապը նույն երեկո մորթել է ծիրանի այգին, իսկ լուսադեմին մորթ-
ված ծառերի բներից արյուն է հոսել, արյունը ջրել է այգին։ Այդ դեպքից հետո այգու
նորատունկ ծառերի ծիրանը, երբ հասել ու քաղցրությունից ճյուղին ճաքել է, այդ
ճաքից քաղցր հյութի փոխարեն լեղի արյուն է ժայթքել ու ընկել անցնող-դարձողների
դեմքին: Ես ծիրան շատ էի սիրում ու մեր այգում ոչ մի հատ ծիրանենի չկար:

Սենյակումս շատ տաք էր, բայց մարմինս ցրտից սրթսրթում էր ու մրսում, ցրտա-
հարվել էի երևի, սպիտակ վերմակից սառնության ու արյան հոտ էր փչում: Ես հոգ-
նել էի թաց անկողնու մեջ անշարժ պառկելուց, իջել ու կանգնել էի մաքուր սենյա-
կիս միակ հայելու դեմ. հայելիներն էլ մեկ լրիվ դատարկ էին, մեկ էլ հայտնվում էին
տարբեր դեմքերով նույն աղջիկները, ես ինձ ուզում էի գտնել նրանց ծանոթ դեմքերի
մեջ, հետո նորից դատարկ էր, ու ստվերները պարում էին այդ լքված հայելիներում,
նույն պահին հոգիս անջատվել էր հիվանդ մարմնիցս, թողել էր ինձ լրիվ մենակ,
նա գնացել էր կորած այգում զբոսնելու ու այգուց ինձ համար նվեր էր հետը բերել՝
մի բուռ հող՝ արյունով շաղախված, այդ խյուսից ոչ արյան ու ոչ էլ հողի հոտ էր եկել,
դրանից եկել էր այն հոտը, որը զգում ես, երբ նորածին երեխայի մաշկը կպնում է
դեմքիդ: Վերմակս մեկ օձ էր դառնում ու մեկ պարան, փաթաթվում էր վզիս, ոտքե-
րիս, ես խեղդվում էի, իսկ իմ գրկում ինձնից դեռ չծնված իմ երեխան էր, ես ագա-
հորեն նրա հոտն էի խմում, ես խմում էի այն բոլոր երեխաների հոտը, որ այդպես
էլ չծնվեցին:

Բայց նրա դեմքը հայելու մեջ հիշեցնում էր ջրազուրկ կաշվով պառավի, ով
զզվելի լեզվով անընդհատ լպստում էր շուրթերը, իսկ ես արդեն լողում էի անսահ-
ման հանգստության մեջ, ես երջանիկ էի, որովհետև ինձնով էր, որ ամեն ինչ կա-
վարտվեր, անեծքները յոթ պորտ կարող են ձգվել, իսկ ես վերջինն էի:

28

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԸ

Ես վաղուց գիտեի վիշապի և Կարմիր բլուրի հեքիաթը, այդ հեքիաթը իմ քրքրված
հիշողությունների հետ համերաշխ ապրում էր, ես չէի կարողանում նրան բաց թող-
նել, որովհետև այն ամենը, ինչ կապված էր մորս հետ՝ որքան էլ հոգիս ցավին վար-
ժեցնող ամենօրյա սրբազան ծիսակարգ հիշեցներ, դարձել էր ապագաս սպանող
կախվածություն: Արդեն երեք տարի մեր փոքրիկ խոհանոցից մորս թխած գաթայի
հոտը չէր գալիս, ու ես չէի կարողանում հրճվել՝ նայելով խորիզի մեջ լողացող չամիչ-
ներին, որոնք ինձ միշտ ջրով լցված փոքրիկ փուչիկներ էին հիշեցնում, որովհետև
երեք տարի առաջ, երբ սպիտակ մեքենան եկավ և մայրիկիս տարավ, ես այլևս
նրան չտեսա, ավելի ճիշտ նա, ում տեսա օրեր հետո՝ մոխրագույն դեմքով, կապտած
շրթունքներով և ինձ համար անհասկանալի սառը ձեռքերով մեկն էր, իսկ մայ-
րիկի ձեռքերը միշտ այնքան տաք էին, որ երբ հպվում էին ինձ, ջերմացնում էին ամ-
բողջ էությունս այնպես, ինչպես գարնանային արևի առաջին շողիկը քարերի վրա
նիրհող կատվին։ Բայց այդ օրը նրա ձեռքերը մեկընդմիշտ սառեցրեցին թե՛ սիրտս
և թե՛ հոգիս: Իսկ երբ վառեցին նրա նկարի երկու կողմերում դրած մոմերը, ես հաս-
կացա, որ ինչպես մայրիկի ձեռքերն էին դադարել խորհրդանշել իմ կյանքի ջերմու-
թյունը, այնպես էլ զույգ մոմերի դողացող լույսը էլ երբեք չի հիշեցնի ինձ Սուրբ
Ծննդյան սեղանը:

Հորս սիրում էի մի սիրով, որ հունցած էր մի քիչ ատելությունից ու մի քիչ էլ
խղճահարությունից: Այնքա՜ն էի սիրում նրան, երբ խոհանոցում նստած իր կյանքի
պես դառը սուրճի բաժակը ձեռքին՝ որբացած ու արնակալած հայացքով նայում էր
դիմացի շենքի ճաքճքած ապակիներով պատուհաններին, մինչ ուռած ու դողացող
մատների արանքում մխում էր ճմռթված ու դեղնած ծխախոտի գլանակը՝ նա սև
սուրճի ու դեղնած գլանակի արանքում իր որբացած էությունն էր փորձում գտնել:
Ու նույնքան էլ ատում էի, երբ տուն էր մտնում աչքերի այն հայացքով, որ նորին
մեծություն օղու ստեղծագործությունն էր․ օրորվելով կգար, ցեխոտված կոշիկներով
կնկներ դարչնագույն բազմոցի ծայրին, ու ես չէի իմանա քնած է, թե արթուն: Այդ
պահերին նա ինձ համար ամենաանտելի մարդն էր մեր կորուսյալ երկրագնդի վրա:
Այնպես էի խղճում նրան, երբ ողջ գիշեր կրկնում էր միևնույն բանը, թե շատ է հոգ-
նել և ուզում է տուն գնալ: «Տուն եմ ուզու՜մ, տու՜ն» կրկնում էր մեկը, ով այդ պահին
պառկած էր սեփական տան մաշված բազմոցին: Ես կտայի աշխարհի բոլոր ջը-
րով լցված գույնզգույն փուչիկները, միայն թե հայրիկը էլ չհոգներ, գոնե մի քիչ
հանգստանար և վերջապես հասկանար, որ տանն է, իր տանը, և չունի ուրիշ տուն,
ուր շարունակ ձգտում էր նրա հարբած ու որբացած հոգին: Ես մաքրում էի նրա
կոշիկների վրայի ցեխը՝ սև կոշիկները մաքրությունից այնպես էին փայլում, որ ծակ-
ծկում էին աչքերս, ծակծկում էին նաև միտքս, որովհետև սկսել էի գիտակցել, որ
ձեռքիս խոնավ լաթի կտորը երբեք ընդունակ չի լինի մաքրել նրա հոգին դանդաղ

29

ԱՐՁԱԿ ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

այլանդակող կեղտը: Անկախ նրանից, թե քանի հավատքի առագաստ էի այրել
անձրևախում խավար գիշերներում, միևնույն է իմ սրտի մութ փողոցներով շարու-
նակում էր թափառել արտաքսված ուրվական հիշեցնող այն փոքրիկ տղան, ով դեռ
հավատում էր կյանքի հեքիաթին: Ես ու նա, իմ երկու անհաշտ եսերը իրենց էին
փորձում գտնել վառվող զույգ մոմերի թույլ ու դողացող լույսի միջանցքում՝ նա երևի
Կարմիր բլրի վիշապին էր դեռ սպասում. մորիցս մնացած ամենաքաղցր հուշը,
քաղցր, ինչպես նրա պատրաստած չամչից փուչիկներով գաթան: Մայրիկը միշտ
պնդում էր, որ տեսել է իր հայրական տան կտուրից լեռների մեջ բացվող բրոնզա-
գույն քարերով արահետը, որը տանում էր դեպի Կարմիր բլուր՝ արծաթե թևերով
վիշապի մոտ: Մայրիկն իր հեքիաթը միշտ սկսում էր վաղուց մոռացված աստված-
ներով, թե ինչպես են այդ աստվածները իրենցից մեկին տապալում երկիր, բայց
ընկնելով կարմիր գույնի քարերից ու փոշուց բաղկացած սարի վրա՝ գահընկեց աստ-
վածը վերածվում է վիշապի: Այդ օրվանից բլուրն ու վիշապը անբաժան են իրարից:
Հեքիաթի վերջում մայրս միշտ կրկնում էր, որ եթե գտնվեն մարդիկ, ովքեր կկարո-
ղանան հասնել Կարմիր բլուր և հայտնաբերել ներսում վիշապի ապաստանը՝ Ղաչաղ-
ների բույնը, ապա կերպարանափոխված աստվածը նրանց բոլոր երազանքները
կիրականացնի, անգամ կբուժի աչքին անտես հիվանդությունները:

Հաստատ որոշել էի՝ գտնելու եմ վիշապի ապաստարանը, հիմա վստահ էի, որ
նա գոյություն ունի, մայրիկը հավատում էր իր պատմած հեքիաթին ու խնդրում,
որ ես երբեք չմոռանամ ու միշտ հիշեմ, որ վիշապը կա, գոյություն ունի, հեքիաթ
չի: Իմ փնտրածը գտնելու համար ես պիտի հասնեի մորս հայրական տունը՝ չորս
կողմից սարերով շրջապատված փոքրիկ ավանը` հենց այդ լեռներում էր Կարմիր
բլուրը: Ես հիշում էի, որ այն յոթ լեռնակատարների մեջ է գտնվում: Քայլում էի կա-
նաչ դաշտի ու խոր ձորի մեջտեղում ընկած ճանապարհով, ու ձորը ձգում էր ինձ,
որովհետև սպիտակ էր, ու այդ սպիտակը ինձ հեքիաթ էր պատմում, այդ սպիտակը
ամպերն էին՝ գուցե մի ուրիշ կործանված աստված էլ դանակով երկնքից փոքրիկ
պատառներ էր փրթել ու լցրել ձորի մեջ: Կարող էր լինել, կյանքում ամեն ինչ էլ կա-
րող է լինել, չէ՞ որ ամենաշատը լինում է հենց այն, ինչը մենք երբեք չենք տեսնում,
ու երևի մայրս այս մի հեքիաթը պարզապես չի իմացել, թե չէ անպայման ինձ կպատ-
մեր ու հետո խոսք կառներ, որ միշտ հավատամ:

Իրիկնամուտին յոթը սարերին էի հասել ու հասկանում էի, որ դադարել եմ որևէ
բան հասկանալ, որովհետև ամբողջ ընթացքում արևը խանձել էր մտքերս, ես զգում
էի, որ ընդունակ եմ միայն զգալ, զգալ կարմիրը, որ մոտենում էր, ընդառաջ էր գալիս
ինձ, կարմիրը հեղեղել էր սիրտս, թափվում էր աչքերիս բիբերից: Հեռվում թևաբա-
խյուն էր, այդ բախյունը արծաթահունչ մաքրություն ուներ, հետո զգացի երկինքը,
որն առանց հատակ էր….

Երևի այդ առանց հատակ երկինքը հենց Ղաչաղների բույն կոչվածն էր, այնտեղից
պիտի բուժվեին աչքին անտես հիվանդությունները ու իրականանային իմ որբա-
ցած երազները, ես հասկացա, որ զգում եմ նրա ողջ ուժը, մոգությունը, լույսը ու
անցյալի հմայքն իմ ուժասպառ երակների մեջ ու հանկարծ արթնացա՝ հորս ցեխոտ

30

կոշիկները գլխիս վերևում: Նա ինձ էր նայում վախեցած, խեղճացած ու օգնություն
աղերսողի հայացքով: Խղճացի, մի քանի ժամ շարունակ զառանցել էի, վախեցել էր,
որովհետև չէր հասկացել արտաբերած խոսքերի իմաստը, մտածել էր՝ հիվանդացել
եմ: Ես հավատում էի այն ամենին, ինչը իրականության մեջ երբեք չէի տեսնի, իսկ
նա՝ իր օղու թափանցիկ բաժակներին: Բայց ճանապարհս իզուր չանցա, ճշմարտա-
ցի էր հավատքս, որովհետև հայրիկին էլ երբեք չտեսա թափանցիկ օղու հայացքով,
նա գտավ իր տունը ու կարողացավ հանգստանալ:

31

ԱՐՁԱԿ

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արձակագիր

ԳԻՏԱՓՈՐՁ 291․
«ՏԱՃԱՐԻ» ԳԱՂՏՆԻՔԸ

Իբրև նախաբան մեր տարերային մտքերի հոսքին պիտի գրեմ, որ հաջողեցինք
վերջապես, տարիներ ի վեր գործադրած ջանքերից հետո, ստեղծել մի եղբայրություն,
երբ մեր ամենամոտ բարեկամները հավաքվեցին զարմանալի մի դիպվածով։

Բոլորիս հոգնեցրել է պոստմոդեռնիզմի մուսան, և աշխարհով ընկած փնտրում
ենք իմաստության հին ասպետներին, որոնք մի ժամանակ թափառում էին արե-
վելքի քաղաքներում: Մենք ակադեմիկոսներ չենք և ոչ էլ պրոֆեսորներ, այլ ավագ
վարպետներ, որ ոտքով անցնում են այս երկիրը հյուսիսից հարավ։

Բարկ ամառվա կեսին մտանք Սուլեմայի լեռնանցքը և հայտնվեցինք բարձրա-
դիր ալպիական լեռնալանջերին: Այս ճանապարհներն անշուշտ հայտնի էին մարդ-
կանց։ Մենք ուխտի էինք եկել արևելքի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկը՝
Աստվածածնի տաճար։ Ուխտավոր վարպետներին ապշեցրել էր երկհարկ ու հոյա-
կապ քանդակներով զարդարված կառույցը, որն իր լիրիկական ճարտարապետու-
թյամբ և առեղծվածներով գերում էր իմաստուններին։ Առհասարակ այս փոքրիկ
հողակտորի վրա հսկայական քանակությամբ սրբարաններ կան, որ ոչ միայն հոգևոր
առումով են կենդանի պահել մարդու ստեղծագործ միտքը, այլ վերածվել են ինչ-
որ «misteria»-ի: Կարո՞ղ եք պատկերացնել մարդկանց, որոնք չլինելով աշխարհիկ
անձ, երբեմն դուրս գտնվելով հասարակությունից, ոգեկան ահռելի ճիգով փորձել
են կառուցել «ՏԱՃԱՐԻ» երևութական մարմինը։

32

-Եվ ո՞ւմ տիրույթներն էին սրանք,- հարցրեց ինձ մեծ վարպետ Ալբերտը։
-Արևելքից Կովկաս թափանցած իշխանների, որոնք իրենց քաջագործություն-
ների համար տոհմական կալվածքներ ստացան Իբերիայի արքաներից` Օրբեթի
ամրոցը։ Հետո Օրբելյանները գժտվեցին թագավորական ընտանիքի հետ, հրաժար-
վելով նրանց գերագահությունից, և առաջնորդելով սեփական զորքը, տեղափոխ-
վեցին հարավ։
-Իսկ այստեղ ուրիշ իշխաններ չկայի՞ն։
-Կային, անշուշտ,՝ Խաղաբակյանները։ Նրանք ևս անվանի տոհմ էին, իմաստուն,
ուսյալ, նույնիսկ հասցրեցին համալսարան հիմնել, որն արևելքում հայտնի էր որ-
պես «երկրորդ Աթենք պանծալի»։
-Կոնստանդնուպոլսից, Ալեքսանդրիայից հետո ի՞նչ պիտի սովորեցնեին այս
ծերպերում թաքնցված վանականները․․․
-Գիտելի՛ք, Ալբերտ, գաղտնի՛ գիտելիք։
Նայի՛ր Տաճարին և կտեսնես համեստ ճարտարապետական չափերի մեջ հզոր
մի գաղափար, փիլիսոփայական ընկալում, յուրաքանչյուր քայլափոխին խորհըր-
դաբանությամբ հագեցած հորինվածքներ և բարձր արվեստ։ Իր ժամանակներում
այս մեկուսի համալիրը ողջ արևելաքրիստոնեական աշխարհի եզակի ճարտա-
րապետական հորինվածքներից էր, քանի որ ստեղծվել էր պատմական հախուռն
մի շրջանում, որպես թաքնագիտության ու խորհուրդների «բառարան»՝ մինչ մեծ
վարպետի կողմից Տաճարի կառուցելն իր մեջ ներառելով ժամանակն ընդգրկող
մտավոր փառահեղ նվաճումները։ Տե՛ս, այս լեռնագագաթները, որ ավելի քան 200
օր ծածկված են մնում թավ մառախուղով, երբեք չեն բացում իրենց գլուխները, և
անկարելի է տեսնել այն բուժիչ առվակները, որ հորդում են սառցադաշտերից։ Ասում
են, այս կողմերում քարանձավների մեջ կառուցված թաքստոցներ կան, և իշխան-
ների ողջ հարստությունը՝ քառասուն ուղտաբեռ ոսկի ու մետաքս, թաքցրել են թա-
թարներից ու կորցրել խորշերում։ Դրանցից մեկում ես, իհարկե, եղել եմ այնտեղ
ոսկի չկար, բայց գիշերելու համար հարմար էր և նայում էր ուղիղ ամրոցին մի 1000
ոտնաչափ բարձրությունից։
Հինգ մագիստրոսներ, որոնք ծագում էին մեծ իմաստասերների տոհմից, անցնելով
փորձի ու մտածողության երեք աստիճանները, օծվել էին իբրև մեծ վարպետներ
և թափառում էին աշխարհում, փնտրելով գաղտնի գիտելքներ, մոռացված այն ժա-
մանակներից ի վեր, երբ մարդկանց կենդանի մտածողությանը փոխարինելու եկավ
արհեստական իմացությունը, առանց կենսափորձի և ոգեկան ապրումների ինքնա-
կառավարվող մեխանիզմների դարաշրջանը։
Չոր փայտը վառվում էր հաճելի բույր արձակելով անձավում, համքարության
բոլոր անդամները նստած էին կրակի կողքին, խմբվել էին համաձայն գիտակցության
կենտրոնացման օրենքի. գծագրել էին աստղային հորինվածքը, որը խորհրդանշում
է մարդուն, իսկ կենտրոնում կրակն էր։ Մնալով անշարժ, իրար հոջորդելով, ասես
մոռացված մի խաղ խաղային, Վարպետները զրուցում էին՝ շարունակելով միմյանց
միտքը։ Նրանք պիտի հասնեին իմացությունների բացարձակ ներդաշնակության։

33

ԱՐՁԱԿ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նրանց գիտելիքների զուգադրումից էր ծնունդ առնելու Տաճարի տեսիլքը, որը պի-
տի կառուցվեր ջրերից ազատված նոր հողերի վրա։

-Զարմանալի է, բայց միջնադարի մտածողությունը ենթարկվում է ընդհանուր
օրինաչափությունների, և դա տարածվում էր Կորդոբայից մինչև Նովգորոդ, Բրիտա-
նական կղզիներից մինչև Պարսկաստան։- Բարձրաձայն մտորում էր եղբայր Յա-
նուշը։- Հեգելը պնդում էր, որ համաշխարհային արվեստը զարգացման երեք փուլ
է անցել. արխայիկ, դասական և ռոմանտիկական։ Թերևս, հենց այս երեք հաջորդա-
կան ցիկլերի ընթացքում են վերջնականապես ձևավորվել տաճարի միստիկական,
հոգեբանական և փիլիսոփայական հասկացությունները։ Միջնադարում տաճարն՝
իբրև հավերժական կեցության խորհրդանիշ, ներառում է մարդու մտավոր ընկալ-
ման բոլոր ոլորտները՝ դառնալով իդեալական աշխարհի հոգևոր մարմնավորում։
Միջնադարյան մարդը ապրում էր հստակ սահմաններում: Աստվածաբանական հայե-
ցակարգերը նախասահմանում էին նրա կյանքն ու գործունեությունը, և մարդը
վերապրում էր քրիստոնեական ուսմունքի իդեոլոգիան՝ դրախտում հայտնվելու
երազանքով։ Համընդհանուր գաղափարի գերակայող ազդեցությամբ ստեղծվել էր
մի դաշտ, որի տարբեր ոլորտներում ներգրավված անհատները կերտում էին միաս-
նական գաղափարական կառույցը՝ տաճարը։

-Դե հա, ճիշտ եք, բայց տեսե՛ք, դուք մի երկրում եք, որն առաջինն ընդունեց սիրո
կրոնը։ Սակայն քարոզիչներն իրենց հետ բերեցին գաղտնիքներ, որոնք վեր էին սո-
վորական, բանական արարածների ընդունակություններից։ Հայտնվեցին այն եզակի
գլուխները, որոնք սկսեցին մշակել ու տեղայնացնել այս գիտելքները, միախառ-
նելով դրանք, իրենց ունեցածն ու սեփական փորձը։ Այսպիսով, հայերի տաճարա-
շինության ավանդույթն՝ իբրև հայտնագործություն, իր վերջնական հատակագծման
մշակվածությամբ ամբողջացնում էր հենց կոսմոլոգիական ընկալումը։ Միջնադար-
յան մարդն ուղենիշ դարձնելով քրիստոնեական վարդապետությունը սեփական
մարմինն ընկալում էր որպես միկրոտիեզերք և անավարտ տաճար, որը շարունակ
ապաշխարհության և տառապանքի ճանապարհով պիտի կատարելագործվեր և
մեղքերը թոթափելով արժանանար երկնային արքայության։ Քրիստոսը օրենքի ուսու-
ցիչների հետ զրույցում ասում է նրանց. «Քանդե՛ք տաճարը, և ես այն երեք օրում
կկառուցեմ»։ Կրոնական վարդապետությունները և ծեսերը ավելի մեծ դեր են կա-
տարում հատակագծի համաչափության և դասավորությունների մեջ, քան արվեստն
ու ճաշակը։ Այնուամենայնիվ, պատմական աղբյուրների քննությունը թույլ է տալիս
դատել, որ հատակագծման մեթոդների ակունքները պատկանում են առավել հին՝
դիցապատմական, նախաքրիստոնեական ժամանակներին։ Սովորաբար կրոնա-
դոգմատիկ սահմանումները և մտահղացումները սնվում են ավելի վաղ մշակված
էմպիրիկ հայեցումներից և վերջնական կերպ ստանալով՝ ձևավորվում է «կանոնը»։
Այն իբրև քարացած ինտելեկտուալ արդյունք հասանելի էր դառնում միայն ընտ-
րյալ և հոգևոր դասին։

-Եղբայրներ, արևելաքրիստոնեական մշակույթը, որքան էլ անուղղակի կապի
մեջ լինի Եվրոպայի հետ, այնուամենայնիվ, տարբերվում է իր միֆական մտածո-

34

ղությամբ, նրա համար աշխարհարարումը որոնումների մշտական ցիկլի մի ան-
բաժան մաս է, նման այն ճամփորդության, որը կատարում էր Գիլգամեշը։- Կրակի
ցայտող շիթերի միջից հնչում էր բժշկագետ Ռոնինի ձայնը։- Որպես ակնառու օրի-
նակ վերցնենք վաղ միջնադարյան ճարտարապետությունը՝ կատարյալն արվեստ-
ներից: Այս շրջանում բոլոր բարդ կոնստրուկցիաները՝ տաճարները նախագծել և
ղեկավարել են բարձրաստիճան կղերականները, օգտագործելով հունահռոմեական
կառուցողական արվեստի գիտական փորձն ու նվաճումները և կատարելության
են հասցրել տաճարի կառույցի կոնցեպտը, օրինակ, հրեշտակների տաճարը՝ Զվարթ-
նոցը։ Հայ եկեղեցին իր հաստատմամբ ամենևին չմերժեց ու չոչնչացրեց անցյալի
ահռելի գիտելիքային հենքը, դրա հիմքի վրա ստեղծվեց գրային համակարգ, ծավալ-
վեց թարգամանչաց շարժում և կայացավ ոսկեդարը, իսկ արդեն միջնադարի մեծ
նվաճումներից էին համալսարանները, որոնք նպաստում էին գիտելիքի վերարտա-
դըրմանն ու մտքի զարգացմանը։

-Այո՜, հայրս մի ընկեր ուներ, որ ծանոթանալով այդ թարգմանական տեքստին
այն անվանեց «թարգմանությունների թագուհի»։- Աչքը կրակի լույսերից կկոցելով
կիսաձայն ասաց Կոստանը։

Մտավոր զարթոնքին զուգընթաց հայ իրականության մաս դարձան արիստո-
տելականությունը, նորպլատոնականությունը և մի շարք այլ փիլիսոփայական
ուղղություններ, որոնց կողմից ընդգծված հայեցումները փիլիսոփայության, բնա-
գիտության, գեղագիտության և իրավագիտության բնագավառներում հարազատ
արձագանք ստացան մեզանում։ Քրիստոնյա աշխարհից մեկուսացված, անխառն
դավանական աշխարհայացք ունեցող Հայ եկեղեցու միասնական արմատական
մոտեցումը հստակ էր, ու հոգևոր հայրերը չէին հանդուրժում զարտուղի աստվա-
ծաշնչյան մեկնաբանումները։ Զարմանալի չէ, որ նրանք, ովքեր փոքր-ինչ կասկած
կամ անհամաձայնություն էին հայտնում, դիտվում էին իբրև հերձվածներ։

-Այո, այդ պատճառով հազարավոր պավլիկյան աղանդավորներ լքեցին երկիրը
հասնելով մինչև Եվրոպա։ Հասարակական հուզումների պատճառը, անօրինություն-
ներն էին, եկեղեցու և պետության սերտաճումը, որ կաթվածի հասցրեց երկիրը։-
Գլուխը թափահարելով մտմտում էր Ալբերտը։

-Բայց հենց այս փոթորկումների և ցնցումներ մեջ ծնվեց մի հանճարեղ բան, որն իր
արժեքով հավասարվեց Ավետարանիչների մտքին, արտածելով սերը տառապանքի
մեջ՝ Նարեկացու «Ողբը»։- Առարկեց Կոստանը։- Նարեկացին խոսքային տարերքի
մեջ թափանցեց ու անուղղակի տվեց լոգոսի բանալին, առաջիններից էր, որ տաճարը
կառուցեց բառերի միջոցով։ Նա մի ներբողով սահմանեց տաճարի հրաշագեղ պատ-
կերումը, կառուցելով այն Թեոդոքոսի՝ Տիրամոր մարմնաձևությամբ։ Եկեղեցի կա-
ռույցը ի սկզբանե կրում է մարմնաձևության տիպ: Դրանով է մեկնաբանվում այն,
որ եկեղեցին միջնադարում ընդհանրացվում է կույսի, հարսի և կնոջ հետ։ Որոշ
ժամանակ առաջ, Լաուրենցիանա գրադարանում, աչքովս մի ձեռագիր ընկավ,
որտեղ Վիտրուվիոսն էլ էր տաճարի կառուցման հիմքում դրել մարդու անատո-
միական կառուցվածքը։ Հապա տե՛ս․

35

ԱՐՁԱԿ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտքերից:
Քեզ պսակող Թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

-Կոստան, Վաղ միջնադարի փիլիսոփա Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստա-
սիրութեան» երկում նշում է, որ ճանաչումը սկսվում է նյութական գոյերի, իրերի
ճանաչումից և անցնելով աննյութ ձևերի ըմբռնման աստիճանով, ավարտվում է
բացարձակապես աննյութ գոյի՝ Աստծո ճանաչումով։

36

-Թու՛յլ տուր լրացնեմ,- ասաց Յանուշը։- Մարդու հոգին օժտված է երկու տեսակ
ընդունակություններով՝ ճանաչողական և կենդանական: Եվ գիտեք, բնական է, որ
Անհաղթը միակ մտածողը չէր: Ոսկեդարի ականավոր գիտնականների փաղան-
գում իր պատվավոր տեղը գրավեց աստղագետ, մաթեմատիկոս, բնագետ և աստ-
վածաբան Անանիա Շիրակացին, ով բնական գիտությունների և աստվածաբա-
նությանը զուգահեռ դիտարկումների հիման վրա փիլիսոփայական նոր դիսցիպլին
հեղինակեց ու «Բնափիլիսոփայություն» անվանեց։ Նա խորը քննության առավ հու-
նական միջավայրում սկզբնավորված տիեզերքի կառուցվածքի մասին գիտական
մոտեցումները և հանգեց արեգակնակենտրոն տիեզերքի հիմնարար հայեցմանը։

-Ի դեպ, Յանուշ, նա գնացել էր երկրի հեռավոր նահանգներից մեկում գտնվող
Թիլ վանքը և համոզում էր հայրերին, որ իրեն գաղտնի գիտելիքներին հաղորդակից
դարձնեն՝ տիեզերագիտության մեջ հմտանալու համար։

-Եվ ուրեմն,- շարունակեց ընդհատված միտքը Ռոնինը,- 12-14-րդ դարերի հայ
փիլիսոփաները սնվելով գոյաբանական հայացքներում արիստոտելականության
դրսևորումներից, համոզված էին, որ ոչ միայն հավատով, այլև բանականությամբ՝
«բնական քննությամբ» կարելի է ապացուցել Աստծո գոյությունը: Այդ կապակցու-
թյամբ նրանք վկայակոչում էին անտիկ փիլիսոփաներին, մասնավորապես, Պլատո-
նին և Արիստոտելին, ովքեր «հաւատք ոչ ունեին, բայց բանական քննութեամբ
կացուցին թէ է՛ Աստուած»:

37

ԱՐՁԱԿ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ի հայտ են գալիս բազմաթիվ արձագանքներ, որոնք ոչ միայն արտահայտվում
են փիլիսոփայության կամ աստվածաբանության, այլև կառուցողական և գեղեցիկ
արվեստների մեջ։ Պատմական որոշ շրջաններում, երբ աստվածաբանական սկըզ-
բունքներին տրվում են մեծ նշանակություն ունեցող նոր մեկնաբանություններ, այդ
հասկացությունները համապատասխանաբար թելադրող են դառնում ճարտարա-
պետական նոր կամ ավանդաբար ծանոթ, բայց գործածությունից դուրս եկած ձե-
վերին, որոնք որպես տվյալ մշակույթին հատուկ ձևաստեղծման պահանջ, կարող
են հասնել համընդհանուր նշանակության։ Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցու
կոնստրուկցիոն գաղափարը մեկ անձի կամ ճարտարապետական դպրոցի հղացում
չէ, այլ դարերի ընթացքում կուտակված տիզերագիտական և վախճանաբանական
գիտելիքների նյութական մարմնավորում։

-Հաստատապե՛ս,- նայելով հեռուն շարունակեց միտքը եղբայր Ալբերտը,-
«Եկեղեցի-տաճար» կառույցի հիմքում ակնհայտ է պլատոնական տիեզերքի սահման-
ման արձագանքը՝ իբրև վեցաթև խորհանարդ՝ դետերմինատիվ, որ կառույցի ճիշտ
կենտրոնն է: Նրան հավասարադիր անկյունային մույթերն են, որ խորհրդանշում են
աշխարհի չորս կողմերը։ Սրանք ամբողջացվում են խաչաձև հորինվածքի հետ, որ
մեր ենթադրությամբ նոր աշխարհի մարդու աղերսն է խաչի նոր գյուտին։ Կառույցն
ամբողջացնում է գմբեթը, որ մարմին է հաղորդում հոգու տաճարին՝ փակելով նրա
գլուխը վեղարով։ Շեղակի թեք կտրվածքով նեղ պատուհանները, օրվա որոշակի

38

ժամերին, թույլ են տալիս, որ լույսը շեշտակի թափանցի կառույցի ներսը: Ֆիքսված
պահին այն հայտնվում է ճիշտ խորանի առաջ, որպես Սուրբ Հոգու էջք։

-Միջնադարյան մարդու ընկալմամբ երկնային ուժի հետ հաղորդակցվելու համար
հնարավորությունները սահմանափակ էին։ Եթե փորձենք վերարտադրել այս շրջա-
նի անհատի գիտակցությունը, ապա մոտավոր պիտի ստացվի հետևյալ պատկերը.
ծիսական արարողությունը (ժամերգություն, պատարագ) խիստ կարևոր էր հավա-
տավորի համար, այստեղ ծեսերը հիշատակության բնույթ են ունեցել, քանզի Նորա-
վանքը պարփակ, անջատ սրբավայր էր։ Հայկական ճարտարապետության մեջ
եղած երկհարկ կառույցների հարկաբաժինների կապակցումը կատարվում էր ժա-
մանակավոր փայտե սանդուղքների միջոցով, որոնք ծեսերի ավարտից հետո հան-
վում էին, և վերին հարկը դառնում էր մեկուսացված ու անմատչելի։ Երկրորդ հար-
կերի մուտքի մոտ պատրաստվում էր կարճ հարթակ և մի քանի սանդուղք, որոնք
վերևից կցված էին լինում կառույցին։ Սա եզակի լուծում է և գալիս է ապացուցելու
այն տեսակետը, որ վանքի տարածք ոչ մի օտարական մուտք չուներ և որ այն ար-
գելված վայր էր՝ հասու միայն իշխանական ընտանիքին ու երեցներին:

-Զարմանալի է,- իր արծվային հայացքով Կոստանը նայում էր քարանձավի կա-
մարից դուրս բացվող հեռուներին,- որ լուսավոր կամարները փոխարինում են փա-
կող թմբուկին։ Ենթադրաբար, այս շինության ճակատային մասում աստիճաններ
կառուցելու այսպիսի մտահղացումը կրում է փոխակերպված գաղափարաբանու-

39

ԱՐՁԱԿ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

թյուն: Սրանից բխում է մեր դիտարկումն առ այն, որ եթե երկրորդ հարկն անձեռնա-
մըխելի էր, և դրանից առաջ համանման կառույցներում գործածվում էին շարժական
սանդուղքներ, ապա ինչո՞ւ Մոմիկն այստեղ կառուցեց քարե ստատիկ կցակառույց։
Անտիկ և միջին դարերում սանդուղքի սիմվոլիկ գործածության օրինակների հանդի-
պում ենք նաև գրավոր այլ աղբյուրներում:

-Սվետենիոսը կեսարներին նվիրված իր աշխատության մեջ, Տիբերիոս կայսեր
(14-37թ.) մասին գրելիս, հիշատակում է նրա անօրինակ դաժանությունը՝ վկայաբե-
րելով չարչարանաց աստիճանները (gemonia)։ Այս տանջամիջոցը բաժին էր հաս-
նում այն հանցագործներին, ովքեր վիճարկում էին կայսերական հրամանը կամ
համարձակվում չենթարկվել։ Աստիճանը իջնում էր խոր մի անդունդ, որտեղ դատա-
պարտյալներին կտտանքներով մեռցնում էին։ Սա աստիճանի գործածության առանձ-
նակի օրինակ է Հռոմում, որ նույնիսկ հատուկ անվանում է ստացել։ Հայ եկեղեցու
պատմության մեջ «աստիճանի» նմանատիպ գործածության օրինակ է նաև Լուսա-
վորչին Խոր Վիրապում փակելու զրույցը։ Այստեղ ևս սանդուղքն օգտագործվել է
իբրև չարչարանաց ճանապարհի խորհրդանիշ։ Մանրանկարչության մեջ ևս կան
օրինակներ, որտեղ պատկերված է սանդուղքը: Խաչից իջեցման տեսարաններում
սանդուղքը որպես պատկերագրական մոտիվ, հանդիպում է գեղարվեստական
գրեթե բոլոր դպրոցներում և հիմնականում տերունական շարքերում։ Օրինակները
բազմաթիվ են խաչքարային արվեստում և հանդիպում են առավել վաղ, արխայիկ
շրջանում: Գաղափարայնորեն ձևավորված լինելով բազմաթիվ մշակույթների կող-
մից, զարգացած միջնադարում «Աստիճան» հասկացությունը ստանում է կանոնիկ
պատկեր, գրական և խորհրդաբանական ատրիբուտի կարգավիճակ: Քրիստոնեա-
կան վարդապետության համատեքստում տեսնում ենք որոշակի սիմվոլի գործածու-
թյան նախադեպ։ Իմ կարծիքով, քրիստոնեության տարածմամբ պայամանավոր-
ված, ինչպես խաչը փոխեց իր նախնական գաղափարը՝ պատժագործիքից վերած-
վելով փրկչական խորհրդանիշի, այնպես էլ սանդուղքի գաղափարը փոխակերպվեց՝
թողնելով իր պատժիչ գործառնական իմաստը և միջնադարում հանդես եկավ
իբրև երկնային արքայություն տանող ուղի։ Մեզանում Աստիճանները դառնում
են դեպի երկնային թագավորություն տանող հաստատուն ճանապարհ, որը մարդը
հաղթահարում է դժվարությանբ՝ դեպի աղոթասրահի մուտքը հասնելով։ Աստիճանը
հանդես է գալիս անձի մեղքերը թոթափելու և ինքնամաքրվելու միջոց. վերին հար-
կում՝ օդերևույթ տարածության մեջ, սուրբ հոգուն հաղորդակից դառնալու համար։-
Միտքը շարունակեց Ռոնինը։

-Հասուն միջնադարում կառուցված այս տաճարում առաձնապես հատուկ խոր-
հըրդաբանությամբ և բարդ լուծումներով մշակում ունեն զարդերն ու պատկերա-
քանդակները։ «Զարդ» հասկացությունը հանդես է գալիս որպես հաստատուն և
բնական գիտությունների սինթեզ, ինչպիսիք են. էթնիկակական հոգեբանությունը,
կրոնական աշխարհայացքը, էսթետիկան, հերմենևվտիկան, աստղագիտությունը,
երկրաչափությունը, թվաբանությունը, բուսաբանությունը, կենդանաբանությունը։

-Այո՜,- նոթատետրը փորփրելով քթի տակ մեկնաբանեց Յանուշը,- Ի բնե բառի

40

արմատական կերպը արտահայտում է «կանոն» իմաստը, որտեղից և բխում է այն
եզրակացությունը, թե սա հենց խտացված տեղեկույթ է։ «Բառգիրք հայկազեան
լեզուի» աշխատության մեջ հանդիպում է հետևայալ մեկնաբանումը․ «Իսկ մինչ
ասին զարդ երկնից՝ իմանին արեգակն, եւ լուսին, եւ աստեղք»։

Քարին ագուցված զարդը ճարտարապետության «պոետիկան» է: Իբրև գեղարվես-
տական արտահայտչամիջոց այն սյուժետային զարգացում չունի: Անհատակա-
նացված կերպային մշակումները կապված են վարպետի ստեղծագործ մտքին։
«Զարդ» գաղափարի ողջ առանցքը կազմում է ծածկագրված տեղեկատվությունը։

Պայմանական փորձ կատարենք և ժամանակակից բանական անհատի հայաց-
քով զուգահեռենք «Եկեղեցի-տաճար» և «Զարդ» իմաստասիրական հասկացու-
թյունները, համեմատենք դրանց ներդաշնակ զուգակցումը և գտնենք հիշյալ հասկա-
ցությունների հակադիր էությունը, որոնց մասին արդեն խոսել ենք։ Եկեղեցին՝ իր
կառուցվածքային ներքին և արտաքին բնույթով, արտածվում է իբրև տիեզերքի
դետերմինատիվ։ Ինչպես տիեզերքն է ենթարկվում ֆիզիկայի և մեխանիկայի հաս-
տատուն օրենքներին (մեկնաբանենք այն որպես ավադույթային և կանոնիկ ինստի-
տուտի սիմվոլը կրոնում), այնպես էլ եկեղեցին է ենթարկվում որոշակի նախա-
սահմանումների՝ անկախ կամային դրսևորումներից, այն է․ կրոնական դոգմաներ,
բազմաբնույթ ծեսեր և ռիտուալներ, իսկ Զարդը, սիմվոլը արտահայտում է մար-
դու բյուրեղացված մտածողությունը: Նրա որոշակի տեղեկատվական բազան կու-
տակված գիտելիքի արգասիքն է կյանքի գոյության ձևերի և դրանց էությունների մասին։

-Ի հակադրում տիեզերքին մարդն ունի դատողական մտածողություն։- Ձեռքը
ծնոտի տակ դրած միտքը շարունակեց Ալբերտը։- Տիեզերքի և տիեզերական մար-

41

ԱՐՁԱԿ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

մինների վարքագիծը կանխորոշված է միլիարդավոր տարիների համար: Մարդն
այս հասկացությունների առանցքում նորհայտ երևույթ է: Նա ի զորու է որոշում
կայացնել։ Եվ գլխավոր հակադրումն այս երկու երևույթների մեջ գերակայող կոն-
ֆլիկտն է։ Տիեզերական տարածության մեջ կոնֆլիկտի բացակայությունը պայմանա-
վորված է օրենքների և կանխորոշված գոյության առկայությամբ։ Քրիստոնեական
վարդապետության ողջ «դրաման» անվերջանալի կոնֆլիկտների շարք է, այն ավե-
տարանված է, սրբաբանված ու ներթափանցված. բովանդակ ու ստեղծագործ միջ-
նադարյան արվեստ։

Հետևաբար թույլ տվեք այս փաստերից բխեցնել հետևյալ դիտարկումը. քրիստո-
նեական ուսմունքն ի բնե լինելով անտրոպոմորֆ և ադապտացվելով էթնիկ հանրու-
թյան մտածողության ձևերին, անցնելով պատմական, քաղաքական փուլերը, ստա-
նում է իրավական-ինստիտուցիոնալ բնույթ, այն իր սկզբնական ձևից՝ բանավոր
քարոզից, պարզ, ըմբռնելի, մասսայական բնույթից և հասանելի էությունից վեր
է ածվում ֆունդամենտալ և փակ, հաճախ նաև գերինտելեկտուալ անհատների սո-
ցիալական խմբի, որոնք սույն ուսմունքից բխող արվեստի համար մշակում են «ձևի
պահանջը», ու եթե ուշադրություն դարձնենք արվեստի պարբերացման փուլերին,
ապա ակնհայտ է դառնում, որ մեր իրականության մեջ քրիստոնեության տարած-
ման սկզբից մինչև հասուն միջնադար, արվեստը և ճարտարապետությունը հատ-
կապես, ընդգծում են տաճարի և մարդու խորը փիլիսոփայական տարաբաժանումը։

-Շուտով լուսաբաց է, եղբայրներ,- միտքն ընդհատելով ասաց Կոստանը,- կրակը
մարմրում է, և տասնմեկերորդ գիշերն է, որ դադարել ենք քնել։

Մեր եղբայրները տառապում էին անքնությունից և անշարժության դատապար-
տված միմյանց փոխանցում էին միտքը՝ զարգացնելով այն բխեցման սկզբունքով,
փորձում էին իմաստուն մոգերի նման գտնել հրաշագեղ տաճարի կառուցման միս-
տերիան։ Եվ լուսաբացից առաջ, երբ թանձր լույսն իր ողբերգական միացումն էր
ապրում խավարի հետ, ու մարդիկ գտնվում էին գիտակցության թափանցելի ոլորտ-
ների սահմանաբաժանին՝ կենտրոնացման և մտավոր ճիգերի գերլարման արդյուն-
քում, լուսաբացի արևի կարմիր վահանի վրա հայտնվեց տաճարի փառահեղ տե-
սիլքը։ Սիգաճեմ ու բարեձև սյուներին կքած արծիվները կտցելով ոսկե շյուշերից
դարձան վեհ խոյականներ, նրանց լայնարձակ թևերը կամարներ կապեցին ու քա-
րացան ոսկու ամպհովանու տակ։ Հրեշտակները մարգարտե դրասանգներ ու ակնա-
կուռ գոտիներ կապեցին սյուների գագաթներին և արևի ճառագայթներից շղթա-
ներ կռեցին բևեռապինդ դարպասների համար։ Երկնային քահանայապետության
բոլոր դասերը օթյակներ գրավեցին ու բազմելով կապույտ բեհեզի գահերին, սկսե-
ցին ցնծալ, բարեհունչ շեփորներ արձակելով։ Վիների ու փանդիռների նվագով, ջրի
գալարներից շնչացան ողորմած արքաները և թիկնելով կիտրոնաթույր թավշի օթոց-
ներին, սկեցին գոռալ որոտաձայն. «Փա՜ռք երկնավորին»։

42

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Արձակագիր

ԴԻՆՈԶԱՎՐԸ

2016 թվականի մայիսի 13-ին Գաբրիել Գաբոյանը հասկացավ, որ մահկանացու
է: Մինչ այդ նրան թվացել էր, թե մահն այլ մարդկանց համար է: Այլ կերպ ասած՝
Գաբրիել Գաբոյանի համար մարդկությունը բաղկացած էր մեռնողներից ու թաղող-
ներից, և ինքն, իհարկե, առաջինների թվում չէր: Ամեն անգամ, երբ հայտնում էին ոմն
մեկի կյանքից հեռանալու մասին, Գաբրիելին համակում էր այն զգացողությունը,
որ այդպես էլ պետք է լիներ, այդ մարդու ճակատին կարծես վաղուց դրոշմված էր
դատապարտվածության կնիքը: Ինչպես տատի դեպքում, ում ետևից, կիսախավար
սենյակներով տնքտնքալով ու ոտքերը քստքստացնելով, քայլում էր մահվան ստվերը:

Գաբրիել Գաբոյանի մահկանացու լինելը բացահայտվեց անակնկալ, և կարելի
է ասել՝ չնախատեսված կերպով:

Մոտ վեց ամիս էր, որ փորի շրջանում, պորտից ներքև, մզմզացող ցավ էր զգում
և հաճախ վքնում էր:

Նա այդ ամենի վրա ուշադրություն չէր դարձնում՝ կատարվածը համարելով դեռևս
նախորդ տարվա նոյեմբերին շոգեբաղնիքում անհաջող սայթաքելու և փորով լողա-
վազանի աստիճաններին զարնվելու հետևանք: Ուժեղ ցավ զգաց այդ պահին, որն,
իհարկե, անցավ քնել-արթնանալուց հետո, և որոշ ժամանակ տեղի ունեցածի մասին
հիշեցնում էին միայն մարմնի վրայով ձգվող քերծվածքների գորշավուն զոլերը:
Երկու-երեք շաբաթ անց, սակայն, անսովոր խլրտոց զգաց սեփական ընդերքում,
ինչը փաստորեն առաջին ահազանգն էր այն երևույթի, որը զարգանալով դարձավ
ինչ հիմա կար:

43

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Այնպես չէ, թե 2016 թվականի մայիսի 13-ը թեթև օր էր, բայց առավոտյան գործա-
տեղին մոտենալիս, վարորդին հրահանգեց թեքել մեքենայի ղեկը և ուղղություն վերց-
նել դեպի մոտակա հիվանդանոց: Այդ պահին մտքով անցավ, թե ինչ-որ դեղա-
հաբերով հնարավոր կլինի տհաճ զգացողությունները վերացնել, այլապես ինքն այս
քաղաքի վերջին անճարը չէր, որ չկարողանար բուժզննություն անցնել հանրապե-
տության ճանաչված բժիշկների մոտ: Ճակատագրի կամոք հանդիպումը տեղի էր
ունենալու թոշակի տարիքի սահմանագիծը հատած, նիհար, թափանցիկ մաշկով,
հոգնած ժպիտը դեմքին մեկի հետ: Ծերացող բժիշկը սկզբում փափուկ մատներով
շոշափեց այցելուի փորատակը, հետո ռենտգեն ապարատով նկարեց մարմնի հետա-
քըրքրություն ներկայացնող հատվածը, որոշ ժամանակից ներս կանչեց Գաբրիելին
և անժպիտ դեմքով ասաց, թե անհրաժեշտ է առանց ուշացնելու մասնագիտական
հետազոտություն անցնել:

-Լո՞ւրջ բան կարող է լինել,- հարցրեց Գաբրիելը:
-Չի՛ բացառվում,- պատասխանեց բժիշկը:
-Էն ամենալո՞ւրջ բանից,- հարցրեց Գաբրիելը:
-Չի՛ բացառվում,- չոր կրկնեց բժիշկը:
Գաբրիել Գաբոյանն այնքան հիմար չէր, որ բժշկի կիսացածության ետևում չոր-
սար իրական միտքը: Քրտինքը, մեռնող խոտերի վրա նստող պաղշաղի պես, ծածկեց
ճակատը, հոսեց թևերի տակից և մեջքի ակոսով օձի պես սողաց գոտկատեղից ներքև:
Հիվանդանոցի երկար միջանցքով Գաբրիելը քայլում էր ասես օդի միջով, բախ-
վելով դեմ-հանդիման եկող մարդկանց, ոչինչ չնկատելով շուրջը: Այ քեզ անակնկալ:
Նրան թվաց, թե սպիտակ խալաթավոր արարածը սև գերանդիով իր կյանքը բաժա-
նեց երկու մասի՝ մինչ նրան հանդիպելը և դրանից հետո:
Եվ ինչո՞ւ դիմեց բժշկի, լավ չէ՞ր լինի սեփական ճակատագրին անտեղյակ ապրեր
Աստծո կողմից նախանշված ժամանակը: Մի՞թե այդ պահից կյանքը վերածվելու էր
մահամերձ մղձավանջի, և մի՞թե այլևս ամեն ինչ կորցնում էր իմաստը:
Հիվանդանոցի բակում արևային օրն ասես շունչը պահել էր, և նրա հետ անշար-
ժացել էր ամեն բան: Գաբրիելն այլ մոլորակում հայտնվածի օտարոտի հայաց-
քով շուրջբոլորն էր զննում, երբ հանկարծակի տաք անձրև տեղաց: Ասես պայմանա-
վորվածությամբ, ինչ-որ տեղից, պուրակ ներխուժեց քամին և ալեբախումների հոր-
ձանքի մեջ առավ ուռենիների կանաչ սաղարթները: Գաբրիելն անորսալի խորհուրդ
զգաց այս ամենի մեջ, բայց զգացմունքներին տրվելու ժամանակը չէր: Դեռ երբեք
ու ոչ մի իրավիճակում Գաբրիել Գաբոյանը չէր կորցրել ողջամտությունն ու որոշում
կայացնելու սթափությունը: Նստելով ճեմուղիների խորքում, թխկենու սաղարթով
պատսպարված նստարանին, նա միացրեց հեռախոսը և տհաճությամբ նկատեց,
որ աշխատակազմի ղեկավարը մի քանի անգամ փորձել է խոսել հետը:
Գաբրիելը զանգահարեց Նոդար Ավակումովին՝ համարելով, որ այդ պահին լավա-
գույն խորհրդատուն հենց նա կարող է լինել: Տոհմիկ թբիլիսցի Նոդար Ավակումովը
տասնհինգ տարի առաջ, երեք դստրերի ապագայի մտահոգությամբ, կանգնելով
բնակավայրը փոխելու ընտրության առաջ, Երևանը գերադասել էր Մոսկվայից:

44

Ծանոթության ութ տարիների ընթացքում Նոդարը դարձել էր իսկական ընտանե-
կան բժիշկ: Հեղինակավոր անոթաբանի երաշխավորությամբ Գաբրիելը, նրա ընտա-
նիքի անդամները և անգամ մտերիմները առողջական խնդիրներով այցելում էին
հանրապետության լավագույն մասնագետներին: Այս դեպքում էլ Նոդարը սիրահո-
ժար տվեց անհրաժեշտ բժշկի հասցեն, ինչպես և զանգահարեց վերջինիս ու կազմա-
կերպեց հանդիպումը: Այդ պահին նա նրբանկատորեն լռեց մեծ աղջկա հետ կապ-
ված խնդրանքի մասին, բայց Գաբրիելը հաստատ որոշեց, որ եթե մեռնելու էլ լինի,
մոտ օրերս պարտավոր է լուծել Երևանի որևէ համալսարանում Նոդարի դստերը
դասախոսական աշխատանքի տեղավորելու հարցը: Նոդարին երախտապարտ
պետք է լիներ թեկուզ այն բանի համար, որ նման դժվար պահին փորձեց հույս
տալ՝ հավաստիացնելով, թե առայժմ խուճապի մատնվելու կարիք չկա: Հանրա-
պետության լավագույն մասնագետը, ով, ձայնից դատելով, Գաբրիելի ավարա
որդուց շատ մեծ չէր լինելու, համաձայնեց ընդունել նրան աշխատանքային օրվա
ավարտից հետո, որպեսզի համենայնդեպս որևէ ծանոթ չտեսներ Գաբրիելին բժշկի
դռան շեմին:

Աշխատավայրում, ոչ ոքի հետ չշփվելով, հասավ ընդունարան, այստեղ սա-
կայն, քիչ մնաց Սաթիկը թռներ գիրկը, այն էլ իրեն սպասող տեղակալի ներկա-
յությամբ: Իսկ տեղակալի հետ խոսակցությունը հետաձգելուց հետո, երբ առանձնա-
սենյակում երկուսով մնացին, իսկապես էլ կախվեց վզից: Գաբրիելը ճիգ արեց չկորց-
նելու ինքնատիրապետումը՝ ասելով, թե անհետաձգելի գործեր են ի հայտ եկել:
Այդուհանդերձ, ստիպված եղավ լսել համատեղության կարգով ինքն իր համար
աշխատակազմի ղեկավարի պաշտոն հորինած գործավարուհու զեկույցը օրվա
զանգերի, վարկային նոր գիծ բացելու դիմումին բանկի տված համաձայնության
և էլի մի քանի առօրյա խնդիրների մասին: Իհարկե, Գաբրիելը կռահում էր, որ
սատանայից յոթ օր շուտ ծնված կինը փորացավ ունի՝ օրվա առաջին կեսին ծա-
մոնի պես կպչելու համար: Վերջապես օձիքն ազատեց, խոստանալով, որ կզբաղ-
վի Սաթիկի՝ դպրոցի տնօրեն կաշառակեր մորաքրոջ կալանավորումը կանխելու հար-
ցով մինչև գործը կփակվեր կամ դատավարությունը կավարտվեր: Գործավարուհին լը-
քեց սենյակը, բայց Գաբրիելի հորդացած արյունը դեռ երկար ժամանակ չէր խաղաղվում:

Իսկ ո՞վ էր մեղավորը: Իհարկե, ոչ ոք, իրենից բացի: Չէ՞ որ իր պատվիրաններից
մեկը թելադրում էր, որ հաճույքն ու գործը չի կարելի համատեղել, նախ և առաջ
հենց տեղի իմաստով: Դրա բացասական հետևանքներն ակնհայտ էին: Հատկապես,
որ Սաթիկը առանձնապես ճիգ էլ չէր թափում շրջապատից թաքցնելու շեֆի հետ
կապը: Եվ կամաց-կամաց ընդունարանը, աշխատանքի ու հանգստի սենյակները
«շեֆի» աչքին վերածվում էին իր ու Սաթիկի «ընտանիքի» ոչ պաշտոնական
բնակարանի: Միայն լվացքի պարանն ու օրորոցն էին պակասում:

Իրավիճակից խելամիտ ելքն այլ աշխատանքի տեղավորելով Սաթիկին իրենից
հեռացնելը կլիներ: Նաև՝ ականջներն այլևս չէին բռնաբարվի կամակոր կնոջ «Գաբ-
Գաբ» վանկարկումներից... կարծես շան էր մոտ կանչում: Եթե մտերիմների համար

45

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

անգամ ինքը Գաբո էր, իսկ գործավարուհի-աշխատակազմի-ղեկավարի համար՝ Գաբ,
ուրեմն, սա ևս ապացույց էր, որ տանուլ տալու չափ նահանջել է սկզբունքներից: Այո,
հասունացել էր Սաթիկից բաժանվելու պահը, թեև այլևս որևէ բան նախաձեռնելն
իմաստ չուներ, կյանքը կարծես մեկ «շախով» լուծում էր բոլոր հարցերը:

Գաբրիելը Սաթիկին կարգադրեց հանդիպումներն ու հեռախոսային խոսակցու-
թյունները հետաձգել, պատճառաբանելով, որ առանձնասենյակում փակված աշխա-
տելու է: Սովորաբար աշխատանքային օրը սահում էր աննկատ, իսկ այս դեպքում,
բժշկին այցելելության սպասումով, հավերժություն էր թվալու: Ակնհայտ էր, որ որևէ
գործով չէր կարողանա զբաղվել:

Նա պիջակը կախիչին գցելուց հետո նստեց աշխատասեղանի առջև և աչքին
ընկավ 15 տարվա վաղեմության ընտանեկան լուսանկարը: Այստեղ երեխաները
փոքր էին, գեղեցիկ ու անմեղ, ինչպես բոլորը՝ երեխա ժամանակ: Այն օրերին կինը
փարթամ մազեր ուներ և ձիգ մարմին: Գաբրիելը կարող էր ամեն ինչի բացատրու-
թյունը գտնել, բացի նրանից, թե կնոջ հասակը տարիների ընթացքում ինչպես կար-
ճացավ: Նա բացեց գրասեղանի գզրոցը, խունացած օրագրից հանեց մոր փոքրիկ
լուսանկարը և երկար նայում էր: Երբ հենեց գլուխը բազկաթոռին, աչքն ընկավ
աջ պատի անկյունում դրված սեյֆին: Հարկավոր էր այնտեղ եղած կարևոր բաները
տեղափոխել, իսկ մնացածը ոչնչացնել: Զգաց, թե ինչպես սիրտը կատվի ձագ դարձած
կուչ եկավ: Գլուխը ձախ շուռ տվեց, հայացքը սահեց երկար գրապահարանի բաց
դարակների վրայով: Տոնավաճառի ցուցափեղկ հիշեցնող պահարանի դարակնե-
րում շարված էին զանազան օրենսգրքեր, բառարաններ, տարբեր հուշանվերներ,
կատաղած ձիու կեսմետրանոց արձանը, Չինաստանի պատմության հաստափոր
ու ոսկեզօծ երկհատորյակը, նամականիշերի ալբոմը, ծովաստղի կմախքը, սև փայ-
տից աֆրիկյան դիմակներ, Մշո Սուրբ Մարինե եկեղեցու հողածածկ հատակից հան-
ված դրվագազարդ խաչքարի բեկորը և ոսկու ձվաձև հանքաքարը: Գաբրիելը նա-
յեց դիմացի և աջ կողմի պատերին փակցված նկարներին: Դիմացի պատի նկարը,
որը կոչվում էր «Երկիր մոլորակը տիեզերանավի աչքերով», գնել էր բարեգործական
ցուցահանդեսում, իսկ աջ պատի նկարը, որը տարիներ առաջ նվիրել էին բարե-
հաճության արժանանալու նկատառումներով, վերնագրված էր. «Անքուն գիշերվա
երազներ»: Երկրորդ նկարի հարևանությամբ, պատից ոչ հեռու, պոչ-պոչի սեղաններ
էին շարված ու դրանց կողքին՝ աթոռներ: Այդ սեղանների շուրջ Գաբրիելը ժողովներ
ու խորհրդակցություններ էր անցկացնում ենթակաների հետ: Երկար սենյակի
առաստաղից կախված էին մետաղակուռ և շղթայազարդ երկու հսկա ջահեր, որոնք
հիմնարկի աշխատակազմի նվերն էին՝ վերջին վերանորոգումից հետո: Ամեն ան-
գամ, երբ հայացքն ընկնում էր ջահերի կողմը, Գաբրիելը մտածում էր, թե դրանցից
մեկը մի օր գլխին է ընկնելու տակից անցնելու պահին կամ երբ մարմնի ընդարմու-
թյունը թոթափելու համար ընկղմված կլինի բազկաթոռի մեջ: Նա մեկ անգամ ևս
պտտեց օտարոտի հայացքը սենյակով մեկ ու զարմացավ. «Այս ամենի հետ ես
ի՞նչ կապ ունեմ»: Անտարբեր նայեց օրացույցի թերթիկին արված նշումներին, մոր
նկարը կրկին թաքցրեց գզրոցում և ելավ տեղից: Փափուկ գորգի վրայով քայլեց

46

դեպի հանգստի սենյակ, ուզեց լոգանք ընդունել, բայց այդ գործը ավելի ուշ պահի
թողնելով՝ բավարարվեց լվացվելով: Սիրտը կրկին ճմլվեց՝ հիշեց, որ պատրաստվում
էր սենյակի բազմոցը փոխել: Զսպանակները թուլացել էին իր ծանրության տակ:
Իհարկե, Սաթիկն էլ էր լցվել վերջին ժամանակներս:

Այլ պարագաներում սեղանի շուրջ, ընկերների հետ կսպաներ ժամանակը, բայց
հետազոտությունից առաջ չէր կարելի: Մյուս կողմից` ոչ բերանը բան դնելու ախոր-
ժակ ուներ և ոչ էլ որևէ մեկին տեսնելու ցանկություն: Այո, այսպիսի ցնցում չէր եղել
իր կյանքում: Դառն օրեր շատ էին եղել, բայց այսպիսի ցնցում ապրել էր թերևս
միայն հոր մահից հետո:

Ոչ իհարկե այն պատճառով, որ հոր նկատմամբ ունեցել էր այն նույն զգացում-
ները, ինչ ամեն երեխա ունենում է սեփական ծնողի հանդեպ, այլ որովհետև դա
ամենաանսպասելի իրադարձությունն էր փխրուն պատանու կյանքում:

Հետո շատ էր մտածել հոր մասին: Նա անարդար եղավ կնոջ և միակ զավակի
նկատմամբ: Եսասեր էր հայրը: Նրա կյանքը պատկանում էր ընկերական շրջապա-
տին, իսկ մնացած ամեն ինչ, այդ թվում ընտանիքը, երկրորդական էին: Հայրը ողջ
կյանքում վերահսկողական մարմիններում էր աշխատել, ձեռքը լավ փող էր եկել և
նույն թեթևությամբ քամուն էր տվել այդ փողը: Գաբրիելը հիշում էր մոր սպասումի
երկար գիշերները, ծնողների շարունակական վեճերը, հոր հիվանդությունը և անժա-
մանակ մահը լյարդի ցեռոզից:

Հոր մահից հետո երիտասարդ ուսուցչուհու ուսերին ծանրացավ որդու և սկես-
րոջ հոգսը: Գաբրիելը վաղ տարիքից նետվեց կյանքի պղտոր հորձանուտը, մոր
բեռը թեթևացնելու նպատակով: Արդար չեղավ հայրն իրենց հանդեպ, և Գաբրիելը
տեսնում էր, թե ինչպես են հետագա ժամանակների բոլոր դառնությունները ան-
երևույթ թելերով ձգվում դեպի հայրը:

Հեռախոսի զանգը ետ բերեց նրան յոթ սարից այն կողմ դեգերող մտքերից: Առօրյա
գործածության հեռախոսն անջատել էր և ուրեմն զանգահարողը մերձավոր էր:
Երկրորդ հեռախոսն էլ պետք է անջատած լիներ, բայց արդեն ուշ էր.

-Գաբո, տեղում չե՞ս, ինչո՞ւ մյուս հեռախոսներով չես պատասխանում, նույնիսկ
քարտուղարուհիդ չգիտի ինչով ես զբաղված,- լսվեց կնոջ սովորական բարձր ձայ-
նը, բայց «քարտուղարուհուդ» հետ կապված խոսքի խորքում Գաբոն որոշակի
ակնարկ զգաց:

-Կարգադրել եմ, որ չանհանգստացնեն, աշխատում եմ,- չոր պատասխանեց
Գաբրիելը:

-Հո բան չի՞ պատահել:
-Անհետաձգելի գործեր ունեմ, կարևոր բաներ պիտի ճշտվեն,- կրկնեց միտքը,
հուսալով, թե կինը հետևություններ կանի ու հանգիստ կթողնի:
Կնոջ ականջի կողքով անցան ամուսնու խոսքերը` ինչպես միշտ նրա համար
կարևորը սեփական ասելիքն էր․
-Զանգեցի՞ր Նարիմանյանին: Գաբո, ազատի՛ր ինձ էս հարկայինի ձեռքից: Հիմա

47

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

էլ անցյալ տարվա հաշվետվություններն են ուզում: Ես չգիտեմ սրանց հետ ոնց վար-
վեմ, ուրիշները երկիրը տորթի տեղ կտրում կուլ են տալիս, սրանք չորս օր է կպել
են հասարակ մարզաժամանցային կենտրոնին, պոկ չեն գալիս: Էսօր էլ, գիտես, ընկե-
րուհիներիս հաճախելու օրն է, հետները բան-ման էին բերել՝ ընդմիջում անելու հա-
մար: Կարո՞ղ ես պատկերացնել, մի քաչալ լիլիպուտը կա՝ տոպրակներն էր հոտո-
տում: Քիչ էր մնում կոնյակի շիշը տայի պսպղացող գլխին… Գաբո, չեմ հասկանում,
չե՞ս ուզում միջամտել: Քեզ դո՞ւր է գալիս իմ էս լարված վիճակը:

Բոլորը եսասեր են, յուրաքանչյուրի համար աշխարհն իր շուրջն է պտտվում,
մտածեց Գաբրիելը.

-Մարգո, ասացի շաբաթվա սկզբից դրանց հիմնարկը կաթվածահար վիճակում
է, պետի հանելուն են սպասում…

-Չեմ կարծում, թե պետին հանելու պատճառով Նարիմանյանի ախորժակը փակ-
ված կլինի, մի խոսքով, չե՛ս ուզում՝ մի՛ զանգիր, թող էս անտերը փակեն, իմ ձեռ-
քերին էլ շղթաներ հագցնեն, տանեն բանտ:

Մարգոն շրխկացրեց լսափողը:
Գաբրիելը պոկվեց բազմոցից ու նյարդային քայլեց նեղ սենյակում: Լիքը բաժակ
վիսկի լցրեց սառնարանից, ապա հիշելով հետազոտվելու մասին, բաժակը սեղանի-
կին դրեց ու մեկնվեց բազմոցին. «Որ ընկնես, մեռնես էլ՝ պետքները չի լինի»:

48


Click to View FlipBook Version