Լռություն:
ԿԼԵՐ - Ես եմ դրել: Երբ պարոնը...
ՏԻՐՈԻՀԻ - Պարո՞նը: Ո՞ր պարոնը: (Կլերը լռում է): Խոսե՛ք:
ՍՈԼԱՆԺ - Երբ պարոնը զանգահարեց...
ՏԻՐՈԻՀԻ - Բանտի՞ց: Պարոնը բանտի՞ց զանգահարեց:
ԿԼԵՐ - Մենք ուզում էինք անակնկալ անել, Տիրուհի՛:
ՍՈԼԱՆԺ - Պարոնին պայմանական ազատ են արձակել:
ԿԼԵՐ - Նա Տիրուհուն սպասում է «Բիլբոկեում»:
ՍՈԼԱՆԺ - Օ՜, եթե Տիրուհին իմանար:
ԿԼԵՐ - Տիրուհին մեզ երբեք չի ների:
ՏԻՐՈԻՀԻ (վեր կենալով) - Ու դուք ինձ ոչի՜նչ չէ՞իք ասում: Մեքենա՛: Սոլանժ,
շո՛ւտ, շո՛ւտ՝ մեքենա: Շտապի՛ր: Վազի՛ր, տեսնեմ: (Սոլանժին սենյակից դուրս է հրում):
Մուշտա՛կս: Ավելի՛ արագ: Դուք խելագարվե՞լ եք: Կամ՝ ես եմ խելագարվում: (Հագ-
նում է մուշտակը: Դիմում է Կլերին): Ե՞րբ հեռաձայնեց:
ԿԼԵՐ (ահաբեկված) - Տիրուհու վերադարձից հինգ րոպե առաջ:
ՏԻՐՈԻՀԻ - Պետք է ինձ ասած լինեիք: Թուրմն էլ սառեց: Չեմ կարող մինչև Սո-
լանժի վերադարձն սպասել: Ու Պարոնն ի՞նչ ասաց:
ԿԼԵՐ - Ինչ հենց նոր հայտնեցի: Նա շատ հանգիստ էր:
ՏԻՐՈԻՀԻ - Նա միշտ հանգիստ է: Նույնիսկ եթե մահվան դատապարտվեր՝ ան-
հողդողդ կմնար: Բնավորություն է: Հետո՞:
ԿԼԵՐ - Ասաց, որ դատավորն ազատ է արձակել:
ՏԻՐՈԻՀԻ - Արդարադատության ատյանից հնարավո՞ր է կեսգիշերին դուրս գալ:
Դատավորներն աշխատո՞ւմ են այդ ժամին:
ԿԼԵՐ - Երբեմն շատ ավելի երկար:
ՏԻՐՈԻՀԻ - Շատ ավելի երկա՞ր: Դո՞ւ որտեղից գիտես:
ԿԼԵՐ - Տեղյակ եմ, որովհետև «Դեդեկտիվ» պարբերականն եմ կարդում:
ՏԻՐՈԻՀԻ (զարմացած) - Օ՜, այո՞, ի՜նչ հետաքրքիր է: Դու, իսկապես, տարօրի-
նակ աղջիկ ես, Կլեր: (Նայում է ձեռքի ժամացույցին): Սոլանժը կարող էր ավելի
շտապել: (Երկար լռություն): Չմոռանաս մուշտակիս աստառը կարել տալ:
ԿԼԵՐ - Հենց վաղը կտանեմ մուշտակագործի մոտ:
Երկար լռություն:
ՏԻՐՈԻՀԻ - Իսկ հաշիվնե՞րը: Նկատի ունեմ օրվա հաշվեցույցը: Դեռ ժամանակ
ունեմ: Բե՛ր, տեսնեմ:
ԿԼԵՐ - Դրանով Սոլանժն է զբաղվում:
ՏԻՐՈԻՀԻ - Ճիշտ է, իրոք որ գլուխս կորցրել եմ: Ոչինչ, վաղը կնայեմ: (Հայացքը
հառում է Կլերին): Մո՛տ արի: Ավելի մոտ: Ա՜յ քեզ բան...շպարվել է: (Ծիծաղում է):
Կլե՛ր, դու շպարվում ե՞ս:
ԿԼԵՐ (սաստիկ ամաչելով) - Տիրուհի...
ՏԻՐՈԻՀԻ - Ինձ չխաբե՛ս: Այսինքն՝ իրավացի ես, ապրի՛ր, աղջիկս, ծիծաղի՛ր:
Ո՞ւմ համար ես շպարվել: Խոստովանի՛ր:
149
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ
ԿԼԵՐ - Թեթև դիմափոշի եմ դրել:
ՏԻՐՈԻՀԻ - Դա դիմափոշի չի, շպար է, «Վարդափոշի» անվանմամբ հայտնի
քսուք, որն այլևս ինքս չեմ օգտագործում: Դու իրավունք ունես, դեռ ջահել ես աղ-
ջիկս, գեղեցկացի՛ր: Կարգավորի՛ր կյանքդ: (Կլերի մազերի մեջ ծաղիկ է մտցնում:
Նայում է ձեռքի ժամացույցին): Ո՞ւր կորավ Սոլանժը, արդեն կեսգիշեր է, չկա:
ԿԼԵՐ - Վարձակառքեր այս ժամին հազվադեպ են պատահում: Գտնելու համար
երևի մինչև կայանատեղի է հասել:
ՏԻՐՈԻՀԻ - Կարծո՞ւմ ես: Ժամանակի զգացողությունը կորցրել եմ: Երջանկու-
թյո՛ւնն է ինձ խենթացրել: Պարոնն ասել է, որ ազատ է արձակվել՝ այն էլ այսպիսի ժամի:
ԿԼԵՐ - Լավ կլինի նստեք, Տիրուհի՛: Ես հիմա թուրմը կտաքացնեմ:
Ուզում է դուրս գալ:
ՏԻՐՈԻՀԻ - Պետք չի, ծարավ չեմ: Գիշերը փրփրագինի կխմենք: Տուն չենք վե-
րադառնա:
ԿԼԵՐ - Բայց փոքր-ինչ լորենու թուրմը...
ՏԻՐՈԻՀԻ (ծիծաղելով) - Ես առանց այն էլ չափից ավելի ջղագրգիռ եմ:
ԿԼԵՐ - Հենց դրա համար եմ ասում:
ՏԻՐՈԻՀԻ - Ուրեմն, Սոլանժն ու դու մեզ չսպասեք: Անմիջապես կբարձրանաք
վերև, կքնեք: (Անսպասելի նկատում է զարթուցիչը): Զարթուցիչը... Ինչպե՞ս է այս-
տեղ հայտնվել, ո՞վ է բերել:
ԿԼԵՐ (սաստիկ նեղված) - Զարթուցի՞չը․․․ խոհանոցինն է:
ՏԻՐՈԻՀԻ - Սա՞: Երբեք չեմ տեսել:
ԿԼԵՐ (վերցնում է զարթուցիչը) - Սպասքապահարանի վրա էր: Միշտ էլ այնտեղ
է եղել:
ՏԻՐՈԻՀԻ (ժպտալով) - Իրավ որ՝ ես քիչ եմ խոհանոց մտնում: Դուք եք այնտեղ
միշտ լինում, այն ձեր տարածքն է, ձեր տիրապետությունը: Դրա համար եմ հարց-
նում՝ ինչո՞ւ եք ննջասենյակ բերել:
ԿԼԵՐ - Սոլանժն է սենյակը հարդարելիս բերել: Պատի ժամացույցին չի վստահում:
ՏԻՐՈԻՀԻ (ժպտալով) - Սոլանժը համակ ճշտապահություն է: Իմ ծառայողները
ամենահավատարիմներն են:
ԿԼԵՐ - Մենք պաշտում ենք մեր Տիրուհուն:
ՏԻՐՈԻՀԻ (մոտենալով պատուհանին) - Իրավունք ունեք: Ի՜նչ ասես չեմ արել
ձեզ համար:
Դուրս է գնում:
ԿԼԵՐ (մենակ, դառնությամբ) - Տիրուհին մեզ հագցրել է իշխանուհիների պես,
Տիրուհին հոգ է տարել Սոլանժին կամ Կլերին, որովհետև մեզ միշտ շփոթել է:
Տիրուհին մեզ պարուրել է իր բարությամբ: Տիրուհին թույլ է տվել, որ քույրս ու ես
միասին ապրենք: Շատ մանր-մունր իրեր, որ այլևս չի օգտագործել, նվիրել է մեզ:
Նա նույնիսկ հանդուրժում է, որ կիրակի օրերին պատարագի գնանք և ծնրադրման
աթոռակի վրա կողք-կողքի աղոթենք:
ՏԻՐՈԻՀՈԻ ՁԱՅՆԸ (հետնաբեմից) - Լսի՛ր, լսի՛ր:
150
ԿԼԵՐ - Նա ընդունում է մեր առաջարկած սուրբ ջուրը, երբեմն, ձեռնոցի մատի
ծայրով մեզ էլ է ցողում:
ՏԻՐՈԻՀՈԻ ՁԱՅՆԸ (հետնաբեմից) - Վարձակառքը: Գալիս է: Ի՞նչ: Ի՞նչ ես ասում:
ԿԼԵՐ (շատ բարձր) - Թվարկում եմ Տիրուհու բարությունները:
ՏԻՐՈԻՀԻ (ժպտալով վերադառնում է) - Ինչպիսի՜պատիվ, Ինչպիսի՜պատիվ...
ու անուշադրություն: (Ձեռքը սահեցնում է կահույքի վրայով): Վարդերն այստեղ կը-
դնեք, բայց կահույքը չսրբեք:
ԿԼԵՐ - Տիրուհին գոհ չէ՞ ծառայությունից:
ՏԻՐՈԻՀԻ - Ես շատ երջանիկ եմ, Կլեր: Ես գնում եմ:
ԿԼԵՐ - Եթե անգամ պաղ է, Տիրուհին թուրմից մի քանի կում կանի՞:
ՏԻՐՈԻՀԻ (ծիծաղելով հակվում է նրա կողմը) - Դու ուզում ես ինձ սպանել քո
թուրմով, ծաղիկներով, խորհուրդներով: Այս երեկո...
ԿԼԵՐ (աղաչական) - Գոնե մի քիչ...
ՏԻՐՈԻՀԻ - Այս երեկո ես փրփրագինի եմ խմելու: (Ուղղվում է դեպի թուրմի մա-
տուցարանը: Կլերը դանդաղ մոտենում է թուրմին): Լորենու թուրմ: Տոնական սկահա-
կով: Ի՞նչ կապակցությամբ:
ԿԼԵՐ - Տիրուհի...
ՏԻՐՈԻՀԻ - Հավաքե՛ք այս ծաղիկները: Տարե՛ք ձեր մոտ: Ու հանգստացեք: (Շըրջ-
վում է, որ իբր դուրս գա): Պարոնն ազատ է, Կլեր: Պարոնն ազատ է, ու շուտով ես
կտեսնեմ նրան:
ԿԼԵՐ - Տիրուհի՛...
ՏԻՐՈԻՀԻ - Տիրուհին ուշանում է: Հեռացրե՛ք այդ ծաղիկները (դուռը չրխկոցով
փակվում է ետևից):
ԿԼԵՐ (մենակ մ նալով) - Որովհետև Տիրուհին բարի է: Տիրուհին գեղեցիկ է:
Տիրուհին մեղմ է: Բայց մենք ապերախտ չենք, ամեն գիշեր, ձեղնահարկում, ինչպես
Տիրուհին պատվիրել է, մենք աղոթում ենք նրա համար: Մենք նրա ներկայությամբ
մեր ձայնը չենք բարձրացնում, անգամ իրար հետ չենք համարձակվում «դու»-ով
խոսել: Այդպես՝ նա մեզ սպանում է իր մեղմությամբ: Իր բարությամբ Տիրուհին մեզ
թունավորում է: Որովհետև նա բարի է: Տիրուհին գեղեցիկ է: Տիրուհին մեղմ է: Նա
ամեն կիրակի մեզ թույլ է տալիս լողանալ իր լողարանում: Երբեմն շաքարհատ է
հյուրասիրում, մեզ ողողում է թոշնած ծաղիկներով: Տիրուհին մեզ համար թուրմ է
պատրաստում, պատմում է Պարոնի մասին, հուզում է մեզ: Որովհետև Տիրուհին
բարի է: Տիրուհին գեղեցիկ է: Տիրուհին մեղմ է:
ՍՈԼԱՆԺ (ներս մտնելով) - Չխմե՞ց: Դե՛, իհարկե: Այդպես էլ պիտի լիներ: Լա՜վ
գործ արեցիր:
ԿԼԵՐ - Կուզեի դու իմ տեղը լինեիր:
ՍՈԼԱՆԺ - Կարող ես ծիծաղել ինձ վրա: Տիրուհին թռավ: Տիրուհին թռավ մեր
ձեռքից, Կլեր: Ինչպե՞ս թույլ տվեցիր, որ գնա: Քիչ անց կհանդիպի Պարոնին ու ամեն
ինչ կհասկանա: Մենք կորած ենք:
ԿԼԵՐ - Ե՞ս ինչով եմ մեղավոր: Ես լորենու թուրմի մեջ գարդենալ լցրեցի, բայց
նա չուզեց խմել: Ոչինչ չէի կարող անել...
151
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ
ՍՈԼԱՆԺ - Ինչպես միշտ:
ԿԼԵՐ - ...որովհետև լեզուդ քոր էր գալիս, շտապում էիր շուտ հայտնել Պարոնի
ազատ արձակման լուրը:
ՍՈԼԱՆԺ - Առաջինը քո լեզուն սկսեց:
ԿԼԵՐ - Իսկ քոնն ավարտեց:
ՍՈԼԱՆԺ - Ես ինչ կարողացա, արեցի: Աշխատեցի ինձ զսպել... Հերի՛ք է, ամբողջ
մեղքն իմ վրա մի բարդիր: Ջանք չխնայեցի, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի:
Որպեսզի նախապատրաստվելու ժամանակ ունենաս, հնարավորին չափ դանդաղ
իջա աստիճաններով, անցա ոչ բանուկ փողոցներով, բայց անընդհատ վարձակառ-
քեր հանդիպեցի: Էլ չէի կարող խույս տալ: Ինձ թվում է, առանց ինձ հաշիվ տալու,
թե ինչ եմ անում, մեկը կանգնեցրի: Մինչ ես ժամանակ էի շահում, դու այստեղ կորց-
նում էիր: Մի խոսքով՝ ձեռքիցդ բաց թողեցիր Տիրուհուն: Մեզ մնում է փախչել:
Հավաքենք մեր իրերն ու...ծլկենք...
ԿԼԵՐ - Ամեն խորամանկություն զուր անցավ: Մենք անիծված ենք:
ՍՈԼԱՆԺ - Անիծվա՜ծ ենք: Հիմարություններդ մի սկսիր:
ԿԼԵՐ - Դու հասկանո՛ւմ ես ինչ եմ ուզում ասել: Դու շատ լավ հասկանում ես, որ
իրերն էլ են մեզ մատնում:
ՍՈԼԱՆԺ - Իրերը մեզ հետ ի՞նչ գործ ունեն:
ԿԼԵՐ - Հենց դրա՛նք գործ ունեն: Դրանք մեզ դավաճանում են: Ըստ երևույթին
մենք չափազանց մեծ մեղք ենք գործում, որ նման անողոքությամբ են մեզ մատնում:
Ես տեսնում էի, թե ինչպես են ուզում ամեն ինչ հայտնել Տիրուհուն: Հեռախոսի
պատմությունից հետո մեր շուրթերը մեզ դավեցին: Դու հո չէիր տեսնում, թե ինչպես
է Տիրուհին մեկը մյուսի հետևից հայտնություններ անում, իսկ ես տեսնում էի, որ նա
վստահաբար մոտենում է բացահայտմանը: Իհարկե, ոչինչ չկռահեց, բայց մոտ էր։
ՍՈԼԱՆԺ - Ու թողեցիր, որ գնա:
ԿԼԵՐ - Իմ ներկայությամբ, Սոլանժ, ի՛մ ներկայությամբ նա տեսավ խոհանոցի
ժամացույցը, որ մենք մոռացել էինք տեղը դնել, զարդասեղանի վրա թափված դիմա-
փոշին, այտերիցս վատ սրբված շպարը, իմացավ մեր «Դեդեկտիվ» կարդալու մա-
սին: Նա մեզ ավելի ու ավելի էր մերկացնում, ու ես ստիպված էի մենակ ընդունել
բոլոր հարվածները, տեսնել մեր կործանումը:
ՍՈԼԱՆԺ - Փախչել է պետք: Հավաքենք մեր ունեցած-չունեցածը, Կլեր, շո՛ւտ,
որքան հնարավոր է շուտ... գնացք... կամ նավ... նստենք:
ԿԼԵՐ - Բայց ո՞ւր գնանք: Ո՞ւմ մոտ գնանք: Ես մի ճամպրուկ տանելու ուժ էլ
չունեմ:
ՍՈԼԱՆԺ - Գնա՛նք: Ուր ուզում է լինի: Ինչով ուզում է լինի:
ԿԼԵՐ - Ախր ո՞ւր կարող ենք գնալ: Ի՞նչ կարող ենք անել ապրելու համար: Մենք
աղքատ ենք:
ՍՈԼԱՆԺ (նայելով շուրջը) - Կլե՛ր, կվերցնենք... այո՛, կտանենք..
ԿԼԵՐ - Դրա՞մ: Ես ինձ թույլ չեմ տա: Մենք գող չենք, ոստիկանները շատ շուտ
մեզ կգտնեն: Հենց փողը մեզ կմատնի: Այն պահից ի վեր, որ ես տեսա, թե ինչպես
152
են իրերը իրար հետևից մեզ մերկացնում, նրանցից վախեցա, Սոլանժ: Ամենաչնչին
սխալը մեզ կկործանի:
ՍՈԼԱՆԺ - Գրողի ծոցը՝ ամեն ինչ թող գնա գրողի ծոցը, միայն թե փախչելու
միջոց գտնենք:
ԿԼԵՐ - Կորավ ամեն ինչ... Ուշ է արդեն:
ՍՈԼԱՆԺ - Դու հո չե՞ս կարծում, որ մենք այս տագնապալի վիճակում պիտի
մնանք: Վաղը երկուսն էլ կվերադառնան, կիմանան, թե ով է ուղարկել մատնագրերը:
Ամեն ինչ կիմանան, ամե՛ն ինչ: Դու չտեսար, թե Տիրուհին ինչպես էր շողարձակում,
աստիճաններից իջնում, հաղթանակած քայլում: Նրա երջանկությունը դաժան է,
նրա ուրախությունը մեր տխրությունն է, շրջազգեստը՝ մեր ամոթի կարմիրը: Իսկ
մուշտա՞կը... ասենք մուշտակն ինքը հագավ:
ԿԼԵՐ - Ես այնպես հոգնած եմ:
ՍՈԼԱՆԺ - Ճի՛շտ դժգոհելու ժամանակն է: Ձեր զգացմունքայնությունն ամենա-
անպատեհ պահին է ի հայտ գալիս:
ԿԼԵՐ - Շատ եմ հոգնած:
ՍՈԼԱՆԺ - Պարզ է՝ եթե Տիրուհին անմեղ է, սպասուհիներն են մեղավոր: Տի-
րուհու համար շատ հեշտ է անմեղ լինելը: Սակայն, եթե ես ստանձնած լինեի ձեր
դատապարտությունը, հավատացնում եմ՝ մինչև վերջ կհասցնեի:
ԿԼԵՐ - Բայց, Սոլանժ...
ՍՈԼԱՆԺ - Մինչև վե՛րջ: Եթե Դուք համարձակվեիք մերժել խմելու իմ առաջար-
կած թուրմը, սեղմելով Ձեր ծնոտը կբացեի, թունավորված հեղուկը կուլ տալ կը-
ստիպեի: Ինչպե՜ս կհանդգնեիք մեռնելուց հրաժարվել։ Ես Ձեզ ծնկաչոք կաղերսեի,
ձեռքերս վեր պարզելով, Ձեր փեշը կհամբուրեի:
ԿԼԵՐ - Այնքան էլ հեշտ չէր մինչև այդ վերջին հասնելը:
ՍՈԼԱՆԺ - Կարծո՞ւմ եք: Ես կկարողանայի Ձեր ապրելն անհնարին դարձնել: Ես
Ձեզ այնպիսի վիճակի կհասցնեի, որ Դուք ինքներդ մոտենայիք, թույն աղերսեիք,
ու ես թերևս մերժեի: Ամեն դեպքում Ձեր կյանքն անտանելի կդարռնար:
ԿԼԵՐ - Կլեր կամ Սոլանժ, դուք ինձ նյարդայնացնում եք, ես ձեզ շփոթում եմ,
Կլեր կամ Սոլանժ, դուք ինձ նյարդայնացնում ու կատաղության եք հասցնում: Մեր
բոլոր դժբախտությունների համար ես ձեզ եմ մեղադրում:
ՍՈԼԱՆԺ - Համարձակվեք նույնը կրկնել:
Հանդիսականների առջև նա իր սև կիսազգեստի վրայից հագնում է ճերմակ
հագուստը:
ԿԼԵՐ - Ես ձեզ մեղադրում եմ ամենաահավոր ոճրագործության մեջ:
ՍՈԼԱՆԺ - Դուք խելագար եք: Կամ՝ հարբած: Որովհետև ոճրագործություն տե-
ղի չի ունեցել: Կլե՛ր, ես քեզ արգելում եմ մեզ որոշակի հանցանքի համար մեղադրելը:
ԿԼԵՐ - Ուրեմն մենք այն կհորինենք, որովհետև... Դուք ուզում եք ինձ վիրավորել:
Մի՛ քաշվեք՝ թքեք դեմքիս, ցեխ, աղտեղություն շպրտեք:
ՍՈԼԱՆԺ (շրջվելով, տեսնելով Կլերին Տիրուհու շրջազգեստով) - Դուք գեղեցիկ եք:
ԿԼԵՐ - Նախնական ձևականությունները թողնենք: Երկար ժամանակ է արդեն
153
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ
որ Դուք անիմաստ եք դարձրել ստերն ու կասկածները, որոնք փոխակերպության
են հասնում: Շտապի՛ր, շտապի՛ր, ես այլևս չեմ կարող ամոթն ու նվաստացումը տա-
նել: Թող աշխարհը մեզ լսի, ժպտա, ուսերը թոթվի, խելագար ու նախանձ համարի,
Կլեր, ես հաճույքից դողում ու սարսռում եմ, ուրախությունից ուզում եմ խրխնջալ:
ՍՈԼԱՆԺ - Դուք գեղեցի՛կ եք:
ԿԼԵՐ - Վիրավորանքներն սկսվում են:
ՍՈԼԱՆԺ - Դուք գեղեցի՛կ եք:
ԿԼԵՐ - Թողնե՛նք, թողնե՛նք նախերգությունը: Վիրավորանքներին անցի՛ր:
ՍՈԼԱՆԺ - Դուք ինձ շլացնում եք: Ես երբեք չեմ համարձակվի:
ԿԼԵՐ - Վիրավորանքնե՛ր, ասացի: Հույս չունենանք, որ այս հագուստը նորից ինձ
հագցնելով, կստիպեք իմ գեղեցկության մասին ձոն երգեր լսել: Ինձ ատելությա՛մբ
ողողեցեք: Վիրավորանքներո՛վ: Թուքո՛վ:
ՍՈԼԱՆԺ - Օգնեցե՛ք ինձ:
ԿԼԵՐ - Ես ատո՛ւմ եմ տնային ծառայողներին: Ատում եմ այդ զզվելի ու զազ-
րելի տեսակը: Տնային ծառայողները մարդկությանը չեն պատկանում: Նրանք
արտաթորանք են, որ հոսում, ողողում են մեր սենյակները, միջանցքները, մեր իսկ
բերաններով լցվում են մեր մեջ, մեզ աղտեղում են: Ես ուզում եմ Ձեզ փսխել:
(Սոլանժը պատուհանին մոտենալու շարժում է անում): Տե՛ղդ մնա:
ՍՈԼԱՆԺ - Գնամ, վերև բարձրանամ...
ԿԼԵՐ (շարունակում է տնային ծառայողների մասին խոսել) - Ես գիտեմ, իհարկե,
որ նրանք անհրաժեշտ են, ինչպես գերեզմանափորերը, աղբահաններն ու ոստիկան-
ները: Դա չի խանգարում, որ նրանք բոլորն էլ նողկանք հարուցեն:
ՍՈԼԱՆԺ - Շարունակե՛ք, շարունակե՛ք:
ԿԼԵՐ - Ձեր խոժոռ ու խղճահարույց քիթմռութը, փոթընկած արմունկները, դարն
ապրած կրծկալները, մեր հնոտիքը հագած մարմինները՝ դուք մեզ այլակերպող
հայելիներն եք, մեր արտազեղումը, ամոթը, թափթփուկը:
ՍՈԼԱՆԺ - Շարունակե՛ք, շարունակե՛ք:
ԿԼԵՐ - Էլ չեմ կարող, շո՛ւտ արա, խնդրում եմ: Դուք... դուք... Աստված իմ, ես դա-
տարկվել եմ, այլևս բառեր չեն գտնում: Վիրավորանքներն սպառվեցին: Կլե՛ր, Դուք
ինձ պարպում եք:
ՍՈԼԱՆԺ - Թույլ տվեք դուրս գամ, խոսենք մարդկանց ներկայությամբ: Թող նրանք
պատուհաններից նայեն, որ մեզ տեսնեն: Նրանք պե՛տք է, որ մեզ լսեն:
Նա բացում է պատուհանը, բայց Կլերը հետ է քաշում:
ԿԼԵՐ - Դիմացից մեզ կտեսնեն:
ՍՈԼԱՆԺ (արդեն պատշգամբում է) - Հույս ունեմ: Ի՜նչ լավ եղանակ է: Հովն ինձ
բորբոքում է:
ԿԼԵՐ - Սոլա՜նժ, Սոլա՜նժ, հետ արի, մոտս մնա:
ՍՈԼԱՆԺ - Ես իմ աստիճանին հասել եմ: Տիրուհին ուներ իր տատրակի երգը,
սիրեկանները, կաթնավաճառը:
ԿԼԵՐ - Սոլա՜նժ...
154
ՍՈԼԱՆԺ - Լռի՛ր: Իր առավոտվա կաթնավաճառը, այգաբացի պատգամաբերը,
զմայլելի զանգահարը, գունատ ու առինքնող տիրակալը... վե՛րջ: Բոլորն իրենց տե-
ղերո՛ւմ՝ սկսվում է պարահանդեսը:
ԿԼԵՐ - Այդ ի՞նչ ես անում:
ՍՈԼԱՆԺ (հանդիսավոր) - Ընդհատում եմ այս ամենը: Ծնկի՛:
ԿԼԵՐ - Շատ հեռու ես գնում:
ՍՈԼԱՆԺ - Ծնկի՛: Ես արդեն գիտեմ, թե ինչի եմ կոչված:
ԿԼԵՐ - Դուք ինձ սպանում եք:
ՍՈԼԱՆԺ (վրա է քշում) - Հույս ունեմ: Իմ անհուսությունն ինձ սանձարձակ է դարձ-
նում: Ես ամեն ինչի ընդունակ եմ: Օ՜, այո՛, մենք անիծված էինք:
ԿԼԵՐ - Լռի՛ր:
ՍՈԼԱՆԺ - Համենայն դեպս բանը ոճրագործության չի հասնի:
ԿԼԵՐ - Սոլա՛նժ:
ՍՈԼԱՆԺ - Մի՛ շարժվեք: Թող Տիրուհին ինձ լսի: Դուք թույլ տվեցիք, որ նա խույս
տա: Դո՛ւք: Օ՜, ինչ վատ է, որ ես չեմ կարող նրա երեսին շպրտել իմ ողջ ատելությունը,
նկարագրել մեր խաբեությունները: Դու այնքան երկչոտ, հիմար գտնվեցիր, որ նրան
թույլ տվեցիր փախչել: Այս պահին նա փրփրագինի է վայելում: Մի՛ շարժվեք:
Չշարժվե՛ք: Մահը մոտերքում է ու մեզ հետևում է:
ԿԼԵՐ - Թույլ տուր գնամ:
ՍՈԼԱՆԺ - Չշարժվե՛ք: Տիրուհի, Ձեզ հետ ես թերևս գտնեմ այն պարզ միջոցն
ու համարձակությունը, որոնցով քրոջս ազատություն շնորհեմ, իսկ ինձ մահվան
հասցնեմ:
ԿԼԵՐ - Ի՞նչ ես ուզում անել: Այս ամենը մեզ ո՞ւր է տանում:
ՍՈԼԱՆԺ (հնչում է հրամանի պես) - Խնդրում եմ, Կլե՛ր, պատասխանի՛ր:
ԿԼԵՐ - Սոլա՛նժ, բավական է, այլևս չեմ կարող: Թո՛ղ ինձ:
ՍՈԼԱՆԺ - Սիրելիս, ուրեմն ես մենա՛կ, մենա՛կ կշարունակեմ: Մի՛ շարժվեք:
Դուք այնպիսի հիանալի միջոց ունեիք, որ անհնար էր Տիրուհու փախուստը: (Վրա է
քշում Կլերին): Հիմա արդեն ես եմ ուզում նման վախկոտ աղջկա վերջը տալ:
ԿԼԵՐ - Սոլա՛նժ, Սոլա՛նժ, օգնությո՜ւն:
ՍՈԼԱՆԺ - Ոռնացե՛ք, եթե ուզում եք: Ձեր վերջին ճիչն արձակեք, Տիրուհի՛:
(Հրում է Կլերին, որը կծկվել է անկյունում): Վերջապե՜ս, Տիրուհին մահացած, մեկնված
է լինոլեումի վրա... Նրան խեղդել են խոհանոցային ձեռնոցներով: Տիրուհին կարող
է նստած մնալ, ինձ կոչել օրիորդ Սոլանժ: Հենց այդպե՛ս: Շնորհիվ այն բանի, ինչ
ես արեցի: Այսուհետ Պարոնն ու Տիրուհին ինձ կկոչեն օրիորդ Սոլանժ Լեմերսիե...
Տիրուհին պետք է հանած լիներ սև հագուստը, ծիծաղելի է: (Նմանակում է Տիրուհու
ձայնը): Ի՜նչ արած, ստիպված եմ պահել իմ սպասուհու սուգը: Գերեզմանոցից դուրս
գալիս թաղի բոլոր տնային ծառայողներն իմ առջևից էին անցնում՝ կարծես նա իմ
ընտանիքի անդամը լիներ: Ինձ այնքան հաճախ է թվացել, որ նա իմ ընտանիքի
անդամն է: Հանգուցյալն ավարտին հասցրեց իր ծաղրախաղը՝ օ՜, Տիրուհի... Ես Տի-
րուհուն հավասար եմ ու գլուխս բարձր եմ քայլում... (Ծիծաղում է): Ո՛չ, պարոն քննիչ,
155
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ
156
ո՛չ... Դուք իմ աշխատանքի, մեր ընդհանուր աշխատանքի մասին ոչինչ չեք իմանա:
Եվ ոչ էլ սպանությանը մեր մասնակցության մասին... Շրջազգեստնե՞րը: Տիրուհին
կարող է դրանք իրեն պահել: Քույրս ու ես մեր հագուստներն ունեինք, որ գիշերները,
թաքուն էինք հագնում: Այժմ ես իմ շրջազգեստն ունեմ ու Ձեզ հավասար եմ: Իմ
հանդերձանքը, ինչպես ոճրագործ կանանցը, կարմիր է: Պարոնի ծիծա՞ղը բերեցի:
Ստիպեցի նրան ժպտա՞լ: Նա ինձ խելագա՞ր է կարծում: Կարծում է սպասուհիները
պետք է այնքան զուսպ լինեն, որ Տիրուհուն վերապահված շարժումները չկրկնեն:
Իսկապե՞ս Պարոնն ինձ ներում է: Նա համակ բարություն է: Ուզում է ինձ հավասարվել
մեծահոգությամբ: Մինչդեռ ես հաղթեցի ամենասանձարձակին՝ Տիրուհին նկատեց
իմ միայնությունը: Վերջապե՜ս: Հիմա ես միայնակ եմ: Սոսկալի է: Ես կարող էի ձեզ
հետ չարությամբ խոսել, բայց նաև բարի լինել... Տիրուհին կթոթափի իր վախը:
Ու շատ արագ: Իր ծաղիկներով, օծանելիքներով, շրջազգեստներով: Այս ճերմակ
զգեստով, որ հագել էիք Օպերայի պարահանդեսի երեկոյին: Այս ճերմակ զգեստով,
որ ես միշտ արգելում էի հագնել: Ինչպես նաև պճնազարդերով, սիրեկաններով: Ե՞ս,
ես միայն քույր ունեմ: Այո՛, ես համարձակվում եմ այդ մասին խոսել: Համարձակվում
եմ, Տիրուհի՛: Ես կարող եմ ամեն ինչ էլ ինձ թույլ տալ: Ո՞վ, ո՞վ կարող է ինձ լռեցնել:
Ո՞վ կարող է հանդգնել ինձ ասել՝ «աղջիկս»: Ես ծառայել եմ: Ունեցել եմ ծառայության
համար անհրաժեշտ շարժուձևը: Ես ժպտացել եմ Տիրուհուն, կռացել եմ, որ հարդա-
րեմ անկողինը, կռացել եմ, որ լվանամ հախճաղյուսները, կռացել եմ, որ բանջա-
րեղենը մաքրեմ, որ ականջ դնեմ, թե ինչ է կատարվում դռան հետևում, որ աչքս
դիտանցքին հպեմ: Բայց հիմա ուղիղ եմ կանգնած։ Ու՝ հաստատուն: Ես մարդ եմ
խեղդել: Ես օրիորդ Սոլանժն եմ, խեղդամահ եմ արել քրոջս: Լռե՞մ: Տիկինն իրոք
նրբանկատ է: Բայց ես խղճում եմ Տիրուհուն: Խղճում եմ նրան ճերմակության,
թավշե մաշկի, փոքրիկ ականջների, դաստակների համար... Այո, ես սեփ-սև արտառո-
ցություն եմ, ինքս իմ դատաստանն ունեմ: Ես պատկանում եմ ոստիկանությանը,
չէ՞, Կլեր: Կլերն, իրոք, շա՛տ, շա՛տ էր սիրում Տիրուհուն... Ո՛չ, պարոն քննիչ, ես նրանց
ներկայությամբ ոչինչ չեմ բացատրելու... Այս ամենը միայն մեզ է վերաբերվում...
Այս գիշերը, փոքրիկս՝ մեր երկուսինն է: (Նա գլանակ է վառում և ծխում է անվարժ,
ծխից հազում է): Ո՛չ Դուք, ո՛չ ուրիշ որևէ մեկը ոչինչ չի իմանա, բացի նրանից, որ այս
անգամ Սոլանժը մինչև վերջ է գնացել: Դուք կտեսնեք նրան կարմիր շրջազգեստով:
Հիմա դուրս կգա:
Սոլանժը ուղղվում է դեպի պատուհանը, բացում ու բարձրանում է պատշգամբ:
Մենախոսում է՝ մեջքով դեպի հանդիսատեսը, դեմքով դեպի գիշերվա մութը: Մեղմ
սյուքը շարժում է վարագույրները:
Ահա՛, դուրս եկավ: Իջնում է կենտրոնական աստիճաններով: Ոստիկանությունն
ուղեկցում է նրան: Պատշգամբ ելե՛ք, որպեսզի տեսնեք, թե ինչպես է քայլում սևա-
զգեստ ապաշխարողների միջև: Ցերեկ է: Նրա ձեռքին ինը գրվանքայանոց ճրագ
կա: Դահիճը մոտիկից հետևում է նրան, ականջին սիրո խոսքեր շշնջում: Կլեր,
դահիճն ի՛նձ է ուղեկցում: Ի՛նձ: (Ծիծաղում է): Նրան թափորով հետևում են թաղի
բոլոր սպասուհիները, տնային ծառայողները, ովքեր Կլերին վերջին հանգրվան են
157
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ
ուղեկցել: (Դուրս է նայում): Նրանք սգեպսակներ, դրոշակներ, պաստառներ են
տանում, մահազանգեր հնչեցնում: Հանդիսավոր հուղարկավորություն է: Գեղեցիկ
է, չէ՞: Նախ քայլում են ծառայապետները՝ առանց մետաքսե դարձօձիքի ֆրակով:
Տանում են իրենց սգեպսակը: Նրանց հաջորդում են ուղեկցորդ սպասավորները,
կարճ վարտիքով ու ճերմակ գուլպաներով սպասյակները: Նրանք էլ իրենց սգեպսակն
են տանում: Այնուհետև անցնում են սպասարկուները, մեր զգեստների գույնի հագնված
աղախինները, այնուհետև՝ բարապանները և, վերջապես՝ երկնքի պատվիրակ-
ները: Առաջնորդում եմ ե՛ս: Դահիճն ինձ հանգստացնում է: Ինձ ծափողջունում են:
Ես գունատ եմ ու մեռնելու եմ: (Սենյակ է վերադառնում): Որքա՜ն ծաղիկ կար:
Գեղեցիկ թաղում էին կազմակերպել, չէ՞: Կլե՜ր: (Ցնցվում է հեկեկոցներից, փլվում
բազկաթոռում... վեր է կենում): Զո՛ւր է, Տիրուհի, ես ենթարկվում եմ ոստիկանու-
թյանը:Միայն ոստիկաններն են ինձ հասկանում, քանի որ նրանք էլ են պատկանում
մերժվածների դասին:
Մի պահ, հենվելով խոհանոցի դռան շրջանակին, Կլերը, ով տեսանելի է միայն
հանդիսատեսին, լսում է քրոջը:
Այժմ մենք օրիորդ Սոլանժ Լեմերսիեն ենք: Նույն ինքը՝ Լեմերսիեն: Լեմերսիե՜ն:
Նշանավոր ոճրագործուհին: (Ուժասպառ): Կլե՛ր, մենք կորած ենք:
ԿԼԵՐ (վշտոտ, Տիրուհու ձայնով) - Փակե՛ք պատուհանն ու քաշե՛ք վարագույր-
ները: Այդպե՛ս:
ՍՈԼԱՆԺ - Ուշ է, բոլորը քնած են: Չշարունակենք:
ԿԼԵՐ (ձեռքով լռության նշան է անում) - Կլե՛ր, լցրեք իմ թուրմը:
ՍՈԼԱՆԺ - Բայց...
ԿԼԵՐ - Ասում եմ՝ իմ թուրմը:
ՍՈԼԱՆԺ - Հոգնածությունից մեռնում ենք: Վե՛րջ տանք:
Նստում է բազկաթոռին:
ԿԼԵՐ - Ո՛չ, ո՛չ, սիրելիս, ուզում եք էժա՞ն պրծնեք: Շատ հեշտ կլիներ քամու հետ
դավ նյութել, գիշերը դավադրակից դարձնել:
ՍՈԼԱՆԺ - Բայց...
ԿԼԵՐ - Մի՛ վիճիր: Այս վերջին վայրկյաններին ես եմ կարգադրում: Սոլանժ, դու
քո մեջ կպահես ինձ:
ՍՈԼԱՆԺ - Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Դու խելագար ես: Մենք կփախչենք: Շո՛ւտ, Կլեր,
չհապաղենք, բնակարանը թունավորված է:
ԿԼԵՐ - Մնա՛:
ՍՈԼԱՆԺ - Կլե՛ր, չե՞ս տեսնում, թե որքան թույլ եմ, գունատ:
ԿԼԵՐ - Դու վախկոտ ես: Լսի՛ր ինձ: Մենք այլևս նահանջելու տեղ չունենք, Սոլանժ,
մինչև վերջ պիտի գնանք: Դու մենակ ես ստանձնելու մեր երկուսի գոյությունը: Քեզ
շատ ուժ է հարկավոր: Տաժանավայրում ոչ ոք չի իմանա, որ ես թաքուն ուղեկցում
եմ քեզ: Հատկապես երբ քեզ կդատապարտեն, չմոռանա՛ս, որ ինձ կրում ես քո մեջ:
Սրտացավությամբ: Մենք կլինենք գեղեցիկ, ազատ և ուրախ: Սոլա՛նժ, մենք այլևս
կորցնելու ոչ մի վայրկյան չունենք: Ինձ հետ միասին կրկնի՛ր...
158
ՍՈԼԱՆԺ - Խոսի՛ր, բայց ցածր:
ԿԼԵՐ (ինքնաբերաբար) - Տիրուհին պետք է խմի իր թուրմը:
ՍՈԼԱՆԺ (կոպիտ) - Ո՛չ, ես չեմ ուզում:
ԿԼԵՐ (բռնում է արմունկները) - Անառա՛կ, կրկնի՛ր. Տիրուհին պետք է խմի իր թուրմը:
ՍՈԼԱՆԺ - Տիրուհին պետք է խմի իր թուրմը...
ԿԼԵՐ - Որովհետև պետք է քնի...
ՍՈԼԱՆԺ - Որովհետև պետք է քնի...
ԿԼԵՐ - Իսկ ես նրան կհսկեմ:
ՍՈԼԱՆԺ - Իսկ ես նրան կհսկեմ:
ԿԼԵՐ (մեկնվում է Տիրուհու մահճակալին) - Կրկնի՛ր, մի՛ ընդհատիր ինձ: Դու ինձ
ենթարկվո՞ւմ ես: (Սոլանժը գլխով հաստատական շարժում է անում): Ես կրկնում
եմ՝ իմ թուրմը:
ՍՈԼԱՆԺ (վարանումով) - Բայց...
ԿԼԵՐ - Ես ասացի՝ իմ թուրմը:
ՍՈԼԱՆԺ - Բայց, Տիրուհի...
ԿԼԵՐ - Լա՛վ, շարունակիր:
ՍՈԼԱՆԺ - Բայց, Տիրուհի, սառել է։
ԿԼԵՐ - Միևնույն է կխմեմ: Տո՛ւր: (Սոլանժը մոտեցնում է մատուցարանը): Դու
ամենաշքեղ, ամենաթանկարժեք սկահակի մեջ ես լցրել:
Վերցնում է բաժակն ու խմում։ Սոլանժը, դեմքով դեպի հանդիսատեսը, խաչում
է ձեռքերը ձեռնաշղթա հագցրածի պես, անշարժանում:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
159
Հանդեսը տպագրվում է
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ
Համարի տպագրությանը նպաստել է Համազգային հայ
կրթական և մշակութային միությունը
Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com
«Նորք հանդես» ՍՊԸ, 2018
160