The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Գրադարան - Gradaran, 2021-04-01 18:54:39

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Hayk Khachatryan

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Keywords: ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(Հայկ Հարությունի Խաչատրյան)
(1926 – 2001թ.թ.)

ԱՐՏԱՇԵՍ

Պատմավեպ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԺՊԻՏԸ
ՍԱՀՄԱՆԱՔԱՐԵՐ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐՈՒՄ
ՀԱՆՆԻԲԱԼ
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ
ՍԱԹԵՆԻԿ
ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԻՐ ԿՆՈՋԴ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
ԾՈՓՔԻ ԹԱՓՈՒՐ ԳԱՀԻ ՀԱՄԱՐ
ԸՆԿՆԱՎՈՐ ԱՐՔԱՅԱԶՆԸ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԻՄԱՍՏԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ ՁԵՌԵՍԸ
ՀԱՅՐԸ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԵԼ ՈՐԴՈՒՆ
ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ
ՆԱՆԻՐ
ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ԿԱՊՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՈՏՔԵՐԸ

Վեպում արտացոլված են մ.թ.ա. երկրորդ դարի առաջին կեսի
հեթանոսական Հայաստանի պատմական անցուդարձերը,
Արտաշեսյան հարստության հաստատումը, Արտաշատ
մայրաքաղաքի հիմնադրումը, Արտաշես Ա Բարի թագավորի և
Կարթագենի զորավար Հաննիբալի բարեկամությունը,
Հայաստանի դուրս գալը միջազգային ճանաչման մայրուղի:

"Արտաշեսը" Հայկ Խաչատրյանի "Արտաշեսյաններ" եռագրության
մի մասն է:

ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԺՊԻՏԸ

Հայոց մեծ աստծու` Արամազդի տաճարի բակում շարվել էին հարյուր
մանկամարդ կույսեր:
Հայուհիներ էին:
Միմյանց չէին ճանաչում: Եկել էին Մեծ Հայքի տարբեր գավառներից: Ոչ
իրենց կամոք: Եկել էին Արամազդի քրմապետի հրամանով: Չգիտեին
նաև, թե ինչու են եկել, ոչ ոք ոչինչ չէր ասել նրանց: Չէին էլ կարող
կռահել, քանզի ոչ Վանատուր էր, ոչ Նավասարդ, ոչ էլ ուրիշ տոն: Ավելին,
սկիզբն էր Մարերի, այն ձախորդ ամսվա, որի ժամանակ հայուհիները
խուսափում են ամուսնանալուց և իրենց հեռու են պահում այրերից:
Բոլորին հագցրել էին միատեսակ, ծակոտկեն այնպիսի շրջազգեստներ,
որ թվում է եթե մոտենաս` կարող ես տեսնել նրանց մարմինների
մերկությունը:
Դեմքներին նայելով` չես ասի, թե գեղուհիների ընտրանի է:
Ահա տաճարի մեծ դռնից ծերունի քրմապետ Սսի ուղեկցությամբ բակ
դուրս եկավ Արտաշես արքան` հագած իր պերճ ծիրանին:
Արտաշեսը նայեց աղջիկներին, ուսերը թափ տվեց ու ժպտաց: Ժպտացին
նաև աղջիկները: Բայց նրանք պարտավոր էին ժպտալ, թովչանք ու սեր
վառել արքայի հոգում: Իսկ արքայի ժպիտն ուրիշ բան էր ասում: Երևի
սրտի խորքում խղճում էր տգեղներին:
- Քո տիկնունու համար նրանցից ընտրիր տասին, - ասաց քրմապետը:
Արտաշեսը գիտեր, որ քրմապետը փորձում է իրեն: Դե արի ու կռահիր,
թե ինչ է թաքնված Արամազդի պատգամախոսի մտքում: Արտաշեսը
քրմապետին վաղուց է ճանաչում: Սիսը տարօրինակ դեմք ուներ: Նրա
երկու այտերն իրարից շատ էին տարբեր: Ձախ այտի սմքած ու դժգույն
մաշկը, որ նման էր անձրևի կարոտ ճաքճքված գուղձի, հազիվ էր
ծածկում այտոսկորը: Եթե նա մի պինդ լվանար երեսը` ձախ այտի վրա
մաշկի փոխարեն կմնար միայն այտոսկոր-ելուստը: Այո, ձախ այտին
նայելով կարելի է ասել, որ նա վաթսունն անց է: Աջը` կարմրաթույր էր,
լիքը, տասնութամյա պատանու այտի նման, շարժուն ու անհանգիստ: Աջ
այտը հավատ ու վստահություն էր ներշնչում, ձախը` երկյուղ ու
տագնապ: Ձախում խորամանկություն ու իմաստություն կար, աջում`
պարզամտություն ու անկեղծություն:Չէ, խոսք չկա, Արամազդը եզակի

4

պատգամախոս է ընտրել: Գուցե չի ընտրել, այլ ինքն է արարել:
Համենայն դեպս, ոչ մի տեղ այսպիսի դեմքով մարդու չես հանդիպի:
Արտաշեսը նայում էր մանկամարդ կույսերի դեմքերին ու մտածում, թե
ինչ-որ տեղ նրանք նման են ծերունի Սիսի այտերին: Մեկը գեղեցիկ է,
մյուսը` տգեղ, մեկը հրապուրիչ էր, մյուսը` վանող: Ծերունին ինչո՞ւ է
խառնել այսպես: Չլինի կարծում է, թե արքան չի կարող զանազանել
տգեղն ու գեղեցիկը: Հազիվ թե: Քրմապետը, ակներևաբար, ուրիշ բան է
փորձում:
- Որո՞նց ես հավանում, - նորից խոսեց Սիսը, - ցույց տուր նրանց, ովքեր
դուր են գալիս քեզ:
Արքան հարյուրի մեջ ընտրեց տասը գեղուհու:
- Դու կարող ես հիշել, թե ինչպիսին են այս տասը և չխառնես մնացած
իննսունի հետ, - հարցրեց քրմապետը:
-Իհարկե, - հանդարտաբար պատասխանեց Արտաշեսը:
Հաջորդ օրը տաճարի բակում արքան ականատես եղավ մի զարմանալի
տեսարանի: Այս անգամ, սակայն, աղջիկները համարյա մերկ էին: Շորով
ծածկված էին միայն նրանց դեմքերը:
Աղջիկները չգիտեին էլ, թե ով կամ ովքեր են նայում իրենց:
- Դու, արքա, գտիր նրանց մեջ երեկվա քո տասին, - ասաց Սիսը:
- Քրմապետ, ինքդ էլ գիտես, որ դա անհնար է, երեկ ես տասին ընտրեցի`
դեմքներին նայելով, իսկ հիմա տեսնում եմ միայն նրանց մարմինները:
- Բայց և այնպես դու պարտավոր ես ընտրել քո տասին:
Արքան մատով նշան արեց տասը մանկամարդների: Սիսի հրամանով
տասն աղջիկները անմիջապես հանեցին իրենց դեմքերի ծածկոցները:
Արքան նայեց նրանց շառագունած հայացքներին ու մնաց զարմացած:
Երեկվա տասից այսօրվա տասի մեջ ընկել էր միայն մեկը:
Արտաշեսը առանձնացավ տաճարի իրեն հատկացված սենյակում և
նայեց լուսամուտից դուրս: Բակում ոչ ոք չկար: Հավանաբար քրմապետի
աղջիկները վերադարձել էին իրենց խցերը: Հեռվում երևում էր
Երեզավանի պարիսպների մի մասը:
Արքան երեսունութ տարեկան էր, հաղթաբազուկ, գեղադեմ: Քիթը
արծվենի էր, կորածայր: Այդպիսի քիթ են ունեցել և հայրը, և պապը, և
ապուպապը: Աստվածները չեն սիրում արծվենի քթերը շաղ տալ:
Արտաշեսին ասել են, որ իր քիթը երեքհարյուրհիսուն տարեկան է:
Երեքհարյուրհիսուն տարի առաջ այդպիսի քիթ է ունեցել Երվանդունի

5

առաջին Հայ թագավորը: Հետո տոհմական քիթը ժառանգել են հաջորդ
ինն Երվանդունիները: Արտաշեսը տասներորդն է: Բայց Արտաշեսի ինը
նախորդներն էլ թագավորներ չեն եղել: Հզորները չեն թողել, որ
Երվանդունիներն իրենց թագը փոխանցեն որդոց որդի: Սկզբում
Աքեմենյանները խանգարեցին, հետո` ահեղ Ալեքսանդրը, ապա`
Սելևկյանները: Թագ չէր դրել նաև Արտաշեսի հայրը` Զարեհը:
Աստվածներն օգնել են, որ Ասիայի փոքր ու մեծ ազգերը իրենց գահերն ու
թագերն ունենան:

Իսկ հայերն իրենց գահերն ու թագերը ձուլել են ոչ աստվածների
հովանիով: Աստվածների գութը շարժելու համար հայերը շատ ոսկի են
ծախսել տաճարներ ու աստվածակերպ արձաններ պատրաստելու
համար: Սակայն աստվածներն ավելի երախտամոռ են, քան մարդիկ:
Նրանք նույնիսկ խառնել են Երվանդունի գահատոհմի ճյուղերը, ցրել Մեծ
Հայքում, Ծոփքում, Փոքր Հայքում և Կոմմագենեում: Ձեռք չեն տվել միայն
արծվենի քթին: Վավերագրեր ու մատնակնիքներ պետք չեն`
հաստատելու համար, թե դու Երվանդունի ես, թագավորազն:

Մի քանի ամիս առաջ Արտաշեսը չէր էլ մտածում գահի ու թագի մասին:
Տասներկու տարի նա Մեծ Հայքի ստրատեգն էր` կառավարիչը:
Ուրիշների համար կարող էր բարձր հնչել ստրատեգ - կառավարիչը:
Բայց ո՞վ էր ստրատեգ - կառավարիչը, Սելևկյանների հպատակն էր,
Անտիոքոսի շարքային զորավարներից մեկը: Նա պարտավոր էր հայրենի
երկրից հարկ հավաքել, տանել Սելևկյանների մայրաքաղաք Անտիոք,
հանձնել Անտիոքոսին և սպասել նրա հրամանին: Կռվի ժամանակ պետք
է հայկական բանակը առաջնորդեր Անտիոքոսի հակառակորդի դեմ: Դու
պարտավոր ես հավատարիմ ծառայել: Ահա անելիքդ: Իսկ ինչո՞ւ պետք է
Արտաշեսն աշխարհ գար Անտիոքոսին ծառայելու համար:

Մի քանի ամիս առաջ Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիները
հաղթեցին Անտիոքոսին:

Սելևկյան բանակը պարտվեց:

Ճակատամարտում պարտվեց նաև Արտաշեսի հայկական զորաբանակը:
Մագնեսիան նաև Արտաշեսի պարտությունն էր: Բայց կյանքում

6

պարտություն է լինում, որ հավասար է հաղթանակի, պարտություն է
լինում, որտեղ պարտվողը շահում է տասնապատիկ: Այդպես եղավ նաև
Մագնեսիայում: Արտաշեսը ռազմի դաշտից դուրս բերեց իր գնդերը,
բեկվեց Սելևկյան նահանջող բանակից և ուղևորվեց դեպի Հայք: Նա
պարտավոր էր մոտենալ Անտիոքոսին, սփոփեր նրան, նրա հետ
նահանջեր դեպի Անտիոք և օգներ հռոմեացիներին հակահարված տալու:
Բայց ճակատամարտի ելքը ուրիշ բան հուշեց Արտաշեսին: Անտիոքոսն
այլևս զորություն չուներ: Իսկ ինքը մտադիր չէր նոր տեր գտնել: Տերեր են
փոխում և մշտապես նոր տերեր որոնում թույլերն ու վախկոտները: Իսկ
ինքն ուզում է ինքնիշխան լինել, դառնալ իր երկրի ու իր գլխի տերը:

Մագնեսիայի ճակատամարտից հետո, երբ Արտաշեսը ոտք դրեց հայրենի
հողին` իրեն հռչակեց Մեծ Հայքի արքա և Հայքից արտաքսեց սելևկյան
բոլոր պաշտոնյաներին: Այդ մասին ականջալուր եղան Ասիայի
արքունիքները: Անտիոքոսը գլուխը կորցրել էր Հռոմի հասցրած
հարվածից և չէր մտածում իր նախկին զորավար, այժմ արդեն իրեն արքա
հռչակած Արտաշեսից վրեժխնդիր լինելու մասին: Այդ հայը գուցե պետք
գա իրեն, մտածում էր Անտիոքոսը:

Արտաշեսն իրեն արքա հռչակեց, բայց չշտապեց թագ դնել գլխին:
Պետք է Հայոց ամենամեծ աստծու` Արամազդի բարեհաճությունն առնել:
Հայրն ասել էր. ՙերբ գործերդ հաջող լինեն` դիմիր աստվածներին, նրանք
կամրապնդեն քո հաջողությունները, իսկ երբ նեղն ընկնես` ամուր
կբռնես միայն սրիդ դաստակը և հույսդ չդնես աստվածների վրա՚:
Հայք մտնելով, Արտաշեսը քամու պես պտտվեց իր տերության մեջ,
հրահանգներ տվեց նահապետներին և շտապեց Երեզավան, ուր գտնվում
էր Արամազդի տաճարը: Արքան չգիտեր, որ գավառից գավառ մտնելով,
իր հետքերով շարժվում էր նաև քրմապետ Սիսը: Արտաշեսն ավելի շուտ
հասավ Երեզավան, քան Սիսը: Եվ արքան ստիպված էր սպասել
քրմապետին: Չես կարող Սիսին չսպասել: Նրա ձախ, ոսկրոտ այտը
երկյուղ կներշնչեր նույնիսկ Անտիոքոսին` և հիմա, և Մագնեսիայի
ճակատամարտը տեսնելուց հետո:
Սիսն Արտաշեսին ողջունեց սիրալիր, խորամանկ ժպիտով:
- Արամազդի բարեհաճությունն առնելու առաջին նախապայմանը
համբերությունն է, - ասաց Սիսը: Արտաշեսը չգիտեր, թե քրմապետի ո՞ր

7

այտին նայեր, ա՞ջ, թե՞ ձախ: Միայն գլխի շարժումով համաձայնություն
տվեց: Արքայի գալուստն աշխուժացրեց ոչ միայն Արամազդի մեծ
տաճարի, այլև` Երեզավանի կյանքը: Քրմերը զվարճալի խաղեր,
գինարբուք ու խնջույքներ էին կազմակերպում և հաճոյանում արքային:
Երեզավան ժամանելու միայն վեցերորդ օրը Սիսն ասաց.
- Մեծն ու արին Արամազդի հրամանով երեք պատգամ պիտի տամ քեզ,
բայց մինչ այդ պետք է պարզել, թե թագի տված վայելքները քեզ ո՞ր կողմը
կտանեն: Վայելք կա, որ մարդուն տանում է դեպի վայրէջք, դեպի
ստորոտ, վայելք էլ կա, որ մարդուն մղում է վերելքի, տանում դեպի
կատար:
Արծվենի քթով քեզ կճանաչեն և կընդունեն որպես Հայքի արքա, բայց
տերությունը պիտի ղեկավարես ոչ թե քթով, այլ խելքով ու սրով:
Այդ խոսքերից հետո քրմապետը արքային ուղեկցեց դեպի տաճարի բակը
և ցույց տվեց հարյուր մանկամարդներին:
Արտաշեսը խորհում էր, թե Սիսն ինչո՞ւ է իր փորձությունը կանացից
սկսել: Արամազդի ինչի՞ն է պետք այս փորձությունը: Ես թագ պիտի դնեմ
տերության գործերը վարելո՞ւ, թե՞ կանանցով հրապուրվելու համար:
Ինչպես էլ խառնեցի այդ աղջիկներին: Կարողացա ճանաչել նախորդ օրն
ընտրած տասնյակից միայն մեկին: Ճանաչե՞լ: Չէ չճանաչեցի: Այդ մեկը
պատահաբար ընկավ երկրորդ օրվա տասնյակի մեջ: Բայց աշխարհում
ո՞վ է լուծել կնոջ հրապուրանքի առեղծվածը: Իրենք, աստավածները: Չեմ
հավատում: Կնոջ մարմինը տիեզերքի խորամանկ ժպիտն է, որից գլուխ
չեն հանի ոչ իրենք` աստավածները, ոչ էլ մարդիկ:
Եվ քրմապետն ինչո՞ւ է կարծում, թե իմ իմաստությունը կբավականացնի
հանգուցալուծելու տիեզերականը:
Ես տեսա միայն մանկամարդների դեմքերն ու մարմինները, բայց ոչ մի
բառ չփոխանակեցի նրանց հետ: Իսկ եթե լսեի նրանց խո՞սքը:
Չգիտեմ այս փորձությունը Արամա՞զդն է հուշել, թե՞ նրա
պատգամախոսն է հորինել: Ես երազում եմ իմ տերությունը սրի
զորությամբ պահել և ոչ թե…
Առանձնասենյակ մտավ զորապետ Սմբատը և զբոսանքի հրավիրեց
արքային: Արտաշեսը հրաժարվեց` մտածելով, որ ավելի լավ է սրի իր
միտքը գիշերային զրույցի ժամանակ Սիսի հարցերին պատասխանելու
համար: Հետո չիմացավ, թե ինչպես անցան ժամերը, երբ մթնեց: Ասում
են` մենության մեջ ժամանակը հոգնած ուղտի պես է շարժվում:

8

Հավանաբար միշտ չէ, որ այդպես է լինում: Մենության մեջ ձանձրանում
ես` երբ ասելիք չունես ինքդ քեզ:
Ներս մտավ երիտասարդ մի քուրմ և վառեց առանձնասենյակի
անկյունում դրված աշտանակի մեծ կանթեղը: Ճրագի լույսը, սակայն,
շատ հեռու չգնաց, առանձնասենյակի երեք անկյունները մնացին
կիսամութի մեջ:
Լուսամուտի հանդիպակաց պատին, առաստաղին մերձ մի փոքրիկ անցք
կար: Արքան ցերեկով էր նկատել այդ անցքը: Կանթեղի աղոտ լույսի տակ
այն այժմ խորհրդավոր էր երևում: Նա համոզված էր, որ քրմապետի
ձայնը լսելու է այդ անցքից: Հենց որ բազկաթոռը շուռ տվեց և դեմքը
դարձրեց այդ անցքի կողմը, լսեց ծանոթ ձայնը.
- Մեծն ու արին Արամազդը ողջունում է արիազարմ Արտաշեսին:
Սիսն էր:
- Ես խոստանում եմ հարյուր երինջ զոհաբերել նրա տաճարին, եթե նա
հովանավորի իմ իշխանությունը, - իսկույն արձագանքեց Արտաշեսը:
- Դա վերջաբան էր, Արտաշես, իսկ ես զրույցը նոր եմ սկսում: Միտքը
պարան է, որի մի տուտն է միայն մարդու ձեռքին: Ես դեռ չգիտեմ, թե քո
պարանն ինչ ամրություն ունի, դու ինչո՞ւ բաց թողեցիր տուտը: Այդքան
հապշտապ տուտը բաց է թողնում այն մարդը, որ ասելիք չունի:
- Ներիր ինձ, պատգամախոս Արամազդի, ես սովոր չեմ
պերճախոսությամբ մրցել աստավածների հետ:
- Սրի զորությամբ թագը երկար ժամանակ գլխիդ պահել չես կարող:
Պերճախոսությամբ են վարում տերության գործերը և հարատև դարձնում
իշխանությունը: Այդ մասին հիշիր, Արտաշես, և արքայական վճիռներդ ի
կատար ածելուց առաջ` դրանց մասին խորհիր գիշերը: Արամազդը
ցանկանում է, որ դու մտահան չանես իր այս մեծ պատգամը:
Հիմա դառնանք կանանց: Դու հարյուրի մեջ չգտար քո ընտրած տասին:
Խորհուրդն այն է, որ դու պարտավոր ես արքայական քո գործերից հեռու
պահել կանանց:
Այժմ քո բազկաթոռով մի փոքր մոտեցիր կանթեղին: Աշտանակի աջ
կողմում զարդատուփ կա: Վերցրու և բացիր այն: Հանիր բաժակը:
Մոտեցրու լույսին: Արծաթե սովորական բաժակ է: Ներսի կողմից
շոշափիր բաժակի տակը: Չկարծես, թե վարպետը ծուլացել և երիզ-
ելուստը չի հղկել: Այդ ելուստը դեղթափ ակնքար է: Որտեղ էլ լինես, ինչ
պարագաներում էլ լինի` դու պետք է այդ բաժակով ըմպես:

9

Երբ մատռվակը լցնի հյութը` համբերիր մի քանի վայրկյան: Եթե թույն
լինի խառնած` հյութի գույնն անմիջապես կփոխվի: Այդ բաժակի
օգնությամբ մինչև կյանքիդ վերջը դու կապահովվես թունավորվելու
վտանգից: Արամազդն այդ բաժակը նվիրում է քեզ: Բայց երկրորդ
դեղաթափ ակնաքար ստանալու պահանջով չդիմես Արամազդին: Ճիշտ
է, այդ քարերից շատ կա Հայքում, բայց դա Հայոց գալիք բոլոր սերնդոց
պաշարն է բյուր անգամ բյուր տարիների համար: Ներիր, Արտաշես, եթե
դու երկրորդը ձեռք բերելու հույս ունենաս` ապա կխորհես երկուսից
մեկը օտարին նվիրելու մասին: Հայոց դեղթափ ակնաքարը օտարին տալ
չի կարելի:
Եվ հիշիր նաև, որ դու թագ պիտի դնես ոչ թե արքայական վայելքների ու
պերճանքի մեջ ապրելու, այլ` Հայքը հզոր տերություն դարձնելու համար:
Դու զինվոր պիտի մնաս, Արատաշես, զինվոր-արքա:
Հիմա վերցրու աշտանակի ձախ կողմում դրված պատյանը: Հանիր սուրը:
Շոշափիր շեղբը: Մի զարմացիր: Շեղբի մի կողմը սուր է, մյուսը` բութ:
Խորհուրդն այն է, Արտաշես, որ տերունական գործերդ վարելիս դու
պարտավոր ես զգույշ լինել. տեղ կա, որ պիտք է հարվածես` կտրելու
համար, տեղ էլ կա, որ պիտի ցույց տաս սրիդ բութ կողմը: Ամեն կտրած
չէ, որ հաղթանակ է ապահովում: Իմաստուն են այն արքաները, ովքեր
գիտեն նաև բարի լինել, համբերել, նահանջել ու ներել:
Առնելով Արամազդի բարեհաճությունը, Արտաշեսն իր երկու բյուր
զորքով դուրս եկավ Երեզավանից և շարժվեց դեպի հարավ:
Երկու հազարը հեծյալ էին, մնացածը` հետիոտն: Առջևից Սմբատ
զորապետն էր իր հինգհարյուրանոց այրուձիով, ապա` Մաղխաղի
դրանիկ գունդը: Ինքը` երիտասարդ Մաղխաղը շարժվում էր Արտաշեսի
կողքով:
Զորաբանակը գնում էր դեպի Տափերական դաշտ, դեպի Երվանդաշատ:
Արտաշեսը համոզված էր, որ Հայքի բոլոր կողմերից հիմա մարդիկ են
գնում Երվանդաշատ: Նա փորձեց մտովի պատկերացնել, թե
Երվանդաշատում հավաքված բազմությունը ինչպես կնդունի իր
թագադրությունը: Բայց հանկարծ միտքը ցատկեց Երվանդաշատի
վրայով:
Ինչո՞ւ է գնում Երվանդաշատ: Ճիշտ է տասներկու տարի այդ քաղաքը
եղել է իր նստավայրը: Բայց ինչ է արել ինքը Երվանդաշատում: Նստել է,
հրամայել, որ հայ նահապետները բերեն տերունական հարկը, ապա

10

հայոց բարիքը լցրել է ռազմակառքերի մեջ ու տարել Անտիոք, որ հանձնի
Սելևկյաններին: Պարզվում է, որ ինքը եղել է միայն հարկահավաք:
Արտաշեսը ինչպե՞ս է հանդուրժել այդ նվաստացումը: Իսկ
Երվանդաշա՞տը: Հայերի աչքին այն հարկերի հավաքավայր է և ոչ թե
քաղաքամայր:
Չէ, չի կարելի թագադրվել Երվանդաշատում: Մարդիկ չեն հավատա,
կկարծեն, թե ես նույն հարկահավաքն եմ` այժմ արդեն թագակիր: Ինչո՞ւ
մինչև հիմա չեմ մտածել այդ մասին: Բայց ո՞ւր գնալ, որտե՞ղ թագադրվել:
Ես մայրաքաղաք չունեմ: Ափսոս, մի քանի օրում չես կարող
մայրաքաղաք կառուցել:
Արտաշեսի ձիու սմբակը դիպավ ինչ-որ քարի և անհաճո ձայն հանեց:
Քարը թռավ ճանապարհից դուրս:
Արքան նկատեց, թե ինչպես թռավ քարը: Քմծիծաղ տվեց, քորեց քիթը ու
սկսեց բարձրաձայն ծիծաղել: Դրանիկ գնդի պետը իր ձին մոտեցրեց
Արտաշեսին և հրամանակատար պարտականությամբ ասաց.
-Լսում եմ, արքա:
-Ի՞նչ ես լսում, Մաղխաղ:
-Դու ձայն տվիր ինձ:
-Ես ծիծաղեցի, Մաղխաղ:
-Ծիծաղելն էլ կանչ է, տեր իմ:
- Հավանաբար դու իրավացի ես, Մաղխաղ, իմ ձիու սմբակի տակից մի
քար դուրս թռավ, և ես չկարողացա պահել ծիծաղս: Այդ պահին ես
մտածում էի Երվանդաշատի մասին: Մտադիր էի այդ քաղաքը դուրս
վանել իմ մտքից: Ձիս օգնեց ինձ վերջնական վճիռ կայացնելու:
Ճանապարհին ընկած փոքրիկ քարը խանգարում էր ընթացքը, և ձիս իր
սմբակով դեն նետեց այն: Ես էլ պարտավոր եմ թողնել Երվանդաշատը,
որովհետև այն իմ մայրաքաղաքը չէ: Այդ քաղաքի հետ կապված հուշերը
ինձ չեն ուրախացնում: Այս պահից Երվանդաշատը իմ նստավայրը չէ:
Հենց հիմա շտապիր Սմբատի մոտ և հայտնիր, որ զորաբանակի գլուխը
թեքի դեպի Աշտիշատ:
Քիչ անց զորապետ Սմբատը ներկայացավ Արտաշեսին և զարմանքը
չթաքցնելով, ասաց.
- Տեր իմ, ես ու դու շատ անգամ ենք ճամփա ելել: Բայց միշտ էլ նախապես
գիտեինք, թե ուր ենք գնում: Հիմա ի՞նչ պատահեց քեզ: Ճանապարհից ետ
դառնալը լավ նշան չէ:

11

- Հանգստացիր, զորապետ, մենք ետ չենք դառնում, մենք միայն փոխում
ենք ճանապարհի ուղղությունը, մենք խոտորվել ենք… Երվանդաշատում
ես անելիք չունեմ:
- Արքա, քեզ դիմավորելու համար հայոց նահապետները հիմա շտապում
են Երվանդաշատ:
- Սուրհանդակներ ուղարկիր և հայտնիր նրանց, որ հավաքվեն
Աշտիշատում:
- Իսկ ինչո՞ւ Աշտիշատում: Դու Երազավանում քո խոստացած զոհերը
մատուցեցիր Արամազդի տաճարին: Ավելի պատշաճ չէ՞ թագավորելուց
հետո գնալ դիցավան Աշտիշատ:
- Չէ, Սմբատ, Աշտիշատը Հայոց աշխարհի դիցավանն է, իսկ ինձ համար
այն նաև հարազատ տուն է, այնտեղ է թաղված իմ հայրը` Զարեհը,
այնտեղ են իմ նախնիների շիրմաքարերը: Թող հորս ոգին տեսնի իմ
թագը և հովանի լինի ինձ: Մարդն ուժեղ է իր տոհմածառով: Նախնյաց
շիրիմները միայն պատմություն չեն, այլ մեր կյանքի մի մասը: Որտեղի՞ց
եմ սկսվում ես: Ինձնի՞ց: Ոչ: Ես իմ հոր բազուկների մեջ եմ մեծացել ու
արիացել: Նա մեռած է միայն ուրիշների համար, իսկ ինձ համար միշտ էլ
ողջ է: Նա ինձ հետ էր նաև Մագնեսիայում: Հայրերի շիրիմները
մոռանում են նրանք, ովքեր աղտոտում են իրենց հոգին ու մարմինը: Ես
իմ գլխին թագ կդնեմ հորս շիրմաքարի վրա: Այնպես որ, ասպետդ իմ
թագադիր, չկարծես, թե միայան ինձ ես թագադրելու: Դու կթագադրես
նաև իմ հորը, իմ այն նախնիներին, որոնք թագի համար էին ծնվել, բայց
թագ չկրեցին կյանքում:
Այդ մարդկանց ոգիները հավաքված են այնտեղ` Աշտիշատում:
Ես հասկացա միտքդ, տեր իմ, - ասաց Սմբատը, և, հրաժեշտ տալով,
ասպատակեց ձին:
Արտաշեսը գլուխը թեքեց ու նկատեց Մաղխաղին: Նժույգի վրա նա նստել
էր հրամանի պատրաստ դիրքով: Արտաշեսը սիրում էր իր դրանիկ գնդի
հրամանատարին: Մաղխաղը կարող էր արքայի կողքով ժամերով
շարժվել և ոչ մի ձայն չհանել: Նա ոչ ավելորդ տեղը հաճոյախոսում էր, ոչ
էլ ընդհատում արքայի մտորումները: Արքաների մոտ լռելու համար մեծ
կամք է պետք: Իսկ Մաղխաղը գիտե լռել: Նա գիտե նաև, որ իր լռությամբ
շահում է Արտաշեսի սիրտը:

12

Իրիկնադեմին զորական թափորը վրան զարկեց մի մեծ դաշտում: Մինչ
զինվորներն զբաղված էին խարույկներ վառելով, զորավար Սմբատն
արքային ներկայացավ մի քանի օտարականների հետ:
-Ովքե՞ր են, - հարցրեց Արտաշեսը:
- Հռոմեացիներ, - պատասխանեց Սմբատը, - ահա նա, ծաղկավոր
տունիկա հագածը, դեսպանական առաքելություն ունի:
Արտաշեսը Սմբատի և հռոմեացու հետ առանձնացավ իր վրանում:
Հռոմեացին արքային մեկնեց գորշագույն մի գրտնակ: Արտաշեսը
կարդաց գիրը, բայց դեմքի ոչ մի շարժումով ցույց չտվեց իր
ուրախությունը: Հռոմի ծերակույտը ճանաչում է Արտաշեսի
անկախությունը: Միաժամանակ արքան հասկանում էր, որ հռոմեացին
չէր եկել միայն իրեն շնորհավորելու:
Հռոմի ծերակույտն ինչո՞ւ պետք է ձրի շնորհավորանքներ ուղարկեր
Հայք: Հավանաբար այս հռոմեացին շատ բան ունի ասելու: Հռոմը սիրում
է իր հատու խոսքն ասել հանկարծակի: Ճիշտ է, Հռոմի ձեռքը հիմա
Հայքին չի հասնի, բայց եթե զորավոր դառնա…
Դեսպանը զարմացավ արքայի սառնասրտությունից, բայց աշխատեց
ինքն էլ սառնասիրտ երևալ:
- Ծերակույտը Մեծ Հայքը ճանաչում է որպես ինքնուրույն տերություն,
քեզ էլ` քո երկրի օրինավոր տերը: Մենք ուրախ ենք, որ քո տերության
քաղաքներից դուրս քշեցիր Սելևկյան պաշտոնյաներին: Բայց
ծերակույտը համոզված է, որ Անտիոքոսը կդիմի քո օգնությանը, - ասաց
նա:
- Հիմա ամենքը գիտեն, որ ես չեմ ճանաչում Անտիոքոսի իշխանությունը,
- դեսպանին ընդհատեց Արտաշեսը:
- Այո, դա ճիշտ է, բայց Անտիոքոսը նեղության մեջ է, նա պետք է
մեկուկես բյուր տաղանդ ռազմատուգանք տա Հռոմին: Եթե Հայքը չօգնի`
նա չի կարող ձեռք բերել այդ գումարը:
- Հայքը Անտիոքոսին ոչ մի ոսկի էլ չի տա, դեսպան, բայց դուք`
հռոմեացիներդ զարմանալի մարդիկ եք, չէ՞ որ եթե ես ոսկի տայի
Անտիոքոսին` նա կմարեր իր պարտքը:
Իսկ դուք ամեն ինչ անում եք, որ Անտիոքոսը չկարողանա դա անել: Դուք
զարմանալի պարտատեր եք, դեսպան:
- Դա տարօրինակ է թվում ուրիշներին, արքա, իսկ Հռոմի համար
Սելևկյանների տկարացումը ավելի կարևոր է, քան մեկուկես բյուր

13

տաղանդ ստանալու հեռանկարը: Միևնույն է, Անտիոքոսը ամեն ինչ
կանի ռազմատուգանքը վճարելու համար:
Արտաշեսը հավաստիացրեց հռոմեացուն, որ ինքը չի օգնի Անտիոքոսին:
Սակայն դեսպանը առավել կարևուր բան ուներ հաղորդելու.
- Հռոմը ճանաչում է նաև Ծոփքի ինքնուրույնությունը և Զարեհի
անկախությունը: Կարծում եմ այս լուրը նույնպես կուրախացնի քեզ:
- Ոչ, դեսպան, դա ինձ չի ուրախացնում: Մեծ Հայքն էլ է Հայք, Ծոփքն էլ է
Հայք: Մենք մի տերություն պիտի դառնանք: Ինչո՞ւ պետք է մի
ժողովուրդը մի քանի տերություն ունենա: Դուք` հռոմեացիներդ,
կհանդուրժեի՞ք երկու Հռոմի գոյությունը:
- Հռոմն ուրիշ է արքա, Ծոփքի օրինական տերը Զարեհն է, որ
թագավորազն է այնպես, ինչպես` դու:
-Բայց Հայքը պիտի մի թագ ունենա, դեսպան:
-Հայքն արդեն ուրիշ թագ էլ ունի, արքա:
- Նշանակում է` դու արդեն եղել ես Արշամաշատում և Զարեհին
շնորհավորելուց հետո ես ժամանել ինձ մոտ:
- Այո, արքա:
- Արտաշեսն շտապեց ավարտել զրույցը: Չի կարելի շատ բան հայտնել
հռոմեացուն:
Սմբատն ուղեկցեց հռոմեացուն, իսկ Արտաշեսը, մնալով մենակ, թիկն
տվեց ճամփորդական պատգարակին:
Վրանի դռան վարագույրի տակից երևում էին պահակող զորականի ետ
ու առաջ շարժվող մուրճակները:
Հռոմեացի դեսպանի անսպասելի հայտնվելը և հանդարտաբարո զրույցը
վրդովեցրեց Արտաշեսին: Արքայությունը թագից չի սկսվում, այլ` այն
հոգսերից, որոնց մի մասը քոնն է, մյուսը` ժառանգել ես քո նախնիներից:
Զարեհն շտապել է թագադրվել Արտաշեսից առաջ: Ո՞վ չի անի այդպես:
Ինչո՞ւ ուշացնես գլխիդ դնել այն թագը, որ շնորհում են քեզ: Դե Զարեհն էլ
Երվանդունի է և ունի արծվենի քիթ, ինչպես Արտաշեսինն է: Ամեն մարդ
կցանկանար մեծաթիվ տեսնել իր աղխը, իր տոհմը: Բայց ահա
երվանդական քթերի առատությունից չեն շահում հայերը: Աշխարհում
կա մի Հռոմ, մի պարթևաց աշխարհ, մի Ասորիք, մի Գամիրք, բայց` չորս
Հայք` Մեծ Հայք, Ծոփք, Փոքր Հայք և Կոմմագենե: Խենթացե՞լ են
աստվածները, ինչ է: Ինչո՞ւ են մի երկիրը չորս մասի բաժանել: Մեծ Հայք,
զավեշտական չէ՞: Հռոմեացիներն իրենց տերությունը չեն կոչում Մեծ

14

Հռոմ, իսկ հայերն իրենց երկիրը բաժանել են չորս մասի և այդ չորսից
մեկը անվանել Մեծ Հայք: Չէ, չորս Հայքով հայը չի կարող դիմագրավել
զորեղներին: Պետք է միավորել երկիրը: Արամազդի պատգամախոսը
լռեց ու ոչինչ չասաց այդ մասին: Բայց ես չեմ լռի և կգործեմ, կմիավորեմ
բոլոր հայերին, կջնջեմ թիկունք-թիկունքի տված հայոց լեռներով անցնող
կեղծ սահմանները:
Ամեն ժողովուրդ մի թագ պիտի ունենա և ոչ թե` չորս:

Ես կհամոզեմ Զարեհին: Նա կհասկանա, նա պարտավոր է հասկանալ:
Իհարկե, հռոմեացիներին հաճո է Հայքը տեսնել մասնատված, չորսին
հաղթելն ու ստրկացնելն ավելի դյուրին է, քան` մեկին: Ես կխառնեմ
Հռոմի և Ասորիքի հաշիվները, կմիավորեմ չորս Հայքերը, կմիավորեմ
խաղաղությամբ, առանց բախումի: Թույլ չեմ տա, որ հայ զինվորը հայ
զինվորի դեմ նիզակ ճոճի, չի էլ ճոճի: Մեծն ու արին Արամազդը
պատվիրեց ինձ բարությամբ վարել տերության գործերը: Բարի, բարի,
բարի: Վատ չէ: Ես կսովորեցնեմ, որ Սմբատը թագադրելու ժամանակ ինձ
հռչակի Բարի Արտաշես, ժողովուրդը կլսի ու կտարածի իմ մականունը:
Ինձ Բարի Արտաշես կկոչեն նաև մոտ ու հեռու հարևանները: Մարդը
հաճախ հաջողության է հասնում նաև իր անունով: Իսկ ինձ` թագակիր
արքայիս, Բարի մականունը շատ բան կտա: Ինձ կհավատան չորս
Հայքերի բոլոր հայերը: Սմբատը կհաստատի, որ ինձ այդ անունով է կոչել
ինքը` Հայոց ամենամեծ աստված Արամազդը:

Արտաշեսի միտքը կլանվեց Բարի մականունով: Նա ոչ ոքի չընդունեց իր
վրանը: Երբ Մաղխաղը հիշեցրեց արքային, որ նա կեսօրից հետո ոչինչ չի
կերել, Արտաշեսը պատասխանեց.
- Լավ, հրամայիր թող ուտելիք բերեն, հրավիրիր նաև Սմբատին:
Ապա զարմացավ, իմանալով, որ կեսգիշերն արդեն վաղուց է անցել:
Հաջորդ օրը կեսօրին Արտաշեսին ներկայացավ Անտիոքոսի
զորապետներից մեկը` Սակուսը:
Եկել էր Անտիոքից: Արտաշեսին նա հաղորդեց Անտիոքոսի ողջույնները
և շնորհավորեց որպես Մեծ Հայքի արքա: Եկել էր առանց թղթի:
Արդարացրեց նրանով, որ Արտաշեսն անձամբ ճանաչում է Սակուսին, որ
Անտիոքոսն ու Արտաշեսը մտերիմ մարդիկ են, իսկ գրություններ
փոխանակում են օտարները: Ասաց, որ եթե մտերիմները նստեն դեմ-

15

դիմաց և գրավոր խոսեն միմյանց հետ` կապացուցեն, որ իրենք մտերիմ
չեն:
Սելևկյան տիրակալը, սակայն, հազիվ թե ձրի ողջույններ ուղարկեր
Արտաշեսին: Եվ արքան սպասում էր, թե Սակուսը երբ կհայտնի իր գալու
հիմնական նպատակը: Սելևկյան զորապետը չուշացրեց.
- Արքա, Մեծն Անտիոքոսը միշտ սիրել է քեզ, դա կարող են հաստատել
ամենքը: Մագնեսիայից հետո մենք ընկանք ծանր վիճակի մեջ:
Անտիոքում, ինքդ էլ գիտես, որ այդքան ոսկի չկա հռոմեացիների
ռազմատուգանքը վճարելու համար: Անտիոքոսն ինձ ուղարկել է քեզ
մոտ` հուսալով, որ դու կօգնես քո բարեկամին: Հազար տաղանդ տուր
մեզ, Անտիոքոսը խոստանում է վերադարձնել այն երեք տարի հետո:
Սակուսն այլևս չշարունակեց: Ասենք` ավելացնելու բան էլ չուներ:
Արտաշեսը մեկեն չարձագանքեց: Անտիոքոսն, իրոք, միշտ էլ
բարեկամաբար էր վերաբերվել իրեն: Բայց Արտաշեսը գիտեր, որ այդ
բարեկամությունը հենված էր շահի վրա: Սելևկյան տիրակալի
գանձատունը Մեծ Հայքից հարկերը ստանում էր ժամանակին:
Անտիոքոսը դրա համար էր սիրում Արտաշեսին: Եվ միայն դրա համար:
Իսկ հիմա ուղարկել է իր զորապետին և դրամ է խնդրում: Եթե
Արտաշեսը համոզված լիներ, որ Անտիոքոսը երեք տարի հետո
կվերադարձներ պարտքը` հենց հիմա հազար տաղանդ կհանձներ
Սակուսին: Բայց ինչո՞վ ես համոզված, որ երեք տարի հետո Անտիոքոսը
չի հայտնի, թե Արտաշեսը ոչ թե դրամ է փոխ տվել, այլ իր պարտքն է
տվել, որ Մեծ Հայքը Սելևկյանների ստրատեգությունն է և պարտավոր է
պարտք վճարել: Ի՞նչ իրավունքով է պարտապանը պարտատեր
դառնում: Չէ, այսօր խեղճացած Անտիոքոսը վաղը կարող է հոխորտալ և
Արտաշեսի հետ խոսել նախկին տիրոջ իրավունքով: Ընկածին կարելի է
օգնել ոտքի կանգնելու: Բայց ընկած էլ կա, ընկած էլ: Անտիոքոսի ոտքի
կանգնելը հազիվ թե օգուտ տա Արտաշեսին:
Սակուսը նայում էր արքայի դեմքին ու չէր կարողանում կռահել, թե ինչ
պատասխան կտա նա: Այնքան խաղաղ ու հանգիստ էր Արտաշեսի
դեմքը:
- Չէ, Սակուս, - վերջապես ասաց արքան, - ես դրամ չունեմ Անտիոքոսին
տալու: Հիմա ինձ ավելի շատ դրամ է պետք, քան նրան: Ես շատ գործեր
ունեմ անելու, բայց հետաձգում եմ դրամ չունենալու պատճառով:

16

Սակուսը հանգիստ ընդունեց Արտաշեսի մերժողական պատասխանը,
սիրալիր հրաժեշտ տվեց և առանց հապաղելու շտապեց վերեդառնալ
Անտիոք:
Չանցած երկու ժամ զորապետ Սմբատը մոտեցավ Արտաշեսին և
զեկուցեց.
- Հիմա էլ հայտնվեց Զարեհի դեսպանը: Նա Արշամաշատից բերել էր
Զարեհի շնորհավորանքները և հույս ունի, որ դու էլ քո
շնորհավորանքները կհղես Ծոփքի արքային:
- Ասպետդ իմ Սմբատ, - ասաց Արտաշեսը, - մենք սկսել ենք ոտքի վրա
վճռել տերունական հարցերը: Սա դուր չի գալիս ինձ: Հռոմեացիների և
Սելևկյանների հետ ոտքի վրա խոսելը դեռ ոչինչ: Բայց ես չեմ կարող Մեծ
Հայքի ու Ծոփքի վեճը լուծել նժույգի վրա նստած: Զարեհի դեսպանին
ընդունել չեմ կարող: Ես ու Զարեհը միմյանց շնորհավորելու բան չունենք:
Մենք պետք է խոսենք դեմ-դիմաց, ես ու Զարեհը, բայց ոչ ես ու Զարեհի
դեսպանը:
- Բայց ես ինչպե՞ս ետ դարձնեմ դեսպանին, - հարցրեց Սմբատը:
-Հաճոյախոսությամբ, առանց ընծաներ փոխանակելու:
- Դու կարծում ես, թե կարող ես համոզել Զարեհին, որ նա հրաժարվի՞ իր
թագից:
- Դեռ շուտ է նրան կշտամբելը: Հիշո՞ւմ ես, Մագնեսիայում ինչ
կատարվեց: Զարեհը ջանում էր Ծոփքի իր զորաբանակով առանձին
ճակատ ստեղծել հռոմեացիների դեմ, բայց հենց որ զգաց շրջապատման
վտանգը, շտապեց միանալ մեզ և նահանջել մեր օգնությամբ:
- Այդպիսի վտանգ հիմա չկա:
- Ծոփքի համար Անտիոքոսը միշտ էլ վտանգ է ներկայանում:
Ոչ ոք չի օգնի Զարեհին, և նա միայնակ կմնա այնպես, ինչպես միայնակ
մնաց Մագնեսիայում:
Սմբատը գնաց կատարելու արքայի հրամանը:
Արտաշեսը փորձեց արդարացնել ինքն իրեն: Ճիշտ է, լավ բան չէր
արքայական շնորհներ չընդունելը: Բայց իր ինչի՞ն են պետք Զարեհի
թանկարժեք ընծաները: Այդ ընծաներն ընդունելով` Արտաշեսը
կհաստատեր Զարեհի արքայական իրավունքները: Չէ, ամեն ինչ չէ, որ
պետք է լուծել անմիջապես: Արամազդի քրմապետի` սուր ու բութ շեղբով
թուրը հենց այնպես, պերճանքի համար չէր կախել կողքից: Զարեհին նա
ցույց տվեց իր սրի բութ կողմը: Եվ աներկբայելիորեն կշահի դրանից: Ո՞վ

17

է հաղթում կյանքում` արա՞գ, թե դանդաղ վազողը: Ամենքին չէ, որ
հաջողվում է արագ վազելով հեռու գնալ: Նրա ոտքի տակ կարող է մի
փոքրիկ քար ընկնել, նա կսայթաքի և կընկնի` ջարդելով ոտքը: Իսկ
դանդաղ վազողը կնկատի ճանապարհին ընկած մեծ ու փոքր քարերը:
Երևի Զարեհը կհամառի և չի հրաժարվի իր թագից: Նա կարող է այսպես
ասել. «Երկուսիցս մե՞կը պիտի լինի արքա: Իսկ ինչո՞ւ դու` Արտաշեսդ, և
ոչ թե ես` Զարեհս»: Ոչինչ, ես կպատասխանեմ Զարեհի այդ հարցին.
«Արի դու դարձիր միավորված մեր հայրենիքի արքան»: Նա կասի. «Բայց
Մեծ Հայքի նահապետները չեն ընդունի Զարեհին, բայց Ծոփքը կընդունի
Արտաշեսին: Հոր մահից հետո ավագ եղբայրն է դառնում գերդաստանի
տերը»:
Արտաշեսին թվաց, թե շատ հոգնեցրեց իր միտքը:
Ինչ է ստանում մարդը խոհի կրկնությունից: Ոչինչ: Բայց աստվածները
մարդուն այդքան երկար կյանք չեն տվել: Ինչո՞ւ կրկնես ինքդ քեզ,
կրճատես կյանքդ: Երբ զգում ես, որ կրկնում ես` ուշքի եկ, թափ տուր քեզ:
- Մաղխաղ, - ձայնեց արքան:
- Լսում եմ, արքա, - ձիու երասանը քաշելով` արձագանքեց Մաղխաղը:
- Մենք արդեն մոտենո՞ւմ ենք Աշտիշատին:
- Այո, արքա, տեղ կհասնենք քառորդ ժամ հետո:

ՍԱՀՄԱՆԱՔԱՐԵՐ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵԶՐԵՐՈՒՄ

Կապուտան ծովակից մինչև Կասպքի ափը, ուր թափվում է Կուր գետը,
նժույգով կարող ես հասնել երեք օրում: Դու կելնես Պարսպապատունքից,
կանցնես Փայտակարանով ու կմտնես Կասպք: Չես կարող ասել, թե ինչ
են Պարսպապատունիքը, Փայտակարանն ու Կասպքը, ոչ գավառներ են,
ոչ աշխարհներ: Մեկ սեղմվում են` դառնում գավառներ, մեկ
ընդարձակվում` դառնում աշխարհ, նայած թե իշխողների սուրը ինչքան
է կտրում: Այս մեծ երկրամասում նահապետներն իրենց կալվածքները
սահմանագծում են սրի ուժով: Հայկական հողեր են, նահապետները`
հայ: Երբ գահերեց Երվանդունիների գործերը վատթարանում են` այս
երկրամասի նահապետներից յուրաքանչյուրը իրեն ինքիշխան է

18

հայտարարում, դառնում իր գավառի արքան: Հարևան Ատրպատականը
չէր խանգարում նրանց: Թույլ էր, չէր կարող նվաճել ու ենթարկել իրեն:
Նաև դժվար էր, հայերը չէին ենթարկվի ատրպատականցիներին:
Արտաշեսի թագավորությունից շատ առաջ այս մեծ երկրամասում
ստեղծվել էր մի ինքնակոչ թագավորություն: Հայքում Հայք էր ստեղծվել,
բայց ստեղծողը տերությունը կոչել էր իր անունով` Զարդմանոսի
թագավորություն: Զարդմանոսը թագադրել էր ինքն իրեն: Հայ
Երվանդունիներից տարբերվելու համար իր արքունիքի լեզուն դարձրել
էր պարթևերենը: Եթե հունարեն կամ չինարեն իմանար, տերության
լեզուն կդարձներ հունարենը կամ չինարենը: Բայց նա միայն պարթևերեն
գիտեր: Երիտասարդ հասակում մի քիչ խոսում էր հայերեն, բայց հետո
համառորեն չխոսեց և երբ մոտեցավ հիսունին` գլխի ընկավ, որ
հայերենը կատարելապես մոռացել է: Հարևան տերությունները
չճանաչեցին նրա թագն ու իշխանությունը: Իսկ պարթևաց աշխարհում
զարմացան, թե այս հայը ուրիշ բան չունե՞ր անելու, որ մոռացավ
մայրենին և պարթևերենով է խոսում ու մտածում, չլինի՞ թե աչք է տնկել
Պարթևաց աշխարհին:
Զորապետ Սմբատը հայկական բանակով արշավեց դեպի Զարդմանոսի
թագավորություն, գերի վերցրեց Զարդմանոսին և Պարսպապատունիքի,
Փայտակարանի ու Կասպքի հայկական հողերը վերամիավորեց մայր
երկրին: Զարդմանոսին իր պարթևախոս աղխի ու արքունականների հետ
բերեց Աշտիշատ և հանձնեց Արտաշես արքային:
- Քանի՞ կին ունես, - հարցրեց Արտաշեսը Զարդմանոսին:
-Ինն:
- Եվ քանի երեխա
- Երեսունյոթ:
- Քո ինն կանացից և երեսունյոթ երեխաներից քանի՞սն են խոսում
հայերեն:
-Ոչ մեկը:
- Ես նրանցից յուրաքանչյուրին կուղարկեմ առանձին գավառ, քեզ`
նույնպես:
- Դա դաժան վճիռ է, արքա, դու Բարի անուն ես վաստակել, բայց առանց
գութի իմ ընտանիքի բոլոր անդամներին ցրում ես տարբեր տեղեր:
- Եթե ես բարի չլինեի` կգլխատեի քեզ որպես ապստամբ նահապետի:
Դու ինն հայուհու պարթևախոս ես դարձրել, նրանք այս անգամ

19

կամուսնանան հայերի հետ և նորից հայախոս կդառնան, իսկ քո
երեխաները կմեծանան հայերի մեջ:
-Իսկ ե՞ս:
- Ես թույլ եմ տալիս, ամուսնացիր նաև դու:
- Այս հասակո՞ւմ:
- Այո, հայուհի կնոջդ օգնությամբ կսովորես մայրենիդ, հետո նոր կգտնես
երեխաներիդ:
- Բայց ես հայերեն չեմ կարող սովորել, ուշ է:
- Ուրեմն մինչև կյանքիդ վերջն էլ չես հանդիպի քո երեխաներից ոչ մեկին:
Զարդմանոսը ծնկի իջավ և փորձեց համբուրել Արտաշեսի ոտքերը:
- Չմոտենաս, - սաստեց արքան, - դու պղծել ես քո շրթունքները,
հետևապես պղծել ես նաև հոգիդ ու արյունդ:
Արտաշեսն այդպես վարվեց նաև նրանց հետ, ովքեր ինքնակոչ արքային
դուր գալու համար մոռացել են մայրենին և շաղակրատել պարթևերեն:
Աշխարհում չկա ավելի վատթարագույն բան, քան պաշտոն ու դիրք ձեռք
բերելու համար մայրենին մոռանալը: Հայրենիքի դավաճանությունն
սկսվում է մայրենին ուրանալուց:
Ի՞նչ է հայրենիքը. միայն լեռներ, դաշտեր, գետեր, ծանոթ ճամփաներ ու
մարգագետիննե՞ր, հայր, մայր, քույր, եղբայր, զավակներ և ուրիշ
ազգականնե՞ր:
Ոչ, ոչ: Հայի համար հայրենիքն սկսվում է հայերենից: Այս պերճ ու
լայնալիճ լեզվով դու անկաշկանդ խոսում ես բոլոր աստվածների ու
տիեզերքի հետ: Աշխարհում չկա մի խորհուրդ, որ դժվարանաս
արտահայտել հայերենով: Սիրելու, ատելու, սփոփելու ու շանթելու
համար հազար-հազար նրբերանգ ունի հայերենը:
Մեծն Ալեքսանդրը նվաճեց Հայքը, մարդկանց կոտորեց, բայց հայոց
լեռները մնացին իրենց տեղում: Հայերն ամաչեցին իրենց լեռներից ու
ապրեցին հայերեն: Բայց երևում է, որ դեռ ուշքի չեն եկել, այլապես
Զարդմանոսներ չէին ծնվի:
Ի՞նչ կդառնա Հայքը, եթե այստեղ հայերեն չխոսեն: Նախ երկիրը Հայք չի
կոչվի, ասել է թե` աշխարհում մի աշխարհ կպակասի: Եվ հետո կկորչի
Մասիսի գեղանիստ, հմայիչ կերպարանքը, կփոխվի Արածանու վշշոցը և
Արաքսի աղմուկը, կկեղծվեն Կապուտան, Գեղամա և Վանա ծովակների
ծփանքները, Տափերական դաշտում հովի ականջալուր շնկշնկոցը
կնմանվի ականջ ծակող աղմուկի:

20

Եվ մեղմորեն չեն խշշա հայոց բարդիները:
Եվ Հայքը չի նմանվի Հայքին: Այո, հայերենով ոչ միայն հայն է նմանվում
հային, այլև Հայքը` Հայքին:
Արքան զրույցի նստեց Սմբատի հետ:
- Զորապետ, մինչև ո՞ւր հասար դու:
- Մինչև Կասպքի ափերը, Կուրի գետաբերանը, ապա այնտեղից դարձա
դեպի Կապուտան և շարժվեցի քո պապենական տերության եզրերով:
- Բայց ինչպե՞ս գտար այդ եզրերը:
- Դա դյուրին է, արքա, տերությանդ եզրերը այնտեղ են, ուր վերջանում է
հայերենը: Դա գիտեն նաև իրենք` սահմանագլուխներին գտնվող
գյուղերի ու ագարակների շինականները: Եթե նրանց հարցնես, թե ո՞ւմ
հպատակներն են, նրանք կպատասխանեն. ՙՀայոց թագավորի:՚ Այդպիսի
մի բան պատահեց Կասպքի ափին: Ծեր ձկնորս էր:
Ես հարցրի նրան, թե որտեղ է ծնվել նա: Նա զարմացավ ու ասաց. ՙՈւրիշ
որտե՞ղ պիտի ծնվեի, եթե ոչ այստեղ, Կասպքի ափին, սա ձկնաշատ ծովի
Հայոց ափն է, այստեղ են ծնվել նաև իմ ապուպապերը, այս ափերում
օտարի ոտք չի դիպել՚:
- Բայց այդ հայը Զարդմանոսին ճանաչում էր որպես թագավոր:
- Կասպքի ափերին Զարդմանոսին կատակով են թագավոր անվանում:
-Ինչպե՞ս թե կատակով:
- Հենց այնպես: Սկզբում Զարդմանոսն ասել էր, թե հարկ է հավաքում
Հայոց թագավորի համար:
Հետո հարստություն է կուտակել և, որովհետև մենք էլ մոռացել
ենք երևալ մեր այդ երկրամասում, մտածել է, որ ինքը նման է
թագավորի: Քսան տարուց ավելի է, ինչ նա հայկական տասներկու
գավառներից տուրք է հավաքում: Մի զարմանա, տեր իմ, որ
այդպիսի կարողության տեր մարդը կարող էր իրեն ինքնակոչ
արքա ճանաչել:
- Իսկ եթե գավառների նահապետները նրան տուրք չտայի՞ն:
- Ոչինչ չէր փոխվի, տեր իմ: Իրենք կհարստանային և մեկի
փոխարեն ես կգերեի տասներկու ինքնակոչ արքայի:
-Դա քեզ որևէ բան չի՞ հուշում:
-Ի՞նչ բան:
- Որ մենք պարտավոր ենք չափ դնել նահապետների
հարստության վրա: Ավելորդ պատառը փոր չի պատռի, բայց

21

նահապետների համար ավելորդ պատառը ինքնիշխանության
գրգիռ կառաջացնի:
- Դու իրավացի ես, արքա, ոչ մի ավելորդ պատառ չպետք է թողնել
նահապետների ձեռքում, ոչ Կասպքի ու Կապուտանի ափերում, ոչ
Այրարատում, ոչ Աշտիշատում, ոչ էլ Հայքի որևէ այլ մասում:
- Այո, հիմա զենք ու մթերքի կարիք ունենք, մենք պետք է
Անտիոքոսի նման տերության այս ու այն կողմում շտեմարաններ
ստեղծենք, զորքին մթերք մատակարարելու համար` տերունական
շտեմարաններ:
Բայց մինչ այդ պետք է հաստատուն դարձնենք տերության եզրերը:
- Արքա, Հայքի տերության եզրերը իրենք` աստվածներն են
հաստատել:
- Դառնանք հայերենին, զորապետ: Եթե հայերեն խոսակցության
վերջին սահմաններով գծես մեր տերությունը, ի՞նչ պատկեր
կստանանք:
- Հայքը կդառնա ամբողջական, ոչ Փոքր Հայք կլինի, ոչ` Մեծ Հայք,
ոչ Ծոփք, այլ միայն ՀԱՅՔ: Եվ դա է քո անելիքը, քո սրբազան
նպատակը, Արամազդը քո գլխին թագ է դրել դրա համար:
- Բայց ինչ կարող եմ անել ես: Ծոփքում Զարեհն է համառում,
Փոքր Հայքում էլ` ստրատեգոս Միհրդատը: Եվ մի մոռացիր, որ
նրանք էլ Երվանդունի են, և աստվածները նրանց էլ են թագ դնելու
իրավունք շնորհել:
- Այո, բայց մի երկրի համար չորս թագը շատ է:
- Ու եթե թույլ տաս, Սմբատ, նոր Զարդմանոսներ դուրս կգան, և
կավելանա թագերի թիվը:
- Արքա, երևի մենք պետք է Ծոփքից սկսենք մեր գործերը:
- Ոչ, զորապետ, մենք ճիշտ ենք սկսել: Զարդմանոսն օտարացել է և
մտադիր էր օտարախոս դարձնել մեր հայրենիքի ծայրակալ
գավառները: Ես որոշել եմ ի տես աշխարհի, մեր տերության
եզրերում սահմանաքարեր դնել:
- Ի՞նչ պիտի անենք սահմանաքարերը:
- Պիտի դնենք այնտեղ, ուր վերջանում է հայերեն
խոսակցությունը:
- Եվ ինչպիսի՞ն պիտի լինեն այդ սահմանաքարերը:

22

- Սյունանման, հաստաբեստ, տեսանելի, հազարամյա ամրության
երաշխիքով, միմյանցից քառորդ հրասախ հեռու:
- Իսկ եթե քանդե՞ն:
- Ոչ ոք չի համարձակվի: Եվ այնուամենայնիվ ես հրովարտակ
կարձակեմ, որ տերության թեկուզ մի սահմանաքար տապալողը
կգլխատվի:
- Իսկ եթե օտարները տապալեն:
- Օտարնե՞րը: Դա արդեն պատերազմ է, զորապետ: Եթե օտարը
ներխուժի, պետք է զենքի դիմել և ոչ թե հրովարտակ արձակել:
Իսկ սահմանաքարերը կհիշեցնեն ծայրակալ գավառների հայերին,
որ իրենք պարտավոր են որդոց-որդի հայերեն խոսել և որդոց-
որդի էլ հպատակվել Հայոց արքային: Նրանք կհիշեն նաև, որ
իրենց հայրենիքը վերջանում է այնտեղ, ուր Արտաշես արքան
սահմանաքար է դրել:
- Իսկ Ծոփքի և Փոքր Հայքի կողմերո՞ւմ:
- Առայժմ այնտեղ մենք ոչինչ չենք անի: Այդ կողմերում մենք
սահմանաքարեր կդնենք, երբ Հայքն ամբողջական կլինի: Մենք
մեր գործը կսկսենք Կապուտանից ու Կասպքի ափերից և Կուր
գետի հոսանքով կբարձանանք դեպի հյուսիս:
Աշտիշատի արքայական գերեզմանատանը կողք-կողքի երկու
շիրմաքար կա: Մեկի տակ թաղված է Արտաշես արքայի հայրը
Զարեհը, մյուսի տակ` Ծոփքի արքա Զարեհի հայր Արտանեսը:
Երկուսն էլ ստրատեգոսներ են եղել, մեկը Մեծ Հայքում, մյուսը`
Ծոփքում:
Բայց ոչ Զարեհն է ցանկացել թաղվել իր նստավայր
Երվանդաշատում, ոչ էլ Արտանեսը` Ծոփաց Արշամաշատում:
Երկուսն էլ Երվանդունի արքայատոհմի հեռավոր շառավիղներից
են եղել, չնայած ոչ Զարեհն է Արտանեսին ազգակից համարել, ոչ
էլ Արտանեսը` Զարեհին: Ավելին, նրանք չէին սիրում միմյանց,
չնայած երկուսն էլ հայ էին, երկուսն էլ ծառայում էին
Սելևկյաններին: Բայց թաղվել են այստեղ, Աշտիշատում, կողք-
կողքի և մահից հետո հաշտ ու խաղաղ հարևանություն են անում:
Սմբատ զորապետն Արտաշեսի գլխին թագ դրեց այս շիրմաքարի
մոտ: Հայ նահապետներին թվաց, թե թագադրությանը
մասնակցում են Զարեհ և Արտանես ստրատեգոսները:

23

Թագադրությունից հետո Արտաշեսը հրավիրեց Զարեհին, որ նա
գա Աշտիշատ:
«Եկ, զրուցենք մեր հայրերի շիրիմների մոտ», ասել էր Արտաշեսը:
Բայց Զարեհը չեկավ: Նա պատասխանեց, որ ինքն Աշտիշատում
ոչինչ չի թողել: Բարեկամական հրավերին Զարեհը պատասխանեց
ռազմի մեծ պատրաստությամբ և նույնիսկ օգնական զորք խնդրեց
հարևան Գամիրքից: Ծոփքի արքային թվում էր, թե ուր որ է
Արտաշեսը կհարձակվի և կզրկի իրեն գահից ու թագից: Բայց Մեծ
Հայքի արքան Ծոփքի հետ կռվելու մտադրություն չուներ: Միայն
հասկացավ, որ, եթե գլխին թագ դնելուց հետո այցի չեկավ հոր`
Արտանեսի շիրմին, Զարեհը կտրում է կապերը ոչ միայն տոհմի,
այլև` Արտաշեսի հետ:
Կտրում է, որպեսզի պահպանի իր թագը, կտրում է, որպեսզի
թագավոր մնա և ոչ թե նորից դառնա ստրատեգոս կամ նման մի
բան:
Արտաշեսը բազում վճիռներ մտմտաց, ծանրութեթև արեց և
նախապատվություն չտվեց ոչ մեկին: Բայց զորապետ Սմբատն
օգնեց նրան.
- Տեր իմ, ավելի լավ է սահմանաքարեր դնենք հարավում,
արևելքում ու հյուսիսում:
- Իսկ Զարե՞հը:
- Թող այժմ նա վայելի իր թագը: Եթե դու Մեծ Հայքը մեծ
տերություն դարձնես` Ծոփքն այլևս անլուծելի խնդիր չի լինի քեզ
համար:
- Բայց հիմա, հիմա…
- Հիմա պետք է միայն շնորհավորել Զարեհին և սիրալիր խոսքեր
ասել նրան:
-Դա անկարելի է, զորապետ:
- Բայց դա կլիներ խոհեմագույնը:
- Մեկնիր միտքդ:
- Եթե դու թշնամանաս Զարեհի հետ` նա կբարեկամանա
Գամիրքին, գուցե նաև` Սելևկյաններին: Դրանից Մեծ Հայքը չի
շահի: Իսկ քո և Զարեհի բարեկամությունից կշահեն երկու մարդ`
դու և Զարեհը կշահի տասն անգամ, դու` հարյուր:

24

Կապուտան ծովակից արևմուտք, բարձրանիստ լեռնալանջին
Քարկերտ գյուղն է կպել այնպես, ինչպես վահանը` զորականի
կրծքին: Այստեղ վերջանում է Հայքը, լեռան մյուս կողմից սկսում է
Ատրպատականը: Գյուղից վերև, սարի գագաթին մի քանի օր
առաջ հայ զորականները շինականների օգնությամբ մի հսկա
հուշասյուն դրեցին:
Դրեցին, ասացին սահմանաքար է ու գնացին: Քարկերտցիներն,
այնուամենայնիվ, ուզում էին հասկանալ, թե Արտաշես արքան
ինչո՞ւ է իր բան ու գործը թողել և զինվորներին ուղարկել, որ այս
մեծ քարը բարձրացնեն սարի վրա: Քարկերտի սարը հենց ինքը
նման է սահմանաքարի, էլ ի՞նչ կարիք կա նոր քար բերել:
- Հայոց տերության սահմանն այստեղ է, - ասել էին զորականները:
- Բայց ո՞վ չգիտեր, որ այս կողմերում Քարկերտը Հայքի վերջին
գյուղն է: Զորականների գլխավորը հայտնել էր, որ մի քանի օր
հետո Քարկերտ կգա Արամազդի քրմերից մեկը և կասի, թե
սահմանաքարն ինչու են տնկել սարի գագաթին:
- Եթե սահմանաքարից այս կողմը որևէ մեկը հայերեն չխոսի`
արքան կպատժի նրան, - ավելացրել էին զորականները:
- Եվ շինականներն ուզում էին կռահել Արտաշես արքայի միտքը:
Չէ, այստեղ մի բան կլինի, թե չէ` պալատներ կառուցելու
փոխարեն արքան ինչո՞ւ պետք է այս մեծ ու գեղեցիկ հուշասյունը
բերեր Քարկերտ:
Մինչև քուրմը գյուղ կհասներ` անհամբեր քարկերտցիները
գնացին-եկան սահմանաքարի մոտ: Շինականներից մեկն ասաց.
- Այս հուշասյունը Արտաշես արքայի բանը չէ, սա ինքը` Մեծն
Արամազդն է ուղարկել: Աստված երևի փորձում է մեր
նվիրվածությունը:

Արամազդը չի հավատա մեր դատարկ խոսքին, - իր կարծիքը
հայտնեց մի ուրիշ շինական:

Մյուսները վրա տվին.

- Եկեք զոհ մատուցենք մեր հուշասյունին:

- Երինջ մորթենք, երինջ մորթենք…

25

- Մորթենք, բայց ոչ թե մեկը, այլ երեքը:

Եվ մորթեցին:

- Երբ քուրմը Քարկերտ հասավ` շինականները հուշասյան շուրջը
խենթ կերուխում էին սարքել: Խաղողահյութից քուրմի գլուխը
տաքացավ այնքան, որ նա մոռացավ հրովարտակ ու հուշասյուն և
սկսեց գոռալ.

- Արտաշես արքայի հրամանով ամենքը պարտավոր են համբուրել
այս հուշասյունը:

- Ասաց ու սկսեց ինքը համբուրել քարը: Նրան հետևեցին
գինովցած շինականները:

Այդպիսի կերուխում լինում էր հին ուխտավայրում միայն:

ՀԱՆՆԻԲԱԼ

Բարկանալ հայերեն ու փյունիկերեն նշանակում է տաքանալ,
զայրանալ, կայծակնել: Հայոց աշխարհում ամենից շատ
զայրանում է երկինքը: Այստեղ են լինում ահագնասաստ
որոտներն ու շանթող կայծակները: Այստեղից է սկսվում
աշխարհի շարժը: Ասում են` ամենից շատ բարկանում ու կայծակ
է թափում Մեծն Արամազդի թոռ Բարկ կամ Կայծակ աստվածը:
Նա ապրում է Մեծ Մասիսի վիհում: Նրա արթուն մնալուց ու խոր
քուն մտնելուց սարեր կարող են փլվել:
Երբ խոր քուն է մտնում` երկրաշարժ է լինում, երբ արթուն է
մնում` զբոսանքի է դուրս գալիս երկնի կապույտները և իր շուրջը
տարածում որոտ ու կայծակ: Մի անգամ այս Բարկ աստվածը
երկնային շրջագայության ժամանակ հետը տարել էր կրտսեր
որդուն: Բարկը տարվել է իր շանթ ու կայծակով և մոռացել ու
ամպերի մեջ թողել որդուն: Վերջինս հոգնել ու քնել է ամպի մի
քուլայի վրա, հետո մեղմիվ իջել Փյունիկիայում, որ Մեծ ծովի

26

ափին էր: Բարկի որդին այլևս չվերադարձավ Հայոց աշխարհը,
մնաց Փյունիկիայում և ստեղծեց իր տոհմը` Բարկա անունով:
Փյունիկիայում ոչ ոք չի հիշում, թե Բարկան երբ իջավ երկնքից:
Սակայն ոչ Բարկան, ոչ էլ նրա հետնորդները ամբողջովին
չհաստատվեցին Փյունիկիայում: Բարկաների մի մասը նավ
նստեց, կտրեց Մեծ ծովի մի ափից մյուսը և հայտնվեց Աֆրիկայի
ՙքթին՚` Կարթագենում: Այստեղ հասած Բարկաներն ու մյուս
փյունիկեցիները աստաված չէին, այլ սովորական մարդիկ:
Բարկաները, այնուամենայնիվ, ոչ իրենց անունից հրաժարվեցին,
ոչ էլ իրենց աստվածային ծագումից:
Հաննիբալ Բարկան ծնվեց Կարթագենում: Նա գիտեր, որ իր
պապերը շատ հարյուրամյակներ առաջ եկել են Փյունիկիայից:
Սակայն Բարկաների տոհմը չփայլեց Փյունիկիայում: Իսկ
այստեղ` Կարթագենում, Բարկաները դարձան աստվածային
զորությամբ օժտված դեմքեր:
Բարկաները հզոր էին ինքնին, իսկ Կարթագենի հզորությունը
պայմանավորված էր Բարկաների հզորությամբ: Կարթագենը Մեծ
ծովի հարավային ափին էր, Հռոմը` հակառակ, հյուսիսային ափին:
Հռոմին թվում էր, թե Մեծ ծովի ափին ինքը առյուծ է, մնացած
տերությունները` նապաստակներ: Բայց ահա Բարկաները
շարժեցին իրենց սրերն ու տեգերը և ՙնապաստակ՚ Կարթագենը
ձեռք բերեց առյուծի ատամներ, որոնցով նա կարող էր հոշոտել
նույնիսկ Հռոմին: Մեծ ծովի ավազանն սկսեց փոթորկվել: Իրար
դեմ ելան Հռոմն ու Կարթագենը: Հաղթողը պիտի դառնար
սքանչելի ծովավազանի տերը, աշխարհի կեսի թագակիրը:
Կարթագենյան բանակը նվաճեց Իբերիա-Իսպանիան և սկսեց
երկու տերությունների անհանգիստ հարևանությունը ցամաքում:
Հաննիբալի ծննդյան տարին հենց այնպես, սովորական թվական
չէր: Այդ ժամանակ Կարթագենը շարունակում էր Պունիկյան
առաջին պատերազմը: Տասյոթերորդ տարին էր, ինչ միմյանց օձիք
էին քաշում երկու տերությունները: Հենց այդ տարում Հաննիբալի
հայրը` Համիլկար Բարկան նշանակվեց Իբերիայում Կարթագենի
բանակի հրամանատար:

27

Հաննիբալի հայրն էլ ավարտեց պատերազմը, որի ժամանակ
ճանկռվածքներ ստացան հարավի ՙնապաստակն՚ ու հյուսիսի
ՙառյուծը՚:
Հաննիբալ Բարկայի մանկությունից մնացել էր միայն նրա
նշանավոր երդումը: Ինը տարեկան հասակում երեխաները
երազում են խաղալու մասին:
Աշխարհում ոչ մի երեխա ինը տարեկան հասակում երդում չի
տվել, թե ինքը կհաղթի Հռոմին:
Ոչ ավելի, ոչ պակաս, Հռոմին: Չէ, ինը տարեկան հասակում
երդում չեն տալիս: Ասենք` ով կհավատա ինը տարեկան երեխայի
երդումին: Բայց ահա Հաննիբալ Բարկան ինը տարեկան
հասակում երդվեց հաղթել Հռոմին, և Կարթագենում հավատացին
նրան:
Հենց ինը տարեկանում էլ Հաննիբալը հոր հետ մեկնում է Իբերիա:
Բարկաներն այդ ժամանակ պաշտում և զոհեր էին մատուցում
փյունիկյան Մելկարտ աստծուն:
- Հայրիկ, - մի անգամ Համիլկարին դիմեց Հաննիբալը, - մեր տանը
միշտ Մելկարտի՞ն են պաշտել:
- Չգիտեմ, տղաս:
- Քո պատասխանն ինձ դուր չի գալիս:
- Տղաս, շատ դժվար է քո հարցին պատասխանելը: Սրի հետ գործ
ունեցողը միշտ չէ, որ լավ է հիշում իր անցյալը: Նախ` ես դեռ
չգիտեմ, թե որն է մեր տունը, Իբերիա՞ն, Կարթագե՞նը,
Փյունիկիա՞ն: Որտեղից ենք սկսվում մենք, որտե՞ղ է գտնվում մեր
առաջին կրակնոցը: Փյունիկայո՞ւմ, թե՞ մի ուրիշ տեղ:
- Մեր հայրենիքը Կարթագենն է, հայրիկ:
- Այո, տղաս, ավելի լավ է ասենք, որ Կարթագենն է մեր տունը,
չնայած մեր պորտը կապել են ուրիշ տեղ:
- Այնուամենայնիվ դու դարձյալ չպատասխանեցիր իմ հարցին:
- Հա, Մելկարտի մասին էիր հարցնում: Հայրս ասում էր, որ
Մելկարտից առաջ Բարկաները պաշտում էին Բարկա աստծուն:
- Դա մեր տոհմական աստվածն է:
- Այո:
- Այո:

28

- Իսկ ինչո՞ւ, հայրիկ, սեփակա աստծուն մոռացած` մենք
Մելկարտին ենք պաշտում:
- Մելկարտին պաշտում են Կարթագենի բոլոր մեծահարուստները:
- Բայց այդ մեծահարուստները Բարկա աստված չեն ունեցել:
- Դա ճիշտ է:
- Մի օր Բարկան կպատժի մեզ:
Տղայի խոսքերն ազդեցին: Համիլկարը մտադրվեց զոհ մատուցել
Բարկա աստծուն: Նա մի հիանալի փիղ գնեց և Հաննիբալին ասաց.
- Տանենք այս փիղը ծովափ և զոհ մատուցենք մեր առաջին
աստծուն` Բարկային, թող նա հովանավոր լինի մեր տոհմին, իսկ
ամենից շատ քեզ` քանզի դու առաջինն էիր, որ վեցհարյուր
տարվա մոռացումից աշխարհ հանեցիր մեր աստծուն: Ես էլ
պարտքի տակ չեմ մնում: Կարթագենում ոչ ոք Մելկարտին փիղ չի
զոհաբերել: Ոչ էլ փիղ են զոհաբերել ուրիշ աստծու: Թող տեսնի
մեր արյունակից աստվածը, որ մեր տոհմում դեռ մնում է
աստվածային շռայլությունն ու առատաձեռնությունը:
- Հայր իմ, իսկ ինչպե՞ս պիտի զոհաբերենք փիղը:
- Կտանենք ծովափ, կմորթենք, միսը փոքրիկ կտորների
կբաժանենք և կնետենք ջրերի մեջ:
- Բայց փղի միսը Բարկա աստծուն չի հասնի:
- Ինչո՞ւ:
- Ձկները կուտեն:
- Դա ճիշտ է:
Հայր ու որդի խելք-խելքի տվին ու հասկացան, որ իրենք չեն
կարող Բարկա աստծուն որևէ բան զոհաբերել` ոչ փիղ, ոչ էլ
նույնիսկ մի գավ ըմպելիք:
- Դժվար է, տղաս, - ասաց Համիլկարը, - համայն Կարթագենում
Բարկա աստվածը մի տաճար էլ չունի: Ես չեմ ճանաչում
բարկայապաշտ որևէ քրմի: Գիտեմ միայն, որ Բարկան երկնքում է:
- Ասում են` Մելկարտն էլ, մնացած բոլոր աստվածներն էլ
երկնքում են:
- Չգիտեմ, տղաս, ես ոչ մի աստծու տեղ էլ չգիտեմ:
Դրանով ավարտվեց Համիլկարի ու պատանի Հաննիբալի զրույցը:
Հետո այլևս զրույց չեղավ ոչ Բարկա աստծու, ոչ էլ փղի մասին:
Երեք օր հետո Համիլկարն իր ջոկատով մարտի բռնվեց կելտերի

29

հետ: Ուժերն անհավասար էին, Համիլկարը փորձեց նահանջել,
բայց նա չկարողացավ անցնել վարարած գետը: Խեղդվեց: Այդ օրը
պետք է նշվեր Հաննիբալի ծննդյան տասնյոթերորդ տարին:
Հաջորդ օրը Իբերիայում Կարթագենի զորքերի հրամանատար
դարձավ Հաննիբալի քրոջ ամուսինը` Հասդրուբալը: Փեսան
փոխարինեց աներոջը:
Հասդրուբալը փորձեց մխիթարել աներձագին, բայց Հասդրուբալը
խոսքը շուռ տվեց ուրիշ կողմ.
- Բարկա աստվածը պատժեց հորս:
Հասդրուբալը առարկեց նրան.
- Բարկան ձեր տոհմական աստվածն է, նա ինչո՞ւ պիտի պատժեր
ձեզ:
- Հայրս խոստացավ փիղ զոհաբերել նրան…
- Իսկ ինչո՞ւ չզոհաբերեց:
- Չգիտեր ինչպես զոհաբերել:
- Փիղն այնքան մեծ կենդանի է, որ որտեղ էլ զոհաբերեիր` Բարկա
աստվածը կտեսներ:
- Ասա ինձ, Հասդրուբալ, դու հավատո՞ւմ ես Բարկա աստծուն:
Ես Բարկաների փեսա եմ և պարտավոր եմ պաշտել Բարկաների
աստծուն:
- Այդ դեպքում կատարիր իմ խնդրանքը:
- Ի՞նչ խնդրանք:
- Այստեղ` Իբերիայում մի տաճար կառուցել տուր Բարկա աստծու
անունով:
- Չեմ կարող, Հաննիբալ:
- Ինչո՞ւ
- Ես չեմ ճանաչում որևէ քուրմի, որն իմանար Բարկա աստծու
մասին: Իսկ մենք համարյա ոչինչ չգիտենք: Մենք ինչպե՞ս կարող
ենք ստիպել ամենքին, որ նրանք պաշտեն այն աստծուն, որին
մենք` ինքներս էլ լավ չենք ճանաչում:
Երկար խոսեցին Բարկա աստծու տաճարի մասին: Հասդրուբալը
չհամաձայնեց այդպիսի տաճար կառուցել Իբերիայում: Եվ,
այնուամենայնիվ, փեսա ու աներձագ չվիճեցին միմյանց հետ:
Հաննիբալը հրաժեշտ տվեց Հասդրուբալին, թողեց Իբերիան և
վերադարձավ Կարթագեն:

30

- Կարթագենում Բարկա աստծու համար տաճար կկառուցեմ և ետ
կգամ քեզ մոտ, - ասաց Հաննիբալը:
Հաննիբալը մի քանի տարի մնաց Կարթագենում: Շրջեց
տերության մի ծայրից մյուսը և սկսեց քննել իր նախնիների
գործերը: Ինչո՞ւ են Փյունիկիայից եկել այստեղ` Լիբիա, ինչո՞ւ են
հիմնել Կարթագեն կոչված այս քաղաքն ու տերությունը: Տեսնես
ինչպիսի՞ն է այդ Փյունիկիան: Ինչպե՞ս է պատահում, որ մարդը
թողնում է իր ծննդոց տունը և նոր տուն կառուցում օտար երկնքի
տակ: Մեկի սխալին հետևում են հազարները, իսկ այդ հազարների
սխալները ժառանգություն են մնում բոլոր հետնորդներին: Դե
փորձիր շտկել: Ո՞նց անես: Ինքը` քսանամյա Հաննիբալը, կարո՞ղ
է շտկել իր պապերի վեցհարյուրամյա սխալը: Ասենք` վեր կացավ
ու գնաց Փյունիկիա: Գնա և ինչ ասի: Փյունիկեցիք կասեն` դու
որտեղից հայտնվեցիր:
Ստիպված ես մնալ Կարթագենում: Բայց սա ի՞նչ երկիր է, ոչ
ներկա ունի ոչ ապագա: Վեցհարյուր տարի է անցել, ինչ
փյունիկեցիները հաստատվել են այստեղ, սակայն իրենց եկվոր են
համարում: Քանի՞ տարի է պետք, որ այդ եկվորությունը
մոռացության տրվի, ևս վեցհարյո՞ւր, թե՞ վեց հազար տարի: Բայց
մինչ այդ աշխարհում շատ բաներ կարող են լինել: Չպետք է
մոռանալ, որ ծովի մյուս ափին Հռոմն է:
Հռոմեացիները կարող են մի օր գալ և ասել. ՙԷյ, դուք,
ծովահենների հետնորդ-կարթագենցիներ, չքվեք այստեղից, սա
ձեր հայրենիքը չէ՚: Այդ մասին ոչ ոք չէր խոսի, եթե Կարթագենը
հաղթեր Հռոմին: Դա կյանքի ու պատմության օրենք է: Տեղացին
նա է, ով հաղթել է:
Հաղթողը ոչ միայն եկվոր չէ, այլև իր սրի զորությամբ կարող է
համոզել աշխարհին, որ հազար տարի առաջ իր նախնիների
ավանակները թավալ են տվել Կարթագենի աստվածային
խարույկներից մնացած մոխիրներում:
Հասկանո՞ւմ ես, Հաննիբալ, կա մի պահ, երբ մարդ, ոչ ետ կարող է
գնալ, ոչ էլ` առաջ: Ետդարձ չկա: Չես էլ կարող նոր հայրենիք
ընտրել: Դրա համար, հավանաբար, պետք կգա ևս վեց հարյուր
տարի: Չէ, ավելի լավ է մտածել Կարթագենի մասին: Պետք է
չհիշել Փյունիկիան, դա խանգարում է: Պետք է կարթագենցիներին

31

համոզել, որ իրենք կարթագենցի են այնպես, ինչպես հռոմեացին
հռոմեացի է: Չէ, պերճախոսություն պետք չէ, դա պիտի
հաստատել սրով, զենքի ուժով, Հռոմին հաղթելով: Մինչև հիմա դա
ոչ ոք չի արել, վեց հարյուր տարի է, ինչ երկիր են հիմնել, զենք ու
բանակ ունեն, սակայն մնացել են ծովահեն ու գաղթական:
Դու իրավացի ես, Հաննիբալ: Մեծն Ալեքսանդրը պիտի գար ու
նվաճեր Կարթագենը: Բայց մահը խանգարեց նրան իրագործելու
իր մտադրությունը: Քո բախտից Ալեքսանդրը ոտք չդրեց
Կարթագեն: Մի կարծիր, սակայն, թե Ալեքսանդրը միակն էր, որ
եկավ ու գնաց:
Լսո՞ւմ ես, Հաննիբալ, դու ուշացնելու իրավուք չունես: Ի՞նչ
գիտես, թե մի քանի տարի հետո ինչ կլնի աշխարհում: Մի
ուշացրու, մեկ էլ տեսար մի Ալեքսանդր երևաց:
Այս մտքերն ասես միանգամից տարեց ու իմաստուն դարձրին
Հաննիբալին: Եվ նա շտապեց Իբերիա: Հասդրուբալը հայրաբար
ընդունեց աներձագին:
Հաննիբալը տեսավ, որ այդ տարիներին Հասդրուբալը պարապ չէր
մնացել: Իբերիայում, Մեծ ծովի ափին, նա հիմնել էր Նոր
Կարթագեն քաղաքը: Հասդրուբալը համոզված էր, որ Նոր
Կարթագենը կդառնա աշխարհի ամենամեծ քաղաքը, ավելի հզոր,
քան` Հռոմը: Սակայն Հասդրուբալը չհասցրեց տեսնել Նոր
Կարթագենի փառքը: Նրան սպանեց մի կելտացի զորական: Դա
անփառունակ մահ էր: Հաջորդ օրը զորականները պունիկյան
զորքի զորապետ հռչակեցին Հաննիբալ Բարկային: Հաննիբալը
զորականներին ոչինչ չխոսատցավ, նա երդվեց մինչև վերջ թշնամի
մնալ Հռոմին: Երբ նա գեղեցկակար քղամիդը հագին երևաց զորքի
առջև` հին զորականները բացականչեցին.
- Մելկարտը վկա, սա ոչ թե Հաննիբալն է, այլ Համիլկար Բարկան,
գուցե նա կենդանացել է:
Աշխարհում, երևի ոչ մի տղա այնքան նման չէր իր հորը, որքան
Հաննիբալը` Համիլկարին:
Հաննիբալը, սակայն, այդ օրը անտարբեր էր ընդունում ամենքի
շնորհավորանքները: Չգիտես ինչու` զորապետ հռչակվելուց հետո
նա մտաբերեց Անարային: Չէ, մտաբերելն այն չէ: Անարան ասես

32

կանգնեց նրա կողքին: Հաննիբալին թվաց, թե նույնիսկ իր աչքի
առջև տեսնում է աղջկա ուրվանկանը:
Անարան Հաննիբալի սիրած աղջիկն է, որ մնացել է
Կարթագենում: Նրանց մանկությունն անցել է միասին: Վազվզել
են ծովափնյա ավազների վրա: Ամեն օր, կեսօրվա դեմ, նրանք
դուրս էին թռչում տնից և հայտնվում Մեծ ծովի ափին:
Խաղում էին ավազների ու ծովի ալիքների հետ:
Անարան զայրացնում էր տղային, բայց Հաննիբալը չէր քաշում
աղջկա մազերը: Աջ ձեռքի ցուցամատով Անարան ավազի վրա
գրում էր. ՙԱնարան սիրում է Հաննիբալին, Հաննիբալն էլ սիրում է
Անարային՚: Հետո աղջիկը մատը կոխում էր ավազի մեջ` ցույց
տալով, որ իր մատնակնիքով հավաստում է իր գրածը և
չարաճճիորեն դիմում տղային.
- Էյ, դու, հաղթողդ Հռոմի, կարդա և վավերացրու քո
մատնակնիքով:
Տղան մոտենում էր և իր ցուցամատով ավելի խորացնում Անարայի
մատնահետքը: Հետո ալիքը ափին էր տալիս և ջնջում աղջկա և
տղայի մատնակնիքները: Հաննիբալը տխրում է և ասում.
- Տեսա՞ր, ջուրը տարավ, արի այլևս ոչինչ չգրենք ավազի վրա:
- Իսկ ես կգրեմ ամեն օր:
- Հասկացիր, Անարա, ավազն անկայուն է, մայրս ասում է, որ
ավազի վրա չի կարելի սիրո տուն կառուցել: Մի՞թե չես տեսնում,
որ մեր գրածները ջուրը ջնջում - տանում է:
- Ճիշտ է, դու կհաղթես Հռոմին, բայց կմնաս հիմար: Դու չգիտես,
որ ջուրը մեր սիրո խոստումը ոչ թե ջնջում - տանում է, այլ պահ է
տալիս Մեծ ծովին: Ծովի ալիքները նման են նույն թաղում ապրող
կանանց` փսփսում և հազար երանգով միմյանց են հայտնում նույն
լուրը` «Անարան սիրում է Հաննիբալին, Հաննիբալն էլ սիրում է
Անարային»: Դու կարո՞ղ ես ասել, թե քանի կաթիլ ջուր կլինի Մեծ
ծովում:
- Դա ոչ ոք էլ չի կարող ասել:
- Հռոմին հաղթողիս նայիր, հասարակ հարցերին սխալ է
պատասխանում:
- Ի՞նչն է սխալ, մի՞թե աշխարհում որևէ մեկը կարող է ասել, թե
Մեծ ծովում քանի կաթիլ կա:

33

- Ասելու համար նախ իմանալ է պետք, իսկ իմանալու համար`
հաշվել, դու պետք է ասեիր, որ ոչ ոք չի կարող հաշվել ծովի
կաթիլները: Եթե մարդը նույնիսկ կարողանա հաշվել` թվերը չեն
հերիքի դրանք արտահայտելու: Թվերը եզրեր ունեն, իսկ Մեծ ծովի
ամենահեռավոր եզրը, նույնիսկ` դու` Հռոմին հաղթողդ չես կարող
տեսնել:
Անարան գեղեցիկ էր: Կարթագենում ոչ մի կին այնքան թովիչ
ժպիտ չուներ, ինչպես Անարան: Նրա ժպիտի մեջ աստվածային
սեր կար և կախարդական գգվանք: Սակայն Անարան Հաննիբալից
բացի ոչ ոքի չէր ժպտում:
- Իմ ժպիտները պատկանում են միայն քեզ, - ասում էր աղջիկը, -
Մելկարտը կպատժի ինձ, եթե ես քեզնից բացի ժպտամ ուրիշին:
- Իսկ եթե ես չլինեմ, - աղջկա հաստատակամությունն ստուգում
էր Հաննիբալը:
- Դու միշտ կլինես:
- Իսկ եթե Հտոմը նվաճելու ժամանակ զոհվեմ մարտում:
- Ես քեզնից հետո չեմ ապրի` ինձ կնետեմ Մեծ ծովը:
- Իսկ ի՞նչ կանես այն դեպքում, եթե ես ամուսնանամ ուրիշի հետ:
- Ես կանիծեմ իմ բախտը: Եվ, այնուամենայնիվ, իմ ժպիտը չի
տեսնի և ոչ մի տղամարդ:
Հաննիբալին թվում է, թե այս բոլորը չի եղել, թե իր
պատանեկությունը նման է ամպի այն քուլային, որ անձրևել է
ամբողջովին:
Այո, ամպ-Անարան չկա: Անձրևել է: Հիմա տանը Հաննիբալին
պիտի դիմավորի զորապետի կինը` իբերուհի Ռանան: Նա
ստիպված է ամուսնանալ Ռանայի հետ: Ռանան իբերական
ցեղապետի դուստրն էր: Իսկ այստեղ` Իբերիայում առանց
իբերների և մյուս ցեղերի հետ բարեկամության` ապրել չես
կարող: Ամուսնանալով Ռանայի հետ` Հաննիբալը հարազատ
մարդ է դառնում իբերացի բոլոր զորականների համար:
Ռանան Կաստուլոն քաղաքից էր: Իբերիայում ոչ ոք այնպիսի
ճերմակ մարմին չուներ, ինչպես նա: Սակայն ամենքի համար չէ,
որ ճերմակը գեղեցիկ է: Կարթագենցու համար ի՞նչ գեղեցիկ կին,
եթե նրա մարմնի վրա մի քիչ թխություն չկա: Եվ,
այնուամենայնիվ, եթե Ռանան կիսաթուխ էլ լիներ` Հաննիբալի

34

համար նա չէր դառնա սիրելի: Յուրաքանչյուր մարդու համար
սիրելին մեկն է լինում: Հաննիբալի համար այդ մեկը Անարան է,
որ ապրում է ծովի մյուս ափին և սպասում, թե իր սիրելի
Հաննիբալը երբ կհաղթի Հռոմին ու կվերադառնա Կարթագեն:
Զորապետ հռչակվելու երրորդ օրը Հաննիբալը գնաց կարթագենցի
մի ծեր գուշակի մոտ, որին ճանաչում էր վաղուց: Գուշակը մի
ժամանակ քաջ զորական էր և կռվել էր Հաննիբալի հոր`
Համիլկարի բանակում:
Ոտքից վիրավորվելուց հետո նա հաստատվել էր Նոր
Կարթագենում, գարեջուր էր պատրաստում և վաճառում իր տան
կողքով անցնող ու դարձող մարդականց;
- Ես հազիվ ճանաչեցի քեզ, - ասաց Հաննիբալը գուշակին
գտնելով:
- Մի՞թե ես այդքան ծերացել եմ:
- Քեռի Գոն, դու ոչ թե ծերացել, այլ փոխել ես դեմքիդ գույնը:
- Այո, առաջ իմ դեմքը թուխ էր, հիմա դարձել է աղագույն:
- Քեռի Գոն, իսկ ի՞նչու է թուխը չքացել քո դեմքից:
- Վիրավորվելուց հետո հասկացա, որ չեմ կարող վերադառնալ
Կարթագեն: Հայրենիքում ես հարազատներ չունեմ: Իսկ
հայրենակիցների համար դու մի սև պղինձ էլ չարժես, եթե կաղ ես
ու չես կարող աշխատել: Ես գլխի ընկա, որ կորցնում եմ
տունդարձի ճամփան: Թուխը կորցնելով ես կորցնում եմ
Կարթագենը: Սակայն չկարծես, թե միայն իմ դեմքն է այլագունել:
Այլագույն են դառնում բոլոր այն թխադեմ կարթագենցիները,
որոնք ապրում են Իբերիայում և համոզված են, որ մինչև իրենց
կյանքի վերջը չեն վերադառնա Կարթագեն:
Հաննիբալը հուսադրեց Գոնին և հարցրեց:
-Գուշակիր` ես կարո՞ղ եմ հաղթել Հռոմին:
- Կհաղթես` եթե ապավինես քո անվանը, - արագ պատասխանեց
Գոնը:
Հետո գուշակը մի պահ մտածեց, ապա ասաց.
- Կարո՞ղ ես ստուգաբանել քո անունը:
- Հաննիբալ փյունիկերեն նշանակում է` Բաալ աստվածը
բարեգութ է իմ հանդեպ, - պատասխանեց Հաննիբալը:

35

- Ոչ, զորապետ, այդպես մեկնում են փյունիկեցի ճարտասանները:
Բալ նշանակում է կապույտ, հաննի` հաղթել, Հաննիբալ
նշանակում է կապույտը կհաղթի: Դու կհաղթես Հռոմին, միայն
պիտի հենվես կապույտի վրա: Կապույտ են և փյունիկեցիների
աչքերը, Փյունիկիայի երկինքը: Փյունիկիայի ափերը ողողող Մեծ
ծովի ջրերը:
Հաննիբալը շնորհակալություն հայտնեց գուշակին և ուզում էր
հրաժեշտ տալ նրան, բայց Գոնը կանգնեցրեց նրան և ասաց.
- Հաննիբալ, շատերը կարծում են, թե զորապետն ու զորականը
հավասարվում են կռվի ժամանակ: Ընդհակառակը, զորապետը
զորապետ է դառնում միայն մարտի ժամանակ: Եթե պատերազմ
չկա` կուզես զորապետ եղիր, կուզես` զորական:
Հաննիբալը հասկացավ, թե ինչ է ասում Գոնը: Այո, ինքը
պարտավոր է կռվի մեջ մտնել Հռոմի հետ: Եթե չպիտի կռվի Հռոմի
հետ` իր ինչի՞ն է պետք զորապետությունը: Հարկավոր է կռվի մեջ
քաշել Հռոմին, այդտեղից է սկսվում Հաննիբալի փառքի
ճանապարհը:
Հռոմի հետ բախվելուց հետո Հաննիբալը որոշեց զայրացնել նրան,
ինչպես ցուլին են զայրացնում կարմիր կտավով: Պունիկյան
բանակը Իբերիայում մի քանի քաղաքներ գրավեց, որոնք գտնվում
էին Օլկադ ցեղի իշխանության տակ: Ապա Հաննիբալը պաշարեց
Սագունտ քաղաքը, որ Հռոմի դաշնակիցն էր:
Սագունտը պաշտպանում էին արսախ ցեղի քաջ զորականները:
Պունիկյան բանակը քաղաքը գրավեց զոհերի գնով:
Եվ Հռոմն ստիպված կռվի բռնվեց Հաննիբալի հետ:
Այդ ժամանակ կարթագենացի զորապետը Հադես քաղաքում էր:
Նա Միլկարտի տաճարում զոհեր մատուցեց Հռոմի դեմ կռվի
ելնելուց առաջ:
Պունիկյան զորքերի մի մասը Հաննիբալը թողեց Իբերիայում: Այս
զորքի հրամանատար կարգեց իր եղբորը` Հասդրուբալին: Քաջ
մարդ էր Հասդրուբալը: Նա սրտնեղում էր միայն մի բանից` չէր
ցանկանա, որ իր անունը Հասդրուբալ լիներ, դա նրա քրոջ
ամուսնու` պունիկյան զորքի առաջվա հրամանատար
Հասդրուբալի անունն էր: Առաջին Հասդրուբալին դավադրաբար
սպանել էր մի կելտացի զորական: Երկրորդ Հասդրուբալը`

36

Հաննիբալի եղբայրը, կարծում էր թե ինքը կարժանանա այն
բախտին, ինչին արժանացել է իր քրոջ ամուսինը: Այդ դատարկ
բանից ծնված վախը ամբողջ կյանքում ուղեկցեց նրան:
Իր մյուս հարազատ եղբորը` Մագոնին, Հաննիբալը նշանակեց
նումիդիական հեծելազորի հրամանատար:
Հաննիբալի զորքում կային լիբիացիներ, իբերացիներ,
լիթուրգիացիներ, գաղիացիներ, փյունիկեցիներ, իտալիկներ,
հույներ: Հաննիբալը այս ցեղերից կազմված բանակի մեծ մասը
ուղարկեց Կարթագեն, որի դիմաց Կարթագենը Հաննիբալի
հրամանատարության տակ ուղարկեց իր տարածքում ապրող
աֆրիկյան ցեղերից կազմված նույնանման մի բանակ:
Այսպիսով երկուստեք պատանդ դարձան` աֆրիկացիները
Իբերիայում, իբերիացիները` Աֆրիկայում: Հաննիբալը գիտեր, որ
պատանդներն ավելի հավատարիմ են ծառայում:
Շրջանցելով Պիրենիները Հաննիբալը հասավ Ռոդան գետին:
Այստեղից էլ սկսվեց նրա ալպյան արշավանքը:
Դեռ մինչև այդ Հռոմի դեմ այդպիսի ահեղ թշնամի չէր արշավել:
Ռոդանի վրայով Հաննիբալի զորականները լաստեր դրեցին և
մյուս ափ անցկացրին մարտական փղերին: Հռոմեացիները
հետևում էին կարթագենացի ՙխելառ՚ զորապետին և համոզված էին,
որ նա չի կարող դուրս գալ Ալպերից և գրոհել Հռոմի վրա:
Ալպերում տարվա բոլոր եղանակներին ձմեռ կա: Աշունը դեռ նոր
էր սկսվել, բայց այստեղ պունիկյան բանակին դիմավորեց ձյունն
ու փոթորիկը: Տագնապը սղոսկեց պունիկյան զորականների
սրտերը: Հաննիբալն զգաց, որ զորքը կարող է ՙսառչել՚
հուսահատությունից: Զորապետը բարձրացավ լեռների վրա,
շուրջը հավաքեց իր զինվորներին և, ցույց տալով ներքևում փռված
Պադ գետի հովտի բարեբեր դաշտերը, ասաց.
Այնտեղ Հռոմն է` աշխարհի ամենահարուստ քաղաքը: Տեսնո՞ւմ
եք, ինչքան մոտ է մեզ: Հենց որ նվաճեցինք` ես թույլ կտամ, որ
դուք այս քաղաքը կողոպտեք այնպես, ինչպես ձեր սիրտն է
ուզում:
Կողոպուտի գայթակղիչ վայելքի նախազգացումը ոգևորեց
պունիկյան զինվորներին: Ինչպե՞ս կարող ես շարժվել ձյան ու
բուքի միջով` եթե երազանք չունես:

37

Իսկ Հաննիբալի զինվորները երազում են միայն կողոպուտի
մասին:
Հաննիբալն իր զորքը տարավ Ալպերի այն մասով, որտեղ մինչ այդ
մարդկային ոչ մի ոտք չէր կպել: Անցնում էին այծուղիներով,
անդունդների պռունկներով, անցնում էին` վախից տասնապատիկ
զգուշանալով: Անզգուշորեն ընկնում էին անդունդներից և նրանց
ճիչը ձուլվում էր բքին:
Առաջապահ զորամասն զբաղված էր ճանապարհ բացելով:
Զինվորները մաքրում էին մինչև տասն կանգուն բարձրությամբ
ձյան զանգվածները: Այստեղ կային կարթագենցիներ, որոնք իրենց
կյանքում առաջին անգամ էին ձյուն տեսնում: Բայց դա
սովորական ձյուն չէր, այստեղ ձյունը մի քանի հազար տարի
շերտ-շերտ էր նստել: Շատերի սիրտը նվաղում էր և նրանք ձյան
վրա էին ընկնում ուշագնաց: Մարդիկ սառչում էին, մեռնում,
ընկնում անդունդների պռունկներից, բայց շարունակում էին
առաջ շարժվել և բացել աշխարհի ամենադաժան ճանապարհը:
Ալպյան այդ ճանապարհը պունիկյան զինվորները կոչեցին
Հաննիբալյան: Հաննիբալից մի քանի հարյուր տարի հետո էլ այդ
ճանապարհը շարունակում էր կոչվել Հաննիբալյան:
Պունիկյան բանակը Հաննիբալյան ճանապարհով դուրս եկավ
Հյուսիսային Իտալիա: Դա Ալպերի այն փեշն էր, որտեղից
ճանապարհը տանում էր դեպի Հռոմ:
Ալպերի անցումը վախով լցրեց հռոմեացի զորապետների հոգին:
Հաննիբալի արածը նրանց աչքին հրաշք երևաց:
Բայց և այնպես կարթագենցի զորապետը չկարողացավ առանց
մարտերի իջնել Ալպերի փեշերից: Այստեղ նրա ճանապարհը
փակեցին զինված տավրիները` կիսագաղիական և
կիսալիթուրգիական այն ցեղը, որ ամբողջովին աղեղնազեն էր և
սիրում էր կռվել նետերով:
Հաննիբալն Ալպերից իջավ ու հանդիպեց հռոմեացի զորապետ
Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին: Հռոմեացիները պատահական
զորապետ չէին դուրս բերել Հաննիբալի դեմ: Երբ պունիկյան
բանակի հրամանատար էր դառնում Բարկա տոհմի որևէ
ներկայացուցիչ, ապա հռոմեացիները նրա դեմ են ուղարկում
Սկիպիոն տոհմի անդամներից մեկին: Կարծես թե իրար դեմ

38

կռվում էին ոչ թե Կարթագենն ու Հռոմը, այլ` Բարկա և Սկիպիոն
տոհմերը:
Դե այս Սկիպիոնները նույնիսկ ինքնուրույն տոհմ էլ չեն, այլ
ընդամենը` տոհմաճյուղ: Նրանք սերում են Կոռնելիոս
տոհմածառից: Հռոմեացիների մոտ հաջողակ մականունից շատ
բան է կախված: Կոռնելիոսներից մեկը երկար տարիներ թևն
ընկած ուղեկցում էր իր կույր հորը և, ասես մի տեսակ նրա համար
ցուպի դեր էր կատարում: Եվ ահա ուղեկցող Կոռնելիոսին տվեցին
Ցուպ` Սկիպիոն մականունը: Ցուպ - Սկիպիոնը մականունից
վերածվեց տոհմածառի: Հռոմում փառք ու հռչակ ունի Կոռնելիոս
տոհմը: Պատվաբեր է այդ գերդաստանի անդամ լինելը: Սակայն
Սկիպիոնը չերկուղեց, բեկվեց մեծ տոհմածառից և ստեղծեց
Սկիպիոնների տոհմաճյուղը:
Այս նորաթուխ տոհմը սկսեց զորապետներ տալ Հռոմին: Գուցե
դրա մեջ ճակատագրական զուգադիպություն կար, առաջին
Սկիպիոնը ուղեկցում էր իր կույր հորը: Առաջին Սկիպիոնը ցուպ
էր իր հոր համար, իսկ զորապետ Սկիպիոնը դեպի ռազմի դաշտ էր
առաջնորդում-ուղեկցում հռոմեական բանակները: Ի՞նչ
տարբերություն զինվորներից կազմված բոլոր բանակներն էլ
առանց զորավարի նման են մի կույր մարդու: Ամեն տեղ էլ
ուղեկցողը առաջնորդ է, կուզես կույր մարդու ուղեկցիր, կուզես`
բանակների:
Այս Սկիպիոններն, այնուամենայնիվ, զարմանալի մարդիկ են:
Կարծես թե` քիչ էր, որ բեկվեցին Կոռնելիոսներից և դարձան
առանձին տոհմածառ, փորձեցին մի նոր ճյուղ էլ հանել, բայց այս
ճյուղն ականջեղ էր, այդ պատճառով էլ ինքնուրույն տոհմ
չդարձավ: Դա այսպես եղավ: Առաջին Սկիպիոնի հետնորդներից
մեկը մի անգամ մի էգ էշ բարձեց ոսկով և որպես պատանդ բերեց
ֆորում: Հռոմեացիները այս Սկիպիոնին տվեցին Ասինա էգ էշ
մականունը: Բարեբախտաբար այդ մականունը մնաց տիրոջ
սեփականությունը և չժառանգվեց ոչ ոքի կողմից: Բայց այդ մեկն
էլ հպարտությամբ էր կրում իր անունը, տոհմանունն ու
մականունը` Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասինա: Երբ տալիս
էր իր լրիվ անունը` հատկապես շեշտում էր այս վերջինը`
Ասինան` որ նշանակում էր էգ էշ, և միայն այդքանը:

39

Քմահաճ մականուններ որոնող Սկիպիոններն, այնուամենայնիվ,
տղամարդու անվան նեղություն էին կրում:
Բանն այն է, որ նրանց տոհմում օգտագործում էին ընդամենը երեք
անուն` Գնեոս, Լուկիոս և Պուբլիոս: Իսկ Սկիպիոնները շատ-շատ
էին: Եթե Սկիպիոն մի ընտանիքում ինը տղա ծնվի, ապա առաջին
երեքին կտան Գնեոս, հաջորդ երեքին` Լուկիոս, վերջին երեքին`
Պուբլիոս անունը: Եթե ընտանիքում ծնվեց երեսուն տղա` դարձյալ
պետք է բավարարվեին Գնեոս, Լուկիոս և Պուբլիոս անուններով:
Տիցին գետի մոտ Հաննիբալի դեմ-դիմաց կանգնեց Պուբլիոս
Կոռնելիոս Սկիպիոնը: Սրա հայրը Իբերիայում կռվել է
Հաննիբալի հոր` Համիլկար Բարկայի դեմ: Նա էլ էր կոչվում
Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն:
Հաննիբալն իր զորքերը դասավորեց այսպես. կենտրոնում պահեց
ծանր հեծելազորը, թևերում` նումիդիական այրուձին: Իսկ
Սկիպիոնը առաջ էր մղել նիզակակիրներն ու դաղիական
հեծյալները:
Ճակատամարտն սկսելուց առաջ Հաննիբալը ձախ ձեռքով բռնեց
մի գառ, իսկ աջով` մի քար և դառնալով Մելկարտ աստծուն ասաց.
- Հաղթություն պարգևիր ինձ, Մելկարտ, խոստանում եմ զոհեր
մատուցել քեզ: Եթե ես խախտեմ իմ խոստումը, ապա դու վարվիր
ինձ հետ այնպես, ինչպես ես եմ վարվում այս գառան հետ:
Այս ասելով Հաննիբալը քարով խփեց գառան գլխին և սպանեց
նրան:
Լսելով զորապետի խոսքերը` պունիկյան զորականները
խնդրեցին, որ Հաննիբալը անմիջապես սկսի ճակատամարտը:
Երկու կողմից կռիվն սկսեցին հեծյալ գնդերը: Հաննիբալի
նումիդական հեծյալները անցան հռոմեացիների թիկունքը և
խուճապի մատնեցին թշնամուն:
Հռոմեացիները չդիմացան Հաննիբալի փորձառու զորականների
հարվածին:
Կռվի ժամանակ վիրավորվեց Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը:
Հաննիբալականները շրջապատեցին նրան և ուր որ է պիտի
նիզակահար անեին: Բայց ահա մի հռոմեացի ճեղքեց
շրջապատման օղակը և ազատեց հռոմեացի զորապետին: Այդ
զորականը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի որդի` Պուբլիոս

40

Սկիպիոնն էր: Որդին փրկեց հոր կյանքը: Այդ ժամանակ որդի
Սկիպիոնի մտքով չանցավ, որ ինքը տարիներ հետո կհաղթի
Հաննիբալին:
Այնուամենայնիվ, հռոմեական բանակը փախուստի դիմեց և
անցավ Տիցինի մյուս ափը: Հաննիբալականները սկսեցին
հետապնդումը: Հաննիբալը գլխի ընկավ, որ Սկիպիոնը մարտի
դաշտից դուրս բերեց իր զորական հիմնական ուժը` հետևակը:
Դուրս բերեց, անցավ Պադ գետի մյուս ափը և քանդեց մեծ գետի
կամուրջները:
Հաննիբալը հաղթեց, բայց Սկիպիոնը չպարտվեց:
Հռոմի քթի տակ Հռոմին հաղթելը թևավորեց ոչ միայն
Հաննիբալին:
Աշխուժացան Հռոմի հնօրյա հակառակորդները` գաղիացիները:
Նրանք այստեղ ու այնտեղ դարան էին սարքում և ջարդում
նահանջող հռոմեացիների գումարտակները:
Հետո գաղիացիները դարձան Հաննիբալի հպատակներն ու
դաշնակիցները: Սակայն գաղիացիները մնում էին գաղիացիներ:
Հռոմի դեմ տածած ատելությունից մղված նրանք կարող էին այսօր
դառնալ Հաննիբալի դաշնակիցը, վաղը նրան հարվածել
թիկունքից: Հազարավոր գաղիացիներ կամովին ծառայության
մտան Հաննիբալի բանակում:
Հաննիբալի բանակը միայն անունով էր պունիկյան: Դա
խայտաբղետ ցեղերի մի զորամաս էր; Միշտ չէ, որ զորականները
հասկանում էին միմյանց: Ամեն մեկը խոսում էր իր լեզվով, բայց
մարտի գնում Հաննիբալի դրոշներով:
Տիցինի ճակատամարտից հետո Հաննիբալը իր մոտ կանչեց
եղբորը և ասաց.
- Մագոն, նումիդացիները վստահելի են, այդպես չէ՞:
- Այո, Հաննիբալ, քեզ ամենքը կարող են դավաճանել`
նումիդացիներից բացի:
- Այսօրվանից մեր բանակի բոլոր նումիդացի հեծյալներին
հանձնում եմ քո հրամանատարությանը: Նումիդական արյուձին
կդառնա մեր բանակի վերջապահ զորամասը: Դու պետք է քո
զորամասով դառնաս իմ հսկող աչքը: Եթե մարտի կամ արշավի
ժամանակ որևէ ցեղ փորձի լքել մեզ ու ետ դառնալ` ջարդիր

41

տեղնուտեղը և ոչ մեկին մի խնայիր: Առանձնապես ուշադիր
հսկիր գաղիացիներին:
Չգիտես ինչու, Հաննիբալն ամենից շատ երկյուղում է
գաղիացիներից: Պունիկյան բանակում գաղիացիները մեծ թիվ էին
կազմում:

Հաննիբալը համոզված էր, որ գաղիացիները մի օր կդավաճանեն
կամ մահափորձ կկատարեն իր դեմ: Եվ զգուշանում էր ամեն օր,
ամեն ժամ: Երկու հարյուր կեղծծամ ու դիմակ ուներ և այնպես էր
կերպարանափոխվում, որ նույնիսկ մտերիմները չէին ճանաչում
Հաննիբալին: Մեկ դառնում էր քսան տարեկան նումիդացի, մեկ`
քառասուն տարեկան փյունիկեցի, մեկ վաթսունհինգ տարեկան
հույն, մեկ` հիսուն տարեկան գաղիացի:
Աշխարհում ոչ մի դերասան չի կարող մեկ օրում երկու հարյուր
դեր խաղալ: Դա հաջողվում էր Հաննիբալին: Երբեմն այնպես էր
կերպարանափոխվում, որ կինը` Ռանան, նրան դնում էր օտարի
տեղ: Հաննիբալին թվում էր, որ այդ կեղծամների ու դիմակների
մեջ իրեն կարող է ճանաչել միայն Անարան:
Մի անգամ Մագոնը նումիդական իր հեծյալներով Հաննիբալի
զորավրանի մոտ հանդիպեց արսախ ցեղի քրմապետի հանդերձով
մի մարդու:
- Այս մարդու մռութն ինձ դուր չի գալիս, - ասաց Մագոնը և
դիմելով իր թիկնապահին, հրամայեց, - ստուգիր, թե իր հանդերձի
տակ ինչ է թաքցրել նա:
Մինչ թիկնապահը կհասցներ մոտենալ անծանոթ քրմապետին`
վերջինս ճարպկորեն ազատվեց իր հանդերձից և երևաց
զորապետական ծանոթ քղամիդով:
- Հաննիբալ, - ճչաց եղբայրը, - այս ի՞նչ ես անում, դու կարող ես
ինձ եղբայրասպան դարձնել:
- Չէ, չէ, դու ինձ չէիր սպանի, շատ-շատ ծեծել կտայիր:
- Ոչ, Հաննիբալ, քիչ մնաց, որ ես աչքով անեի մեր զորականներին,
և նրանք կնետահարեին քեզ:
Հաննիբալը դառնում էր Էտրուրիայի տիրակալը: Հռոմեացիները
փախչում էին պունիկյան բանակի առջևից: Կարթագենացին

42

շարունակում էր դիմափոխվել ու հանդերձափոխվել և անմատչելի
մնալ հնարավոր դավադիրներին: Բայց քողարկելով ինքն իրեն
Հաննիբալը անուշադիր եղավ իր հիվանդ աչքի հանդեպ: Նրա աջ
աչքը ցավում էր Ցիսալպյան Գաղիայից Էտրրուրիա դուրս գալու
ամբողջ ճանապարհին: Բանի տեղ չդրեց բժշկի ասածը և կարծեց,
թե աչքը կապաքինվի: Տիցինի ճակատամարտից հետո նրա
հիվանդ աչքը կուրացավ և այնուհետև Հաննիբալն ամբողջ
կյանքում մնաց միաչքանի:
Ճիշտ է, Սկիպիոնը նահանջում էր, բայց աչքը չէր կտրում ետևից:
Տրազիմեն լճի մոտ հռոմեացի զորապետը փորձեց կանգնեցնել
կարթագենացուն:
Գեղեցիկ էր Տրազիմենը: Աշխարհում ոչ մի լիճ այնքան մեղմիվ ու
հրապուրիչ ալեծուփ չունի, ինչպես Տրազիմենը: Կողքը
կանաչազարդ բացատներ են, փոքրիկ անտառակներ,
գանգրականաչ բլուրներ:
Ամառային մի օր փոքրիկ լեռան վրա կանգնած Սկիպիոնը
նկատեց, թե ամպերն ինչպես են դուրս գալիս ձորակներից ու
Տրազիմենի շուրջը ամպախաղ սկսում: Մի քանի օր շարունակ
Սկիպիոնը Տրազիմենը դիտում էր նույն բարձրությունից և միշտ էլ
կրկնում էր նույնը:
Լճի ձախ կողմում գտնվող արձակ տափարակը մինչև կեսօր մնում
էր պարզ ու անամպ,
կեսօրին կողքի երեք անտառապատ բլուրներից ամպի քուլաները
լցվում էին դաշտ: Սկիպիոնն այսպես մտածեց` եթե հնարավոր
լիներ գիշերով իր գնդերը թաքցնել տափարակի շրջակա բլուրների
վրա, իսկ Հաննիբալի զորքը լճափի ճանապարհից քաշել դեպի
տափարակ և մարտը ձգձգել մինչև կեսօր: Ամպի քուլաները հենց
որ մտնեն տափարակ` հակառակորդը կխարխափի մառախուղի
մեջ, իսկ ինքը կշրջապատի նրան և ոչ մի հաննիբալական չի
փրկվի մահից: Սկիպիոնը մտովի ճաշակում էր մարախուղի
օգնությամբ երևակայական ճակատամարտի հաղթանակի
բերկրանքը: Մինչ այժմ ոչ մի զորավար ճակատամարտ չի շահել
ամպի օգնությամբ: Առաջինը կշահի Սկիպիոնը:
Երբ պունիկյան բանակը սկսեց մոտենալ Տրազիմենին` Սկիպիոնը
որոշեց մարմին տալ իր երազանքին: Գիշերով նա իր զորքի մեծ

43

մասը դասավորեց տափարակի շրջակա երեք բլուրների վրա:
Լուսաբացին Սկիպիոնի առաջապահ զորամասերը Տրազիմինի
մոտ մարտի բռնվեցին Հաննիբալի բանակի հետ և սկսեցին
խաբուսիկ նահանջով քաշել նրան դեպի մեծ տափարակը:
Հաննիբալականները ընդառաջեցին հակառակորդին` չմտածելով,
որ դարանի մեջ է ընկնում:
Երկու ժամ հետո Հաննիբալի բոլոր գնդերը մտան տափարակ: Եթե
լեգեոնականները դիմանան մի ժամ, մտածում էր Սկիպիոնը, ապա
Հաննիբալի բանակը պարտությունից խուսափել չէր կարող: Դեպի
տափարակ նայող բարձունքից Սկիպիոնը դիտում էր տափարակի
կողմը:
Հիմա ուր որ է ամպերը բլուրներից կիջնեն տափարակ և
մարախուղային գիշեր կիջնի:
Սակայն այս անգամ ամեն օրվա պես չեղավ: Տափարակը
շրջապատող բլուրներից ամպի քուլաները շարժվեցին ոչ թե դեպի
տափարակ, այլ դեպի վեր, դեպի երկինք: Հաննիբալը տեսավ
բլուրների վրա մարտի պատրաստ կանգնած լեգեոնականներին:
Պունիկյան զորագնդերը իսկույն շրջապատեցին երեք բլուրները:
Հենց այդ ժամանակ երկինք բարձրացած ամպի քուլաները նորից
իջան բլուրների վրա: Ստացվեց մի զարմանալի ճակատամարտ`
հռոմեացիներն ընկել էին մառախուղի մեջ, իսկ
հաննիբալականները պարզկա ցերեկով կանգնել էին իրենց
տեղերում և նետահարում էին քուլաների տակից դուրս եկող
հակառակորդներին:
Բլուրների վրա սոսկալի իրարանցում սկսվեց: Հռոմեացիներն
աշխատում էին դուրս գալ լույսի կողմը: Նրանցից և ոչ մեկի
մտքով չէր անցնում, որ իրենց պաշտպանում է մառախուղը:
Ընդհակառակը, նրանք ուզում էին դուրս գալ այդ մառախուղից և
զինվորի պես մահն ընդունել արևի լույսի տակ: Խմբերով, ցան ու
ցիր դուրս էին գալիս տափարակ և առանց նիզակ ու նետ շարժելու
տապալվում գետնին: Հենց այս անհուսալի մարտի ժամանակ
Տրազիմենի ողջ շրջակայքը շարժվեց մի քանի անգամ: Գետինը
ցնցվեց, երկրաշարժ եղավ, բայց կռվողներն ասես չզգացին:
Սկիպիոնը տանուլ տվեց ճակատամարտը և կորցրեց երեսուն
հազար մարդ: Հռոմեացի զորապետն ինքն իրեն ասաց.

44

- Սկիպիոն, դու ողորմելի զորապետ ես: Աշխարհում ոչ մի
զորական իր բախտը ամպի հետ չի կապել: Աշխարհում ինչ կա
ավելի փոփոխական, քան ամպը:
Սկիպիոնի այս մենախոսության ժամանակ պունիկյան բանակը
խրախճանք էր անում մեծ հաղթանակի առթիվ: Աշտարտ աստծու
քուրմը, նստած Հաննիբալի հետ, ասում է.
-Զորապետ, մեր զորքը փայլուն հաղթանակ տարավ:
- Այդ մենք չհաղթեցինք, քուրմ, այլ Սկիպիոնը պարտվեց:
Հռոմեացիները զոհվում էին ինքնակամ, առանց կռվելու, ոչխարի
պես:
-Զորապետ, բայց մեզ օգնեց ամպը:
-Այո, այս հաղթանակը իմը չէ, այլ` ամպինը:
- Դու պետք է հրամայես, որ պունիկյան բանակի մի քանի
դրոշների վրա դնեն Տիր քաղաքի զինանշանը:
-Տիրն այստեղ ի՞նչ գործ ունի:
- Այսօրվա ամպը Տրազիմեն է հասել Տիր քաղաքից, Փյունիկիայից:
Աշտարտ աստծու կամքով քո հին հայրենիքից այդ ամպը
օգնության հասավ, և դու հաղթեցիր թշնամուն: Դա ոչ թե ամպի,
այլ Փյունիկիայի, փյունիկյան Աշտարտի հաղթանակն է:
Սկիպիոնը շարունակում էր նահանջել: Նա իր զայրույթը թափում
էր աստվածների վրա: Նրան թվում էր, թե աստվածները
հղփանում և քեզ չեն օգնում, երբ նրանց շատ բան ես զոհաբերում:
Սկիպիոնը դավադրաբար սպանել տվեց իր զորապետներից
մեկին, որը համարձակվել էր Սկիպիոնին անվանել «Ամպի
զորապետ»:
Այդ ճակատամարտից հետո Սկիպիոնի աչքին ամեն տեղ ամպ էր
երևում: Մի անգամ երազում նա տեսավ, թե ամպերն ինչպես են
իրեն երկինք բարձրացնում և այնտեղից նետում Տրազիմեն լճի
մեջ: Այդ երազը կրկնվեց նաև հաջորդ օրը: Սկիպիոնը վախեցավ
դրանից:
Մի քանի ամիս հետո Սկիպիոնը համալրեց իր բանակը, մոտեցավ
Կալլիգուլա լեռանը և փորձեց այստեղ փակել այն ուղիները,
որոնցով Հաննիբալը կապված էր աշխարհի հետ: Կարթագենացին
հասկացավ, որ հռոմեացին թակարդ է լարում: Նա իր մոտ կանչեց
եղբորը` Մագոնին և ասաց.

45

-Սկիպիոնը շուտ մոռացավ Տրազիմենի ամպը:
- Այո, - հաստատեց եղբայրը, - երևում է, որ նա ուշքի է եկել:
- Եվ այնուամենայնիվ, նա մնացել է նույն հիմարը, փակում է մեր
պարենի ճանապարհները, ուզում է շրջապատել մեզ: Երևի
կարծում է, թե մենք իր նման կարող ենք ամպի տակ մնալ:
-Դու ինչ-որ բա՞ն ես մտադրվել Հաննիբալ:
- Այո, Մագոն, վերցրու քո քաջ նումիդացիներին, շրջիր մերձակա
գյուղերը և հավաքիր հազար, չէ, հազարը քիչ է, հավաքիր երկու
հազար ցուլ, ընտրիր առողջ, կայտառ ցլերին:
-Եվ ի՞նչ պիտի անես դու այդ երկու հազար ցուլը:
Հաննիբալը չպատասխանեց եղբորը: Նա գլուխը վեր ցցեց, որ
նշանակում է. ՙայդ մասին` հետո՚:
Մագոնը կատարում է եղբոր պատվերը:
Մի քանի օր անց հռոմեական հիսուն հազարանոց բանակը
Կալլիգուլա լեռան մոտ փակեց Հաննիբալի ճանապարհը:
Կարթագենցին դրան էր սպասում: Պունիկյան զինվորները բոլոր
ցուլերի եղջյուրների վրա ձեթ ու ճարպով թաթախուն կանթեղներ
կպցրին, վառեցին կանթեղները և բաց թողեցին հռոմեացիների
վրա: Կանթեղների վառվածքից գալարվելով ու զայրանալով երկու
հազար ցուլ գրոհեց հռոմեական զորքի վրա: Դա սարսափելի
տեսարան էր: Հռոմեացիներին թվաց, թե աստվածներն իրենց
անեծքը մարդկանց են ուղարկում այդ ցուլերի բոցավառ
գլուխներով: Եվ դիմեցին խուճապահար փախուստի: Հաննիբալը
դիտում էր ցուլերի գրոհը և ծիծաղում քթի տակ: Նա
ճակատամարտը շահում էր առանց նետ ու նիզակի, առանց
զինվորների:
Կալլիգուլայի մոտ տարած հաղթանակից հետո Հաննիբալը
նվաճում է Կանն անունով փոքրիկ քաղաքը: Հենց այստեղ Հռոմը
պունիկյան բանակի դեմ հանեց հարյուր հազարանոց մի զորք:
Կաննի մոտ, Աուֆիդ գետի ափին, տեղի ունեցավ մեծ
ճակատամարտը: Հաննիբալը հաղթեց, իսկ հռոմեացիները
մարտադաշտում թողեցին յոթանասուն հազար սպանված:
Դա Հաննիբալի ամենափայլուն հաղթանակն էր, իսկ Հռոմի`
ամենածանր պարտությունը:

46

Էհ, Հաննիբալ, Հաննիբալ: Դու ինչպե՞ս չհասկացար, որ Կաննի
ճակատամարտը Մեծ ծովի ավազանում հռոմեական
գերիշխանության մայրամուտն էր:
Ինչո՞ւ չվայելեցիր քո հաղթանակի պտուղը, ինչո՞ւ անմիջապես
չգրոհեցիր Հռոմի վրա: Չէ որ Հռոմը Կաննից հեռու չէր: Չէ որ
հռոմեացիներն արդեն հաշտվել էին պարտության մտքի հետ: Չէ
որ կփոխվեր աշխարհի ու ժողովրդների ճակատագիրը, եթե դու
գրավեիր Հռոմը: Քո անվճռականությունը ոչ միայն Հռոմը փրկեց
կործանումից, այլ սև քար դրեց աշխարհի բախտի վրա:
Աշխարհում մեծեր կան, որոնք կանգ են առնում իրենց
մեծագործության իննհարյուր իննսունիններորդ քայլի վրա:
Նրանց մեծագործությունն աշխարհացունց կդառնար, եթե
կատարեին ևս մի քայլ: Հաննիբալը չկատարեց այդ մի քայլը և
դանդալոշի պես կանգ առավ տեղում: Նրա զորապետներից մեկը`
Մահարբալը ասաց.
- Հաննիբալ, դու գիտես հաղթել, բայց հաղթությունից օգտվել
չգիտես:
Կաննի հաղթությունը հանգած արև էր: Նա ոչ աշխարհին
ջերմություն տվեց, ոչ էլ Հաննիբալին:
Իսկ Հռոմն սկսեց ուշքի գալ: Հռոմեացիները տիրապետում են
մոռանալու արվեստին:
Հաննիբալը զորական ուժերի օգնության կարիք էր զգում: Նա
Մագոնին ուղարկեց Կարթագեն, իսկ մյուս եղբորը` Հասդրուբալին
օգնության կանչեց:
Հասդրուբալը պունիկյան իր բանակով Իբերիայից շարժվեց դեպի
Հռոմ:
Իբեր գետի մոտ հռոմեացիները հաղթեցին Հասդրուբալին` ասես
վրեժ լուծելով Կաննի պարտության համար: Ինքը Հաննիբալը
հազիվ փրկվեց մահից:
Հաննիբալի հույսը մնաց Կարթագենը:
Մագոնն այստեղ ստացավ չորս հազար նումիդական հեծյալ և
քառասուն փիղ: Սակայն Կարթագենի ավագանին փոխեց իր
որոշումը` Մագոնը պետք է ոչ թե օգնության գնար եղբորը, այլ`
մեկներ Իբերիա, որտեղ բնիկներն ապստանբել էին պունիկյան լծի
դեմ:

47

Հաննիբալն այլևս ուժ չուներ մեծ ճակատամարտի հանար:
Իբերիայում ու Մեծ ծովի ավազանում սկսեցին տուժել Հաննիբալի
դաշնակիցները: Հռոմեական մի բանակ, որի հրամանատարն էր
Մարցելիոսը, Սիցիլիա կղզում շրջապատեց Սիրակուզա քաղաքը:
Մարցելիոսը մի քանի անգամ գրոհեց, բայց չկարողացավ գրավել
Սիրակուզան: Լեգիոնականներից մեկը Մարցելիոսին ասաց.
- Զորապետ, չարժե անտեղի զոհեր տալ, Սիրակուզան անմատչելի
է:
- Այդ ի՞նչ ուժ է, որ անմատչելի է դարձնում այս քաղաքը:
- Հաննիբալը:
- Գժվել ես, ինչ է, ի՞նչ գործ ունի Հաննիբալը Սիրակուզայում,
կարթագենցին հիմա Կաննի մոտ քողարկում է իրեն ամպերի տակ,
իսկ Կաննը շատ հեռու է Սիրակուզայից:
- Ես ուրիշ բան էի ակնարկում, զորապետ:
- Ի՞նչ բան:
- Սիրակուզան էլ իր Հաննիբալն ունի:
- Վախկոտներ, աչքներիդ ամեն տեղ Հաննիբալ է երևում:
- Սիրակուզայի Հաննիբալը զորապետ Արքիմեդ գիտնականն է,
նրա հնարքներով են քաղաքի պարիսպները դարձել անմատչելի:
Յոթանասուն աստծու խելք ունի Արքիմեդը, ճիշտ է, նա
կարթագենցի Հաննիբալի բարեկամն է, բայց շատ է տարբերվում
Հաննիբալից: Նա խելքի ու իմաստության Հաննիբալ է:
- Ես պետք է հաղթեմ այդ Հաննիբալին, թող ինչ հնարք ուզում է
բանեցնի: Միևնույն է, զորական Հաննիբալը խելքի Հաննիբալին
օգնության գալ չի կարող: Ես սովի կմատնեմ Սիրակուզան: Ինչ էլ
անի` Արքիմեդը հաց չի կարող ստեղծել: Հնարքով հաց չեն
ստեղծում, իսկ առանց հացի պաշարվողները կամ մեռնում են,
կամ հանձնվում:
- Արքիմեդը աստվածային գիտուն է, զորապետ:
- Ես կհրամայեմ, որ մեր զինվորները չսպանեն նրան:
Հռոմեացիները գրավեցին Սիրակուզան, սակայն Մարցելիոսի
զինվորները մոռացան իրենց զորապետի պատվերը և սպանեցին
Արքիմեդին: Երբ Հաննիբալը լսեց Արքիմեդի մահը, հրամայեց, որ
պունիկյան բանակը տասներկու օր սուգ պահի: Հետո հրամայեց,
որ նումիդիական տասներկու զորագնդերի դրոշների վրա դրոշմեն

48

պատկերը` ջուր բարձրացնող այն մեքենան, որ կոչվում է
արքիմեդյան պտուտակ:
Վերջապես Հաննիբալը շարժվում է դեպի Հռոմ և կանգ առնում
քաղաքի պարիսպներից երկու-երեք հրասախ հեռու: Մի բլուրի
վրայից նա դիտում է աշխարհանուն քաղաքի տաճարները,
պարիսպներն ու փողոցները:
Դեմ դիմաց կանգնել են հռոմեական ու պունիկյան բանակները:
Այս անգամ Հռոմը չէր էլ ուզում խուսափել ճակատամարտից:
Բախտը, սակայն, թույլ չէր տալիս Հաննիբալին` սկսելու
ճակատամարտը: Մարտի փողերն հնչեցնելուց հետո
նումիդիական այրուձին ահեղ գոչումներով նետվեց հռոմեական
առաջապահ լեգեոնի վրա: Բայց դեռ նոր էին բախվում առաջին
նիզակները, երբ սկսվեց հորդ անձրևը, հետո հավի ձվի
մեծությամբ կարկուտ թափվեց երկնքից: Բանակները ետ դարձան
ելման դիրքերը: Հաջորդ օրը մարտը վերսկսվեց թե չէ` երկինքը
դարձյալ խառնվեց: Ասես մեկը բաց էր թողել անձրևի ու կարկուտի
երկնքում գտնվող բոլոր տակառները: Անձրևը շարունակվեց նաև
երրորդ ու չորրորդ օրերը: Ծույլ-ծույլ մաղում էր, բայց հորդանում
էր հենց որ հակառակորդները փորձում էին սկսել մարտը:
- Աստվածները դեմ են, որ դու նվաճես Հռոմը, - ասում էին
գուշակները Հաննիբալին:
Եվ կարթագենցի զորապետը զայրացած ասում է.
- Հռոմը նվաճելու համար մեկ բախտն է դավաճանում ինձ, մեկ`
խելքը:
Հենց այն ժամանակ, երբ Հռոմի պարիսպների տակ կանգնած
Հաննիբալը անիծում էր աստվածներին ու իր բախտը`
հռոմեացիները երկու խաղ են սարքում: Քաղաքից դուրս է գալիս
քսան հազարանոց մի բանակ և շարժվում դեպի արևմուտք:
Հետախույզները զեկուցում են Հաննիբալին.
- Հռոմեական բանակը արշավում է Իբերիա` իր իշխանությունն
այնտեղ ամրապնդելու համար:
- Փակել լեգեոնականների ճանապարհը և հարվածել ճակատից, -
մոլեգնած հրամայում է Հաննիբալը:
Սակայն հենց որ պունիկյան բանակը փորձում է հետևել Իբերիա
արշավող հռոմեացիներին, սկսվում է անանձրև և կարկուտ: Հաննիբալն

49

ընկնում է հուսահատության մեջ, իսկ հռոմեացիներն սկսում են իրենց
խաղի երկրորդ արարը: Հաննիբալը բանակել էր Կաս անունով դաշտում:
Ամառ էր: Հաննիբալականները հավաքում էին դաշտի բերքը, տիրություն
էին անում այնտեղ ինչպես սեփական կալվածքում: Բայց ահա
նումիդիացի մի հետախույզ, որ ճարպկորեն մտել էր Հռոմ ու աննկատ
դուրս էր եկել քաղաքից, հասավ Հաննիբալի մոտ.
- Զորապետ, հռոմեացիները կամ խենթ են, կամ աշխարհի ամենալկտի
մարդիկ:
-Ի՞նչ է պատահել:
-Դու գիտե՞ս, թե ինչ անուն ունի այս դաշտը:
-Կաս, դա գիտեն մեր բոլոր զինվորները:
-Սակայն տեղեկություն չունես դաշտի տիրոջ մասին:
- Այս դաշտում իմ բանակն է` հետևապես դաշտի տերը ես եմ`
Հաննիբալս:
- Այդպես կմտածեն, իհարկե, աշխարհի բոլոր ողջախոհ մարդիկ, իսկ այ,
Հռոմում ուրիշ բան են ասում:
-Ի՞նչ են ասում:
- Ասում են Կաս դաշտը շատ բերրի է և այդ բերրի դաշտի տերն էլ հին
լեգեոնական Սելուստոսն է:

- Ասելուց ի՞նչ օգուտ ունեն, Կասի արտերը հնձեցինք մենք, այգիների
բերքն էլ մեր զինվորների բաժինը դարձավ, դե թող Սելուստոսը կողքից
նայի ու դաշտն իրենը համարի:
- Բայց Սելուստոսը կողքից չի նայում: Նա դեռևս իրեն համարում է
դաշտի տերը և, գիտե՞ս ինչ է արել:
-Ի՞նչ:
- Հինգ տաղանդ գումարով Կաս դաշտը վաճառել է Հռոմի ամենամեծ փռի
տեր Բալոսին:
Հաննիբալն այլևս չշարունակեց զրույցը: Չցանկանալով շարունակել: Նա
հասկացավ, որ հռոմեացիները ծաղրում են իրեն: Հռոմն ուզում է ցույց
տալ, որ ինքը հզոր ու անհաղթ է, որ նույնիսկ այդ պահին Հաննիբալի
ոտքի տակի հողն անգամ Հաննիբալինը չէ, այլ նրա տիրոջը`
Սելուստոսինը: Դե գնա և կրճտացրու ատամներդ, Հաննիբալ: Ի՞նչ ես
նվաճել դու: Քո զորական ուժը բանի տեղ չի դնում նույնիսկ փռատեր
Բալոսը:

50


Click to View FlipBook Version