The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Գրադարան - Gradaran, 2021-04-01 18:54:39

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Hayk Khachatryan

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Keywords: ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գահասրահում ծնունդ առած շշուկը տարածվեց Արտաշատում, հետո
մեծանալով-մեծանալով հասավ Հայքի բոլոր կողմերը ու դարձավ
ահագնացած գույժ.
- Արտաշես արքան մեռնում է…
Ամենքը խոսում էին այդ մասին: Խոսում էին սարսափով, խուճապահար:
Մարդկանց թվում էր, թե Արտաշեսի մահով մի մեծ արհավիրք պիտի
լինի աշխարհում, թե կյանքը կկորցնի իր հազարաձև հմայքը, և ապրելը
կդառնա անիմաստ;
- Արտաշես արքան մեռնում է…
- Ի՞նչ: Ինչպե՞ս թե: Ինչպե՞ս կարող է Արտաշեսը մեռնել: Իսկ ո՞ւր են
հայոց աստավածները: Ի՞նչ է, Արտաշեսը նրանց զարմի՞ց չէ: Ո՞վ
կհավատա, չէ որ Արտաշեսն էլ աստվածային է: Խենթացել է, ի՞նչ է, Հայոց
Մեծ աստված Արամազդը:
Ոչ ոք չէր փորձում ասել, թե Արտաշեսի տարիքում կարող է մեռնել և
սովորական գեղջուկը, և նավապետը, և արքան:
Չէ, չէ, Արտաշես և մա՞հ: Երևի աշխարհը պիտի կործանվի, երևի ծովերը
պիտի ելնեն և ջրերի տակ առնեն ամենաբարձր լեռնակատարները: Ապա
ինչպե՞ս, ուրիշ կերպ չի կարող մեռնել Արտաշեսը: Մահը պետք է նրանից
հազար հրասախ հեռու փախչեր: Դա կլիներ ճշմարիտն ու արդարը:
Խոսում էին, վիճում, բողոքում, մեղադրում աստվածներին, կծու խոսքեր
ուղղում աստվածների հորը` Արամազդին: Մարդիկ սկսել էին կասկածի
տակ առնել ամեն բան: Հաստատունը, որին ոչ ոք չէր կասկածում, ամեն
անկյուն մտնող գույժն էր.
- Արտաշես արքան մեռնում է…
Հայքի բոլոր կողմերից հազարավոր մարդիկ էին շտապում դեպի
Արտաշատ: Գնում էին խմբերով ու միայնակ, գնում էին առանց
հոգնություն զգալու: Քաղաքամայր մտնելուց առաջ նրանք կանգնում էին
Տափերական կամուրջի վրա, գրպաններից հանում հայրենի վայրերից
վերցրած քարի փոքրիկ կտորները և նետում Երասխի մեջ:
Դա մահվան ոտքերը կապելու նշան էր: Մարդկանց թվում էր, թե մահը
պիտի իջնի Մեծ Մասիսի փեշերից և Տափերականի վրայով մտնի
Արտաշատ: Ասում են մահը պսպղուն քարեր շատ է սիրում: Եթե նա
կանգնի Տափերականի կամուրջի վրա ու աչքը գցի Երասխի ջրերի մեջ
նետած քարերին` ապա Արտաշես արքան կփրկվի:

151

Հարցնում եք` ինչպե՞ս: Մահը մի սովորություն ունի` հրապուրվում է
անմիտ երեխայի նման:
Նա կարող է հազար տարի կանգնել կամուրջի վրա և աչքը տնկել
Երասխի ջրերին: Դրանից հետո նա մոռանում է իր տեղը:
Այո, մարդիկ Արտաշատ էին գնում մահվան հաղթելու, Արտաշես
արքային փրկելու համար: Բոլորի հայացքներում նվիրում կար: Այդպիսի
հաստատակամությամբ, համառությամբ ու հավատարմությամբ մարդիկ
կարող են կռվի գնալ հայրենիքը փրկելու, թշնամուն հաղթելու համար:
Համենայն դեպս ոչ ոք չէր ասում, թե գնում է արքային հրաժեշտ տալու:
Իսկ ճշմարտությունն այն էր, որ դա իրոք արքայի հրաժեշտ տալու երթ
էր, որ սկիզբ էր առնում այծուղիներից ու հասնում մինչև մեծ
պողոտաները: Բայց մի՞թե բոլոր հայերը արքայասեր են: Գուցե նրանք
վախից են դարձել արքայասեր: Վախն ու երկյուղը ինչեր ասես, որ չեն
դարձնի մարդուն: Արքայասեր դառնալը ինչ մի մեծ բան է որ…
Աշնան սկիզբն էր: Տափերական դաշտն ասես պռնկե-պռունկ լցված էր
մրգի բուրմունքով: Այդ բուրմունքի հետ դաշտում տարածվում էր գույժը.
- Արտաշես արքան մեռնում է…
Մարդիկ այնպես էին գնում Արտաշատ` կարծես իրենք պիտի մեռնեն
Արտաշեսի փոխարեն: Նրանք պատրաստ էին ամեն տեսակ
զոհաբերության:
Սակայն քաղաքամայրը չէր կարող տեղավորել ամենքին: Այդ
պատճառով էլ շատերը վրաններ էին խփել քաղաքից դուրս, Երասխի աջ
ափին, բաց դաշտում:
Ոչ ոք խնդալու, ծիծաղելու իրավունք չուներ:
Փորձում էին զսպել և լռակյաց դարձնել նաև երեխաներին;
Այդ աշխարհատարած շարժումը դուր չէր գալիս միայն մեկին`
Արտավազդին:
Մի առավոտ արքայազնը, հինգ-վեց զինավառ հեծյալների հետ դուրս
եկավ Արտաշատից, անցավ Տափերական կամուրջը և շարժվեց դեպի
Մեծ Մասիսի լանջերը: Արշավում էր մեծ արագությամբ և մտովի վիճում
ինքն իր հետ: Պատկերացնում էր, թե Անահիտ աստվածուհու
պատգամախոսը հարցեր է տալիս և ինքը պատասխանում է նրան.
- Այդ ո՞ւր, արքայազն:
- Որսի, պատգամախոսդ Անահտա:
- Ի՞նչ;

152

- Աշխարհում ամենից վատ լսում են աստվածային պատգամախոսները,
որսի եմ գնում;
- Ոչ ոք չի հավատա:
- Ինչի՞ն չի հավատա:
- Որ աշխարհը տեղից պոկվել Արտաշատ է գալիս մահամերձ արքային
հրաժեշտ տալու, իսկ արքայի զավակը ամեն ինչ մոռացած` որսի է գնում:
- Ես ինչո՞վ եմ մեղավար, որ աշխարհը խենթացել է, մարդիկ սիրում են և
մեռնողին, և մահը, և այն, ինչ կապված է մահվան հետ: Իսկ ես սիրում եմ
կյանքը:
Ավելի լավ է որսի գնալ, քան նստել ու լսել հազար-հազարների
նվնվոցները:
Մարդը դեռ չի մահացել, բայց արդեն սուգ են անում:
- Արքայազն, դու չե՞ս երկյուղում աստվածներից:
- Ինչո՞ւ պիտի երկյուղեմ:
- Որ խորհում ես աշխարհին հակառակ, որ գնում ես աշխարհին ու
մարդկանց հակառակ, մարդիկ վշտի մեջ են նետվում, իսկ դու ձգտում ես
որսի, վայելքի…
- Այդ ամենը ճիշտ է, բայց ոչ մի աստված էլ ինձ պատժել չի կարող, ես եմ
աշխարհի ու կյանքի տերը, որսը, խորովածի ախորժագրգիռ հոտը…
-Արքայազն, բայց քո հայրը մեռնում է:
- Եթե այսօր իմ որսը հաջողակ լինի` հայրս չի մեռնի…
- Ի՞նչ, դու կարծում ես, թե հաջողակ որսով կարող ես մահը հեռո՞ւ վանել
հորիցդ:
- Այո, պատգամախոս Անահտա, մարդը ապրելով պիտի հաղթի
մահվան… Չպետք է թույլ տալ, որ մահը հասնի տանդ շեմին: Մահվան
ոտքերը պիտի Մեծ Մասիսի լանջերում կապել: Իսկ եթե թույլ տաս, որ
նա հասնի Տափերական կամրջին, ապա ետ չի դառնա, ինչ էլ անես` ետ
չի դառնա…

ՎԵՐՋ

153

154


Click to View FlipBook Version