The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Գրադարան - Gradaran, 2021-04-01 18:54:39

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Hayk Khachatryan

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Keywords: ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

- Հայր իմ, - մենախոսում էր արքան հոր արձանիկի ուսերից բռնած, - ես
սահմանաքարեր եմ դնում և մագաղաթների վրա հաստատում մեր
տերության եզրերը ոչ թե աչքածակությունից, այլ մեր ազգապետի` Հայկ
նահապետի զարմի բոլոր անդամների բնակության վայրերը
հաստատելու համար:
Այնպես որ, ներիր ինձ, հայր, աշխարհում ամենափոքր ագարակն էլ իր
ցանկապատն ունի, էլ ինչպե՞ս կարող է երկիր լինել առանց սահմանի:
Հիմա ազգերը բազմանում են և ընդարձակում իրենց բնակության
սահմանները: Սահմանաքարերով լինի թե զենքի ուժով ես պարտավոր
եմ պաշտպանել իմ տերության եզրերը և չթողնել, որ օտար ազգերը
խուժեն մեր հողը: Աշխարհում շատ սահմաններ են փոխվում, հայր իմ:
Այժմ հողի իրավունք են ձեռք բերում ոչ թե հնատոհմությամբ, այլ նիզակի
զորությամբ:
Արտաշեսը տերության հոգսերի մասին չէր պատմում տիկնանց-տիկին
Սաթենկին: Կինը պիտի գործ չունենա տերության գործերի հետ: Կինն
աշխարհ է եկել տղամարդուն սիրելու ու նրան վայելք պատճառելու
համար: Կինը սեր է և մայր, դրանից այն կողմ կինն անելիք չունի, դրանից
այն կողմ կնոջ կատարածը ոչ աստվածներին դուր կգա` ոչ էլ`
մարդկանց:
- Ես սիրում եմ քեզ, - Արտաշեսին փարվելով ասում էր տիկնանց-
տիկինը, - ավելի լավ է գուրգուրեմ քեզ, քան խորհուրդ տամ, թե ինչպես
կարելի է վարել տերության այս կամ այն գործը:
- Դու իրավացի ես, Սաթենիկ, - արձագանքում էր Արտաշեսը:
Ոչ արքան, ոչ էլ տիկնանց-տիկինը իրենց զրույցների ժամանակ չէին
մտաբերում օձագլուխ քորոցի պատմությունը: Կանայք մռայլվում են, երբ
իրենց հոգուն տհաճություն պատճառող բաներ են հիշեցնում: Դրանից
նրանք չարանում են: Եվ, այնուամենայնիվ, ինչքան էլ Արտաշեսը
չհիշեցներ, Սաթենիկը չէր կարող մոռացության տալ քորոցը: Խանգարում
էր Մասյացոտնի նահապետ Մեմը: Նա շարունակում էր տիկնանց-
տիկնոջը հիշեցնել իր գոյության մասին:
Սակայն Մեմը չէր ապրում հենց այնպես, ինչպես ապրում են Հայքի բոլոր
բնակիչները, որոնք իրենց համարում են Արտաշես արքայի
հպատակները: Ի՞նչ, հպատա՞կ: Ո՞ւմ հպատակը, Արտաշես արքայի՞:Ոչ,
Մեմին չեն կարող իշխել նույնիսկ աստվածները, ուր մնաց` ինչ-որ
Արտաշես: Բայց ի՞նչ կարևոր է, թե ով է հպատակը և ով իշխողը: Ինքը`

101

Մեմը, սիրում է Սաթենիկին: Եթե աստվածները զորություն ունեն, թող
արդարադատ լինեն և Սաթենիկին հանձնեն իրեն: Արտաշեսն
ինքնասպան չի լինի դրա համար:
Տափերական դաշտում զովարար են լինում ամառային գիշերները: Բայց
հակառակի պես այդ գիշերը միանգամից ցրտեց: Ասում են քառասուն
տարին մի անգամ ամռան տապին Մեծն ու արին Արամազդը Մեծ
Մասիսի կատարից մի ագուռ սառն օդ է վերցնում ու շպրտում
Տափերական դաշտի վրա: Դե աստվածների հոր ագուռը հո սովորական
մարդու բուռ չէ:
Սաթենիկին հանդիպելու համար Մեմն ինչո՞ւ է ընտրել հենց այս գիշերը:
Դե նա որտեղի՞ց իմանար, թե Արամազդի խենթությունը պիտի բռներ
հենց այս գիշեր:
Մեղմ մշուշ էր իջել Արտաշատի վրա: Ոչ մի ձայն չէր լսվում: Ցրտից
բներում փակվել էին ծղրիդներն ու ամառային ծլվլան թռչունները:
Տիեզերքի խորհրդավոր լռությունն ասես եկել ու լցվել էր Երասխի
հովիտը:
Միջնաբերդի աջ կողմից հոսում էր Երասխը: Եղեգնուտները Երասխի
ափին աճում են միայն այն մասերում, որտեղ գետը մեղմահոս է:
Սահանքներում գետը եղեգնուտներ չունի:
Մեմը դուրս եկավ եղեգնուտներից և նայեց միջնաբերդի կողմը: Նա սկսեց
զգուշորեն քայլել դեպի պարիսպները:
Ահա հասավ փոքրիկ դռնակին: Մեմը չծեծեց այն:
Մոտեցավ թե չէ` դռնակն իսկույն բացվեց: Ծանոթ զորականը շշուկով
ասաց.
- Սուրհանդակ եկավ և հայտնեց, որ արքան այս գիշեր չի վերադառնա
Արտաշատ:
Մեմը շարժվում էր աներկյուղ: Ասես ոչ թե Արտաշես արքայի
միջնաբերդի բավիղներում էր գտնվում, այլ` սեփական դաստակերտում:
Դեռ դռանը չհասած, կողքի միջանցքի պատից կախված կանթեղափնջի
լույսի տակ Մեմը դեմ առավ գիշերային շորերով մի կնոջ: Վերջինս
վախից այնպիսի ճիչ արձակեց, որ լսելի եղավ միջնաբերդի բոլոր
կողմերում: Մեմը անմիջապես դեն նետեց կանթեղը, հավանաբար,
մթության մեջ իրեն քողարկելու համար: Նա շտապում էր գտնել
գետնախորշի մուտքը: Բայց դիմացից նրա առջևը կտրեցին երկու
զորական, մեկը հարվածեց մեջքին: Սոսկալի ցավից նրա գլուխը

102

պտտվեց, ու նա վայր ընկավ: Զորականներն սկսեցին ծեծել անզգա
Մեմին:
Հաջորդ օրը Թիլ ավանից տուն վերադարձող Արտաշես արքան, դեռ
ոտքը պալատ չդրած, լսեց Մաղխաղի զեկույցը.
- Այս գիշեր տիկնանց-տիկնոջ միջնասրահում բռնվել է Մասյացոտնի
նահապետ Մեմը:
- Ի՞նչ, - չհավատալով իր լսածին, հարցրեց արքան:
- Այո, արքա, Մեմը, այդ անկոչ այցելուն, հայտնվեց այնտեղ, որտեղ
չպիտի հայտնվեր:
Ես կարող էի նիզակը խրել նրա սիրտը, բայց սպասեցի, որ վճիռը դու
կայացնես:- Դու ասացիր` հայտնվել է այնտեղ, որտեղ չպիտք է
հայտնվեր:
- Այո, տեր իմ, այդպես ասացի:
- Չէիր ուզում ավելի որոշակի ասել, որ նա մտել է տիկնանց-տիկնոջ
ննջասենյակը:
- Ոչ, արքա, նա տիկնանց-տիկին Սաթենիկի ննջասենյակը չի մտել, բայց
նրա քայլերը տանում էին դեպի ննջասենյակը:
- Նետիր նրան հանցանաց խուցը, - հրամայեց Արտաշեսը:
Հանցանաց խուցը գտնվում էր միջնաբերդի հարավային կողմում: Մինչ
արքան ու Մաղխաղը կհասնեին խցի մոտ, սպասավորներից մեկը մի
բազկաթոռ բերեց: Ահա խցի դռնակից դուրս բերելով արքայի առջև
հրեցին Մասյացոտնի նահապետ Մեմին:
- Լսիր, նահապետ Մեմ, դու գտնո՞մ ես, որ գիշերով ուրիշի տուն մտնողը
գող է:
- Ի՞նչ էիր որոնում իմ ապարանքում:
- Ես այդ հարցին չեմ պատասխանի` ինչպես էլ դու վարվես ինձ հետ:
- Գուցե քեզ հրավիրել է տիկնանց-տիկի՞նը, - հանկարծ հարցրեց
Արտաշեսը:
- Ոչ:
- Վաղը դու կստանաս քո պատիժը:
- Ի՞նչ պատիժ, - ակամա հարցրեց Մեմը:
- Վաղը, նահապետ…
- Ես ներողություն չեմ հայցում, արքա, իմ ու քո տարբերությունը դա է:
- Ետ տարեք սրան, - հրամայեց Արտաշեսը և ելավ բազկաթոռից:

103

Միայնակությունը մարդուն ինքնանփոփ է դարձնում, մի քիչ
իմաստացնում, մի քիչ խենթացնում: Բայց միայնակություն էլ կա,
միայնակություն էլ: Ցերեկվա պահին մարդն այնքան էլ չի զգում այն,
քանի որ նրան թվում է, թե ինքն ապավինում է արևի լույսին, բնությանն
ու աստվածների ուժին: Վերջիններս գիշերը լքում են մարդուն:
Ամբողջ գիշեր Արտաշես արքան այնպիսի ապրումների մեջ էր, որ նրան
թվում էր, թե աշխարհում ոչ մարդ է մնացել, ոչ` աստված, ոչ` արև:
Գահասրահում ետ ու առաջ էր քայլում անհանգիստ շարժումներով: Նա
մի պահ պատկերացնում է, թե իր դեմ կանգնած է նահապետ Մեմը.
- Դու չարագործ ես: Մի ժամանակ, երբ Երասխը երկու օրով փոխեց իր
հնամյա հունը` դու փորձեցիր քո տիրույթն ավելացնել նահապետ
Տուղտի հողերի հաշվին: Օրը ցերեկով ասում էիր, թե Ուրծաձոր գավառի
կեսը վաղուց քո տիրույթն է եղել և հիմա Երասխը շտկում է սխալը: Այն
ժամանակ ես հասկացա, որ դու գող ես: Բայց դե գող էլ կա, գող էլ: Մեկը
նախընտրում է մարդ սպանելով կողոպտել, մյուսը ջանում է գողանալ
առանց արյուն թափելու, երրորդը ձեռք չի տալիս աղքատի ունեցվածքին:
Դու, Մեմ, նման չես դրանցից և ոչ մեկին: Դու կարող ես ամեն ինչ
գողանալ: Դու գող էլ կգողանաս, Մեմ: Երևի կասես, թե քեզ դատում են
առանց դատի:Ինչ անենք, թող այդպես լինի, ամեն մարդ իր ուժի չափով է
գործում այս աշխարհում: Դու հանդգնեցիր գիշերով մտնել իմ տունը և
մոտենալ տիկնանց-տիկնոջը: Մտար, առանց վախենալու, որ դիպչում ես
արքայի արժանապատվությանը: Ես էլ, պահպանելով արքայական իմ
վսեմությունը, քեզ չեմ հարցաքննի, որպեսզի դու չհոլովես Սաթենիկ
անունը:
Ես քեզ այնպիսի պատժով կպատժեմ, որ Հայքում մինչև հիմա չի անցել ոչ
ոքի մտքով. քեզ ոչ կնետահարեն, ոչ նիզակով կամ սրով կխոցեն սիրտդ,
ոչ կգլխատեն, ոչ կսատակեցնեն ձիու ետևից քարշ տալով, ոչ ջրի մեջ
կխեղդեն, ոչ էլ կնետեն քարափից… Չէ, Մեմ, քեզ ձեռք չեն տա, իմ
զինվորները քեզ կհայտնեն միայն, որ դու պարտավոր ես ելնել Մեծ
Մասիսն ի վեր: Եթե կարող ես` գնա և ապրիր Մասիսի կատարին:
Հաջորդ օրը մունետիկները շրջեցին Արտաշատի բոլոր փողոցները և
ամենքին հայտնեցին Արտաշես արքայի վճիռը:
Մեծ Մասիսի` Տափերական դաշտին նայող լանջի վրա Ակոռին վերջին
գյուղն է: Նրանից հետո սկսվում է ճերմակ ձյան աշխարհը: Առավոտյան
շարունակեցին ճանապարհը լանջն ի վեր: Հասան մի թեք, ընդարձակ

104

ձյունադաշտի: Այստեղ Մաղխաղը կանգնեցրեց զորքը: Ոչ ոք պատրաստ
չէր դիմագրավել սառնամանիքին և վեր ելնել: Մեմին առաջ բերեցին, և
Մաղխաղը նրան ասաց.
- Գնա, ես քեզ բաց եմ թողնում, հաշվիր, թե այստեղից վերև քո տիրույթն
է: Մեմը ոչինչ չասաց ու ոչ ոքի կողմ չնայեց: Նա սկսեց ձյան միջով քայլել
առաջ:
Ներքևից երկար շղթա կազմած զորականները հետևում էին Մեմին:
Մեմը հոգնեց ու նստեց ձյան վրա: Ձյունը կոտրվեց Մեմի տակ և
նահապետն ասես փոսի մեջ ընկավ: Նա փորձեց դուրս գալ փոսից, բայց
չկարողացավ:

ԾՈՓՔԻ ԹԱՓՈՒՐ ԳԱՀԻ ՀԱՄԱՐ

Գարնանամուտի մի օր Արտաշատ մտավ պերճահանդերձ մի պատանի:
Տասնվեց-տասնյոթ տարեկան էր, բարձրահասակ, գանգրավարս: Հագին
կարմիր կոշիկներ էին: Դա նշան է, որ նա արքայական զարմից է: Բայց
նրանը տարբերվում էին աշխարհի բոլոր արքաների ու արքայազունների
կոշիկներից: Փոշին չէր նստում նրանց վրա: Դե արի ու իմացիր, թե ինչ
կաշուց են դրանք կամ որ հնարագետ վարպետն է մշակել այդ կաշին:
Նույն կարմիր կաշուց էր պատրաստված նրա ուսից կախված կապարճը:
Արքայատես պատանուն ուղեկցում էր միայն մի մարդ: Սա միջահասակ
էր, հաստ, խստաբարո հոնքերով:
Տափերական կամուրջի պահակ-զորականը գլուխ տվեց պատանուն և
վաղվաղակի բացեց մեծ դարպասը: Երբ պատանին իր ուղեկցողի հետ
բավական հեռացավ կամուրջից` զորականը դարձավ իր ընկերոջը որը
հենց նոր էր եկել փոխարինելու.
- Արքայազն Մաժանն էր իր սպասավորի հետ…
- Ի՞նչ Մաժան:
- Աշխարհում քանի՞ արքայազն Մաժան կա:
Գետի մյուս ափից եկավ ու քաղաք մտավ: Հավանաբար որսի էր գնացել:
Ձեռնունայն էր վերադառնում, դրա համար էլ տխուր էր: Բայց և այնպես
չեմ կարողանում մտաբերել, թե երբ է դուրս եկել քաղաքից, որ հիմա
վերադառնում է:

105

- Դու երևի ինչ-որ բան ես շփոթում:
- Ի՞նչն ես շփոթում: Հագին կարմիր կոշիկներ էին, չէ, Մաժանն էր:
- Բայց այստեղ գալուց առաջ արքայազն Մաժանին ես տեսա միջնաբերդի
բակում խաղալիս:
- Ի՞նչ ես ասում, մի՞թե իսկապես ես շփոթել եմ, գուցե Զարեհն էր կամ
Վրո՞ւյրը, չէ, ոչ Զարեհին էր նման, ոչ Վրույրին, Մաժանն էր…
- Գուցե ե՞ս եմ շփոթում: Գուցե միջնաբերդի բակում իմ տեսած
արքայազունը Մաժանը չի՞ եղել…
Մինչ Տափերական կամուրջի պահակ-զորականները գլուխ կջարդեին
կռահելու համար, թե ով էր կամրջի վրայով անցնողը, պատանին հասավ
միջնաբերդ և պալատի առջև հանդիպեց Արտաշես արքային:
Արտաշեսն էլ, պահակների նման, նժդեհին դնելով Մաժանի տեղ, մի
տեսակ բարկացած ասաց.
- Դու այս որտեղի՞ց ես գալիս, դա ի՞նչ կարմիր նետաման է, որ գցել ես
ուսովդ, այս մարդն ո՞վ է, որ պարտապանի պես տնկվել է կողքիդ:
- Պատանու դեմքը դարձավ ապշահար, նա ոչինչ չկարողացավ
պատասխանել: Արքան շարունակեց.
- Դու ինձ չե՞ս լսում, Մաժան:
Անծանոթ պատանին կմկմաց, բայց հավաքեց իրեն ու խոսեց.
Ներիր, արքա, ես Մաժանը չեմ…
Արքան մոտեցավ պատանուն, նայեց նրա աչքերին և ասաց.
- Դու թռցրե՞լ ես խելքդ, հենց հիմա գնա տիկնանց-տիկնոջ մոտ և
գլխացավի դեղահյութ խմիր:
- Արքա, դու ինձ ուրիշի տեղ ես դնում:
- Ուշքի եկ, տղաս, ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, - մի տեսակ խեղճացած
ասաց Արտաշեսը:
Հենց այդ պահին նրանց մոտեցավ արքայազն Մաժանը: Արտաշեսը
նայեց երկուսին, ծիծաղեց ու ասաց.
- Այս ո՞ր աստվածն է երկուսիդ այսքան նման դարձրել, մեկդ մյուսի
նմանակն է:
Արքայազն Մաժանը մոտեցավ պատանուն, ձեռքով թըփթըփացրեց նրա
կուրծքը և հարցրեց.
- Ի՞նչ է քո անունը:
- Զարեհ, - պատասխանեց պատանին:
- Քո ձայնն էլ է իմի նման, կուզե՞ս գնանք հոլ գցենք:

106

Եկվոր պատանուն ուղեկցող մարդը, որ մինչ այդ լուռ էր, գլուխ
խոնարհեց և դարձավ արքային.
- Մենք կարևոր բան ունենք հաղորդելու:
Կես ժամ հետո Արտաշես արքան իր գահասրահում զրույցի նստեց
անծանոթ արքայազնի և նրան ուղեկցող մարդու հետ:
- Ես Ծոփքի արքայազն Զարեհն եմ, - ասաց պատանին, - և քո դուռն եմ
եկել` հուսալով, որ դու կպաշտպանես իմ իրավունքները, իսկ սա իմ
դայակն է, Արբակը, ես ամեն ինչ վստահում եմ նրան:
Արտաշեսն այսպիսի անակնկալի չէր սպասում: Նա նայում էր Ծոփքի
արքայազն պատանուն և փորձում էր մտաբերել արքայազնի հոր`
Զարեհի դեմքը: Չի կարողանում, Զարեհը մնացել է տարիների մշուշի
մեջ: Եվ, այնուամենայնիվ, այս տղան ամենևին նման չէ իր հորը: Սա
իսկապես նման է Մաժանին: Եվ ոչ ոք չի կարող սրան ու Մաժանին
տարբերել իրարից: Իսկ գուցե տիկնանց-տիկին Սաթենիկը ճանաչի՞ իր
իսկական որդուն:
Արտաշեսը բարձրացնում է գլուխը, փորձում դուրս գալ հուշերի
մացառուտներից:
- Քո հայր Զարեհը, արքայազն, իմ բարեկամն ու դաշնակիցն էր: Երկուսս
էլ ստրատեգոսներ ենք եղել, ծառայել Սելևկյաններին, հետո երկուսս էլ
մեզ արքա ենք հռչակել և անսալով մեր տոհմական արյան կանչին` թագ
դրել մեր գլխներին: Շատ ենք օգնել միմյանց մարտի ժամանակ:
- Հայրս երեք զավակ ուներ, - պատմեց Ծոփքի արքայազնը, - ավագը
Արկաթիասն էր, միջինը` Մեհրուժանը, կրտսերը` ես:
Մայրս է ինձ հորս անունով կոչել: Երեք եղբայրներս սիրել ենք միմյանց:
Երբ հայրս մահացավ, մենք թագն ու գահը տվեցինք Արկաթիասին, որ
առաջին գահաժառանգի իրավունք ուներ:
Ես և Մեհրուժանը ընդունեցինք նրա իշխանությունը: Մենք նրան էինք
սիրում, նա էլ` մեզ:
Բայց ահա Ծոփք մտավ Սելևկյան ավազակաբարո տիրակալ Անտիոքոս
Եպիփանեսը և ամեն ինչ խառնվեց: Արկաթիասը զոհվեց կռվի
ժամանակ…
Արքայազնը մի պահ ընդհատեց պատմելը և փորձեց դադար առնել ու
շարունակել, բայց Արտաշեսը կանխեց նրան իր հարցերով.
- Եպիփանեսի արշավի ժամանակ որտե՞ղ էիր գտնվում դու:
- Արկաթիակերտում:

107

- Իսկ միջնակ եղբայրդ` Մեհրուժանը:
- Նա էլ Արկաթիակերտում էր:
- Դու և Մեհրուժանը ինչպե՞ս ազատվեցիք:
- Երբ Եպիփանեսը պաշարեց Արկաթիակերտը, եղբայրս` Արկաթիաս
արքան, ստորգետնյա գաղտնուղիներով ինձ ու Մեհրուժանին դուրս
բերել տվեց քաղաքի պարիսպներից: Ես և իմ դայակ Արբակը
թաքնվեցինք մի անտառում, որտեղ չէին կարող մտնել Սելևկյան
զինվորները: Եթե հանդգնեին մտնել, կմոլորվեին այդ մութ ու մեծ
անտառում:
- Իսկ Մեհրուժա՞նը:
- Նա էլ դայակի հետ փախավ Գամիրք, Արիարիաթ արքայի մոտ:
-Բայց ինչո՞ւ դու ու Մեհրուժանը բաժանվեցիք իրարից:
- Արկաթիակերտից մենք դուրս եկանք առանձին-առանձին, դա
նախապես որոշել էր Արկաթիաս արքան: Այդպես է արել
ապահովության համար: Չէ՞ որ երկուսով կարող էինք թշնամու ձեռքն
ընկնել, մենք առանձին ճամփաներով գնացինք, որ գոնե մեզնից որևէ
մեկը ողջ մնա:
- Քեզ ու Մեհրուժանին ի՞նչ պատվիրեց Արկաթիաս արքան:
- Նա ասաց, որ եթե ինքը զոհվի կռվի ժամանակ, ապա Ծոփքի տիրակալը
կդառնամ ես` Զարեհս:
- Դո՞ւ:
- Այո, Արտաշես արքա, ես:
- Բայց չէ՞ որ դու կրտսերն ես, Մեհրուժանը քեզնից մեծ է, օրինաց
կարգով գահը նրան է պատկանում:
- Օրինաց կարգը օրինաց կարգ, բայց կա նաև մի ուրիշ բան, տիրակալի
կամքը: Եղբայրս ցանկացել է, որ ես փոխարինեմ իրեն և ոչ թե`
Մեհրուժանը:
- Արկաթիաս արքան ինչո՞ւ է այդպես կամեցել:
- Որովհետև Մեհրուժանն երբեմն ուշագնաց է լինում:
- Ով կարող է հաստատել դա:
- Մի քանի արքունականներ, որոնց մի մասը զոհվել է Արկաթիաս
արքայի հետ:
- Իսկ ինքը` Մեհրուժանը կհամաձայնի՞, որ գահը դու ժառանգես:
- Այո, արքա:
- Այդ մասին դու խոսել ես Մեհրուժանի հետ:

108

- Ես չեմ խոսել, նա ինքն է միշտ ասում, որ չի կարող վարել երկրի
գործերը և որ ավագության իրավունքը կամավոր զիջում է ինձ:
- Այդ ամենը բանավո՞ր է եղել:
- Ուրիշ ինչպե՞ս պիտի լիներ:
- Պիտի վավերացվեր մագաղաթի վրա:
- Մի՞թե այդպիսի զրույցները գրի են առնվում:
Արտաշեսը չպատասխանեց Զարեհի հարցին, մի պահ մտքերի մեջ
ընկավ, ապա ասաց.
- Զարեհ, Արկաթիաս արքան գիտե՞ որ Մեհրուժանը ընկնավոր է:
- Այո, արքա, նա մի քանի անգամ հյուր է եղել մեզ մոտ`
Արկաթիակերտում, նույնիսկ Գամիրքից դեղանյութեր է ուղարկել
Մեհրուժանի համար:
Արտաշեսը զարկեց ձեռքի կոչնակը: Ներս մտավ սենեկապետ Դատը:
- Դատ, - ասաց Արտաշեսը, - այս պատանին Ծոփքի արքայազն Զարեհն
է, Զարեհ արքայի որդին: Նա իմ հյուրն է: Պահիր-պահպանիր նրան, բայց
աշխատիր չշփոթել նրան արքայազն Մաժանի հետ:
- Տեր իմ, մի՞թե սա արքայազն Մաժանը չէ:
- Ոչ, Դատ, ես ասացի, որ սա արքայազն Զարեհն է:
- Ես կխառնեմ, արքա, անպայման կխառնեմ:
- Դու պարտավոր ես չխառնել, Դատ…
Արքայազն Զարեհի Արտաշատում հայտնվելը յոթբեռանի մտքի տակ
դրեց Արտաշեսին: Քանի տարի է, ինչ տենչում է միավորել պապենական
հողերը և ստեղծել միասնական մի Հայք: Հայոց բոլոր աստվածների
պատգամախոսները նրան մինչև հիմա հաստատուն մի բան են հուշել.
Հՙ ամբերիր և որսա պատեհ ժամը:՚ Գուցե հենց սա է պատեհ ժամը:
Եպիփանեսը Ծոփք մտավ ու հեռացավ: Սելևկյան գահի վրա նոր բազմած
Դեմետրիոսը հազիվ թե մտահոգվի Ծոփքով: Ուրիշ էլ ո՞վ կարող է
խանգարել ինձ: Հռո՞մը:
Նա հազիվ թե ձեռքը մինչև Ծոփք երկարի: Արիարա՞թը: Բայց նա իմ
բարեկամն ու դաշնակիցն է: Չէ, ամենաբարեպատեհ պահը սա է: Ես իմ
տերությանը կմիացնեմ Ծոփքը, ես պարտավոր եմ միացնել: Ոչ ոք չի
կարող դեմ կանգնել ինձ: Շուրջս ես զորեղ հակառակորդ չունեմ: Բայց չի
կարելի զայրացնել հարևաններին, ինչքան էլ նրանք թույլ լինեն: Իհարկե,
ես կարող եմ հենց հիմա իմ բանակով մտնել Ծոփք և ամեն ինչ վերցնել մի
հարվածով: Բայց, անշուշտ դա դուր չի գա իմ հարևաններին:

109

Յուրաքանչյուր արքա պարտավոր է իր մագիլները թավիշով քողարկել:
Ծոփքը նվաճելով կարող եմ ես իմ վստահությունը կորցնել ամենքի մոտ:
Դա վտանգավոր խաղ է: Հիմա պիտի ուրիշ միջոց գտնել: Հարկավոր է
նախ լեզու գտնել Արիարաթի հետ: Բայց ինչո՞ւ պիտի Գամիրքի արքան
համաձայնի: Նա ի՞նչ օգուտ ունի դրանից: Օգո՞ւտ: Չէ, Արիաթը հիմար չէ,
նա գիտե, որ Ծոփքը միացնելով Մեծ Հայքին ես ավելի կզորեղանամ: Իսկ
ո՞ր արքան կցանկանա հզորացնել իր հարևանին: Արիաթն անպայման
կխանգարի: Իսկ եթե ստիպեմ` մեր բարեկամությունը կվերածվի
թշնամության:
Դրանից ես չեմ շահի: Իսկ երկու արքայազուննե՞րը: Այդ ինչո՞ւ եմ
մոռանում նրանց: Չէ որ նրանք կան, ապրում են, մեկն ինձ մոտ է, մյուսը`
Արիարաթի: Նրանք են Ծոփքի օրինական տերերը: Ավելի շուտ` նրանցից
մեկը: Բայց ո՞րը: Զարեհն ասում է, թե գահն իրեն է պատկանում: Երևի
Արիարաթին այդպես է ասում նաև Մեհրուժանը: Զարեհն ասում է, թե
Մեհրուժանը ընկնավոր է:
Այդ ո՞ր աստվածն է ընկնավոր արքայից թագ խլել: Բայց Արտաշեսի
համար ի՞նչ տարբերություն, թե երկու եղբայրներից որը պիտի նստի
Ծոփքի գահին: Ասենք թե` Զարեհը նստեց, հետո՞: Զարեհ լինի, թե
Մեհրուժան, ընկնավոր լինի, թե քաջառողջ` Արտաշեսի համար նույնն է:
Բոլորն էլ Զարեհյաններ են, Երվանդունի Զարեհյաններ, որոնք
հպարտանում են իրենց նախատոհմով, բայց կառչում են
վերընձյուղվածին` Զարեհյաններին:
Մտքերի մեջ ընկած մարդը նման է վազողին, որ ստիպված է լինում
շունչ-դադար առնել և նոր արագացնել թափը: Այդպիսի մի դադար առավ
Արտաշես արքան: Սակայն հենց այդ պահին նրա միտքն այնպես
փայլատակեց, որ թեքեց իր ճամփան:
Զարեհը նման է Մաժանին: Աստվածներն իրենք են հուշում, թե ինչ պիտի
անել: Էլ ո՞ւմ ես սպասում, բախտն իր ոտքով քո դուռն է եկել: Պայքարիր
արքայազուն Զարեհի գահակալական իրավունքի համար, համոզիր
աշխարհին, որ Մեհրուժանն ընկնավոր է և չի կարող վարել տերությունը:
Երբ հասնես այդքանին` մնում է ընդամենը կես քայլ, Զարեհի փոխարեն
Ծոփքի գահի վրա կնստի արքայազն Մաժանը: Զարեհն ու Մաժանը
ավելի են իրար նման, քան երկվորյակ եղբայրները: Եթե հաջողվի
Մաժանին Ծոփքի գահին նստեցնել` հետո համայրա անելիք չի մնում:

110

Արտաշեսի դեմքը մի պահ այլայլվում է, կարծես մեկը ծակում է նրա
կողը: Այդ դո՞ւ ես, Արտաշես Բարի Երվանդունի: Մտադրվել ես
մեջտեղից վերացնել քո հնօրյա դաշնակցի որդուն և նրա գահը հանձնել
զավակիդ: Եվ քեզ համարում ես արդարադատ արքա: Իսկ ի՞նչ երեսով
պիտի դու խոսես աստվածների հետ:
Կանգ առ, այդ ո՞վ է մեղադրում ինձ, այդ ո՞վ է ինձ օգտապաշտ
համարում, ո՞վ ասաց, թե ես մտադիր եմ Մաժանին արքա կարգել: Ես
միայն խաղ եմ հյուսում, ես ուզում եմ, որ ոչ Մաժանը արքա դառնա, ոչ էլ
Զարեհը: Ես ուզում եմ Ծոփքը միացնել մեր տերությանը: Դա իմ
նախնիների երազանքն էր ու ինձ հասցրած պատվիրանը: Ինքս շահ
չունեմ դրանից: Իմ թագի մարգարիտների թիվը ես կարող եմ ավելացնել
առանց Ծոփքին ձեռք տալու: Դրանից պիտի շահեն բոլոր հայերը, բոլոր
հայերի հետնորդները: Մի արյունոտիր իմ Մաժանի ձեռքերը: Նրա մտքով
չի անցնում որևէ գահի տիրանալ:
Ես մտադիր չեմ դավադրաբար սպանել Զարեհին: Նա կապրի իր բաժին
կյանքը:
Երբեմն մարդ իրեն պաշարված է զգում սեփական մտքերով: Այդպիսի
պահ ապրեց Արտաշեսը և պաշարումից դուրս գալու համար զարկեց
գահակողի կոչնակը:
Գահասրահում մի սպասյակ հայտնվեց:
- Գնա և արթնացրու զորապետ Մաղխաղին, - հրամայեց Արտաշեսը:
Սպասյակը գնաց և վերադարձավ քառորդ ժամ անց: Մատուցարանի վրա
նա արքայի առջև դրեց նռան հյութով լեցուն մի կճուճ: Դա արքայի
գիշերային սպասյակի պայմանական նշանն է: Սպասյակը պարտավոր
էր զեկուցել այսպես.
«Գնացի և արթնացրի զորապետ Մաղխաղին, քիչ հետո նա կներկայանա
քեզ»: Արտաշեսը շատ է հոգնել այս միապաղաղ զեկույցներից: Եվ դրանք
փոխարինել է մի քանի պայմանական նշաններով: Եթե Մաղխաղը
տեղում չլիներ` սպասյակը սերկևիլի հյութ կբերեր:
Մաղխաղը գահասրահ մտավ առանց նախազգուշացման: Երևի արքան
ոչ ոքի այնքան չի վստահում, որքան` Մաղխաղին:
- Նստիր, - ասաց Արտաշեսը, կանթեղի լույսը մոտեցնելով զորապետին:
Մաղխաղը նստեց բազմականին և աշխատեց զսպել հորանջը:
- Ես խանգարեցի քո քունը, - ասաց արքան:

111

- Ոչինչ, տեր իմ, մեր տոհմում մի հին առած կա, որն ասում է. Գՙ ործի
մասին այսօր հոգա, քնի մասին` վաղը՚:
- Մաղխաղ, դու ի՞նչ ես մտածում արքայազն Զարեհի մասին, - հարցրեց
Արտաշեսը:
- Նրան պիտի պինդ պահենք, արքա:
- Բայց Արիարթն էլ Մեհրուժանին է իր ձեռքում պինդ պահում:
- Ասում են ընկնավորները դժվարությամբ են հատում քառասունի
սահմանը:
Մեհրուժանը քսաներկու տարեկան է: Երեկ ես սպիտակ խալով մի երինջ
նվիրեցի Անահիտ աստվածուհու տաճարին և այսպիսի հարցում արի
աստվածուհու պատգամախոսին. Գՙ ամիրքում գտնվող Զարեհ արքայի
որդի Մեհրուժանը, որ ընկնավոր է, քանի տարի պիտի ապրի:՚ Անահիտի
պատգամախոսն ինձ պատասխանեց անմիջապես. Չՙ որս տարի:՚
- Զորապետ, այդ պատասխանն ինչո՞ւ է ուրախացրել քեզ:
-Արքա, չորս տարին շատ ժամանակ չէ:
- Ընդհակառակը, Մաղխաղ, այդ չորս տարում կարող է ամեն բան
պատահել: Ասենք կարող է մեռնել մեզ մոտ հյուրընկալվող արքայազն
Զարեհը: Չէ, Մաղխաղ, չորս տարվա եզրը հեռու է, հատկապես հեռու է
ինձ ու քեզ համար: Մենք պետք է աճապարենք, մենք պարտավոր ենք
աճապարել:
- Արքա, իսկ ի՞նչ միջոցով:
- Պիտի ջանանք համոզել Արիարաթին: Ծոփքի գահը պատկանում է
Զարեհին: Մեհրուժանն ընկնավոր է, ցավագար:
- Ես հասկացա, արքա:
- Ի՞նչ հասկացար, զորապետ:
- Դու ինձ ուղարկում ես Գամիրք:
- Դա ճիշտ է Մաղխաղ: Դու պետք է մեկնես Գամիրք:
- Երկու օր հետո, և…
- Գլխի ընկա, տեր իմ: Արտաշատում այդ մասին ոչ ոք չպետք է իմանա:
- Այո, Մաղխաղ ոչ ոք կես խոսքից իմ միտքն այնպես չի կռահում, որքան
դու: - Այո, Մաղխաղ ոչ ոք կես խոսքից իմ միտքն այնպես չի կռահում,
որքան դու: Հիմա լսիր ինձ: Արիարաթին ուղղված նամակում ես կգրեմ
սովորական բարեմաղթություններ և Ծոփքի գահը օրինական տիրոջը
հանձնելու մտահոգությամբ տոգորված խոսքեր:

112

Բայց պետք է դու պատրաստ լինես պատասխանելու նրա բոլոր
հարցերին: Ի՞նչ արած, զորապետ, դու դեսպանի դեր ես կատարում, իսկ
դեսպանը պետք է յուրաքանչյուր հնարավոր հարցումի համար երեք
պատրաստի պատասխան ունենա գրպանում:
- Դու կարծում ես, որ Գամիրքի տիրակալն ինձ հարցատարափի տա՞կ
կգցի:
- Այո, Մաղխաղ, Արիարաթը խելոք ու խորամանկ արքա է: Դու պետք է
ծանրութեթև անես նրա բոլոր հարցումները: Մի մասին պատասխանում
ես ճիշտ: Նա քեզ կհարցնի, թե երբ է արքայազն Զարեհը եկել Արտաշատ:
- Երևի դա այն հարցերից է, որին պիտի ճիշտ պատասխանել:
- Այո, զորապետ:
- Հետո կհարցնի, թե Զարեհն ո՞ւմ հետ է Արտաշատ հասել, բայց ես,
իհարկե, կխուսափեմ այդ հարցին ճիշտ պատասխանելուց:
- Ոչ, Մաղխաղ, այդ հարցին էլ պիտի ճիշտ պատասխանել:
- Ինչո՞ւ:
- Մեհրուժանը Արիարաթին անպայման հայտնել է, թե իր եղբայրը`
Զարեհը ում հետ է Արտաշատ եկել և անշուշտ, տվել դայակ Արբակի
անունը: Եթե Արիարաթին դու չասես Արբակի մասին, նա կարող է
չհամոզվել, որ Զարեհը մեզ մոտ է գտնվում:
Մաղխաղը արքայի հրահանգները լսելուց հետո ասաց.
- Ոչ մի զորական կոթը ծուռ նիզակով մարտի չի գնա, իսկ բոլոր
դեսպանները ծուռումուռ ասելիքներով են անցկացնում իրենց ողջ
կյանքը:
- Դու իրավացի ես, զորապետ, - արձագանքեց Արտաշեսն, ապա
ավելացրեց, - իսկ քո գործը գիտես, տես ինչքան զորք ունի Գամիրքի
տիրակալը, եղածի ո՞ր մասն է այրուձի, նիզակ ու վահան, նետ ու աղեղ
պատրաստող քանի արհեստավորաց տուն ունի, որոնցից մեկում ձիու
սանձ են պատրաստում, մյուսում` գավակակալ փոկ: Տես ու լուր բեր,
գուցե մենք էլ Արտաշատում այդպիսի տներ սարքենք: Հետո աչքի պոչով
նայիր, թե ովքե՞ր են ելումուտ անում Գամիրք: Արիարաթը ո՞ւմ է
ընդունում ու ճամփում, ի՞նչ են խոսում նրա գանձատան մասին,
հարո՞ւստ է, թե՞ հարուստ է ձևանում:
Արքայի ու Մաղխաղի զրույցն ավարտվեց լուսադեմին:
- Վաղն անպայման կհանդիպես խոհարարապետ Տուրին, - վերջում
ասաց Արտաշեսը:

113

-Տուրն ի՞նչ պիտի ասի:
- Գամիրքում մի տեսակ ներկախոտ է աճում, որը նաև սքանչելի
համեմունք է:
-Հասկացա, ես պետք է բերեմ այդ ներկախոտից:
- Բերելը քիչ է, Մաղխաղ, դու պետք է իմանաս և գաս Տուրին հայտնես, թե
Գամիրքում ինչպես են աճեցնում այդ ներկախոտը:
- Լավ, տեր իմ, ես կհանդիպեմ Տուրին:
- Դե, ողջ լեր, զորապետ:
- Ողջ լեր, արքա:
Տափերական դաշտում ամռան շոգից նեղվողը չի կարող իրեն գցել
Երասխի ջրերը և հովացնել մարմինը: Շոգ պահերին Երասխի ջրերը
հաճախ դառնում են պղտոր-պղտոր:
Ուժաթափ շոգերին Արտաշես արքան, արքունի տան անդամներին հետն
առած, հաճախ դուրս է գալիս Արտաշատից և շարժվում դեպի Ազատ
գետի հովիտը: Գետի ակունքներից բավական ներքև, այնտեղ, ուր
դաշտավայրը դեմ է առնում սարավանդներին, մի գեղեցիկ կիրճում
Անահիտի լոգարանն է: Դա մի սքանչելի ջրվեժ է, որ հեռվից նայելիս
նմանվում է ժայռից կախված սպիտակափառ մորուքի: Ցածում ջուրը
լճակ է կազմում, վճիտանում և նոր շարունակում իր ճամփան:
Կանաչազարդ կիրճում ծաղկանց ախորժարար հոտը կախարդական
ուժով մարդուն դեպ իրեն է քաշում և կամացուկ ասում. ՙԸմբոշխնիր, ո՞ւր
ես գնում, ո՞ւր ես շտապում:՚
Հայքում Անահիտի հազար լոգարան կա: Բոլոր գանգրափրփուր
ջրվեժները, պարզկա լճակներն ու աղբյուրները Անահիտի լոգարան են
կոչում: Ասում են` աստվածուհին լողանում է այդ ջրերում և կենարար
զորություն տալիս դրանց: Անահիտի լոգարանում մարդը միայն չի
մաքրվում կեղտից: Այդ ջուրը մարդուն կորով է ներարկում, կյանքի,
սիրո, հավատի, հույսի ու երազի կորով: Որքան մաքուր ու ճերմակ լինի
մարմինդ, այնքան կայտառ ու երիտասարդ կմնաս դու:Ճերմակ պահիր
մարմինդ, որ մազերդ սև մնան: Աշունդ գալիս է այն ժամանակ, երբ
մազերդ ճերմակում են, իսկ մարմնիդ ճերմակը` դալկանում:
Այդ օրը Ազատ գետի Անահիտի լոգարանի մոտ տարան նաև արքայազն
Զարեհին: Արտաշատում անցկացրած մի քանի օրերը մռայլեցին Զարեհի
հոգին: Ի՞նչ է սպասում իրեն: Արտաշես արքան նրան ոչինչ չի հայտնում:
Արքունի պաշտոնյաները հասկացնում են, որ պետք է համբերել ու

114

սպասել: Զարեհը գլխի է ընկել, որ իրեն հետևում են: Նա չի կարող
ինքնակամ որևէ տեղ գնալ: Դեռ լավ է, որ դայակ Արբակը հետն է: Չգիտե,
թե ում հետ խոսի, ինչ անի; Կարծես թե իր գլխին պատահածը քիչ էր,
հիմա էլ իր ու Մաժանի նմանությունը: Ամենուրեք իրեն դնում են
Մաժանի տեղ: Աստվածները կարծես թե ծաղրում են նրան:
Նստելով կանաչ խոտերի վրա և հետևելով, թե սպասավորներն ինչպես
են հանգստանալու տեղեր պատրաստում արքունի տան անդամների
համար, Զարեհը դարձավ Արբակին ու ասաց.
- Շատ գեղատեսիլ անկյուն է, բայց Ծոփքի գեղեցկություններին չի հասնի:
- Այո, մեր Ծոփքն ուրիշ է, - արձագանքեց Արբակը:
- Դու կարոտո՞ւմ ես Ծոփքը:
- Ամեն մարդ, արքայազն, իր տան կարոտն է քաշում:
- Դա ճիշտ է, չնայած…
- Չնայած ի՞նչ:
- Ինձ ասում են, որ ես պարտավոր եմ Արտաշատում զգալ այնպես,
ինչպես սեփական տանը կզգաս, ասում են, որ հայի համար
հավասարապես հարազատ պիտի լինի և Ծոփքը, և Տափերական դաշտը:
- Այդպիսի դեպքերում դու համաձայնիր և մի առարկիր:
- Բայց ի՞նչ օգուտ դրանից: Ես այդ մասին մտածել եմ մինչև այստեղ գալը:
Ակաթիաս արքան արգելում էր մեզ խոսել այդ մասին:
- Եվ ճիշտ էր անում
- Ինչու էր ճիշտ անում:
- Մենք տարբեր տերություններ ենք, արքայազն:
- Բայց մենք հայեր ենք, Արբակ, խոսում ենք նույն լեզվով, պաշտում ու
զոհեր մատուցում նույն աստվածներին, լողանում նույն Անահիտի
լոգարաններում, և հետո, այստեղ էլ ծաղիկները նույն բուրմունքն ունեն,
ինչ Ծոփքում, աղբյուրների ջրերը նույն համն ունեն ինչ Ծոփքում:
- Դրա համար էլ և Ծոփքն է Հայք, և Մեծ Հայքն է Հայք:
- Բայց աստվածներն ինչո՞ւ են չորս Հայք ստեղծել, Արբակ: Այդ ինչպե՞ս է,
աշխարհում ամեն ինչ մեկական է և հանկարծ… Չորս Հայք:
- Եթե բոլոր հայքերը միավորվեն, դու կկորցնես քո թագը:
- Գիտես, արքունականներն այդպես են ասում և միմյանց հետ
թշնամացնում Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի ու Կոմմագենեի
տիրակալներին: Իսկ ինչու չի կարելի մի Հայք ստեղծել և երկրի գործերը
վարել չորս արքաներով:

115

- Ոչ, արքայազն, տերությունը միայն մի տիրակալ է ունենում, և եթե
միավորված Հայք ստեղծվի, ապա գահը կհանձնեն Արտաշեսին ու նրա
գահատոհմին, դու ոչինչ չես ստանա, կդադարես արքայազն լինելուց,
կկորցնես տոհմական արժանապատվությունդ:
- Զարեհը խոսքը շուռ է տալիս և ասում.
- Ասում են Արտաշատը պիտի դառնա աշխարհի ամենամեծ ու
ամենագեղեցիկ քաղաքը:
- Դա բոլոր հայերին հրապուրելու խայծ է, արքայազն: Արտաշեսն ուզում
է Անահիտի օգնությամբ իր իշխանության տակ առնել բոլոր հայերին: Նա
սիրում է խոսել հայերի և հայոց բոլոր աստվածների անունից: Բայց քո
գործը չէ, թե տերության հպատակներն ինչ լեզվով են խոսում:
Կարևորը ազգը չէ, այլ ազգատոհմը: Դու Զարեհյան Երվանդունի ես,
Արտաշեսը` Արտաշեսյան Երվանդունի: Եվ նման եք, և խորթ:
Ձեզնից յուրաքանչյուրն ապրում ու հարատևում է այդ խորթության վրա,
ինչո՞ւ ես ուզում կորցնել քո ինքնությունը:
- Արբակ, գուցե և քո ասածները ճիշտ են, բայց դուր չեն գալիս իմ սրտին:
-Դայակը շարունակեց իր միտքը:
-Գիտե՞ս Հայքերի միավորումից հետո ինչ պիտի լինի:
-Ի՞նչ:
- Բոլոր արքայազուններին կխառնեն իրար, ինչպես հիմա քեզ ու
Մաժանին են խառնում:
- Հետո ինչ, թող խառնեն:
- Աստվածները սովորական մարդկանց մի բուռ երջանկություն են
բաշխում, նմանակներին ու երկվորյակներին` կես բոռ:
Զարեհի ու Արբակի զրույցը խանգարեց Մաժանը: Նա մոտեցավ իր
հասակակցին ու նմանակին և ասաց.
- Ի՞նչ ես կպել այդ ծերուկին, գնանք, քեզ բան ունեմ ասելու:
Զարեհը պատանեկան աշխուժով ելավ տեղից, բռնեց Մաժանի թևն ու
քայլեց դեպի ձորը:
- Լսիր, Զարեհ, - ասաց Մաժանը, - դու ինձ համար հիմա հարազատ
եղբոր նման ես, ես քեզ այնպես եմ սիրում, ինչպես Արտավազդին,
Վրույրին, Զարեհին, Տիրանին ու Տիգրանին: Հիմա ես հինգի փոխարեն
վեց եղբայր ունեմ, ինչ անենք, որ քո անունն էլ է Զարեհ, իմ եղբայրներից
մեկի անունն էլ: Իսկ դու ի՞նչ ես մտածում իմ մասին:
- Նույնը, ինչ դու, - պատասխանեց Զարեհը:

116

ԸՆԿՆԱՎՈՐ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Գամիրքի արքա Արիարաթը պաշտում էր խորամանկության աստծուն,
որին ստեղծել էր ինքը: Ամեն ինչով այդ աստվածը նման էր իրեն`
Արիարաթին: Միամիտ չէր Արիարաթը: Նա գիտեր, որ բոլոր մարդիկ էլ
քիչ թե շատ խորամանկություն ունեն: Գիտեր նաև, որ մարդու ունեցած
խորամանկությունը միշտ չէ, որ հերիքում է դուրս գալու ծանր
իրավիճակներից:
Մի խելքը լավ է, երկուսն` ավելին:Բայց ավելի լավ է, եթե երկրորդ խելքն
աստվածային է: Մարդը շատ է տառապում ու տանջվում, որովհետև չի
հասկացել, որ պիտի ապավինի սեփական աստծու օգնությանը: Ամեն
մարդ պետք է իր սեփական աստվածն ունենա: Նա է քո հավատարիմն ու
վստահելին: Մյուսները, նույնիսկ արյունակիցդ, կարող են դավել:
Արիարաթը հաճախ ծիծաղում է քթի տակ, մտածելով, որ աշխարհում
ապրող բոլոր մարդկանց մեջ ինքն առաջինն է հասել այս մեծ
ճշմարտությանը: Այդ մասին բարձրաձայն չէր ասում;
Հեշտ չէ Գամիրքի տիրակալի գործը: Ճիշտ է, նա ժառանգել է հարուստ ու
գեղեցիկ երկիր: Բայց մեծ արշավի ելած բանակները հաճախ այստեղով
են ետ ու առաջ շարժվում, երբեմն էլ ստիպված կանգ առնում ոչ թե
օրերով, այլ` տարիներով: Այո, Գամիրքը Ասիայի խաչմերուկն է:
Մագնեսիայի ճակատամարտից հետո Արիարաթը իր հարևանների նման
արքա հռչակեց իրեն ու թագ դրեց գլխին: Դրա համար շատ ճիգ թափեց
Արիարաթը: Նա նույնիսկ ստիպված էր երեքհարյուր տաղանդ ոսկի տալ
որպես ռազմատուգանք:
Այ քեզ բան, կռվողները Հռոմն ու Սելևկյաններն էին, հաղթողն ու
պարտվողն էլ նրանք էին,բայց ռազմատուգանքը տալիս էր Գամիրքը:
Ճիշտ է, Մագնեսիայի ճակատամարտում ինքն օգնել է Անտիոքոսին, բայց
հետո էլ Հռոմին է օգնել Ասիայում հաստատվելու համար: Դեռ լավ էր, որ
Պերգամոնը հավատարիմ դաշնակից դուրս եկավ:
Արիարաթը իր դստերը դժկամությամբ չէր կնության տվել Պերգամոնի
արքա Եվմենեսին:

117

Խորամանկության աստվածը, սակայն Արիարաթին հուշում էր, որ
Պերգամոնը թույլ ու փոքր հարևան է, որ մի բարեկամով չես կարող
Ասիայում գլուխ պահել: Հռոմի վրա էլ չի կարելի հույս դնել, որովհետև
Հռոմը հեռու էր Գամիրքից: Եվ Արիարաթն իր աստծու թելադրանքով
սկսեց բարեկամներ որոնել շուրջը: Սկսեց Ծոփքից: Դաշնության ձեռք
մեկնեց նախ Զարեհին, ապա նրան հաջորդած Արկաթիասին: Հետո
խնջույքի նստեց Մեծ Հայքի արքա Արտաշեսի հետ: Հայերը շատ են
Ասիայում, չես կարող շրջանցել նրանց:
Մի օր էլ սուրհանդակները լուր բերեցին, որ Սելևկյան արքա Անտիոքոս
Եպիփանեսը նվաճել է Ծոփքը, որ կռվի ժամանակ սպանվել է
Արկաթիաս արքան: Մինչ այդ Արկաթիակերտ քաղաքում շրջապատման
մեջ գտնվող Արկաթիասը դիմել է Արիարաթի օգնությանը: Արիարաթը
Ծոփքի հայ սուրհանդակին գլխատել է տվել և ինքն իրեն ասել. ՙԹող
Արկաթիասը մտածի, որ իր սուրհանդակը տեղ չի հասել: Եթե դուրս գա
այդ ծանր վիճակից` կմնա իմ բարեկամը, եթե պարտվի` ես նրան այլևս
ասելիք չեմ ունենա՚: Մի քանի ամիս հետո Արիարաթի մոտ հասավ
արքայազն Մեհրուժանը: Գոհացավ, որ ինքը չի սխալվել, որ Ծոփքի
Զարեհյան գահատունը հավատ է ընծայում իրեն:
Հետո լսեց, որ Եպիփանեսը Ծոփքի գանձատները կողոպտելուց հետո,
առանց նախճիրի, թողել-հեռացել է: Սա արդեն Արիարաթի սրտովն
է:Մեհրուժանին կտանի ու կբազմեցնի Ծոփքի գահին և առավել հուսալի
կդարձնի իր բարեկամությունը հարևանի հետ: Մեհրուժանը
Արկաթիասի եղբայրն է և գահի օրինական ժառանգը: Առաջին զրույցի
ժամանակ, սակայն, Հայոց արքայազնը զայրացրեց Արիարաթին:
Իրավ է, որ Արկաթիասից հետո գահն ինձ է պատկանում, - ասաց
Մեհրուժանը, - բայց ես ուզում եմ, որ մեր թագն իր գլխին դնի կրտսեր
եղբայրս` Զարեհը, որ փախել և ապաստան է գտել Արտաշատում,
Արտաշես արքայի հետ:
- Իսկ ինչո՞ւ ես թագդ ուզում զիջել եղբորդ, - հարցրեց Արիարաթը:
-Որովհետև ես ընկնավոր եմ:
- Բոլոր արքաներն էլ ընկնավոր են:
- Դու կատակում ես, արքա, բայց ես իսկապես ընկնավոր եմ, - իր ասածը
պնդեց Մեհրուժանը:

118

- Դու կարծում ես, թե ես ընկնավոր չե՞մ, - իր միտքը շարունակեց
Արիարաթը: - Երբեմն հոգսերից իմ գլուխը պտտվում է, և ես ուշագնաց
ընկնում եմ գահավորակի վրա:
-Բայց իմ ուշագնացությունը մի քանի ժամ է տևում:
-Իսկ իմը տևում է մի քանի օր:
- Այնուամենայնիվ, արքա, ամենքն էլ գիտեն, որ ես հիվանդ եմ:
- Լսիր Մեհրուժան, դու չե՞ս ուզում բուժվել:
- Ո՞ր հիվանդը չի ցանկանա բուժվել:
- Իսկ բուժվելուց հետո կցանկանայի՞ր արքա դառնալ:
- Իհարկե:
- Ես գիտեմ, թե ինչպես կարելի է բուժել քեզ:
- Եթե օգնեիր ինձ, ես անսահման երախտապարտ կլինեի…
- Բուժվելու համար դու պետք է կատարես այն, ինչ որ ասեմ:
- Կկատարեմ, արքա:
- Չե՞ս դրժի խոսքդ:
- Չեմ դրժի, արքա:
Քո ընկնավորությունը բուժելու միայն մի դեղամիջոց կա, դու պետք է
թագ դնես գլխիդ, արքա դառնաս: Քո ընկնավորությունը սովորական
մարդու հիվանդություն է: Տիրակալ դարձողը մարդկային շատ
հատկություններ է կորցնում, դու կկորցնես նաև քո հիվանդությունը:
- Իսկ եթե չկորցնեմ:
- Դա անկարելի է:
- Եղբորս ի՞նչ պատասխան պիտի տամ:
- Ինչո՞ւ պիտի պատասխան տաս նրան:
- Զարեհին ես հայտնել եմ, որ կամովին հրաժարվում եմ գահից:
- Ինքդ քեզ համոզիր, որ այդ խոսքերը դու ասել ես ցավագարության
պահին;
Այս զրույցից մի քանի օր անց զորապետ Մաղխաղը հասավ Գամիրք:
Արիարաթը նրան դիմավորեց հարգալից: Արտաշես արքայի թուղթը
կարդալուց հետո Արիարաթը դիմեց իր աստծուն. «Ի՞նչ անեմ»:
Ապա աստծու փոխարեն ինքն իրեն պատասխանեց. «Պիտի խաբել
Արտաշեսին»:
Մաղխաղի գալը լավ նշան չէր: Արիարաթը գիտեր, որ Արտաշեսը
երազում է Ծոփքը միացնել Մեծ Հայքին: Դա Գամիրքի համար ամենևին
էլ ձեռնտու չէ: Ծոփքին տեր դառնալով Արտաշեսի տերության

119

սահմանները կհասնեն մինչև Գամիրք: Այդ դեպքում Հայքը կդառնա
Սելևկյանների կամ Հռոմի պես մեծ ու հզոր տերություն: Եվ Գամիրքը կուլ
կգնա: Չէ, Արիարաթը ամեն ինչ կանի, որպեսզի Ծոփքը մնա Ծոփք:
Ինչքան շատ լինեն գահերը` աշխարհն ավելի խաղաղ կապրի:
Հայոց զորապետի հետ Արիարաթն իր զրույցն սկսեց այսպես.
- Զորապետ, պատահե՞լ է, որ մի ոտքդ թմրի այնպես, որ քայլել
չկարողանաս:
- Իհարկե, արքա, այդպես պատահում է յուրաքանչյուր մարդու հետ:
- Ոտքդ թմրելու պահին քո զորականներից որևէ մեկն իրավունք ունի՞
բանի տեղ չդնել քեզ և իրեն զորապետ հռչակել:
Կռահելով, թե արքան ուր է ուղղում իր խոսքի նետը, Մաղխաղն ասաց.
- Ընկնավորությունն, արքա ոտքի թմրել չէ, այն մարդու հետ է մնում
ամբողջ կյանքում:
- Բայց բժիշկներն ուրիշ բան են հաստատում, այն որ մնայուն
հիվանդություններ չկան:
Բոլոր ցավերն էլ կարելի է բուժել:
Մարդիկ ժամանակից շուտ մեռնում են ոչ թե ցավերից, այլ նրանից, որ
չեն կարողանում գտնել այդ ցավերը բուժող դեղերը:
- Եվ դու Արիարաթ արքա, կարծում ես, թե արքայազն Մեհրուժանի
ընկնավորությունը կարելի է բուժե՞լ:
- Նա արդեն բուժվել է և մոռացել, որ մի ժամանակ ընկնավոր է եղել:
- Ի՞նչ, արքայազն Մեհրուժանը բուժվե՞լ է:
- Այո, զորապետ, բուժվել է:
- Հավատս չի գալիս:
- Եթե համոզվես, որ Մեհրուժանը բուժված է, ինչ վճիռ կարձակես:
- Ինքդ էլ գիտես, արքա, որ ես ոչ մի վճիռ արձակելու իրավունք չունեմ:
-Դու ազնիվ մարդ ես, Մաղխաղ, ես հավատում եմ քեզ:
Մաղխաղը չպատասխանեց Արիարաթին և զրույցն ընդհատելով ասաց.
-Արքա, դու նամակ պիտի հղես իմ տիրակալին:
- Այն արդեն պատրաստ է, զորապետ, դու կստանաս մեկնելու ժամին;
- Եվ ի՞նչ ես գրել այստեղ:
- Ծոփքի գահը պատկանում է գահաժառանգ Մեհրուժանին:
Նա ընկնավոր չէ:
Դա կարող է հաստատել զորապետ Մաղխաղը:

120

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԻՄԱՍՏԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ

Արտաշես արքան անկողին ընկավ: Մինչ այդ ամենևին չէր մտածում, թե
ինքը կարող է հիվանդանալ: Լսել էր, որ աստվածներն ապրում և
աշխարհին հրաժեշտ են տալիս առանց հիվանդանալու: Եվ որովհետև
հավատում էր, թե իր տոհմը սերում էր աստվածներից, մտքովը չէր
անցնում, որ կարող է տարբերվել նրանցից ու հիվանդանալ, ինչպես
սովորական մարդիկ:
Արտաշեսին թվում էր, թե մի չար ոգի ջարդուփշուր էր արել իր ողջ
մարմինը. ցավում էին մեջքը, գլուխը, ոտքերը: Երբեմն սրտխառնուք էր
ունենում: Տիկնանց-տիկինը սրտապնդում էր նրան, ձեռքով մեղմիվ
տրորում արքայի մեջքի ու ոտքերի ցավոտ մասերը: Բայց չգիտես ինչու,
Արտաշեսին դա զայրացնում էր, և նա բարկացած ասում էր.
- Կոպտացել ես, դու ամեն ինչով կոպտացել ես, այլևս ոչ մի քնքշանք
չունես, կարծես քար է դիպչում մարմնիս և ոչ թե քո ձեռքը:
- Հանգստացիր, Արտաշես, կանցնի, - մեղմացնում էր ամուսնուն
Սաթենիկը, - գլուխդ մի կորցրու ցավերից և պարտք մի մնա
ողջախոհությանը, դու այր ես, տղամարդու պես պահիր քեզ, ինչ ես
վաշուվիշ անում լալկան կնոջ նման…
- Տեսնո՞ւմ ես, տիկնանց-տիկնոջ խոսքն ընդհատում է արքան, - հիմա էլ
ինձ նմանեցրիր լալկան կնոջ, քո մտքում, երևի, ուրիշ բաներ էլ կան:
- Ի՞նչ բաներ պիտի լինեն իմ մտքում:
- Թե ինձնից հետո ում պիտի սեր խոստանաս:
- Ես կմեռնեմ քեզ հետ:
- Դրանք միայն գեղեցիկ բառեր են: Իմաստասերներն ասում են, որ
աշխարհում ամեն ինչ կարելի է հաստատուն դարձնել, բացի կնոջ
խոստումը:
- Ամեն մարդ իր իմաստասիրությունն ունի, ես կմեռնեմ քեզնից առաջ:
-Իսկ եթե ես մեռնեմ հենց այսօր
- Այդ դեպքում ես կհրամայեմ, որ դահիճն սպանի ինձ Եվ մեզ կթաղեն
միասին:

121

-Ուրեմն ուզում ես թաղվել իմ կողքի՞ն
- Այո: Որովհետև քեզնից հետո իմ կյանքն ինձ պետք չէ:
- Ի՞նչ ես ուզում ասել:
- Քեզնից հետո այս աշխարհի հետ ինձ ոչինչ չի կապի: Իմ ամեն ինչը
ձուլված է քոնին, ես առանց քեզ ապրելու համար մի օրվա հոգեպահուստ
էլ չունեմ:
Արտաշեսը չի պատասխանում կնոջը: Նա ափսոսում է, որ զրույցի
բռնվեց կնոջ հետ: Կոշտ ու կոպիտ խոսքերի համար ներողություն չի
խնդրում: Հիշում է, որ ինքը արքա է և չպետք է ներողություն խնդրի ոչ
ոքից, նույնիսկ տիկնանց-տիկնոջից:
Արքայի ննջասենյակում երևում է բժիշկը: Արտաշեսը մի շանթող հայացք
է ուղղում նրա կողմը և հրամայում.
- Գնա ու կանչիր խոհարարապետ Տուրին:
- Դրանով արքան արհամարհում է բժիշկին:
- Գուցե նա բան ունենար հայտնելու, - ասում է տիկնանց-տիկինը:
- Նա այլևս անելիք չունի, բոլոր դեղանյութերը խմեցրեց ինձ, չիմանալով
դրանց վնասն ու օգուտը: Ես նոր հասկացա, որ սա հիմար և ապիկար
մարդ է, հենց որ ոտքի ելնեմ, սրան կվռնդեմ արքունիքից:
-Ի՞նչու:
- Այս քանի օրը ես շատ եմ խորհել իմ վարքի մասին: Քսանութ տարի է,
ինչ թագ եմ դնում գլխիս, բայց ինձ թվում է, թե արածս քսանութ օրվա
գործ է: Վճռականությունը մարդուն ամենից շատ պետք է երիտասարդ
տարիքում: Ես ինչ-որ տեղ պիտի չանսայի ոչ ոքի, ոչ քրմապետ Սիսին, ոչ
թագադիր ասպետ Սմբատին, ոչ էլ արքունի բոլոր պաշտոնյաներին…
- Բայց քսանութ տարում ոչ մի պաշտոնյա քեզ չի դավաճանել:
- Բոլոր դավաճանությունները չեն, որ բացահայտվում են: Բայց դա հիմա
կարևոր չէ: Չպետք է թույլ տալ, որ որևէ պաշտոնյա չորս տարուց ավելի
մնա արքունիքում:
-Չորս տարի՞:
- Այո, չորս կամ հինգ տարի: Երկար ժամանակ իր պաշտոնում մնացող
արքունականը բթանում է, դառնում առավել շաղոքորթ, քծնող, ինքն իրեն
կրկնող, կաշառակեր, կեղծավոր: Նրանցից յուրաքանչյուրը աչքը տնկում
է ու սպասում, թե ես երբ պիտի հող ու ագարակ նվիրեմ և մի կարմիր
կոշիկ հագնելու արտոնություն տամ իրեն: Նրանք հաճախ ինձ հետ են

122

պահում արշավանքներից, որովհետև վախենում են, իմ պարտությամբ
կկորցնեն իրենց պաշտոններն ու կալվածքները:
- Հետո՞: Դու մտադրվել ես ազատել բոլո՞ր արքունականներին:
- Ինչո՞ւ բոլորին: Ես նրանց կազատեմ մեկ-մեկ:
- Բայց հայրերի տեղը կզբաղեցնեն որդիները, իսկ յուրաքանչյուր որդի իր
հոր շարունակությունն է:
-Դու ճշմարիտ ես կիսով չափ…
Տուրը ննջասենյակ մտավ, և արքան ընդհատեց տիկնանց-տիկնոջ հետ իր
զրույցը:
-Ես եկա արքա, - ասաց խոհարարապետը և գլուխ տվեց:
-Քո մարմնի ոչ մի տեղը չի՞ ցավում, Տուր:
- Ոչ տեր իմ, չի ցավում:
- Քանի՞ տարի է, որ դու ծառայում ես ինձ մոտ, Տուր:
- Չեմ հիշում, արքա, ինձ թվում է, թե միշտ քո կողքին եմ եղել:
- Ես մինչև հիմա քեզ չեմ ասել, Տուր, Հաննիբալն ուզում էր, որ ես քեզ
զիջեմ իրեն: Եթե ես հրամայեի, որ դու դառնայիր նրա խոհարարապետը,
կհամաձայնեի՞ր:
-Ես կկատարեի քո հրամանը:
- Ուզում ես ասել, որ իմ հրամանը անհաճո կլիներ քո սրտին:
Բայց Հաննիբալն աշխարհի մեծերից էր, մի՞թե չէիր ցանկանա նստել ու
վեր կենալ նրա հետ:
Տեր իմ, ես գիտեմ միայն հայկական կերակուրներ եփել:
- Էհ, Տուր, դու մինչև հիմա էլ չգիտես, որ քո եփածները դուր են գալիս
աշխարհի բոլոր մարդկանց:
Ես շատ էի սիրում Հաննիբալին:Բայց քեզ, Տուր, չզիջեցի նրան ոչ թե նրա
համար որ կզրկվեի համեղ կերակուր վայելելու հաճույքից: Ապա հիշիր,
թե ինչ ես խոստացել տարիներ առաջ:
- Այո, տեր իմ, ես խոստացել եմ բուսահյութերի խառնուրդից կենարար
դեղ պատրաստել: Եթե ինձ հաջողվեր դա` հարյուրի փոխարեն մարդու
կյանքի սահմանը կհասներ երկուհարյուրից երկուհարյուրհիսունի: Բայց
ես չեմ հրաժարվել այդ մտքից: Ինքդ էլ քաջ գիտես, արքա, որ դա ես
անում եմ քեզ համար:
- Ես խմեցի քո տված հյութերը, Տուր: Իրավ է, մի պահ ինձ թվում է, թե ես
կազդուրվում եմ, բայց հետո շարունակվում են ցավերը և օր-օրի ես զգում
եմ, որ թուլանում եմ:

123

- Ներիր ինձ, արքա, բոլոր հիվանդներն էլ երբեմն խաբկանքի մեջ են
ընկնում: Վերջին օրերին քո ցավերը մեղմացել են…
- Մի՞թե, Տուր: Չէ՞ որ այդ ցավերը ես եմ զգում, և ոչ թե` դու:
- Դա այդպես է արքա: Բայց ես նայում եմ քո աչքերի փայլին,
արտևանունքների շարժմանը, շրթունքներին և նկատում, որ դու սկսել ես
ապաքինվել: Հիվանդությունը նման է սար բարձրանալուն: Դու հասել ես
կատարին և հիմա վայրէջք ես կատարում:
-Իսկ եթե ստորոտ չհասած մնամ լանջին:
- Ոչ, տեր իմ, իջնելիս չեն մնում, ելնելիս են լանջին կամ կատարին մնում:
- Իսկ դու չե՞ս կարող այնպես անել, որ ես վաղվաղակի իջնեմ ներքև:
- Դա իմ ուժերից վեր է, տեր իմ:
- Ասա ինձ, Տուր, ինչպե՞ս է կոչվում այն կենարար դեղը, որ մտադիր ես
պատրաստել ինձ համար:
Տուրն ակամայից շրթունքներն այնպես սեղմեց` կարծես թե չէր ուզում
պատասխանել արքայի հարցին:
- Գուցե դու դեռ չես հասցրել որևէ անուն տալ այդ դեղին, - կրկին իր
հարցումին անդրադարձավ Արտաշեսը:
- Տեր իմ, ես այն կոչել եմ ՙԱնահիտի ստինք՚: Երկար և առանց
հիվանդանալու համար պիտի ոսկեմայր և ոսկեծղի Անահիտին
ապավինել:
- Տուր, դու հաճելի անուն ես ընտրել:
- Բայց այդ անունն իր պատմությունն ունի, դա իմ հայտնությունը չէ, ես
կրկնել եմ:
- Պարզ խոսիր, Տուր, ո՞ւմ ես կրկնել, մի՞թե Հայքում քեզնից բացի մեկ
ուրիշն էլ է զբաղվում կենարար հյութ ստեղծելով:
- Հիմա չէ, տեր իմ, բայց մի քանի հարյուր տարի առաջ մի հայ բժիշկ
այդպիսի անուն է տվել իր պատրաստած դեղին:
- Մեր ոչ մի մատյանում այդ մասին չի գրված, Տուր: Եթե գրված լիներ`
դպրապետ Տողն ինձ իմաց կտար:
- Իրավ է, տեր իմ, այդ մասին ոչ մի մատյանում չի գրվել:
- Բայց դու որտեղի՞ց գիտես, որ մի քանի հարյուր տարի առաջ Աՙ նահիտի
ստինք՚ անունով կենարար դեղ են պատրաստել:
- Այդ մասին ես լսել եմ Ակոռի գյուղում:- Այդ բժիշկն Ակոռի գյուղի՞ց էր:
- Այո, տեր իմ:
- Շինականները չե՞ն հիշում նրա անունը:

124

- Ոչ, տեր իմ:
- Իսկ չե՞ն ասում, թե ինչու է այդ բժիշկն իր դեղն այդպես անվանել:
- Դա այդպես է եղել, արքա: Ասում են Անահիտ աստվածուհին է հուշել
այդ բժիշկին և դեղի անունը և այն բույսերն ու խառնուրդների
համամասնության չափերը, որից ստացվել է կենարար հյութը…
- Դրա մեջ մի խորհուրդ կա, Տուր:
- Այո, տեր իմ: Ոսկեմայր և ոսկեծղի աստվածուհին հազար-հազար տարի
է, ինչ պահում-պահպանում է Հայքը: Սակայն մարդիկ չեն տեսնում կամ
մոռանում են նրա արածը: Մարդն ինչ է որ, ապրում է հիսուն-վաթսուն,
կամ առ առավելն հարյուր տարի: Իր ապրած տարիների հաշվով է նա
աստվածացնում Անահիտին, որովհետև չգիտե կամ քիչ բան գիտեն այն
ամենի մասին, ինչ Անահիտը կատարել է իրենց առաջ: Եվ Անահիտը
որոշում է մարդկանցից մեկին երկարակյաց դարձնել, որը պետք է
աստվածուհու մեծագործությունները պատմեր մարդկանց:
- Հետո՞:
- Ակոռիում պատմում են, որ բժշկին հաջողվում է այդպիսի դեղ
պատրաստել, սակայն Անահիտը իր ձեռքով ջարդում է կենարար հյութի
սրվակը, որովհետև բժիշկը չէր ուզում կատարել աստվածուհու
պատվիրանը:
- Ի՞նչ է պատվիրել աստվածուհին:
- Դեղը պետք է խմեր քո նախնիներից մեկը, առաջին հայ
Երվանդունիներից մի արքա, բայց այդ ժամանակ Ասիայում փայլում է
պարսից Դարեհ արքան, իսկ բժիշկն ուզում էր իր պատրաստած դեղով
երկարակյաց դարձնել Դարեհին:
- Շինականներն էլ ի՞նչ են պատմում այդ մասին:
- Նրանք ուրիշ բան չեն հիշում:
- Եվ դու համոզվա՞ծ ես, թե կարող ես պատրաստել այն կենարար հյութը,
ինչ հաջողվել է այդ բժշկին:
-Այո, տեր իմ:
- Ողջախոհ լինենք, Տուր, ինձնից հետո իմ ինչի՞ն է պետք քո դեղը:
- Տեր իմ, դա քեզնից հետո չի լինի, դու կխմես այն:
- Ինձ հետաքրքրում է ժամանակը, Տուր: Աստվածներն ու մարդիկ
անցնում են, իսկ ժամանակը կանգնած է մնում իր տեղում: Հաճելի
կլիներ, իհարկե, որ մարդն էլ մի քիչ կանգ առներ, ժամանակի հետ քիթ-

125

քթի տար թեկուզ մի ակնթարթ, իսկ ժամանակի ակնթարթը հավասար է
մարդկային կյանքի հարյուր տարվան:
- Տեր իմ, դու մեկի փոխարեն մի քանի ակնթարթով կընկերանաս
աշխարհի ամենաերկարակյաց աստծուն` ժամանակին: Ինձ քիչ բան է
մնացել անելու: Հավանաբար մի քանի ամիս հետո դեղը ես կմատուցեմ
քեզ:
- Բայց ես կուզենայի օր առաջ խմել:
- Տեր իմ, ամեն ինչ չէ, որ ես արագ եմ գտնում:Ես սպասում եմ, թե
Մաղխաղն ինչ կբերի Գամիրքից:
- Այո, Մաղխաղն ուշանում է, խորամանկ մարդ է Արիարաթը, նա կարող
է հազար եղջերու մորթել ու հյուրասիրել քեզ, բայց մատդ մտած փշի
հանելը հետաձգել անորոշ ժամանակով: Ես նույնիսկ չգիտեմ, թե
Արիարաթը կթողնի՞, որ Մաղխաղը բերի այն բույսերը, ինչ պետք է մեզ:
- Կբերի, արքա, Արիարաթն ի՞նչ գիտե, թե ինչ հատկություն ունեն այդ
բույսերը:
- Կիմանա Տուր, Արիարաթը շատ հնարագետ է:
Զրույցին խառնվեց տիկնանց-տիկինը.
- Տուր, կենարար դեղը պատրաստելու համար դու բուսահյութեր ես
հավաքում Հայքի բոլո՞ր գավառներից:
- Ոչ, դշխո, հիմնականում ես ընտրել եմ այն բույսերը, որոնք աճում են
Ակոռի գյուղի շրջակայքում:
- Բայց ինչո՞ւ ես կարծում, թե ամենից շատ կենարար հյութ են
պարունակում Ակոռի գյուղի մոտերքում աճող բույսերը, - ավելի
հետաքրքրվեց տիկնանց-տիկինը:
- Դշխո Սաթենիկ, ես շրջել եմ բոլոր քաղաքներն ու գյուղերը ի մերո
աշխարհի, ամենից շատ երկարակյացներ ապրում են Ակոռիում:
- Հիմա քանի՞ բնակիչ ունի Ակոռին:
- Ութհարյուր քառասուն: Նրանցից հիսունը վաթսուն տարուց ավելի է
ապրել այս աշխարհի վրա: Հայքի ուրիշ մասում ես չեմ հանդիպել մի
բնակավայր, որի ութհարյուր քառասուն բնակիչներից հիսունը
երկարակյաց լինեին: - Հետո, Տուր, շարունակիր, ես էլ չգիտեի այդ
մասին, - նորից զրույցն սկսեց վարել Արտաշեսը:
- Այդպես են վարվում նաև հույները:
- Ի՞նչ, նրա՞նք էլ են հաշվում իրենց երկարակյացներին:
- Այո, տեր իմ:

126

- Բայց մարդիկ կարող են ապրել ուրիշ բանի շնորհիվ:
- Ոչ, տեր իմ, երկարակեցությունը կապված է սննդի ընտրության և այն
չափավոր ընդունելու հետ: Բայց այդ ընտրությունը հաճախ մարդիկ չեն
կատարում: Ճակատագիրը մարդկանց նետել է բնության այս կամ
անկյունը: Իսկ աշխարհը հավասարապես բուսածածկ ու ծաղկաշատ չէ:
Մարդիկ օգտվում են իրենց շրջապատի ծաղիկներից ու բույսերից առանց
իմանալու, թե դրանցից ամեն մեկը ինչ հյութ է պարունակում: Ոչ ոք չի
կարող պատահաբար երկարակյաց դառնալ:
- Ուրեմն դու կարծում ես, որ Ակոռի բնակիչներն ուտում են այնպիսի
բույսեր, որոնցից չկա՞ Հայքի ուրիշ կողմերում:
- Այո, տեր իմ: Դա էլ պատահաբար չի եղել: Դրա սկիզբը կապված է
աշխարհի սկզբի հետ:
- Այդ մասի՞ն էլ ես Ակոռիում լսել:
- Ոչ, արքա: Ես լսել եմ Տողից: Ասում են հազարավոր տարիներ առաջ մեծ
ջրհեղեղ է եղել, և աշխարհը ծածկվել է ջրով: Մնացել էր ցամաքի մի
կտոր` կղզի դարձած Մեծ Մասիսի կատարը: Այդ ցամաքի վրա
ապաստանել են ջրհեղեղից փրկված մարդիկ: Նրանք իրենց հետ
Մասիսի կատար են տարել այն ամեն լավն ու թանկարժեքը, ինչ
հնարավոր էր տանել: Տողն այսպես է ասում. Ոՙ չ ոք չգիտե, թե ջրհեղեղից
փրկվածները ինչքան ժամանակ մնացին Մասիսի վրա՚:Երբ ջրերը
հանդարտվեցին, մարդիկ սկսեցին իջնել լեռան կատարից: Սակայն
ջրերը միանգամից չեն ցամաքել: Մասիսը դեռ կիսով չափ ընկղմված էր
ջրի մեջ: Կատարից իջած մարդիկ առաջինն իջևանեցին Ակոռիում: Հենց
այստեղ էլ նրանք տնկել են սերմերն այն բույսերի, որոնք ոչ միայն
սննդառատ են, այլ որոնցով սնվողը կարող է ապրել մի քանի հարյուր
տարի: Հետո ջրհեղեղից փրկված բոլոր մարդիկ Ակոռիում չմնացին,
նրանք ցրվեցին աշխարհի չորս դին: Մասիսի լանջերին մնացին մարդուն
երկարակյաց դարձնող այն բույսերը, որ ջրհեղեղի ժամանակ մարդիկ
պահել էին, որպեսզի հետագայում տանեն ու տնկեն աշխարհի բոլոր
կողմերում:
- Եվ դու համոզված ես, որ գտե՞լ ես այդ առաջին մարդկանց տնկած
բույսերը:
-Այո, արքա:
- Իսկ ինչո՞ւ այս օրերին չես տվել, որ ես մի քիչ խմեմ դրանից:

127

- Այդ կենարար հյութը, արքա, պետք է խմել միայն այն ժամանակ, երբ
առողջ ու կայտառ ես զգում քեզ, միաժամանակ չի կարելի դա
օգտագործել տարվա բոլոր օրերին, ամենից հարմարը Արեգ ամսվա
Արեգ օրն է, իսկ ինչպես գիտես, մինչև Արեգ ամիսը հարյուր քառասուն
օր կա:
- Իսկ ինչո՞ւ ես կարծում, թե դա պետք է խմել Արեգ ամսվա Արեգ օրը:
- Տեր իմ, բնությունը գարնան զարթոնք է ապրում Արեգ ամսին: Մարդու
մարմինն էլ մարդու բնությունն է:

- Երևի դու իրավացի ես Տուր:
Մի ուրախարար ժպիտ խաղաց արքայի հիվանդ դեմքին: Արտաշեսը
կարճ լռությունից հետո վերսկսեց զրույցը, այս անգամ դառնալով
տիկնանց-տիկին Սաթենիկին.
- Հը՞, ի՞նչ կասես, ես և դու քանի՞ հարյուր տարի պիտի ապրենք:
- Չգիտեմ, Արտաշես, կարևորն այն է, որ դու չհիվանդանաս:
- Ասա, Տուր, քո պատրաստած կենարար հյութը հավասարապես
երկարակյաց է դարձնում նաև կանանց:
- Իհարկե, տեր իմ:
- Տեսա՞ր, Սաթենիկ: Չորս հարյուր տարի դու կապրես, չորս հարյուր
տարի էլ` ես, երկուսով կապրենք ութ հարյուր տարի: Հը, գո՞հ ես, ուրիշ
ի՞նչ ես ուզում, չէ՞ որ աշխարհում ավելի մեծ երջանկություն լինել չի
կարող, քան չորս հարյուր տարի ապրելը:
- Ես իմ բաժինը տալիս եմ քեզ:
- Ոչ, Սաթենիկ, քո բաժինը պիտի քեզ մնա, իմն էլ` ինձ: Մենք մոռանում
ենք ամենակարևորը: Ես առանց քեզ ինչպե՞ս կարող եմ ապրել: Ես ո՞ւմ
պիտի սիրեմ, ո՞վ պիտի սիրի ինձ: Չէ, դու պետք է ինձ հետ լինես; Առանց
քեզ չեմ ուզում, ոչ թե չորս հարյուր տարի, այլ` չորս օր էլ պետք չէ ինձ:
Լսո՞ւմ ես, Տուր, եթե քո կենարար հյութը նույն ուժով չի կարող
երկարակյաց դարձնել կանանց և տղամարդկանց, ապա ջարդիր քո
սրվակը:
- Անհոգ մնա, տեր իմ, ես զոհեր կմատուցեմ և կխնդրեմ, որ Անահիտ
աստվածուհին երկարակյաց դարձնի Հայքի և տիրոջը, և տիրուհուն, -
առանց շփոթվելու և հաստատուն համոզմունքով ասաց Տուրը:

128

Արտաշես արքայի մարմնի ցավերը մեկ մեղմանում էին, մեկ`
ուժգնանում: Արքան չհամբերեց և մի անգամ, երբ ինքն ու Տուրը մնացել
էին առանձին, ասաց.
- Գնա և այստեղ բեր քո պատրաստած կենարար հյութի բոլոր
սրվակները:
- Կարիք չկա, տեր իմ, ես չեմ կարող նորից այդպիսի խառնուրդ
ստեղծել…
- Տուր, իմ ուժերը օրեց-օր սպառվում են, ես չեմ ուզում մեռնել հիմարի
նման: Ավելի լավ է այդ կենարար հյութով ոտքի կանգնեմ և ապրեմ
այնքան, ինչքան իմ նախնիներն են ապրել, քան վտանգի տակ դնեմ իմ
կյանքը և հույս փայփայեմ, որ եթե ոտքի ելնեմ ու խմեմ կենարար հյութը,
ապա կապրեմ չորս հարյուր տարի:
Տուրն զգաց, որ իր բոլոր հորդորանքներն ավելորդ են: Արտաշեսը
համառում էր ու պահանջում կենարար հյութի սրվակները: Եվ
խոհարարապետը ստիպված էր սրվակները բերել ու հանձնել արքային:
Վերջինս սկսեց օրական երկու ըմպանակ հյութ խմել: Կենարար հյութն
օգտագործելու տասնչորսերորդ օրը արքան ոտքի ելավ:
Սակայն այդ ամբողջ ժամանակամիջոցում Արտաշեսի ննջասենյակում
Տուրն ամենևին չերևաց: Նա փակվել էր իր կացարանում և արքայի
սպասավորներին հայտնում էր, թե մրսել է և տեղից շարժվել չի կարող:
Արտաշեսը բոլորովին չէր սպասում, որ Տուրը կարող էր հիվանդանալ:
Ապաքինվելուց հետո երկրորդ օրը նա գնաց խոհարարապետի
կացարանը:
Տուրի դեմքն այլափոխված էր: Մահվան ստվեր կար նրա հայացքում: Ով
կարող էր մտածել, որ Տուրի պես առողջ մարդը կհիվանդանա:
Արտաշեսը շփոթվեց ու չգիտեր թե ինչպես մխիթարի իր հավատարիմ
խոհարարապետին:
- Քո ի՞նչն է ցավում, Տուր, - Հարցրեց արքան
- Սիրտս, արքա:
- Տուրի ձայնից Արտաշեսը կռահեց, որ լավ բան չի սպասվում իր
խոհարարապետին: Եվ արքայավայել, սրտանց, անկեղծորեն, առանց
վհատության, Արտաշեսն ասաց.
- Ես քեզ հրամայում եմ, լսո՞ւմ ես, Տուր, հրամայում եմ, որ դու խմես, ինքդ
խմես այն կենարար հյութից, որի շնորհիվ ես ոտքի եմ կանգնել:
- Տեր իմ, այդ հյութն ամբողջովին հանձնեցի քեզ:

129

- Ի՞նչ, այդ հյութից ոչինչ չի՞ մնացել քեզ մոտ:
- Ոչ, տեր իմ, չի մնացել:
- Նույնիսկ մի քանի կաթիլ էլ չունե՞ս:
- Ոչ, արքա:
- Բայց Տուր դու պարտավոր էիր պահել:
- Տեր իմ, կենարար հյութը արքաների համար է:
- Ես հիմա սպասավորներ և բժիշկ կուղարկեմ քեզ մոտ:
- Պետք չէ, արքա; Ոչ մի սպասավոր և բժիշկ չի կարող փրկել ինձ:
- Այդ ինչե՞ր ես ասում, Տուր:
- Ես ուշացել եմ, արքա, մահը շատ է մոտեցել ինձ, ես չպետք է թողնեի, որ
նա այդքան մոտ գար:
- Մոռացիր մահվան մասին, Տուր:
Արտաշեսը երկար չնստեց խոհարարապետի մոտ: Նա հրաժեշտ տվեց
Տուրին, բայց շարունակեց մտածել նրա մասին: Չէ չարժե դժգոհել
բախտից, աշխարհում տիրասիրություն կա, հավատարմություն կա:
Աշխարհում Սմբատ ու Մաղխաղ կա, Տուր կա:
Միայնակ մնալով, Տուրը սկսեց կշտամբել ինքն իրեն: Նույնիսկ
Կարտանն է խմել իր պատրաստած կենարար հյութից, իսկ ինքը հիմարի
պես հանձնվում է մահվան:

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ ՁԵՌԵՍԸ

Արտաշես արքայի հիվանդության օրերին մահճակալին էր գամվել նաև
արքունի սենեկապետ Դատը: Նա արքունի ամենաբազմազբաղ
պաշտոնյան էր: Դատը և որսապետ էր, և հանդերձապետ, և սենեկապետ,
իսկ Աստղկաբերդում եղած ժամանակ` նաև բերդապետ: Բայց
Արտաշեսի արքունիքն իր գահնամակն ուներ, որի համաձայն`
հանդերձապետն ու որսապետը ստորադաս էին սենեկապետին:
Սենեկապետն էր արքայի անունից հանձնարարություններ տալիս
որսապետին ու հանդերձապետին: Դե, Դատն ինքն իրեն չէր հրամայելու:
Նա կատարում էր բոլոր գործերը և չէր դժգոհում: Դատն սկզբում ասպետ
էր: Դրանք երանելի տարիներ էին նրա համար:

130

Այն ժամանակ Տափերական դաշտում, Երասխի ափերին զրնգում էր
Դատի գեղուհի դստեր` Տուղտի օրիորդական ծիծաղը:
Հետո երևաց Մասյացոտն գավառի չարասիրտ նահապետ` Մեմը, որը
ատում էր և Արտաշես Արքային, և որսապետ Դատին և նրա փեսա
նահապետ Տուղտին: Նա միայն սիրում էր իրեն և ալանուհի Սաթիկին,
որը սեր էր վառել նրա հոգում և մի կողմ կանգնել: Հենց այդ ժամանակ էլ,
Մեմին հակադրվելու համար, Արտաշես արքան որսապետ Դատին
դարձրեց և սենեկապետ, և հանդերձապետ: Մեմը բռնվեց
դավաճանության մեջ և աքսորվեց Մեծ Մասիսի կատարը: Մինչև այդ
Հայքում այդպիսի աքսոր չէր եղել: Մարդիկ մոռացան Մեմին, բայց Դատի
երեք պաշտոնները մնացին: Հայքում արքունի պաշտոնները,
գահնամակի տեղերը դառնում են ժառանգության պես մի բան, որ
հայրերը փոխանցում են իրենց որդիներին առանց արքայական
հրովարտակների: Դատը, սակայն, արու զավակ չուներ: Դեռ թոռներ
չուներ, ո՞ւմ պիտի փոխանցեր այդ երեք պաշտոնները: Ասենք թե մեկը
տվեց փեսային` Տուղտին, իսկ մյո՞ւս երկուսը: Դատը տարիքով մեծ էր
Արտաշեսից: Մի քանի տարի է, ինչ սենեկապետն զգում է, որ ծերությունը
հաղթում է, որ ինքն սկսել է վազքով մոտենալ իր կյանքի աշնանը:
Եվ ահա Դատը խնդրեց Արտաշեսին.
- Թող գոնե հանդերձապետությունը մեկ ուրիշն անի: Արտաշեսը
անմիջապես համաձայնել էր և արքունի հանդերձապետ նշանակել
Ձեռեսին, որ Գնթունիների տոհմից էր:
Երեսունն անց էր նոր հանդերձապետը: Ճարպիկ էր, գործունյա:
Հենց առաջին օրերին սկսեց գրի առնել, թե ինչ կա Արտաշեսի
հանդերձից տանը: Հետո ամեն ինչ գնաց հնօրյա հունով:
Այդ օրերին Արտաշատ եկավ Հաննիբալի կնոջ` Անարայի եղբայր
Սուրուրան: Արդեն մոտենում էր վաթսունին: Ապրում էր Կրետե կղզում:
Վաղուց մոռացել էր Կարթագենը և այնտեղ մնացած հարազատներին:
Լսել էր, որ քույրը` Անարան մահացել և թաղվել է Հայոց նոր
մայրաքաղաք Արտաշատում: Գիտեր նաև, որ Հաննիբալը ինքնասպան է
եղել Բութանիայում:
Սուրուրան Կրետեում վաճառականություն էր անում: Օրերով սպասում
էր նավահանգիստներում, հեռուներից բերված գեղեցկամորթ
վերարկուներ էր առնում ու տանում կղզու մյուս գյուղերը և վաճառում
թանկ գներով: Նրա մտքով երբեք չէր անցել, թե կարող է կղզուց դուրս գալ

131

և հեռավոր ճանապարհորդության ելնել դեպի Հայք: Բայց մի անգամ
նավահանգստում նրա դեմ ելավ բարձրահասակ մի նավապետ և ասաց.
- Ես Սեբեսն եմ: Ես իմ նավով ուղեկցում եմ այն նավախմբերին, որոնք
Կրետեից գնում են Հռոմ կամ Հռոմից գալիս են Կրետե:
Ես քո անունը լսել եմ այս կողմերը եկող վաճառականներից:
- Դու, ի՞նչ է, վերարկո՞ւ ունես վաճառելու:
- Ոչ, Սուրուրա, ընդհակառակը, ուզում եմ վերարկու գնել քեզանից:
- Բայց դու կարող ես ավելի լավ վերարկու գնել Հռոմում:
- Ոչ, Սուրուրա: Այն վերարկուն, որ ես եմ ուզում` նախ պետք է դու ձեռք
բերես:
-Ի՞նչ վերարկու պիտի ձեռք բերեմ:
- Այն վերարկուն, որ հագել է քրոջդ ամուսինը` Հաննիբալը:
- Հաննիբալն իր վերարկուն պահ չի տվել ինձ, դժգոհությամբ ասաց
Սուրուրան:
Սեբեսը երկար խոսեց Սուրուրայի հետ, փորձելով հասկացնել, թե ինքն
ինչու է ուզում ձեռք բերել այդ վերարկուն:
Սուրուրան հավատաց Սեբեսին: Նավապետը կասկածի տեղ չթողեց: Նա
երկու հարյուր հիսուն ոսկի կանխավճար տվեց վաճառականին:
Սուրուրան տասն տարում չէր կարող այդքան դրամ ձեռք բերել:

ԱՄԵՆ ՏՈՒՆ ՊԻՏԻ ԻՐ ԿՏՈՒՐՆ ՈՒՆԵՆԱ

Մաղխաղը հույս ուներ, թե ցերեկով կհասներ մայրաքաղաք: Սակայն
կառքի ձիերը հոգնած էին և դժվարությամբ էին քայլ գցում:
Մութը վրա հասավ Տափերական դաշտի արևմտյան ծայրում: Մինչև
Արտաշատ մնում էր քսան հրասախ: Ոչ կառապանը, ոչ էլ զորապետի
կառքն ուղեկցող փոքրիկ հեծելախումբը մտադիր չէին կանգ առնել որևէ
իջևանում: Ընդհակառակը, ամենքն էլ շտապում էին:
Մաղխաղը չիմացավ, թե գիշերվա որ ժամին հասավ Արտաշատի
պարիսպներին: Ահա և Տափերական կամուրջը:Հենց կամրջից սկսիր
հաշվել մինչև երկուհարյուրը, և դու կհասնես միջնաբերդին: Այս անգամ
Մաղխաղը չկարողացավ հաշվել: Հոգնած էր, ծուլացած: եթե հնարավոր
լիներ` նա կպառկեր որևէ տեղ, թեկուզ Տափերական դաշտի խոտերի

132

վրա ու կքներ: Օտարությունից մարդ վերադառնում է հայրենի տունը մի
կուշտ քնելու ծարավով: Բայց ինքը հիմա քնելու իրավունք չունի: Նա
պարտավոր է թափ տալ փոշուց իր հանդերձը, կարգի բերել իրեն և
շտապել Արտաշես արքայի մոտ ու զեկուցել նրան:
Լսելով Մաղխաղի վերադարձի մասին, արքան անմիջապես ելավ
անկողնուց և ուսերին գցեց ծիրանին: Նա գահասրահ չգնաց: Տանու մարդ
է Մաղխաղը, թող գա ու այստեղ ասի: Կարևորը նրա ասելիքն է և ոչ թե
այն, թե որտեղ է ասում:
Մի սպասավորի ուղեկցությամբ Մաղխաղը մտավ արքայի ննջասենյակը:
Արտաշեսը ողջագուրվեց զորապետի հետ: Նստեցին դեմ-դիմաց, և
արքան մի տեսակ անհամբերությամբ ասաց.
- Դե պատմիր, ի՞նչ ասաց Արիարաթը:
Զորապետը սակայն միանգամից չէր կարող պատասխանել նրա հարցին:
Եվ ստիպված դիմեց Արտաշեսին.
- Տեր իմ, ավելի լավ է ես պատմեմ սկզբից մինչև վերջ: Հավանաբար իմ
պատմածի մեջ կլինեն բոլոր հարցերի պատասխանները:
- Պատմիր, Մաղխաղ, ես լսում եմ, - զսպելով իրեն ասաց արքան:
- Զորապետը պատմեց, թե Արտաշատից ինչպես է հասել Գամիրք,
ինչպես է իրեն ընդունել Արիարաթ արքան, ինչի մասին են խոսել, ինչ է
ասել Գամիրքի տիրակալը:
Արտաշեսը չընդհատեց զորապետին: Մաղխաղն իր խոսքը վերջացրեց
այսպես.
- Արիարաթը շատ է սիրում կրկնել ՙամեն տուն պիտի իր կտուրն ունենա՚
խոսքը: Նա ասում էր, թե Մեծ Հայքի կտուրի տակ չեն տեղավորվի ոչ
Ծոփքը, ոչ Փոքր Հայքը, ոչ էլ` Կոմմագենեն…
- Մեհրուժանի հետ զրուցելու ժամանակ ոչ մի խոսք չեղա՞վ արքայազն
Զարեհի մասին, - հարցրեց արքան:
- Եղավ, տեր իմ: Մեհրուժանն ասաց. ՙՉէի ցանկանա գահ բարձրանալ
եղբորս մահվան գնով՚:
- Իսկ ինչո՞ւ է նրան թվում, թե եթե թագը դնի իր գլխին` եղբորը պիտի
սպանեն:
- Չգիտեմ, արքա: Մեհրուժանը միայն ընկնավոր չէ: Ինձ հետ խոսելիս
երբեմն տարօրինակ բաներ էր ասում:

133

Արքայի ու Մաղխաղի զրույցը տևեց մինչև լուսադեմ: Զորապետը գնաց
քնելու, իսկ արքան հագնվեց և, դուրս գալով ննջասենյակից, շարժվեց
դեպի գահասրահ: Արտաշեսն ասես արթնացել էր արթնության մեջ:
Գահասրահի լուսամուտից Արտաշեսի ականջին հասավ Երասխի
վշշոցը: Դա շատ հազվադեպ է լինում: Միջնաբերդի կողքով Երասխը
հոսում է անձայն:
Մեկ-մեկ ինչ որ թշշոցի ձայն էր գալիս ու անմիջապես մարում: Իսկ հիմա
արքան որոշակի լսում էր գետի վշշոցը:
Հետո Արտաշեսը հայացքը բարձրացրեց դեպի վեր: Մասիսի լանջերից
ամպերը գլոր-գլոր իջնում էին ցած և անէանում Տափարեկան դաշտի
խոտերի մեջ: Այդ ե՞րբ է եղել, որ ամպը դիպչի գետնին ու հալվի-անէանա:
Գուցե Տափարեկան դաշտն աստվածային զորությո՞ւն ունի: Այդ ինչպե՞ս
է, որ ինքը մինչև հիմա այդպիսի բան չի տեսել: Չէ՞ որ կյանքի մեծ մասն
անցկացրել է այս դաշտում: Երևի հողն ավելի զորեղ է, քան մարդը: Նա ոչ
ոքի թույլ չի տա, որ իր դեմքը աղավաղեն: Իսկ լեռան լանջերից ամպերը
շարունակվում են թափվել Տափարեկան դաշտը:
Երկար ժամանակ այդ տեսարանը գրավել էր արքայի ուշադրությունը:
Բայց ահա ամպերն ասես վերջացան: Միայն լեռան լանջերին, մի քանի
տեղ կծկվել էին ամպի մի քանի ծվեններ: Արտաշեսը Հայքի
ճակատագիրը նմանեցրեց այդ ամպերին: Ինչպես Տափարեկանի հետ
ձուլված ամպերը, Հայքի մեծ մասն էլ միացավ Մեծ Հայքին: Բայց ահա
Մասիսի լանջերին մնացած մի քանի ծվենների նման առանձնացել է
Փոքր Հայքը, Ծոփքն ու Կոմմագենեն: Չես կարող ասել, թե Մասիսի
լանջերին մնացած ամպի այս ծվենները երբ կգլորվեն ցած ու կձուլվեն
մայր հողին: Բայց ո՞վ կարող է վստահորեն ասել, որ այդ ծվենները պիտի
ցած իջնեն: Իսկ եթե վեր բարձրանան և միանան օտար քուլաների հետ:
Ամպ է, ի՞նչ իմանաս, թե ինչպես կշարժվի, կարող է ցած իջնել կամ վեր
բարձրանալ: Հիմա, հենց հիմա այս ծվեն-ծվեն ամպերի վիճակում են
Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն:
Ի՞նչ գիտես, թե ճակատագիրը որ կողմը կթեքի նրանց բախտի անիվը:
Նրանք կարող են և Մեծ Հայքին միանալ կամ չմիանալ: Նրանք կարող են
ձուլվել ուրիշ տերությունների հետ: Ինչո՞ւ է այս հոգսը միայն ինձ
տանջում: Մի՞թե Փոքր Հայքի, Ծոփքի ու Կոմմագենեի հայերը չեն
հասկանում այս ամենը: Ինչո՞ւ են ամբողջ հույսը դնում աստվածներ վրա:

134

Աստվածները մարտադաշտ չեն իջնի ու իրենց վահաններով չեն
պաշտպանի մեզ:
Իմ աչքի առաջ տերություններ են ծնվում ու կորչում:
Իմաստունները երևի լավ չեն քննում աշխարհը: Տերություններ, տարբեր
ազգեր ու տիրակալներ, տարբեր մարդիկ… Ո՞վ ասաց: Բոլոր մարդիկ էլ
իրար նման են, գահակալներն իրարից չեն տարբերվում, աշխարհն էլ`
հող, ծովեր ու գետեր` երանգավոր է:
Մարդը միայն լեզվով է տարբերվում մյուս մարդկանցից: Հարատևում է
նա, ով պահում է իր մայրենին: Լեզուն կորցնող և օտարախոս դարձած
հայը հայկական հողը զիջում է օտարին:
Արիարաթն էլ գիտե այս ամենը: Բայց նա ուզում է Ծոփքը կտրել Մեծ
Հայքից և մեծ տերության հարևան չդառնալ: Եթե բոլոր Հայքերը
մեկտեղվեն, ապա կստեղծվի մի զորեղ պետություն, որն անվարան կնայի
իր ապագային: Այդ տերության մեջ մտած հայերն էլ երկու անգամ ավելի
լավ կապրեն, քան հիմա` չորս անուն ունեցող հայկական
տերություններում:
Արիարաթը… Եվ խելոք է, և խորամանկ, և սթափ: Նա պահանջում է, որ
Ծոփքի թափուր գահի վրա բարձրանա արքայազն Մեհրուժանը,
ընկնավոր գահաժառանգը:
Նա խաբեց ու գերազանցեց Մաղխաղին: Ի՞նչ անել: Ավելի լավ չէ՞
հրաման տալ Տմորիքում գտնվող մեր զորքին: Երկու օրվա ընթացքում
Ծոփքը կլիներ իմ ձեռքում: Բայց Արիարաթը և ուրիշ տիրակալներ
կասեն, թե Արտաշեսը նվաճող է և գողի պես մտել է ուրիշի տիրույթի
սահմանները: Դրա համար Ասիայում կսկսեն չհարգել ինձ:
Ես կարող եմ նաև հաշտվել իրողությանը: Ինչ անենք, թող Մեհրուժանը
գահ բարձրանա: Նա ընկնավոր է և երկար չի ապրի: Մեհրուժանից հետո
ես Ծոփքի գահին կնստեցնեմ ոչ թե արքայազն Զարեհին` Արկաթիասի
եղբորը, այլ իմ հարազատ որդուն: Հետո մի ամիս հետո կմիավորվեմ:
Ի՞նչ: Այս ինչպե՞ս եմ հաշվում: Չէ որ իմ վաթսունն անց է: Ես ի՞նչ
իրավունքով եմ սպասում ինձնից երեք անգամ երիտասարդ մարդկանց
մահվան: Ո՞վ ասաց, որ ես ավելի երկար պիտի ապրեմ, քան նույն
ընկնավոր Մեհրուժանը կամ նրա եղբայր Զարեհը: Աստվածները
բնության մեջ կյանքի ամենից քիչ բաժինը հատկացրել են մարդուն: Ոչ մի
արդար բան չկա, մի կաղնու ծառ տասն անգամ ավելի երկար է ապրում,
քան` մարդը: Ի՞նչ բան է սա, մի՞թե աստվածները կաղնուն չեն

135

տարբերում մարդուց: Զարմանալին այն է, որ ամեն մեկն իր կյանքի
մոտավոր սահմանն ունի: Թիթեռ կա, որ մի օր է ապրում, առավոտյան
ծնվում է, երեկոյան մեռնում: Այնուամենայնիվ մի ամբողջ օր նա ապրում
է, կեսօրին գլխացավ կամ փորացավ չի ունենում, ոչ էլ կենարար հյութ է
խնդրում կես օրով կյանքը երկարացնելու համար:
Նա կես օր չի ապրում, մի օր է ապրում, հինգհարյուր տարի ապրող
կաղնին էլ չի բավարարվում երեքհարյուր տարով, այլ ապրում է
հինգհարյուր տարի: Իսկ ո՞րն է մարդու կյանքի սահմանը, սահմանված
եզրը; Արամազդն ասում է, թե մարդը պարտավոր է ապրել երկուհարյուր
հիսուն տարի: Իսկ ո՞վ է ապրում այդքան: Ոչ ոք: Մարդուն բոլորն էլ
խանգարում են: Ես չեմ հասնի երկուհարյուրհիսունի, ես հարյուրհիսունի
էլ չեմ հասնի: Եթե հաստատ իմանայի, թե հարյուր տարի կապրեի, ապա
կսպասեի հարմար պահի և չէի դողա Ծոփքի ու մյուս Հայքերի բախտի
համար: Չէ, պիտի կանխեմ Արիարաթին: Ես ծեր եմ, վաղվա վրա հույս
դնելու իրավունք չունեմ: Վաղն ինձնից հեռու է: Վաղն ուրիշներինն է:
Խոհերն Արտաշեսի համար կամուրջներ են, որոնք իրար են միացնում
մարդկային կյանքի բոլոր խորխորատները: Նա այդ կամուրջներով ետ ու
առաջ գնաց, բայց չկարողացավ որևէ վճիռ կայացնել:
Բայց ահա մի տեղ նա դեմ ընկավ փլված կամուրջի: Դիմացը խորխորատ
էր, ցատկել չէր կարող: Խոհերի կիսափուլի կամրջի պռնկին Արտաշեսը
կանգնեց երեք օր: Հետո նորից զրույցի նստեց զորապետ Մաղխաղի հետ:
- Լսիր, Մաղխաղ, դու պետք է անկեղծորեն պատասխանես իմ հարցին, -
ասաց Արտաշեսը:
- Տեր իմ, մի՞թե ես երբևիցե անկեղծորեն չեմ պատասխանել քո բոլոր
հարցերին, - վիրավորված արժանապատվությամբ արձագանքեց
Մաղխաղը:
- Լավ հասկացիր ինձ, Մաղխաղ, դու միշտ էլ ինձ հետ անկեղծ ես եղել,
դա այդպես է, բայց… Ասա, Մաղխաղ, եթե ես այսօր մեռնեմ և այդ մասին
լսի Արիարաթը` նա ինչ դիրք կգրավի Ծոփքի խնդրում:
- Տեր իմ, Արամազդի պատգամախոսն ասել է, որ դու դեռ մի դարի
ճանապարհ ունես անցնելու, ի՞նչ կարիք կա հարյուր տարի առաջ
անցնել:
- Զորապետ, հանգիստ թողնենք աստվածներին ու նրանց
պատգամախոսներին: Ես նայել եմ իմ տոհմի գահնամակը, ոչ մի
Երվանդունի ութսուն տարուց ավելի չի ապրել: Ես սիրում ու հարգում եմ

136

քեզ, գնահատում քո արքայասիրությունը, վստահում եմ քեզ այնպես,
ինչպես ինքս ինձ կվստահեի: Բայց հիմա ուզում եմ, որ դու խորհես և
պատասխանես իմ հարցին:
- Այդ դեպքում, արքա, - խոսեց զորապետը, - նա առանց ակնթարթ
հապաղելու Մեհրուժանին կհասցնի Ծոփք և իր ձեռքով թագը կդնի նրա
գլխին: Արիարաթն կարհամարհի Մեծ Հայքի ուժը: Նա հիմա հաշվի է
նստում քեզ հետ և ոչ թե` Մեծ Հայքի:
- Իսկ եթե Արիարաթն իմանա, որ ինձ հաջորդողն ինձնից շատ թույլ է:
-Նա կձգտի Ծոփքը կցել Գամիրքին:
- Իսկ ի՞նչ ես կարծում, զորապետ, եթե ես նրան մի բան զիջեմ, նա էլ ի՞նձ
կզիջի:
- Արքա, բայց ի՞նչ ես ուզում զիջել, Արիարաթին չի կարելի որևէ բան
զիջել: - Զորապետ, ես նրան կառաջարկեմ այսպես. Աՙ րի լեզու գտնենք
իրար հետ և Ծոփքի գահին ոչ Մեհրուժանին նստեցնենք, ոչ էլ` Զարեհին:՚
- Հետո՞, արքա, դրանից հետո դու և Արիարաթը ինչ պիտի անեք Ծոփքը:
- Կկիսենք երկուսիս միջև, կեսը կմիացնեմ իմ տերությանը, կեսն էլ թող
միանա Գամիրքին:
- Արքա, դու համաձայնո՞ւմ ես Ծոփքի հայկական հողերը զիջել
Գամիրքին:
- Հասկացիր, Մաղխաղ, Ծոփքի այդ հատվածը Գամիրքը երբեք էլ իր գրկի
մեջ պահել չի կարող, մի օր այդ հատվածին դարձյալ տեր կդառնան
հայերը, հիմա մի պահ մոռացիր մյուս կեսը: Կարևորն այն է, որ Ծոփքի
կեսը կմիանա Մեծ Հայքին: Կյանքն այդպես է, քչով բավարարվողն ավելի
է շահում, քան մեծ ախորժակի տերը; Ամեն ինչի սկիզբը կենտ է, կենտից
է սկսվում աշխարհը, այսօր Ծոփքի կեսը կմիացնես, վաղը կմտածես
մյուս կեսի, ապա` Փոքր Հայքի ու Կոմմագենեի մասին:
- Քո վճիռն, արքա, դեպքերի այսպիսի հյուսվածքի միակ ճիշտ
անկյունաքարն է:
-Այո, Մաղխաղ, իմ վճիռն ինձ էլ է դուր գալիս:
-Ես պատրաստվեմ Գամիրք գնալու համար:
- Ոչ, զորապետ, այս անգամ Արիարաթի մոտ կգնա արքայազն Վրույրը:
- Դա էլ ճիշտ վճիռ է, արքա: Վրույրը բանաստեղծ է, իմաստասեր,
Արիարթը չի կարող խոսքակռվում հաղթել նրան: Իսկ Գամիրքի
տիրակալը երկիմաստ խոսքերի վարպետ է: Նա հյուրին դիմավորում է
կտուրի վրա նստած և ոչ թե տան շեմին կանգնած:

137

- Վրույրը լսեց հորը: Երկար ժամանակ նա գլուխը ներքև հակած ձայն չէր
հանում:
Արտաշեսին թվաց, թե արքայազնը ոտքի վրա քնով է անցել: Հայրը
թմփացրեց որդու ուսին.
-Ի՞նչ պատահեց քեզ, տղաս:
-Խորհում եմ, հայր իմ, քննում եմ ասածներդ:
- Մինչև Գամիրք հասնելդ խորհելու շատ ժամանակ կունենաս:
- Բանն էլ այն է, որ չպետք է Արիարթի հետ խորհրդակցելու համար մարդ
ուղարկել Գամիրք, ոչ ինձ, ոչ զորապետ Մաղխաղին, ոչ էլ մեկ ուրիշին:
-Ինչո՞ւ, արքայազն:
- Որովհետև, հայր իմ, առյուծն ավելի զորեղ է երևում հեռվից:
-Մեկնիր միտքդ, ի՞նչ ես ուզում ասել:
- Երկրորդ դեսպանին Արիարաթն ավելի նվազ հարգանքով կվերաբերվի,
քան զորապետ Մաղխաղին: Նախընտրելի է, որ դու նամակով դիմես
Արիարաթին
-Նամակո՞վ:
-Այո, հայր իմ, այդ նամակը ես կգրեմ հենց այսօր:
-Գրիր, արքայազն, հավանաբար դու իրավացի ես:

ՀԱՅՐԸ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԵԼ ՈՐԴՈՒՆ

Լրանում էր երրորդ տարին այն օրվանից, ինչ արքայազն Արտավազդը
դարձել էր Հայոց հարավային զորավարության հրամանատարը
Տմորիքում:
Դրանք անսովոր տարիներ էին Տմորիքի ու շրջակա գավառների համար:
Սկզբում արքայազնի զորավարությունն ուներ տասն հազար զորական`
վեց հազարը հեծյալ, չորս հազարը` հետիոտն:
Հայոց հյուսիսային, արևելյան ու արևմտյան զորավարություններից
յուրաքանչյուրն ուներ այնքան զորք, ինչքան հարավայինը: Հինգ հազար
զորական էլ քաղաքամայր Արտաշատն ուներ: Մեկտեղելու դեպքում
Հայոց բանակը կունենար քառասունհինգհազար զինվոր: Բայց ահա
արքայազն Արտավազդը սկսեց զորահավաք անել և Տմորիքում հեծյալ
զորքի թիվը հասցնել երեք բյուրի: Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից էր

138

գտնում այն ոսկիները, որոնցով նժույգներ էր գնում և զորականներ
վարձում: Հեռավոր անապատներից արաբները երամակներով ձիեր էին
բերում և վաճառում Արտավազդին:
Տմորիքում կարծում էին, թե այս ամենի մասին գիտե Արտաշես արքան:
Սակայն արքայազնը ոչինչ չէր հայտնում հորը և հազվադեպ էր
նամակներ գրում արքունիք: Արտավազդը դարձավ Տմորիքի դեղին
խոպոպի կենարար հյութի լիիշխան տերը: Երեք տարում նա մի փոքրիկ
սրվակ հյութ չուղարկեց Արտաշատ: Հոգու խորքում այսպես էր մտածում:
Ինչո՞ւ ուղարկեմ, որ հայրս խմի ու դառնա ամենաերկարակյաց մարդը:
Այդ դեպքում ես բնավ թագ չեմ դնի գլխիս: Իսկ ես ուզում եմ օր առաջ
արքա հռչակվել: Երեսուն տարի է, ինչ նա բազմել է տերության գահին:
Մի՞թե երեսուն տարին քիչ է: Մի՞թե նա չի հասկանում, որ որդին էլ է
ուզում վայելել արքայությունը:
Արտավազդը ոչ ոքի չէր վստահում: Սակայն նա ոսկով գնել էր իր
զորականների հավատարմությունը: Համարյա աննկատ արքայազնը
դարձել էր Տմորիքի երկրամասի անթագ տիրակալը:
Քիչ բան չէ երեսունհազարանոց այրուձի ունենալը: Այդպիսով բանակով
նա կարող էր դիմագրավել ամեն տեսակ հակառակորդի: Նրա
հեծելագնդերը անընդհատ գտնվում էին զորավարությունների մեջ:
- Զինվորը պետք է իր ձին թամբած պահի, իր զենքը` սրած, - սիրում էր
կրկնել արքայազնը, երբ զորապետները տրտնջում էին հոգնեցուցիչ
զորավարությունների համար:
Տմորիքում գտնված երեք տարում արքայազնը արքայազն էր ուրիշների
համար, բայց մտովի նա իրեն համարում էր արքա: Ոչ մի աստված էլ չի
կարող մեղադրել նրան: Նա Մեծ Հայքի օրինական գահաժառանգն է,
Արտաշես արքայի ավագ որդին: Ինչ մի ապօրինի բան է նրա ձգտումը:
Հայրն ուզում է բոլոր չորս Հայքերը միավորել մի տերության մեջ: Չես
կարող ասել, թե ինչ կա նրա մտքում: Ամենքին համոզում է, որ բոլոր
հայերը պիտի մեկտեղվեն մի տերության մեջ, որ բզկտված ազգությունը
չի կարող դիմագրավել գալիք արհավիրքներին, որ հայկական
գավառներում պիտի միայն հայերենը հնչի, և որ բոլոր հայերը պիտի
միայն մի արքա ունենան` հայայրուն ու հայախոս մի տիրակալ: Այդպես
է ասում Արտաշեսը: Իսկ եթե նկրտումն ուրիշ է: Գուցե դա պատրվակ է և
նա երազում է տեր դառնալ մի մեծ տերության: Իսկ ո՞ր աստվածն է տվել
նրան այդ իրավունքը: Չէ որ այդպիսի իրավունք ունեն նաև Փոքր Հայքի,

139

Ծոփքի և Կոմմագենեի արքաները: Ամեն մեկն էլ կուզենա իր թագի
մարգարիտներն ավելացնել ու ավելի շողշողուն դարձնել դրանք:
Ճիշտ է, Արտաշեսը ընդարձակեց իր տերությունը, բայց այդ նույն
տարիներին տիրույթներ ձեռք բերեցին և իրենց սահմաններն
ընդարձակեցին նաև Փոքր Հայքը, Ծոփքն և Կոմմագենեն: Եվ
միավորվելու նշաններ չեն երևում: Իսկ ի՞նչ կլինի` եթե Տմորիքի
երկրամասը անջատվեր Մեծ Հայքից և դառնար առանձին տերություն:
Թող Արտաշատում Արտաշեսը նստի, ինքը` Արտավազդն էլ այստեղ`
Տմորիքում: Չէ, ինքը բոլորովին էլ դավ չի նյութում հոր դեմ: Մեծ Հայքը
բավական մեծ է, թող Արտաշեսն ինչպես ուզում է վարի իր երկիրը, բայց
ձեռք քաշի Տմորիքից: Արտավազդն այստեղ կստեղծի Ծոփքի պես
տերություն, հետո իր բանակով կարշավի հարավ ու Տմորիքին կմիացնի
ուրիշներին պատկանող հողերը: Մի՞թե դա վատ է: Ավելի լավ չէ՞
հայկական հինգ տերություն լինի աշխարհում ավելի մեծ տարածքով,
քան չորսը կամ մեկը` բայց նեղ սահմանների մեջ: Միշտ էլ կարելի է
միավորվել: Ով-ով` Հայոց Մեծ աստված Արամազդը գոհ կլինի
Արտավազդից:
Արտավազդն այսպես էր մտածում: Առանձնապես մեծ բան չէր իր
ցանկացածը: Միայն Տմորիքը: Դե, այդ երկրամասը նոր է կցվել Մեծ
Հայքին: Առանց այդ հողակտորի էլ Արտաշեսի Մեծ Հայքը Մեծ Հայք
կմնար: Բայց այդ փոքրիկ կտորը իր որդուն զիջելով` հայերն ավելի շատ
բան կշահեն: Արտավազդը կամրապնդի իր ոտքի տակի հողը և Մեծ
Հայքի տարածքի չափ հողեր կգրավի օտարներից, կգրավի ու կդարձնի
հայկական: : Ինքը կամովին հրաժարվում է Մեծ Հայքի գահից: Թող
Արտաշեսը թագը Վրույրին տա:Իմաստուն ու բանաստեղծ այր է Վրույրը
և կգնահատի Արտավազդի զոհաբերությունը: Գուցե մյուս եղբայրները
չհասկանան և հայրադավ համարեն նրան:
Երբ խորհում ես` արդարացնում ես ինքդ քեզ և ամեն ինչ ճիշտ է
ստացվում; Բայց կան գահակալական կարծրացած օրենքներ ու
սովորույթներ, որոնց շրջանցելն, այնուամենայնիվ, կհամարվի
դավաճանություն:
Արտավազդը ծանոթ էր հին պատմություններին: Եթե ինքը հաղթի ու
հասնի իր նպատակին` ոչ ոք դավաճանություն չի համարի: Ամենքն էլ
արդարացնում են հաղթողին` և աստվածները, և մարդիկ: Իսկ հաղթելու
համար հավատարիմ զորք է պետք: Եթե իր երեսուն հազար հեծյալները

140

մինչև վերջ հավատարիմ մնան, ապա Արտավազդին ոչինչ չի պատահի:
Հիմա հայրը չի կարող տերության մյուս մասերից այդքան զորք հավաքել
և ուղարկել որդու դեմ: Երեսուն հազարին հաղթելու համար պետք է
քառասուն հազար հեծյալ ունենալ: Այդպիսի այրուձի ունենալու համար
երեք տարի է պետք: Բայց Արտաշեսը կգրոհի՞ որդու վրա, նրան
ապստա՞մբ կհամարի: Իսկ գուցե լռելյայն հաշտվի իրադրության հետ:
Իսկ եթե հայրը դիմի ուրիշների օգնությանը: Բայց ո՞վ պիտի այրուձի
ուղարկի նրան: Ո՞վ կգա Տմորիք` հաստատ համոզված լինելով, որ
այստեղ կարող է նաև զոհվել: Բայց հայերը կկռվե՞ն հայերի դեմ:
Ճակատամարտից առաջ Արտավազդը առատորեն կվարձատրի իր
հեծյալներին: Բայց իզուր է ինքն այդքան երկյուղում, հիմա ոչ ոք
այսպիսի վարժված բանակ չունի:
Մտքերի բեռան տակից Արտավազդը գլուխը դուրս հանեց ու
բարձրաձայն ասաց. ՙՀայրս իմ դեմ զորք չի ուղարկի: Եթե հորս
չարությունը բռնի և ինձ հետ այդպես վարվի` մայրս կմեռնի վշտից: Բայց
վշտից կարող է մեռնել նաև հայրս, եթե իմանա, թե իրենից գաղտնի ես
թագ եմ դրել գլխիս: Իսկ ինչո՞ւ պիտի մեռնի: Չէ՞ որ ես ձեռք չեմ տալիս իր
թագին: Թող իր թագն ինքը պինդ պահի: Ես իմ թագն եմ դնում և ոչ թե`
իրենը: Եվ վերջապես, հայրս միշտ էլ հավաստում էր, թե սիրում է ինձ:
Իսկ սիրողը ներում է: Քանի-քանի անգամ է նա ներել իմ
խենթությունները: Թող այս մեկն էլ խենթություն համարի և ների: Բայց
քանի՞ անգամ նա կարող է ներել ինձ: Չէ՞ որ ամեն ինչ սահման ունի: Իսկ
եթե այս անգամ չների:՚
Արքայազնը գիտեր, որ գահերն անխորտակ են մնում զենքի ուժով: Դրա
համար պետք է նախ փորձել զորականների հավատարմությունը: Դա
կանի ինքը, մեն-մենակ, առանց մեկի հետ խորհրդակցելու:
Ողջախոհությունը հուշում է, որ Արտավազդը իրավունք չունի իր
գաղտնիքը երկրորդին հայտնելու: Պետք չէ այդ մասին հայտնել նույնիսկ
աստվածներից որևէ մեկին: Աստվածներին հայտնես, թե մարդկանց, ի՞նչ
տարբերություն, չէ՞ որ աստվածների պատգամախոսները մարդիկ են,
սովորական մարդիկ, որոնք հնարագետ են դարձել և ոսկի են կուտակում
ուրիշների գաղտնիքները վաճառելով: Իսկ թա՞գը: Չէ՞ որ,
այնուամենայնիվ, պետք է թագ ունենալ: Պետք է մեկն ու մեկը թագ
պատրաստի:

141

Հաջորդ օրը Արտավազդը մի քանի վստահելի զորականների ուղարկեց
Անտիոք: Հայ զորականները Սելևկյանների մայրաքաղաքում գտան թագ
պատրաստող երկու ոսկերիչների, առատ վարձատրեցին նրանց և
հետները բերեցին Տմորիք: Բայց հենց նույն օրը արքայազնը գլխատել
տվեց ոսկերիչներ բերող հայ զորականներին: Չէ, նրանք ոչ ոքի ոչինչ չէին
ասել, գաղտնապահ մարդիկ էին: Արտավազդը երկյուղում էր գալիքից:
Նրանց գլխատել տվեց և կորցրեց հետքերը: Հիմա ոչ ոք չգիտե, թե ով և
ինչու համար Անտիոք գնաց, թե արքայազնի ինչի՞ն են պետք անտիոքցի
ոսկերիչները: Վերջիններիս տեղը գիտեր միայն Արտավազդը: Տմորիքի
մի թավուտ անտառում հույն ոսկերիչներն աշխատում էին մարդկանց
աչքից հեռու:
Ոսկերիչ - թագագործները նախ առան թագակապ - ժապավենի չափը,
հետո ընտրեցին այն կտորները, որոնցով պիտի ստեղծեին թագի
կմախքը: Սակայն ամենադժվարը ոսկու ու մարգարտի գործն էր:
Ոսկերիչներից մեկը արքայազնին հարցրեց.
- Քանի ճառագայթ պիտի ունենա քո թագը:
- Չգիտեմ, - պատասխանեց Արտավազդը:
- Ի՞նչ զինանշան ես ընտրել թագի համար:
- Չգիտեմ:
- Քանի՞ մարգարիտ պիտի դնել, հի՞նգ, թե՞ յոթ:
- Անպայման պիտի կե՞նտ լինի:
- Նախընտրելի է, որ կենտ լինի:
- Ինչո՞ւ:
- Պատասխանը քեզ կտա Հայոց Անահիտ աստվածուհու
պատգամախոսը:
- Ավելի լավ է` դուք թագը պատրաստեք առանց հարցեր տալու, ինքներդ
ծանրութեթև արեք ամեն ինչ և պատրաստեք այս աշխարհի ամենալավ
թագը, այնպիսին, ինչպիսին ուներ Ալեքսանդր Մակեդոնացին…
- Գիտե՞ս արքայազն, թե մեզ ինչ է սպասվում ապօրինի թագ
պատրաստելու համար:
- Ես երկուսիդ էլ առատ կվարձատրեմ, դուք կդառնաք մեծահարուստներ,
էլ ի՞նչ է պետք ձեզ:

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ

142

Արքայազն Արտավազդի զորագնդերը մեկտեղվեցին առաջին անգամ: Դա
մի մեծ տափարակ դաշտ էր, որ վաղուց կրում էր Խաղ անունը:
Աշնան մի զով օր էր: Կանաչազարդ անեզր դաշտում սկսեցին խրխնջալ
ձիերը: Մինչ այդ երեսուն հազար հայ հեծյալ չէին հավաքվել մի տեղ:
Զորականները չգիտեին` ուրախանա՞ն, թե՞ տխրեն: Հաճելի էր
գիտակցել, որ հայոց հարավային զորավարությունն ուներ
երեսունհազարանոց այրուձի: Հեծյալները նայում էին իրար և
հպարտանում իրենց մեծաթվությամբ: Բայց նաև անհանգիստ էին: Ինչո՞ւ
է կանչել արքայազնը, չլնի՞ պատերազմ է սկսվել կամ պիտի սկսվի, իսկ
գուցե պիտի մեկնեն Արտաշա՞տ: Ոչ ոք ոչինչ չգիտեր, գիտեին միայն, որ
զորահանդես է և հեծելագնդերի առջևով պիտի անցնի ինքը` արքայազն
Արտավազդը: Նախորդ օրը Արտավազդը ծանր գիշեր ապրեց: Երազում
նրա աչքի առջև բացվեց զարմանալի մի տեսարան: Ինքը` մեն-մենակ
նստած է Արտաշատի թատրոնում:
Բեմի վրա երևում են երկրորդ և երրորդ Արտավազդները: Նրանք միայն
նմանակներ չեն, նրանք նույն մարդիկ են: Այ քեզ բան: Այդ ինչպե՞ս է եղել,
որ մինչև հիմա ինքը գլխի չի ընկել: Բանից պարզվում է, որ մեկի դիմաց
աշխարհում կա երեք Արտավազդ: Բայց մի՞թե ամեն մարդ, իրենից բացի
երկու նմանակ ունի: Արքայազնը զգում է, որ ինքը ոչնչով չի տարբերվում
բեմում գտնվող երկու Արտավազդներից: Այնուամենայնիվ չի
կարողանում հասկանալ` նրանք երեք տարբեր Արտավազդնե՞ր են, թե՞
մեկն է` երեք մասի բաժանված:
Երազում, սակայն, չես կարողանում հեշտ ու հանգիստ կշռադատել: Ահա
բեմի վրա երկու Արտավազդները սկսեցին խոսել:
Արտավազդը իր նստած տեղից նայում է, թե բեմի վրա ինչպես են գրկում
ու միմյանց հրաժեշտ տալիս Առաջին և Երկրորդ Արտավազդները:
Արտավազդին թվում էր, թե ինքը դեռ գտնվում է երազի մեջ:
Իր ճերմակ նժույգը հեծած արքայազնը դուրս եկավ Խաղ դաշտը: Նրա
ականջին հասան բազմահազար ձիերի խրխինջները: Արքայազնը գիտեր,
որ հայ հեծյալները դրանով ողջունում են իրեն: Իսկ ձիուն խրխնջացնելն
դժվար չէ: Հմայիլով խուտուտ ես տալիս ձիու գլուխը, և ձին սկսում է
խրխնջալ:

143

Հետո սկսեցին բացականչել զորականները: Արտավազդը չէր
կարողանում հասկանալ, թե ինչ են ասում նրանք: Շտապեց մոտենալ
զորաշարերին և լարել լսողությունը:
- Ողջույն քաջ Արտաշեսի որդի արքայազն Արտավազդին, - այս ու այն
կողմից ձայնում էին զորականները:
Ոնց որ մեկը նիզակով խփեր Արտավազդի գլխին: Նա սրընթաց մտավ
զորաշարերի մեջ և մարգարտաշար թագը գլխին ցուցադրաբար անցավ
հեծյալների առջևով:
Զորականները տեսան թագը և շփոթվեցին: Նրանք պատրաստ չէին
Արտավազդին արքա հռչակելու: Արքայազնը մոլեգին հայացքը աջ ու
ահյակ պտտեցնելով անցավ բոլոր հեծելագնդերի կողքով:
Հետո ետ դարձավ ու մաղթանքի ոչ մի խոսք չասաց զորականներին;
Զորականներն էլ, իրենց հերթին, մաղթանքի բացականչությամբ
չճանապարհեցին արքայազն- զորահրամանատարին:
Ամենքը մնացել էին զարմացած: Ինչո՞ւ խույրի փոխարեն թագ է դրել
գլխին:
Բայց չէ՞ որ Արտաշես արքան դեռ չի մահացել: Ի՞նչ է նշանակում
արքայազնի այս քայլը:
Գուցե Արտավազդի հերթական խենթությունների՞ց է: Ի՞նչ իմանա
զորականը:
Եվ, այնուամենայնիվ, արքայազնի այլափոխված տեսքը չվրիպեց
զորապետներից մեկի աչքից:
Զորահանդեսից հետո մի զորական ճանապարհ ընկավ դեպի Արտաշատ:
Նա պետք է քաղաքամայր հասներ հետիոտն:Եթե ձի հեծներ` կբռնվեր,
արքայազնի հետախույզները ոչ մի հեծյալի ազատ չէին արձակի:
Արտաշես արքային արթնացրին կեսգիշերին:- Տեր իմ, - զեկուցեց
սենեկապետ Դատը, - Տմորքից սուրհանդակ է եկել, նա ասում է, որ չի
կարող սպասել առավոտյան, որ պարտավոր է ամեն ինչի մասին
արքային զեկուցել հենց հիմա:
- Թող գա, Դատ, - հրամայեց Արտաշեսը:
- Սուրհանդակը գահասրահ մտավ և խոնարհաբար ողջունեց արքային:
Նա իր պարեգոտի օձիքի միջից մի մատանի հանեց և ցույց տվեց
արքային: Սուրհանդակը անուն չտվեց, արքան հասկացավ, թե ում է
պատկանում այդ մատանին: Սուրհանդակը նայեց սենեկապետի կողմը,
և Դատը հասկացավ, որ ինքը պետք է հեռանա գահասրահից:

144

- Դե, հիմա խոսիր, - Դատի գնալուց հետո սուրհանդակին հրամայեց
արքան:
- Ներիր ինձ, արքա, այն ամենի համար, ինչ պիտի հայտնեմ:
-Խոսիր:
- Արքայազն Արտավազդը գլխին թագ է դրել մարգարիտներով
զարդարված մի շքեղ թագ, որի նմանը երևի չի ունեցել աշխարհի և ոչ մի
արքա:
- Դու քո աչքո՞վ տեսար դա:
- Այո, արքա:
- Դա ե՞րբ էր:
- Ութ օր առաջ: Խաղ դաշտում զորահանդես կազմակերպեց և
արքայական ծիրանին հագին ու թագը գլխին անցավ հեծելագնդերի
առջևով:
- Զորականներն ինչպե՞ս դիմավորեցին ինքնակոչ արքային:
- Լռելյայն:
- Հետո ի՞նչ եղավ:
- Հետո զայրացած արքայազնը ետ դարձավ ու առանց մաղթանքի խոսքի,
առանց հրաժեշտի բաժանվեց զորական շարքերից և գնաց իր ամրոցը:

ԱՐՏԱՎԱԶԴԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ

Արտաշես արքան տիկնանց-տիկին Սաթենիկին ասաց.
- Փոքր հասակում արքայազն Արտավազդը ցանկանում էր Հաննիբալ
դառնալ:
-Այո, - հաստատեց դշխոն:
-Մեր զավակն, իհարկե, Հաննիբալ դառնալ չի կարող:
-Ինչո՞ւ չի կարող:
- Հաննիբալը մեծ զորապետ էր, հանճարեղ այր, բայց նա ձախողվեց,
որովհետև չսիրեց իր հայրենի Կարթագենը:
-Չսիրեց:

145

- Հաննիբալը միայն ինքն իրեն էր սիրում, բայց իր հայրենիքը չսիրող
ամեն մարդ չէ, որ կարող է Հաննիբալ դառնալ: Հաննիբալ չի դառնա նաև
Արտավազդը:
-Դու ի՞նչ ես ակնարկում:
- Ոչինչ, - պատասխանեց Արտաշեսն ու զրույցն ընդհատեց:
Տմորիքից եկած լուրերը արքան չկիսեց տիկնանց-տիկնոջ հետ: Աշխարհի
բոլոր մայրերն էլ արդարացնում են իրենց որդիներին: Կարդարացներ
նաև Սաթենիկը:
Արտաշեսը, սակայն, ուզում էր հասկացնել Սաթենիկին, որ Արտավազդը
չի սիրում հայրենի երկիրը: Միայն այդքանը: Մնացածը մտորելու,
կշռադատելու բաժինն էր:
Արտաշեսը մնացել էր ինքն իր հետ: Նա կիսելու բան չուներ ոչ դշխոյի, ոչ
ուրիշների, ոչ էլ աստվածների հետ: Ինչպե՞ս հայտնի մարդկանց ու
աշխարհին, որ իր հարազատ որդին դավաճան է: Հայր ու որդի գնում են
տարբեր ճանապարհներով: Արտաշեսը ամբողջ կյանքում երազել էր մի
տերության մեջ միավորել հայկական բոլոր հողերը, չորս Հայքերը` Մեծ
Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն, դարձնել մի Հայք, թշնամու
ճակատին խփել ոչ թե մեկ-մեկ մատով, այլ բոլոր մատները մեկ բռունցք
դարձած: Ավելի դյուրին է բզկտել պատռվածք ունեցող հանդերձը, քան`
ամբողջականը: Իսկ Հայքն այժմ նման է չորս պատռվածքով հանդերձի:
Ես ուզում եմ դեն գցել դա, և Հայքը հագցնել անկարկատան մի հանդերձ:
Իսկ Արտավազդը մեր չորս կարկատանը ուզում է դարձնել հինգ: Կարծես
թե իմ թագի մարգարիտների շողերը կուրացրել են նրա հոգին: Նա ուզում
է իր սեփական թագն ունենալ: Նա դավաճանել է ինձ: Ի՞նչ անել, ինչպե՞ս
պատժեմ նրան: Ինքս էլ չդավե՞մ: Չէ որ ես կարող եմ իմ հավատարիմ
մարդկանցից մեկի ձեռքին դաշույն դնել: Սպասիր, Արտաշես, այդ ի՞նչ է
անցնում մտքովդ: Հանիր մտքիցդ այդ չար մտադրությունները:
Ողջախոհ եղիր և ոչ ոքի մի ասա, թե արքայազնը դավաճանել է քեզ:
Տմորիքի զորականները նրան արքա չեն հռչակել, չեն ցուցանել, թե
տեսնում են նրա գլխի թագը: Գուցե Արտավազդն արդեն զղջացել է իր
արածի համար, գուցե նա երդվել է այլևս այդպիսի սխալ չգործե՞լ: Իսկ
Տմորիքի զո՞րքը, երեսունհազարանոց այրուձի՞ն:
Ես ետ կկանչեմ նրան Տմորիքից: Ցույց կտամ, թե ոչինչ չգիտեմ: Իսկ եթե
չգա, այ, այն ժամանակ ես կպատժեմ նրան: Եվ, այնուամենայնիվ,
սպանել չեմ տա նրան: Նրան կուղարկեմ Աստղկաբերդ, թող գնա և ապրի

146

թափուր մնացած մեր ամրոց-քաղաքում, թող գնա ընկերանա առյուծների
հետ:
Հենց այդ օրերին լուր եկավ Ալանաց աշխարհից. հյուսիսից Թութում
ցեղապետը բազմահազար իր զորքով հարձակվել է ալանների վրա:
Ալանաց արքան օգնություն էր խնդրում Արտաշեսից:
Այդ լուրն ուրախացրեց արքային; Նա սուրհանդակ ուղարկեց Տմորիք`
հրամայելով, որ հարավային զորավարության երեսունհազարանոց
այրուձին շտապի Արտաշատ, որտեղից պիտի գնա Ալանաց աշխարհ:
Ամեն ինչ կբացվի, եթե արքայազնը չկատարի հոր հրամանը: Բայց ահա
երրորդ օրը Արտավազդը Արտաշատ հասավ իր ողջ հեծելազորով:
Տմորիքի հայոց զորքը Արտաշեսն ուղարկեց Ալանաց աշխարհը: Բայց
այստեղ զորապետ կարգեց ոչ թե արքայազն Արտավազդին, այլ`
Մաղխաղին:
Ալանաց աշխարհ չգնալու համար Արտավազդը չհակառակեց հորը:
Նրան թվաց, թե հայրն ուզում է պատժել իրեն:
Փորձում էր պատկերացնել, թե հայրն ինչ պատիժ պիտի տար իրեն:
Սակայն օրերն անցնում էին, և հայրն Արտավազդի հետ չէր խոսում
Տմորիքի մասին: Արքայազնին զարմացնում էր հոր հանդարտաբարո ու
գորովալից նայվածքը: Մի՞թե նա ոչինչ չգիտե, երբեմն անցնում էր
Արտավազդի մտքով:
Անցավ մի քանի ամիս: Արտաշեսն սկսես ավելի սիրալիր լինել
թագաժառանգ որդու հանդեպ: Արտավազդին թվաց, թե Տմորիքում ինքը
գլխին թագ չի դրել, թե ամենևին չի մտածել արքա դառնալու մասին: Դա
երազ է եղել, խաբկանք…

ՆԱՆԻՐ

Եվ Արտաշես արքան հրաման տվեց, որ մեծ խնջույք սարքեն
արքունիքում:
Արքայական սեղանատունը լցվեց Արտաշեսի մերձավորներով: Սեղանի
գլխին, փայլազարդ բազմակի վրա նստել էր Արտաշես արքան: Նա հագել
էր իր թանձրակապույտ ծալքերով ծիրանին, գլխին դրել մարգարտաշար
թագը: Արքայի կողքին տիկնանց-տիկին Սաթենիկն էր, որ փայլատակում

147

էր պերճանքի մեջ: Աչքերում, պարանոցի, այտերի ու շրթունքների վրա
նա ցուցանում էր դեռ ուժը չկորցրած իր խայթող գեղեցկությունը: Արքայի
և տիկնանց-տիկնոջ կողքերին, դեմ դիմաց նստել են վեց արքայազն
եղբայրները` Արտավազդը, Վրույրը, Մաժանը, Զարեհը, Տիրանը և
Տիգրանը:
Շքեղաշուք էր նաև նրանց հանդերձը: Արտավազդի գլխին կապտաթույր
մի խույր կար: Դա նշան էր, որ թագաժառանգը նա է, որ Արտաշեսին
կփոխարինի ինքը: Մի սրածայր խույր էլ իր գլխին էր դրել Վրույրը: Մի
քանի օր առաջ մահացել էր քրմապետ Սիսը, և Արտաշեսն իր ձեռքով
քրմապետի նոր խույր է դրել Վրույրի գլխին: Այդ խույրը ներքևից ու
կենտրոնից գոտևորվում էր որդան կարմրի գույնի ժապավենով: Ամենքը
հասկանում էին, թե դա ինչ է նշանակում. Վրույրը մինչև կյանքի վերջը
կմնա Հայքի անփոփոխ քրմապետը:
Այնուհետև, ըստ գահնամակի իրենց տեղերում էին բազմել զորապետ
Մաղխաղը, սենեկապետ Դատը, հանդերձապետ Ձեռեսը, հյուսիսային,
արևմտյան, արևելյան զորավարությունների զորապետները: Արտաշատի
դրամատան կառավարիչը, նահապետ Տուղտը, բազմաթիվ
արքունականներ:
Խոհարարապետ Տուրը այս մեծ խնջույքի համար պատրաստել էր Հայքի
ամենաընտիր ուտելիքներն ու ըմպելիքները: Ժրաջան սպասավորներն
անընդհատ ելումուտ էին անում: Սկզբում նրանք յուրաքանչյուրի առջև
դրին մեկական փունջ ախորժաբեր նգածաղիկ, ապա կանանց
մատուցեցին լայնաբերան տարգալների մեջ դրված սև կաքավի միս:
Հետո յուրաքանչյուր տղամարդու տվեցին եղջերվի խորոված մի սրունք,
եփած կարմրախայտ, թոնրից նոր հանած ցորյանաբույր լավաշ, որդան
կարմրից և Տափերական դաշտի բազմատեսակ ծաղիկներից սարքած
քաղցրահամ հյութ, արքունի մառաններում պահվող տարբեր տարիների
գինիներ:Բերում էին, հա բերում: Սակայն ոչ ոք չէր հանդգնում որևէ բան
առնել բերանը: Արքան խնջույքն սկսելու նշան չէր տալիս:
Յուրաքանչյուրը պարտավոր էր զսպել իրեն: Այդպես էր օինաց կարգը:
Ամեն մեկը փնջերից մի-մի նգածաղիկ հանած խաղացնում էր ձեռքում և
նայում արքայի կողմը: Մի պահ մատռվակները անհետացան: Կարծես թե
նրանք այլևս բերելու բան չունեին, որովհետև սեղաններն արդեն
ծանրաբեռնել էին ամեն ինչով: Բայց ահա մի սպասավորի

148

ուղեկցությամբ սեղանատուն մտավ Տուրը: Նա սկսեց յուրաքանչյուրի
առջև կավե մի ծաղկաման դնել:
Սովորական ծաղկաման էր, մեջը` մի բուռ հող: Հետո Տուրն ամենքին
մեկական նանիրի սերմ տվեց ու դուրս եկավ:
- Սերմը ծաղկամանի մեջ դրեք և մի քիչ ջուր լցրեք, - ասաց արքան, ապա
ավելացրեց, - առանց ջրի նանիրը հողի մեջ կմնա ու չի աճի:
- Նանիրը կապ չուներ խնջույքի հետ, և նրա ծաղկամանները սեղանների
վրա ի հայտ եկան հենց այնպես, ի միջի այլոց:
Ահա արքան բարձրացրեց ձեռքը, մարդիկ անմիջապես մոռացան
նանիրը և սկսեցին խնջույքը:
Վայելում էին ախորժակով, հաճույքով:
- Կանչեք Տուրին, - հրամայեց Արտաշեսը:
- Տուրը եկավ և կանգնեց արքայի դեմ-դիմաց:
- Ասա, Տուր, - հարցրեց Արտաշեսը, - ո՞րն է հայ այրերի ամենասիրած
ուտելիքը:
- Խորոված միսը, տեր իմ, - պատասխանեց խոհարարապետը:
- Հնուց ի վեր էլ այդպես է եղել:
- Այո, տեր իմ, այդպես է եղել:
- Իսկ տիկնանց ու օրիորդների սիրած ուտելիքը ո՞րն է:
- Սև կաքավի միսը: Աշխարհում ոչ մի տեղ այդքան նուրբ միս չկա:
- Ապա արքան դարձավ խնջույքավորներին ու ասաց.
- Լսո՞ւմ եք, տիարք և տիկնայք, թե ինչ է ասում Տուրը: Դե, հանգիստ
կերեք` ինչքան սրտներդ ուզենա:
Ամեն մեկն սկսեց մտածել այն մասին, թե արքան ինչ էր ուզում ասել
դրանով: Ուզում էր մարդկանց ախորժա՞կը բորբոքել: Բայց առանց այն էլ
մարդիկ ուտում էին նախանձելի ախարժակով:
Ուտում էին, գինի ու օշարակ խմում, կարճ խոսքեր փոխանակում
միմյանց հետ:
Չէ, ոչ ոք միտք չուներ երկար զրույցներ անել: Ինչպե՞ս կարող ես աչքդ
տնկել եղջերվի խորոված մսակտորին ու լսել, թե ով ինչ է ասում:
Այդպիսի դեպքերում ամենահանճարեղ զրույցն էլ չի կարող փոխարինել
քո այն ախորժակին, որով պիտի կրծոտես եղջերվի ոսկորը:
Ուտելով ու խմելով տարված` մարդիկ գլխի չընկան, թե ծաղկամանների
մեջ դրված նանիրի սերմն ինչպես աճեց:

149

Ծաղկամանի մեջ բարձրացած փոքրիկ ցողունի վրա սկսեցին տերևներ ու
ծաղիկներ երևալ: Արտաշես արքան, ասես ի միջի այլոց ասաց.
- Ապա տեսեք, բոլորի՞դ նանիրներն են ծաղկել:-Այո, այո, - այս ու այն
կողմից արձագանքեցին արքային:
Հետո նորից տարվեցին խնջույքով ու մոռացան նանիրի ծաղիկը:
Կես ժամ անց, սակայն, առանց արքայի հիշեցման, մարդիկ տեսան, թե
ծաղկամանների մեջ ինչպես են թառամում նանիրների ծաղիկները: Այդ
ժամանակ Արտաշես արքան դիմեց խնջույքավորներին.
- Հազիվ երկու ժամ է, ինչ մենք նստել ենք խնջույքի: Երկու ժամի եղածը
մի բան չէ: Բայց ահա այդ երկու ժամում հողի մեջ ընկած նանիրի սերմը
ծլեց-ծլարձակեց, ծաղկեց ու թառամեց: Եվ դա կատարվեց մեր աչքի
առաջ:
Տիարք և տիկնայք, մարդու կյանքը նման է այս նանիրին: Այսքան կարճ է,
այսքան փուչ, այսքան սուտ: Դրա համար մարդ պետք է իր այս
նանիրաչափ կյանքն ապրի իմաստությամբ, առանց աջ ու ահյակ
վատնելու: Աստվածներն այսպես են տնօրինել մարդկանց ճակատագիրը:
Նայեք ձեր ծաղկամաններին, քիչ առաջ նանիրը կար, հիմա` չկա:
Աստվածների համար էլ մեր կյանքն է այդպես կարճ տևում: Երեսուն
տարի առաջ ես իմ գլխին դրի Հայքի թագը: Ես չիմացա, թե ինչպես
անցան այդ տարիները:
Այդ ե՞րբ անցան, մի՞թե այդպես արագ են անցնում տարիները: Բնության
մեջ նանիր է և երեսունը, և վաթսունը: Իմաստաբար ապրեցեք ձեր
կյանքը: Նանիրը ծաղկում ու թառամում է և իրենից հետո ոչինչ չի
թողնում:
Իսկ մարդն իրավունք չունի այդպես անփութորեն ապրել ու այդպես
անփութորեն էլ հրաժեշտ տալ աշխարհին: Մարդը պետք է բնության մեջ
թողնի իր հոգու հևքը, իր սիրո կանչը, իր հմայքի մի բեկորը: Մի շտապեք
շուտ տեղ հասնել, մի արագացրեք ձեր կյանքը: Առանց այն էլ
աստվածները հրում են ձեր ետևից և ձեր կյանքը նանիրի պես արագ է
գնում:

ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ԿԱՊՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՈՏՔԵՐԸ

150


Click to View FlipBook Version