The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Գրադարան - Gradaran, 2021-04-01 18:54:39

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Hayk Khachatryan

ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Artashes - Hayk Khachatryan

Keywords: ԱՐՏԱՇԵՍ - ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկ ուրիշը հուսահատությունից ինքնազոհության կգնար և կգրոհեր
Հռոմի վրա, բայց Հաննիբալը անաղմուկ հեռացավ ահեղադեմ քաղաքի
պարիսպներից:
Հռոմեացիները շնորհավորում են միմյանց.
-Հաննիբալի ոչ մի նիզակ չդիպավ Հռոմի պարիսպներին:
-Դա հրաշք էր:
- Այսպիսի հրաշք կարող էր տեղի ունենալ բոլոր աստվածների
համաձայնությամբ:
- Այո, աստվածները կամեցան, որ Հաննիբալը հեռանա Հռոմի մոտից:
- Եկեք այս հրաշքի առթիվ զոհեր մատուցենք:
- Չէ, ավելի լավ է պաշտենք ու զոհեր մատուցենք Հռոմի նոր աստծուն:
- Ի՞նչ աստված:
- Հաննիբալը հենց որ մոտեցավ քաղաքին` ծնվեց Հռոմի պաշտպան մի
նոր աստված` կարկուտի աստվածը…
Բայց ո՞ւր էր գնում Հաննիբալը: Հռոմի հետ բախվողը կամ պիտի հաղթեր,
կամ զոհվեր մարտում: Հռոմի հակառակորդը աշխարհում
պատսպարվելու կամ թաքնվելու ոչ մի տեղ չունի: Ուր ուզում ես գնա`
միևնույն է Հռոմի ձեռքը կհասնի քեզ:
Իբերիայում հռոմեացիները պաշարեցին Նոր Կարթագեն քաղաքը:
Մագոնը, որ վարում էր քաղաքի պաշտպանությունը, վերցրեց
նումիդիական հավատարիմ իր գունդը, գիշերով հեռացավ աննկատ:
Հաջորդ օրը հռոմեացիները գրավեցին Նոր Կարթագենը:
Հռոմեացիների դեմ կռիվներից մեկում զոհվեց Հաննիբալի եղբայր
Հասդրուբալը:
Իսկ Հաննիբալը շարունակում էր նահանջել: Բայց նահանջ էլ կար,
նահանջ էլ: Հաննիբալը դանդաղում էր: Նա մեկ հեռանում էր Հռոմի
մոտից, մեկ նորից շարժվում դեպի Հռոմ` ստեղծելով այնպիսի
տպավորություն, թե արշավի է գնում Հռոմի դեմ, հետո նորից էր ետ
դառնում:
Հռոմեացիները ոչ վախենում, ոչ էլ խաբվում էին նրա զորախաղերից:
Եվ մինչ կարթագենացի զորապետը ետ ու առաջ էր գնում Հռոմի
մատույցներում, Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը իր նավատորմիղով
հասավ Կարթագենի ափերին և ոտք դրեց Հաննիբալի հայրենի հողին:
Միայն այդ ժամանակ Հաննիբալն ստիպված վերադարձավ Կարթագեն:
Զամա քաղաքի մոտ իրար բախվեցին հռոմեական ու պունիկյան

51

բանակները: Սկիպիոնը, շահելով մեծ ճակատամարտը հաղթեց
Հաննիբալին: Տան դռանը պարտվելը ողբերգություն է մարդու համար:
Զամայի ճակատամարտը մահածու հարված էր Հաննիբալին:
Կռվից հետո Կարթագենի ավագանին փորձեց հաշտության եզրեր գտնել
Սկիպիոնի հետ, սակայն հռոմեացի զորապետը ստորացուցիչ ու դաժան
պայմաններ էր առաջարկում:
Զարմանալի է: Հաննիբալն ինքը պատերազմ սկսեց Հռոմի դեմ, անձամբ
ինքը և ոչ Կարթագենը: Նրա հաղթություններն ու պարտություններն էլ
Կարթոգենինը չեն, այլ` իրենը:
Իսկ հիմա Հաննիբալի համար տուժում է Կարթագենը: Դե, ինչ կարող ես
անել, հիմա ոչ Հաննիբալը պիտի հրաժարվի Կարթագենից, ոչ էլ
Կարթագենը` Հաննիբալից: Կարթագենի ավագանին տերության սուֆետ
ընտրեց Հաննիբալին:
Դա Հաննիբալի սրտովն էր:
Սուֆետը Կարթագենի տեր ու տիրակալն էր:
Դա նույնն էր, ինչ թագավորը:
Զորապետ Հաննիբալը դարձավ սուֆետ Հաննիբալ:
Հաննիբալի կինը` իբերուհի Ռանան մնաց Իբերիայի Կաստուլոն
քաղաքում և ամենևին էլ մտադիր չէր հետևել ամուսնուն և նրա հետ գալ
Կարթագեն: Նա Հաննիբալի հետ ամուսնացել էր իբերական ցեղապետի
առաջարկով: Եվ համարում էր, որ իբերացիների հանդեպ իր պարտքը
կատարել-վերջացրել էր:
- Հաննիբալ, քո նիզակն այս աշխարհում շատ զրահներ խոցեց,
անմատչելի մնաց միայն իմ սիրտը, - դառն ճշմարտությունը ամուսնու
երեսին էր շպրտել Ռանան:
Միայն Կարթագեն ոտք դնելուց հետո Հաննիբալն զգաց, որ իր
թիկունքում ոչինչ չի մնացել` ոչ կին, ոչ ընտանիք, ոչ հաղթանակ ու
նվաճում: Տասնյոթ տարում նա գրավել էր հռոմեական չորսհարյուր
քաղաք և ահ ու սարսափի մեջ պահել բոլոր հռոմեացիներին: Հիմա ոչինչ
չի մնացել:
Անկատար մնաց պատանեկան տարիների երկու երազանքն էլ`
Անարայի սիրտն ու Հռոմը նվաճելը: Չես էլ կարող ասել, թե դա ինչպես
եղավ: Անարայի սիրտը նվաճեց, բայց չտիրացավ նրան, սասանեց
հռոմեական անպարտելիությունը, համարյա նվաճեց տերությունը, բայց

52

Հռոմ չմտավ ու չտիրացավ այն քաղաքին, որ հաղթողի իրավունքով իրեն
էր պատկանում:
Մարդու կյանքը նման է երազներով լեցուն կառքի: Երբեմն սարն ի վեր
ելնելիս ստիպված ես լինում թեթևացնել բեռը, որ կառքը շարժվել
կարողանա:
Հաճախ այնքան ես թափում, որ տակին բան չի մնում: Թող ոչ ոք
չպարծենա, թե իր կառքը տեղ է հասցրել ամբողջ բեռը:
Այստեղ` Կարթագենում Հաննիբալը գլխի ընկավ, որ երազանքի իր
կառքում համարյա բան չի մնացել: Եղած-չեղածը տասնյոթ տարվա
հեռավորությունից երևացող խաբկանք-շղարշի մեջ փաթաթված
Անարան է:
Տեսնես ինչ է եղել նա: Հաննիբալը մտածեց և ոտքերը շարժեց
պատանեկության հետքերով: Նրա երազանքի կառքը սահում էր Մեծ
ծովի գեղադեմ եզերքով: Ահա ծանոթ ավազները: Սրանց վրա մի
ժամանակ Անարան գրում էր. ՙԱնարան սիրում է Հաննիբալին,
Հաննիբալն էլ սիրում է Անարային՚: Երևի հիմա ավազների վրա ոչ ոք
այդպիսի բան չի գրում: Շուրջն ամայություն էր: Իսկ ինչո՞ւ է այստեղ եկել
Հաննիբալը: Ո՞վ է ժամադրության գնում տասնյոթ տարվա ուշացումով:
Եվ ինչո՞ւ ես կարծում, թե Անարան պարտավոր էր տասնյոթ տարի
սպասել քեզ: Իսկ դու արժես այդպիսի սպասումի: Ճիշտ է, քո երազանքի
կառքն, իրոք, թեթևացել է, ավելի շուտ նրա մեջ մնացել է միայն Անարան:
Հաննիբալ, ավելի լավ է` վերցնես քո կառքը ու նետվես ծովը: Դե, ի՞նչ,
զորապետ, մի՞թե չես տեսնում, որ ուրիշ անելիք չունես: Ինչո՞ւ ես
թաքնվում կեղծծամների ու դիմակների տակ: Ո՞ւմ համար ես
պաշտպանում կյանքդ: Դու աստծու պես հզոր ես, մարդու պես թույլ;
Աստվածները չեն սիրում հզոր մարդուն: Նրանք հովանավորում են
միայն թույլերին: Քեզ բնավ էլ չհովանավորեցին, որովհետև դու ոտք
չափեցիր աստվածների հետ: Գոռոզանում ես, թե հռոմեական
չորսհարյուր քաղաք ես նվաճել: Բայց քանի՞սը պահեցիր քո ձեռքում: Ոչ
մեկը:
Հիմա եկել և փնտրում ես Անարային:
Ինչո՞ւ ես փնտրում: Չէ որ քո հանդիպումը կարող է միայն վշտացնել
նրան: Վշտից բացի դու ուրիշ ի՞նչ կարող ես տալ նրան: Բայց միթե դու
որևէ բան ունես: Դու, Հաննիբալ, մարդու մեջ նիզակ էիր տեսնում,
նիզակի մեջ` մարդ: Նիզակից դուրս քեզ համար աշխարհ չկա: Իսկ

53

Անարան շատ հեռու է նիզակից: Գուցե նա հիմա ամուսին ունի,
զավակներ: Մի որոնիր նրան, մի մտիր նրա կյանքի մեջ:
Փորձում էր հաղթահարել իրեն` չէր կարողանում: Հանկարծ մի սիրտ
ծակող կարոտ զգաց Անարայի հանդեպ: Շտապեց պալատ և իր մոտ
կանչեց դպրին:
- Տասնյոթ տարի առաջ Կարթագենում Անարա անունով մի աղջիկ էր
ապրում, տեղեկացիր, թե ինչ է եղել նա և այդ մասին զեկուցիր ինձ հենց
այսօր, - հրամայեց սուֆետը:
Այդ օրը դպիրը չգտավ Անարային: Չգտավ նաև հաջորդ օրերին:
Կարթագենում դժվար բան չէ գեղեցիկ կանանց գտնելը: Սակայն դպրի
չարչարանքն իզուր անցավ:
Ասենք` դպիրը չէր էլ կարող գտնել Անարային: Աղջիկը քաղաքից դուրս
էր եկել դպրի որոնումներից վեց-յոթ ամիս առաջ: Դե, Անարան էլ ինչ
աղջիկ, նա արդեն մոտենում էր քառասունին: Երկար սպասեց
Հաննիբալին: Մերժեց բոլոր այրերի` ամուսնական առաջարկները և աչքը
տնկեց Մեծ ծովին` հուսալով, որ մի օր նրա ալիքների վրա կերևա իր
երջանկության առագաստը:
Անարան շարունակում էր սպասել Հաննիբալին:
Երբ աղջկան հայտնեցին, որ Հաննիբալը ամուսնացել է Ռանա անունով
մի իբերուհու հետ` Անարան սեղմեց շրթունքները և պատասխանեց.
- Հաննիբալն ինձնից բացի աշխարհում ոչ ոքի սիրել չի կարող:
Երբ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը հասավ Կարթագեն` ամենից շատ
երկյուղեց Անարան: Մեկը կարողացել էր Անարային հասցնել այն
զրույցը, որ տեղի է ունեցել Սկիպիոնի ու նրա զորապետներից մեկի հետ:
Զրույցն սկսել է Սկիպիոնը.
-Հաննիբալն ի՞նչ հարազատներ ունի Կարթագենում:
-Միայն հեռավոր ազգականներ:
-Նրանք ինձ պետք չեն:
- Բարկաների տոհմը շատ ներկայացուցիչներ ունի քաղաքում:
-Ինձ հետաքրքրում է միայն Հաննիբալը:
- Կարթագեն քաղաքում նրա մերձավորներից ոչ ոք չի մնացել: Եթե,
իհարկե. չհաշվենք…
-Ո՞ւմ չհաշվենք:
-Այն աղջկան, որին սիրել է Հաննիբալը:

54

- Իսկ դու ասում ես, թե ոչ մի մերձավոր չի մնացել: Ինձ պետք է հենց այդ
աղջիկը:
- Նա քառասուն տարեկան կին է:
- Տարիքը կարևոր չէ: Ես կգերեմ նրան, կտանեմ Հռոմ և կասեմ բոլոր
հռոմեացիներին, որ Հաննիբալը խաբել է այդ աղջկան ու սպասել տվել
տասնինը տարի:
Այնուամենայնիվ հռոմեացիներին չհաջողվեց գտնել Անարային:
Հռոմեացի լրտեսները փնտրեցին Կարթագենի բոլոր փողոցներում և
ձեռնունայն վերադարձան Սկիպիոնի մոտ:
Կարթագեն քաղաքից ոչ հեռու մի գետ էր հոսում Բագրատ անունով: Այդ
գետի ափին ծանոթ ձկնորսի տանը Անարան պատսպարվեց և ոչ ոք
չկարողացավ գտնել նրան:
Սուֆետ դառնալուց հետո մի անգամ Հաննիբալը Մեծ ծովի եզերքին
շրջելու ժամանակ ավազների վրա գրեց. ՙԱնարան սիրում է Հաննիբալին,
Հաննիբալն էլ սիրում է Անարային՚: Ալիքները չհասան Հաննիբալի
մատնահետքերին և նրա գրածը մնաց մի քանի օր: Անարան տեսավ
Հաննիբալի գրածը և նույնը գրեց ինքը: Անարայի գրածն էլ կարդաց
Հաննիբալը: Եվ ծովափին էլ նրանք հանդիպեցին իրար: Աղջիկը
նկատելով Հաննիբալին, ճչաց ու վազեց դեպի նա: Սակայն հավաքեց
իրեն ու կանգ առավ մի քանի քայլի վրա: Կանգ առավ նաև Հաննիբալը:
Երկու թխադեմները նայում էին իրար, հայացքներով ցրելով տարիների
թանձր մշուշը, որ եկել ու նստել էր երկուսի արանքում և խանգարում էր:
Առաջինը խոսեց Հաննիբալը.
- Ինձ ոչ աստվածները ներեցին, ոչ էլ` մարդիկ:
- Ես քեզ շփոթեցի հորդ հետ, կարծեցի, թե դու դու չես, - ասաց աղջիկը:
Հետո մի քիչ դադար տվեց ու շարունակեց, - ձայնդ մնացել է նույնը:
- Ես շատ ուշացա, դեռ լավ է, որ գոնե ձայնիցս ճանաչեցիր ինձ:
- Դու հաղթեցի՞ր Հռոմին:
- Ես յոթ անգամ հարվածեցի Հռոմի մռութին, յոթ անգամ էլ նա ուշագնաց
եղավ, սակայն աստվածները ամեն անգամ բռնում էին ձեռքս և չէին
թողնում, որ նիզակս խրեմ նրա սիրտը: Տասնյոթ տարում Հռոմը յոթ մահ
է տեսել:
- Մեռնող ու հարություն առնողն այլևս չի վախենա մահից, դու քո
պարգևած մահերով հավաստեցիր, որ Հռոմը կապրի հավերժորեն:

55

- Համարյա բան չէր մնացել, եթե բախտը ժպտար ես քարուքանդ կանեի
Հռոմը:
- Քեզ բախտը չժպտաց: Այդ մասին գիտեն հռոմեացիները: Դրա համար էլ
Սկիպիոնը հասել է այստեղ` Կարթագեն, հասել է, որպեսզի գերի ինձ ու
դրանով վրեժ լուծի քեզնից:
-Գերի քե՞զ:
- Այո:
- Ո՞վ ասաց քեզ այդ մասին:
- Հորս հնօրյա մտերիմներից մեկը:
- Դրա համար էլ գոցել եք ձեր տան դռները:
- Այո:
- Որտե՞ղ ես ապրում
- Մի ձկնորսի մոտ:
- Անարա, արի հեռանանք այստեղից, գնանք աշխարհի մի հեռավոր
անկյուն, ուր ոչ կարթագենցու կհանդիպենք, ոչ հռոմեացու: Ես հազիվ
հասա քեզ մոտ:
- Դու մոռանում ես, որ հիմա սուֆետ ես:
- Իմ սուֆետությունը պետք չէ Կարթագենին:
Հիմա Հռոմը մի քանի բեռ ոսկի կտար, եթե կարողանար ինձ գցել իր
ձեռքը:
-Ես կթաքցնեմ քեզ:
-Որտե՞ղ:
-Ինձ մոտ, Բագրատ գետի ափին:
- Չէ, Անարա, Բարկաները Կարթագենում թաքնվել չեն կարող:
Սովորաբար մարդ սեփական տանը ազատ է զգում և անզգույշ քայլեր
կատարում: Ես Հաննիբալ եմ ռազմի դաշտում: Վարպետորեն թաքնվելն
արդեն իմ բանը չէ:
Այս զրույցից երկու ամիս անց, մի լուսադեմի Կարթագենի ափից մի մեծ
առագաստանավ ուղևորվեց դեպի հին Փյունիկիայի ափերը: Նավի վրա
էին Հաննիբալն ու Անարան: Նրանց ոչ ոք չուղեկցեց: Կարթագենում ոչ ոք
էլ չիմացավ, որ սուֆետը հեռանում է հայրենիքից, հեռանում է անորոշ
ուղղությամբ, հեռանում է այլևս չվերադառնալու համար: Ոչ այդ
ժամանակ, ոչ էլ հետո կարթագենցիները չիմացան, թե Հաննիբալն ինչու
հեռացավ հայրենիքից: Ինքը` Հաննիբալն էլ չիմացավ, որ լքելով

56

Կարթագենը` նա իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը
մատնում է Հռոմի բացված երախին:
Նավաստիները Հաննիբալին հավատարիմ նումիդիացիներ էին: Անարան
զարմացավ` Հաննիբալին տեսնելով սուֆետի շքեղ քղամիդի մեջ.
-Դու դեռ սուֆետ ես:
Մինչև Փյունիկիայի ափ հասնելը սուֆետի այս քղամիդը հովանի կլինի
քեզ:
- Հետո ի՞նչ պիտի անես:
- Հետո ծովը կնետեմ քղամիդը և իմ անցյալը: Ինձնից ես կպահեմ այն, ինչ
պատկանում է քեզ և ինչը կարող է թեկուզ և մի քիչ երջանկություն տալ
քեզ:
- Մելկարտը կպատժի մեզ, մենք լքում ենք Կարթագենը, ինձ թվում է, թե
մեր սերը մնաց ծանոթ ծովեզերքում:
- Փյունիկիան էլ մեզ համար հարազատ է, մենք գնում ենք մեր նախնյաց
հայրենիքը: Ճիշտ է, գնում ենք վեց հարյուր տարի հետո: Բայց դա
կարևոր չէ:
Սակայն Հաննիբալը Փյունիկիայում չմնաց: Փյունիկեցիներն այլևս նման
չէին կարթագենցիներին: Ճիշտ է, խոսում էին նույն լեզվով, պաշտում
նույն աստվածներին, բայց հոգով ու ձգտումներով իրարից հեռու էին վեց
հարյուր տարով:
Մի քանի ամիս Փյունիկիայի Տիր քաղաքում մնալուց հետո Հաննիբալն
ուղևորվեց Անտիոք` Սելևկյանների մայրաքաղաքը: Անտիոքոսը
հյուրընկալեց Հաննիբալին` բանի տեղ չդնելով, որ դրանով կարող է
արժանանալ Հռոմի թշնամանքին: Մի տարի անց խաղաղ դաշնի համար
Հռոմը դեսպանություն է ուղարկում Անտիոքոսի մոտ: Դեսպանությունը
գլխավորում էր Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը: Անտիոքոսը
արքայական սյունազարդ պալատում խնջույք է սարքում ի պատիվ
Սկիպիոնի: Նա հրավիրում է տերության երևելի մարդկանց: Այստեղ էր
նաև Մեծ Հայքի ստրատեգոս Արտաշեսը: Անտիոքոսի իմացությամբ
խնջույքին մասնակցում էր հանդերձափոխված Հաննիբալը:
Հաննիբալին առաջինը ճանաչեց Արտաշեսը: Նրանց քթերը նման էին
իրար: Զարմանալի է, որ կարթագենցի Բարկաները ունեն այնպիսի քիթ,
ինչպիսին Հայոց Երվանդունիները:
Հաննիբալը ամենևին չէր մտածում, որ Անտիոքոսից բացի որևէ մեկը
կարողանա ճանաչել իրեն: Ճիշտ է, նա լավ էր քողարկել իր արտաքինը,

57

բայց ձեռք չէր տվել քթին: Եվ, այնուամենայնիվ, ոչ այդ օրը, ոչ էլ
հետագայում Արտաշեսը ոչ ոքի չասաց, որ արքայական խնջույքին
մասնակցող մարգարիտների վաճառականը ծպտյալ Հաննիբալն էր:
Ահա նստել են դեմ-դիմաց, մի կողմում հռոմեացիները` մեջտեղում
Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը, մյուս կողմում` Անտիոքոսի
մերձավորները, մեջտեղում Անտիոքոսն ու ծպտյալ Հաննիբալը:
Զարմանալի խաղ էր սարքել Սելևկյան տերության տիրակալը: Դեմ-
դիմաց նստացրել էր երկու անհաշտ թշնամու` Սկիպիոնին ու
Հաննիբալին: Դա նման էր ագոնի` մրցանքի, որտեղ ագոնարարներից
միայն մեկը գիտեր, թե ով է դիմացինը:
Խնջույքի ժամանակ Հաննիբալը ներկայացավ որպես հետաքրքրասեր
վաճառական:
Անտիոքոս տիրակալի բարեհաճ հայացքների տակ նա զրույցի բռնվեց
Սկիպիոնի հետ:Հռոմեացին Հաննիբալին ասաց.
- Ես Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնն եմ, հռոմեացի միակ զորապետը,
որը չվախեցավ պարտությունից և ի վերջո, հաղթեց Հաննիբալին:
- Ասում են` նա հռոմեական չորսհարյուր քաղաք է նվաճել և մինչև հիմա
էլ բոլոր հռոմեացիները սարսափում են, երբ նրանց մոտ տալիս են
Հաննիբալի անունը:
- Դուք չափազանցում եք, իրողությունն այն է, որ Հաննիբալը մեծ
զորավար է:
Դու կարող ես չհամաձայնել ինձ հետ, հարգելի վաճառական: Կամ գուցե
ասես` քո կարծիքով ովքեր են աշխարհի ամենանշանավոր
զորավարները:
- Մինչև այժմ, - պատասխանեց Հաննիբալը, - աշխարհը երեք հանճարեղ
զորավար է տվել: Առաջինը Ալեքսանդր Մակեդոնացին է, երկրորդը`
Պյուրոսը, երրորդը` Հաննիբալը:
- Իսկ ի՞նչ կասեիր, եթե Հաննիբալը հաղթեր ինձ, - հարցրեց Սկիպիոնը:
- Այդ դեպքում, - ասաց Հաննիբալը, ես կասեի, որ Հաննիբալն ավելի մեծ
զորավար է, քան Ալեքսանդր Մակեդոնացին, Պյուրոսը, քան մինչև հիմա
աշխարհ եկած բոլոր զորավարները:
- Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Հաննիբալը իրեն բախտավոր մարդ է
համարում:

58

- Դու իրավացի ես, զորապետ, - դառնությամբ պատասխանեց
Հաննիբալը, - այս աշխարհում ամեն ինչի տերը քմահաճ աստվածներն
են:
Նրանք կողոպտել ու սեփականացրել են Հաննիբալի բախտը:
Անտիոքոսի փռշտոցը վերջ տվեց նշանավորների նշանավոր
զրույցին;Սկիպիոնը շատ տարիներ հետո իմացավ, որ վաճառականի
հանդերձով իր հետ խոսողը եղել է Հաննիբալը:
Իսկ Սելևկյանների տիրակալ Անտիոքոսին թվում էր, թե ոչ թե
Հաննիբալն է մեծ զորավար, այլ` հռոմեացիներն են թույլ հակառակորդ:
Այս խնջույքից հետո Անտիոքոսը դարձավ բարկացկոտ ու քմահաճ:
Գիշերները նա չէր կարողանում քնել: Փորձեց քուն առնել ցերեկները`
չստացվեց: Նրան թվում էր, թե ինքը վեճի է բռնվել բախտի աստծու հետ:
Հարցեր էր տալիս ինքն իրեն և պատասխանում և իր և բախտի աստծու
փոխարեն;
-Սա չէ՞ Հաննիբալը, - հարցնում է Անտիոքոսը:
-Հետո՞ ինչ, նրա ինչը դուր չեկավ քեզ:
-Ես անսովոր բան չտեսա:
- Խնջույքի ժամանակ ի՞նչ անսովոր բան պիտի տեսնեիր, այ եթե
ռազմադաշտում լիներ` դու ուրիշ Հաննիբալ կտեսնեիր քո առջև:
- Ես նայում եմ այդ մարդուն ու մտածում, որ ինքս էլ կարող եմ անել այն,
ինչ հաջողվել է նրան:
-Դա միայն թվում է քեզ:
-Ես կապացուցեմ գործով:
-Փորձիր:
- Եվ կփորձեմ: Ես Ալեքսանդր Մակեդոնացու ծոռն եմ, իմ երակներում
զգում եմ զորապետական մեծություն: Ես ավելի մեծ զորավար կդառնամ,
քան Ալեքսանդր Մակեդոնացին, քան Պյուրոսը, քան Հաննիբալը և այլք:
- Բախտը կարծես ընդառաջեց Անտիոքոսին:
Հռոմեական լեգեոնները շարժվեցին դեպի արևելք: Մագնեսիայի մոտ
Սելևկյան և հռոմեական բանակները բախվեցին իրար: Մեծ
ճակատամարտում Անտիոքոսը պարտվեց: Սակայն դա միայն
Սելևկյանների պարտությունը չէր: Մագնեսիայի ճակատամարտով
հռոմեական վագրը իր թաթը Մեծ ծովի վրայով անցկացրեց ասիական
ափը: Անտիոքոսը, որ հոգում էր իր փառքի մասին, այն ժամանակ
չգիտեր, որ այդ թաթի տակ կճզմվեն ասիական շատ ժողովուրդներ:

59

Սելևկյան հնամյա տիրակալությունը երերաց,և Անտիոքոսը ոչինչ անել
չէր կարող: Յուրաքանչյուրի համար բախտորոշ ճակատամարտը միայն
մի անգամ է լինում: Անտիոքոսի համար դա Մագնեսիան էր: Եթե
կրկնվեր` Անտիոքոսը կշտկեր իր սխալը:
Հիմարություն արեց, պետք է օգտվեր Հաննիբալի զորավարական
հմտությունից ու փորձից: Չէ՞ որ աշխարհում ոչ ոք այնքան լավ չգիտի
հռոմեացիների զորական ուժը, որքան Հաննիբալը:
Սակայն ամեն ինչ վերջացած էր:
Աստվածներն ամենից շատ պատժում են նրան, ով երազում է միայնակ
վայելել փառքի դափնիները: Անտիոքոսն ընկել էր այդ օրը:
Մագնեսիային հաջորդեց Ապամեայում կնքված պայմանագիրը:
Այն վավերացնում էր Սելևկյանների պարտությունը: Պայմանագրում,
ասես ի միջի այլոց, բայց և այնպես գրված էր. «Հանձնել կարթագենցի
Հաննիբալին»:
Այսինքն Անտիոքոսը պարտավոր էր իր հարկի տակ հյուընկալվող
Հաննիբալին հանձնել Հռոմի ձեռքը: Այ թե կբզկտեր Հռոմը: Անտիոքոսը
մտերիմներին հայտնեց, թե մտադիր չէ Հաննիբալին հանձնել: Սակայն
նա խաբում էր` մտածելով, որ Հաննիբալը կարող էր զգուշանալ և
փախչեր Անտիոքից: Անտիոքոսը դեռ Ապամեայից չէր հասել Անտիոք,
երբ լսեց, որ Հաննիբալը, առանց հրաժեշտ տալու Սելևկյան տիրակալին,
մեկնել է Անտիոքից:
- Ո՞ւր կլինի գնացած նա, - հարցրեց Անտիոքոսը և լրտեսներ ուղարկեց
դեպի Մեծ ծովի ափամերձ քաղաքները: Անտիոքոսին թվում էր, թե
Հաննիբալը կարող է թաքնվել Փյունիկիայում կամ Բութանիայում:
Հենց այդ ժամանակ Հաննիբալը շարժվում էր հակառակ ուղղությամբ:
Երբ Հաննիբալին հետապնդող Անտիոքոսի լրտեսները հասան
ծովափնյա Տիր քաղաքին, կարթագենացին ոտք դրեց Հայոց հողին:

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ

Տափերական դաշտի հյուսիսային մասում, մի փոքրիկ բլրի վրա,
բարձրանում է ՙՀարյուր տարի՚ իջևանատան ամրոցանման աշտարակը:
Ամառնավերջի մի օր իջևանատան շրջակայքում երկինքը հանկարծակի

60

մթնեց, ցերեկը խառնեց գիշերվան: Հնամյա կարավանային ուղուց
ճամփորդներն աճապարեցին իջևանատուն: Հավաքվեց խայտաբղետ մի
բազմություն:
Նրանցից միայն երկու-երեք մարդ ցանկություն ունեին մտնելու
իջևանատուն, մյուսներն այստեղ եկան ակամա, երկնքի խոժոռությունից
երկյուղած: Անձրևի հատուկենտ կաթիլները սկսեցին գետնին թափվել
պայթող պղպջակների նման: Ամենից ուշը բակից իջևանատան սրահ
մտավ կարճահասակ Տուրը:
- Ի՞նչ էիր անում բակում այսքան ժամանակ, - հարցրեց իջևանատերը`
հասկացնելով, որ սպասում էր Տուրին:
- Կառքս էի տեղավորում, քո իջևանի բակը լեռան լանջ է, գլուխկոնձի
տալու տեղ է, բարեկամս:
- Բակի մասին, հետո, Տուր, ես քեզ էի սպասում, իմ հյուրերի մեջ մի
օտարական կա, արի խոսիր հետը:
Իջևանատերը Տուրին ուղեկցեց մի սենյակ, որի լայն պատուհանը
բացվում էր դեպի ներքևի հովիտը: Սենյակի մի անկյունում դրված
թախտին տեղավորվել էին թանկարժեք հանդերձներով մի տղամարդ և
մի կին: Վերջինիս աչքերն, ասես, փքվել էին:
Հատու շարժուձևերով օտարական տղամարդը հարգալից ողջունեց
Տուրին և հունարեն ասաց.
- Ես վաճառական եմ, գնում եմ Երվանդաշատ` Արտաշես արքայի մոտ:
Ճանապարհին իմացա, որ նա հիմա Երվանդաշատում չէ, ես ցանկանում
էի իջևանատիրոջը հասկացնել, որ նա ուղեկից գտնի ինձ համար, ես լավ
կվճարեմ` միայն թե շուտ հասնեմ Արտաշես արքային: - Ոչ մի ուղեկից էլ
պետք չէ, - լսելով օտարականին պատասխանեց Տուրը, - հազիվ թե որևէ
մեկը ձեզ ավելի լավ ուղեկցի, քան ես:
Իմ անունը Տուր է, ես Արտաշես արքայի խոհարարապետն եմ, իսկ
հունարենը Անտիոքում եմ սովորել:
-Դու միշտ Արտաշեսի հե՞տ ես եղել:
-Այո:
- Բայց ի՞նչ ես անում այստեղ, ես կարծում էի, թե արքայական
խոհարարներն արքունիքից դուրս չեն գալիս, բայց կարծես գլխի եմ
ընկնում, քեզնից ծաղկի հոտ է գալիս, դու դուրս ես եկել համեմունքներ
որոնելու:

61

- Ճիշտ կռահեցիր, տարվա մեջ մի քանի անգամ դուրս եմ գալիս բույսեր
որոնելու: Համեղ ճաշ պատրաստելն ավելի դժվար է, քան տերություն
ղեկավարելը:
-Մի՞թե:
- Երկուսիդ հայացքներից դատելով, դուք մարդ ու կին եք և շատ եք
սիրում իրար, բայց, այ, դու չես կարող ասել, թե ինչու է ուռել կնոջդ
աչքերը, և ինչ կարելի է անել, որ ուռուցքը անցնի:
- Եկ ծանոթանանք, - զրույցին խառնվեց կինը, - իմ անունը Անարա է,
իսկապես իմ աչքերն ուռել և ցավում են…
- Դա նրանից է, տիկին, որ դու հորթի ապխտած մսից բացի ոչինչ չես
կերել վերջին տասը-տասներկու օրում:
- Ճիշտ է, Մելկարտը վկա, ճիշտ է, - զարմացած ասաց Ամարան:
Հիմա քեզ թարմ կաթնապուր կտան, - ասաց Տուրը և դիմելով
իջևանատիրոջը,
շարունակեց հայերեն, - դու, իհարկե, կաթնապուր ունես, վերցրու այս
ծաղկեփունջը, լցրու քո կաթնապուրի մեջ ու հրամցրու այս հարգարժան
մարդկանց:
Իջևանատերը դուրս եկավ սենյակից: Օտարականը դարձավ Տուրին:
-Դու այդ ի՞նչ բույս տվեցիր նրան:
- Անծխոտ: Ծովագույն տերևներով հայկական ծաղիկ է: Հեռվից նայելիս`
թվում է, ոչ թե բույս է, այլ գետնից բարձրացող ծուխ: Քո տիկինը
անծխոտով կաթնապուր կուտի, և վաղը նրա աչքերի ուռուցքը
անհետացած կլինի ծխի նման:
-Հայքում շա՞տ կան առողջարար ծաղիկներ:
- Մի քանի հազարից ավելի, իսկ ես որոնում եմ չորս հարյուրը: Այո,
Հայքում կան չորսհարյուր տեսակ ծաղիկներ ու բույսեր, որոնք հաճելի
համ են տալիս այս կամ այն կերակրին:
- Ուրեմն դու Արտաշես արքայի համար չորսհարյուր տեսակ կերակո՞ւր
ես եփում:
- Սկսել եմ բայց դեռ չեմ եփել: Մեզ մոտ` Հայքում ասում են, որ չորս բան
կա մարդուն օգտակար, քիչ ուտել ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը,
ես կավելացնեի հինգերորդը` առանց համեմունքի ճաշ չուտելը:
- Տուր, կարո՞ղ ես ասել, թե ինչու է այս իջևանատունը կոչվում Հՙ արյուր
տարի՚:

62

- Իջևանատերը հավաստում է, որ այստեղի կերակուրներ ուտողը կապրի
հարյուր տարի:
- Ներս մտավ իջևանատերը և Տուրի ու օտարականի զրույցը
ընդհատվեց:Անարան կաթնապուրի ափսեի մեջ նետեց շրջազգեստի
քղանցքում թաքցրած դեղթափ քարը և սկսեց ուտել: Կարթագենից
հեռանալուց հետո Հաննիբալն ու Անարան ոչ մի տեղ կերակուր չեն
ուտում` առանց նախապես ստուգելու:
- Գուցե լավ նշան է, որ մենք հանդիպեցինք այս Տուրին, - խոհարարի
դուրս գալուց հետո ասաց Անարան:
-Տուրին ես ճանաչում եմ, - ասաց Հաննիբալը:
-Դու ճանաչո՞ւմ ես Տուրին, - զարմացավ Անարան:
- Այո: Տուրը Արտաշեսի հետ ապրել է Անտիոքում: Դու կուզենայի՞ր, որ
ես ու դու այսպիսի մի խոհարար ունենայինք:
- Ոչ:
- Ինչո՞ւ:
- Եթե աշխարհի որևէ անկյունում մի տուն ունենայինք` ես ինքս
կերակուրներ կպատրաստեի մեզ համար: Ճիշտ է` ես Տուրի պես
չորսհարյուր տեսակ համեմունք չէի գտնի, բայց այնպիսի ձկնապուր
կեփեի, որն ավելի համեղ կլիներ, քան Տուրի չորսհարյուր տեսակ ճաշերը
միասին վերցրած:
- Եթե իհարկե քեզ մատուցեին մեր հայրենի Բագրատ գետի չալպտուրիկ
ձկները, - ասաց Հաննիբալը, մի պահ դադար տվեց ու հանկարծ հարցրեց,
- դու հոգնել ես, այդպես չէ՞:
Անարան չարձագանքեց:
- Ես հաճախ զարմանում եմ, - շարունակեց Հաննիբալը, - թե ո՞վ է քեզ
օժտել այդքան համբերությամբ:
Այս քանի՞ տարի եղավ դու ոտքի վրա ես ինձ հետ, իմ պատճառով
տառապում ես նաև դու: Ես տառապում եմ իմ մեղքերի համար, իսկ դո՞ւ
ինչո՞ւ պիտի տառապես:
-Լռիր… Լռիր…
Անարան միշտ այդպես էր ասում Հաննիբալին այն ժամանակ, երբ
ցանկանում էր թեթևակի կշտամբել նրան և ասել. ՙես սիրում եմ քեզ՚:
Անարայի ՙլռիր-՚ ը ավելի էր ուժ տալիս Հաննիբալին, քան եթե նրան
հանձնեին հարյուր հազարանոց նումիդական հավատարիմ մի այրուձի:

63

Բոլոր այրուձիերի արշավանքը ավարտվում է մի տեղ, իսկ Անարայի
լՙ ռիր՚-ը ոչ սկիզբ ունի, ոչ` եզր:
Հաջորդ օրը Հաննիբալն ու Անարան նստեցին արքայական
խոհարարապետի կառքը և, հրաժեշտ տալով ՙՀարյուր տարի՚
իջևանատանը, մտան Տափերական դաշտը:
Մի ժամ հետո Հաննիբալը հրապուրվեց Մասիսների գերող տեսարանով
և չէր լսում, թե ծաղիկների մասին ինչ էր պատմում Տուրը:
Կեսօրին Տափերական դաշտի կանաչներում երևացին արքայական
դրոշները: Արտաշեսն իր դրանիկ գնդերով վրան էր զարկել արձակ
դաշտում: Տափերական դաշտի ու Մասիսների տեսարանով
հրապուրված Հաննիբալը դարձավ Տուրին.
- Սա Արտաշեսի հովանո՞ցն է:
- Արքայի հովանոցը համայն Հայքն է:
- Շատ է գեղեցիկ: Ի՞նչ է այս մեծ ու փոքր լեռների անունը:
- Մեծ Մասիս և Փոքր Մասիս:
- Իսկ դաշտի՞նը:
-Տափերական կամ Այրարատյան:
Կառքը կանգ առավ: Զորականները փակել էին մեկի ճանապարհը, որն
ուզում էր մոտենալ Արտաշես արքայի վրանին:
- Ի՞նչ է պատահել, - պահակող զորականների գլխավորին դիմելով
հարցրեց խոհարարը:
- Տուր, առավոտից այս մարդը քեզ է որոնում, չի հավատում, որ դու
արքայական վրանում չես:
- Տուրը նայեց կառքի մոտ կանգնած մարդուն: Կարմրավուն մաշված
տոգա հագած մի շինական էր, որ բռնել էր տասը-տասներկու տարեկան
տղայի ձեռքը և աղաչական հայացքով օգնություն էր խնդրում:
- Ես Կոտայք գավառից եմ, իմ անունը Սանոտ է, իսկ սա իմ որդին է, իմ
միակ տղան: Մի ամիս առաջ գյուղի կողքին խաղալու ժամանակ նա մի
արջ տեսավ ու լեղապատառ վազեց տուն: Վախից նրա լեզուն կապ է
ընկել: Ինչ անում ենք-չենք անում` չի բացվում: Կարծես թե ամբողջ
կյանքում համր է եղել: Ասացին` տղայիս կարող է օգնել միայն Արտաշես
արքայի խոհարար Տուրը: Դրա համար էլ եկել եմ: Մի տեսակ բանջար կա,
որ կովի պտուկ է կոչվում, ասում են դրանով բացվում է մունջ մարդու
լեզուն: Բայց մեր գյուղում ոչ ոք չի ճանաչում, թե որն է կովի պտուկը: Ես
եղա նաև հարևան գյուղերում: Ինձ չկարողացան օգնել: Մեկն էլ ասաց, թե

64

ամեն տեղ չի կարելի կովի պտուկ որոնել: Պետք է գնալ Արտաշես
արքայի խոհարար Տուրի մոտ, նա և խոհարար է, և բժիշկ:
Նա կասի, թե որն է կովի պտուկը, գուցե հենց ինքը տա:
Տուրը լսեց շինականին և ասաց զորականների գլխավորին.
- Թողեք այս մարդը գա կառքի ետևից:
- Դու բարի սիրտ ունես, - ասաց Հաննիբալը կառք նստող Տուրին, իսկ
ի՞նչ է ուզում այդ խեղճ գյուղացին:
- Վախից նրա տղայի լեզուն կապ է ընկել: Հայքում մի տեսակ բույս կա,
որն ուտելով բացվում է մարդու փակ լեզուն: Նա եկել է խնդրելու այդ
բույսը:
- Իսկ ձեզ մոտ այնպիսի բույս չկա՞, որ ուտողի լեզուն փակվի:
- Չէ, չկա:
- Ափսոս, - դառնությամբ ասաց Հաննիբալը, և Տուրը չհասկացավ, թե ինչն
է ափսոսում օտարականը:
Տուրի կառքը կանգ առավ արքայական վրանից քիչ հեռու:
Դրանիկ գնդի զորականներից մեկը եկավ Տուրի մոտ և ասաց.
- Արքան կանչում է քեզ:
Արտաշեսը ամեն տեղ հպարտանում էր, որ Տուրը աշխարհի
ամենահմուտ խոհարարն է:
Տուրը հասավ արքայական վրանին: Գեղեցիկ բազմոցների վրա
Արտաշեսը նստեցրել էր իր հյուրերին և խնջույք էր տալիս:
Ողջույն, Տուր, դու ճանաչո՞ւմ ես մեր հյուրին, - հարցրեց արքան:
- Այո, - արձագանքեց խոհարարը:
- Իսկ գիտե՞ս ով է նա:
- Հույն վաճառական է:
- Ոչ, Տուր, նա Հաննիբալն է, նշանավոր զորավար Հաննիբալը:
- Կարթագենցի՞ն:
- Այո, Տուր, կարթագենցին: Սակայն ճիշտ չէ իմ մեծապատիվ հյուրին
այդպես անվանել: Ոչ թե Հաննիբալն է կարթագենցի, այլ` Կարթագենն է
Հաննիբալի հայրենիքը:
Տերություններ կան, որոնք աշխարհին հայտնի են դառնում իրենց
զավակներով: Այդպիսի տերություն է Կարթագենը:
Առանց Հաննիբալի մարդիկ կմոռանան Կարթագեն անունը:
- Ես նրան մի կողով խաղող եմ պարտք, - ասաց Տուրը:

65

- Պարզ է, նա իմաստուն խոսք է ասել: Իսկ դու գիտե՞ս, որ նա միայն
նշանավոր զորավար չէ, այլ նաև` ճարտասան:
-Ճարտասա՞ն:
- Այո: Մատյաններ է գրել պերճապաճույճ լեզվով, - արքան մի պահ լռեց,
ապա աթոռ առաջարկեց Տուրին ու շարունակեց, - քո պատրաստած
կերակուրները միշտ էլ համեղ ու հրաշալի են, համեմունքի համար դու
շա՞տ ծաղիկ հավաքեցիր երեկ:
- Այո, արքա, չնայած այս տարի համեմունքի տարի չէ:
- Այ թե բան գտար, Տուր, համեմունքի տարի, ի՞նչ է նշանակում այդ:
- Երբ անձրևն ու արևը չափավոր են լինում` բույսերը լավ են աճում,
նրանցից էլ ստացվում է հրաշալի համեմունք: Իսկ այս տարի
անձրևները…
- Տուր, իմ հյուրը ցանկանում է ծանոթանալ քո խոհարարական
հմտությանը: Պատասխանիր նրա հարցերին:
-Զրույցի մեջ մտավ Հաննիբալը:
- Դու ճանապարհին ինձ պատմեցիր քո չորսհարյուր տեսակ ճաշերի
մասին, բայց չասացիր մի բան, որի մասին մինչև հիմա չգիտե աշխարհի
և ոչ մի խոհարար: Արտաշես արքան ասաց, որ դու յուրաքանչյուր ճաշ
եփելիս հաշվի ես առնում, թե օրվա որ պահն է:
- Այո, զորավար, եղնիկի մսի խորովածը առավել ախորժելի է ցերեկային
ժամին: Ուտելու համար էլ պետք է հով տեղ ընտրել: Գիշերային օդից
խորովածի միսը մի տեսակ սմքում է և համը մի քիչ փոխում, ուտողները
համարյա գլխի չեն ընկնում: Իսկ այ, կորկոտը չի կարելի եփել ցերեկով:
Գիշերվա հովը մի տեսակ համ ու հոտ է տալիս կորկոտին:
- Ինչ բան է կորկոտը, - հարցրեց Հանիբալը:
- Կորկոտը հայոց նշանավոր կերակուրներից է, - սկսեց բացատրել Տուրը:
- Ցորենը թեփահան ենք անում, ծեծում, ապա եփում կաթսայի մեջ:
Եփում ենք երկար, գիշերով: Կարելի է եփել նաև անձրևոտ օրը, դա
համարյա նույնն է, ինչ գիշերով եփածը: Մարդուն ամենից շատ ուժ ու
կորով տվողը կորկոտն է: Կորկոտով պնդացել է հայի ոսկորը,
թանձրացել արյունը, դեմքը դարձել է ցորենագույն:
Անարան, որ մինչ այդ հանգիստ ունկնդրում էր զրույցը, խառնվեց
խոսակցությանը և հարցրեց Տուրին:
-Իսկ Հայքում օրվա ո՞ր ժամին են եփում ձուկը:
- Նայած թե ինչ ձուկ ես եփում:Ձկան գործը մի քիչ դժվար է:

66

- Ինչո՞ւ է դժվար:
- Ձուկ եփելու ժամանակ խոհարարին մտահոգում է ոչ միայն օրվա
պահը, այլև` եփելու վայրը: Ձուկ պետք է եփել այն ծովի կամ գետի ափին,
որտեղից որսացել են: Բոլոր դեպքերում ձուկը պիտի եփել ամպամած
օրը կամ հով գիշերին:
- Երևի դու իրավացի ես, - այս անգամ մեջ մտավ Հաննիբալը, - ոչ ափից
հեռու ձուկը ձկան համ կունենա, ոչ էլ նավը` չպատռված առագաստ:
Տուրը գնաց և իր ձեռքով բերեց այն մատուցարանը, որի վրա աղանդերն
էր: Հաննիբալն ու Անարան մատուցարանից վերցրին մեկական փոքրիկ
բլիթ և փորձեցին համը:
- Մեղրահաց է, - ենթադրեց Անարան:
- Ոչ, - իսկույն արձագանքեց Տուրը:
- Ինչ էլ լինի, Անարա, դու ճիշտ ես, սրանից մեղրի համ է գալիս, - ասաց
Հաննիբալը և սկսեց հաճույքով ուտել անուշահամ բլիթները:
- Այս անգամ հայկական աղանդերով հպարտացավ Արտաշես արքան:
Նա ասաց.
- Այս բլիթները պատրաստված են ոչ թե մեղրով, այլ գազպենով:
- Գազպե՞ն, դա ինչ բան է, - հարցրեց Հաննիբալը:
- Գազպենը մանանա է, որ նստում է ծաղիկների ու տերևների վրա և
քաղցր է, ինչպես մեղրը: Դա Հայքի աստվածատուր բարիքներից է, մեղրի
նմանակը, - ասաց Արտաշեսը:
- Տուր, - խոհարարին դիմեց Հաննիբալը, - գազպենն ինչպե՞ս է
հավաքվում ծաղիկների ու խոտերի վրա:
- Աննկատ, զորավար, մարդը չի տեսնում դա, մեր դպիրներից մեկն
ասում է, թե ծաղիկներից քամվում` նորից թանձրացած նստում է
ծաղիկների կամ տերևների վրա: Երևի դա լինում է իրիկնային հովին:
Դրա համար էլ մեզ մոտ գազպենը հովին են ուտում, ասենք գազպենի
ուտելը ո՞րն է, բերանդ ես դնում թե չէ` հալվում է:
- Իսկապես հալվում է, - հաստատեց Հաննիբալը, սա հրաշք ուտելիք է:
- Իսկ ո՞րն է ավելի շուտ եղել` մե՞ղրը, թե՞ գազպենը, -հարցրեց Անարան:
- Հայքում մեղրը ու գազպենը երկվորյակ են, ոչ ոք չի կարող որոշել նրանց
տարիքը:
Խնջույքից հետո Հաննիբալն ու Անարան առանձնացան մի շքեղ վրանում:
- Այս հայերը փյունիկեցիների ու կարթագենցիների նման են, - ասաց
Հաննիբալը:

67

- Բացի Տուրից, - ավելացրեց Անարան:
- Այո, Տուրն ուրիշ մարդ է, Փյունիկիայում` չգիտեմ, բայց Կարթագենում
Տուրի պես մարդ չկա: Երևի Հռոմում էլ չլինի: Լավ կլիներ, իհարկե, որ
չլիներ:
- Ես համաձայն չեմ քեզ հետ, Հաննիբալ: : Քո կյանքն անցել է
ռազմարշավներում, դու ինչ գիտես, թե ինչ կա Կարթագենում:
Ինձ թվում է, թե ամեն տերություն իր Տուրն ունի, Կարթագենն ու Հռոմն էլ
Տուրի պես մարդիկ ունեն, միայն մենք չգիտենք նրանց տեղը, ավելի
շուտ` մենք չենք ճանաչում նրանց:
- Գիտե՞ս, իմ կանքի ճանապարհին, ես ոչ ոքի չեմ նախանձել, նույնիսկ
Ալեքսանդր Մակեդոնացուն, բայց այստեղ նախանձով եմ նայում Տուրին:
Չէ, ես կատակով եմ ասում, ավելի լավ չէ՞ր Կարթագենում մի Տուր լինեի,
քան` Հաննիբալ Կարթագենից հեռու: Ի վերջո, ի՞նչ են անում
զորավարները, կռվում են, քանդում աշխարհը, մարդկանց ձեռքով
սպանել տալիս մարդկանց և ամեն ինչ վերագրում աստվածներին: Չէ, ես
պետք է Տուրի պես սովորեմ ճաշեր եփելը:
- Դու խենթացել ես, Հաննիբալ: Ո՞ւմ համար պիտի պատրաստես չորս
հարյուր տեսակ կերակուր:
- Քեզ համար:
- Չէ, դու մնացել ես նույն խենթը: Այդքան կերակուրներ պատրաստում են
արքաների ու թագուհիների համար, իսկ ես…
- Դու իմ թագուհին ես, ես քեզ չեմ փոխի ոչ մի թագուհու հետ: Արտաշեսն
ինձ բարեկամաբար ընդունեց: Մենք այստեղ մի փոքրիկ ագարակ կգնենք
և հանգիստ կանցկացնենք մեր մնացած կյանքը: Իսկ մեզ շատ բան չի
մնացել: Այսքան տարի քայլեցի աշխարհում, փառքի հետևից ընկած
հռոմեական հազար-հազար վահաններ ջարդեցի իմ նիզակով:
Աշխարհը դողում էր ինձնից, իսկ ես ինձ դժբախտ էի զգում:
Մինչդեռ կարելի էր երջանիկ լիներ առանց այդքան տառապելու:
Մանկուց իմ երջանկության թռչունը` այսինքն դու, նստած էիր իմ ուսին:
Բավական էր ձեռքս թեքեի` և այդ թռչունն իմ ձեռքում էր: Բայց տասնյակ
տարիներ անցան մինչև հասկացա ձեռքի այդ փոքրիկ շարժումը
կատարելու իմաստը:

ՍԱԹԵՆԻԿ

68

Տափերական դաշտում, Արմավիր քաղաքից դեպի Երասխ տանող
ճանապարհի եզրին բարձրանում է Բիլ ամրոցը: Հնամենի պարիսպների
ներսում մի քանի ընդարձակ սենյակներ էին, գետնափոր եռահարկ
մառաններ, ախոռներ, երկու ջրհոր: Մի ժամանակ Բիլը եղել է Արտաշեսի
հոր` Զարեհի զորակայանը: Հիմա ամրոցում տեղավորվել է Արտաշեսի
արքունիքը: Ավելի շուտ ոչ թե տեղավորվել, այլ խցկվել է մի կերպ:
Արքունիքը նույնն է , ինչ լույսի շուրջը պտտվող թիթեռների
բազմությունը, արքայի շուրջն են հավաքվել զորապետներ,
խորհրդականներ, քրմեր, գուշակներ, հանդերձապետներ, խոհարարներ,
որսապետներ, դպիրներ` մի մեծ գերդաստան, որի անհարազատ
անդամները ջանում են առաջկտրուկով ավելի շատ դուր գալ արքային:
Բոլոր արքունիկներն էլ հեծնում են քծնության նժույգը: Հետիոտն
մնացողը դուրս է շպրտվում կամ դառնում դավադրության զոհ:
Բիլում նեղվածք է: Արքունականներն ապրում են քիթ քթի տված:
Արտաշեսը դեռ մտմտում է, թե տերության որ քաղաքը դարձնի
քաղաքամայր:Շտապելու կարիք չկա: Արքունականները թող դիմանան
Բիլի նեղվածքին: Նեղությունը համբերության փորձաքար է:
Արտաշեսը Բիլ չի բերել միայն իր տիկնունին: Քրմապետ Սիսի նվիրած
տասը կանանց նա պահում էր Արմավիրի հին կիսավեր ապարանքում:
Արքային թվում էր, թե ամենից շատ իրեն խանգարում է այդ տիկնունին:
Նա հասկանում էր, որ եթե ինքը Հայքի տիրակալը չլիներ, այդ տիկնունին
չէր լինի: Սակայն տիկնունին եղծում էր նրա հոգին: Ինչի՞ նման է իր
կյանքը: Արքունիք ու տիկնունի ունի, բայց տուն, ընտանիք չկա:
Հավատարիմ մարդիկ շատ ունի, բայց հարազատ չունի: Հետո՞ ինչ, որ
արքա է, որ կարող է տիկնունի պահել:
Մի անգամ Արտաշեսը կանչեց դպիր Տողին: Դա անսպասելի էր
երիտասարդ դպրի համար: Նա պահում էր արքունի դիվանը` հունարեն
ու արամերեն գրած մատյանները: Այդ մատյանների մեջ հայոց ու
հարևանների պատմությունն էր, կար և անցած-գնացած մեծերի վարքը և
մի հետաքրքրական մատյան, ուր գրի էին առնվում նույն հարցերի
պատասխանները հիսուն տարին մեկ: Տողի պարտքն էր պահպանել
մատյանները և այդ մասին զեկուցել զորապետ Սմբատին: Երկու տարի է,
ինչ նա փոխարինում է հորը ու ոչ մի անգամ չի զրուցել Արտաշեսի հետ:

69

Գուցե ցանկանում է փորձել ինձ, մտածեց Տողը, կամ գուցե կարծում է, թե
ես վարժ չեմ պերճագրության, ընթերցանության ու թարգմանության մեջ:
Տողը հասցրեց մտքերը ժողովել:
Արքայի մոտ չհասած` նրան հայտնեցին, որ ներկայանա իր չորս
մատյաններով: Տողը ընդամենը քառասուներկու մատյան ուներ: Դրանց
մեջ արքայի պահանջած չորս մատյանները գտնելը դժվար չէ:
Քիչ հետո կանթեղափնջի լույսի տակ Տողը մատյանները թևատակին
սպասում էր արքայի հրամանին: Արտաշեսը թուլացած ընկել էր
նախշազարդ բազմոցին: Ասես մեկը վերցրել և նրան գցել էր Անտիոքից
բերված հնաբույր բազմոցի վրա: Տողը տեսավ, թե արքայի դեմքին ինչպես
շարժվեց արծվենի քիթը:
- Մատյանները դիր գրակալի վրա և կարդա ինձ տիկնունու մասին այն,
ինչ մեզնից առաջ գրել են մարդիկ:
- Իսկույն, արքա, - ասաց Տողը և, չոքելով գրակալի առջև, արագ թերթեց
սևակազմ մատյանը, մատը դրեց մի թերթի վրա ու դիմեց արքային, -
կարդա՞մ:
-Կարդա, - հրամայեց Արտաշեսը:
Տիկնունի պահելու իրավունք ունեն աշխարհի բոլոր արքաները:
Արքաների բարեհաճությամբ ու թույլտվությամբ տիկնունի կարող են
ունենալ նահապետներն ու տերության մյուս մեծերը: Տիկնունին
արքաների վայելքանոցն է:
Աստվածները սահման չեն դնում արքաների տիկնունու կանանց թվի
վրա: Նայիր ինքդ քո կարողությանն ու ուժին, արքա, և պահիր այնքան,
ինչքան ուզում ես… Քո տիկնունում կարող ես տեղ տալ նույնիսկ
աստվածուհիներին:Յուրաքանչյուր տերության մեջ արքայի
համաձայնությամբ տիկնունի պահող նահապետը կարող է ունենալ
տասը կին: Արքան կարող է զրկել նրան ամեն ինչից, եթե հաստատի, որ
նրա տիկնունում կանանց թիվն անցնում է տասից:
Յուրաքանչյուր տիկնունի ունի երեք կարգի կին: Տիկնունու մասին
խոսելիս պիտի սկսել ստորադասից, վերջից: Ճիշտ է` դա երրորդ կարգն
է, բայց դա է տիկնունու հիմքը: Տիկնունու երեք կարգից երրորդի մեջ
մտնում են հարճերը: Նրանք պարտավոր են ապրել, արքաներին ամեն
տեսակ վայելք պատճառելու համար: Թագավորը կարող է անթիվ
հարճեր պահել: Հարճերից ծնվածները կարող են ազատներ կոչվել, բայց
ոչ` արքայազն: Տիկնունու երկրորդ կարգը արքայի տիկնայքն են, որոնք

70

պիտի լինեն ազնվազարմ և գեղեցիկ: Խելոք է այն արքան, որն ավելի քիչ
տիկնայք է պահում, քանզի նրանցից ծնվածները դառնում են
արքայազներ և մասնակցում գահին տիրելու շուրջը ծագած կռիվներին:
Արքայի տիկնոջից ծնվածը ճիշտ է, արքայազն է, բայց թագաժառանգ չէ և
կարող է թագաժառանգ դառնալ արքայի հրամանով:
Տիկնունու առաջին կարգի մեջ միայն մի կին է մտնում` տիկնանց-
տիկինը: Ոչ մի տիկնունիում երկու տիկնանց-տիկին չի լինում: Տիկնանց-
տիկնոջից կամ թագուհուց ծնվածը թագաժառանգ է: Տիկնանց-տիկինը
պիտի լինի ազնվազարմ հոր դուստր և գեղանի:
Երիտասարդ դպիրը կանգ առավ:
Արքան չէր շտապում նոր հարց տալ:
Լսելով Տողին` Արտաշեսը զրուցում էր ինքնիրեն: Քրմապետ Սիսի
նվիրած տասը կանայք դեռևս տիկնունի չեն:
Ահա հնօրյա մատյաններում բոլոր արքաների համար գրված է, որ բոլոր
տիկնունիները ունեն հարճեր, տիկիններ և տիկնանց-տիկին: Արտաշեսը
տիկնանց-տիկին չունի, տիկիններ էլ չունի, ունեցած տասին հազիվ
կարող է հարճեր դարձնել, այսինքն եղած-չեղածը տասն հարճ է: Չէ,
աստվածներն ամեն ինչ ինձ կիսատ են տվել, և տիկնունին և նախնյաց
հողի սահմանները, վայելքներն ու աստվածահաճ հաջողությունները:
Բայց, երևի, աստվածներն այդպես են վարվում բոլոր մարդկանց հետ:
Մարդը պետք է լրացնի աստծու ընծայած կիսատ-պռատը: Պետք է
լրացնի ամբողջ կյանքում: Եթե ինքդ չլրացնես, քո փոխարեն դա չի անի
ոչ ոք: Ոչ ոք:
Կեսգիշերին Արտաշեսն արձակեց Տողին: Փորձեց քնել, սակայն դրսի
ձայները խանգարեցին նրան: Արքան դուրս եկավ Բիլի աշտարակի
շուրջանակի քարե հարթակի վրա: Դարբասների մոտ մի ձիավոր էր
կանգնել: Զորական-պահակը նրան ներս չէր թողնում: Արտաշեսն
աստիճաններով իջավ աշտարակից և հայտնվեց պահակի մոտ:
Զորականն զգաստացավ և փորձեց զեկուցել, բայց արքան ընդհատեց
նրան և հրամայեց.
- Բաց արա դարբասը և թող ներս մտնի հեծյալը:
Պահակը կատարեց արքայի հրամանը: Անծանոթ հեծյալը ներս մտավ,
ձին հանձնեց պահակող զորականներին, ինքը հետևեց
արքային:Տասներկու օր հետո Արտաշեսը, իր զորական գնդերի կեսը
թողնելով Տափերական դաշտում, մյուս կեսի և նահապետների

71

հեծելաջոկատների հետ շարժվեց դեպի Գուգարք: Արքայի հետ արշավի
դուրս եկավ նաև Հաննիբալը: Նա Անարային թողեց Բիլում և նրան ասաց.
- Մնա այստեղ, ես կվերադառնամ մինչև մեկ ամիսը: Չեմ կարծում, որ
այդ ալանները կարողանան դիմադրել Արտաշեսի գնդերին: Ես կօգնեմ
արքային, նա ինձ երեք գունդ է հանձնել, իսկ երեք գունդն իմ ձեռքում մեծ
բանակ է…
- Իսկ եթե քեզ…
- Չէ, Անարա, ինձ ոչինչ էլ չի լինի: Հռոմը չկարողացավ ինձ որևէ բան
անել, ի՞նչ պիտի անեն այս խեղճ ալանները: Հետո Հռոմի դեմ կռվելիս ես
զոհեր էի մատուցում աստվածներին ու օգնություն խնդրում նրանցից:
Սակայն բոլոր աստվածներն էլ դավաճանել են ինձ: Իսկ հիմա ես գործ
ունեմ միայն քեզ հետ, դու ես իմ միակ աստվածը, դու հեռվից հեռու
կպաշտպանես ինձ թշնամական նետից ու նիզակից:
Հայկական այրուձին շարժվում էր երկար շղթա կազմած: Զորասյան
միջնամասում, սիգապանծ նժույգների վրա նստել էին Արտաշեսն ու
Հաննիբալը:
Ճիշտ է, նրանք շարժվում էին կողք-կողքի, բայց միմյանց չէին տեսնում:
Հաննիբալը մտքով հասել էր Կարթագեն, վազում էր հայրենի
ծովեզերքում ու կանչում Անարային: Արտաշեսի մտքերն ուրիշ տեղ էին:
Յոթանասունհինգ նահապետներից երեքը չէին արձագանքել արքայի
կոչին` չէին ներկայացել իրենց զորքերով:
Եվ Արտաշեսին պատասխանել են միատեսակ. Տՙ արեմուտի տոնն
անցնի` հետո՚:
Աղստևի հովտում այրուձին կանգ առավ` հանգիստ առնելու: Քչքչան
գետի ափին զորականներն այստեղ ու այնտեղ կապեցին իրենց ձիերը,
իսկ իրենք անհոգաբար փռվեցին բուրող կանաչների վրա:
Աղստևի ափերին տարածվել են Հովոցի զովասուն անտառները:
Զորապետ Սմբատը դիմեց Արտաշեսին.
- Արքա, մենք հասել ենք Հովոցի նահապետի կալվածքներին:
Չհրավիրե՞նք նրան այստեղ և պատժենք հրամանդ չկատարելու համար:
Եղջրափողերն ավելի շուտ կանչեցին, քան Արտաշեսը կարձագանքեր
Սմբատին: Արքայի առջև իր շքախնբով երևաց Հովոցի նահապետ Նարը:
Նա խոնարհաբար ողջունեց արքային և ծափ զարկեց:
Հնչեցին ծնծղաները և Արտաշեսի առջև պար բռնեցին Հովոցի
կաքավիկները:

72

Դիմակներ հագած օրիորդները քամու արագությամբ պտույտներ էին
գործում, բազպանները զարկում իրար և ծնծղայի ձայներ հանում, հետո
թռվռում ուրախ, ապա ձեռքերի շարժումներով երկրպագում արքային,
ինչպես աստծու:
Ամեն ինչ կատարվեց միանգամից: Ոչ արգելեր կարող էիր, ոչ`
ընդհատել:
Արքան իսկույն կռահեց, թե ինչ է կատարվում: Նա զարմանքով նայեց
նահապետ Նարին ու ասաց.
- Սա տարեմուտի տոն է…
- Այո, արքա, մեր տարեմուտն է:
- Բայց հիմա ամառվա սկիզբն է, Նար, Հայքում ոչ ոք ամառվա սկզբին
տարեմուտ չի տոնում:
-Հովոցում այդպես է ընդունված, արքա:
- Ի՞նչ է նշանակում դա, նահապետ Նար: Հայերը տարեմուտը գարնան
սկզբին են տոնում: Ինչո՞ւ եք դուք` հովոցցիներդ, առանձնանանում, քո
գավառի մարդիկ իրենց հայեր չե՞ն համարում:
- Ի՞նչ ես ասում, արքա, բոլորն իրենց համարում են քո հպատակը:
-Հպատակ ես համարվում նաև դու:
- Իհարկե, արքա, քո առաջին հպատակը ես եմ, հետո` մյուս
հովոցցիները:
- Իսկ ինչո՞ւ, հպատակդ իմ, փոխանակ քո զորաջոկատով Բիլ գալու,
գավառիդ գեղուհիների հետ տրտինգ ես տալիս Աղստևի ափերին`
բեռնված տարեմուտի պաճուճանքներով:
- Արքա, այսօր, իսկապես, տարեմուտի առաջին օրն է Հովոցում: Ես չեմ
սահմանել այդ տոնը: Ոչ ոք չգիտե, թե մեր ձորահովտում երբվանից է այդ
օրը դարձել տարեմուտի սկիզբ:
Արտաշեսն այլևս հարցեր չտվեց նահապետին: Նարը մի կողմ քաշվեց և
աչքով արեց յուրայիններին, որ իրենց զնգզնգոցները հեռացնեն արքայից:
Այդ ժամանակ արքան առանձնացավ զորապետ Սմբատի հետ: Նրանց
զրույցը ոչ ոք չէր լսում:
- Նարին պատժելը, զորապետ, արդար չի լինի:
- Բայց այդ պատիժն արքա, դաս կլիներ մյուս նահապետների համար:
Ամեն մեկը նավասարդ է տոնում, երբ ցանկանում է: Զորականչի
ժամանակ ի՞նչ նավասարդ, ինչ տոնախմբություն…

73

- Նարը մեղավոր չէ, Սմբատ: Հայքի տարբեր գավառներում տարբեր
օրերի են տարեմուտ անում: Դա նոր բան չէ: Մեր զորեղ հարևանները չեն
բավարարվել Հայք ասպատակելով: Հաճախ նրանք հարյուրամյակներով
նստել են մեր հողի վրա: Ճիշտ է, հետո ստիպված են եղել հեռանալ
այստեղից: Սակայն Հայքում նրանք իրենց հետքերն են թողել: Այդ
հետքերից է նաև տարեմուտների բազմազանությունը: Հայերից շատերն
ընդօրինակել են ասորական, աքեմենյան, հունական տարեմուտները:
Մենք ստույգ չգիտենք էլ, թե որն է մեր տարեմուտը, գարնան սկիզբը: Իսկ
գուցե դա էլ մերը չէ:
-Այդ ամենն ավելի լավ գիտեն քրմերը:
-Այո, պետք է խորհրդակցել քրմապետ Սիսի հետ:
Հունարակերտից հյուսիս, Կուր գետի աջ ափին, հայկական բանակի
ճանապարհը փակեցին ալանների աղեղնավոր գնդերը: Ճակատամարտն
սկսվեց հանկարծակի: Ունկնդրելով հետախույզներին, Արտաշեսը
խորհուրդի նստեց Սմբատի և Հաննիբալի հետ: Փոքրիկ բարձունքի
վրայից դիտելով ռազմադաշտը, Հաննիբալն արքային ասաց.
- Ռազմադաշտից պետք է դուրս բերել այրուձին:
- Իսկ եթե աղեղնազեն հետևակը չդիմանա՞, - ասաց Արտաշեսը: -
Ալանները չեն կարող կոտրել հայկական երեսուն հազարանոց
աղեղնազորքի ուժը:
Այդ միջոցում այրուձին մեծ շրջան կկատարի և կհայտնվի
հակառակորդի թիկունքում:
- Մի՞թե կարծում ես, թե ալանները չեն նկատի մեր զորաշարժը:
- Այրուձին պետք է ետ դառնա, անցնի գետը և նորից հայտնվի գետի այս
ափին:
Արտաշեսը հասկացավ փորձված կարթագենցուն: Զորապետ Սմբատը
տասն հազար հեծյալներով ետ դարձավ և Կուր գետի ափով սուրաց դեպի
հարավ: Ալանները կռվում էին քաջաբար: Դժվար էր ասել, թե ինչով
կվերջանա ճակատամարտը, եթե կեսօրին զորապետ Սմբատը թիկունքից
չհարվածեր ալաններին: Հասկանալով, որ կարող են ընկնել
շրջապատման մեջ և գլխովին ջախջախվել, ալանները իրենց զորական
ուժերը ուղղեցին հյուսիսային կողմի վրա և, նահանջելով, սկսեցին
անցնել գետի ձախ կողմը:

74

Հայկական հոգնած բանակը չհետևեց հակառակորդին և կանգ առավ
Կուրի աջ ափին: Կռվի ժամանակ գերի ընկած ալանների արքայազն
Սանդրոյին շղթայակապ բերեցին Արտաշես արքայի մոտ:
Արքան զարմանքով նայեց սպառազեն պատանուն և թարգմանի միջոցով
հարցրեց.
-Դու քանի՞ տարեկան ես:
-Տասնվեց, - պատասխանեց արքայազն ալանը:
-Դու դեռ երեխա ես:
-Ես զորական եմ:
- Այնուամենայնիվ ես չեմ հպարտանում, որ իմ զորականները գերել են
երեխայիդ:
- Դու կարող ես հրամայել, որ սպանեն ինձ, ես կմեռնեմ արքայազնին
վայել մահով:
- Ոչ, արքայազն, տեսնում եմ, որ քաջ ես, քաջություն չէ քաջերին
սպանելը: Բայց խոստանում եմ մինչև կյանքիդ վերջը քեզ պատանդ
պահել ինձ մոտ:
- Իմ գլխի համար հայրս կարող է քեզ մի նժույգաբեռ ոսկի տալ:
- Չէ, արքայազն, հայրդ թող պահի իր ոսկին: Դու կդառնաս իմ
պատանդը, բայց եթե մի ալան էլ փորձի անցնել Կուր գետի աջ ափը`
իսկույն կգլխատվես: Այդ մասին ես իմաց կտամ քո արքա հորը:
Գիշերն անցավ խաղաղ: Առավոտյան Արտաշեսը նկատեց, որ գետի
հակառակ ափին ալանները բանակել են այնպես, որ ասես տեղներից
շարժվելու ոչ մի մտադրություն չունեն:
Դեմ-դիմաց կանգնել են երկու բանակները, հայկականը` գետի աջ,
ալաններինը` ձախ ափին: Այդպես կանգնած մնացին նաև երկրորդ օրը:
Հայերը չէին ուզում ետ դառնալ` մտածելով, որ ալանները կարող են
նորից անցնել Կուրի աջ ափը ու վերսկսել ասպատակությունները,
ալաներն էլ միտք չունեին հեռանալու, որովհետև հակառակ ափին թանկ
բան են թողել: Ալանները գիտեին, որ ճակատամարտով չեն կարող
ազատել պատանդ արքայազնին: Ծեր թագավորը չէր կարողանում ուշքի
գալ: Նա միջոցներ էր փնտրում որդուն ազատելու համար:
Երրորդ օրը ալանաց արքայի բանագնացները անցան գետը և եկան
Արտաշես արքայի մոտ:
Ճերմակած դեմքով մի ալան, որ հավանաբար արքայի մերձավորներից
էր Արտաշեսին ասաց.

75

- Քաջ Արտաշես, դու հաղթեցիր ալաններիս, իմ արքան հաշտություն է
խնդրում:
- Ես ընդունում եմ քո արքայի հաշտությունը, - պատասխանեց
Արտաշեսը:
- Ալանանց արքան խնդրում է վերադարձնել արքայազն Սանդրոյին:
-Դա՞ է հաշտության պայմանը:
- Արքայազնի դիմաց պահանջիր, ինչ ցանկանում ես, մեր արքան չի
խնայի ոչինչ:
-Ես չեմ կարող ետ տալ ձեր արքայազնին, նա իմ գերին է:
-Բայց դու արքայազնի կշռով մեկ ոսկի կստանաս:
Ոսկին հարստություն է, որի համար ալանները կարող են մի օր մինչև
Երասխ հասնել` հենց որ իրենց զորեղ զգան: Ինձ պետք չէ քո արքայի
ոսկին: Արքայազնին ես պատանդ կպահեմ և կհրամայեմ գլխատել, հենց
որ ալանները փորձեն մտնել Հայքի սահմանները:
- Ահավասիկ, իմ արքան երդումով քեզ դաշնագիր է տալիս, որ
այսուհետև ալանաց քաջերը չասպատակեն հայոց հողը, - ասաց
բանագնացը և գրտնակած մագաղաթները մեկնեց Արտաշեսին:
-Արքան ետ վերադարձրեց գրտնակը և պատասխանեց.
- Այս գրտնակը թող մնա քո արքայի մոտ:
Ձեր ասպատակություններին վերջ տալու համար արքայազն Սանդրոյի
պատանդությունն ավելի ապահով միջոց է, քան այս դաշնագիրը:
Բանագնացները ձեռնունայն վերադարձան Կուրի ձախ ափը: Հաջորդ օրը
գետի ձախ ափի բարձրավանդակն է ելնում արքայազն Սանդրոյի քույր
Սաթենիկը: Արքայադուստրը թարգմանների միջոցով ձայն է տալիս և
խնդրում է Արտաշեսին: Հայ զորականներն իմաց են տալիս արքային:
Արտաշեսը մոտենում է գետի ափին: Սաթենիկը նրան ասում է.
- Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր Ալանների քաջ ազգին,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր պատանին:
Որովհետև օրենք չէ` որ մի քենի համար դյուցազները
Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն
Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի մեջ
Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:

76

Արտաշեսը հմայված նայում էր հանդիպակաց ափին: Ալանանց գեղիրան
արքայադուստրը կանգնել էր ողջ հասակով մեկ: Արքային թվում էր, թե
իր դեմ կանգնել է կանացի հրապուրանքի աստվածուհին:
Արտաշեսը չարձագանքեց արքայադստերը:Թարգմանները կրկնեցին
Սաթենիկի խոսքերը: Արքան կախարդվել էր օրիորդի գեղեցկությամբ և
չպատասխանեց նրան:Արտաշեսը հեռացավ գետի ափից և առանձնացավ
իր զորավրանում: Ինքն էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Սիրտն ասես
նվաղում էր: Այդ աղջկա համար նա հիմա պատրաստ է հրաժարվել ամեն
ինչից: Ի՞նչ թագ, ի՞նչ արքայություն, ի՞նչ տիրակալ: Ո՞ւմ են պետք
արքայական բոլոր վայելքները, երբ դու քեզ երջանիկ չես զգում: Մինչև
հիմա կարծում էր, թե արքաները չեն կարող սիրել:
Արքայի աչքի առջևով անցան իր տասն հարճերը: Ալանաց
արքայադուստրը նման չէ նրանցից և ոչ մեկին: Բայց ինչո՞վ նման չէ: Չէ
որ նա էլ կին է: Չէ, չի կարող նման լինել, ոչ մարմնով, ոչ ժպիտով, ոչ
հայացքով: Այդպիսի կեցվածք կարող են ունենալ միայն
աստվածուհիները: Այն էլ ոչ բոլոր աստվածուհիները: Չէ, ալանաց
օրիորդը ոչ սովորական մարդ է, ոչ էլ աստվածուհի: Նա սեր է, հենց ինքը
սերը` մարդկանց ու աստվածուհիների տիրակալը:
Փորձեց ալանուհուն համեմատել Հաննիբալի սիրուհու` Անարայի հետ:
Չէ, ալանուհուց ասես կաթկթում է գեղեցկությունը, իսկ Անարայի մոտ
ամեն ինչ հավաքված է շրթունքների մեջ` ժպտաց` թովիչ է, առանց
ժպիտ նույնն է ինչ աշխարհի բոլոր կանայք:
Գիշերը չկարողացավ քնել: Նա հարբել էր ալանուհու սիրով: Նրան թվում
էր, թե ինքը քնելու իրավունք չունի: Մեծ սիրով հարբած մարդիկ կարող
են քնել և այլևս չարթնանալ:
Դուրս եկավ վրանից: Ամառային զովասուն գիշերը մի տեսակ թվաց
նրան:
Գիշերային խորհրդավոր պահեր են լինում, որ կարծում ես, թե
ժամանակը կանգ է առել, խորհրդավոր այդ պահը` քարացել: Շուրջն
ամեն ինչ խաղաղ է: Չէին լսվում նույնիսկ պահակող զորականների
ոտնաձայները: Սա հեքիաթական անդո՞րր է, թե դավադիր լռություն:
Էյ, Մաղխաղ, որտե՞ղ ես դու, - ձայնեց արքան: Քիչ անց արքայի
զորավրանը մտավ զորապետը:
-Լուսադեմ է, արքա, - ասաց Սմբատը աչքերը տրորելով:

77

Արտաշեսն սկսեց խոսել ալանաց արքայադստեր մասին: Սմբատն
իսկույն գլխի ընկավ, թե ինչ է ուզում արքան:
Առավոտյան լսելով զորապետ Սմբատի պատվիրանը, Մաղխաղը մի
քանի զորականի հետ անցավ Կուրը և գնաց ալանաց բանակը: Հայ
բանագնացներին տարան ալանաց արքայի մոտ: Մաղախն ասաց.
Ալանների քաջ արքա, Հայոց քաջն Արտաշես արքան ողջունում է քեզ: Նա
ցանկանում է բարեկամության դաշն կնքել քեզ հետ, արձակել պատանի
արքայազնին և խնդրում է, որ դու կնության տաս իրեն արքայադուստր
Սաթենիկին;
Ալանաց արքան պատասխանում է.
- Եվ որտեղի՞ց քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի`
Ալանների արքայազն օրիորդի համար:
Մաղախի ու ալանաց արքայի միջև զրույցը երկար չի տևում:
Ալանաց արքան համաձայնում է իր դստերը կնության տալ Արտաշեսին:
- Միայն թող փախցնի, չեմ ուզում խախտել կարգը հայրենյաց: Քաջը
պիտի և քաջի պես կռվի և քաջի պես կին փախցնի իր համար:
Արտաշեսը հեծնում է իր սև նժույգը և աներկյուղ մտնում գետը:
Հանդիպակաց ափին նրան սպասում էր Սաթենիկը: Հայոց արքան ափ է
հասնում, իր ոսկեօղ շիկափոկ պարանը նետում արքայադստեր վրա և
ցավեցնելով նրա մեջքը` ձգում դեպի իրեն: Առանց նժույգից իջնելու,
աղջկան իր թամբն է առնում ու շտապով ետ դառնում դեպի հայկական
բանակը:
Ասես Տափերական դաշտում մի հսկա ուղտ չոքեր ու այդպես քարանար
տեղում: Դա Արմավիրի բլուրն է, որի վրա բարձրանում է քաղաքի
միջնաբերդը և որտեղից կարող ես չորս կողմերի վրա տեսնել
Տափերական դաշտի կանաչ-կանաչ լայնությունները: Միջնաբերդի
արևմտյան կողմում հոսում է Երասխը:
Բլրից դեպի արևելք փռված հարթության վրա տարածված էին հնամենի
քաղաքի թաղամասերը: Արևելյան մասում, հենց բլրի ոտքերի տակ
արքայական ապարանքն էր, որ քարե աստիճաններով կապված էր
միջնաբերդի սապատի հետ: Աշնանային մի օր ապարանքը զուգվեց
հազար զարդերով:
Երևի ոչ մի անգամ Արմավիրն այդպիսի պերճանք չէր տեսել:

78

- Արտաշես արքայի հարսանիքն է…
Հարսանեկան հանդեսությունների պատրաստման տենդի մեջ ընկած
քաղաքի բոլոր անկյուններում մի գլուխ խոսում էին միայն ալանուհի
արքայադստեր մասին:
- Անունը Սաթենիկ է, - ասում էր արմավիրցի մի կին:
Հարևանուհին պատասխանում էր նրան և կծկում զրույցի կծիկը.
- Ասում են գեղեցիկ է, ինչպես հեքիաթային ոգին:
- Ասում են` նման է Աստղիկ աստվածուհուն:
- Չէ, Արտաշես արքան խնդրել է այդպես չասել, ոչ թե Սաթենիկն է
Աստղիկ աստվածուհու նման, այլ Աստղիկ աստվածուհին Սաթենիկի
նման:
- Ասում են մարմինը մութ գիշերին կանթեղի լույս է արձակում:
Իրիկնադեմին հնչեցին եղջերափողերն ու ծնծղաները: Միջնաբերդի
բոլոր կողմերում վառվեցին կանթեղների փնջերը: Արքունականներով
շրջապատված Արտաշես արքան ահա մտավ ընդարձակ դահլիճը:
Բազմությունը բացականչություններով է դիմավորում արքային: Հենց որ
Արտաշեսը ոտք է դնում դահլիճ` Մաղխաղը հավաքված ամբոխի վրա
շաղ է տալիս մի բուռ ոսկի ու մարգարիտ, հետո` երկրորդ բուռը,
երրորդը…
Արտաշես` արքա-փեսան մի բուռ մարգարիտ է շաղ տալիս դահլիճում:
Դահլիճի մյուս կողմից երևում է հարսը` արքայադուստր Սաթենիկը`
շրջապատված իր շքախմբով: Մի պահ հարս ու փեսա կանգնում են դեմ-
դիմաց, հետո զարկում են ծնծղաները, և սկսվում են հարսանեկան
հանդեսությունները:
Հարսանիքի հաջորդ օրը Հաննիբալը Անարային ասում է.
- Արտաշես արքան երկու բուռ մարգարիտ նետեց հարսնքավորների
ոտքերի տակ: Այդքան մարգարիտով ես կարող էի հարյուր հազար
նումիդական հեծյալ վարձել, գրոհել հռոմեացիների վրա, ջարդել
Սկիպիոնին ու գրավել Հռոմը:
- Արտաշեսի ու Սաթենիկի հարսանիքին ներկա էին երեքհարյուր
գուսան: Նրանք իրենց երգերով գովեցին թագավոր-փեսայի
քաջությունները և թագուհի-հարսի գեղեցկությունն ու խելքը: Հետո
վերադարձան իրենց գավառները, բայց չմոռացան արքայական
հարսանիքի գովքն անել.
Ոսկի անձրև էր տեղում

79

Արտաշեսի փեսայության ժամանակ,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ:
Մի քանի օր Արմավիրում մնալուց հետո տուն վերադարձան նաև
գավառներից եկած նահապետները: Ամենից շատ Արմավիրում մնաց
Մասյացոտնի նահապետ Մեմը: Սաթենիկն ալեկոծել էր Մեմի հոգին:
Հարսանիքի ժամանակ արքայադուստրը մի քնքուշ ժպիտ էր նվիրել
Մեմին: Այդ ժպիտը տակնուվրա է արել նահապետի ներաշխարհը: Ոչ մի
աստվածային գեղեցկուհի անտեղի ժպիտներ չի շռայլում
տղամարդկանց: Գուցե Սաթենիկը նայեց Մեմին և սիրահարվե՞ց: Դե
Մեմն ինչո՞վ է պակաս Արտաշեսից:
Ձիարշավում երևի Մեմը կհաղթի Արտաշեսին: Երևի ինքը որպես այր
ավելի արժանավոր է, քան` Արտաշեսը: Այլապես ինչո՞ւ պիտի
Սաթենիկը օրինական փեսային ժպտալու փոխարեն ժպտար նահապետ
Մեմին: Իսկ գուցե օրիորդ Սաթենիկը չի՞ սիրում Արտաշեսին:
Մեմը չէր կարողանում հանգստանալ ոչ Արմավիրում, ոչ էլ
Մասյացոտնում: Նահապետը գավառի գործերը հանձնեց իր
մտերիմներից մեկին, իսկ ինքը պատրաստվեց ու մեկ տարով մեկնեց
Ալանաց աշխարհ:
- Եթե Արտաշես արքան հետաքրքրվի, թե որտեղ եմ ես` ասա գնացել է
Մեծ Մասիսի մյուս լանջը` ջերմուկի ջրերով բուժվելու, - պատվիրել էր
Մեմը մեկնելուց առաջ:
Հանգրվանեց մի ալան քուրմի մոտ:
Մեմը քուրմին ասաց.
- Ես Հայքից այստեղ եմ եկել ալաներենը սովորելու: Մեկ տարի ես քո
հյուրը կլինեմ, սովորեցրու ինչքան կարող ես:
Ահա քեզ հիսուն ոսկի, սա քո վարձն է:
Մեկի փոխարեն Մեմը Ալանաց աշխարհում մնաց երեք տարի:
Այդ ժամանակամիջոցում նա Մասյացոտն եկավ երկու-երեք անգամ:
Սակայն երեք տարի հետո, երբ Մասյացոտն եկավ` ալաներեն գիտեր
այնպես, ինչպես հայերենը:
Իմանալը քիչ է, նա խոսում էր, ինչպես ալան:
Այնուամենայնիվ, ոչ Մասյացոտնում, ոչ Արմավիրում, ոչ էլ Հայքի որևէ
գավառում ոչ ոք չիմացավ, որ Մեմը սովորել է ալաներեն:

80

ԱՐՏԱՇԵՍԻ ԱԹՈՌ – ՔԱՂԱՔԸ

Մի անգամ Արտաշեսն ու Հաննիբալը որս էին անում Տափերական
դաշտում: Հաննիբալը ձին չափ էր գցել Երասխի ու Մեծամորի արանքում:
Արտաշեսը նկատում էր, որ Հաննիբալը նետը չի արձակում կողքով
վազող եղնիկի ետևից: Կարծես ոչ թե որսի էր դուրս եկել, այլ ձիարշավի
մեջ լիներ: Հետո շոյելով քրտնաթոր ձիու բաշը ու մեղմելով նրա քայլքը`
մոտեցավ արքային ու ասաց.
- Պատրանք էր:
- Ի՞նչն էր պատրանք, - հարցրեց Արատաշեսը:
- Ապա, նայիր, - ասաց Հաննիբալը ու ձեռքը մեկնեց առաջ, - տես թե
երկու գետերն ինչպես են միանում իրար և սքանչելի դարձնում դաշտի
այս մասը:
- Արտաշեսը կանգնեց և ուշադիր նայեց իր առջևը: Երասխ և Մեծամոր
գետերը խառնվում էին և Տափերականի մի հատվածը դարձնում
թերակղզի:
- Նման է թերակղզու, - ավելի շուտ ինքն իրեն, քան Հաննիբալին դիմելով
ասաց Արատաշեսը:
- Ճիշտ է, արքա, թերակղզի է: Այսպիսի թերակղզու վրա է գտնվում իմ
հայրենի քաղաք Կարթագենը: Երեք կողմից ծով է պատնեշում,
չորրորդից` քարե բերդակառույցը: Փորձիր, ապա կիսախուփ աչքով
նայել Տափերականի այս թերակղզու ջրերին: Ջրեզրերից այն կողմ մի
գնա: Ինձ համար դա ոչ թե գետեզերք է, այլ ծովեզերք: Դու մտածում ես քո
աթոռ-քաղաքի տեղի մասին: Սրանից էլ լավ տե՞ղ: Դու կարող ես քո
Կարթագենը հիմնել:
Արտաշեսը միանգամից չարձագանքեց կարթագենցուն: Նրանք չափ
գցեցին իրենց նժույգները և բարձրացան Երասխի ու Մեծամորի
միախառնման տեղից քիչ հեռու գտնվող բլուրի վրա: Այստեղից
Արտաշեսը նայեց Տափերականի ՙթերակղզուն,՚ մտովի գծեց ապագա
քաղաքի սահմանները և Հաննիբալին ասաց.
- Դու իրավացի ես, զորապետ: Ես անչափ շնորհակալ եմ քո խորհրդի
համար: - Ապա հանեց կողքից կախված կարճ եղջերափողը և հնչեցրեց:
Քիչ անց արքայի կողքին հայտնվեց Մաղխաղը:

81

- Լսում եմ, արքա, - ասաց դրանիկ գնդի հրամանատարը:
- Նայիր այնտեղ, - ձեռքը հեռուն մեկնեց Արտաշեսը, - տեսնո՞ւմ ես այն
հատվածը, ուր միանում են Երասխ և Մեծամոր գետերը:
- Տեսնում եմ, արքա:
- Ինչի՞ է նման այդ միախառնման տեղը:
- Դժվարանում եմ ասել, տեր իմ:
- Ի՞նչ դժվարանալու բան կա, Մաղխաղ, նման է թերակղզու, իսկական
թերակղզու:
- Դե, իհարկե, արքա, այդ տեղը նման է թերակղզու, - կրկնեց Մաղխաղը,
կարծելով, թե դա արքայական այն քմահաճ խոսքերից է, որոնք ասվում
են հանկարծակի, անտեղի ու անիմաստ: Տափերականում Մաղխաղը
թերակղզի չի տեսնում: Ասենք` գուցե և արքայի ցույց տված մասը իրոք
թերակղզու է նման, Մաղխաղն ի՞նչ գործ ունի դրա հետ: Արքան սխալ է
ասում, թե ճիշտ` դու պիտի միայն արձագանքես մի բառով` ճիշտ է:
- Շտապիր Տուրի մոտ, - հրամայեց արքան, - թող խորովածը այդ
թերակղզու դնչի վրա անեն, ճիշտ այն տեղում, ուր ծափ են տալիս երկու
գետերի ջրերը:
- Իսկույն, արքա, - արձագանքեց Մաղխաղը և ասպանդակեց նժույգը:
Այդ օրվանից Երասխի ու Մեծամորի խառնուրդի լեզվակը սկսեցին կոչել
Հաննիբալի թերակղզի:
Երբ Արտաշեսն ու Հաննիբալը որսատեղից վերադարձան Բիլ ամրոցը,
արքան չհամբերեց, մի փոքր դադարից հետո Մաղխաղի հետ նորից
մեկնեց Երասխի ու Մեծամորի հատման տեղը: Նորից աչք ածեց շուրջը
ու ասաց.
- Հենց այստեղ էլ քաղաք կկառուցենք:
- Ի՞նչ, - զարմացած հարցրեց Մաղխաղը:
- Քաղաք կկառուցենք, Մաղխաղ, այն էլ ոչ թե սովորական քաղաք, այլ
քաղաքամայր: Այն կլինի Հայքի դրոշմակնիք-մատանի մարգարիտը:
- Արքա, ինչո՞ւ ես մատանին համեմատում մայրաքաղաքի հետ,
մատանին մատանի է, քաղաքը` քաղաք, դրանք շատ հեռու են
միմյանցից:
- Չէ, Մաղխաղ, դա այդպես չէ, նայիր այստեղ, - այս ասելով Արտաշեսը
Մաղխաղին ցույց տվեց իր աջ ձեռքի ցուցամատը հագցրած մատանին, -
սրանով ի՞նչ եմ անում ես:
- Մատնակնքում ես արքայական հրովարտակները:

82

- Ճիշտ է, Մաղխաղ, սրանով դրոշմում, վավերացնում եմ իմ
հրովարտակները, ես շատ մարգարիտներ ունեմ, բայց իմ դրոշմակնիքն
այս մեկն է:
Եվ չկարծես, թե պատահաբար եմ այս մատանին հագցրել իմ աջ ձեռքի
ցուցամատին: Աջ ձեռքի ցուցամատը զորություն է, իշխանություն,
Մաղխաղ: Այդպես է նաև քաղաքամայրը: Հայքում շատ քաղաքներ կան,
սակայն ես միայն մեկը կարող եմ քաղաքամայր դարձնել: Այս հարցում
պատահականություն, քմահաճ բան չպետք է լինի: Արքայական
աթոռանիստը պետք է լինի տերության սրտում: Իսկ Տափերականը Հայքի
ցուցամատն է:
Մաղխաղն զգում էր, որ արքայի ասածը նման էր մենախոսության:
Արտաշեսը բարձրաձայն խոսում էր ինքն իր հետ: Ճիշտ է, նա մեկ-մեկ
տալիս էր Մաղխաղի անունը, բայց Մաղխաղին այլևս չէր տեսնում:
- Եթե դպիր Տողն այստեղ լիներ, - շարունակեց Արտաշեսը, - նա գրի
կառներ իմ ասածները: Է, Մաղխաղ, դու կարծում ես, թե ես Հայքի
ամենաերջանիկ մարդն եմ: Չէ Մաղխաղ, աշխարհում ամենահեղհեղուկը
թագավորների երջանկությունն է: Արքայական թագը խանգարում է
ըմբոշխնելու երջանկությունը: Իսկ ես արքա լինելուց առաջ զորապետ եմ
և պարտավոր եմ բոլորից շուտ տեսնել, թե ինչ վտանգ է սպառնում իմ
տերությանը: Ի դեպ, համայն աշխարհն էլ Հայքի հարևանն է: Այս քանի՞
հազար տարի է, ինչ Հայքը դարձել է աշխարհի հովանոց: Հարավում ու
արևելքում ավազակաբարո տիրակալները իրենց հրոսակների գլուխն
անցած արշավում են դեպի Հայք` պատճառաբանելով, թե նեղվել են
շոգից և ուզում են մի քիչ հովանալ Հայքի զովասուն լեռներում: : Այդ մի
քիչը երբեմն մի քանի հարյուր տարի է տևում:Հյուսիսի ու արևմուտքի
տիրակալներն էլ Հայք են արշավում` պատճառաբանելով, թե նեղվել են
ցրտից ու Հայք են գնում իրենց մարմինը մի քիչ տաքացնելու: Բոլորի
ճամփան անցնում է Հայքով: Իսկ ի՞նչ էիր կարծում, Մաղխաղ, մեր տունն
աշխարհի խաչմերուկն է: Աստվածների ու զորական մարդկանց փառքի
ճամփան անցնում է Հայքով: Դիմանալու համար պետք է զորեղ լինել,
Մաղխաղ: Իմ պապերի օրրանի տեղը աստվածներն ու իմ պապերն են
ընտրել: Ես միայն ընտրում եմ իմ աթոռ-քաղաքի տեղը: Ես պետք է
այնպես կառուցեմ, որ իմ քաղաքամայրն անմատչելի մնա շոգից ու
ցրտից նեղվողների համար:

83

Արքան ձին չափ գցեց ու իջավ բլուրից: Հետո թափով կանգնեցրեց ձին ու
բացականչեց.
- Դու այստե՞ղ ես, Մաղխաղ:
- Այստեղ եմ, տեր իմ, - արձագանքեց դրանիկ գնդի հրամանատարը:
Տափերական դաշտում աշունն իջնում է այն ժամանակ, երբ Մեծ Մասիսը
ցուցանում է իր ձյունափառ գեղեցկությունը:
Տափերական դաշտում հարյուր աշուններից իննսունինը համարյա նման
են լինում իրար` շռայլ` բերքաշատ, պերճապաճույճ ու դյութանքասուն:
Ասում են` Հայոց աստվածների հայր Արամազդը պատգամել է բոլոր
հայերին` տուն կառուցելու հիմնաքարը դնել աշնանը: Քրմապետ Սիսը,
որ իրեն համարում է Արամազդի պատգամախոսը, դա մեկնում է
այսպես.
«Արամազդը այրերի այրությունը կշռում է աշնանը լցրած նրանց
մառանով: Այդ մառանի համեմատ էլ աստվածների հայրն օգնում է, որ
մարդը տուն կառուցի»:
Դե, եթե սովորական մի տուն դու պիտի կառուցես աստծու
պատվիրանով, ապա չես կարող քաղաքամայր հիմնել առանց
Արամազդի հետ խելք-խելքի տալու: Արտաշեսն իր մոտ` Բիլ ամրոց
հրավիրեց քրմապետ Սիսին: Հայոց աստվածների հոր պատգամախոսը
մարդկանց վրա ազդում է իր զարմանալի այտերով: Նրան նայելիս չես
կարող ասել, թե ով ում պատգամախոսն է` Սի՞սը Արամազդի, թե՞
Արամազդը Սիսի: Երբ արքան պատմեց, որ մտադիր է նոր մայրաքաղաք
կառուցել և ցանկանում է առնել ամենամեծ աստծու բարեհաճությունը,
Սիսը միայն մի բան ասաց.
- Վաղվանից հաշված ինն օր անձրև չի գա:
Գիշերը արքան մտածեց քրմապետի ասածի վրա: Արի ու բան հասկացիր.
այս պատգամախոսներն էլ իրենց աստվածների նման ամեն ինչ անորոշ
ու մշուշապատ են դարձնում: Կարծես թե չէր կարելի ասել` սկսիր
առաջիկա ինն օրերից մեկում:
- Չէ, - ինքն իրեն ասաց Արտաշեսը, - Սիսի պատասխանը ինձ
չհոգացրեց: Պատգամախոսը մոտեցնելու փոխարեն ինձ ավելի շատ է
հեռացնում Արամազդից: Հավանաբար այսուհետև պետք է ինքս դիմեմ
աստվածների հորը: Ես ավելի կարճ ճանապարհով կհասնեմ Արամազդի
մոտ, քան` Սիսը: Աստվածների հայրն ինձ հետ ավելի մարդավայել
կխոսի:

84

Այնուամենայնիվ արքան սկսեց մտածել առաջիկա ինն անանձրև օրերի
մասին:Դրանցից որը դարձնել քաղաքը հիմնելու օրը: Լավ է, որ իննը
երկուսի չի բաժանվում: Ես կնտրեմ հինգերորդ օրը: Հինգն իննի մեջ
կամուրջ է` կեսն այս կողմն է ընկնում, կեսն` այն կողմը:
Աշնան այդ օրը Հայքի համար դարձավ մեծ զորահավաքի օր:
Մասյացոտն հասան բոլոր նահապետներն իրենց զորաթևերով: Վաղ
առավոտյան Տափերական դաշտը տամուկ ու խոնավ տեսք ուներ, նման
էր լվացված բայց դեռ չսրբված երեսի: Զորականները փայտյա մի այծուղի
կամուրջ անցկացրին Երասխի վրա և Հաննիբալի թերակղզին կապեցին
Երասխի աջ ափի հետ: Այստեղից սկսվում էր ամբոխի մինչև Մասիսի
փեշերը հասնող շղթան: Այդ երկար շղթայի այս ու այն օղակում կարճ
դադարներով ճչում էին եղջերափողերն ու ծնծղաները: Այստեղ ու
այնտեղ մարդիկ բացականչում էին խմբերով, աղմկում, զարմանալի
վարպետությամբ նմանակում ծնծղաների ու եղջերափողերի ձայները:
Տափերականը լցվել էր բազմաբյուր ամբոխի խենթ
բացականչություններով:
Հաննիբալն այսպիսի ահեղ հաղթահանդես չէր տեսել: Նա Անարայի հետ
կանգնել էր Երասխի ափի փոքրիկ բլուրի վրա, նայում էր ամբոխի
երկար, անվերջանալի շղթային, լսում նրանց ներդաշնակ
բացականչությունները և զարմացած տարուբերում գլուխը: Ամբողջ
կյանքը արշավանքներում անցկացրած զորապետը այսպիսի մեծ
զորասյուն չէր տեսել: Հաննիբալը մի պահ պատկերացրեց, թե ինքը
աստված է, ութաշարք թևերով բոլոր կողմերից օղակեց Հռոմը և գրոհի
հրաման տալու խելահեղ հրճվանքով ճչաց.
- Առաջ, առաջ…
- Ի՞նչ պատահեց քեզ, - ասաց Անարան, ձեռքով շոյելով Հաննիբալի ձախ
կողը:
Հաննիբալը չպատասխանեց նրան ու սկսեց երեխայի պես լալ: Անարան
նայեց նրա աչքերին ու հասկացավ, թե ինչ է կատարվում Հաննիբալի
հոգում:
- Ուշքի եկ, Հաննի, - մեղմորեն ասաց Անարան, - պետք չէ, որ այս
մարդկանց էլ կռվի տանես, ես չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում, դու
էլ կռիվ-կռիվ մի խաղա, ավելի լավ է` արի իջնենք բլուրից ու մոտիկից
դիտենք, թե արքան ինչպես է, շալակն առած իր ապագա մայրաքաղաքի
հիմնաքարը, քայլում դեպի այս կողմը…

85

Հենց այդ ժամանակ Մեծ Մասիսի երասխահայաց լանջին աժդահա
ցլամարտիկի պես կանգնել է Արտաշես արքան: Նա հագել էր իր պերճ
ծիրանին, գլխին դրել ադամանդակուռ թագը: Հայացքը լցված էր
արքայական ինքնավստահությամբ:
Արքայի առջև ընկած էր Մասիսի կրծքից բրիչով բեկված մի քարակտոր:
Գորշա-կապտավուն գույնի էր կանաչ երակներով: Ծանր քար էր, երևի
սովորական ուժի տեր մի զորական դժվարանար բարձրացնել գետնից:
Բայց դե չես կարող ասել, թե ինչքան կկշռեր այն: Արքան չթողեց, որ
կողքից քայլող քրմապետ Սիսը գոտեպնդեր իրեն: Քարը տեսնելուն պես
միանգամից բարձրացրեց ձեռքը: Հնչեցին եղջերափողերն ու ծնծղաները,
զորականները ահեղաձայն գոչեցին.- Կեցցե հաղթաբազուկ ու
աստվածակորով Արտաշես արքան… Կեցցե, կեցցե, կեցցե…
Սպիտակափառ շրջազգեստներ հագած ձայնարկու կանայք, դեռ
զորականների կեցցեների արձագանքը չմարած սկսեցին.
Մասիսից Արամազդն է ծնվել,
Արամազդից` Հայկը,
Հայկից` Արամը,
Արամից` Արան,
Արայից` Մեծ Երվանդը,
Մեծ Երվանդից հաղթաբազուկ
Քառասուն Երվանդներ,
Վերջին Երվանդից` ամենահաղթ
Զարեհ Երվանդունուց`
Երվանդունի Արտաշեսը`
Արքան Բարի…

Երգում էին կանայք, երգում էին քաղցր, սրտապարար:
Կամուրջն անցնելուց քառորդ ժամ անց Արտաշեսը կանգ առավ Երասխի
ձախափնյա այն բլուրի վրա, որ պիտի դառնար նրա ապագա
մայրաքաղաքի միջնաբերդը: Այստեղ նախապես փորել էին միջնաբերդի
արևելյան պատի հիմքի մի փոքրիկ մասը: Ծերունի մի մարդ երկու տիկ
ջուր լցրեց փոսի մեջ: Զորականները արքայի մեջքից իջեցրին քարը:
Արքան ուղղեց մեջքը, թափ տվեց իրեն, ապա իր ծիրանիի
ներքնագրպանից հանեց մի բուռ ոսկի ու նետեց ապագա քաղաքի
առաջին շինության հիմնափոսի մեջ, հետո շաղախ լցրին ու արքայի

86

բերած քարը դրեցին փոսի մեջ: Քրմապետ Սիսը սկսեց երկար խոսել: Նա
խնդրում էր Արամազդ աստծուն իր հովանու տակն առնելու Արտաշես
արքայի հիմնադրած քաղաքի բախտավորությունը:
Քիչ հետո լեռան փեշին կանգնած Հաննիբալին ու Անարային մոտեցավ
Տուրը, ողջունեց ու ասաց.
- Դու ինչո՞ւ ես կանգնած մնացել այստեղ, քեզ համար հետաքրքրական
կլիներ տեսնել, թե Հայքում ինչպես են հիմնադրում քաղաքները: Հայքում
նախ փորում են շենքի արևելյան պատի հիմնափոսը:
- Իսկ ինչո՞ւ եք սկսում արևելյան պատից, - հարցրեց Հաննիբալը:
-Հայքում պաշտում են արևը, նա մեր աստվածներից է:
- Իսկ այդ ի՞նչ սրբազան ջուր էր, որ լցրել եք հիմնափոսի մեջ:
- Այդ ջուրը բերվել է Վանա լճից, այդ լճի ափին` Հայոց ձորում հայերի
նախնի Հայկը հաղթել է բռնակալ Բելին: Ասում են` մարտից հետո Հայկը
նիզակի ծայրով թեթևակի ծակում է իր աջ բազուկը և թողնում, որ իր
մարմնից մի քիչ արյուն հոսի գետնին: Այդ արյունը խառնվել է Անգղ
գետի ջրերին և թափվել Վանա լիճը: Հայկ նահապետի արյան կաթիլները
Վանա լճի ջրերին տվել են հարատևություն, անմահություն, զորեղության
ուժ: Այդ պատճառով էլ քաղաքի հիմնափոսի մեջ լցրել են Վանա լճից
բերված ջուր:
Իսկ գիտե՞ս, զորապետ, թե ով է այս մարդը, - ասաց Տուրը և Հաննիբալին
ծանոթացրեց մի ծերունու հետ:
- Իմ անունը Խոտ է, - ներկայացրեց իրեն ծերունին, և Տուրը թարգմանեց
նրա ասածները, - ես հարյուր քսան տարեկան եմ: Տուրն ասում է, որ ես
Հայքի ամենատարեց մարդն եմ: Գուցե ճիշտ է ասում: Բայց ի՞նչ իմանաս,
Հայքում շատ մարդիկ կան, որոնց Տուրը չի ճանաչում:
Տուրը չէր հասցնում թարգմանել Խոտի ասածները, իսկ ծերունին
շարունակում էր` կարծելով, թե հարմար զրուցակից է գտել.
- Դե, ինձ պատահաբար չեն Խոտ կոչել, դա մեր տոհմի նախահոր անունն
է: Փոքր հասակում նա թունավորվում է: Մահից փրկվում է մի խոտի
օգնությամբ: Այդ ժամանակվանից նրա անունն էլ են Խոտ դնում, բոլոր
հաջորդների անուններն էլ: Բոլորս էլ երկարակյաց ենք:
- Նա ինձնից երիտասարդ է երևում, - ասաց Հաննիբալը Տուրին:
Կեսօրից հետո Տափերականի բլրի շուրջը գինարբուք սկսվեց:

87

ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԻՐ ԿՆՈՋԴ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Գեղեցիկ կնոջ մասին խոսելիս ասում են` նա նման է Աֆրոդիտեին` սիրո
հելլենական աստվածուհուն: Իսկ Հայոց տիկնանց-տիկին Սաթենիկին
չեն նմանացնում Աֆրոդիտեին: Ընդհակառակը ասում են.
- Աֆրոդիտեն նման է Սաթենիկին:
Մետաքսահյուս վարշամակի տակից երևում էին նրա երկու մեծ
խոպոպները, որոնք իրար էին միանում օձագլուխ քորոցով: Այդ քորոցը
ալանական հմայիլ էր, որն, իբր, Սաթենիկին հեռու է պահում չար
ոգիներից:
- Դու կարծում ես թե այս քորոցը հենց այնպես, միայն քորո՞ց է, -
չարաճճի ժպտալով, ասում էր տիկնանց-տիկիը Արտաշես արքային: -
Այս հմայիլը իմ հովանավոր-պաշտպան ոգին է, եթե քեզնից բացի որևէ
մեկը փորձի մատը մոտեցնել իմ մարմնին, այս օձը կխայթի նրան:
Արքան չէր լսում նրան: Համբուրում էր Սաթենիկի շրթունքները, այտերը,
պարանոցը, կուրծքը, ուսերը: Համբուրում էր ու չէր հագենում:
Սկզբում արքան այսպես էր մտածում. ես իմ համբուրներով կըմբոշխնեմ
նրա աստվածային գեղեցկությունը: Սակայն ինչքան համբուրում էր`
Սաթենիկն ավելի էր գեղեցկանում: Մի անգամ արքան կանչեց հայոց
ժամապահին և նրան հարցրեց.
- Տող, արքունի մատյաններից մեկում կա՞ Արամազդ աստծու
պատվիրանը ամուսնացող այրերին:
-Ընդամենը մի խոսք, արքա:
-Ի՞նչ խոսք:
-Փակի տակ պահիր կնոջդ գեղեցկությունը:
Արքան բարձրացրեց ձեռքը: Դա նշան էր, որ Տողը պետք է միայնակ
թողնի արքային:
Ժամապահի հեռանալուց հետո Արտաշեսն ընկավ խառնիխուռն մտքերի
աշխարհը: Ի՞նչ է նշանակում ՙՓակի տակ պահիր կնոջդ գեղեցկությունը՚:
Գուցե Արամազդը դա ասել է հենց իր` Արտաշեսի համար: Չէ՞ որ
աստվածները Սաթենիկի մարմնի վրա հազար կնոջ գեղեցկություն են
թափել: Առաջին զավակի` արքայազն Արտավազդի ծննդից հետո

88

Սաթենիկն ավելի գեղեցկացավ, իսկ երբ ծնվեց երկրորդ արքայազնը`
Վրույրը` տիկնանց-տիկնոջ գեղեցկությունը կրկնապատկվեց:
Գլխին արքայակա թագ կապելուց հետո Արտաշեսն զգաց, որ ժամանակը
չի հերիքում իրեն: Նրան թվում էր, թե ինքը աշխարհի բոլոր արքաներից
տարբերվում է նրանով, որ վայելքի համար ժամանակ չունի: Իսկ
քրմապետ Սիսն ասում է, թե Հայքի արքան իրավունք չունի օգտվելու
արքայական վայելքներից: Սակայն առանց Սիսի ասածի էլ Արտաշեսն
օրնիբուն տարված էր տերության գործերով: Նա ամրապնդում էր
արքունական բանակը, փորձում էր Հայոց զորքը վարժեցնել նումիդական
զորագնդերի նման: Արտաշեսին օգնում էր Հաննիբալը: Մի անգամ
կարթագենցին արքային ասաց.
- Երկու տարուց ավելի է, ինչ ես վարժում եմ քո բանակը: Ես այստեղ
հասկացա, որ հայերից կարելի է ստեղծել աշխարհի ամենամարտունակ
զորքը:
- Շնորհակալ եմ, Հաննիբալ, - պատասխանեց արքան, - դու
բարեկամաբար վարժեցնում ես հայ զորականներին…
- Արքա, բայց բոլոր բանակներն ամենից լավ վարժվում են մարտի
ժամանակ:
- Հաննիբալ, ես ցանկանում եմ զորեղ բանակ ունենալ, բայց կռվի մեջ
չմտնել ոչ ոքի հետ:
-Ի՞նչ…
- Այո, այո, զորապետ, Սելևկյանները կարող են մի օր փորձել վրեժ լուծել
ինձնից: Ես պետք է պատրաստ լինեմ պաշտպանելու իմ տերությունը և
արքայական իմ գահը:
- Սելևկյաններն այլևս այդպիսի ուժ չեն ներկայացնում, նրանք ապրում
են իրենց մայրամուտը, իսկ մայրամուտին արևի ճառագայթների ուժը
խաբուսիկ է լինում:
- Այնուամենայնիվ ես ուզում եմ զորեղ բանակ ունենալ ոչ պատերազմի
համար, ոչ էլ ուրիշին երկյուղ պատճառելու: Իմ նպատակն է զորական
ուժով սաստել մոտ ու հեռավոր հարևանների` դեպի Հայք արշավելու
մտադրությունները:
- Դու սխալվում ես, Արտաշես, չկռվող բանակը նման է անհոտ ծաղիկի:
Մեր ժամանակներում ապրում ու հաղթում են կռվող ժողովուրդները:
Առյուծը եթե որս չանի, չհոշոտի իրենից թույլերին` առյուծ չի կոչվի, ոչ էլ
առյուծի ուժ կունենա:

89

- Իսկ ես ցանկանում եմ, որ Հայքը առյուծ դառնա, բայց ոչ ոքի չհոշոտի:
- Ավելի լավ չէ՞ ատամ ունեցող նապաստակ լինել, քան անատամ առյուծ:
- Ոչ զորապետ, ատամը թափված առյուծը մնում է առյուծ, բոլոր
գազանները նրանից հեռու կփախչեն հազար հրասախ:
- Արքա, եթե բոլոր առյուծներն էլ կամովին թափեն իրենց ատամները`
ոչինչ չեն շահի, որովհետև ամենավտանգավոր առյուծը` Հռոմը, սրում է
իր ատամները:
Արտաշեսը լսեց Հաննիբալին, բայց մնաց իր համոզմունքին: Մեծ Հայքը
պետք է պաշտպանի իրեն և մտածի չորստակ ծալված Հայքը բացելու և
աշխարհին ներկայանալու բաց երեսով:
Չորս Հայք կա` Մեծ Հայք, Ծոփք, Փոքր Հայք և Կոմմագենե: Միավորիր
չորսը և դարձրու մի տերություն: Սա է քո սրբազան պարտքը, Արտաշես:
Այստեղ արդեն ամեն ինչ պետք է լինի առանց կռվի: Արյունակցի հետ
լեզվով պիտի խոսել և ոչ թե` զենքով: Իհարկե, առանց զորական ուժի քեզ
չի հարգի նույնիսկ ազգականդ:
Արտաշեսն զգում է, որ Ասիայի տերությունների շարքում Հայքը շուտով
ազդու ձայն կունենա:
Ամենքը կարծում են, թե Արտաշատը լինելու է սովորական
մայրաքաղաք, այնպիսի մայրաքաղաք, ինչպիսին ունեն մյուս
տերությունները: Չէ, Արտաշեսը դրա համար չի կառուցում Արտաշատը:
Այն պիտի դառնա Հայոց քաղաքամայրը, ոչ միայն Մեծ Հայքի, այլև` Փոքր
Հայքի, Ծոփքի, Կոմմագենեի Հայոց:
Դա պիտի անել աստվածների օգնությամբ: Տիրակալները գնում են,
աստվածները` մնում:
Արտաշատը դեպի իր նպատակն էր շարժվում հանգիստ, հաստատուն
քայլերով:
Բայց ահա Սաթենիկն ասես խանգարում էր:
Աշխարհի բոլոր տղամարդիկ մի արատ ունեն` յուրաքանչյուրը
ցանկանում է, որ իր կինը լինի ամենագեղեցիկը, բայց այդ
գեղեցկությունը քողարկված մնա:
Տերության նոր մայրաքաղաքը հիմնելու առթիվ մի անգամ Արտաշեսը
խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին Հայքի նշանավոր այրերը:
Արքան աչքի պոչով նկատեց, որ խնջույքի ժամանակ այրերը խելացնոր
հայացքներով են նայում տիկնանց-տիկին Սաթենիկաին: Արքան
չհամբերեց, և խնջույքը չավարտված` հրամայեց, որ Սաթենիկը մեկնի իր

90

առանձնասենյակը: Դա չվրիպեց Մասյացոտնի նահապետ Մեմի
հայացքից:
Իհարկե, Հայքի նշանավոր այրերը կարող են հպարտանալ Սաթենիկի
գեղեցկությամբ, բայց Մեմը միայն հրապուրված չէր: Նա տենչում էր
տիրանալ Սաթենիկին: Մեմը համոզված էր, թե աշխարհում իրենից բացի
ոչ ոք չի կարող գնահատել ալանուհու գեղեցկությունը: Տիկնանց-
տիկնոջն իր ձեռքը գցելու համար նա մտահղացել էր քառասուն հնար:
Արքայական խնջույքից հետո նա ձեռնարկեց կիրառելու առաջինը:
Արքունի երեք գուշակներից մեկը` Տարարան, զգում էր, որ կամաց-
կամաց կորցնում է իր հեղինակությունը, որ իր գուշակությունները
ծաղրում են բոլորը, իսկ արքան դրանք համարում է աՙ նհամ
բամբասանքներ՚: Նա հասկանում էր, որ մոտենում է արքունիքին
հրաժեշտ տալու ժամանակը:Հենց այդ ժամանակ էլ Մեմը եկավ նրա մոտ:
Մասյացոտնի նահապետը ճանաչում էր նրան և զրույցն սկսեց
միանգամից.
- Ասա ինձ, Տարարա, քանի՞ տարեկան ես դու:
- Քառասուներկու:
- Քանի՞ ոսկի ես հաշվել քո կյանքում:
- Ի՞նչ ոսկի:
- Սովորական դեղին ոսկի:
- Մի՞թե ոսկին սովորական է:
- Ունեցողի համար սովորական է, չունեցողի համար` անգին քար: Ավելի
լավ է` պատասխանես իմ հարցին:
- Իմ ողջ կյանքում ութ ոսկի է ընկել ձեռքս: Մեկը կորցրել եմ, ճիշտն
ասած, չգիտեմ, կորցրե՞լ եմ, թե՞ գողացել են, չորսը ծախսեցի տուն
կառուցելու վրա, մնացած երեքն էլ նվիրել եմ:
- Ո՞ւմ:
- Նրանց, ովքեր պիտի հաստատեին իմ գուշակությունը:
- Ուրեմն քո գուշակությունից դու օգուտ չունես: Գուշակում ես և
վաստակում այնքան, որով պաշտպանում ես գուշակի տեղդ
արքունիքում:
- Այո, դա այդպես է:
- Վերցրու:
-Սա ի՞նչ է:
- Դրամապանակ:

91

- Ի՞նչ դրամապանակ:
- Ոսկով լցված դրամապանակ: Ես այն նվիրում եմ քեզ:
- Նվիրում ես ի՞նձ:
- Այո: Այստեղ ութհարյուր ոսկի կա, հարյուր անգամ շատ, քան ունեցել
ես դու քո ողջ կյանքում:
- Դու ինձ նվիրում ես ութ հարյուր ոսկի՞:
- Այո:
- Իսկ փոխարե՞նը: Եթե դու ինձ մղում ես հանցագործության, ապա ավելի
լավ է` ետ վերցնես քո դրամապանակը, որովհետև ես ուզում եմ ապրել`
թեկուզ առանց ոսկու:
- Տարարա, քեզ ոչ մի վտանգ չի սպառնում:
- Դու ի՞նչ ես պահանջում այսքան ոսկու դիմաց:
- Գուշակիր և արքային հաղորդիր հետևյալը: Տիկնանց-տիկին Սաթենիկն
ընկել է օձերի հմայքի տակ: Գիշերները, երբ արքան քնած է լինում`
օձերը մտնում են Սաթենիկի անկողինը:
-Արքան ինձ գլխատել կտա այդ խոսքերի համար:
- Գլխատել չի տա:
- Եթե չգլխատի էլ, կվռնդի պալատից:
- Թող վռնդի, դու ութ հարյուր ոսկով կարող ես ապրել հարյուր տարի
ոտքդ ոտքիդ գցած:
- Սպասիր նահապետ Մեմ, իսկ ի՞նչ օգուտ ունես դու այդ
գուշակությունից:
- Դա արդեն քեզ չի վերաբերում: Դու պիտի միայն փակ պահես լեզուդ,
իսկ եթե որևէ բան…
- Հասկանում եմ:
- Քեզ խոցոտել կտամ քառասուն նիզակով:
- Չէ, ես համր կմնամ:
- Պիտի համր մնաս մինչև կյանքիդ վերջը:- Համր կմնամ մինչև կյանքիս
վերջը, - կրկնեց Տարարան, որ հնչեց մի տեսակ երդումի նման:
- Մեմը գիտեր, որ Տարարան իր խոսքի տերը կլինի, բայց նա մտադիր էր
գուշակին մեջտեղից վերացնել հենց որ նա կատարի իր գործը:
- Տարարան արքայական խնջույքից երեք օր հետո Արտաշեսի ականջին
փսփսաց այն, ինչ թելադրում էր Մասյացոտնի նահապետ Մեմը: Արքան
ցնցվեց: Նա կարող էր բռնել Տարարային ու գահասրահի պատշգամբից
նետել ներքև: Սակայն համբերեց: Գուշակը, արքայի ներողամտությունից

92

ոգևորված, արքունականների միջավայրում սկսեց բարձրաձայն խոսել
այն մասին, թե տիկնանց-տիկին Սաթենիկը ընկել է օձերի հմայքի տակ:
Մի քանի արքունականներ, կարծելով թե արքան անտեղյակ է, այդ մասին
հայտնեցին նրան: Արտաշեսն այլևս չհամբերեց և որոշեց գլխատել տալ
Տարարային: Գուշակին նա ասաց.
- Այդ դո՞ւ ես հորինել տիկնանց-տիկնոջ և օձերի բարեկամության մասին,
թե՞ մեկ ուրիշն է հուշել քեզ:
- Ոչ ոք էլ չի հուշել ինձ, տեր իմ, երազում ինձ այդ մասին հայտնել է Տիր
աստվածը:
- Մի ժամ հետո դահիճը կգլխատի քեզ:
- Խղճա ինձ, արքա, չէ՞ որ աստվածները քեզ բարի անունով են կնքել:
- Դահիճը կգլխատի քեզ:
- Ես չե՞մ կարող արդարանալ: - Ինչո՞ւ չէ, եթե Տիր աստվածը հիմա գար
այստեղ և հաստատեր քո ասածը, ես կփոխեի իմ վճիռը և նույնիսկ
ընծաներ կտայի քեզ:
- Տեր իմ, Տիրն ինչպե՞ս կարող է այստեղ գալ: Աստվածներն էլ նման են
երազներին, ոչ երազը կարող ես տեսանելի դարձնել երկրորդ մարդուն,
ոչ էլ որևէ աստծու:
Արտաշեսը լսեց Տարարային և մտքում ծանրութեթև անելով` նրա վերջին
խոսքը համարեց հանճարեղ: Արքային թվաց, թե բոլոր մարդիկ էլ մահից
առաջ իմաստնանում են:
Տարարային գլխատելը ամենևին էլ չհանգստացրեց Արտաշեսին:
Ընդհակառակը, նա սկսեց ավելի շատ կասկածել: Մի գիշեր կանթեղի
լույսի տակ արքան նկատեց Սաթենիկի խոպոպներն իրար միացնող
քորոցը: Տեսնելով քորոցի օձապատկեր գլխիկը` Արտաշեսն ասես
շանթահար եղավ: Արքան ձեռքը տարավ և կնոջ վարսահյուսքի միջից
հանեց քորոցն ու հարցրեց.
- Սա ով է տվել քեզ:
- Տատս: Նետիր այս քորոցը:
- Արտաշես, արքա, սիրելիս, այս քորոցը մեր տոհմական հմայիլն է, որը
հեռու է պահում մարդուն չարից ու դժբախտությունից:
- Բայց սա օձի գլուխ ունի:
- Եթե քեզնից բացի մարդկանցից որևէ մեկը ինձ մոտենա այլ
մտադրությամբ, այս օձը կխայթի նրան:

93

- Դեն նետիր, Սաթենիկ, սա այլևս հմայիլ չէ, սա ուժ ուներ միայն քո
հայրենիքում, այստեղ կորցրել է իր ուժը:
- Բայց այս փոքրիկ քորոցն ինչո՞ւ գրավեց քո ուշադրությունը
- Ես քեզ շատ եմ սիրում, Սաթենիկ:
Տիկնանց-տիկինը ժպտում է և բացատրություն չի պահանջում: Նա
արդեն ընտելացել է արքային: Երբ Արտաշեսն ասում է. ՙԵս քեզ շատ եմ
սիրում, Սաթենիկ՚, դա նշանակում է` մի հարցրու թե ինչու այս բանն
այսպես է, և ոչ թե այնպես:
Սաթենիկը խոստանում է նետել քորոցը: Բայց հանկարծ հասկանում է,
որ ինքը չի կարող հենց այնպես վերցնել ու շպրտել տոհմական նշանը,
թեկուզ և այն օձապատկեր գլուխ ունենա: Ալանական ոգիները կարող են
պատժել իրեն: Տիկնանց-տիկինը մտմտում է, մտմտում ու որոշում է
քորոցն ուղարկել տուն` Ալանաց աշխարհ:
Ամեն արքունիք հազար աչք ունի: Նույնիսկ տիկնանց-տիկինը
չկարողացավ մի քորոցի հանելը պալատից աննկատ պահել:
Օձապատկեր գլխիկով քորոցի եղած-չեղածը մի բան չէ: Բայց ահա
Մասյացոտնի նահապետ Մեմը իմացավ, թե ով և որ օրը Սաթենիկի
քորոցը պիտի տանի Ալանաց աշխարհ: Նաժիշտների մեջ նա, երևի,
վարձել էր մեկին և լուրեր էր ստանում: Իսկ Մեմի համար քորոց լինի թե
մի ուրիշ բան, ինչ կապված է Սաթենիկի հետ, կարևոր է: Իր երկու
ավազակաբարո զորականների ուղեկցությամբ Մեմը կտրեց Սաթենիկի
սուրհանդակի առջևը և ասաց.
- Ողջույն, բարեկամ, ճիշտ է, դու վաճառականի հանդերձով ես, բայց
ամենևին էլ վաճառական չես:
Ապշահար սուրհանդակը չի պատասխանում, իսկ Մեմը շարունակում է.
- Քեզ հանձնարարել են, որ դու հանդես գաս Տաոքսու անունով:
Բայց դե ինքդ էլ չգիտես, որ դա հնարովի անուն է, աշխարհում ոչ մի հայ
Տաոքսու անուն չունի: Իսկ քո իսկական անունն ինձ հայտնի է: Դե, բլբլա
և ինքդ քո լեզվով ասա անունդ:
- Ես քեզ ոչինչ չեմ ասի, - համառեց սուրհանդակը, չերկյուղելով այն
մտքից, որ երեք զորականների դեմ ինքը մեն-մենակ ոչինչ անել չի
կարող:
- Այդ դեպքում ստիպված եմ ինքս հիշեցնել քեզ, - կեղծ մեղմությամբ
ասաց Մեմը, - քո անունն Ատոմ է, այո, այո, լավ մտաբերիր, դու Ատոմն
ես ի տոհմեն Խաղաց, գավառեն Հովացա: Արտաշես արքայի

94

արքունիքում դու շրջում ես զորականի հանդերձով, այսօր
կերպարանափոխվել ես: Դու կարող ես մի պահ մոռանալ անունդ կամ
շփոթել Տաոքսու կեղծանվան հետ, բայց հազիվ թե չիմանաս, թե դեպի ուր
ես գնում: Դեհ, ասա, ու՞ր ես գնում:
- Դուք ավազակներ եք, ստահակներ, ես ձեզ ոչինչ չեմ պատասխանի,
կարող եք սպանել ինձ:
- Դու կարծում ես, թե մենք քո ճանապարհը փակել ենք քեզ սպանելո՞ւ
համար: Ոչ, ոչ սխալվում ես, մենք քեզ ձեռք չենք տա, դու մեզ պետք չես:
Մեզ պետք է այն քորոցը, հասկանում ես, օձապատկեր գլխիկով քորոցը,
որ թաքցրել ես գրպանումդ: -Ի՞նչ քորոց, ո՞վ ասաց, որ իմ գրպանում
քորոց կա:
- Եթե չլիներ, դու այդպիսի հարց չէիր տա: Մենք ձրի չենք ուզում, արի դու
այդ քորոցը վաճառիր մեզ, դե ի՞նչ տանք տինանց-տիկին Սաթենիկի
տոհմական նշանի համար:
- Ահ, դուք նույնիսկ այդ մասին գիտեք:
- Այդ էր պակաս, որ չիմանայինք: Տիր աստվածը հորեղբորս տղան է,
ամեն երեկո հյուր է գալիս ինձ և ասում, թե հաջորդ օրը յուրաքանչյուր
տղամարդ ինչ գործ պիտի կատարի: Հը, ի՞նչ տանք քորոցի դիմաց:
- Ոչինչ:
- Կարծում եմ մի ոսկին բավ է:
Ատոմն այնպիսի դիրք ընդունեց ասես պատրաստվում էր
դիմագրավելու: Չհասցրեց: Մեմի զորականներից մեկը պարանի օղը
շպրտեց Ատոմի վրա և ձգեց: Ատոմն ընկավ ձիուց: Մեմի օգնականները
խուզարկեցին և սուրհանդակի գրպանից հանեցին Սաթենիկի
վարսակալը:
- Հիմա վերադարձիր, - Ատոմին հրամայեց Մեմը, - և զեկուցիր քո
փափկասուն տիկնոջը, որ ամուսնուց քորոց թաքցնողը` դավաճանում է
ամուսնուն: Մեզ քո ետևից է ուղարկել Արտաշես արքան:
Այս բառերը Մեմն ասաց շինծու լրջությամբ: Հավանաբար նա մտածում
էր, որ եթե բռնվի` ամեն ինչում կարող են մեղադրել, բայց չեն կարող
ասել, որ նա սրտի բոլոր թելերով սիրում է տիկնանց-տիկնոջը:
Միայնակ մնալով, Սաթենիկի սուրհանդակը զգաց, որ մի պստլիկ քորոցի
պատճառով իր գլուխը վտանգի տակ է ընկնում: Ատոմը չէր կարողանում
կողմնորոշվել, բայց հասկանում էր, որ այս խմորը շատ ջուր կվերցնի: Նա
չկարողացավ ճանաչել երեք ավազակներից և ոչ մեկին:

95

Նրանք կերպարանափոխված էին և անկարելի էր մտաբերել որևէ մեկի
դեմքը:
Տիկնանց-տիկինը հանձնարարել էր Ատոմին հեռու մնալ աղմուկից և
վտանգավոր ընդհարումներից: Դե, ինքը` Ատոմն էլ էր ուզում հանգիստ
տեղ հասնել: Բայց ինչպե՞ս իմանար, որ իրեն հետապնդում են: Ովքե՞ր
էին այդ մարդիկ: Եթե արքայի հետախույզներն են, ապա ինչո՞ւ են եկել ու
հասել մինչև Կուրի ափը: Չէ՞ որ նրանք Ատոմին կարող էին ձերբակալել
դեռևս Արտաշատից դուրս չեկած: Բայց այս մարդկանց ինչի՞ն էր պետք
այդ աննշան քորոցը: Ասենք, Ատոմի խելքով` դա տիկնանց-տիկին
Սաթենիկին էլ պետք չէ: Եթե քորոցը պետք չէ, անհրաժեշտ է դեն գցել և
ոչ թե մի հեծյալի տալ և ասել, թե Հայքից տար Ալանաց աշխարհ: Այ քեզ
կնոջ խելք: Չէ, գեղջկուհի լինի թե տիկնանց-տիկին` կինը մնում է կին, մի
քորոցի պատճառով կարող է տերության գործերը խառնել:
Այս մտորումներով էլ սուրհանդակը վերդարձավ Արտաշատ: Լսելով
Ատոմին` տիկնանց-տիկինը շառագունեց ամբողջ դեմքով: Արձակելով
սուրհանդակին` Սաթենիկն անցավ իր առանձնասենյակը և կանչեց
Թինային: Թինան Սաթենիկի նաժիշտն էր:
Ներս մտնելով ու նկատելով Տիկնանց-տիկնոջ այլայլված դեմքը` Թինան
մոտ վազեց, գրկեց նրան և երկյուղած հարցրեց.
- Ի՞նչ է պատահել, դշխո:
- Ոչինչ, Թինա, ոչինչ կորցրածը մի բան չէ, բայց վախենում եմ լինելիքից:
Ատոմը տեղ չհասած` վերադարձել է…
- Կորցրե՞լ է քորոցը:
- Չի կորցրել, Թինա, ճանապարհին երեք դիմակավորված մարդիկ
հարձակվել և նրանից խլել են քորոցը:
- Դա դժբախտություն է, տիրուհի:
- Մտածիր, թե ինչ կարող ենք անել:
- Չիմացա՞վ, թե ինչ մարդիկ են:
- Ոչ: Կողոպտիչները հայտնել են, որ իրենք արքայի մարդիկ են: Ատոմը
կասկածում է, որ այդպես լինի: Նա ասում է` եթե դրանք արքայի մարդիկ
էին, ինչու են իմ ետևից եկել այդքան ժամանակ, երբ կարող էին
Արտաշատում, կամ Արտաշատի մոտ բռնել ինձ:
- Զգույշ լինենք, Սաթենիկ, քո տոհմական քորոցը մենք տուն
ուղարկեցինք գաղտնի: Հավանաբար արքան գլխի է ընկել…
- Ես կհայտնեմ արքային:

96

- Արագ վճիռ մի հանիր, Սաթենիկ: Պետք է լավ մտածել, ասելուց ինչքան
ես շահում և ինչքան կորցնում:
- Ինչո՞ւ պիտի կորցնեմ:
- Ինչպես էլ ներկայացնես արքային` նա չի հանդուրժի, որ դու Հայքից
գաղտնի սուրհանդակ ես ուղարկել Ալանաց աշխարհ:
Տիկնանց- տիկինը ականջալուր չեղավ նաժիշտին և նույն երեկոյան
Ատոմի հետ պատահած դեպքի մասին պատմեց արքային: Արտաշեսը
զարմանք կտրեց:
Արքային թվում էր, թե Սաթենիկն իրեն այնպես էր սիրում, որ ոչ մի
գաղտնի բան անել չէր կարող: Հազիվ զսպելով բարկությունը արքան
Սաթենիկին ասաց.
- Ատոմի ետևից ես ոչ մի մարդ չեմ ուղարկել:
Դա, երևի, նախարարներից մեկի մութ գործն է, որից չեմ կարողանում
գլուխ հանել: Նրա ինչի՞ն է պետք քո քորոցը:
Արտաշեսը Մաղխաղի միջոցով փորձեց գտնել քորոցը
բռնագրավողներին, բայց արդյունքի չհասավ: Հենց այդ օրերին պալատի
առջև երևացին թափառաշրջիկ երկու երգիչներ: Արտաշատում ոչ ոք չէր
կարող մտածել, որ երգիչներից մեկը դիմափոխված Մեմն էր: Նա
հրաշալի ձայն ուներ: Երգում էր հայկական, հունական երգեր: Բայց ահա
մի կարճ դադարից հետո ծորաց ալանական մի հին երգ: Տիկնանց-
տիկինը ելավ տեղից և դուրս եկավ պատշգամբ: Մեմն սպասում էր դրան:
Նա սկսեց իրար ետևից երգել ալանական բոլոր այն երգերը, որոնք
նվիրական ու սրտամոտ էին Սաթենիկին: Հուզմունքից տիկնանց-
տիկինն ասես քարացել էր: Երգիչները միանգամից լռեցին և, առանց
ընծայի սպասելու` պատրաստվեցին հեռանալ բակից: Հարազատ երգը,
որ Սաթենիկին տարել էր երազների աշխարհը, հայրենի տուն,
արյունակիցների մոտ, հենց որ ընդհատվեց` տիկնանց-տիկնոջը թվաց,
թե օրը միանգամից մթնեց: Միաժամանակ նրան թվաց, թե թափառական
երգիչները եկան, կողոպտեցին ու իրենց հետ տանում են իր երազները:
Տանում են, որ հանձնեն չար ոգիներին:
- Թինա, որտե՞ղ ես, Թինա…
- Լսում եմ, տիրուհի:
- Վազիր և ետ դարձրու այդ երգիչներին, ասա նրանց` թող բարեհաճեն
ինձ մոտ գալ:
Քիչ անց վերադարձավ թափառական երգիչների հետ:

97

Տիկնանց-տիկինը մի ոսկի մեկնեց երգիչներից մեկին և ասաց.
- Վերցրու և ասա ինձ` որտեղ ես սովորել ալանական երգերը:
Սաթենիկի հայերեն հարցումին Մեմը պատասխանեց ալաներեն:
- Ալանաց աշխարհում:
- Դու ալան ես:
- Ես սիրում եմ քեզ, տիրուհի:
- Ի՞նչ:
- Քո սիրուց ես հազար ձև եմ առնում:
- Ի՞նչ է քո անունը:
- Մեմ, ես Մասյացոտնի նահապետն եմ:
- Մասյացոտնի նահապե՞տն ես:
- Այո:
- Արքան գլխատել կտա քեզ, եթե իմանա, թե ինչ ասացիր ինձ:
- Բայց նա չի իմանա, չէ՞ որ ես կհայտնեմ նրան, չէ՞ որ ես պարտավոր եմ
հայտնել նրան:
- Ես սիրում եմ քեզ տիրուհի:
- Ինձ սիրել` նշանակում է կամավոր շարժվել դեպի կառափնարան:
- Կարծում ես ալաներեն իմանալով կտիրանա՞ս իմ սրտին:
- Ոչ: Բայց… Նաև ալաներենով…
- Ես սիրում եմ իմ ամուսին-արքային, իմ արքայազուն զավակներին, իմ
ընտանիքը:
Գնա քո երգերն ուրիշի պատշգամբի տակ երգիր…
- Տիրուհի ես սիրում եմ քեզ:
- Ես խոստանում եմ խնայել քեզ և այս զրույցի մասին չհայտնել արքային:
Իսկ հիմա գնա…

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

Երկու կանգուն բարձրությամբ գորշագույն մի սալ, որն իր ստորին մասի
եռատամով ագուցված է ժայռ-պատվանդանին, Փայտակարանի արձակ
հարթության մեջ երևում է մի քանի հրասախ հեռավորությունից: Դա

98

Արտաշես արքայի սահմանաքարն է Վրկանա ծովի ափին, Հայքի
հարավ-արևելյան ծայրում: Նրա վրա արամերենով գրված է. Կՙ անգ առ,
աստ երկիրն է Հայոց՚: Արտաշեսն այդպիսի սահմանաքարեր է դրել
այնտեղ, ուր վերջանում է հայերենը: Հայերենով գծեց ու
սահմանաքարերով հաստատեց Հայքի եզրերը: Բայց, իհարկե,
տերության բոլոր եզրերում չէ, որ նա սահմանաքարեր դրեց: Նրա
սահմանաքարերը, որպես հավերժական պահակ-զորականներ,
զգաստաբար տնկվեցին Հայքի արևելյան կողմի ողջ երկարությամբ,
հարավային և հյուսիսային կողմերի մեծ մասում:
Այնպես որ տերության սահմանաքարակիր եզրերը նման էին
աղեղնալարի: Չի ամբողջանում, ինչպես աղեղի լարը` ձգափոկը
կիսաշրջան է տալիս, բայց` ոչ շրջան:
Արտաշեսը սահմանաքարեր չդրեց Հայքի այն մասերում, որ
սահմանակից են Փոքր Հայքին և Ծոփքին:
Այդ էր պակաս, որ դներ:Մարդ ինչո՞ւ պիտի պատ դնի սեփական
սենյակի մեջ: Հո չի՞ խենթացել: Նախ Զարեհը կկարծի, թե Արտաշեսը
հաշտվում է Ծոփաց աշխարհի ինքնուրույնության հետ: Բայց ասենք թե
Արտաշեսը հաշտվեց: Հետո ինչ: Չէ՞ որ Ծոփքը ոչ Զարեհի
սեփականությունն է, ոչ էլ` Արտաշեսի: Ծոփքը Հայքի մի մասն է: Երբ էլ
լինի այն պետք է ձուլվի Հայքին: Եվ թող այդ մասին իմանան բոլորը, ու
առաջին հերթին` Զարեհը: Ծոփքի եզրերում Հայքի եզրի սահմանաքար
չես կարող դնել, որովհետև Ծոփքն իր տարածքով Հայքի մեջ է ընկնում և
եզր չունի օտար աշխարհի հետ:
Արտաշեսը սահմանաքարեր դրեց նաև նահապետական հողերի և
տաճարային կալվածքների եզրերին: Այս ներքին սահմանաքարերը փոքր
էին, մի կանգուն բարձրությամբ: Նրանց վրա դարձյալ արամերենով
փորագրված էր. Ես Զարեհի որդի Արտաշես Բարի Երվանդունի արքաս,
բաժանեցի հողն այս և դրեցի սահմանաքարը:
Արտաշեսը, սակայն, հասկանում էր, որ սահմանաքարերը չեն
հավերժացնում ոչ մի եզր: Աշխարհում հաստատուն եզր ու սահման չկա:
Երբ տիրակալները դատ ու դատաստանի են հավաքվում` առաջին
հերթին դիմում են մատյաններին: Մարդիկ սրբազան ու աստվածային են
համարում այն, ինչ գրված է գրքերի մեջ: Սահմանաքարերը
սահմանաքարեր, բայց չպետք է մոռանալ գրքերի մասին: Գրքերը

99

փորագրված քարերից էլ երկարակյաց են: Տերության արտաքին ու
ներքին եզրերի մասին պիտի գրել նաև մատյաններում:
Թող դպիրներն ընդօրինակեն այդ մատյանները և պահեն ոչ միայն
արքունի դիվանում, այլև բոլոր աստվածների տաճարներում, պահեն ոչ
միայն Մեծ Հայքում, այլև` Ծոփքում, Փոքր Հայքում, Կոմմագենեում:
Բոլոր հայերը պարտավոր են իմանալ Արտաշես արքայի
սահմանաքարերի ու հրովարտակների մասին;
Եվ Արտաշեսն սկսեց թելադրել Հայոց ժամապահ Տողին: Տողն սկսեց իր
մեծ մատյանում գրի առնել արքայի ասածները, որոնք իրար միանալով`
դառնում էին մի մեծ հրովարտակ` ուղղված բոլոր հայկազուններին:
«Հայքն այն երկիրն է, որի միջնամասում Մեծ ու Փոքր Մասիսներն են:
Արևմուտքում Հայքի սահմանը Գամիրքն է, հարավում` Ասորեստանը,
Ատրպատականն ու Մարաց աշխարհը, մինչև Երասխ գետի թափվելը
Վրկանա ծով: Արևելքում` ու հյուսիսում Հայքին սահմանակից են
Աղվանքը, Վիրքը և Եգեր աշխարհը: Հայքի անբաժան մասերն են Մեծ
Հայքը, Ծոփքը, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Հայքը Հայկ նահապետի
զարմի` հայերի հայրենիքն է, նրանց սեփական աշխարհը այս մեծ
աշխարհում: Երկրի եզրերն ավարտվում են այնտեղ, ուր վերջանում է
հայերեն խոսակցական լեզուն»:
«Ես իմ հայրենիքը պրովինցիաների չբաժանեցի, ինչպես հռոմեացիք»:
Պրովինցիայի փոխարեն տերության մեծ մասերը հայերս անվանում ենք
աշխարհ: Այո դա ավելի լավ անուն է, ինչպես համայն Հայքը, այնպես էլ
նրա յուրաքանչյուր աշխարհը հայի համար թանկ է աշխարհի չափ:
Աշխարհում ամեն ազգ իր աշխարհն ունի, մենք էլ մերն ունենք`
մասիսասյուն մեր հայրենիքը:
Արտաշես արքան, դպրին թելադրում էր աշխարհների անունները և
քաշվում գահասրահի այն անկյունը, որտեղ դրված էր հոր` ստրատեգոս
Զարեհի փոքրիկ արձանիկը: Պատկերահան-քանդակագործը Զարեհին
պատկերել էր այնպես, ինչպես նա կար: Արձանիկին մոտենալով`
Արտաշեսին թվում էր, թե մեջքով հենվում է հորը: Իսկ ուժեղ են զգում այն
մարդիկ, ովքեր մեջքով հենվում են իրենց հայրերին: Արտաշեսը շատ էր
սիրում հորը: Նրա համար ամենազորեղ աստվածը հայրն էր` Զարեհը:
Եվ իր գործերի համար Արտաշեսն ավելի շատ հաշվետու էր հորը, քան
Արամազդ աստծուն:

100


Click to View FlipBook Version