The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-27 13:41:26

ՆՈՐՔ 2018-III

2018-3

Keywords: armenian,armenia,fiction,literature,modern

ՌՈՒԶԱՆ – Պետք չէ նախապես մարդուն չարախոսել և անիմաստ եզրակացու-
թյուններ անել նրա հասցեին:

ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ, որ հասկացաք… Ես համոզված էի, որ ձեր հայացքները
կփոխվեն, երբ իմանաք իրականությունը: Իսկ ճանաչելուց հետո դուք անգամ չեք էլ
հավատա, որ նա այդպիսի կյանք է ունեցել: (Գնում է դեպի պատուհանը և նայում:
Շնչակտուր ետ է գալիս): Տե՜ր Աստված, գալիս է… Արագացրե՜ք, խնդրում եմ…
(Դնում է զվարճալի գլխարկը: Ամալյան և Ռուզանը նույնպես դնում են զվարճալի
գլխարկները: Վերցնում են պայուսակները և խոհարարուհու խալաթը: Տանում են
սենյակ ու ետ գալիս):

ԱՄԱԼՅԱ – Ի՞նչ պետք է անենք, պարոն Միքայել…
ՄԻՔԱՅԵԼ – Տորթը սառնարանո՞ւմ է…
ԱՄԱԼՅԱ – Իհարկե…
ՄԻՔԱՅԵԼ – Դե, ուրեմն՝ բոլորս դեպի խոհանոց… Ուզում եմ նա մեզ այստեղ
չտեսնի: Թող մտնի տուն և տեսնի այն, ինչին որ սպասում էր… (Անջատում է դաշ-
նամուրային երաժշտությունը և լույսը):
Միքայելը, Ամալյան և Ռուզանը մտնում են խոհանոց: Բեմը կիսախավար է:
Ներս է մտնում Արտավազդը՝ հնամաշ շորերով և ճամպրուկով։ Անխնամ վիճակում
է, գլխիկոր: Ճամպրուկը դնում է դռան մոտ և հոգոց հանում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Նորից նույնը… Հետաքրքիր է, թե որտե՞ղ է ավելի վատ: Բանտո՞ւմ,
թե՞ տանը: Անտեղ գոնե մենակ չէի: Ինչպես անիմաստ 8 տարիս անցավ, մնացած
կյանքս էլ կանցնի այս պատերի մեջ: Եկել եմ, վերադարձել եմ… Ու չգիտեմ, պե՞տք
էր վերադառնալ, պե՞տք էր նորից այստեղ գալ․․․ Սա էլ ինձ համար մի նոր բանտ է
դառնալու․․․ Որովհետև ոչ ոք ինձ այստեղ չի սպասելու, որովհետև այս դուռը միայն
ես պիտի բացեմ ու փակեմ… Գուցե պետք էր մի ուրիշ տեղ գնալ, անգամ մի ուրիշ
երկիր, որ ջնջվեր, անէանար ամեն ինչ, ու հիշողությունները նորից չտանջեին…
Գիտեմ, հիմա ավելի դժվար է լինելու, որովհետև ամեն րոպե ու ժամ ես պիտի
բախվեմ իրականությանը… (Մոտենալով դաշնամուրին): Բարև, դաշնամուր… Իմ
հին ու միակ հավատարիմ ընկեր… Գիտեմ, կարոտել ես ինձ, միայն դու ես կարոտել,
այստեղ ես, որպեսզի ինձ հետ լինես, իմ կողքին… Ինչքա՜ն երջանիկ պահեր ենք
ունեցել միասին… (Նստում է դաշնամուրի մոտ և սկսում նվագել: Միքայելը կամաց
դուրս է գալիս խոհանոցից՝ տորթը ձեռքին: Սենյակի լույսը վառում է:
Արտավազդը զարմացած շրջվում է: Ներս են մտնում Ամալյան և Ռուզանը՝ փու-
չիկներով: Ծափահարում են: Արտավազդը քարացած նայում է նրանց: Միքայելը
տորթը դնում է սեղանին և փաթաթվում Արտավազդին:
ՄԻՔԱՅԵԼ – Բարի վերադարձ, եղբա՜յր…
ԱՐՏԱՎԱԶԴ – Միքայել, դո՞ւ ես… (Փաթաթվում է Միքայելին):
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, շնորհավո՜ր…
ՌՈՒԶԱՆ – Շնորհավորում ենք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ… Բայց դուք…
ՄԻՔԱՅԵԼ – Նրանք քո հյուրերն են, Արտավազդ: Այս ամենը, ինչ որ տեսնում ես,
նրանց ձեռքի աշխատանքն է… Անակնկալ ընդունելությունը՝ նույնպես:

99

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հյուրեր չեմ հրավիրել… Ինչո՞ւ են եկել…
ՄԻՔԱՅԵԼ – Ե՛ս եմ հրավիրել նրանց… Փորձեցի գոնե այս կերպ նոր կյանքդ
գունավորել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Կյանքս իր գույնը վաղուց է կորցրել և հաստատ այս անծանոթ-
ների ներկայությունը չի՛, որ կարող է նորից գունավորել այն:
ՄԻՔԱՅԵԼ – Կարո՞ղ ես քեզ մի քիչ քաղաքակիրթ պահել: Չէ՞ որ նրանք այստեղ
են՝ իմ խնդրանքով:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այս գույնզգույն ընդունելության ներքո ես ինձ ծաղրածու եմ զգում:
ՄԻՔԱՅԵԼ – Ծաղրածուն ամենաերջանիկն է, որովհետև ծիծաղում է արցունքի
միջից:
ԱՐՏԱՎԱԶԴ – Միքայել, դու մի՞թե չես հասկանում, որ այս մարդիկ եկել են ծիծա-
ղելու ինձ վրա… Այս տարիների ընթացքում ինձ ծաղրելու առիթը ոչ ոք չի կորցրել:
ՌՈՒԶԱՆ – Դուք մեզ ճիշտ չեք հասկացել:
ԱՄԱԼՅԱ – Մենք համաձայնեցինք մնալ, որպեսզի կարողանաք ձեր տրամադրու-
թյունը բարձրացնել: Չէ՞ որ կյանքն առջևում է: Ամեն ինչ վերջացած չէ: Պետք է
շարունակել պայքարել և ապրել… Հասկանում եմ, թե ինչ եք զգում այս պահին:
ՌՈՒԶԱՆ – Մենք նաև հիանում ենք ձեր ստեղծագործական աշխարհով: Մենք
ծանոթ ենք ձեր երաժշտությանը և ծանոթ լինելով նաև ձեր կյանքի դժբախտու-
թյանը՝ փորձում ենք ոգևորել ձեզ: Կյանքում պատահում է ամեն ինչ, բայց այդ ամեն
ինչը չի կարող ստիպել, որպեսզի կյանքը համարեք վերջացած:
ԱՄԱԼՅԱ – Գիտեք, առաջին անգամ ամուսնուս հետ հանդիպել եմ սրճարանում՝
ձեր երաժշտության ներքո:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ուրեմ ն գնացե՛ք ձեր ամուսնու մոտ և ինձ հանգիստ թողեք:
Չարժե ինձ պես մեկի համար ձեզ զրկել ամուսնու կողքին լինելու հաճույքից:
ԱՄԱԼՅԱ – Կգնայի, եթե կարողանայի…
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, հանգստացեք:
ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ, ինչպե՞ս ես խոսում… Խելագարվե՞լ ես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք, ես չգիտեի...
ՄԻՔԱՅԵԼ – Հանգստացիր, Արտավազդ… Քեզ ի՞նչ պատահեց:
ՌՈՒԶԱՆ – Սպասեք, ես հիմա ջուր կբերեմ: (Գնում է խոհանոց):
ԱՄԱԼՅԱ – Իսկ միգուցե նրան պառկեցնենք բազմոցի՞ն:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիվանդ չե՛մ…
(Գալիս է Ռուզանը՝ ջուրը բերելով):
ՌՈՒԶԱՆ (Արտավազդին) – Խնդրեմ, վերցրեք… (Արտավազդը խմում է ջուրը և
Ռուզանը բաժակը դնում է սեղանին):
ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ… Եղբայր… առաջարկում եմ նշել վերադարձդ… Բոլո-
րին հրավիրում եմ սեղանի շուրջ:
(Արտավազդը մի պահ նայում է Ամալյային և Ռուզանին: Վերջիններս էլ՝ Արտա-
վազդին: Միքայելը անորոշ կանգնած է, կարծես չգիտի ինչ ասի):
ԱՄԱԼՅԱ – Հիանալի գաղափար է: Իսկ ես կկտրեմ տորթը:

100

ՌՈՒԶԱՆ – Ես ձեզ կօգնեմ խոհանոցում: (Ամալյան և Ռուզանը տորթը վերցնում
են և անցնում խոհանոց: Միքայելը նստում է բազմոցին՝ Արտավազդի կողքին):

ՄԻՔԱՅԵԼ – Դու արժանի ես այսպիսի ընդունելության:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ներիր, բայց ես պետք է այցելեմ ծնողներիս գերեզման: Դա միակ
վայրն է, որտեղ ես կարող եմ հանգստանալ: Այս տարիների ընթացքում նրանք են
ինձ ուժ տվել ապրելու:
ՄԻՔԱՅԵԼ – Իհարկե, հասկանում եմ, թե ինչ ես զգում այս պահին… Ես կարող
եմ քեզ հետ գալ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ… Շնորհակալ եմ: Ուզում եմ այնտեղ մենակ լինել: (Վեր է կենում:
Միքայելը նույնպես կանգնում է: Արտավազդը քայլում է դեպի դուռը: Հետո շրջվում
է, նայում Միքայելին):
ՄԻՔԱՅԵԼ – Շուտ կվերադառնաս, եղբայր…
(Արտավազդը կարծես քարացած, այնուամենայնիվ գլխով դրական շարժում է
անում և դուրս գնում: Բեմում մնում է միայն Միքայելը՝ անորոշ կանգնած: Հետո
նստում է բազմոցին և տեսնելով դռան մոտ գտնվող Արտավազդի ճամպրուկը՝ մեղմ
ժպտում է: Ներս է մտնում Ամալյան):
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավա՜զդ… (Տեսնելով միայնակ Միքայելին): Նա ո՞ւր գնաց:
ՄԻՔԱՅԵԼ – Գնաց այնտեղ, ուր պետք էր գնալ…

ՄԹՆԵՑՈՒՄ

(Կիսամութի մեջ կանգնած են Միքայելն ու Արտավազդը):
ՄԻՔԱՅԵԼ – Ինձ թվաց՝ դուրդ չեկավ այն ամենը, ինչ կազմակերպել էի քեզ ուրա-
խացնելու համար:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես եկա իմ մենակության հետ ապրելու:
ՄԻՔԱՅԵԼ – Մենակության հետ չեն ապրում… Մենակության հետ հոգեբուժա-
րան են գնում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինձ համար հոգեբուժարանը փրկություն կլիներ: Հիմա ես նման
եմ ափ դուրս գցած ձկան, որը շնչահեղձ է լինում, որի օդը չի հերիքում… Ու այս ամենն
ինձ համար ընդամենը թատրոն էր: Վարագույրը փակվեց, ու ես մնացի դատարկ
դահլիճում՝ մթության մեջ…
ՄԻՔԱՅԵԼ – Թող թատրոն լինի, բայց ես չեմ ուզում, որ ապրես ինքդ քեզ դատա-
պարտած, կախաղան հանած:
ԱՐՏԱՎԱԶԴ – Քեզ ամեն ինչ հեշտ է թվում, որովհետև դո՛ւ չես ապրել մղձա-
վանջը, դո՛ւ չես 8 տարի շարունակ մեղքի գիտակցումը պահել սրտիդ մեջ: Մինչև
տուն հասնելը ես ուզում էի ստվեր դառնալ, որ մարդիկ ինձ չտեսնեին, չճանաչեին,
որ հանկարծ իմ դեմ չելնեին այն անմեղ զոհի հարազատները, նրա կինը… Այս թատ-
րոնը լավն էր, գույնզգույն էր, բայց սրանից զատ կա կյանքը՝ գրաֆիկական խստու-
թյամբ, սևով ու սպիտակով… Ես շնչահեղձ կլինեմ սևի ու սպիտակի մեջ…

101

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Դու պետք է փոխես քո պատկերացումները: Պիտի փոխես ինքդ քեզ…
8 տարի է անցել, Արտավազդ… 8 տարի դու խաչվածի կյանքով ես ապրել: Բանտում էլ
կորուստներդ շատ են եղել: Դրա համար պիտի ուժ գտնես քո մեջ, պիտի ամուր լինես…

ԱՐՏԱՎԱԶԴ – Տերտերի բառեր ես ասում, Միքայել… Վաղուց սին քարոզներին ու
հորդորներին չեմ հավատում… Վաղո՜ւց… Գիշերներն ուրվականներ էին գալիս ինձ
հյուր, բռնում էին ձեռքերիցս ու քաշում… Նրանք ինձ նստեցնում էին էլեկտրական
աթոռի վրա և պարտադրում էին վերջին խոսք ասել… Ես այդ վերջին խոսքն ասում
էի հաճույքով, որովհետև ուզում էի մեռնե՜լ, հեռանա՜լ… Ցերեկները գնում էի բանտի
ճաշարան, կանգնում պատուհանի մոտ… Այնտեղից երևում էր փոքրիկ քաղաքը…
Ես նայում էի այդ քաղաքին, տներին, շարժվող ավտոմեքենաներին, ու ավելի էր իմ
մեջ խտանում դատապարտվածության զգացումը… Ամեն ինչ շարժվում էր, իսկ ես
կանգնած էի նույն տեղում և անփութորեն հետևում էի օրացույցի փոխվող օրերին,
որոնք ոչինչ չէին փոխում, միայն կրճատում էին դեպի տուն բերող ճանապարհը:

ՄԻՔԱՅԵԼ – Ուրեմն, դու միշտ մտածել ես տուն բերող ճանապարհի մասին:
ԱՐՏԱՎԱԶԴ – Մտածել եմ ու ամբողջ հոգով ցանկացել եմ, որ այն չլինի, որ գի-
շերը հայտնվող ուրվականներն առմիշտ ինձ տանեին հեռո՜ւ… հեռո՜ւ…
ՄԻՔԱՅԵԼ – Շուտ ես անձնատուր եղել: Շուտ ես կամեցել փակել հաշիվներդ
կյանքի հետ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ի՞նչ պիտի անեի… Ինչո՞ւ մտածեի վերադարձի մասին, երբ
այստեղ ամեն ինչ այլ էր, երբ քանդվել էր ընտանիքս, երբ միակ աղջիկս հեռու է
ինձանից, երբ ընտանիք բառն արդեն օտար է, թշնամացած…
ՄԻՔԱՅԵԼ – Էվելինան, այո, դաժան ու անարդար գտնվեց քո հանդեպ, բայց…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ բայց… Խոսի՛ր, էլի արդարացրո՛ւ, էլի նրան հալածված առա-
քյալ ու սրբուհի ներկայացրու: Ասա, որ նա մեղավոր չէր, որ նրան պետք էր ապրել,
մեծացնել աղջկան…
ՄԻՔԱՅԵԼ – Եվ կասեմ…Բայց ո՛չ արդարացնելով և ո՛չ էլ սրբուհու լուսապսակ դնելով:
Նա ծանր օրեր ունեցավ: Նա ինքն անորոշության մեջ էր… Դու բանտում էիր, կտրված
աշխարհից, իսկ նա այստեղ էր, մարդկանց մեջ, ովքեր խղճահարությամբ էին
նայում նրան: Ովքեր խորհուրդ էին տալիս ապրել նոր կյանքով՝ հանուն երեխայի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց այդ երեխան հայր ուներ, որը մեռած չէր, որն ընդամենը
8 տարով հայտնվել էր բանտում: Այդ մարդուն կնոջ ու երեխայի ջերմությունն էր
պետք, նրանց ներկայությունն էր պետք, որպեսզի չխեղդվեր, որպեսզի հավատար,
որ ամեն մի գիշեր ունի լուսաբաց: Իսկ նա… Թող ամպագոռգոռ չհնչի, բայց դեկա-
բրիստուհիները քայլեցին իրենց ամուսինների հետ, սիբիրներ հասան… Ինչու՞
միայն նրանք: Գաղութում շատ էին այն բանտարկյալները, որոնց կանայք ու երե-
խաներն այցելության էին գալիս, նամակներ էին գրում, զանգում էին…
ՄԻՔԱՅԵԼ – Ամեն մեկն ի՛ր ձևով է պատկերացնում կյանքը: Ամեն մեկն ապրում
է ի՛ր նման:
ԱՐՏԱՎԱԶԴ – Համաձայն եմ, ճիշտ ես… Գուցե անառարկելիորեն ճիշտ: Իսկ դու,
որպես ընկեր, մի անգամ փորձեցի՞ր խոսել նրա հետ, բացատրել, հասկացնել:

102

ՄԻՔԱՅԵԼ – Ես մի քանի անգամ փորձել եմ զրուցել, բացատրել, համոզել… Բայց
ավելին անել չեմ կարողացել… Նա իրենն է պնդել: Հերթական անգամ, երբ գնացի նրա
հետ խոսելու՝ մոր տանը, ուր տեղափոխվել էր հիվանդանոցից դուրս գալուց հետո…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ խոսեցիր…
ՄԻՔԱՅԵԼ – Ոչինչ… Նա այլևս այնտեղ չէր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչպե՞ս թե…
ՄԻՔԱՅԵԼ – Նա երեխայի հետ գնացել էր երկրից: Ավելի ճիշտ՝ փախել էր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Փախե՞լ էր… Ինչի՞ց…
ՄԻՔԱՅԵԼ – Խայտառակությունից... Ինչպես նրա մայրը նկարագրեց:
ԱՐՏԱՎԱԶԴ – Կարելի է ենթադրել, որ իմ դատապարտմանը նա սպասել էր,
որպեսզի հայտնվեր իր պատկերացրած ազատության մեջ:
ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ, մի շտապիր դաժան եզրակացություններ անել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես 8 տարի մտածել եմ այդ մասին… Չեմ շտապում:
ՄԻՔԱՅԵԼ – Գուցե դեռ ամեն ինչ կորած չէ… Գուցե հանդիպեք, և ամեն ինչ փոխվի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչինչ էլ չի փոխվի: (Գնում է դեպի դուռը, վերցնում ճամպրուկը,
բերում դնում է բազմոցին: Բացում է, այնտեղից հանում է կյանքի օրագիրը: Նստում
է բազմոցին: Ցույց տալով օրագիրը): Ա՛յ՝ սա է իմ անփոփոխ կյանքը, Միքայել...
ՄԻՔԱՅԵԼ – Սա ի՞նչ է...
ԱՐՏԱՎԱԶԴ – Դաժան ու անգույն կյանքիս օրագիրը: Իմ միակ ընկերն այդ դժոխքի
մեջ: Ամեն օրը, րոպեն ու վայրկյանը ես կիսել եմ նրա հետ: Խոսել ու պատմել եմ
ապրումներիս մասին: (Օրագիրը դնում է բազմոցին):

103

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Կյանքը շարունակվում է: Այժմ դու նոր կյանքով պիտի ապրես, նոր
գույներով ու պայքարի նոր տեսակով:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիմա միայն աղջկաս եմ ուզում տեսնել, գրկել ու համբուրել
նրան: Նայել աչքերի մեջ ու ասել, որ իր հայրն եմ, իր հարազատն եմ, որ օրուգիշեր
երազել եմ իր հետ հանդիպման մասին: Բայց որտե՞ղ է նա: Նրան ինչպե՞ս գտնեմ:
Աշխարհի ո՞ր ծայրում: (Արտավազդը մոտենում է դաշնամուրին: Մատները սահեց-
նում ստեղների վրայով: Ինչ-որ մեղեդի է նվագում): Միքայել, իսկ դու չե՞ս ամուսնացել…

ՄԻՔԱՅԵԼ – Եթե ամուսնանայի, առաջինը դու կիմանայիր…
(Բեմը լուսավորվում է):
(Խոհանոցից գալիս են Ամալյան և Ռուզանը՝ տորթի ափսեներով):
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ես համոզված եմ, որ իմ պատրաստած տորթից
չեք հրաժարվի: (Ափսեն դնում է սեղանին):
ՌՈՒԶԱՆ (Արտավազդին) – Մաեստրո՜… (Ափսեն դնում է սեղանին):
ԱՐՏԱՎԱԶԴ – Պետք չէ ինձ Մաեստրո ասել:
ՌՈՒԶԱՆ – Մի մոռացեք ով եք եղել: Մենք միշտ հիացել ենք ձեզնով՝ չճանաչելով ձեզ:
ՄԻՔԱՅԵԼ – Եվ այս հիացմունքի պահն արժե շամպայնով նշել:
(Միքայելը Արտավազդին տանում է սեղանի մոտ: Տպավորությունն այնպիսին է,
որ Արտավազդը չի ցանկանում մոտենալ սեղանին, սակայն քաղաքավարությունից
ելնելով չի հրաժարվում սեղան նստել: Միքայելը բացում է շամպայնը: Ամալյան և
Ռուզանը ծափահարում են: Լցնում է բաժակները):
ԱՄԱԼՅԱ և ՌՈՒԶԱՆ – Ձեր կենա՜ցը…
ՄԻՔԱՅԵԼ – Կենա՜ցդ, Արտավազդ… Բարի վերադարձ: (Խմում են):
(Զանգում է Միքայելի բջջային հեռախոսը):
ՄԻՔԱՅԵԼ – Ներեցեք… Ալո՜… Այո, պարոն Բալայան: Կարող եք չանհանգստա-
նալ: Ես քիչ հետո ձեզ մոտ կլինեմ: (Անջատում է): Ներողություն եմ խնդրում… Հաճա-
խորդներիցս մեկն էր: Ես պետք է հեռանամ: (Ամալյային և Ռուզանին): Իսկ ձեզանից
հոգաչափ շնորհակալ եմ: Համոզված եմ, որ կյանքում կմնանք լավ ընկերներ: Պետք
է գնամ և ավարտին հասցնեմ հոգեբանական կուրսը: (Արտավազդին): Եղբայր, ես
շատ չեմ ուշանա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ…
(Միքայելը մեղմ ժպտում է և դուրս գնում):
Բեմում մի պահ քար լռություն է: Արտավազդը, Ամալյան և Ռուզանը նայում են
իրար: Ամալյան աթոռը մի քիչ հեռու է տանում՝ հնարավորինս աննկատ: Տպավորու-
թյունը շարունակվում է, որ նա վախենում է հանցագործից, այս անգամ ավելի շատ,
քանի որ Միքայելը հեռացել է:
ՌՈՒԶԱՆ – Սուրճ կխմե՞ք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ… շնորհակալ եմ:
ԱՄԱԼՅԱ – Իսկ ես չէի հրաժարվի, միայն դառը: Բայց նախ պետք է սեղանը հա-
վաքել: (Ուզում է կանգնել):
ՌՈՒԶԱՆ – Մի անհանգստացեք: Իս ինքս: (Սկսում է սեղանը հավաքել):

104

(Արտավազդը է նստում բազմոցին):
ԱՄԱԼՅԱ – Գիտեք, երբեմն կյանքը մատուցում է այնպիսի անակնկալներ, որ
երբեք չես սպասի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե, ակամայից հայտնվում ես այնտեղ, որտեղ չպետք է լինես…
ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց այս պարագայում ես մեղադրում եմ ձեր կնոջը և
աղջկան: Նրանք չպետք է այդպես վարվեին ձեզ հետ: Այս ամենը ապացուցում է, որ
նրանք ձեզ չեն սիրել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Երևի ճիշտ եք ասում, սակայն աղջիկս կապ չունի այս ամենի հետ:
Նրան հաստատ իր մայրն է հեղափոխել ու պատմել ամենասարսափելին, ինչը իրա-
կանությանը չի համապատասխանում… Այն ժամանակ դուստր 10 տարեկան էր:
ԱՄԱԼՅԱ – Բայց արդեն մեծ է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո, 18 տարեկան է աղջիկս… Բայց ո՞ւր է…(Սրբում է արցունքները):
ՌՈՒԶԱՆ – Ձեզ ի՞նչ պատահեց…
ԱՄԱԼՅԱ – Ռուզան, ավելի լավ է թող արտասվի: Կթեթևանա:
(Ռուզանն անցնում է խոհանոց):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես քաջ գիտակցում եմ, որ ապագայում էլ ինձ սպասվում է այս
նույն մենակությունը, ինչի միջով որ անցա 8 տարի շարունակ:
(Գալիս է Ռուզանը՝ բերելով Ամալյայի սուրճը և դնում է սեղանին):
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեր սուրճը պատրաստ է… (Ամալյան վերցնում է սուրճը):
ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ, սիրելիս:
ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդ, դուք վստա՞հ եք, որ ձեզ ոչինչ պետք չէ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ… Դուք օտար լինելով արեցիք առավելագույնը,
ինչի մի փոքրիկ մասը չկարողացան նվիրել մտերիմներս:
(Ամալյայի բջջայինը զանգում է):
ԱՄԱԼՅԱ – Ալո՜… Բարև, մայրիկ: Այո՜… Այո՜… պատվիրատուի տանն եմ… Հա-
մարյա վերջացրել եմ… Խնդրում եմ, չմոռանաս բժշկի նշանակած դեղերը խմել: Մի
անհանգստացիր, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է… Շուտով տանը կլինեմ… (Անջատում
է բջջայինը: Շարունակում է սուրճը խմել):
ՌՈՒԶԱՆ – Մաեստրո՜…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի ինձ այդպես չանվանե՛ք… (Ամալյան Ռուզանին հայացքով
հասկացնում է դեմ չգնալ):
ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդ, իսկ ձեր ծնողներն ինչո՞ւ երես թեքեցին ձեզանից…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես համոզված էի, որ նրանք այդպիսի բան չէին անի:
ԱՄԱԼՅԱ – Ինչպե՞ս թե… ինչո՞ւ եք անցյալով խոսում…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ծնողներս մահացան, երբ 2 տարեկան էի: Իսկ ամենացավալին
այն է, որ նրանք մահացան ավտովթարից: «Ավտովթար» ասվածը դարձել է կյանքիս
ուղեկիցը… Երազում էի և միևնույն ժամանակ վախենում տեսնել այն կնոջը, ում դըժ-
բախտացրի: Ճիշտ է ինձ ներել հնարավոր չէ, բայց կցանկանայի վախս հաղթահարելով
նայել նրա աչքերի մեջ ու աղերսել, որ ների ինձ․․․ եթե իհարկե կարող է: Բայց ինչպե՞ս
գտնեմ նրան… Ո՞ւր է նրան կյանքը տարել… Աստվա՜ծ իմ…Ներեցեք, բայց ես ուզում եմ
մենակ մնալ…

105

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ (կարծես սպասում էր այդ խոսքերին) – Շա՜տ լավ… Բայց ես համոզված
եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ: Երևի այս պատահական օրով սկիզբ դրվեց
մեր ընկերությանը: Ես էլ պետք է մայրիկիս տեսնեմ: (Կանգնում է):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ մի խնդիր… Հասկանում եմ, որ դուք ունեք ձեր կյանքը: Ռուզան,
շնորհակալ եմ նաև ձեզ: Ճիշտ է, վախենում եմ մենակությունից, բայց և այնպես չեմ
կարող չընդունել ճակատագիրս: Կյանքս անիմաստ է... (Գլուխն առնելով ձեռքերի
մեջ): Ես չեմ ուզում ապրել…

(Ամալյան ուզում է հեռանալ, բայց վերջին բառերը լսելով մի պահ կանգնում է:
Խղճահարությամբ նայում է Արտավազդին: Ռուզանն ու Ամալյան նայում են իրար: Ռու-
զանը հայացքով կանչում է Ամալյային: Ամալյան մոտենում է նրան և նստում սեղանի
մոտ: Արտավազդը հայացքը բարձրացնում է և նրանց նորից տեսնում նստած):

ԱՐՏԱՎԱԶԴ – Սպասեք, ես հիմա կգամ… (Մտնում է սենյակ):
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեր մայրը կարո՞ղ է մի քիչ էլ սպասել…
ԱՄԱԼՅԱ – Ինչի՞ն սպասել…
ՌՈՒԶԱՆ – Ձեր տուն վերադառնալուն:
ԱՄԱԼՅԱ – Նա իմ վերադարձին շա՜տ է սպասել...
ՌՈՒԶԱՆ – Հուսով եմ, կհասկանա ձեր կողմից կատարած այդ արժեքավոր քայլը:
ԱՄԱԼՅԱ – Ռուզան, աղջիկս, չեմ հասկանում, թե ինչի մասին ես խոսում:
ՌՈՒԶԱՆ – Կմնա՞ք ինձ հետ այստեղ մինչև պարոն Միքայելի վերադարնալը:
Խնդրում եմ, այդպես վախեցած մի արձագանքեք: Նա մարդկային ջերմության կա-
րիք ունի: Ի՞նչ է, չնկատեցի՞ք: Ես նրա խոսքերից հասկացա, որ մենակ մնալով կա-
րող է ինքնասպան լինել: Նրան հարկավոր է ետ պահել իր որոշումից:
ԱՄԱԼՅԱ – Մենակ մնալ մեկի հետ, ով բանտից նո՞ր է վերադարձել… Չէ՞ որ պարոն
Միքայելը տանը չէ… Մենք այս մարդուն չենք ճանաչում ու չգիտենք, թե ինչի է
ընդունակ անկախ նրա լավ ու մարդկային կիրթ տեսակից… Այս տարիների ընթացք-
ում նրա արժեքային համակարգը հաստատ փոխված կլինի:
ՌՈՒԶԱՆ – Բայց չէ՞ որ մենք կարող ենք մարդկային կյանք փրկել:
(Սենյակից գալիս է Արտավազդը՝ ձեռքին 2 ձայնասկավառակ, մեկնում է նրանց):
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, սա վերցրեք որպես շնորհակալություն:
(Ամալյան վերցնում է ձայնասկավառակը և մտնում է սենյակ: Սենյակից հայտնվում
է պայուսակն ու խոհարարուհու խալաթը ձեռքին և արագ դուրս գալիս: Ռուզանը
նայելով դռանը՝ հուսահատ նստում է: Հետո արագ մտնում է սենյակ:
Բեմում Արտավազդն է: Արտավազդը նստում է բազմոցին: Ներս է մտնում Ռու-
զանը՝ պայուսակն ուսին):
ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավա՜զդ… Ներեցեք, բայց ես էլ… (Այդ պահին ետ է գալիս՝
Ամալ յան):
ԱՐՏԱՎԱԶԴ (Ռուզանին) – Ինչ որ բա՞ն էիք ուզում ասել…
ԱՄԱԼՅԱ – Այո… մենք դեռ կմնանք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինձ խղճալ պետք չէ՛… Կարող եք հե՛նց հիմա հեռանալ:
ՌՈՒԶԱՆ – Դուք մեզ ճիշտ չեք հասկանում:

106

ԱՐՏԱՎԱԶԴ – Այլևս ո՛չ մի խոսք… Կյանքում ատել եմ խղճահարությունը: Ես չեմ
սիրում ողորմություն մուրալ… Հեռացե՛ք իմ տնից:

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց մենք հիմա չենք կարող հեռանալ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ուզում եմ մենա՜կ մնալ…
ՌՈՒԶԱՆ – Բայց չէ՞ որ մենք ձեր հյուրերն ենք, իսկ հյուրերի հետ այդպես չեն
վարվում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հյուր չեք… Հյուրերին հրավիրում են: Իսկ ես ձեզ չեմ հրավիրել:
ՌՈՒԶԱՆ – Դո՛ւք չեք հրավիրել, պարոն Միքայե՛լն է հրավիրել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո՛, հրավիրել է, որպեսզի գաք և խղճաք ինձ: Փորձեք օգնել, ինչ-
պես օգնում են կործանված մեկին… Ես անկոչ հյուրեր չեմ ընդունում:
ԱՄԱԼՅԱ – Մեզ հաճելի է լինել անկոչ հյուրի կարգավիճակում:

ՄԹՆԵՑՈՒՄ

Բեմը լուսավորվում է: Երեկո է: Ամալյան արդուկում է Արտավազդի հագուստը:
Ռուզանը սեղանն է հավաքում: Արտավազդի ճամպրուկը դրված է բազմոցին՝ բաց-
ված վիճակում: Ամալյան Արտավազդի վերնաշապիկներից մեկը կախում է կախի-
չից և դնում բազմոցին, իսկ կոստյումը կախում է աթոռին):

ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդը քնա՞ծ է…
ԱՄԱԼՅԱ – Հավանաբար… Չարժե նրան խանգարել:
ԱՐՏԱՎԱԶԴ (ներսից) – Դուք ինձ չեք խանգարում, ես քնած չեմ… Հիմա կգամ:
ՌՈՒԶԱՆ – Հուսով եմ, այս անգամ սուրճից չեք հրաժարվի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ կլինեմ, աղջիկս… Միայն խնդրում եմ՝ դառը:
ԱՄԱԼՅԱ – Ինձ նույնպես:
ՌՈՒԶԱՆ – Շատ լավ… Պետք է նրա համար առանձնահատուկ սուրճ եփել:
ԱՄԱԼՅԱ – Իսկ ես նրա համար յուրահատուկ բաղադրատոմսով էլի ուտելիք եմ
պատրաստել… Սառնարանում է: Այդ բաղադրատոմսով մեր ռեստորանը դիմավո-
րում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Իսկ այսօրվա մեր բարձրաստի-
ճան պաշտոնյան՝ պարոն Արտավազդն է:
(Ռուզանը մտնում է խոհանոց: Ամալյան մյուս վերնաշապիկն էլ է կախում կախի-
չից: Հետո ճամպրուկից հանում է ևս մի քանի հագուստ և գցում հատակին): Սրանք
պետք է լվանալ… (Ներս է մտնում Ռուզանը, ձեռքին սկուտեղ սուրճի 3 բաժակներով):
ՌՈՒԶԱՆ – Սուրճը պատրաստ է…
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, համեցեք…
(Ներս է մտնում Արտավազդը՝ գեղեցիկ հագնված: Մազերը հարդարելով և վերնա-
շապիկի կոճակներն ամրացնելով: Ամալյան ու Ռուզանը հիացած նայում են):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչ որ բան ա՞յն չէ…
ԱՄԱԼՅԱ – Դուք պարզապես անզուգական եք:
ՌՈՒԶԱՆ – Իսկական Մաեստրո՜…

107

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Պետք չէ չափազանցնել:
ԱՄԱԼՅԱ – Ձեզ մնում է միայն այս կոստյումը հագնել… Խնդրում եմ, թույլ տվեք
օգնել: (Ամալյան կոստյումը աթոռի վրայից վերցնում է և օդում պահում, որ Արտա-
վազդը հագնի: Արտավազդը հագնում է: Ներս է մտնում Միքայելը և զարմանքից
քարացած, կարծես աչքերին չհավատալով, մնում է տեղում կանգնած):
ՌՈՒԶԱՆ – Համեցեք, սեղանի մոտ…
ԱՄԱԼՅԱ – Իսկ ես ձեզ համար հատուկ ուտեստ եմ պատրաստել: (Գնում է խոհանոց):
(Արտավազդն ու Ռուզանը նստում են սեղանի շուրջ և սուրճ են խմում: Ամալյան
խոհանոցից բերում է սպասք և սկսում է սեղանը ձևավորել):
ՄԻՔԱՅԵԼ – Կարծես իսկական ընտանիք լինեք:
(Բոլորի հայացքները շրջվում է դեպի Միքայելը: Ժպտում են Միքայելին տեսնելով):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ընտանիք, որը ես կորցրի…
ԱՄԱԼՅԱ – Ընտանիք, որի կորստով կյանքս կործանվեց…
ՌՈՒԶԱՆ – Ընտանիք, որտեղ ծնողական սեր չգտա…
ԱՐՏԱՎԱԶԴ – Եղբայր, ներս արի… Չէ՞ որ դու էլ ես այս ընտանիքից:
(Միքայելը գալիս է նստում սեղանի շուրջ):
ԱՄԱԼՅԱ – Սպասեք, ես հիմա սենյակը կհավաքեմ… (Արտավազդի արդուկած և
հատակին գցած հագուստները տանում է սենյակ, ճամպրուկը մնում է բազմոցին):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիմա կգամ… (Արագ դուրս է գնում):
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավա՜զդ…
ՌՈՒԶԱՆ – Այդ ո՞ւր եք գնում…
ՄԻՔԱՅԵԼ – Մի անհանգստացեք… Ես նրան լավ եմ ճանաչում:
(Ամալյան շարունակում դատարկել ճամպրուկը):
ՄԻՔԱՅԵԼ (Ռուզանին) – Ես պարզապես աչքերիս չհավատացի, երբ ներս մտա:
Երբեք չէի սպասի այս ժամին ձեզ այստեղ տեսնել:
ՌՈՒԶԱՆ – Մենք չէինք կարող նրան մենակ թողնել, քանի դուք բացակայում էիք:
(Ամալյան նկատում է բազմոցին դրած կյանքի օրագիրը և սկսում թերթել: Միքա-
յելն ու Ռուզանը շրջվում են դեպիԱմալյան: Ամալյան գլուխն առնում է ձեռքերի մեջ:
Ներս է մտնում Արտավազդը՝ երկու գեղեցիկ ծաղկեփնջով):
ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա՜… (Ամալյան բարձրացնում է գլուխը, քարացած ու
արցունքախառն նայում է Արտավազդին: Միքայելն ու Ռուզանը նայում են մե՛կ Ամա-
լյային, մե՛կ Արտավազդին: Արտավազդը մոտենում է Ամալյային: Ամալյան վախե-
ցած ետ է նստում: Արտավազդը ծաղեփնջերից մեկը տալիս է Ամալյային:
ԱՐՏԱՎԱԶԴ – Սա ձեզ… (Համբուրում է նրա այտը):
ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ: (Ծաղկեփունջը դնում է բազմոցին):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ձեզ ինչ որ բա՞ն է պատահել…
ԱՄԱԼՅԱ – Ոչ… ամեն ինչ կարգին է:
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ամեն ինչ նորմա՞լ է:
ԱՄԱԼՅԱ – Այո… իհարկե… Պարզապես շա՜տ «երջանիկ» եմ:
(Արտավազդը մյուս ծաղկեփունջը տալիս է Ռուզանին):

108

ԱՐՏԱՎԱԶԴ – Սա քեզ, աղջիկս:
ՌՈՒԶԱՆ – Շնորհակալ եմ:
ԱՄԱԼՅԱ – Սուրճը սառեց:
ԱՐՏԱՎԱԶԴ – Միայն ձեզանից հետո… Համեցեք:
ԱՄԱԼՅԱ – Ձեզ հետ միասին սեղա՞ն նստեմ…
(Արտավազդը, Միքայելը և Ռուզանը անորոշ նայում են իրար):
ԱՐՏԱՎԱԶԴ – Չէ՞ որ դուք ասացիք, որ սուրճը սառում է: (Ձեռքը մեկնում է Ամալյային):
ԱՄԱԼՅԱ – Չմոտենա՛ք ինձ… Ես ինքս: (Քարացած քայլերով գնում նստում է սե-
ղանի շուրջ):
ՌՈՒԶԱՆ – Իսկ ես ծաղիկները կդնեմ ծաղկամանի մեջ: (Բազմոցի վրայից վերց-
նում է նաև Ամալյայի ծաղկեփունջը, դնում ծաղկամանի մեջ, հետո՝ սեղանին):
Սեղանի շուրջը անորոշ վիճակ է: Բոլորը նայում են մեկը մյուսին: Ամալյան խելա-
գարի նման վեր է թռնում: Ճամպրուկը տանում է սենյակ: Կյանքի օրագիրը մնում
է բազմոցի վրա: Ուզում է արագ դուրս գալ: Նկատում է օրագիրը: Կանգ է առնում:
Վերցնում այն ու մեկնում Արտավազդին):
ԱՄԱԼՅԱ – Սա ձերն է… խնդրեմ… Լավ կպահեք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Եթե ցանկանում եք հեռանալ, ես կարող եմ ձեզ ուղեկցել: Ինչպես
տեսնում եմ՝ ձեզ վատ եք զգում… Այսպես փողոց դուրս գալը վտանգավոր է:
ԱՄԱԼՅԱ – Մի անհագստացեք, ես հաստատ ինքնասպան չեմ լինի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Շատ շնորհակալ եմ, որ եղաք իմ հաճելի հյուրը:
ԱՄԱԼՅԱ – Ես չեմ սիրում լինել անկոչ հյուրի կարգավիճակում:

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Որոշ ժամանակ անց։ Արտավազդի բնակարանը: Կահավորանքը նույնն է: Սե-
ղանին օգտագործված ափսեներն ու բաժակներն են, շամպայնի դատարկ շիշը:
Տպավորությունն այնպիսին է, թե ժամեր առաջ այստեղ հիանալի խնջույք է տեղի
ունեցել: Բեմով մեկ քայլում է Ամալյան՝ հեռախոսն ականջին:

ԱՄԱԼՅԱ – Մայրիկ, ներիր, որ ուշանում եմ… Հետո կպատմեմ ամեն ինչ: Պար-
զապես չստացվեց ոչ մի կերպ գործերս հետաձգել: Հասկացիր, խնդրում եմ: Այո՜…
այո՜… անհետաձգելի գործեր էին… Ինձանից ինչ-որ տղամարդու կյանք էր կախ-
ված: Նրա երջանկությունը, ապրելու ցանկությունը… Ես համոզված եմ, որ դու իմ
փոխարեն կանեիր նույնը: Չէ՞ որ դու ինձ միշտ խրատել ես օգնել ծայրահեղ վիճակում
հայտնված մարդկանց: Դու գիտես, որ ես միշտ հետևում եմ քո խորհուրդներին:
Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ սովորեցրել ես… Ես քեզ հետո ամեն
ինչ կպատմեմ․․․ Ես նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր
կանցնեմ այս ամենի միջով: Մի զարմացիր… Այո՜… այո՜… Քո Ամալյան է… Ես շատ

109

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

լավ հիշում եմ, թե ինչ էի ասում տղամարդկանց մասին… Խնդրում եմ՝ չմոռանաս
դեղերդ ժամանակին խմել…(Անջատում էհեռախոսը): Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ եմ անում:
Կա՛մ ես եմ խելագար, կա՛մ նոր եմ հասկանում, որ խելագարվում եմ… (Դարձյալ
նկատվում են հոգեկան խանգարման թույլ նշաններ: Գլուխն առնում ձեռքերի մեջ):

(Ներս է մտնում Արտավազդը՝ նույն հագուստով):
ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա, դուք ձեզ վա՞տ եք զգում…
ԱՄԱԼՅԱ – Ո՜չ… Սուրճ կխմե՞ք: Ես դեռ հիշում եմ, որ դուք սուրճը դառն եք խմում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ: Ես լսեցի զրույցը ձեր մայրիկի հետ և ասեմ՝ ինձ
մեղավոր եմ զգում, որ ձեզ չթողեցի այդ վիճակում միայնակ հեռանալ:
ԱՄԱԼՅԱ – Այսօր ինձ համար բավականին ծանր և անակնկալներով լի օր էր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց ես ձեզ կարող էի ուղեկցել, սակայն դուք համառեցիք:
ԱՄԱԼՅԱ – Կարող եք չանհանգստանալ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հրաժարվեցիք նաև, որ Միքայելը և Ռուզանը ձեզ ուղեկցեին:
Այդ էր պատճառը, որ դուռը փակեցի և չթողեցի հեռանաք: Ես չէի կարող թույլ տալ
վտանգել ձեր կյանքը:
ԱՄԱԼՅԱ – Իմ կյանքն այդքան թա՞նկ է ձեզ համար…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե…Չէ՞ որ դուք յուրահատուկ կին եք… Ես մեղավոր եմ ձեր
առաջ՝ այս պատմության պատճառով:
ԱՄԱԼՅԱ – Բայց․․․ չէ՞ որ դուք ասացիք, որ այդ ամենն արել եք իմ անվտանգու-
թյան մասին մտածելով:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այժմ դուք ազատ եք և ոչ մի պարտավորություն չունեք իմ հան-
դեպ: Ո՞վ եմ ես, մի սովորական հանցագործ:
ԱՄԱԼՅԱ – Դուք հանցագործ չե՛ք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Փորձում եք մխիթարե՞լ…
ԱՄԱԼՅԱ – Ոչ… Պարզապես չեմ ուզում մեղադրեք ինքներդ ձեզ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Չեմ կարող չխոստովանել, որ վերջին 8 տարիների ընթացքում
այս օրն իմ ամենալավ օրն էր:
ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, գնացեք, որպեսզի ձեր մայրիկին շատ չսպասեցնեք:
Ձեր մայրը մեղավոր չէ, որ ինձ եք հանդիպել: Հուսով եմ, հիմա դեմ չեք լինի, որ ձեզ
ուղեկցեմ: Խնդրեմ, տիկին Ամալյա…
ԱՄԱԼՅԱ – Ես չեմ ուզում հեռանալ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչե՞ր եք խոսում․․․ Չէ՞ որ ձեր մայրը ձեզ է սպասում:
ԱՄԱԼՅԱ – Մայրս կհասկանա ինձ… Կամ գուցե չհասկանա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հավատացեք, որ ես ինձ լավ եմ զգում, իմ մասին անհանգստանալու
կարիք այլևս չկա: (Ամալյան նորից գլուխն առնում է ձեռքերի մեջ: Արտավազդը
փաթաթվում է Ամալյային: Մի պահ թվում է, թե Ամալյան ցանկանում է ազատվել
Արտավազդի գրկից, բայց մնում է անշարժ): Հանգստացեք, խնդրում եմ: (Ռուզանը
դուրս է գալիս սենյակից և տեսնում նրանց փաթաթված: Դեմքին երջանիկ ժպիտ
է երևում: Ուզում է նորից ետ մտնել սենյակ, բայց Արտավազդը նկատում է նրան):

110

ՌՈՒԶԱՆ – Կարելի՞ է…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք ինձ… (Շտապ մտնում է իր սենյակ):
ԱՄԱԼՅԱ – Ներս արի, Ռուզան:
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ինչպես զգում եմ՝ ամեն ինչ լուսավոր է:
ԱՄԱԼՅԱ – Այդ լուսավորությունն առաջին հայացքից է թվում:
ՌՈՒԶԱՆ – Ամենակարևորն այն է, որ լարված իրավիճակից ոչինչ չի մնացել:
Կարծես իմ առաջ ուրիշ տիկին Ամալյա կանգնած լինի:
(Արտավազդը դուրս է գալիս սենյակից):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք, որ խանգարում եմ… Խնդրում եմ՝ ինձ սպասեք… Ես
հիմա կվերադառնամ…
ԱՄԱԼՅԱ – Բայց ո՞ւր եք գնում…
ԱՐՏԱՎԱԶԴ – Շատ չեմ ուշանա: (Դուրս է գնում):
ՌՈՒԶԱՆ – Ես մոռացա նրան հարցնել, թե ո՞րն էր իր ամենասիրելի ճաշատե-
սակը, որպեսզի վերադարձին հասցնեինք ընթրիքը պատրաստել:
ԱՄԱԼՅԱ – Մի անհանգստացիր աղջիկս, այս կարճ ժամանակում ես հասցրի
հասկանալ նաև դա: (Ամալյան և Ռուզանը մտնում են խոհանոց):
Բեմը դատարկ է: Ներս են մտնում Էվելինան՝ պայուսակն ուսին, և Արևիկը:
Էվելինան հագնված է բարձրաճաշակ: Լայնեզր գլխարկով է: Ե՛վ արտաքնապես,
և՛ խոսելաձևով բավականին քաղքենի է: Արևիկը սովորական, ժամանակակից հա-
գուստով է, սակայն ամեն բան անում է, որպեսզի նմանվի Էվելինային:
ԷՎԵԼԻՆԱ – Վերջապես այստեղ ենք… Եվ ինչպես միշտ, անփութորեն դուռը
բաց է թողել:
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, բայց քո նկարագրածին չի համապատասխանում այս ամենը:
ԷՎԵԼԻՆԱ – Ամեն ինչ փոխվել է… Առաջվանից ոչինչ չի մնացել:
ԱՄԱԼՅԱ (ներսից) – Ռուզա՜ն… բաժակները մաքրիր, աղջիկս:
ՌՈՒԶԱՆ (ներսից) – Տիկին Ամալյա, ես համոզված եմ, որ մենք հերթական ան-
գամ կգոհացնենք նրան… Նաև շնորհակալ եմ, որ մնացիք և ձեր ներկայությամբ
բարձրացրիք Մաեստրոյի տրամադրությունը:
ԷՎԵԼԻՆԱ (հեգնանքով) – Ոչ միայն տրամադրությունը:
ԱՐԵՎԻԿ – Բայց դու ասացիր, որ տանը մենակ է լինելու…
ԷՎԵԼԻՆԱ – Փաստորեն, մեր հանճարն այս տեղը դարձրել է... Դե, իհա՜րկե… Նա
երբեք բարոյականությամբ չի փայլել:
(Ուրախ տրամադրությամբ, բաժակները ձեռքին, ներս է մտնում Ռուզանը: Տես-
նելով Էվելինային և Արևիկին զարմացած կանգնում է):
ՌՈՒԶԱՆ – Բարև ձեզ… (Բաժակները դնում է սեղանին):
(Էվելինան և Արևիկը արհամարհական լռում են: Ռուզանը մնում է անորոշ կանգ-
նած: Ներսից նորից լսվում է Ամալյայի ձայնը):
ԱՄԱԼՅԱ (ներսից) – Աղջի՜կս, աղցաններն արդեն պատրաստ են…
ՌՈՒԶԱՆ – Գալի՜ս եմ… (Էվելինային և Արևիկին): Ներեցեք, ինչո՞վ կարող եմ օգնել:
ԷՎԵԼԻՆԱ – Կարող եք օգնել նրան, ով դրա կարիքն ավելի շատ ունի: Չնայած
ինչպես տեսնում եմ՝ արդեն օգնում եք:

111

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ – Ռու-զա՜ն, քեզ ի՞նչ է պատահել… (Ներս է մտնում՝ ափսեները ձեռքին: Տես-
նելով Էվելինային և Արևիկին ուշադիր նայում է նրանց, հետո՝ Ռուզանին): Բարև ձեզ…

ԷՎԵԼԻՆԱ – Ասենք թե՝ բարև:
ԱՄԱԼՅԱ – Ինչ-որ մեկի՞ն եք փնտրում… (Ափսեները դնում է սեղանին):
ԷՎԵԼԻՆԱ – Չէ՛: Պարզապես կորցրածի հետքերով ենք եկել:
ԱՐԵՎԻԿ – Իսկ դուք ովքե՞ր եք…
ԷՎԵԼԻՆԱ – Ես էլ կուզենայի դա իմանալ…
ՌՈՒԶԱՆ – Դուք պարոն Արտավազդի հյուրե՞րն եք…
ԷՎԵԼԻՆԱ – Արդեն սկսում ենք իրար հասկանալ:
ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց դուք չներկայացաք:
ԷՎԵԼԻՆԱ – Իմ ով լինելն այնքան էլ կարևոր չէ… Կարևորն այն է, թե ովքե՞ր եք դո՛ւք:
ՌՈՒԶԱՆ – Մենք է՛լ ենք նրա հյուրերը:
ԷՎԵԼԻՆԱ – Ա՜խ, հյուրերը… Ինչպիսի՜ զուգադիպություն:
ԱՐԵՎԻԿ – Մենք է՛լ ենք նրա հյուրերը:
ԷՎԵԼԻՆԱ – Ավելին ասեմ… Հոգեհարազա՜տ հյուրերը:
ԱՄԱԼՅԱ – Նա սիրելի ու սպասված հյուրերի կարիքն հիմա ավելի շատ ունի:
ՌՈՒԶԱՆ – Նրա համար հիմա ծանր շրջան է, և հուսով ենք, որ ձեր հաճելի ներ-
կայությունը նրան մոռացնել կտա իր ցավալի անցյալը:
ԱՄԱԼՅԱ – Նստեք խնդրեմ… (Էվելինան և Արևիկը նստում են): Ի՞նչ կցանկանաք:
ԷՎԵԼԻՆԱ – Շնորհակալություն, մեզ ոչինչ պետք չէ: Մենք այստեղ չենք եկել
հյուրասիրվելու:
ՌՈՒԶԱՆ – Նա ասաց, որ շատ չի ուշանա… Շուտով այստեղ կլինի:
ԷՎԵԼԻՆԱ – Մենք մեր թանկագին ժամանակից կտրամադրենք ինչքան պետք է:
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ինքս սեղանը կարգի կբերեմ: Դուք մնացեք հյուրերի մոտ:
(Ամալյան նստում է: Ռուզանը սկսում է բաժակներն ու ափսեները դասավորել:
Գնում է խոհանոց և բերում աղցաններ, դնում է սեղանին):
ԱՄԱԼՅԱ – Ես համոզված եմ, որ նա շատ կուրախանա, երբ հասկանա, որ իր
սիրելի մարդիկ իր կողքին են:
ՌՈՒԶԱՆ – Չնայած, մենք նրան նոր ենք ճանաչում, սակայն այս կարճ ժամա-
նակում նա այնքան հարազատ է դարձել մեզ, կարծես ամբողջ կյանքում մտերիմ
ենք եղել:
ԷՎԵԼԻՆԱ – Ա՜խ,այդպե՞ս…
ԱՄԱԼՅԱ – Ընդամենը մի քանի ժամ է, ինչ ճանաչում ենք նրան:
ՌՈՒԶԱՆ – Եվ այդ ժամերն էլ բավական էին:
ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե՜…Չէ որ նա շա՜տ գրավիչ տղամարդ է: Ոչ մի կին չի կարո-
ղանում անտարբեր անցնել նրա կողքով:
ԱՄԱԼՅԱ – Դուք մեզ ճիշտ չհասկացաք:
ՌՈՒԶԱՆ – Չարժե մարդկային արժեքները շփոթել ուրիշ բաների հետ:
ԱՐԵՎԻԿ – Այս տան մթնոլորտն ինչ ճնշում է… Ես չեմ ուզում մնալ էստեղ… Ես
գնում եմ…

112

ԷՎԵԼԻՆԱ – Ո՛չ մի տեղ էլ չես գնա… Դու բոլոր իրավունքներն ունես այստեղ մնալու:
Այս օրը նրա համար պիտի լինի անակնկալ: Ես ուզում եմ դիտել այս թատերա-
կան ներկայացումը․ թե այդ ի՞նչ հրաշքով մի քանի ժամվա ծանոթ անհայտները
դարձել են այսքան մտերիմ և իրենց այս տան տիրուհին են զգում:
ԱՄԱԼՅԱ – Պետք չէ՛ մեզ վիրավորել:
ԷՎԵԼԻՆԱ – Այսպիսի անպատկառ ներխուժումից հետո դեռ վիրավորվում է՞լ եք…
ԱՄԱԼՅԱ – Չափը մի՛ անցեք, տիկին: Եթե ձեզ հաճելի չէ մեր ներկայությունը՝
մենք կարող ենք գնալ: Չէ՞ որ անկախ ամեն ինչից դուք նրան մտերիմ եք, իսկ մենք՝
որքան էլ սրտացավ լինենք, միևնույնն է՝ օտար ենք:
ԱՐԵՎԻԿ – Իսկ ինչո՞ւ են օտարներն, ինչպես դուք եք ասում, իրենց այսպես
ազատ պահում ուրիշի տանը…
ԷՎԵԼԻՆԱ – Երևի նա իր ազատման առաջին օրը հաճելի ընկերակցության
կարիք է զգացել:
ԱՄԱԼՅԱ – Չփորձե՛ք մեզ վիրավորել…
ԷՎԵԼԻՆԱ – Վիրավորանքներ հնչում են նրանց հասցեին, ովքեր արժանանում
են դրանց:
ՌՈՒԶԱՆ – Պետք չէ մարդու չճանաչելով չարախոսել նրա հասցեին: Տիկին Ամալյա,
պարզապես հնարավոր չէ այստեղ մնալ: Միայն ափսոսում եմ, որ պարոն Արտա-
վազդին չեմ կարող հրաժեշտ տալ: (Գնում է սենակ):
ԱՄԱԼՅԱ – Ռուզան, սպասի՜ր: Ես էլ եմ գալիս: (Գնում է սենյակ):
ԷՎԵԼԻՆԱ – Անամոթաբար փախչում են:
(Ներս է մտնում Արտավազդը՝ ձեռքին շամպայնի շիշ):
ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա՜, Ռուզա՜ն… (Տեսնում է Էվելինային և Արևիկին:
Էվելինան նենգ կեցվածքով կանգնում է: Արտավազդի դեմքի ուրախ արտահայտու-
թյունը միանգամից փոխվում է): Դո՞ւ… (Շամպայնի շիշը դնում է սեղանին):
ԷՎԵԼԻՆԱ – Բարև, Արտավազդ… Ինչպե՞ս ես, կանանց ետևից վազող կենդանի…
ԱՐՏԱՎԱԶԴ – Քեզանից լավ, անշնորհակալ կատու:
ԷՎԵԼԻՆԱ – Անասնական բնազդով միայն դու ես օժտված:
ԱՐՏԱՎԱԶԴ – Եվ ո՞վ է խոսում մարդկային արժեքների անունից:
ԷՎԵԼԻՆԱ – Հիանալի՜ ես կազմակերպել ազատմանդ առաջին օրն այս անբարո-
յականների ընկերակցությամբ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ձա՛յնդ… Այդ երբվանի՞ց ես սկսել բարոյախրատական ճառեր ասել:
ԷՎԵԼԻՆԱ – Միշտ էլ ասել եմ, պարզապես դու էիր խուլ եղել, որ չես լսել: Դու
լսում էիր միայն քո նոտաների հնչողությունը… Ես բարի մտադրությամբ էի ոտք
դրել իմ տուն, բայց, ինչպես տեսնում եմ, դու չես դադարում այլանդակություններդ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ափսոս, որ ժամանակը քեզ համար կանգ է առել… Ուշացել ես…
ԷՎԵԼԻՆԱ – Ես երկար էի սպասում այս օրվան, որպեսզի քեզ անակնկալ մատու-
ցեի: Կյանքիդ ամենամեծ անակնկալը: Իսկ դու այստեղ ինչո՞վ ես զբաղված: Դե,
իհա՜րկե… Քեզ համար մեկ էր, թե այսքան ժամանակ ոնց ենք ապրել… Մեռած ենք
եղել, թե չէ: Դու որոշել էիր քեզ տղամարդ զգալ՝ այս ցածրակարգ կանանց առաջ:

113

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐԵՎԻԿ – Բավակա՜ն է…
ԷՎԵԼԻՆԱ (Արևիկին) – Նայի՛ր նրան… Տես՝ մեր սուրբ Մաե՜ստրոն է… Նրան լա՜վ
նայիր, որ հետո ինձ չմեղադրես:
ԱՐՏԱՎԱԶԴ (Արևիկին) – Սիրելի՜ս…(Ուզում է փաթաթվել):
ԷՎԵԼԻՆԱ – Չմոտենա՛ս նրան, նա միայն իմն է:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այս ո՜նց ես մեծացել:
ԱՐԵՎԻԿ – Մայրս է մեծացրել…
ԱՐՏԱՎԱԶԴ – Աստված գիտի, թե ինչպես…
ԷՎԵԼԻՆԱ – Չափավորի՛ր խոսքերդ, մարդուկ… Ես համոզված էի, որ աղջիկս կտես-
ներ օրինավոր հոր մի կերպար, բայց դու շարունակում ես անակնկալներ մատուցել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՜նչ ցավալի է, որ ես այսքան տարի ապրելով քեզ հետ, քեզ չեմ
ճանաչել, Էվելինա:
(Ամալ յան և Ռուզանը դուրս են գալիս սենյակից՝ պայուսակները ձեռքներին):
ԱՄԱԼՅԱ – Էվելինա՞…Պարոն Արտավազդ...
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո, նա է:
ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե, ես եմ: Փաստորեն լավ տեղեկացված եք իմ կյանքից, մի
քանի ժամվա ծանոթնե՛ր: Այդ նույն կինն եմ… Իսկ դուք օտարներ եք այստեղ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Չհամարձակվե՛ս… Այդ դո՛ւ ես այստեղ օտար:
ԱՄԱԼՅԱ – Ինչպե՞ս չեք ամաչում… Ինչպե՞ս կարող եք կոչվել կին:
ՌՈՒԶԱՆ – Իսկ դո՞ւ, Արևիկ… Ինչո՞ւ ես հետևել մայրիկիդ անարժեք արժեքներին:
Հայրդ աշխարհի լավագույն հայրերից է: Ես կերազեի նրա նման հայր ունենալ:
ԷՎԵԼԻՆԱ – Լսի՛ր, աղջնակ: Դու այդ ո՞վ եղար, որ փորձում ես մեզ խորհուրդներ տալ:
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ներեցեք, բայց մենք չենք ցանկանում ձեզ խանգարել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Սպասե՛ք… Այդ ո՞ւր եք գնում:
ՌՈՒԶԱՆ – Չենք ուզում այս տիկնոջ հերթական վիրավորանքներին ներկա լինել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի րոպե սպասեք…
ԷՎԵԼԻՆԱ – Չէ՜… չէ՜…Ո՞ւր եք գնում… Եկել եք, մի քանի օր էլ մնացեք: Չէ՞ որ ձեզ
նման կանանց մեծ պահանջարկ կա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի՝ ձայն կտրի՛ր: Չփորձես վիրավորել առանց ճանաչելու:
ԷՎԵԼԻՆԱ – Նրանք արդեն իրենց ճանաչել տվել են:
ԱՐՏԱՎԱԶԴ (Ամալյային և Ռուզանին) – Խնդրում եմ, սենյակում սպասեք:
ԱՄԱԼՅԱ – Ախր մենք արդեն ավելորդ ենք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրո՜ւմ եմ…(Ամալյան և Ռուզանը մտնում են սենյակ):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչո՞ւ ես եկել։ Այսքանից հետո… Չէ՞ որ դուք կյանքիս նպատակն էիք:
Ապրելուս միակ ցանկությունը: Ինչպե՞ս կարողացար ինձ զրկել աղջկանիցս…
ԷՎԵԼԻՆԱ – Ավելի լավ է բացատրես, թե էս ի՞նչ կրկեսային ներկայացում է այս-
տեղ՝ ինչ որ անծանոթների մասնակցությամբ… Որտեղի՞ց ես գտել դրանց… Բանտի
ճանապարհի՞ն…
ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ կրկեսային ներկայացման հիմքում երջանկություն է, որից դու
շատ հեռու ես: Այդ ներկայացման գլխավոր հերոսուհին դու էիր, սակայն դու հրա-
ժարվեցիր քո դերից:

114

ԷՎԵԼԻՆԱ – Իսկ ո՞րն էր քո ուզածը… Որ իմանալով, թե ով ես, մնայի կողքի՞դ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ո՞վ էի… Երջանիկ ու սիրող ամուսին, հոգատար հայր:
ԷՎԵԼԻՆԱ – Դու մոռանում ես գլխավորի մասին… Դու մարդասպա՛ն ես… Մարդա-
սպա՛ն, հասկանո՞ւմ ես… Նշանակություն չունի, որ այդ ամենը դիտվել է, որպես
պատահականություն: Մեղավորը միայն դու ես: Չէ՞ որ ղեկին նստելիս՝ հարբած
ես եղել: Մարդիկ նայում էին ինձ, շուռ տալիս իրենց դեմքերը՝ չուզենալով տեսնել
մեկին, որի ամուսինը մարդկային կյանք էր կործանել: Մարդիկ ինձանից փախչում
էին, որովհետև ամուսինս բանտում էր՝ հանցագործների հետ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Չփորձե՛ս այլևս ոչ մի խոսք ասել, եթե չես ուզում ինձ համբերու-
թյունից հանել: Դու ի՜նչ գիտես մարդկային արժեքներն ինչ են… Այն ժամանակ, երբ
ապահովված էիր ամեն ինչով, քեզ համար կատարելիություն էի: Բոլորը քեզ նա-
խանձով էին նայում՝ գիտակցելով, որ դո՛ւ ես իմ երջանկությունը: Շատ կանայք երա-
զում էին քո տեղում լինել: Միջոցառում նե՜ր, համերգնե՜ր, բարձրակարգ հանդի-
պում նե՜ր: Բոլոր վայրերում ներկայանում էիր ինքնագոհ, իմանալով թե քեզ ինչ
ընդունելություն է սպասում։ Դու պարզապես սովոր էիր այդպիսի շքեղության, իսկ
երբ կյանքն ինձ իջեցրեց, այն ժամանակ ո՞ւր էր իմ սիրելի կինը, ով եկեղեցում
երդվել էր հավատարմությամբ: Աղջիկս այսպիսին չէր փոքր ժամանակ: Այդ դո՛ւ
ես նրան այսպիսին դարձրել՝ քեզ նման քմահաճ ու քաղքենի: (Էվելինան ուզում է
ապտակել Արտավազդին: Արտավազդը բռնում է նրա ձեռքը): Չփորձե՛ս…Այլապես
ես պատասխանատու չեմ արաքներիս համար:
ԱՐԵՎԻԿ – Չհամարձակվե՛ս մայրիկիս վրա ձայն բարձրացնել…
ԱՐՏԱՎԱԶԴ – Աղջիկս, քո մայրը կորցրել է իր հանդեպ հարգանքն այն ժամա-
նակ, երբ կորցրեց մարդկային արժեքները:
ԷՎԵԼԻՆԱ – Վերջապես կբացատրե՞ս այդ երկու օտարների ներկայության
իմաստը… Եվ դեռ անամոթաբար ուզում էին փախչ…Ի՞նչ անուն կտաս դրան…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ընտանիք… Թեկուզ նկարված, բայց՝ ընտանիք… Այդ երկու օտար-
ներն ինձ նորից կյանք վերադարձրին: Ես գրեթե հասել էի ինքնասպանության
աստիճանի: Ես չեմ հասկանում այստեղ քո հայտնվելու իմաստը: Այս տան պատերը
արդեն մոռացել են քեզ:
ԷՎԵԼԻՆԱ – Ես անարդար էի համարում աղջկաս հորից զրկելը: Վերջիվերջո նա
պիտի ճանաչեր իր հորը: Բայց ա՛յս պայմաններում ճանաչեց:
ԱՐՏԱՎԱԶԴ – Լսի՛ր, բարձրաշխարհիկ տիկին… Դու նրան արդե՛ն զրկել էիր
հորից, որովհետև առանց հայր է մեծացել:
ԷՎԵԼԻՆԱ – Իսկ որտե՞ղ էիր դու իր մանկության տարիներին… Ես նրան չէի կա-
րող բանտ բերել: Չլինի՞ ուզում էիր ասել, որ այսքան տարի պիտի մեկուսարանիդ
կողքի սենյակում ապրեինք, որպեսզի աղջիկս հոր պակաս չունենար․․․ Ոչ էլ կա-
րող էի աղջկաս բանտի ճանապարհին մեծացնել: Դու միայն ինձ ես մեղադրում,
մոռանալով սեփական մեղքդ: Միայն մի քանի անգամ լպրծուն ընկերդ էր, իր սովո-
րության համաձայն, գալիս ու փորձում հարթել իրավիճակը… Փորձում էր հա-
մոզել, որ ներեմ քեզ ու հասկանամ իրավիճակի լրջությունը: Բայց ի՞նչը պիտի

115

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

հասկանայի… Հասկանայի, որ խայտառակված եմ ամբողջ աշխարհով մե՞կ… Դա՞
պիտի հասկանայի… Մեղադրելով ինձ, դու առաջինը քեզ մեղադրիր, որ քեզ համար
մեկ է եղել, թե ինչպես ենք ապրել, ինչ պայմաններում… Քեզանից թեկուզ նամակ
չեմ ստացել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ նամակն ո՞ւմ պետք է գրեի... Քե՞զ... Երբ գիտեի, որ իմ անունն ան-
գամ լսել չես ուզում: Երբ նենգաբար երես թեքեցիր ինձանից՝ իմ կյանքի խավարի մեջ:

ԷՎԵԼԻՆԱ – Իմ կյանքն էլ գույներով չի փայլել: Երիտասարդ կին էի, ուշադրու-
թյան ու սիրո կարիք էի զգում: Անտեսված ու արհամարված էի բոլորի կողմից…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դրա համա՞ր փախար երկրից:
ԷՎԵԼԻՆԱ – Ես, պարզապես, գնացի, որովհետև չկարողացա դիմանալ այդ խայ-
տառակությանը: Այստեղ ինձ համար դարձել էր դժոխք: Եվ այդ դժոխքից ազատեցի
նաև աղջկաս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ բոլոր կանայք են՝ ՊԵՆԵԼՈՊԵ:
ԷՎԵԼԻՆԱ – Դեռ լեգենդներին հավատո՞ւմ ես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք կարող էիք ապրել այս տանը: Սա նաև ձեր տունն է: Ես ձեզ
փողոցում չէի թողել:
ԷՎԵԼԻՆԱ – Շնորհակալություն, որ ինձ հիշեցնում ես իմ տան մասին:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ ժամանակ, այդ նույն հասարուկությունը՝ կնոջդ տեսակն
ավելի կհարգեր:
ԷՎԵԼԻՆԱ – Իսկ եթե կարծում ես, թե այս տարիներն ինձ համար անհոգ են ան-
ցել, ապա չարաչար սխալվում ես: Ես միայնակ եմ մեծացրել Արևիկին: Ի՜նչ աշ-
խատանք ասես որ չեմ արել, որպեսզի մեծացնեմ վիզը ծուռ մնացած աղջկաս, որին
բոլորը ծաղրում էին՝ թե՛ փողոցում, թե՛ դպրոցում: Աղջիկս ինքը որոշեց հրաժարվել
հորից, որի պատճառով դարձել էր ծաղրի առարկա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ դո՛ւ ես հեղափոխել նրան քո սովորության համաձայն:
ԷՎԵԼԻՆԱ – Դու ինքդ արդեն քեզ ցուցադրեցիր՝այդ լրբերի ներկությամբ տղա-
մարդ ձևանալով:
(Արտավազդն ուզում է մոտենալ Էվելինային: Արևիկը փակում է ճանապարհը):
ԱՐԵՎԻԿ – Չհամարձակվե՛ս…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դու կարող էիր ինձ հույս տալ ապրելու: Քեզ նման հազարավոր
կանայք են երեխաների հետ գալիս բանտ: Եվ ի՞նչ էր լինում… Քո ասած բանտի
ճանապարհի՞ն էին մեծանում: Ո՛չ… Ուղղակի նրանք փորձել էին հաղթահարել կյան-
քում իրենց բաժին հասած դժվարությունը: Դու ինչո՞վ էիր առավել այդ կանացից:
Ոչնչո՛վ… Այդ կանայք ավելի բարձր դիրքում էին, քան դու:
ԷՎԵԼԻՆԱ – Քո կարծիքով ես չէի՞ կարող ամուսնանալ և կյանքս բարելավել: Հաս-
տատ կարող էի,դա ինձ համար դժվարություն չէր ներկայացնում: Սակայն ոչինչ
չարեցի, որպեսզի աղջկաս կրկնակի ցավ չտամ:
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, բավական է արդարանաս… Վե՛ր կաց, մենք հենց հիմա
գնում ենք… Չե՞ս տեսնում, որ մենք նրան հետաքրքիր չենք: Նա հետաքրքրության
այլ մոդել ունի:

116

ԱՐՏԱՎԱԶԴ – Արևի՜կ...
ԷՎԵԼԻՆԱ – Մենք ո՛չ մի տեղ էլ չենք գնա… Այս տունը նաև քո՛ տունն է… Ես թույլ
չեմ տա, որ օտարները վայելեն այն:
ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինա, կարո՞ղ ես լռել և զզվանքս ավելի չավելացնել քո հանդեպ:
Քո կենցաղային հարցերը հիմա ինձ ամենաքիչն են հետաքրքրում:
ԱՐԵՎԻԿ – Ինձ ոչինչ պետք չէ…
ԷՎԵԼԻՆԱ – Շատ լավ էլ պետք է… Ինչը օրենքով մեզ է պատկանում, ուրեմն մերն է:
Եթե ոչ աղջիկս, ապա ես ինքս կպաշտպանեմ և՛ նրա, և՛ իմ իրավունքները: (Պայու-
սակից հանում է բջջային հեռախոսը: Նենգաբար նայում է Արտավազդին և անց-
նում է խոհանոց): (Արևիկը անորոշությունից նստում է բազմոցին: Արտավազդը
անթարթ նայում է Արևիկին: Ուզում է խոսել, որպեսզի այդ սպանիչ լռությունն
անհետանա, սակայն չի կարողանում բառեր գտնել: Արտավազդը նույնպես նստում է
բազմոցին՝ Արևիկի կողքին: Փորձում է ձեռքը առաջ բերել և շոյել Արևիկի մազերը,
սակայն գործողության կեսից ետ է կանգնում: Շատ պարզ զգացվում է, որ չի համար-
ձակվում ինչ-որ քայլ անել, հասկանալով, որ կշարունակի Արևիկի արհամարհական

117

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

վերաբերմունքին արժանանալ: Արևիկը հայացքն ուղղում է դեպի Արտավազդը:
Արտավազդը հոգու ողջ լիությամբ, սակայն՝ մեղմ ժպտում է և համարձակություն
ձեռք բերած՝ բռնում է Արևիկի ձեռքը: Արևիկը՝ քարացած ու անզգայացած վիճա-
կում, ոչ մի բացասական շարժում չի անում: Արտավազդը մոտենում է դաշնա-
մուրին, բացում կափարիչը, սկսում է նվագել մի գեղեցիկ դաշնամուրային ստեղծա-
գործություն: Արևիկը հիացական հայացքով դաշնամուրի կողքն է կանգնում: Քիչ
հետ Արտավազդը դադարում է նվագելը և ոտքի կանգնում):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես չէի պատկերացնում մեր հանդիպումը, աղջիկս: Մտածում էի,
որ քեզ կորցրել եմ, որ դու չես հիշի ինձ…

ԱՐԵՎԻԿ – Ես քեզ իսկապես սկսել էի մոռանալ… 8 տարին գուցե շատ չէ, սակայն
առավոտից իրիկուն իմ ականջին ասվել է, որ մոռանամ քեզ, չհիշեմ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ես իմ բոլոր օրերի մեջ քեզ հետ էի, ես օրերն էի հաշվում քեզ
մոտենալու համար… Դու մեղավոր չես, գիտեմ, որ շատ բան մոռացել ես, որ խամրել
եմ քո հիշողությունների մեջ…

ԱՐԵՎԻԿ – Երբ իմացա, որ պետք է գանք քեզ մոտ, վախենում էի, որ չեմ կարո-
ղանա կողմնորոշվել: Չեմ կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը: Բայց երբ մտար
սենյակ, ինձ համար ամեն ինչ փոխվեց: Ամեն ինչ այլ ընթացք ստացավ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինան ուզում էր ինձ տեսնե՞լ…
ԱՐԵՎԻԿ – Ինչպես ասեմ… Ե՛վ հա…և՛ չէ…Օտարության մեջ մեզ համար շատ դժվար
էր: Նա մտածում էր, որ այս 8 տարիները ջնջած կլինեն խայտառակության հետքերը:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այսինքն, ուզում եք վերադառնա՞լ այս տուն:
ԱՐԵՎԻԿ – Ոչ թե վերադառնալ, այլ ուզում էր խոսել քեզ հետ, որպեսզի վաճառես
բնակարանը, գնես երկուսը՝ քեզ և մեզ համար… Մենք տատիկի տանը չենք կարող
երկար ապրել: Որովհետև տատիկի մահից հետո մորաքույրս դարձավ այդ տան
սեփականատերը:
ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինայի մայրը մահացե՞լ է:
ԱՐԵՎԻԿ – Այո, մահացավ: Իսկ մորաքույրս նրա մահվան մեջ մայրիկին մեղադ-
րեց, ասելով, որ տատիկը չկարողացավ դիմանալ այն հարվածին, որ մայրս հեռա-
ցավ երկրից և ապրեց իրենից հեռու: Ինչպես հասկանում ես, մենք այդ տանն այլևս
տեղ չունենք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Պարզ է: Պարզ է… Մայրիկդ լիակատար իրավունք ունի այս բնակա-
րանից մաս պահանջելու, որովհետև նա ապրել է այստեղ, որովհետև սա մեր հա-
մատեղ բնակարանն է: Օրինական է, օրինական է նրա պահանջը… Բայց ես այս
պահին դեռ չեմ կարող վաճառել: Ես պիտի մի քիչ ուշքի գամ: 8 տարի շարունակ ես
ապրել եմ այլ իրականության մեջ, այլ պայմաններում: Պետք է կարողանամ փոխել
իմ իրականությունը: Դրանից հետո կզբաղվեմ տան վաճառքով:
ԱՐԵՎԻԿ – Մի նեղացիր մայրիկից… Գուցե նա էլ ճիշտ է վարվում…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես չեմ նեղանում մայրիկիցդ: Ես նեղանում եմ ճակատագրից, որ
փշրեց, ավերեց ամեն ինչ, որ խլեց ինձանից իմ երջանկությունը: Ես ակամա մեղա-
վոր դարձա, ես դարձա ճակատագրի կալանավոր: Ու հիմա ճակատագրի դեմ ուզում

118

եմ կռվել՝ ապրելով: Այն կանայք, ովքեր այստեղ են, ժամեր առաջ՝ անծանոթներ էին,
բայց նրանք ինձ ուժ տվեցին՝ կռվելու, պայքարելու, հասկանալու, որ ամեն ինչ
վերջացած չէ:

ԱՐԵՎԻԿ – Շատ բան չեմ իմացել, շատ բան չեմ գիտակցել: Ինչ-որ կույր ատելու-
թյուն է սերմանվել իմ մեջ: Ես հասկացել ու չեմ հասկացել մայրիկին: Նա չարացել է:
Նա դարձել է ուրիշ մեկը… Ես ուզում եմ, որ դու էլ հասկանաս նրան:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ուզում եմ հասկանալ ու չեմ հասկանում: Դու դեռ փոքր ես,
շատ փոքր: Ես չեմ ուզում քեզ ներքաշել մի իրականության մեջ, որը քոնը չէ: Գուցե
գա մի օր, որ ես էլ հասկանամ Էվելինային, իսկ հիմա չեմ հասկանում, ներիր: Ես
միայն երջանիկ եմ, որ դու արդեն իմ կողքին ես, ինձ հետ ես: Դու ինձ պարգևեցիր
ապրելու երջանկությունը, դու իմ միջից հանեցիր չարությունը… (Հաստատակամ):
Գիտես, հենց նոր մտածեցի, որ բնակարանը վաճառելու կարիք չկա:

ԱՐԵՎԻԿ – Դու ուզում ես մեզ փողոցո՞ւմ թողնել… Հնարավոր չէ միհարկի տակ
ապրել մորաքրոջս հետ: Նա անընդհատ հիշեցնում է, որ տունն իրենն է: Իսկ մենք
անտուն ենք՝ թափառականի կարգավիճակում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդպես չխոսե՛ս: Ոչ ոք իրավունք չունի քեզ վերից նայելու: Ես
բնակարանը չեմ վաճառի: Այն նաև Էվելինայինն է...Նաև քոնն է… Ես մի քանի օրից
կհեռանամ այս բնակարանից: Վերադարձեք և ապրեք այստեղ:

ԱՐԵՎԻԿ – Իսկ դո՞ւ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իմ մասին մի մտածիր:
ԱՐԵՎԻԿ – Չէ՛, հայրիկ… Դու շա՜տ ես տանջվել, շա՜տ ես տառապել: Քեզ պետք
է հիմա խաղաղ կյանք: Քեզ պետք են լավ պայմաններ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դու ինձ հայրի՞կ ասացիր…Իմ Արև՜… (Մոտենում է դաշնամուրին
և ինչ-որ մեղեդի նվագում):
ԱՐԵՎԻԿ – Ես չեմ ուզում այստեղ ապրել առանց քեզ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ դեպքում ի՞նչ ես առաջարկում, աղջիկս...
ԱՐԵՎԻԿ – Ընդունիր մայրիկին: Փորձեք հասկանալ իրար, որպեսզի ես ապրեմ
լիարժեք ընտանիքում: (Արտավազդը հարվածում է դաշնամուրի ստեղներին):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ուրեմն ես կանեմ այնպես, ինչպես մայրդ էր ցանկացել: Ես
կվաճառեմ բնակարանը:
ԱՐԵՎԻԿ – Փաստորեն մայրիկը ճիշտ էր, որ այդ երկու անծանոթ կանայք, այսինքն
քո սիրուհիները, քեզ համար ավելի թանկ են, քան մենք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ դու հավատացիր այն ամենին, ինչպես մա՞յրդ պատկերացրեց:
ԱՐԵՎԻԿ – Բայց քո որոշումն ուրիշ բացատրություն չունի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այս կյանքում ամեն բան էլ ունի իր բացատրությունը: Բանտից
դուրս գալուց իմ առաջին երազանքն էր քեզ գտնելը, քեզ նայելն ու խոսելը քեզ հետ:
Տեսնո՞ւմ ես՝ կյանքը երբեմն հաճելի անակնկալներ էլ է մատուցում․ այժմ դու ինձ
հետ ես, այս տանը: Սա քո տունն է… (Գրկում է և ամուր սեղմում է կրծքին Արևիկին):
Իսկ այդ երկու կանայք պատահական են եկել: Այսինքն, ընկերս՝ Միքայելն է նրանց
հրավիրել: Ես քեզ նրա հետ էլ կծանոթացնեմ, և նա ուրախությունից պարզապես

119

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

կխելագարվի: Նա այդ կանանց հրավիրել է այստեղ, որպեսզի կազմակերպեն ինձ
համար ընդունելություն: ՏիկինԱմալյան խոհարարուհի է, իսկ Ռուզանը՝ դիզայներ:
Ես հիմա քեզ նրանց հետ կծանոթացնեմ: Նրանք ուղղակի հրաշալի մարդիկ են:

ԱՐԵՎԻԿ –Պետք չէ: Չեմ ուզում նրանց հերթական զրպարտությունները լսել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ուզում եմ, որ նրանք ճանաչեն իմ իսկական Արևին: Տիկին
Ամալյա՜… Ռուզա՜ն…
(Սենյակից՝ պայուսակները ձեռքներին, դուրս են գալիս Ամալյան ու Ռուզանը):
ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, պարոն Արտավազդ…
ՌՈՒԶԱՆ – Ձեր կինը գնա՞ց…
ԱՐԵՎԻԿ – Չէ… Մայրս խոհանոցում է:
ԱՐՏԱՎԱԶԴ – Առաջ եկեք, խնդրում եմ… (Ամալյան և Ռուզանը մոտենում են):
Տեսնո՞ւմ եք այս գեղեցկուհուն: Այսքան ժամանակ նրան տեսնելու և գրկելու հույսով
եմ ապրել: Նրան մեկ անգամ գրկելը արդեն մոռացնել տվեց այն դաժան տարիները:
Ծանոթացեք, խնդրում եմ…
ԱՄԱԼՅԱ – Ես Ամալյան եմ, աղջիկս:
ԱՐԵՎԻԿ – Արևիկ…
ՌՈՒԶԱՆ – Իսկ ես՝ Ռուզանն եմ:
(Խոհանոցից ներս է մտնում Էվելինան):
ԱՐԵՎԻԿ – Շա՜տ հաճելի է…
ԷՎԵԼԻՆԱ – Ինչպիսի՜ քաղաքակրթություն: Հորդ սիրուհիների՞ն ես ողջունում:

120

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, լռի՛ր խնդրում եմ… Օտար մարդիկ ավելի են գնահատում
հորս ու նույնիսկ նախանձում են ինձ… Ինչը դու ինձ թույլ չէիր տալիս հասկանալու:

ԷՎԵԼԻՆԱ (Ամալյային և Ռուզանին) – Դո՛ւրս եկեք այս տնից…
ԱՐՏԱՎԱԶԴ – Լռի՛ր, Էվելինա… Միակ մարդն ով այս պահին ոչինչ չունի անելու
այստեղ՝ դո՛ւ ես:
ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, խնդրում եմ, պետք չէ…
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ներեցեք, բայց պետք չէ վիճակն ավելի բարդացնել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի գնացեք… Այդ դուք չէ, որ պետք է հեռանաք:
ՌՈՒԶԱՆ (Էվելինային) – Տիկին, պարզապես փորձեք հարգել:
ԷՎԵԼԻՆԱ – Խորհուրդներ տվողիս նայե՜ք… (Արևիկին): Մենք հենց հիմա հեռա-
նում ենք այստեղից: Իսկ օրինական հարցերն արդեն ընթացքի մեջ են:Ես թույլ չեմ
տա, որ ուրիշները վայելեն այն ինչը մերն է: Արևիկ, արագացրո՛ւ…
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ես դեռ ուզում եմ մնալ այստեղ:
ԷՎԵԼԻՆԱ – Ինչպե՞ս ես համարձակվում հակառակվել ինձ:
ԱՐԵՎԻԿ – Դու ես ստիպում…
ԱՄԱԼՅԱ – Ձեր աղջկա աչքերը բացվում են:
ՌՈՒԶԱՆ – Դուք իրավունք չունեք ղեկավարելու ոչ մեկի կյանքը:
ԷՎԵԼԻՆԱ – Ես հարգանք եմ պահանջում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հարգանքը պետք է վաստակել:
ԷՎԵԼԻՆԱ – Արևիկ, վե՛ր կաց…
ԱՐԵՎԻԿ – Չե՛մ գալիս… Թո՜ղ…
ԷՎԵԼԻՆԱ - Դավաճա՛ն…
(Էվելինան ապտակում է Արևիկին: Արևիկն ընկնում է բազմոցին: Ներս է
մտնում Միքայելը: Տեսնելով այդ իրավիճակը մնում է տեղում կանգնած: Ամալյան
և Ռուզանը գնում են դեպի Արևիկը և նստում կողքին, իսկ Արտավազդը քաշում է
Էվելինայի թևից):
ԱՐՏԱՎԱԶԴ (Էվելինային) – Քեզ կարգի հրավիրի՛ր:
ՌՈՒԶԱՆ – Ինչպե՞ս չեք ամաչում:
ԱՄԱԼՅԱ – Ստրկատիրական ժամանակները վաղուց անցել են:
ՄԻՔԱՅԵԼ – Ի՞նչ է կատարվում այստեղ… (Բոլորը պտտվում են դեպի Միքայելը):
ԷՎԵԼԻՆԱ – Բարև, Միքայել... Ինչպե՞ս ես, հավատարիմ շնիկ…
ՄԻՔԱՅԵԼ – Մինչև այս պահը, շատ լավ էի: Ես զարմանում եմ քեզ այստեղ տեսնելով:
ԷՎԵԼԻՆԱ – Ի տարբերություն քեզ, ես՝ իմ տանն եմ:
ՄԻՔԱՅԵԼ – Քեզ կարելի է միայն խղճալ:
ԷՎԵԼԻՆԱ – Փաստորեն շան հոտառությունդ դեռ չե՞ս կորցրել…
ՄԻՔԱՅԵԼ – Քեզ հետ խոսելն անիմաստ է… Ավելին... դու արժանի չես դրան:
ԱՄԱԼՅԱ – Արևիկ, հիմա ինչպե՞ս ես աղջիկս:
ԱՐԵՎԻԿ (ցույց տալով Արտավազդին և Էվելինային) – Ինչպես տեսնում եք:
(Միքայելը լսելով Արևիկ անունը ժպիտով նայում է Արտավազդին):
ՄԻՔԱՅԵԼ – Արտավա՜զդ…

121

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Այո… նա է:
ՄԻՔԱՅԵԼ (մոտենալով Արևիկին) – Աչքերիս չեմ կարող հավատալ:
ՌՈՒԶԱՆ – Հրաշքներ միշտ էլ լինում են:
ԷՎԵԼԻՆԱ – Նա ի՛մ աղջիկն է… Նրան ե՛ս եմ մեծացրել: Պատրաստի աղջիկ բոլորն
էլ կցանկանան ունենալ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Գոնե այսքանից հետո չլիցքավորված զենքերդ վայր դիր:
ՄԻՔԱՅԵԼ (Արևիկին) - Թույլ տուր քեզ գրկել, աղջիկս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Նա Միքայելն է: Ի՞նչ է, չե՞ս հիշում նրան… Իմ եղբայրն է:
(Միքայելը փաթաթվում Արևիկին):
ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ քեզ, որ հայրիկիդ կյանքը իմաստավորեցիր: Այժմ
նա կապրի ուրախ ու երջանիկ:
ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ուրախ ու երջանիկ ապրեք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի գնացեք: Դուք այն կինն էիք, ով փորձեց մարդկային
կյանք փրկել: Ոչ բոլորը կարող էին ձեզ պես վարվել բանտից նոր եկած, անծանոթ
տղամարդու հետ: Այսքան տարի ապրելով Էվելինայի կողքին չկարողացա նրան լավ
ճանաչել… (Նայելով Էվելինային): Նրան ճանաչում եմ հիմա: Ձեր մեջ կարողացա
տեսնել այն կնոջը, որն անկախ ամեն ինչից ընդունակ չէ դավաճանության: Ես ձեզ
համար հանցագործ ու անծանոթ մեկն էի, սակայն դուք այնպես էիք վերաբերվում
ինձ, կարծես ամբողջ կյանքում ճանաչել ենք իրար:
ԱՄԱԼՅԱ – Դուք ինձ համար անծանոթ չեք… (Բոլորը զարմացած նայում են
Ամալյային): Խնդրում եմ, այդպես մի զարմացեք: Կյանքում շատերն են իրար ծանոթ,
սակայն հանգամանքների բերումով՝ չեն հանդիպում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ցանկանում եմ մնացած կյանքս ձեզ հետ անցկացնել: Մնացեք
ինձ հետ…
ԷՎԵԼԻՆԱ – Ի՞նչ…
ԱՐՏԱՎԱԶԴ (չլսելով Էվելինային) – Ինձ երկրորդ անգամ կյանք տված կինն ար-
ժանի է ապրել իմ երկրորդ կյանքում:
ԱՄԱԼՅԱ – Ապրել ձե՞զ հետ... Այս ամենի համար պարզապես պետք խելագար լինել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց ինչո՞ւ… Չէ՞ որ ձեր շնորհիվ եմ ես ապրում:
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, երջանիկ եղեք նրա հետ: Դուք և նա արժանի եք:
ՄԻՔԱՅԵԼ – Ես հավատում էի, որ այս պահը գալու է: Իմ ներքին ձայնն ինձ չխաբեց:
ԷՎԵԼԻՆԱ (Արտավազդին) – Դու այդ ի՞նչ իրավունքով ես սիրուհուդ, այն էլ իմ
ներկայությամբ, սիրո առաջարկություն անում…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դու մոռանում ես ժամանակի մասին:
ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, ո՞նց կարող ես…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ մայրդ ինչպե՞ս կարողացավ, Արևիկ…
ԷՎԵԼԻՆԱ – Ես թույլ չե՛մ տա ստորացնել ինձ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դու ինքդ քեզ արդեն ստորացրել ես:
ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, Պարոն Արտավազդ, բայց ես չեմ կարող ընդունել ձեր
առաջարկությունը:

122

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե չես կարող, անամո՛թ:
ՄԻՔԱՅԵԼ – Չափավորի՛ր խոսքերդ… Դու իրավունք չունես ոչ մեկին վիրավորելու:
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, խնդրում եմ հանգստացիր…
ԷՎԵԼԻՆԱ – Լռի՛ր, դավաճանի մեկը: Դու մեկ րոպեում ուրացար մորդ ինչ որ
անբարոյականի համար… Ի՛նձ, ով քեզ մեծացրել է տանջանքի գնով: Նվաստացու-
ցիչ աշխատանքներ անելով, որ դու ոչ մի բանի կարիք չունենաս: Ինչից, որ քեզ
զրկել էր հայրդ, ե՛ս եմ քեզ տվել… Իսկ դու մոռացար ինձ ու անցար հորդ կողմը:
ԱՐԵՎԻԿ – Ինչե՞ր ես խոսում… Դու իմ սիրելի մայրն ես… (Մոտենում է Էվելինային):
ԷՎԵԼԻՆԱ – Չմոտենա՛ս ինձ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Վերջացրու՛, Էվելինա:
ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե՜… Ես ճիշտ էի հասկացել… Քո շա՜տ սիրելի տիկին Ամալյան
փորձել էր քեզ մխիթարել այս ընթացքում և 8 տարվա ցավն ու տառապանքդ հաս-
ցրել է մոռացնել տալ անկողնում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Չհամարձակվե՜ս…
(Արտավազդը ապտակում է Էվելինային: Էվելինան ընկնում է բազմոցին: Արե-
վիկը գնում է և ուզում է գրկել մորը):
ԱՐԵՎԻԿ – Մայրի՜կ…
ԷՎԵԼԻՆԱ – Չփորձե՛ս ինձ մոտենալ… Գնա ու մխիթարիր նոր մայրիկիդ…
ՌՈՒԶԱՆ – Ինչպիսի անամոթությո՜ւն…
ՄԻՔԱՅԵԼ – Աղջիկս, արի ինձ մոտ: (Գրկում է Արևիկին):
(Ամալյայի մոտ նկատվում են հոգեկան խանգարման նշաններ):
ԱՄԱԼՅԱ – Ես ինձ վա՜տ եմ զգում: (Բռնում է գլուխը):
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեզ ի՞նչ պատահեց:
ԱՐՏԱՎԱԶԴ – Տե՜ր Աստված… ձեզ ի՞նչ եղավ:
ԱՄԱԼՅԱ (Ռուզանին) – Աղջի՜կս, խնդրում եմ, պայուսակիս միջից դեղերս տուր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հիվա՞նդ եք:
ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե, հիվա՜նդ է...Չի՞ երևում...
ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի, բերանդ փակի՛ր…
ՌՈՒԶԱՆ – Խնդրեմ, տիկին Ամալյա…
(Ամալյան վերցնում է պայուսակը, բացում է և խմում դեղի հաբը):
ԱՄԱԼՅԱ – Ես ուզում եմ հեռանալ: (Փորձ է անում գնալու):
ՄԻՔԱՅԵԼ – Սպասեք, խնդրո՜ւմ եմ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք չեք կարող այս վիճակում հեռանալ: Թույլ տվեք գոնե ձեզ օգնել:
ԱՄԱԼՅԱ – Մի անհանգստացեք, ինձ Ռուզանը կուղեկցի:
ՌՈՒԶԱՆ – Իհարկե:
ԷՎԵԼԻՆԱ – Երևում է, որ նա դերասանուհի է… Հայ բեմը շա՜տ բան է կորցրել:
Սիրում եք, որ տղամարդիկ շան պես վազեն ձեր ետևից:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դո՛ւրս իմ տնից…
ԷՎԵԼԻՆԱ – Ինձ դուրս հանելու փոխարեն դուրս շպրտիր այս երկու անծանոթներին:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այլևս ո՛չ մի խոսք…

123

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, խնդրում եմ, պետք չէ… Վերջիվերջո մայրս է:
ԷՎԵԼԻՆԱ – Ես այլևս մայրդ չե՜մ… (Ցույց տալով Ամալյային): Մայրդ այս պոռնի՜կն է:
(Ամալյան գլխապտույտ է ունենում է: Ռուզանը նրան նստեցնում է աթոռին ու
նստում կողքը):
ԱՐՏԱՎԱԶԴ (թափահարելով Էվելինային) – Լռի՛ր…
ՌՈՒԶԱՆ – Ինչպե՞ս չեք ամաչում…
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ամոթ է…
ՄԻՔԱՅԵԼ – Քո մայրն իր ամոթը վաղուց է կորցրել… (Ամալյային): Հանգստացեք,
խնդրում եմ, չարժե ուշադրություն դարձնել այս խելագարի խոսքերին:
ԷՎԵԼԻՆԱ – Արտավազդ, ես քեզ թույլ չեմ տա ինձ ստորացնել այս անարժան-
ների առաջ… Դու դեռ պատասխան պիտի տաս արածներիդ համար:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ազատի՛ր տունը…
ԷՎԵԼԻՆԱ – Դու չպետք է դուրս գայիր բանտից…
ԱՄԱԼՅԱ – Դուք ոչ մի իրավունք չունեք նրան դատապարտելու:
ԷՎԵԼԻՆԱ – Դու այդ ո՞վ եղար, որ իմ տան մեջ որոշումներ ես կայացնում, փսլնքո՛տ:
ՌՈՒԶԱՆ – Ես հիմա ոստիկանություն կկանչեմ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ո՛չ, Ռուզան… Պետք չէ:
ԱՐԵՎԻԿ – Ռուզան, խնդրում եմ, մի մոռացիր՝ նա իմ մայրն է…
ԷՎԵԼԻՆԱ – Ասացի, որ դու այլևս մայր չունե՛ս…
ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, մենք հիմա գնում ենք, ես հետո կգամ: Ուղղակի մայրիկի
վիճակն անկառավարելի է:
ԷՎԵԼԻՆԱ – Բաց թո՜ղ… Ես ո՛չ մի տեղ էլ չեմ գնա… Ես իմ տանն եմ և մյուսների
նման անամոթաբար չեմ մտնում ուրիշների տուն…
ԱՐՏԱՎԱԶԴ – Որտե՞ղ ես թողել ամոթդ, Էվելինա…
ԷՎԵԼԻՆԱ – Բանտի ճանապարին…
ՄԻՔԱՅԵԼ – Ինչպիսի՜ խայտառակություն:
ԷՎԵԼԻՆԱ (Արտավազդին) – Ավելի լավ կլիներ՝ մեռնեիր բանտում:
ԱՄԱԼՅԱ – Դուք հենց հիմա կհեռանա՛ք այստեղից:
ԷՎԵԼԻՆԱ – Քեզ արդեն այս տան տիրուհի՞ն ես զգում…
ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ինչե՞ր ես խոսում… Ամո՜թ է:
ԷՎԵԼԻՆԱ (նայելով Ամալյային և Ռուզանին) – Նրանցի՞ց պիտի ամաչեմ…
ԱՐԵՎԻԿ – Աստվա՜ծ իմ... Մայրիկ, ես քեզ այսպիսին չէի պատկերացնում:
ԷՎԵԼԻՆԱ – Իսկ ես շատ լավ գիտեմ նրանց նմաններին: Նրանք հարմար պահ են
ման գալիս, որ գողանան այն, ինչը իրենցը չէ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Արդեն անտանելի է ներկայությունդ: Հենց հիմա դո՛ւրս արի այստեղից…
ԷՎԵԼԻՆԱ – Ողորմելի՜…
(Այդ պահին Արտավազդը բռնում է սիրտը և նստում բազմոցին):
ԱՐԵՎԻԿ – Հայրի՜կ…
ՄԻՔԱՅԵԼ – Արտավա՜զդ…
(Ռուզանը և Ամալյան՝ գլուխները բռնած վազում են դեպի Արտավազդը):

124

ԱՐՏԱՎԱԶԴ – Լա՜վ եմ… լա՜վ եմ… Ինձ ոչինչ էլ չի պատահել:
ԷՎԵԼԻՆԱ – Հայ բեմն առանց քե՛զ էլ մեծ արտիստ է կորցրել:
ՄԻՔԱՅԵԼ – Կարո՞ղ ես վերջապես լռել…
ԷՎԵԼԻՆԱ – Դու՝ ձա՛յնդ, հավատարիմ շո՛ւն… Արտավազդ, դու մահվան ես արժանի…
ԱՄԱԼՅԱ – Դուք նրան մեկ անգամ արդեն սպանել եք… Այդ ի՞նչ իրավունքով եք
նորից նրան մահ ցանկանում…
ԷՎԵԼԻՆԱ – Դատավոր կնոջ իրավունքով:
ԱՄԱԼՅԱ – Դուք վատ դատավոր եք:
ԷՎԵԼԻՆԱ – Դու չէ, որ պետք է որոշես կարգավիճակս:
ԱՄԱԼՅԱ – Եթե այսքանից հետո ես փորձել եմ հասկանալ, առավել ևս՝ ներել նրան,
դուք այդ ո՞վ դարձաք, որ ձեզ թույլ եք տալիս նորից դատելու: Այդ ե՛ս իրավունք
ունեի նրա մահը ցանկանալու:
(Բոլորը զարմացած նայում են Ամալյային):
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչի՞ համար…
ԱՄԱԼՅԱ – Ինձ դժբախտացնելու:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց չէ՞ որ դուք ինձ երջանկացրիք:
ԱՄԱԼՅԱ – Այո, երջանկացրի նրան, ով իմ կյանքում դժբախտության հետք թո-
ղեց: Ես երկար տարիներ անցկացրել եմ հոգեբուժարանում և միայն վերջերս եմ
հրաժեշտ տվել այդ սոսկալի պատերին:
ԱՐՏԱՎԱԶԴ և ՄԻՔԱՅԵԼ – Հոգեբուժարանո՞ւմ:
ԷՎԵԼԻՆԱ – Համոզվեցի՞ք... Իսկական խելագարը նա է: Իսկ դուք կարծում եք,
թե ես եմ գժվել:
ԱՄԱԼՅԱ – Չէր մնացել ապրելու ոչ մի ցանկություն: Ինձ թվում էր, որ այդպես էլ
հոգեբուժարանում կմեռնեմ: Սակայն, ինչպես տեսնում եք, շարունակում եմ ապրել․․․
Պարոն Արտավազդ, հիշո՞ւմ եք, երբ ասացիք, որ երազում եք տեսնել այն կնոջը, ում
կյանքը դժբախտացրիք: Որ ցանկանում եք գոնե մեկ վայրկյան նայել նրա աչքերի
մեջ: (Նկատվում են հոգեկան ավելի արտահայտիչ շեղումներ): Նայե՜ք… նայե՜ք…
Մի՞թե չեք հիշում: Ա՜խ, չնայած ինչե՞ր եմ խոսում… Ինչպե՞ս կարող եք հիշել… Չէ՞
որ ես էլ ձեզ չճանաչեցի: Ձեր կյանքի օրագիրն ինձ հիշեցրեց ձեր մասին: Այդ ե՜ս
եմ… Ե՜ս եմ… Եթե ես ձեզ չճանաչեի՝ կցանկանայի ձեր մահը: Ու միշտ ցանկացել եմ
ձեր մահը՝ մինչև այն պահը, երբ ոտք դրեցի այս տուն: Ես ձեզ ներեցի՜: (Ցույց տալով
Էվելինային): Եվ այս կինը իրավունք չունի ասելու այն, ինչը որ պետք է չգրված
օրենքով ե՛ս ասեի:
ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, դուք ձեզ լա՞վ եք զգում…
ԷՎԵԼԻՆԱ – Չի՞ երևում, որ նա նորից հոգեբուժարանի կարիք ունի: Նա դեռ չի
բուժվել: Եվ դեռ հարցը է՝ կբուժվի՞, թե՞ չէ:
ԱՄԱԼՅԱ – Ասեք ինչ ուզում եք… Եթե այսքանից հետո ես դեռ ապրում եմ, ապա
ձեր չնչին վիրավորանքները չեն կարող ցավեցնել ինձ: 8 տարի առաջ, մարտի 16-ը․․․
Հիշո՞ւմ եք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե, հիշում եմ…

125

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ – Հիշո՞ւմ եք՝ այն երիտասարդ ամուսիններին, ովքեր փողոցն անցնում
էին թույլատրելի սահմանով: Կատարվեց վրաերթն ու տղան տեղում մահացավ,
իսկ աղջկա կյանքը, Աստծո օրհնությամբ, հաջողվեց փրկել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես այդ օրը երբեք չեմ մոռանա…
ԱՄԱԼՅԱ – Հիշո՞ւմ եք այն աղջկան, ով ավելի լավ է մեռներ, քան տեսներ այդ ամենը:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հիշո՜ւմ եմ... Հիշո՜ւմ եմ...
(Բոլորը շնչները պահած կարծես սպասում են պատասխանի: Միքայելը ապշա-
հար նստած է: Ռուզանը չգիտի ինչ անի: Էվելինան՝ նենգ հայացքն աչքերում, բայց
և զարմացած, սպասում է, իսկ Արևիկը մոլորված նայում է բոլորին):
ԱՄԱԼՅԱ – Այդ աղջիկը՝ ես էի…

ՎԵՐՋ

126



ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Արձակագիր

ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ

Երբ հեղափոխությունը սկսվեց, մեր բոլոր աշխատողները թողեցին ու գնացին,
նույնիսկ Հասան աղան, որ քառասուն տարուց ավելի մեր տան խոհարարն էր, նրա
կինը` Զահրա խանումը, որը բազմաթիվ անգամ երդվել էր, թե մեզ իր աչքի լույսից
շատ է սիրում, այգեպան Մորթազան, որ նամազի ժամանակ աղոթում էր մեր գեր-
դաստանի ու հորս համար, նանե Քարաջին, որ մեր տանն էր ծերացել ու մեր ըն-
տանիքի անդամն էր համարվում:

Ծեր խոհարարը հեռացավ` իր հետ տանելով մեր կյանքից ու հիշողություններից
մի էջ` կապված ընծայաբերության, ուրբաթ օրերի հյուրընկալության և այլ տոնա-
կան երեկույթների հետ: Նրա գնալու հետ մեր տնից անհետացան նաև ուրախու-
թյուն բերող հոտերը, որ հավանաբար մառանից, հյութերով լի սափորներից ու թթվի
կճուճներից էին տարածվում, կաթսաների ու ամանների համաչափ չխկչխկոցը,
տնական կերակուրների կախարդական համն ու խոհանոցի դրախտային խա-
ղաղությունը: Նրա ու նանե Քարաջիի հեռանալը, շահի փախուստը, քեռիներիս
հապշտապ գաղթը դեպի հեռավոր երկիր, հարևանի տան բռնագրավումը, Շամս
ալ Մոլուք խանումի պատահական նահատակությունը Փամենար փողոցում փա-
կեցին կայունության ու հավերժի դուռը: Այդ ամենը նման էր տոնի ավարտի, որից
հետո սկսելու էր անհայտ, անորոշ նորը: Դեպքերի ու իրադարձությունների տրամա-
բանությունը չէինք հասկանում: Եվ ինչպես քոչվոր ցեղերի հարձակման ժամա-

128

նակ է լինում` կողոպտվեցին հին սովորությունները, մեր հիշողությունների առասպել-
ական մնացորդները, պատմությունը: Երբ պատառոտված կտորը մի ուրիշ կտորի
կողքին ես դնում, որքան էլ զգուշորեն կարես, դրանից միայն կարկատան է ստացվում:

Հասան աղան լուռ անհետացավ` առանց հրաժեշտի, պատճառի ու պատրվակի:
Ենթադրեցինք` հիվանդացել է, ճամփորդության է մեկնել, կամ էլ, Աստված մի
արասցե, հեղափոխության ժամանակ գլխին մի փորձանք է բերել ու մահացել:
Մտքներովս չէր անցնում, որ ինքնակամ է հեռացել: Հասանի տղաները թաղային
կոմիտեի աշխատակիցներ էին և մեզ սպառնալիքներ էին ուղարկում: Անճար,
ամաչկոտ Զահրա խանումը լուր էր տարածել, թե մեզնից դժգոհ է:

Չէինք ուզում հավատալ: Որոշեցինք խոսել Հասանի հետ: Ոտքի ելանք (ես ու
մայրս), գնացինք նրանց տուն: Դուռը չբացեցին: Մեկը վարագույրի հետևից ծիկրակեց:
Արձագանք չեղավ: Ամոթահար, նվաստացած վերադարձանք: Փողոցում հանդիպե-
ցինք այգեպան Մորթազային, երեսը շրջեց, անցավ առանց բարևելու:

Սառը, լուռ տան մեջ մնացինք մենակ: Երբ էլեկտրականություն չէր լինում, հա-
վաքվում էինք լամպի շուրջը: Եթե մեկը դռանն էր մոտենում, վախից շունչներս պա-
հում էինք: Ընտանիքի ավելի երիտասարդ անդամները որոշել էին Եվրոպա մեկնել:
Չգիտեինք` ծերերի հետ ինչպես վարվենք: Ո՛չ կարող էինք նրանց Եվրոպա տանել,

129

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ո՛չ էլ առանց խնամքի մենակ թողնել: Կիսաշունչ ու անդամալույծ տատիկները մեռ-
նելու ցանկություն չունեին: Նրանցից տարիքով համեմատաբար փոքրերը` մեր
ծնողները, սարսափում էին տեղափոխվելուց, փոփոխություններից և վախենում էին
մենակ մնալուց, պատերազմից, հեղափոխությունից: Հորեղբայրս դասալիք գնդա-
պետ էր: Շավքաթ Ազամ խանումը քուն ու դադար կորցրել էր, վախենում էր
կողոպտիչներից ու սովից: Հորաքույր Մալաքն անդադար աֆղան սպասավորների
մասին էր խոսում: Համոզված էր` նրանցից մեկը կկտրի իր գլուխը: Դողացող ձեռքը
կզակի վրայով տրտմագին սահեցնում էր ու հառաչում՝ ասես զգալով դանակի սայրը
իր գեր մարմնի մեջ: Քեռիս ավելի խելացի գտնվեց, նախ երկու գամփռ գնեց (որոնք
հենց նույն օրը կծեցին մոր ու կնոջ ոտքերը), տան դռների ու պատուհանների վրա
ազդանշանային, տեսագրող սարքեր տեղադրեց, պահակ վարձեց, որ պաշտպանի
իրեն ու տունը:

Մորս ամենաշատը ցավ էր պատճառել Հասան աղայի անհավատարմությունը:
Անունը չէր արտաբերում, բայց նրան չէր էլ մոռանում: Նոր ծառայող ընդունելու
մեր պնդումներն ավելի շատ նրա խոցված ինքնասիրությունն ու հպարտությունը
շոյելու համար էին: Նմանատիպ իրավիճակում ինչպե՞ս կարելի էր վստահել, տուն
բերել օտարին:

Երկրից մեկնելու մտադրություն ունեի: Պատերազմի սկիզբն էր: Մորս համար
խնամող պիտի գտնեի: Հյուսն Մոմեդ աղան ազնիվ ու համեստ մարդ էր: Քսան տարի
էր ճանաչում էինք: Կարելի էր նրան վստահել: Մնացածներից տարբերվում էր: Եկել
էր, որ դռան կողպեքները մի երեք-չորս հատով ավելացնի: Ամեն ինչ մի կողմ դնելով`
անկեղծացա: Ասացի` մորս համար ազնիվ ու հուսալի սպասուհի եմ փնտրում, և
իր հանդեպ եղբորս` Մոհանդեսի համակրանքն ու վստահությունն է իրեն դիմելու
պատճառը: Համոզված էի` կասի` ոչ, կամ կեղծ սիրալիրությամբ կհրաժարվի: Բայց
անսպասելիորեն առաջարկս բոլորովին այլ կերպ ընդունեց: Ձեռքի սղոցը գետնին
դրեց, գլուխը բարձրացրեց, ասաց. «Աչքի՛ս վրա: Մենք կերել ենք Ձեր տան հացը,
պարոն Մոհանդեսը գլխիս վրա տեղ ունի»: Դժվար էր հավատալ: Շատերն էին
խոստացել, հետո մոռացել իրենց խոստման մասին: Անվստահ նայեցի նրան: Նորից
հարցրի. «Ձեզ նման վստահելի մեկի՞ն եք դիմելու»: Պատասխանեց. «Դուք կարծում
եք` ամեն մարդու տիկնոջ մոտ ծառայությա՞ն կբերեմ: Այս օրերին մարդ նույնիսկ
իր ստվերից է վախենում: Աստված վկա, ես ամոթից գետինն եմ մտնում Հասանի
հեռանալու պատճառով, չեմ կարողանում Մոհանդես աղայի աչքերի մեջ նայել:
Զարմանալի ժամանակներ են, շունը տիրոջը չի ճանաչում: Բայց մենք կերել ենք
ձեր տան հացը, Մեծ տիկնոջ արած լավություններն էլ չենք մոռացել: Մայրս ամեն
օր աղոթում է պարոնի համար, եթե իմանա` Մեծ տիկինը կարիք ունի` ինքը կգա
սպասավորություն անելու»: Մտածեցի` հաճոյախոսում է: Անհամբեր էի, երկար-
բարակ զրուցելու տրամադրություն չունեի: Վարպետ Մոմեդը խելացի մարդ էր, կար-
դաց մտքերս: Ասաց. «Հենց հիմա կգնամ մորաքրոջս տուն, նրա թույլտվությամբ
աղջկան կվերցնեմ, կբերեմ Մեծ տիկնոջ ձեռքը համբուրելու»: Ավելի լավ չէր կարող
լինել: Վերջապես գտա փնտրածս: Նշանակություն չուներ` խոհարարություն, դերձա-

130

կություն, տան գործերն անել գիտի՞, թե՞` ոչ, կարևորն այն էր, որ վարպետ Մոմեդի
մորաքրոջ աղջիկն էր: Մայրս մենակ չէր մ նա, և կյանքը քիչ թե շատ հունի մեջ
կընկներ: Ասաց` նա երբևէ չի աշխատել, տնից էլ հազվադեպ է դուրս եկել: Ամաչկոտ,
բարեպաշտ, փակբերան, ազնիվ աղջիկ է: Հենց մեր ուզածն է:

Վախենում էի` մորաքույրը չի համաձայնի: Ակնարկեցի` պարգևավճարի մասին
չեմ մոռանա: Ի նշան մերժումի` շարժեց ձեռքերն ու գլուխը: Ամոթով մնացի: Մոմեդը
գնաց մորաքրոջ աղջկա հետևից, ես էլ աճապարեցի մորս մոտ` ուրախալի լուրը
նրան հայտնելու: Ավելի լավ ու ավելի դյուրին չէր կարող լինել:

Հասան աղային այդպես էլ չտեսանք, բայց նրա կնոջ ու տղաների կերպարանք-
ները մինչև օրս աչքիս առաջ են: Կանգնել էին միջանցքում` դռան մոտ: Զահրա
խանումը կուչ էր եկել տղաների թիկունքում, գլուխը կախ էր, դեմքի կեսը ծածկել
էր սև գլխաշորով: Տղաները շփոթված էին, քննարկում էին, չէին որոշել` ինչ են ուզում:
Նրանց պարագլուխը Հասանի փեսան էր, որին գրեթե չէինք ճանաչում: Գումար էին
ուզում, տան կեսը, այգուց ինչ-որ հատված: Բարբաջում էին, նրանց պահանջը ո՛չ
հիմք ուներ, ո՛չ տրամաբանություն: Մայրս զայրացած էր, նրա ամեն դիտողության
ու խիստ հայացքի հետ սփրթնում էին: Բայց նրանց համար մի բան պարզ էր`
մենք այլևս նույն դիրքն ու հնարավորությունները չունեինք: Եվ այդ հանգամանքն
էր պատճառը, որ ամաչկոտ Զահրա խանումը լեզու էր առել: Տղաների հետևում
կանգնած` նա երկարացրեց վիզը և ճղճղաց. «Բա հեղափոխությունն ինչի՞ հա-
մար էր»: Նրա ասածի մեջ ճշմարտություն կար, և այդ անորոշ կերպարանքով
համր ճշմարտությունը մեզ համար էլ էր հասկանալի: Առանց ձգձգելու եղբայրս
միանգամից հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Տղաները համրացան, Զահրա խա-
նումը կծեց չադրայի ծայրը, կկոցեց աչքերը: Երիտասարդ փեսան պատահական
մի թիվ կրակեց, իրենց կարծիքով մեծ, մեր սպասածից` ցածր: Փողը տվեցինք ու
ազատվեցինք նրանց ներկայությունից:

Նոր սպասավորներ գտնելն ու վարպետ Մոմեդի տված խոստումը բալասան էր
մեր վերքերին: Մայրիկն ասաց. «Ի հեճուկս Հասանի` այդ աղջկան ավելի բարձր
կվարձատրեմ, վերևի հարկում մի լավ սենյակ կտամ, հետո էլ մի լավ փեսացու կը-
գտնեմ նրա համար…»: Ցանկանում էր շարունակել` ընդհատեցի: Ճիշտ կլիներ`
պարգևների ու ընծաների համար այլ ժամանակ ընտրեր: Մայրիկը հուզված էր,
ինքն իրեն խոսում էր. «Դա էլ ծեր տխմարի երախտագիտությունն էր: Անպատկառ
անամոթը, երբ այս շեմից ոտքը ներս դրեց, դեռ բանակում էլ չէր ծառայել: Թոնիրը
գցեիր, վրայից շորահոտ չէր գա: Արաքից տկլոր եկավ, ուղարկեցի սովորելու,
գնաց, հորեղբոր գնջոտ ու թոքախտավոր աղջկան էլ հետևը գցած` վերադարձավ:
Ինչքան փող ծախսեցի դրան բուժելու համար, երեխաների ուսման վարձն էլ էի ես
տալիս: Աղջկան իմ օժիտից ճոխ օժիտ տվեցի: Այդքանից հետո եկել, հարցնում է`
բա հեղափոխությունն ինչի՞ համար էր»:

Մի ժամ չանցած վարպետ Մոմեդը եկավ մորաքրոջ աղջկա հետ: Երիտասարդ,
կայտառ, լիքոտ, բայց դուրեկան աղջիկ էր: Գունավոր գլխաշորով էր, ոտքերին
գուլպա չկար: Վարպետ Մոմեդը նկատեց, որ աղջկա մերկ ոտքերին եմ նայում:

131

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Ասաց. «Ներեցե՛ք այս թափթփվածության համար: Իմ մեղավորությունն է: Հապշտապ
դուրս եկանք, մորաքույրս էլ տանը չէր: Ցանկանում էր սև չադրա ու գուլպաներ
հագնել, չթողեցի, ասացի` ուշ կլինի, վեր կաց, գնանք»: Մայրիկն ասաց. «Մենք օտար
հո չե՞նք: Բայց լավ կլիներ` մոր թույլտվությամբ լիներ»: Մոմեդը պատասխանեց.
«Զեյնաբի իրական մայրն այսուհետ Դուք եք, խոնարհվում ենք Ձեր մեծության
առաջ»: Զեյնաբը գլուխը բարձրացրեց, շփոթված ու անվստահ նայեց մայրիկին,
մեղմ ժպտաց ու կրկին գլուխը կախեց: Մայրիկն ավելացրեց. «Որքան հիշում եմ,
մորաքույրդ պատվարժան տիկին է, Մոհանդեսն էլ է հավանում նրան»: Վստահ
էի` մայրս երբևէ չէր հանդիպել Մոմեդի մորաքրոջը, բայց ուրախությունն ու ոգե-
վորությունն այնքան մեծ էր, որ հավատում էր իր հորինած ստին և ցանկանում էր
իր ուզածի նման պատկերացնել այդ կնոջը:

Նստեցինք պատշգամբում: Մայրիկն սկսեց մտերմիկ զրուցել: Հետաքրքրվեց
Մոմեդի կնոջ, երեխաների որպիսիությամբ, գովաբանեց նրանց, թեև նրանց էլ
ընդհանրապես չէր ճանաչում: Լեզվի տակ մի բան կար, բայց չէր արտահայտում,
սիրում էր բառերը ծամծմել: Խոսեց դեսից, դենից, թանկությունից ու ջրի սակավու-
թյունից, հովհարային անջատումներից, Մոհանդեսի վատ ինքնազգացողությունից,
քեռու մեքենայի գողանալուց ու Հասանի հեռանալուց: Մի խոսքով, խոսակցությունը
երկարում էր, և զրույցի վերջը չէր երևում: Միջամտեցի: Մոմեդին խնդրեցի պատմել
Զեյնաբի մասին: Մայրիկն ասաց. «Նստի՛ր, աղջի՛կ ջան, կհոգնես: Համարիր` սա քո
տունն է, ես էլ` քո մայրը»: Հետո վեր կացավ, զամբյուղից երեք խնձոր, երկու վարունգ
վերցրեց, դրեց ափսեի մեջ, մոտեցրեց Մոմեդին:

Զեյնաբը, որը խոսակցության ամբողջ ընթացքում գլխահակ կանգնած էր, մայրիկի
պնդմամբ նստեց: Մոմեդը սկսեց պատմել. «Զեյնաբը երբևէ չի աշխատել, բայց փակ-
բերան, համեստ աղջիկ է: Մորաքույրս էլ ավանդապաշտ, աստվածավախ կին է,
Զեյնաբին չորս պատերի մեջ է պահել, մեծացրել»: Մայրիկը միջամտեց` ճիշտը դա է,
և գորովանքով նայեց աղջկան: Զեյնաբը խոնարհեց գլուխը, ծիծաղեց: Նրա ծիծաղն
անտեղի էր, երեխայավարի: Ակներև էր` անփորձ էր, միամիտ, ճակատագրի թացն
ու չորը չէր ճաշակել: Մոմեդը շարունակեց. «Ճիշտը որ ասեմ, այս խեղճ երեխայի
ծնողներն ավտովթարի ժամանակ մահացել են, երբ նա ընդամենը երկու ամսական
էր: Ինքը մեքենայի պատուհանից դուրս է թռել և Աստծո ողորմությամբ ողջ մնացել:
Մորաքույրս, ինչպես ասացի, աստվածապաշտ, առաքինի կին է: Աչքի լույսի նման
փայփայել, մեծացրել է նրան ու անչափ սիրում է»:

Մայրիկը հոգոց հանեց, խղճահարությամբ նայելով Զեյնաբին` ասաց. «Ինքս հոգ
կտանեմ նրան, կամուսնացնեմ: Այգու վերջնամասում մի սենյակ ունենք, եթե կուզի,
թող ամուսնու հետ այնտեղ էլ ապրի: Ամուսինն էլ կարող է Մոհանդեսի գրասենյակում
աշխատել: Եթե երեխաներ ունենան, ու նրանք էլ ընդունակ լինեն, նրանց ուսման
վարձն էլ կվճարենք, կուղարկենք արտասահման ուսումը շարունակելու»:

Պայմանավորվածությունը կայացավ: Մոմեդը շտապում էր, վեր կացավ: Գնալուց
առաջ երկու բան խնդրեց: Առաջին` Զեյնաբը տնից պիտի դուրս չգար, հանգստյան
օրերին ինքը կամ մորաքույրը կգային աղջկա հետևից: Երկրորդ` Զեյնաբին չէր կա-

132

րելի հեռախոսից օգտվել կամ հեռախոսազանգերին պատասխանել: Մայրիկը վըս-
տահեցրեց. «Իհարկե՛, դրանք անհրաժեշտ պայմաններ են: Երիտասարդ, գեղեցիկ
օրիորդ է, մեզ վստահված երեխա»:

Զեյնաբն իր կապոցը դրեց խոհանոցի անկյունում, չադրան հանեց: Մի հայացք
նետեց չորսբոլորը, ասաց. «Հենց այստեղից էլ կսկսեմ»,- և, որևէ մեկի հետ զրույցի
բռնվելու փոխարեն, ավելը ձեռքն առավ: Բացեց խոհանոցի պատուհանը, աթոռ-
ները շարեց սեղանին, սկսեց ավլել: Ասացի. «Խնդրե՛մ, սա էլ քո երազած սպասու-
հին»: Մայրիկը հրճվագին պատասխանեց՝ իսկական ադամանդ է, և հիշելով վար-
պետ Մոմեդի զգուշացումները` Զեյնաբին առաջարկեց նախ կեսօրվա աղոթքն անել:
Զեյնաբը տարված էր գործով, քրտինքը ծորում էր վրայից, նուրբ զգեստը կպել էր
մարմնին: Սպիտակ մաշկ ուներ, երիտասարդ, պիրկ մարմին: Մորս խոսքին ականջ
չարեց: Ծիծաղելով ասաց. «Գործն ավելի կարևոր է»: Նրա պատասխանը գոհացրեց
մայրիկին: Ասացի. «Հիմա ճաշելու ժամանակն է: Նախ մի բան կեր, հետո մաքրու-
թյուն կանես»: Չհամոզվեց: Խոհանոցի կահ-կարասին այս ու այն կողմ էր տանում`
ամբողջ մարմնով հրելով դրանք. դուռ, պատ, պահարան ու սառնարան… Մայրիկն
ասաց. «Էստեղ են ասել` մաքրասեր ու խելացի: Իրական մաքրություն անելը իրերի
հետևի կողմը մաքրելն է, ոչ թե էդ փնթի Զահրայի նման, ձեռքը մի թեթև սահեցնում
էր կահույքի վրայով, գլխառադ անում: Դատարկագլուխ ամուսինն էլ մի գլուխ ծա-
մում էր ու քնում, ամսվա էս գլխից էն գլուխն էլ հիվանդ էր: Ինչ լավ եղավ` գնացին:
Գրողի ծոցը գնան ուտող-ուրացողները»:

Զեյնաբի զգեստը շատ կարճ էր, խորը բացվածքով: Պետք էր նրա համար գլխա-
շոր ու գուլպաներ գնել: Մայրիկը խնդրեց, որ օտար մարդկանց ու հյուրերին գլխա-
շորով ներկայանա: Զեյնաբը մեզ նայեց, քրքջաց: Քրքջոցն անհարիր էր նրա ամաչ-
կոտ ու ազնիվ դեմքին: Ճաշել էինք ուզում, բայց ստիպված եղանք սպասել, մինչ
նա ավլել-թափելը կավարտեր: Մայրս ասաց. «Կարևորը ծակուծուկերը մաքրելն
է: Պա՛հ-պա՛հ, ամեն ինչ փայլում է: Աստված այս աղջկան երկնքից է ուղարկել,
իսկական հրեշտակ է: Հոգ կտանեմ նրան, կամուսնացնեմ: Այգու վերջնամասի
սենյակը կտամ նրանց: Մոհանդեսին կասեմ երեխաներին կուղարկի Ամերիկա:
Շատ հնարավոր է` փեսացուն այգեգործ կամ վարորդ լինի: Այգու ու ծաղկանոցի
խնամքը նրան կհանձնեմ: Անպատկառ, անկուշտ Մորթազա խանը բողոքելով գնաց:
Այդ նեխածների նման հարյուրին էս աղջկա մի մազի հետ չեմ փոխի»: Զեյնաբը
ոգևորվեց: Ուրախության հետ հուզմունքն էլ ավելացավ: Մայրիկն ասաց. «Վախե-
նում եմ` խաբվի: Ջահել, միամիտ աղջիկ է: Հարևանները կմոլորեցնեն, հորաքույր
Մալաքը տեսավ թե չէ` մեր երգը երգված է, կգրավի, իրենով կանի: Որևէ մեկին
պետք չէ ասել, այս օրերին լավ սպասավոր գտնելը դժվար գործ է: Նրան չպիտի
շատ գովաբանենք: Երանի մնա»:

Դուռն էին թակում: Վարպետ Մոմեդն էր: Անհանգստացանք: Ասացի. «Զեյնա՛բ
խանում, հաստատ քո հետևից է եկել»: Պատասխանեց. «Շատ բան է արել, հո տուն-
տունիկ չի»: Հետո ձեռքերը դրեց գոտկատեղին և հայացքը հառելով դռանը` կանգ-
նեց: Մայրիկն ինձ նայեց: Նրա շվարած հայացքը խառնաշփոթ առաջացրեց գլխումս:

133

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբի ձայնի մեջ կոպիտ ու համարձակ հնչերանգ կար, որը չէր համադրվում նրա
գեղջկական պարզ ու ամաչկոտ ժպիտին:

Վարպետ Մոմեդը սղոցն էր մոռացել: Առաջարկեցինք ճաշել մեզ հետ: Չհամա-
ձայնեց: Շտապում էր: Հեռանալուց առաջ Զեյանբին մի կողմ քաշեց, ինչ-որ բան
էր փսփսում նրա ականջին: Զեյնաբը գլուխը կախել էր, բայց անհոգ ու քմահաճ
երեխայի նման մի ոտքից մյուսի վրա էր հենվում, քորում էր մարմնի այս կամ այն
հատվածը, անհամբերությամբ շուրջը նայում: Մայրիկն ասաց. «Ինչքան շատ նրան
խրատեն, այնքան լավ»:

Վարպետ Մոմեդը գնաց: Զեյնաբն առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու`
ընկավ դռների ու պատուհանների վրա: Կարծես գործը նրա վզին էին փաթաթել: Նա
բավական ուժեղ էր, ծանր իրերը հանգիստ հետ ու առաջ էր անում: Մայրիկն ասաց.
«Աղջի՛կ ջան, այս ծաղկամանը հին, թանկարժեք իր է, մի՛ բարձրացրու, կընկնի,
կջարդվի»: Հետո գոռաց. «Այդ ամանեղենը պետք չէ տեղափոխել: Բյուրեղյա ջահի
հետ էլ գործ չունես»: Հնար չկար, երկու ոտքը մի կոշիկի մեջ էր դրել ու իր էշն էր
առաջ քշում: Նրա ճաշը մի կողմ դրեցինք, հանձնվեցինք, ինչ ուզում է` թող անի:
Թեպետ մայրիկը սիրում էր, որ բոլորն իրեն ենթարկվեն և հատկապես սպասա-
վորները, բայց հոգու խորքում գոհ էր և գնորդի աչքերով ուսումնասիրում էր նրան:
Ամեն ինչ շողում էր: Տունն անծանոթ փայլով էր ողողվել, անսպասելի փայլ, որ մնա-
ցած իրերի հետ չէր համադրվում ու անցողիկ, անհավատալի էր թվում:

Ժամը երկուսն էր, երբ Զեյնաբը գործն ավարտեց: Ախորժակ չուներ: Ափսեն մի
կողմ հրեց: Մի շիշ ջուրը մինչև վերջին կաթիլը գլուխը քաշեց, դեմքը ցողեց սառը
ջրով, թրջեց պարանոցն ու մազերը, փռվեց սենյակի հատակին` գորգի վրա, և
աչքերը փակեց: Խորը քուն էր մտել: Քրտինքը հոսում էր նրա մաշկի բոլոր ծակոտի-
ներից: Առողջ ու պիրկ մարմնից կենդանուն բնորոշ գոլորշի էր բարձրանում: Կարճ
փեշը փորի տակ էր հավաքվել, ծաղկավոր վարտիքը երևում էր: Շնչում էր խորը`
մերթընդմերթ քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով: Քնած ժամանակ ավելի երիտա-
սարդ էր երևում` վարդագույն այտերով, փակ կոպերով: Անհայտ մի բան կար նրա
էության մեջ, որ ժամանակ առ ժամանակ դրսևորվում էր խորամանկ հայացքով,
լպիրշ ծիծաղով, և այդ ամենը նրա պարզամտության ֆոնին կասկածելի ու ան-
հասկանալի էր թվում:

Երեկոյան հեռախոսը զանգեց: Վարպետ Մոմեդի մորաքույրն էր: Որոշ ժամա-
նակ զրուցեց մայրիկի հետ, հետո Զեյնաբի հետ էլ խոսեց: Ննջասենյակի հեռախոսի
լսափողը վերցրած` հետևում էի նրանց խոսակցությանը: Մորաքույրը կշռադատ-
ված ու շատ հանգիստ էր խոսում: Երևում էր` կրթված ու խելացի կին է: Ասաց`
գրասենյակային աշխատող է, միշտ էլ մեծ հարգանք է տածել մեր ընտանիքի, հատ-
կապես հորս հանդեպ, և մեծ պատիվ է մորս հետ ծանոթանալը: Ավելացրեց` Մո-
հանդեսը` եղբայրս, մեր ժամանակի ամենահարգված մարդկանցից է, բոլորն են խո-
սում նրա շնորհքի ու արժանիքների մասին: Մի խոսքով, Զեյնաբի բախտն ուղղակի
բերել էր: Վերջում հիշեցրեց` Զեյնաբը տասնյակ երկրպագուներ ունի, որոնք հավա-
նաբար կփորձեն կապվել նրա հետ, կջանան գրավել աղջկա սիրտը, որի իրավունքը,

134

իհարկե, չունեն: Մայրիկը խոստացավ, վստահեցրեց, որ ինքն անձամբ Զեյնաբի
համար հարմար փեսացու կգտնի, նրա երեխաներին ուսումի կտա ու նմանատիպ
խոսքերով մորաքրոջը հանգստացրեց, մենք էլ է՛լ ավելի համոզվեցինք, որ մշտական
ու լավ սպասուհի է մեզ բաժին հասել: Ինքս ինձ ասացի` կարող եմ մեկնել, մայրիկը
մտածեց, որ վերջապես գլուխը հանգիստ բարձին կդնի, եղբայրս էլ, երբ իմանա,
խորը շունչ կքաշի, չնայած առկա դժվարություններին` Աստծուն փառք կտա ու հաղ-
թական կժպտա:

Խաղաղվել էինք արդեն, երբ հորաքույր Մալաքը ներս ընկավ: Զեյնաբին տեսավ,
և աչքերը կլորացան: Հարցրեց. «Սա որտեղի՞ց է հայտնվել»: Մայրիկն անմիջապես
վրա հասավ, ասաց. «Մոմեդի ծանոթն է: Որևէ գործի պիտանի չէ, առանձնապես
վստահել էլ չարժե»: Վերջին խոսքերը բավական էին, որ հորաքույր Մալաքը դող-
էրոցքի մեջ ընկներ: Հարցրեց. «Աֆղան չի, չէ՞»: Մայրիկն ուսերը թոթվեց, գլուխը
կասկածանքով շարժեց, շուրթերը ձգեց: Հորաքույրը տեղից թռավ: Ձեռքն ակամա-
յից տարավ դեպի գեր կզակը, ասաց. «Գժվե՞լ եք, եթե աֆղան է, ուրեմն հենց այս
գիշեր ձեր վերջը կտան: Ինչպե՞ս եք համարձակվել նման բան անել: Որտեղի՞ց եք
սրան բռնել, տուն բերել»: Մայրիկը ճիշտ տարբերակ չէր ընտրել: Փորձեցի հանգըս-
տացնել հորաքրոջը: Խաղաղվեց, բայց չհամոզվեց: Ժամանակ առ ժամանակ կասկա-
ծանքով Զեյնաբին էր նայում: Ասաց. «Մենակ կմեռնեմ, ինքս կմաքրեմ իմ տունը,
բայց օտարի տուն չեմ բերի: Նախանցյալ գիշեր լցվել էին ծեր ամուսինների տուն,
երկուսի գլուխն էլ թռցրել: Թերթում էր գրված: Ասում են` աֆղանների ձեռքի գործն
է: Մի կին էլ` Խավարի անունով, խոհանոցում ճաշ եփելիս է եղել, մեկը հետևից մո-
տեցել, փակել է բերանը, մյուսն էլ փայտով խփել է գլխին: Երեխաների ձեռքերն ու
ոտքերը կապել են, հավի նման խեղդել»:

Զեյնաբը բերեց թեյամանը: Մայրիկը հրճվագին ու գորովանքով նրան նայեց,
ասաց. «Զեյնաբն իսկական տան աղջիկ է, ես շատ գոհ եմ նրանից»:

Զեյնաբը դատարկ բաժակները շարեց սկուտեղի վրա, տարավ սրբիչով մաք-
րելու: Վերադարձավ, թռուցիկ հայացք նետեց մայրիկի վրա, հեռանալուց առաջ մեղմ
ժպտալով ասաց. «Վերջը լավ լինի»: Կարծեցի` սխալ եմ լսել: Մայրիկը բռնազբոսիկ
ժպտաց: Ասես մի անիմաստ լուր այս ականջից մտել էր, այն ականջից դուրս եկել:
Սակայն հորաքրոջ տրամադրության վրա խիստ ազդեց: Աչքերը կլորացան, բե-
րանը բաց մ նաց: Ասաց. «Ա՜խ, լսեցի՞ք, վերջը լավ լինի, սրան նայեք»: Մայրիկը
շվարել էր, բայց չէր ցանկանում վատ բան մտածել: Ասաց. «Լուն փիղ եք սարքում,
մի բան էր ասաց, էլի: Անկիրթ աղջիկ է, խոսքի տակուգլուխ չգիտի, պարզապես
ցանկացավ բարեկիրթ երևալ: Հավանաբար, ուզում էր ասել` վերջը սկզբից լավ է
լինելու»: Հորաքույրն անհանգիստ էր, ավելի շատ եղբորս համար էր մտահոգված:
Ասաց. «Իսկ եթե մատնության դիմի՞»: Մայրիկը բարկացած կուլ տվեց թեյն ու
պատասխանեց. «Մենք ոչ մի հանցանք չենք գործել, ինչի՞ց պիտի վախենանք:
Թաքցնելու ոչինչ էլ չունենք»: Հորաքույրը վեր կացավ, լայն գլխաշորը քաշեց մինչև
աչքերը, ասաց. «Ինքներդ ձեզ պիտի թաքցնեք: Միայն այն, որ առողջ ու ապահով
այստեղ նստած եք, արդեն հանցանք է ոմանց համար: Իմ ու ձեր մեղքն այն է, որ

135

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

մեր գլուխը դեռ մեր ուսերին է: Ի՞նչ կարող է լինել դրանից էլ ավելի վատ»:
Հորաքույրը գնաց: Ես ու մայրիկն աչքի էինք անցկացնում օրվա թերթերը: Մի

քիչ անհանգիստ էինք: Հորաքրոջս խոսքերը երկուսիս վրա էլ ազդել էին: Մայրիկն
անսպասելի վեր թռավ տեղից, անորոշ կանգնեց: Տարակուսանքի մեջ էր, չէր կա-
րողանում հստակ որոշում կայացնել: Ինձ նայեց: Ուզում էր ինչ-որ բան ասել, սա-
կայն փոշմանեց: Զեյնաբը գործ էր անում, հետո եկավ իմ կողքին` պատշգամբի
բազրիքի վրա նստեց: Գլուխը ձգեց, ուշադիր զննեց լրագրի նկարները, ասաց.

-Սրանց սպանե՞լ են:
Մայրիկը հարցրեց.
-Ասա՛, տեսնեմ, երեկոյան աղոթքն արե՞լ ես: Վարպետ Մոմեդը մի քանի անգամ
զգուշացրեց:
Զեյնաբը մեծ ցանկություն ուներ զրույցի բռնվելու հետս: Մատը դրեց թերթին, ասաց.
-Այստեղ ի՞նչ է գրված:
Այդ պահին հեռախոսը զանգեց: Նա թռավ բազրիքից, ասաց.
-Հաստատ ինձ են ուզում,- չհասած նախասրահի դռանը, մայրիկն առաջը կտրեց.
-Համբերի՛ր, աղջի՛կ ջան, թույլ տուր պատասխանեմ:
Վերցրեց լսափողը, ինչքան ալո-ալո ասաց, պատասխանող չեղավ: Զեյնաբը
վրա տվեց.
-Ասացի չէ՞` ինձ են ուզում:
Մայրիկը նյարդայնացավ.
-Քեզ չի թույլատրվում հեռախոսազանգերին պատասխանել: Մորաքույրդ է այդ-
պես պահանջել: Հասկացա՞ր:
«Հասկացար»-ը այնքան տիրական ասաց, որ նույնիսկ ես կարկամեցի: Զեյնաբի
երեսից գույնը թռավ: Կծկվեց, գլուխը կախեց: Ասաց. «Գնամ, ծաղիկները ջրեմ»: Ապա
երեխայի նման աշխուժացավ, ձեռքը դրեց ուսիս, հարցրեց. «Այստեղ ի՞նչ է գրված:
Սրանք մահացե՞լ են: Հաստատ մաքսանենգ են եղել»: Հետո առանց պատասխանի
սպասելու իջավ աստիճաններով, վերցրեց ջրի խողովակը, հողաթափերը հանեց,
ջրի շիթը պահեց ոտնաթաթերի վրա: Նա մի ողջ պուրակի թարմություն ուներ, նրա
երիտասարդությունն ակացիայի բույրի նման ալիքվեց բակում: Թվում էր` շատ եր-
ջանիկ է, կարելի էր ներել նրան` անմիտ խոսքերի ու երեխայական պահվածքի հա-
մար: Մայրիկը նորից մեղմ ու քնքուշ դարձավ, մոռանալով հորաքրոջ ասածները:
Հանդուրժողականության ու բարության լույսն իջավ դեմքին: Սիրալիրությամբ մի
խնձոր մաքրեց, կեսն առաջս դրեց: Հարևանի սպասավորն իրենց տան կտուրում
կանգնած` մեր բակին էր նայում: Մայրիկն ասաց.
-Մի տես, էդ լակոտն ինչպես է նայում էս խեղճ աղջկան,- հետո շրջվելով դեպի
նա` գոռաց,- տղա՛ ջան, ինչի՞ ես կանգնել ու աչքերդ էդպես չռել, ամո՛թ է, չգիտե՞ս,
որ ուրիշի տան ելումուտը չի կարելի հսկել: Ներքև իջի՛ր, թե չէ զանգ կտամ կոմիտե,
կգան, հարցերդ կլուծեն:
Հարևանի սպասավորը ծիծաղեց, ուսերը թոթվելով պատասխանեց.
-Մեղավորը դուք եք, որ բաց գլխով նստել եք բակում: Եթե ամոթ ունենայիք, նախ
ինքներդ կծածկվեիք:

136

-Մենք մեր տան մեջ ազատ շնչելու իրավունք չունե՞նք,- քրթմնջաց մայրիկը,
վերցրեց թեյի բաժակն ու գնաց` ասելով,- Զեյնա՛բ, հենց հիմա ներս արի, սրանից
հետո առանց գլխաշորի դուրս չգաս:

Վիճելու տրամադրություն չունեի, վերցրի գիրքն ու օրաթերթը, հետևեցի մայրի-
կին: Զեյնաբն էլ եկավ, ծալապատիկ նստեց կողքիս` գետնին: Նախ քթի տակ ինչ-որ
բան փնթփնթաց, հետո ասաց.

-Ուզում եմ խոսել:
Անուշադրության մատնելով` շարունակեցի կարդալ: Կրկնեց.
-Գիտեմ` չպիտի խոսեմ, բայց շատ եմ ցանկանում խոսել:
Մայրիկն արձագանքեց.
-Լավ, խոսի՛ր, ի՞նչ ես ուզում ասել:
-Վախենում եմ` Մոմեդ աղան գլուխս կտրի,- ասաց Զեյնաբը:
-Ավելի լավ է, վեր կաց, աղոթքդ արա: Վատ բաների մասին մի՛ մտածիր: Մոմեդը
նույնիսկ մի մրջյուն չի տրորի, ուր մնաց` գլուխ կտրի:
Զեյնաբը լռեց, մտքերի մեջ ընկավ: Երևում էր` անհանգիստ է: Մայրիկը նրա
տրամադրությունը չուներ, լրագիր էր թերթում: Հեռախոսը նորից զանգեց, բայց
անմիջապես զանգն ընդհատվեց: Զեյնաբը ծիծաղեց: Ափերով ծածկեց երեսը, որոշ
ժամանակ այդպես մնաց: Նայեցի նրան: Աստիճանաբար սրտումս կասկած ծնվեց:
Նրա գործողությունները տարօրինակ էին: Զգաց` իրեն եմ նայում, ափը հեռացրեց
երեսից: Հարցրեց.
-Խանու՛մ ջան, ի՞նչ ես կարդում:
Գիրքը պահեցի աչքերի առաջ, հարցրի.
-Գոնե մի քանի տարվա կրթություն ունես, չէ՞:
-Աղջի՛կս, եթե ուզում ես, քեզ կուղարկեմ երեկոյան դպրոց: Մոմեդն ասաց` մինչև
վեցերորդ ես գնացել,- միջամտեց մայրիկը:
-Ուզում եմ մի բան հարցնել. դուք կրթված, խելացի մարդիկ եք: Ասացե՛ք, խնդրեմ,
ինչպե՞ս է լինում, որ երկու հասուն մարդիկ ավտովթարից մահանում են, իսկ մի ծծկեր
երեխա պատուհանից դուրս ընկնելով` կենդանի է մնում,- ասաց Զեյնաբը:
Մայրիկն ինձ նայեց: Ներքին ձայնս հուշում էր` նորություն ենք իմանալու: Մորս
դեմքը կնճռոտվեց: Աչքերում տարակուսանք հայտնվեց, ներքևի շուրթը ձգվեց, երկու
խոր գիծ առաջացավ բերանի անկյուններում: Զեյնաբը շարունակեց.
-Շատ միամիտ եք: Եթե Մոմեդը գլխի ընկնի, որ բերանս բացել եմ, կաշիս կքերթի:
Պարզապես դուք շատ բարի եք, և սիրտս չի տանում խաբել ձեզ:
Դուռը թակեցին: Հավաքարար Ալին էր: Իր ճաշի ամանն էր բերել և աշխատա-
վարձն էր ուզում: Երբ մենակ մնացինք, ասացի.
-Հիմարություններ դուրս մի՛ տուր, Մեծ տիկինն անհանգստանում է:
-Ղուրանը վկա` ճիշտ եմ ասում: Այն կինը, որ իբր Մոմեդի մորաքույրն է, նույնպես
ստում է: Ես բնավ իմ հարազատներին չեմ ճանաչում, ինձ փողոցից են գտել:
Մայրիկը վերադարձել էր և լսեց վերջին նախադասությունը: Գունատվեց, ասաց.
-Գիտե՞ս, եթե ստես, քեզ աղոթքն էլ չի փրկի:

137

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբը ծիծաղեց, պարզ էր` մեզ մատների վրա խաղացնում էր:
-Սիրելի՛ս, իսկ ով ասաց, որ ես աղոթում եմ: Մորաքույրս էլ երբևէ աղոթք չի արել:
Էդ հարբեցողն էլ հավատ ու Աստված չունի:
Մայրիկի համբերությունը սպառվեց, գոռաց.
-Հենց հիմա կզանգեմ մորաքրոջդ և ամեն ինչ կպատմեմ:
Զեյնաբն ուսերը թոթվեց, քմահաճ երեխայի տոնով պատասխանեց.
-Ասե՛ք, թող գա տանի ու նորից ինձ սրա-նրա գիրկը գցի:
Չգիտեինք` ինչ ասենք: Այն պարզ երջանկությունը, որ հեշտությամբ ձեռք էինք
բերել, փոշու ամպ դարձած` հեռանում էր: Կարկամած, շվարած միմյանց էինք նա-
յում: Զեյնաբն ուշքի եկավ, հասկացավ` վտանգավոր գործ էր սկսել, սիրտը դող
ընկավ, բայց միաժամանակ հաճույք էր ստանում իր համարձակությունից:
-Չպիտի խոսեի: Բայց, ախր, դուք շատ բարի եք: Հիմա դուրս կանեք ինձ, գի-
տեմ,- ասաց, և արցունքները հոսեցին, հեղձուկը խեղդեց կոկորդը:
Հեռախոսը նորից զանգեց: Այս անգամ ես վերցրի լսափողը: Անծանոթ կին էր,
Զեյնաբին էր ուզում: Հարցրի` ով է: Պատասխանեց, որ նրա մայրն է և նոր է Ղազ-
վինից եկել: Ասացի.
-Տիկի՛ն, այս աղջկա մայրն ավտովթարից մահացել է:
-Աղջիկս հոգեկան խնդիրներ ունի: Նրա խոսքերը լուրջ մի՛ ընդունեք: Հիմա կգամ
և նրան կտանեմ,- պատասխանեց անծանոթ կինը:
Մայրիկը, որ մոտեցել էր հեռախոսին և լսում էր մեր խոսակցությունը, ասաց.
-Ովքե՞ր են սրանք, ի՞նչ են ուզում մեզնից: Մեր հեռախոսահամարն ինչպե՞ս են
իմացել:
-Ինձ փնտրում են, նրանք բոլորն էլ գողեր ու ավազակներ են,- մեջ ընկավ Զեյնաբը:
Եթե հորաքույր Մալաքը լսեր, վախից կաթվածահար կլիներ: Թեև մայրիկն էլ էր
սփրթնել, ես էլ գիտակցում էի, որ փորձանքի մեջ ենք: Հարցրի.
-Դու հասկանու՞մ ես` ինչ ես խոսում: Քսան տարի է ճանաչում ենք վարպետ Մոմեդին:
Ամբողջ ընթացքում Զեյնաբը նայում էր ինձ: Կարծես մայրիկից վախենում էր:
Վախենում էր ինքն իրենից, այն դժբախտությունից, որ գլխին էր թափվելու: Աղերսա-
գին աչքերը հառել էր երեսիս, հայացքով օգնություն էր խնդրում: Փորձում էր լռել,
բայց բառերը պտույտ էին տալիս բերանում, ակամայից դուրս թռչում:
Մայրիկն իրեն կորցրել էր, հուսահատ այս ու այն կողմ էր գնում: Ասաց.
-Ասում էի, չէ՞, պետք չէ որևէ մեկին բերել, ոչ մեկին պետք չէ վստահել: Ի՞նչ
իմանանք` Մոմեդն ինչ գործի է: Գալիս, այստեղ հյուսնություն է անում, գնում, հետո
մենք նրա հետ չենք լինում, որ իմանանք` ինչ է անում: Ու՞մ մտքով կանցներ` Հասանը
տասնհինգ տարի հետո կթողնի ու կգնա: Տեսա՞ր` կինն իրեն ինչպես պահեց: Կանգ-
նեց առաջս, ձեռքերը դրեց գոտկատեղին, գոռաց` բա հեղափոխությունն ինչի՞
համար էր:
Տհաճ իրավիճակի մեջ էինք հայտնվել: Զեյնաբին խնդրեցի, որ անկեղծ պատմի`
ինչն ինչոց է: Գնացինք խոհանոց: Մայրիկի աչքն ընկավ մաքրությունից շողացող
դուռ-լուսամուտին, տրամադրությունը փոխվեց: Ասաց.

138

-Աղջի՛կ ջան, եղիր անկեղծ: Ես թույլ չեմ տա որևէ մեկը քեզ նեղացնի, միայն թե
ճիշտը պատմիր:

-Ղուրանը վկա, ճիշտ եմ ասում,- պատասխանեց Զեյնաբը,- մանկատանն եմ մե-
ծացել: Հետո մի ունևոր մարդ ու կին` պարոն Մոհանդեսն ու Շամս Ախթարը, ինձ
իրենց տուն տարան: Երեք տարի առաջ տիկինը մահացավ, ամուսինն էլ Ամերիկա
գնաց: Ես էլ ամուսնացա, բայց հետո պարզվեց` ամուսինս, նրա մայրը, եղբայրները
թմրամոլներ են: Ուզում էին ինձ էլ կապել թմրանյութին, չհամաձայնեցի: Փախա,
գնացի կոմիտե, մատնեցի նրանց: Ոստիկանները եկան, բոլորին ձերբակալեցին:
Որոշ ժամանակ բանտում մնացին, մի օր էլ ամուսնուս ու նրա երկու եղբայրների
լուսանկարները թերթում տեսա. մահապատժի էին ենթարկել: Ուրախացա: Այն կինը,
ոչ քիչ առաջ զանգել էր, ամուսնուս ընկերուհին էր. եկավ, ինձ տարավ իր տուն:
Պարոն Մոմեդն էլ էր այնտեղ: Նա էլ ուրիշ աղջիկների էր բերել: Երեկոյան մի տղա-
մարդ եկավ մոտս, կռվեցի հետը, ծաղկամանը գլխին խփեցի, վազեցի բակ, գոռ-
գոռացի, օգնություն կանչեցի: Մոմեդը եկավ հետևիցս, ասաց` եթե լռեմ, ինձ համար
ուրիշ աշխատանք կգտնի: Վախենում էր, որ կոմիտե կգնամ և կմատնեմ իրենց:
Ինձ վերցրեց, բերեց այստեղ: Հիմա դուք ինձ կվռնդեք, գիտեմ:

Տարակուսանքի մեջ էինք, արդյո՞ք ճիշտ էր ասում: Գուցե: Նայեցի նրան, թվաց`
ստում է: Ջանում էի կարդալ նրա մտքերը, գլուխ հանել նրա խաղերից: Մորս քա-
շեցի մի կողմ, ականջի տակ շշնջացի. «Եթե պարզվի` ճիշտ է ասում, պիտի պաշտ-
պանենք նրան: Մենք կարող ենք փոխել նրա կյանքը»: «Գժվե՞լ ես, չլսեցի՞ր ինչեր էր
պատմում: Ամուսնուն մահվան դուռն է ուղարկել, բա որ նրա թմրամոլ ընկերները
գան սրա հետևի՞ց, մեզ էլ իր հետ կդժբախտացնի: Կամ էլ, մեկ էլ տեսար, մի օր վեր
կացավ, կոմիտե գնաց, զրպարտեց մեզ, էդ ժամանակ ի՞նչ ենք անելու: Թե ես ինչո՞ւ
հավատացի Մոմեդին, երբեք էլ նրան չեմ հավանել: Հիմա, երբ ծանրութեթև եմ
անում, հասկանում եմ, որ լավ էլ գողի նման է, հնարավոր է` հենց էդ ավազակների
խմբից: Հասանն անխելք էր, ամբարտավան, բայց նրա մի մազը սրանք չարժեն:
Տասնհինգ տարի մի տանիքի տակ ապրեցինք, մեր ունեցած-չունեցածը նրա քթի
տակ, բայց անգամ մի ասեղ չկորավ: Հիմա կզանգեմ, թող Մոմեդը գա, սրան տանի»:

Հերթն իմն էր, ասացի.
-Այդպես չի կարելի: Նախ պետք է պարզել` ճի՞շտ է ասում, թե` չէ: Եթե ճիշտ է,
նշանակում է` էս խեղճին երկու ձեռքով գայլերի երախն ենք գցում:
Մայրիկը շատ վախեցած էր.
-Եթե ավազակների հետ պայմանավորված լինի՞, ի՞նչ ենք անելու:
Փորձեցի մորս հանգստացնել, ծիծաղեցի.
-Սիրելի՛ս, ի՞նչ ավազակ, դու էլ հո հորաքույր Մալաքը չես:
Զեյնաբը քնել էր, արթնանալուց հետո գնացել էր բաղնիք` լողանալու: Մայրիկը
հանկարծ ուշքի եկավ, զսպանակի պես թռավ տեղից:
-Գինու արկղերը բակի խորքում են, բաղնիքի դռան հետևում, եթե տեսած լինի,
ի՞նչ ենք անելու:
Գինին ընկերներիցս մեկինն էր: Բերել էր մեր տուն` պահելու: Մայրիկը շարունակեց.

139

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

-Այլևս չենք կարող նրան ասել` աչքիդ վերևը ունք կա, կգնա կոմիտե: Դարձել
ենք նրա գերին: Խնդրեմ` սա էլ սպասուհին:

-Ավելի լավ է ռիսկի չդիմենք: Հենց այս գիշեր գինին կտեղափոխեմ:
-Դրանք տա՛ր, թափի՛ր մի ամայի վայրում, թող գրողի ծոցը գնան: Ասում էի․ մի
համաձայնիր:
Զեյնաբը մեկ ինքն իրեն էր խոսում, մեկ` մեզ հետ, վախեցած էր: Ասաց.
-Շամս Ախթարի տանը լավ էր, բայց երբ տիկինը մահացավ, պարոն Մոհանդեսը
խելագարվեց: Գիշերները լացում էր, իրեն պատեպատ էր խփում, հետո էլ ինձ
կպավ, կանոնավոր ծեծում էր:
Սոված էր, վեր կացավ, մի կարմիր խնձոր վերցրեց: Երեկոյան հրավիրված էինք
պարոն «Ք»-ի տուն: Հուզված էինք, ինչքան շատ էինք մտածում, այնքան ավելի էինք
անհանգստանում: Պիտի որոշեինք, բայց նախընտրում էինք չծանրաբեռնել մեզ
ընտրություն կատարելու ծանր պարտականությամբ ու բարյացակամությամբ էինք
լցվում նրա նկատմամբ: Մայրիկն ասաց` հիմա ի՞նչ անենք և անմիջապես սիրա-
ռատ ու զգացմունքային դարձավ:
-Խե՛ղճ աղջիկ, գայլերի բերանն է ընկել: Մենք կարող ենք փրկել նրան, պահել
մեզ մոտ, նրան կամուսնացնեմ…
Նախ պետք է արկղերի հարցը լուծեինք, անկախ նրանից՝ Զեյնաբը մնալու էր,
թե` գնալու: Ուրիշ վտանգավոր բան տանը չունեինք: Խաղաքարտերն ու նարդին
տվել էինք ուրիշներին, ինչքան հին, բազմազան նկարներ կային, պատռել էինք,
նույնիսկ տեսաերիզ ու ձայներիզ չունեինք: Այնքան էինք վախենում ոստիկանների
անակնկալ այցից, որ տունն ամբողջությամբ սրբել-մաքրել էինք: Մայրիկը հեռա-
խոսին մոտենալիս էլ էր գլխաշորը գլխին քաշում, սենյակների պատուհանները գոց
էին, վարագույրները` քաշված: Երեկոյան շուտ էինք պառկում, տան լույսերը շատ
հաճախ մարում էինք: Գնալ-գալու տրամադրություն չունեինք, Հասանի գնալուց ու
Մորթազայի բողոքից հետո մայրիկի տրամադրությունն էլ ավելի էր փչացել: Ան-
հաշտ էր աշխարհի ու ժամանակի հետ: Մի երկու անգամ մեզ հետ արտասահման
էր եկել: Մտքին կար` ունեցած-չունեցածը վաճառի և աշխարհի մյուս ծայրին, մի
խաղաղ անկյունում, հաստատվի: Բայց դա էլ դյուրին գործ չէր: Դժվար էր աստան-
դական դառնալ, դռնեդուռ ընկնել, այս տարիքում օտար փողոցներում անիմաստ
շրջել, անծանոթ լեզվով հաղորդակցվելու ճիգեր անել կամ նստել փոքր պատուհանի
առաջ և Եվրոպայի չավարտվող անձրևին նայել: Թեհրանը, թեկուզև աֆղանների
հարձակումներով, ոստիկանների հանկարծակի գրոհով, ապրանքների գնաճով, Հա-
սանի թողնել-գնալով, պատերազմով, ռմբակոծություններով ու անապահովությամբ,
միևնույնն է, հայրենիք էր: Կապված էիր յուրաքանչյուր ակնթարթին, յուրաքանչյուր
դեպքին, նույնիսկ ցավն ու նեղությունն իմաստ ունեին, վիշտն ու թախիծը հնարա-
վոր էր կիսել, հազվադեպ հանդիպող երջանիկ պահերը բոլորինն էին, մահը դեռ իր
արարողակարգն ուներ, և կյանքը, որքան էլ քաոսային էր, ժամանակ առ ժամա-
նակ ծանոթ կերպարանք էր առնում: Կյանքը հայրենիքում սպասումով ու հույսով էր
լի, պանդխտության մեջ այն հիշողություններին ապավինել էր, ճամփորդություն`

140

դեպի անցյալ: Այդքանը: Ժամերը սահում էին, և ամեն ժամի հետ մեր մտքերն ու
զգացողությունները փոխվում էին: Մայրիկը կռիվ էր տալիս իր հակասական ցան-
կությունների դեմ. դժվար բեռ կար նրա ուսերին: Այդ աղջկան աջակցելու միտքը
տարակուսանքի մեջ էր գցել նրան, չօգնելուց էլ էր վախենում: Փորձում էր չմտածել,
ուզում էր մեկ ուրիշն իրեն ազատի Զեյնաբի պատճառած գլխացավանքից: Ասաց.

-Նկատեցի՞ր` ինչպիսի անհոգությամբ էր խոսում ամուսնու մահապատժի մա-
սին: Ուրախ էլ էր: Սիրտս կանգնեց: Մենք նրանց չենք ճանաչում, բայց երբ լուսանը-
կարները թերթում տեսնում ենք, կարդում, որ մահապատժի են ենթարկվել, վատ
ենք զգում: Նման բաներն ասես այս աղջկա համար սովորական երևույթ են, մեկ էլ
տեսար մեզ հետ էլ այդպես վարվեց:

Անտարակույս, պետք էր ազատվել Զեյնաբից, բայց ինչպե՞ս: Վարպետ Մոմեդին
ի՞նչ պատասխան էինք տալու: Զեյնաբը հետևում էր իրավիճակին, ասաց.

-Գիտեմ` իմ ներկայությունը ձեզ հաճելի չէ: Չպիտի խոսեի, բայց լեզվիս վրա չկարո-
ղացա: Մեղքն իմն է, հիմարինս: Եթե ինձ քշեք, ուրեմն, հերն անիծած, մորաքրոջս ու
Մոմեդի մոտ չեմ գնա: Հազիվ եմ նրանցից ազատվել: Ես գիտեմ ուր կգնամ:

Մայրիկը հարցրեց` ու՞ր:
-Շամս Ախթարենց տուն:
-Բա ասու՞մ էիր` կինը մահացել է, ամուսինն էլ մեկնել է Եվրոպա:
Զեյնաբը պատրաստ էր պատասխանելու, այդքան էլ հեշտ չէր նրան ծուղակը գցել:
-Պարոնի մայրը ողջ է, ինձ էլ սիրում է: Լսել եմ` վերջերս պարոն Մոհանդեսն էլ
է վերադարձել:
Վստահ էի` ստում էր: Նրա ձայնի մեջ դատարկություն ու պաղություն կար:
Բայց մայրիկը ոգևորվեց, հանգիստ շունչ քաշեց: Ասաց.
-Հա, աղջի՛կս, հենց այդպես էլ արա: Նրանք քեզ մի քանի տարի պահել են ու
մնացածից ավելի լավն են: Գնա՛ նրանց տուն, ես էլ կխոսեմ Մոմեդի հետ, եթե փոր-
ձի քիթը խոթել կյանքիդ մեջ, աշխատավարձը բուռը կդնեմ, կվռնդեմ, մի Մոմեդ
կսարքեմ, մի հատ էլ մորաքույր կողքը կդնեմ:
-Դուք այդ կնոջը չեք ճանաչում: Մի քանի ամիս առաջ հարևաններից մեկի հետ
գժտվել էր, գնաց, նրան զրպարտեց, կոմիտեից եկան, էդ հարևանի կնոջը տարան:
Մայրիկը գունատվեց: Փոշմանեց, որ մորաքրոջը վատաբանել է:
-Լա՛վ, լա՛վ, ես էդ կնոջ հետ գործ չունեմ: Ինչ ուզում է թող անի: Դո՛ւ, աղջի՛կս,
գնա՛ Շամս Ախթարենց տուն: Էլ երկար-բարակ մի՛ մտածիր:
Դժվար էր նման որոշման հանգելը, բայց զգացմունքների գերին չդառնալը, Զեյ-
նաբից ու նրա դժբախտություններից ազատվելն անհրաժեշտություն էր: Գուցե
հարմար առիթ էր ինչ-որ բան ձեռնարկելու, մեր բարությամբ որևէ մեկին օգնելու
համար, բայց վերջին ժամանակներս մեր գլխով անցածը մեզ ավելի զգուշավոր ու
եսասեր էր դարձրել:
Հյուր էինք գնալու: Որոշեցինք Զեյնաբին էլ մեզ հետ տանել: Այդկերպ նրան չորս
աչքով կհսկեինք, մինչև լույսը կբացվեր և կազատվեինք նրանից: Մայրիկը Զեյնա-
բին հագցրեց իր զգեստներից մեկը` երկար փեշով, փակ օձիքով: Նայելով իր տեսքին`

141

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբն սկսեց հռհռալ: Երեխայի էր նման, կանգնել էր հայելու առաջ և կոտրատ-
վում էր: Ասաց.

-Դարձա մորաքույրս, այն վատ կանանց եմ նմանվել:
Մայրիկը խոժոռվեց:
-Դարձար առաքինի աղջիկ: Թե չէ` ի՞նչ էր հագածդ: Ամոթ է:
Մինչ Զեյնաբն զբաղված էր, զգուշորեն զանգահարեցի ընկերներիցս մեկին: Պայ-
մանավորվեցինք. տան բանալին թողնելու էի, որպեսզի նա գա, այդ զզվելի շշերը
տանի, մի հեռու տեղում թափի:
Գիտեինք, որ օտար մարդ տեսնելով՝ պարոն «Ք»-ն կբարկանա, բայց ուրիշ
ճար չունեինք: Կարող էինք մերժել հրավերը, բայց սրտներս նեղված էր և շփման
կարիք ունեինք: Բացի այդ ես մեկնելու էի, և հյուրասիրությունն ինձ համար էր կազ-
մակերպված: Մայրիկին առաջարկեցի Զեյնաբի հետ տանը մնա, բայց նա ահա-
բեկված ճչաց և չհամաձայնեց: Որոշեցինք միասին գնալ:
Պարոն «Ք»-ն հենց այնպես դուռը որևէ մեկի առջև չէր բացում: Բարեկամ-
ների ու մտերիմների հետ հատուկ պայմանավորվածություն ուներ, երկարատև ու
ընդհատ զանգերով նշան էին անում: Շներին իրենից առաջ էր ուղարկում, եթե
չադրայով կին էին տեսնում, հարձակվում էին, և նրանց առաջն առնել չէր լինում:
Երբ թակեցինք դուռը, առաջինը դռան վրայի լույսը վառվեց: Մատս դրեցի զանգի
կոճակին, լսվեց ներսում պտտվող զանգի ձայնը, ապա` շների հաչոցը: Խոսափողից
հարցրին` ո՞վ է: Հետո դռան հետևից մի ձայն կրկին հարցրեց մեր անունները,
գաղտնաբառը: Որոշ ժամանակ անց ներս մտնելու թույլտվություն ստացանք: Շների

142

հարձակումից խուսափելու համար հանեցինք գլխաշորերը: Զեյնաբն իր գլխաշորը
թևի տակ դրեց: Պարոն «Ք»-ն տարակուսանքով զննեց նրան, հետո անհանգստա-
ցած, բացատրություն պահանջողի հայացքով նայեց մայրիկին: Ես առաջ ընկա:
Պարոն «Ք»-ին ծածուկ տեղեկացրի` աղջիկն անծանոթ չէ, մեր նոր սպասուհին
է և քանի որ նրան այնքան էլ չենք վստահում, տանը մենակ թողնել չէինք կարող:
Ավելացրի նաև, որ վաղը նրան ազատ ենք արձակելու: Իմ խոսքերը ոչ միայն ան-
հանգստացրին պարոն «Ք»-ին, այլև այնքան վախեցրին, որ գալուցս փոշման մնացի:
Այդ օրն առավոտյան տասնվեց հոգու մահապատժի էին ենթարկել, և ահն ու սար-
սափը համակել էին բոլորին: Պարոն «Ք»-ն խնդրեց այգում սպասենք, մինչև խորհըր-
դակցի կնոջ ու հյուրերի հետ: Զեյնաբի գալը գլխացավանք էր բոլորի համար: Մենք
հարազատներ էինք, մի ընտանիքի նման: Համապատասխանում էինք հասարա-
կական դիրքով, մեր ցավերը նույնն էին, ցանկությունները` նույնպես: Անծանոթի
հայտնությունը բոլորին տարակուսանքի ու մտատանջության մեջ էր գցել: Տիկին
«Ք»-ն` շղարշե գլխաշորով, մոտեցավ մորս, հարցրեց, թե ինչպե՞ս ենք օտարին
վստահել: Ափսոսում էինք մեր արարքի համար, բայց արդեն ուշ էր: Զեյնաբը, ընդ-
հակառակը, ուրախ էր, հրճվագին, լայն բացած աչքերով ուսումնասիրում էր ներկա-
ներին: Նրա համար դռան մոտ` բոլորից հեռու, առանձին աթոռ դրեցին: Տիկին «Ք»-ն
մրգով ու քաղցրեղենով լի ափսե դրեց աթոռի մոտ` գորգի վրա: Իսրայելական
ռադիոալիքը որսալու ժամն էր: Քեռին ռադիոյի սիրահար էր, արտասահմանյան
բոլոր հաղորդումների ժամերը գիտեր: Պարոն «Ք»-ն տրտմագին նայելով Զեյնա-
բին` քեռուն նշան արեց, որ ռադիոն չմիացնի: Հորաքույր Մալաքը հետաքրքրվում
էր, թե Զեյնաբն ամսական որքան աշխատավարձ է ստանում: Դա մայրիկին դուր
չեկավ: Նա գովեց արած աշխատանքը, ասաց, որ Զեյնաբը փողով չի աշխատում,
նրան հոգ տանել է պետք, և ինքը հրաժարվում է Զեյնաբից միայն այն պատճառով,
որ շուտով պատրաստվում է լքել երկիրը: Հորաքրոջը հրճվանք էր պատճառում ձրի
սպասուհի ունենալու միտքը, բայց զգուշանում էր անծանոթին իր տուն տանելուց:
Հավաքույթն ամեն անգամվա նման չէր: Պարոն «Ք»-ն, որ մասնագիտացած էր
գռեհիկ կատակներ անելու մեջ, լռում էր: Հորաքույր Մալաքը, որ սիրում էր քննար-
կել տարբեր լուրեր ու նորություններ, նույնպես չէր խոսում: Քեռին անջատել էր
ռադիոընդունիչը և նյարդային էր: Ասել-խոսել, ծիծաղել սիրող երիտասարդները
սուսուփուս նստած էին: Ամենավատը Թուբա խանումի ամուսնու վիճակն էր: Նրա
գործը իշխանություններին, երկիրն ու ժամանակը հայհոյելն էր: Եթե չէր քննադա-
տում ու փնովում, պայթում էր: Հենց ուզեց խոսել, պարոն «Ք»-ն առաջն առավ,
ականջի տակ ինչ-որ բան փսփսաց` Զեյնաբին ցույց տալով: Զեյնաբը վեր կացավ,
գնաց լոգասենյակ: Հենց դուռը փակեց` բոլորը հարձակվեցին մեզ վրա` հարցախեղդ
անելով: Մայրիկն ասաց. «Սիրելիներ՛ս, վարպետ Մոմեդի դուստրն է, նրան բոլորդ էլ
ճանաչում եք, օտար հո չի՞»:

Նման պարզաբանումը պարոն «Ք»-ին չգոհացրեց, բայց մնացածը հանգստացան:
Քեռին արագ միացրեց ռադիոն: Մայրիկը հուզումնառատ պատմությունների սիրա-
հար էր, սիրում էր իր վախն ու հուզմունքը ուրիշների հետ կիսել: Չհամբերեց և

143

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ավելացրեց. «Չնայած, Աստված գիտի, թե Մոմեդն ինչով է զբաղվում: Այս աղջկա
ասելով, սուտ թե ճիշտ, չգիտեմ, կապված է թմրամոլների բանդայի հետ: Զեյնաբն
էլ մատնել է ամուսնուն, մահապատժի են ենթարկել»:

Հորաքույրը ճչաց, ձեռքը դեպի կզակը տարավ: Շնչահեղձ ասաց.
-Աֆղան է, այդպես էլ գիտեի: Ես գնում եմ,- հետո նայելով մայրիկին, ավելացրեց,-
դրան էլ ուզում էիր իմ տուն ուղարկել, գուցե ցանկանում ես` ինձ է՞լ վերացնի: Այլևս
անհնար է որևէ մեկին վստահել, նույնիսկ հարազատ-բարեկամի:
Մայրիկը զարմանքով ու շվարած սրան-նրան էր նայում: Պարոն «Ք»-ն վրդովված
էր, ասաց.
-Շատ վտանգավոր գործ եք բռնել: Մոհանդեսը նոր է բանտից ազատվել: Հաս-
կանու՞մ եք, թե ինչ է նշանակում թմրամոլների բանդա: Այսօր միայն ափիոնի անունը
տալը բավական է, որ գլուխդ թռցնեն:
-Չպիտի բերեինք այս աղջկան, վեր կաց, գնում ենք,- ասաց մայրիկը:
Ոչ ոք դեմ չէր մեր գնալուն: Զեյնաբն իրեն լավ էր զգում, երեխաների հետ հեռուստա-
ցույց էր դիտում, ծիծաղում էր: Հավատս չէր գալիս, որ նրանից կարելի է վտանգ
սպասել: Ուզում էի պաշտպանել Զեյնաբին, ուզում էի ինքս ինձ հավատացնել, որ
անմեղ է, ցանկանում էի հակառակվել ընդհանուրին: Բայց չստացվեց, դա իմ ցանկու-
թյունների սահմանից դուրս էր: Վերադարձանք տուն: Զեյնաբն ուրախ էր: Գնալու
մասին չէր խոսում: Տեղ չհասած` փռվեց անկողնուն, անմիջապես քնեց: Առաջին
հարկի նախասրահում, հատակին նրա համար ներքնակ էինք փռել: Գիշերն անհան-
գիստ անցավ: Մայրիկն ամեն ձայնի հետ վեր էր թռչում: Վաղ առավոտյան հեռա-
խոսը զանգեց: Մորաքույրն էր, ցանկանում էր Զեյնաբի հետ զրուցել: Մայրիկը սառն
ու պաշտոնական խոսեց: Ասաց` մենք որոշել ենք Եվրոպա մեկնել, Զեյնաբին պահել չենք
կարող: Մորաքույրը ենթադրաբար տեղեկացված էր ինչ-որ բաներից, պատասխանեց.
-Ամոթով մնացի ձեր առաջ: Պիտի ճշմարտությունն ասեի: Այդ աղջկա խելքը
տեղը չէ: Նրա հայրը տարիներ առաջ է մահացել, մայրն էլ, որ իմ կրտսեր քույրն է,
Ղազվինում է ապրում, հոգեկան խնդիրներ ունի: Էդ երեխային ես եմ մեծացրել:
Տարօրինակությունները մորից է ժառանգել: Անընդհատ հիմար-հիմար դուրս է տալիս:
Մայրը երեկ եկել է Թեհրան, մեր տանն է: Համառում է, Զեյնաբին տեսնել է ուզում: Սև
գա վրաս, անհարմար դրության մեջ դրեցի ձեզ: Հենց հիմա կգամ, նրան կտանեմ:
-Թույլ տվեք աղջկա հետ խոսել: Տեսնեմ` նա ի՞նչ է ասում,- պատասխանեց մայ-
րիկը և լսափողը դրեց: Մորաքրոջ խոսքերը տրամաբանական էին, համոզիչ: «Ակամա-
յից Մոմեդի առաջ վատամարդ եղանք: Քսան տարի է մեզ համար աշխատում է:
Միշտ էլ խելոք, լսող և ազնիվ է եղել: Այս աղջիկն է սուտ խոսում, մենք էլ այնքան
արտասովոր, օտար բաներ ենք տեսել վերջին շրջանում, որ գժվել ենք, գլուխներս
կորցրել»,- ասաց մայրիկը:
Զեյնաբը դռան հետևից ականջ էր դրել, ներս մտավ, ասաց.
-Ես չեմ սպասի, մինչև Մոմեդն ու իր բանդան գան իմ հետևից, ես ինքս կգնամ:
Հարցրի` ու՞ր է գնում, Մոհանդես աղայի մո՞տ:
-Ի՞նչ Մոհանդես,- ասաց և վշտագին ինձ նայեց:

144

Ուզում էր ինչ-որ բան ասել, բայց իրեն զսպեց, մոտեցավ պատուհանին: Մի պահ
կանգնեց, ապա սթափվելով` հագավ կոշիկները: Գլխաշորը գլխին գցեց ու մինչ մենք
մտածելու ժամանակ կունենայինք` շրխկացրեց դուռն ու գնաց: Մայրիկն ասաց.

-Ա՜խ, հողը գլխիս, Մոմեդին ի՞նչ պատասխան եմ տալու: Նրան մեզ էր վստահել:
Որոշ ժամանակ մտատանջվեցինք, բայց հետո հանգիստ շունչ քաշեցինք: Հոգու
խորքում ուրախ էինք, որ այդ պատմությունը վերջապես ավարտվեց: Մնացածը
մեզ չէր վերաբերում: Մայրիկն ասաց.
-Կարմիր կովը կաշին չի փոխում: Ես ուզում էի բարի գործ արած լինել, չեղավ:
Տեսա՞ր, թե ինչպես գլուխը տնկեց ու գնաց: Ավելի լավ: Սպասուհիով թե առանց
նրա` միևնույն է:
Մի փոքր մտահոգ էինք, որ մենակ ենք մնացել, մտածում էինք նաև Զեյնաբի
մասին: Բայց ժամեր անց վերադարձանք մեր գործերին, մոռացանք նրան: Հորա-
քույրը զանգ տվեց, պարոն «Ք»-ի տանը տեղի ունեցածից բարկացած ու նեղացած
էր: Մենք էլ մեր հերթին պարոն «Ք»-ին լուր ուղարկեցինք, որ ամեն ինչ լավ է, անհանգըս-
տանալու կարիք չկա: Ճաշում էինք, երբ հնչեց դռան զանգը: Մայրիկն ասաց.
-Վարպետ Մոմեդն է, դեմքդ խոժոռիր, եթե հարցնի Զեյնաբը որտեղ է, կասես՝
մենք չգիտենք:
Նման խաղերի տրամադրություն չունեի, ամաչում էի, որևէ բան ձևացնել չէի
կարող: Տհաճությամբ դուռը բացեցի և քարացա. Զեյնաբն էր` սևամորուս, խոժո-
ռադեմ մի երիտասարդի հետ մոտոցիկլետի վրա նստած: Ինձ տեսնելուն պես մոտո-
ցիկլետի վրայից ուրախացած թռավ, բարևեց, շեմին կանգնեց: Տղամարդը գլուխը
կախել էր: Սթափվեցի` առանց գլխաշորի էի, հետ քաշվեցի, դռան հետևից ասացի․
հիմա կգամ: Շտապով ինձ տուն գցեցի, շապիկ հագա, գլխաշորս կապեցի: Մայրիկն
աղոթք անելու սև գլխաշորը ձեռքին` հետևիցս վազում էր ու խոսում. «Վերադարձե՞լ
է, ինչ-որ մեկի հե՞տ: Կոմիտե՞ է գնացել: Աստված գիտի` գլխներիս ինչ է բերելու»: Հետո
առաջ անցավ ինձնից: Երիտասարդը հարգալից ողջունեց, ասաց. «Հարգարժա՛ն
տիկին, այս աղջիկն իմ հեռավոր ազգականուհին է: Նրա հայրն իմ հանգուցյալ հոր
մտերիմ ընկերներից էր, վաղուց ենք ճանաչում իրար»: Մայրիկն ընդհատեց. «Հա-
զար տեսակ պատմություններ ենք լսել արդեն: Նա ասում էր` ծնողներ չունի, հիմա
ինչպե՞ս պատահեց, որ միանգամից այսքան շատ ազգական ու բարեկամներ
հայտնվեցին»: Երիտասարդը գրպանից հանեց աշխատանքային վկայականը, ցույց
տվեց մայրիկին: «Ես սրբապատկերների խանութում եմ աշխատում, խնդրեմ, սա
էլ վկայականս: Զեյնաբը եղբորս հարսնացուն է: Կռվի ժամանակ ականը պայթել է,
բեկորը հարվածել է եղբորս գոտկատեղին, հաշմանդամ է դարձել: Խնդրում եմ թույլ
տաք աղջկան որոշ ժամանակ ձեր տանը մնա, մինչև եղբայրս կորոշի իր անելիքը,
նրան փողոցում թողնելը ճիշտ չէ»: Զեյնաբը մոտեցավ, ականջիս տակ փսփսաց.
«Սուտ է ասում, նա կոմիտեում է աշխատում»:
Անելանելի վիճակում էինք․ եթե իսկապես կոմիտեի աշխատակից էր, համաձայնե-
լուց բացի ուրիշ ճար չունեինք: Գնալուց առաջ երիտասարդն ասաց, որ մենք ենք պա-
տասխանատու Զեյնաբի համար, և Աստված չանի, եթե նրա գլխից մի մազ պակասի:

145

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Վերադարձանք սկզբին: Ամեն ինչ սկսվեց նորից: Զեյնաբն ուրախ էր` տիրոջը
գտած շան նման: Չադրան հանեց, կախվեց վզիցս, համբուրեց այտերս: Հետո վա-
զեց, վերցրեց ավելը և սկսեց տունը մաքրել: Մայրիկը չէր կարողանում թաքցնել իր
գոհությունը, երբ Զեյնաբը մաքրություն էր անում: Ասաց. «Կրակի կտոր է: Շատ լավ
գործ է անում: Երանի, խելառ չլիներ: Գնացել, կոմիտեում բողոքել է, հիմա ստիպված
ենք նրան պահել»:

Հորաքույր Մալաքը մեր տանն էր ճաշելու: Ի՞նչ էինք ասելու նրան, չգիտեինք:
Եթե կոմիտեի անուն լսեր, կուշաթափվեր: Պարոն «Ք»-ն էլ կխզեր կապերը մեզ հետ:
Որոշեցինք զանգել հորաքրոջը, մի պատրվակ հորինելով միասին ճաշելը հետաձգել:
Զեյնաբը քթի տակ երգելով գործ էր անում և ծիծաղում էր ինքն իրեն: Երբ վերջացրեց,
ցանկություն հայտնեց լողանալու: Հիշեցինք գինիների մասին: Ես աստիճանները
չորս-չորս թռչելով ներքև վազեցի` պարզելու, արդյո՞ք գինին այնտեղ է, թե՞ տարել
են: Արկղերն իրենց տեղում էին: Վերադարձա: Զեյնաբին ասացի` հետո կլողանաս:
Մայրիկին աչք-ունքով հասկացրի, որ հսկի նրան, մինչև գինու շշերը տեղափոխեմ
ավտոտնակ: Մայրիկն ասաց. «Սիրելի՛ս, էդ աղբը դատարկիր արտաքնոցում, շշերն
էլ մի ամայի տեղ տար, թափիր»:

Իմ ապրանքը չէր, բայց այլևս պահել չէի կարող: Մինչ Զեյնաբը ճաշում էր, թա-
փեցի գինին, դատարկ շշերը լցրեցի պարկերի մեջ, տեղավորեցի մեքենայի բեռնա-
խցիկում, տարա քաղաքի արևմտյան թաղամասը: Ընկերներիցս երկուսն այնտեղ
կիսակառույց շինություն ունեին, ամայի, ապահով թաղամաս էր: Սպասեցի` շուրջս
խաղաղվեց, պարկը նետեցի մի պատի տակ, շտապ վերադարձա: Զեյնաբն արդեն
ճաշել էր, նախկինի նման փռվել էր հատակին ու խռմփացնում էր: Դեմքը շողում էր:
Երևում էր` կուշտ էր, հանգիստ, բախտավոր: Խղճացի նրան: Կռիվ էի տալիս ինքս
ինձ հետ: Ամեն անգամ, երբ ստում էր կամ մի նոր պատմություն հորինում, ավելի
էր գեղեցկանում: Շուրթերը կարմրում էին, աչքերը փայլում էին, բերանը կիսաբաց
էր մնում: Գուցեև ճիշտ էր ասում, և սուտը մերկացնող այդ ճշմարտությունը, որը
բացում էր գաղտնիքի վարագույրը, վախ էր ծնում նրա հոգում, և այդ երկյուղն էր,
որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը:

Դուռը թակում էին: Մոմեդն էր: Ներս մտավ: Վշտացած էր, ամոթահար: Գլուխը
կախ էր, ձայնը փորից դուրս չէր գալիս: Նույն Մոմեդն էր` ազնիվ, պատկառելի ու
վստահելի: Մի կերպար էինք հորինել նրա անունով` կոպիտ, ահարկու: Հիմա, երբ
նայում էինք նրան անցյալի աչքերով, տեսնում էինք, որ Զեյնաբն է խաբեբան: Նա
խելագար էր, հոգեկան հիվանդ: Պատմություններ էր հորինում, մեզ էլ ներքաշում
այդ պատմությունների մեջ:

Մայրիկը հարգալից բարևեց Մոմեդին, առաջարկեց նստել, թեյ հյուրասիրեց: Զեյ-
նաբին ասացի, որ պետք է Մոմեդի հետ գնա: Նա երկու ձեռքերով կախվեց թևերիցս,
արցունքները հոսեցին աչքերից: «Երդվում եմ Ղուրանով: Աստծո անունով եմ երդվում,
այս մարդը Շեմրից էլ վատն է, հարյուր աղջկա է դժբախտացրել: Հավատացե՛ք,
եթե ուզում եք, այս երեկո կարող ենք գնալ մորաքրոջ տուն, նրանք այնտեղ են: Եթե
ինձ ուղարկեք, Աստծո և կոմիտեի առաջ պատասխան եք տալու»:

146

Ես ու մայրիկը փսփսոցով էինք խոսում: Զեյնաբն աչքը չէր կտրում մեզնից:
Նյարդայնացած էր, յուրաքանչյուր ակնթարթ նոր կերպարանք էր առնում: Ջրի վրա
ընկած թղթի կտորի էր նման, ամեն ալիքի հետ մռայլվում ու լուսավորվում էր: Չէր
կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ, պտույտ էր տալիս
խառնաշփոթ իրադարձությունների, ճշմարտության ու կեղծիքի արանքում: Խղճում
էի նրան: Ձգվում էի դեպի նա, բայց անմիջապես էլ փախչում նրանից: Խորհրդավոր
ու առեղծվածային մի բան կար նրա էության մեջ, որ դյութում ու ահաբեկում էր
միաժամանակ: Խավարով պատված անծանոթ տեղանքի էր նման` լի սպասումով,
անակնկալներով ու անորոշությամբ: Նրան ինչ-որ սահմաններում հնարավոր չէր
տեղավորել: Մղձավանջի պես էր` անկանոն, ցրված, տրամաբանությունից դուրս
արարքներով, զուրկ ընդունելի «պիտի»-ներից:

Կրկին վիրավորվածի, չքմեղի կերպարանք առավ: Ինձանից օգնություն էր ակնկա-
լում: Արտասվակալած աչքերով, ներողություն հայցողի մեղմ ձայնով ասաց. «Լոգա-
րանում՝ ցնցուղի տակ կանգնած, Աստծու հետ էի զրուցում: Աղոթք չեմ անում, ճիշտ
է, բայց Բարձրյալի հետ հաճախ եմ խոսում: Երբ Մոմեդն ինձ բերեց այստեղ, մտա-
ծեցի դրախտ եմ ընկել: Մեծ տիկինը հրեշտակի էր նման, դուք` նույնպես: Արտաս-
վեցի ցնցուղի տակ կանգնած, Աստծուն ասացի` սրանք լավ մարդիկ են, պիտի
ճշմարտությունը նրանց ասեմ: Մոմեդն ինձ ասել էր` եթե բերանս բացեմ, Մեծ տիկինն
ինձ դուրս կանի: Չգիտեմ ինչու խոսեցի, բայց ստել չէի կարող»:

Վստահ էի` ճշմարտությունն էր ասում, եթե նույնիսկ խաբում էլ էր, սիրտս ուզում
էր հավատալ նրա ստերին: Մայրիկն ասաց. «Այս աղջիկը խելառ է, խելքը տեղը չէ:
Չգիտի` ով է, որտեղից է, ինչ գործի է»:

Գուցե, բայց մե՞նք ովքեր ենք: Մենք, որ արմատներ ու ակունքներ ունենք,
ամրագրված ծննդյան տարեթվեր ու ամսաթվեր: Մեր մահվան օրն էլ կարձանագրվի:
Մենք հայտնի մարդիկ ենք` հարգարժան, իմաստուն մտքերով ու սահմանափակ
հնարավորություններով, ըմբռնելի աշխարհայացքով ու փոքր ցանկություններով
և մեծ վախերով: Մենք ովքե՞ր ենք:

Մոմեդին ասացի. «Զեյնաբը մեզ մոտ կմնա, նրան ոչ մեկին էլ չենք տա»: Մայրիկը
շվարած ինձ նայեց: Ցանկացավ առարկել, թույլ չտվեցի: Կրկնեցի խոսքերս, ուրախու-
թյունից սիրտս ուժգին տրոփեց: Մոմեդը թեյը գլուխը քաշեց, վեր կացավ, հաջողու-
թյուն մաղթեց ու հեռացավ:

Հենց դուռը փակվեց, Զեյնաբն ուրախության ճիչ արձակեց, սկսեց քրքջալ: Նրա
քրքիջը վերջ չուներ: Չէի հասկանում` ծիծաղում է ուրախությունի՞ց, թե՞ մեզ հիմարաց-
նելու համար: Կարևոր չէր: Ես իմ գործն արել էի և ուրախ էի դրա համար: Ուզում
էի նստել, ականջ դնել նրա պատմություններին: Ես էլ հազար տեսակ չպատմված
պատմություններ ունեի ներսումս բանտարկված: Գուցե մայրիկի ցանկություններն
իրականությո՞ւն դառնան: Ամուսնացնենք նրան, ամուսինը Մոհանդեսի մոտ կաշխա-
տի, երեխաները կմեծանան, կգնան Եվրոպա և… և… և…

Լուռումունջ ճաշեցինք: Յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր, յուրաքանչյուրի հո-
գում նոր մտքեր ու թաքուն ցանկություններ էին խմորվում: Ոչ մեկն իրեն նման չէր:

147

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Ժամը չորսն էր` Զեյնաբն արթնացավ: Թախծոտ էր: Ասաց` վատ երազ եմ տեսել,
ու լռեց:

Մայրամուտին հեռախոսը զանգեց: Սրբապատկերների խանութի աշխատողն
էր: Ուզում էր Զեյնաբի հետ խոսել: Մայրիկը քնից վեր թռածի նման մի կերպ սթափ-
վեց ու խուճապահար ինձ նայեց: Դրսից աղմուկ-աղաղակ լսվեց, հետո` տագնապի
ազդանշաններ ու ցաքուցրիվ կրակոցներ: Սիրտս ահ ընկավ: Փորձեցի չկորցնել
ինքնատիրապետումս: Մայրիկը քաշեց վարագույրները, նախասրահի դուռը կող-
պեց: Կասկածամտությամբ նայեց Զեյնաբին, խոժոռվեց:

Զեյնաբը վերցրեց լսափողը, լուռ լսեց: Սփրթնեց: Դառնություն ու պայքարողի
անզոր ճիգեր հայտնվեցին դեմքին: Խայտացող աչքերը սառն ու անկենդան դար-
ձան: Ասես հասուն կին լիներ, որի նուրբ մաշկի տակ հազարավոր ծանր փորձու-
թյուններ ու դժվարություններ էին բնակություն հաստատել: Լսափողը փոխանցեց
մայրիկին, ասաց` պիտի գնամ, ու գնաց կապոցը վերցնելու:

Սրբապատկերների խանութի վաճառողը մայրիկին բացատրեց.
-Եղբայրս որոշել է ամուսնանալ Զեյնաբի հետ, քանի որ մայրս հավատացյալ կին
է, ցանկանում է Զեյնաբին որոշ ժամանակ իր մոտ պահել: Աստծո հաջողությամբ
ձեզ էլ հարսանիքին կհրավիրենք:
Մայրիկն ասաց.
-Պա՛հ-պա՛հ, շնորհավոր: Ի վերջո, բոլոր ջահելներն էլ պիտի ամուսնանան:
-Ի ուրախություն ձեզ,- պատասխանեց Զեյնաբը և շալը գլխին քաշեց:
Ասացի.
-Լսի՛ր, անպայման չէ, որ գնաս: Մի՛ վախեցիր: Մեր տանը մնա, մինչև Մոհան-
դեսը գա, ասեմ` կոմիտեի պետի հետ խոսի:
-Ի՞նչ կոմիտե,- պատասխանեց ու ճամփա ընկավ:
Հարցրի.
-Էս վաճառողի ու ամուսնության մասին պատմությունները ճի՞շտ են, թե քո
հերթական պատմություններից են:
Ծիծաղեց: Նրա ծիծաղը դառն էր, դժբախտ: Ասաց.
-Ի՞նչ տարբերություն, դժբախտ մարդը ուր էլ գնա, դժբախտ է:
Հասել էր դռան մոտ, շրջվեց, ինձ նայելով ասաց.
-Կեսօրին երազ տեսա. իբր դրախտում էի: Հետո մեկը մազերիցս քաշեց, ասաց․
գնա՛, քո տեղն այստեղ չէ, դու դժոխքի ապրանք ես: Երբ արթնացա, հասկացա`
պիտի գնամ:
Ուզում էի կանգնեցնել նրան, ուզում էի մեկ անգամ էլ սրտիս լսել` խոհերիս ու
իղձերիս, ստերիս համար: Բայց քարացել էի, համարձակությունս չէր հերիքում:
Հեռանալուց առաջ Զեյնաբը թռուցիկ հայացք նետեց վրաս: Արցունքները հոսե-
ցին աչքերից, դեմքը շրջեց, գնաց: Մայրիկը հարցրեց.
-Քո կարծիքով ճի՞շտ էր ասում:

148


Click to View FlipBook Version