The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:20:03

ՆՈՐՔ 2020-I

2020-1

Keywords: armenia,armenian,modern,fiction,literature,plague

խոսքը կտրեց: Դեմքը սառնասրտորեն առաջ բերեց, շուրթերը հորեղբոր ճարպոտ
երեսից հեռու՝ օդի մեջ ճպացրեց, և նրա օծանելիքի թունդ հոտից սիրտը խառնեց:
Ասաց. «Լավ եք արել: Ուրախություն եք պարգևում: Գլխներիս վրա տեղ ունեք»:

Էմիր Ալին հեռվից տխուր ու տրտում նայում էր: Ինքն իրեն մտածեց, որ առնվազն
տասը ժամ դեռ պիտի հանդուրժի սուտ հաճոյախոսություններն ու հիմար հյուրե-
րին, և քունը տարավ: Հորանջը կուլ տվեց: Կոկորդը մաքրեց: Լսեց՝ Մալեքազարն
իրեն է կանչում: Ժամանակավոր օգտագործման ժպիտը շուրթերին առավ և գնաց
դիմավորելու հորեղբորը:

Մնացած հյուրերը ընկերության անդամներն էին ու նրանց կանայք: Հորեղբայրը
գեղեցիկ կանանց սիրահար էր և նրանց համար ի սկզբանե համով կատակներ ու
գիտական ելույթներ էր պատրաստել: Պաշտոնաթող սպան սիրում էր ներկայանալ
իբրև առաջադեմ, վերջին գիտական նորություններից տեղյակ մարդ, և այդ տեղե-
կությունները վերցնում էր եվրոպական ամսագրերից ու արտասահմանյան ռադիո-
ներից: Մի երկու սուտ-մուտ բաներ էլ ինքն էր ավելացնում և հանձնում ընկերների
դատին: Այդ երեկո որոշել էր խոսել տիեզերքի մասին, սակայն մոլորակներն ու
աստղերը ոչ ոքի չէին հեռաքրքրում: Օրվա թեման Թեհրանի քաղաքապետի դատա-
վարությունն էր ու շինարարական ընկերությունների ճակատագիրը: Հորեղբայրը
ջանում էր երկնքի ու աստղերի մասին խոսել, բայց հենց բերանը բացում էր, մեկն
ընդհատում էր, և նախադասությունն անավարտ էր մնում: Երբ ընթրիքը մատու-
ցեցին, խոսակցության թեման փոխվեց: Նրանք, ովքեր նոր էին վերադարձել արտա-
սահմանից, կինեմատոգրաֆիայի վերջին նորություններն էին հայտնում մյուսներին:
Տղամարդկանցից մեկը քննադատեց ամերիկյան կինոն և պաշտպանեց երրորդ
երկրի ֆիլմերը: Տիկնայք առարկեցին: Մալեքազարի մայրը յուրահատուկ սովորու-
թյուն ուներ՝ խոսակցությանը չէր հետևում, հենց հասնում էին վերջին նախադասու-
թյանը, հարցնում էր՝ ո՞վ, ե՞րբ: Պետք է սկսեին նորից, պատմածը վերստին պատմեին,
բայց հարգարժան զոքանչը կրկին լավ չէր լսում և հարցնում էր. «Ո՞վ, ե՞րբ: Ինչի՞
մասին է խոսքը»: Այդ օրն էլ կանոնավոր հարցնում էր ու համբերությունից հանում
հյուրերին: Էմիր Ալին ասաց. «Հե՛չ: Ոչի՛նչ: Չեք ցանկանո՞ւմ քնել»: Մալեքազարը
խոժոռվեց: Մի պահ լռություն տիրեց, հորեղբայրը պատեհ առիթը բաց չթողեց և
հարցրեց. «Տիեզերքի ստեղծման պատմության մասին ֆիլմը մեկնումեկդ դիտե՞լ
է»: Ոչ ոք չէր դիտել: Հորեղբայրը շարունակեց. «Ուրեմն եկեք, ես ձեզ պատմեմ»,- և
դեռ չէր սկսել, երբ լույսերը անջատվեցին: Ծննդյան տորթը բերելու ամենահարմար
պահն էր: Մեկի բաժակն ընկավ ու կոտրվեց, Էմիր Ալին առիթն օգտագործեց և
երկար հորանջեց: Կանանցից մեկը խորհուրդ տվեց, որ տորթն ուտեն Բեթհովենի
«Իններորդ սիմֆոնիա»-ի հնչյունների ներքո: Բոլորը համաձայնեցին և սեղանակից-
ների կենացը խմեցին: Որոշեցին սպասել, մինչև էլեկտրաէներգիան միանա: Խոհա-
րար Ալին տեղեկացրեց, որ ջուրն էլ է կտրվել: Մեկը պատմեց, որ իրենց հարևանի
տուն գող է մտել և կտրել երկու կնոջ ու մի տղամարդու գլուխները: Հորեղբայրը
սարսափում էր վատ լուրերից: Ասաց. «Նման բաներ մի՛ ասեք»: Կանայք, աննշան
ախ ու վախ անելով, համաձայնեցին: Մալեքազարն ասաց. «Դրսի աշխարհը նման է

149

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

մութ օվկիանոսի: Այդ սև ծովի կենտրոնում մենք, փա՛ռք Աստծո, մի լուսավոր կղզու
վրա ենք և գործ չունենք այն ամենի հետ, ինչ կատարվում է շրջապատում: Դեռևս
մենք ենք մեր գլխի տերը»: Տղամարդկանցից մեկն ավելացրեց. «Մենք կարծում ենք
մենք ենք մեր գլխի տերը: Մենք, նվաստս, դուք, մեր բոլոր հարգարժան ընկերները
այդ նավից դուրս ենք, դուրս»: Վերջին բառը սեղմեց ատամ ների արանքում, և
ինչպես թուքը, նետեց շուրթերի արանքից:

Էմիր Ալին տեղավորեց ձախ ոտքը, որ թմրել էր, և ավելի ուղիղ նստեց աթոռին:
Երկու րոպե անց զգաց, որ ձախ ոտնաթաթը ծակծկում է, քոր է գալիս ու այրվում:
Ոտքն անհանգիստ էր: Ուռել էր, կոշիկը ճնշում էր: Էմիր Ալին անհանգստացած
փոքր-ինչ հետ հրեց աթոռը, և տարածություն առաջացավ իր ու ընթրիքի սեղանի
միջև: Հորեղբայրն ասաց. «Պատկերացրեք՝ աշխարհաստեղծման սկզբում ենք: Բա-
ցարձակ խավարն է համայն աշխարհի տերն ու տիրականը»: Էմիր Ալիի ձախ ոտքը
հեռացել էր գետնից: Բարձրացել էր և աջ ու ձախ էր գնում: Փոքր շարժումներ էր
անում և ահաբեկված տիրոջ հրահանգներին ուշադրություն չէր դարձնում: Սև
կաշվե կոշիկի մեջ ոտքի ծայրը գաղտնի ատրճանակի նման սեղանի տակ զոհ էր
փնտրում: Էմիր Ալին երկյուղած նայեց ձեռքին: Տեսավ՝ խռովարար ձեռքը հանգիստ
է և տեղից չի շարժվում: Խաղաղվեց, սակայն ոտքի համար անհանգիստ էր: Ոտնա-
թաթը քոր էր գալիս, խուտուտ էր սկսվում: Բթամատի ծայրը ցավում էր, և սիրտը
թուլանում էր: Որքան ջանում էր ոտքը գետնին պահել, չէր ստացվում: Կրկին այդ
վնասատու բանականությունը, այն ուրիշը՝ ծածուկն էր ոտքին հրամաններ տալիս
և հայտնի չէր՝ ինչ մտադրություն ունի: Մալեքազարը նստած էր սեղանի մյուս ծայ-
րին, և ամուսնու ոտքը հեռու էր նրանից: Մալեքազարին վտանգ չէր սպառնում:
Բայց երկու հոգի՝ հարգարժան զոքանչն ու հորեղբայրը, նստած էին նրա երկու կող-
մերում, և նրանց ոտքերը՝ սեղանի տակ, այնքան էլ հեռու չէին: Էմիր Ալին՝ շփոթված
ու անհանգստացած, անխոս հուզմունքով ու բնազդային աչալրջությամբ ենթադրեց,
որ շուտով ինչ-որ բաներ են տեղի ունենալու, և որոշեց՝ քանի դեռ ուշ չէ ու անա-
խորժություններ չեն պատահել, վեր կենա ու գնա: Հլու և ազատ ձեռքերը դրեց
աթոռի հենակին, կիսով չափ կռացավ ու կիսակռացած էլ մնաց: Մի ոտքը չէր
շարժվում և սոսնձվել էր գետնին. ձախ ոտքը: Ինչքան ուժ էր գործադրում և ջանում
էր՝ ոտքը տեղից շարժի, չէր ստացվում: Մթության մեջ Մալեքազարը հետևում էր
նրան, և Էմիր Ալին իր դեմքին զգում էր նրա հայացքից փչող հոսանքը: Լույսերը
վառվեցին: Ծննդյան տորթը բերեցին, Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ն պատ-
րաստ էր: Էմիր Ալիի ոտքը վարազի ոտքի նման անդադրում էր և թաթը քսում էր
գորգին: Հորեղբայրն ասաց. «Մարդու և տիեզերքի ծնունդը պետք է տոնել միասին»:
Մալեքազարը տորթի առաջին կտորը նրա ափսեի մեջ դրեց:

Էմիր Ալիի ձախ ոտքն ինքնագլուխ շարժում արեց: Հետ քաշվեց, մի պահ դադար
առավ, ապա ողջ ուժով թոշակառուի կոճին խփեց: Սերուցքով լի գդալը ընկավ հոր-
եղբոր ձեռքից, և լսվեց նրա ճիչը: Զոքանչը տեղից թռավ, Մալեքազարը կռացավ,
հյուրերը խմբովին սկսեցին խոսել: Աղմուկ բարձրացավ: Հորեղբայրը բռնել էր ոտքը
և նվում էր: Էմիր Ալին քրտնաշաղախ էր: Հիմա ի՞նչ է ասելու: Ինչպե՞ս է պարզա-

150

բանելու այդ ցավալի դեպքը: Ինչպե՞ս է արդարանալու: Միայն մեկ ճանապարհ կա՝
փախուստը:

Հորեղբայրը կռացել և սեղանի տակ էր նայում: Մեկը հարվածել էր ոտքին: Ո՞վ
և ինչո՞ւ: Զոքանչի վտիտ ոտքերը՝ սեղանի տակ, գրավեցին նրա ուշադրությունը,
և հին սիրո հիշողությունները վերստին կենդանացան: Շալվարի փողքը վեր քաշեց
և շփեց կոճը: Հարվածն ուժեղ էր: Այդ տարիքում ոսկորները փուչ էին, և ջարդվելը
շատ հավանական էր: Նրա համար ջուր բերեցին: Մալեքազարը տեսավ, որ ամու-
սինը շտապ-շտապ հյուրասենյակից դուրս եկավ, և սիրտը նվաղեց: Հորեղբայրը
հմայված աչքերով նայում էր Մալեքազարի մորը: Պարզ էր՝ հարվածը նրան էր
վերագրում: Պատճառ ուներ, և այդ պատճառը նրան տարավ դեպի հեռավոր անցյալ,
դեպի սիրահարական տառապանք ու վիրավորանք: Այդ վիրավորանքը, չսպիա-
ցած այդ հին վերքը (հորեղբոր մտքերն էին) բացվել էր, և այդ ինքնաբուխ աքացին
ծածուկ սիրո վկայությունն էր, ու դրանում էր թաքնված տառապանքի ու իղձերի
իմաստը: Վիրավորված հրամանատարը, ցավից տնքալով ու նվալով, երախտա-
պարտ ու խումար աչքերով Մալեքազարի մորն էր նայում և այդ հայացքով նրան
ասում՝ այդ աքացին հազար շոյանքից ավելի քաղցր էր: Նույնիսկ քթի տակ, այնպես
որ լսի, արտասանեց.

-Թեև ծեր եմ, գիշերը, սակայն, գրկումս մնա…

151

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Շարունակությունը չկարողացավ հիշել: Հառաչեց: Ծիծաղեց. ափսոսանքով ու
տրտմությամբ շաղախված ծիծաղ էր: Ինչ-որ մեկը ձեռքը դրեց նրա ուսին: Այդ
անսպասելի գորովանքից հորեղբայրը հուզվեց: Երեսը հպեց ուսին դրված տղամար-
դու ձեռքին և հեկեկաց: Ծիծաղն ու լացը հյուրերին ստիպեցին մտածել, որ հեղա-
փոխության, պատերազմի, ընկերների մահապատժի պատճառով հարգարժան հրա-
մանատարն անկասկած հոգեբանական ճգնաժամի մեջ է, հիացական հայացքն ու
բանաստեղծական մրմնջոցը նրա խելագարության վառ վկայություններն են, և կա-
րելի է հանգիստ եզրակացնել, որ սեղանի տակ աքացի ստանալու պատմությունը
ուշադրություն գրավելու և ուրիշների խիղճը շարժելու հոգեբանական անհրաժեշտու-
թյուն է: Տղամարդկանցից մեկը, որը հորեղբորը վաղուց էր ճանաչում և նրա որոշ
նվիրական գաղտնիքներից տեղյակ էր, իմաստավոր ժպտաց. մի երիտասարդ կին
ցավով ու ափսոսանքով մրմնջաց՝ մարդիկ ծերանում, երեխայի են նմանվում, ու
գլուխը տարուբերեց:

Հորեղբորը հեռացրին սեղանի մոտից: Ընկան թևերի տակ, և նրան, որ հյուրերի
կարծիքով զուր էր կաղում ու ձևեր էր թափում, տարան հյուրասենյակ և տեղա-
վորեցին բազմոցին: Երջանիկ հորեղբայրը երկար ախ քաշեց: Վերադարձավ: Սիրա-
հարվածի աչքերով նայեց Մալեքազարի մորը: Մատների ծայրով փոքրիկ համբույր
ուղարկեց նրան և փակեց արտասվակալած աչքերը: Մալեքազարը վազեվազ փըն-
տրեց ամուսնուն և նրան տեղեկացրեց, որ հիմար հորեղբայրը խելքը գցել է ու
անհասկանալի բաներ է անում: Ծիծաղում է: Մորն է աչքով անում: Համբույր է
ուղարկում ու սիրահարական բանաստեղծություններ մրմնջում: Պարզից էլ պարզ է,
որ աքացի չի եղել, և հորեղբոր նպատակը, թշվառ հորեղբոր, իրականում ուշադրու-
թյուն գրավելն ու ուրիշների խիղճը շարժելն էր: Ողջ երեկոյի ընթացքում փորձել է
խոսել, իրեն ցուցադրել, բայց հյուրերը նրան ու նրա խոսքերին ուշադրություն չեն
դարձրել: Դժբա՛խտ: Բայց մի բան անհայտ է ու կասկածելի: Եթե չեն հարվածել,
կոճն ինչո՞ւ է կարմրել ու այտուցվել: Մալեքազարն անխելք չէր: Իր աչքով էր տեսել,
որ հորեղբոր ոտքն ուռել ու կապտել է:

Էմիր Ալին քրտնեց: Շիկնեց, և այդ շիկնանքը հետաքրքրասեր կնոջ աչքից չվրիպեց:
Էմիր Ալին ասաց. «Չգիտեմ: Այո՛, ճի՛շտ ես: Խե՛ղճ հորեղբայր»,- և շարժեց գլուխը.
անիմաստ շարժում էր, անտեղի ծիծաղեց. լայն բացված բերանով ծիծաղն ավելի
անիմաստ էր: Շրջեց երեսը: Կանգնեց կնոջ թիկունքում: Հետո գլուխը քորեց և
առանց նախաբանի մատնացույց արեց պատի բարակ ճեղքերն ու ասաց՝ առաջին
հնարավորության դեպքում պատերը պիտի ներկել: Մալեքազարն այնքան էր զգոն,
որ չկարողանային իրեն խաբել: Եթե եղածը չէր ուռճացնում և գերադասում էր այդ-
քանով ավարտել, ուրեմն պատճառ ուներ: Չէր ցանկանում՝ հյուրերը այս պատմու-
թյան (որից ինքն էլ գլուխ չէր հանում) մանրամասներն իմանան: Այդ օրը չկարո-
ղացավ և չցանկացավ հորեղբորն ու ամուսնուն քննել: Բայց որոշեց՝ հետո, առաջին
հնարավորության դեպքում, պատահածը ուղնուծուծով ուսումնասիրել:

Սփրթնած ու դողդոջուն Էմիր Ալին վերադարձավ հյուրասենյակ, իր բացակայու-
թյունը պարզաբանեց կրկնվող նախադասություններով, ծխախոտ վերցրեց, պա-

152

հեց մատների արանքում, դրեց բերանը, լուցկի փնտրեց, հետո մտափոխվեց. ծխա-
խոտը նետեց սեղանին: Գնաց խոհանոց և բացեց սառնարանը: Չգիտեր ինչ է
փնտրում: Բացեց նաև սառնախցիկի դուռը: Խոհարար Ալին հետևում էր նրան: Մի
կարմիր բողկ վերցրեց ու արագ-արագ կծեց: Սառնարանի դուռը փակեց: Վերադար-
ձավ: Գնաց լոգասենյակ: Իրեն զննեց հայելու մեջ: Ուժեղ կսմթեց ծնկից վերև և
բռունցքով հարվածեց կոճին: Իր ոտքն էր. ցավեց: Շարժեց ոտքը: Բարձրացրեց:
Դրեց գետնին: Նրան հրահանգներ տվեց: Չէր հակառակվում ու չէր առարկում: Իր
մշտական, հլու ոտքն էր:

Ծննդյան տորթը կտրեցին ու կերան: Երջանիկ հրամանատարին էլ տվեցին, և
քանի որ ոչ ոք չէր լսել Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ն, որոշեցին լռության մեջ
ունկնդրել, այնուհետև՝ գնալ:

Էմիր Ալիի խելառ ոտքը լռել ու հանգստացել էր: Դրան հակառակ, սիրտն էր
զարկում, և մարմնում պտույտ էր տալիս մի տարօրինակ խռովություն: Գիտեր, որ
Մալեքազարն իրեն բաց չի թողնի և, ավելի համառորեն, քան ուշիմ խուզարկուն,
կետ առ կետ կքննի դեպքը: Գուցե ավելի լավ է ճշմարտությունն ասի և նրանից
օգնություն խնդրի: Խոստովանի, որ մարմինը խելագարվել է, և մի անտեսանելի
էակ, մի սատանայական ոգի է թափանցել իր մեջ: Չէ՛: Ոչ ոք իրեն չի հավատա:
Կասեն՝ խելքը գցել է, ու պատիվը գետնով կտան: Պետք է համբերել և առժամանակ
ամեն ինչ կոծկել:

Բախտավոր հորեղբոր կոճն իսկապես ցավում էր: Քաղցր ու սիրառատ ցավ էր:
Նրա տունը փողոցի ծայրին էր: Էմիր Ալին ասաց, որ կուղեկցի, և Մալեքազարը յուրա-
հատուկ հայացքով՝ կասկածով ու անվստահությամբ լի, ամուսնուն նայեց: Ուզում
էր ասել՝ ոչ, բայց լեզուն կծեց: Ուզում էր ասել՝ ես էլ եմ գալիս, բայց լռեց: Դեռևս ոչ
մի բանում համոզված չէր: Պետք էր սպասել, և ինչպես միշտ՝ համբերատար էր ու
կշռադատող:

Հորեղբայրը՝ չհարբած, բայց քեֆը տեղը, կախվել էր Էմիր Ալիի թևից, լնգլնգում
էր և մրմնջում: Ցանկանում էր պատմել վաղեմի սիրո հրի մասին, որ վերստին բոր-
բոքվել էր, բայց ամաչում էր: Մի երկու անհասկանալի ակնարկ արեց Լեյլիի ու
Մեջնունի, Ռոմեոյի ու Ջուլիետի մասին և հառաչեց: Մի երկու անգամ էլ կանգնեց,
տրորեց կոճը ու տնքոցախառը ծիծաղեց:

Պարեկը սուլեց, և հորեղբայրը երանելի վիճակից դուրս եկավ: Սեղմեց Էմիր Ալիի
ձեռքն ու գոհ մտավ տուն:

Պարեկը բարևեց: Կանգնեց և սպասեց նվիրատվության: Էմիր Ալին ասաց, որ
դրամապանակը մոտը չէ: Պարեկի լայն ժպիտը չքացավ: Ասաց. «Ծառայում ենք ձեզ»,-
սակայն ձայնի մեջ այլևս չկար մի րոպե առաջվա քնքշանքն ու շողոքորթանքը:

Լույսերը մարել էին, և մի երկու տների շեմագլխին սգո դրոշակներ էին կախված:
Տնից դուրս այլ աշխարհ էր: Ոչ ոք տեղյակ չէր իր ու զոքանչի ծննդյան տոնից, և
իր աշխարհ գալը ոչ ոք չէր տոնում: Մի մարդ թաքցնում, քողարկում էր կտուրի ալեհա-
վաքը: Երբ իրեն տեսավ, հետ քաշվեց ու անհետացավ մթության մեջ: Ոստիկա-
նական մեքենա էր անցնում: Արգելակեց: Ոստիկաններն իրեն նայեցին: Ոչինչ չասելով`

153

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

հեռացան: Մի մարդ գնում-գալիս էր տան առաջ: Նրանից ժամը հարցրեց: Կեսգիշե-
րից երկու ժամ էր անցել: Տղամարդը հուզված էր ու շփոթված: Զրուցելու կարիք
ուներ: Հարցրեց. «Դո՞ւք էլ եք ծնող»: Էմիր Ալին տարուբերեց գլուխն ու արտա-
սահմանում ապրող տղաներին հիշեց: Տխրեց: Կարոտել էր նրանց: Հուզված տղա-
մարդը շարունակեց. «Երանի՜ ձեզ: Ես մի տղա ու մի աղջիկ ունեմ: Ամեն գիշեր
մինչև աքլորականչ, քանի դեռ տուն չեն վերադարձել, գնում-գալիս եմ փողոցում:
Հո չեմ կարող նրանց բանտարկել: Վախենում եմ` բռնած լինեն ու մտրակեն»: Էմիր
Ալին մտածեց` բախտավոր մարդ եմ, ապահով, խաղաղ կյանքի գինը պիտի իմանամ,
և աչքերի առաջ հայտնվեցին այդ օրվա հյուրասիրության բոլոր մանրամասնություն-
ները` ուտելիքով բեռնված սեղանը, արծաթե գդալ-պատառաքաղները, բյուրեղա-
պակյա բաժակները, հնամենի ափսեներն ու պնակները, թանկարժեք գտածոները,
նրբագեղ գորգերն ու կարպետները, կտավներն ու թավշե վարագույրները. տխրեց:
Իրերի ողջ ծանրությունը ճնշեց մարմինը: Զգաց` անասելի հոգնած է և չի ցանկա-
նում վերադառնալ: Խորդուբորդ, մութ փողոցներում, աղմկոտ քաղաքում ու աղյուսե
աշտարակների արանքում, խաղաղ ու ապահով, հակասական ու անիրավ աշխար-
հում ևս ինքը տեղ չուներ: Ոչնչի հետ կապված չէր: Որևէ մեկն իր լինելու ու չլինելու
կապակցությամբ ո՛չ ողջույն էր հղում, ո՛չ ցավակցություն:

Այդ և հաջորդող գիշերներն ամուսինները պառկեցին լռության մեջ` իրար թիկունք
արած, և երկուսն էլ չքնեցին: Յուրաքանչյուրը մտածում էր նույն միջադեպի մասին,
և այդ «միջադեպը» խառնաշփոթ իրադարձություն էր` ջրի մակերևույթին ցոլցլա-
ցող ստվերի նման` փախչող, անհասանելի: Չգիտեին որտեղից սկսել, ինչ ասել:
Գերադասում էին առայժմ չխոսել: Բայց առանձին-առանձին վերլուծում էին իրա-
դարձությունները, դեգերում այս ու այն գիշերում, այստեղ կամ այնտեղ, այս կամ այն
խոսքում և հասնում փակուղի: Մալեքազարը շատ ավելի հեռուն գնաց: Սկսեց իրենց
ծանոթության սկզբից, զննելով առաջ գնաց, կանգ առավ փոքրիկ տարաձայնություն-
ների, հավանական թյուրըմբռնումների, մոռացված վեճերի ու հաշտությունների
վրա, բռնեց կարճ ճանապարհը, հետ գնաց, բացահայտեց դեպքը, վերլուծեց, տար-
րալուծեց, ենթադրություններ արեց, սխալ եզրակացությունների հանգեց և որևէ
տեղ չհասավ: Էմիր Ալին հարցաքննության ու մեղքը խոստովանելու (ո՞ր մեղքը) ահից
հազար ու մի պատճառով, որքան հնարավոր է, հեռու էր մնում կնոջից: Գիտակցում
էր, որ այն գիշերվա պատմությունը կնոջ հետ կապված չէ: Ինչուն ու ինչպեսը չէր
հասկանում և չէր ցանկանում այդ մասին մտածել, քանի որ վստահ էր` ցանկացած
բացատրություն, որ կտար ինքն իրեն կամ կնոջը, անհիմն էր ու շտապողական:
Ժամանակը լավագույն բացահայտողն էր անսպասելի իրադարձությունների, արտա-
քուստ խճճված ու անտրամաբանական իրադարձությունների: Էմիր Ալին գերադա-
սեց համբերել, մինչև ամեն ինչ խաղաղվի, ու պատճառը պարզ դառնա: Մալեքա-
զարը, ընդհակառակը, անտրամադիր էր ու նյարդային և ամուսնու տարօրինակ
արարքների ու համառորեն մեկուսանալու իմաստը չէր ընկալում: Նրանց միջև
լռության անտեսանելի պատ էր հայտնվել, խոսքերն ու ժպիտները կեղծ էին ու
արհեստական: Երկուսն էլ երկյուղում էին անախորժ միջադեպի բացահայտումից

154

և չէին ցանկանում դառն իրականության քողը մի կողմ տանել: Երկուսն էլ ծածուկ
ամաչկոտությամբ իրարից հեռու էին մնում և չէին համարձակվում քննարկել իրենց
խառնիխուռն մտահոգություններն ու խճճված մտքերը: Չէին ցանկանում ընդունել,
որ անսովոր իրադարձությունը խցկվել է իրենց բարեկիրթ, միջադեպերից զերծ
կյանք: Չէին խոսում, և «չխոսելը» թափառող ցավի նման պտույտ էր տալիս նրանց
մարմիններում ու տանջում: Յուրաքանչյուրը սպասում էր, որ մյուսն անի առաջին
քայլն ու բացատրություն տա, «մյուսը» հպարտությունից, գուցե զգուշավորությու-
նից քայլ չէր անում:

Մալեքազարն ակնկալում էր, որ ամուսինը խելոք երեխայի նման խոսք կբացի,
կխոստովանի իր մտահոգությունները և իրենից օգնություն ու խորհուրդ կխնդրի:
Բայց տեսնում էր, որ ամուսինը, զարմանալիորեն, կամակոր երեխայի համառու-
թյամբ ու հանդգնությամբ ամեն ինչ կոծկում է և գաղտնիքներն իր հետ չի կիսում:
Այն միտքը, որ Էմիր Ալին իրենից ինչ-որ բան է թաքցնում կամ սրտի խորքում մի
բան ունի պահած, տանջում էր Մալեքազարին: Ինչպե՞ս կարելի էր: Որոշ ժամանակ
առաջ մի՞թե իրենք մեկ մարմին, մեկ հոգի չէին: Էմիր Ալիի լռությունն աններելի
էր: Անընդունելի: Իրեն ստորացված էր զգում: Իր վատ տրամադրությունն ու ցավն
անտեսելով` Էմիր Ալին նվաստացնում էր իրեն: Այդ մարդու ներսն էլ, դուրսն էլ իրեն
էին պատկանում, և նա իրավունք չուներ որևէ բան թաքցնելու: Մինչև այժմ նա
նման բան չէր արել: Երբեք:

Անքնությունն անծանոթ էր Էմիր Ալիին ու նոր մտահոգություն էր: Հենց աչքերը
փակում էր, ուղեղն սկսում էր աշխատել, ու խառնիխուռն պատկերներ էին հայտնը-
վում փակ կոպերի տակ: Ժամանակ առ ժամանակ զննում էր սեփական ոտքն ու
ձեռքը: Ձեռքը, որ մինչև վերջերս հոգատար դայակի նման սանրում էր իր մազերը,
կերակուրը բերանը տանում, վերնաշապիկը կոճկում, լվանում մարմինը, կոշիկի քու-
ղերը կապում, ձեռքը, որը գրում էր ու շոյում, որը պատրաստ էր ի կատար ածելու
իր ցանկությունները, հանկարծ, անհասկանալի պատճառով վերածվել էր նենգ
թշնամու և ենթարկվում էր ուրիշին` անծանոթ, անտեսանելի մեկին ու Աստված գիտի
ինչ շիլա էր իր համար եփում: Հազար տեսակ բան կարող էր պատահել: Իսկ եթե
իր կամքից անկախ բռներ Մալեքազարի նազանի կոկորդն ու խեղդեր: Կամ վերց-
ներ սեղանի մետաղե ծաղկամանն ու նրա գլխին տար: Եթե խոհանոցի դանակով
հարձակվեր նրա վրա ու կտրեր գլուխը: Ինչպե՞ս մարդկանց պատմեր իր տարօրինակ
ցավի, տանջանքի ու ամոթի մասին: Ասեր` ձեռքերս ինձ չեն ենթարկվում, ուղեղս
էլ ուրի՞շն է կառավարում: Ոչ ոք իրեն չէր հավատա: Հանցանքն ակնհայտ էր, լու-
ծումը` նույնպես: Մահապատիժ կամ հիվանդանոց: Ավելի հավանական է` մահա-
պատիժ. վերամբարձ կռունկից կկախեին սեփական տան առաջ: Ողջ գիշեր տագ-
նապալի կասկածները տանջում էին նրան, և հուսահատ շուռումուռ էր գալիս
վերմակի տակ. այս կողից մյուս կողի վրա, անքուն, վհատ: Կասկածից վեր էր` որևէ
մեկը նման իրավիճակում չի հայտնվել: Հնարավոր չէր: Էմիր Ալին ուներ զգայուն ու
նուրբ հոգի և մեծ ու քնքուշ սիրտ: Բայց այդ միջադեպից հետո ո՛չ զգայուն հոգուն
էր հավատում, ո՛չ էլ քնքուշ սրտին: Գիշերները թևերը դնում էր մարմ նի տակ և

155

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ամենաաննշան շարժումից վեր թռչում: Մի գիշեր, երկու գիշեր, երկու շաբաթ,
երկու ամիս… մինչև ե՞րբ պիտի այդպես շարունակվեր: Ավելի խելամիտ կլիներ`
առժամանակ հեռու մնար Մալեքազարից և քներ ուրիշ սենյակում: Տղաների սե-
նյակում: Կամ հյուրերի սենյակում: Տարբերություն չկար: Ամեն տեղ: Մալեքազարը
լսեց ամուսնու տարօրինակ առաջարկն ու նրան թվաց` լավ չի լսել կամ ճիշտ չի
հասկացել: Ժպտաց: Շոյեց ամուսնու այտն ու կոճկեց վերնաշապիկի արձակ կո-
ճակը: Վերնաշապիկը մաքուր էր, արդուկված, կապույտը սազում էր նրան: Ամուսնու
վերնաշապիկն ինքն էր ընտրել: Կոշիկները ևս: Էմիր Ալին ամոթահար, հայացքը
գետնին գամած, կրկնեց ասածը և պարզաբանեց (կակազելով, հազալով, կցկտուր
նախադասություններով), որ դա անում է հանուն իրենց երկուսի և պատճառի
մասին չի կարող խոսել: Սրանից ավելի չի կարող ասել, քանի որ ասելու բան էլ չէ:

-Հանուն մեր երկուսի՞, ո՞ր երկուսի: Մի՞թե ես և դու անջատ ենք, առանձին:
Էմիր Ալին բացատրություններ տալու ուժ չուներ: Կրկնեց ասածը և երեք բառերը`
հանուն մեր երկուսի, այնպես արտաբերեց, որ խոսելու և վիճաբանելու տեղ չթողեց:
Մալեքազարը գնաց այն աշխարհ, հետ եկավ, գլուխը պտտվեց, հազար ու մի բան
մտքով անցավ: Առանձին սենյակներո՞ւմ: Մեկը վերևի, մյուսը ներքևի հարկո՞ւմ:
Քսան տարի է` սիամական երկվորյակների նման կողք կողքի են պառկել, իրար
կպած, իրենց առանձնացնելն այդքան էլ հեշտ չէ: Վիրահատական միջամտություն
է պետք և շատ ցավոտ է: Երկուսի համար է ցավոտ (Էմիր Ալիի համար ավելի քիչ):
Նման բան հնարավոր չէ, քանի որ առանց մեկմեկու նրանք կմեռնեն: Անհնարին է:
Սրա-նրա ականջը կընկնի: Մարդիկ ի՞նչ կմտածեն: Բերնեբերան կանցնի, կասեն`
վիճել են, մեջներով սև կատու է անցել, լուն ուղտ կդարձնեն, խոսք խոսքի վրա կդնեն,
իրենց անունները սրա-նրա բերանը կընկնի, ու հարգանք-պատիվ կկորցնեն: Ո՛չ:
Երբե՛ք: Անհնար է: Անընդունելի:
Էմիր Ալիի հոգում խռովք էր: Գիտեր` կինն իրավացի է: Ներսում թախիծ էր ու
ամոթի զգացողություն: Մալեքազարն ասաց, որ այդ մեկուսացումը` առանձին սե-
նյակներում քնելը, իրական բաժանման սկիզբն է: Օրինակ բերեց սրան ու նրան`
այն ամուսիններին, որոնք փոխադարձ համաձայնությամբ էին քնել առանձին
սենյակներում և վերջում հասել բաժանության ու դժբախտության դուռը: Երրորդն
ավելի վատ օրինակ էր, քանի որ ամուսինը ոչ միայն դժբախտ չէր, այլև իրեն փաշա
էր կարծում, կինն էլ ավելի երիտասարդ ամուսին էր գտել, որը չէր խռմփացնում ու
գիշերը նրա գրկում էր քնում:
Էմիր Ալին անկեղծորեն ծիծաղեց կնոջ անհեթեթ մտքերի վրա: Գրկեց Մալեքա-
զարին ու սեղմեց կրծքին: Քիչ էր մ նում` հանձնվի, քիչ էր մ նում ասի` լա՛վ, հա-
մաձայն եմ, երբ աչքն ընկավ սեղանի մեծ մկրատին, և սիրտը նվաղեց: Էլի նույն
ապուրն էր, նույն ապուրամանը, նույն զառանցանքն ու ահը: «Եթե մկրատը վերց-
նեմ ու…»: Ո՛չ, ո՛չ, պիտի հեռանա, ճար չունի: Պիտի նստի, մտքերը ի մի բերի, և
այդ ախտի, այդ խռովքի, այդ հանկարծահաս խելացնորության պատճառը հասկա-
նա, խելացնորություն, որ իր մարմնում է, իր ոսկորների, արյան քիմիական բա-
ղադրության մեջ: Հրեց Մալեքազարին, առանց թույլ տալու, որ խոսակցությունն ու

156

վեճը շարունակվի, վերցրեց գիշերազգեստն ու հողաթափերը, և ապաստանեց մեծ
ու անդորր սենյակում, որը հյուրերի համար էին նախատեսել: Սենյակը լուսավոր
էր` շղարշե նուրբ վարագույրներով, զերծ գտածոներից, կտավներից, հայելիներից,
ծոպավոր ջահերից:

Երկուսի համար էլ առաջին գիշերը դժվար անցավ: Երկար թավալվելուց, մեղքի
ու մենակության զգացողությունից տանջվելուց հետո Էմիր Ալին քնեց: Նրան դուր
էր գալիս սենյակի զով օդը և քանի որ շուրջբոլորն ազատ էր, հանգստություն էր
զգում: Դա տան միակ սենյակն էր, որի պատուհանագոգին բույս կար, իրական բույս
(Մալեքազարը բույսերի հոտից վատ էր զգում և արհեստական ծաղիկներ էր դնում
ծաղկամանների մեջ): Մահճակալն ընդարձակ էր, և կարելի էր հեշտությամբ մեկնել
ձեռք ու ոտքը, ձգվել: Երկրորդ գիշերը վառեց մահճակալի կողքի լուսամփոփը և
գիրք կարդաց: Վարագույրները քաշեց: Փայտե ծածկոցափեղկերը բացեց, լուսնի
առատ ցոլքերի մեջ քնեց և սովորությանը հակառակ (վաղ էր արթնանում) երկար
պառկեց անկողնում:

Մալեքազարը կուչ եկավ: Վերմակը շպրտեց, բարձը այս ու այն կողմ շրջեց:
Ջերմեց ու պաղեց: Կարծեց` սոված է: Սիրտը քաղցր ուզեց: Մոտեցավ սառնարանին,
գդալ-գդալ մեղր կամ ելակի մուրաբա կերավ: Միշտ շատ էր ուտում, և սիրտը խառ-
նում էր: Մի շիշ ջուր վերցրեց, երկու-երեք բաժակ ջուրն իրար հետևից խմեց: Փքվեց:
Սրտծակոցներ սկսվեցին: Վերադարձավ ննջասենյակ, պառկեց մահճակալի ծայրին:
Վերմակը երեսին քաշեց: Ջանաց քնել. չկարողացավ: Մինչև լուսաբաց թավալվեց
անկողնում: Մի գիշեր էլ վեր կացավ, ոտաբոբիկ բարձրացավ աստիճաններով: Սիրտը
զարկում էր: Շունչը փորից դուրս չէր գալիս: Էմիր Ալիի դռան հետևում կանգնեց:
Ձեռքը բռնակին դրեց ու քարացավ: Ուզում էր մի հարվածով դուռը բացել, ներս
մտնել, սողոսկել վերմակի տակ ու նրան գրկել, այնպես գրկել, որ ստիպված լինի
խոստովանել: Լավ միտք է, բայց չհամարձակվեց դուռը բացել: Հպարտությունը թույլ
չտվեց: Վիրավորված էր: Չէր կարող նսեմանալ: Կսպասի, Էմիր Ալին փոր ու փոշման
կվերադառնա, կփորձի իր սիրտը շահել, ոտքերը կընկնի, ներողություն կխնդրի:
Բայց գուցե ինքն էլ է սպասում ու սիրո և ուշադրության կարիք ունի: Տղամարդիկ
այդպիսին են: Մեծ-մեծ բրդում են, բայց իրականում մոլորված մանուկներ են և
մայրական քնքշանքի կարիք ունեն: Մալեքազարը, հաշվի առնելով այդ փաստերը,
խորը շունչ քաշեց ու ողջ ուժով պտտեցրեց բռնակը: Դուռը կողպած էր: Չէ՛: Անհնար
է: Երկրորդ և երրորդ անգամ պտտեցրեց բռնակը, ու մարմինն այրվեց: Ասես հա-
զար տեղից խոցել էին նրան: Ի՞նչ իրավունքով էր դուռն իր երեսին փակել: Ո՞ւմ
թույլտվությամբ, և ինչո՞ւ: Չգիտեր ինչ աներ. բախե՞ր դուռը, գոռա՞ր, թե՞ կողպեքը
ջարդեր: Իջավ ներքև, վերադարձավ աղմուկ անելով` դըմբ-դըմբ, զայրացած, դիտ-
մամբ: Իբրև` արթուն եմ: Այստեղ եմ: Հասկանո՞ւմ ես: Ռադիոն միացրեց: Ծոր տալով
Ղուրան էին ընթերցում: Ձայնը բարձրացրեց: Մինչև վերջ: Դուռը բացեց ու շրխկաց-
րեց: Մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ: Լսո՞ւմ ես: Արթնացի՛ր: Դե՛: Դուռն իմ
առաջ փակե՞լ էիր: Իմ` Մալեքազարի: Եվ ճչաց: Տան լույսերը վառեց: Ձայներիզը
դրեց մագնիտոֆոնի մեջ: Սևամորթ էր երգում: Դրա ձայնն էլ բարձրացրեց: Տունն

157

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

իրարով էր տվել: Էմիր Ալին քնած էր: Քնած էր ու խուլ: Գուցե մահացե՞լ էր կամ
գլխին փորձա՞նք էր եկել: Շփոթահար Մալեքազարը աստիճաններով վերև վազեց
և բռունցքներով ու ոտքերով խփեց դռանը: Քնաթաթախ, հորանջող Էմիր Ալին բա-
ցեց դուռը, և ռադիոյի ու ջազի հնչյուններից անակնկալի եկավ: Անտրամադիր էր:
Մալեքազարը սովոր չէր տեսնել նրան խոժոռված ու բարկացած: Պարզվեց` Էմիր
Ալին ողջ-առողջ է, ոչ մի փորձանք էլ գլխին չի եկել: Մալեքազարը կարմրեց: Լեզուն
կապ ընկավ, մտքերը խառնվեցին: Երեսը շրջեց, ինչ-որ բան քրթմնջաց, մի պահ տա-
րակուսած կանգնեց, ապա իջավ ներքև երկու աստիճանը միանգամից: Ռադիոն
ու լույսերն անջատեց, նետվեց սենյակն ու դուռը փակեց: Մեկնվեց մահճակալին և
հայացքը հառած առաստաղին` արթուն մ նաց: Չգիտեր` ինչպես հանգստանար:
Վիրավորված էր, ստորացված, և չէր հասկանում նրա վարմունքի պատճառը: Եթե
վիճել էին, ապա դրանք ամուսինների միջև ծագող անցողիկ, փուչումուչ վեճեր
էին, եթե լուրջ տարաձայնություններ էին եղել, ապա ընդունել, ըմբռնել էր: Կարելի
էր զրուցել: Համաձայնության գալ, հաշտվել կամ շարունակել վեճը: Այդ ամենը
հնարավոր էր, եթե Էմիր Ալին իր պահվածքի պատճառն ասեր, պարզաբաներ: Բայց
չէր ասում: Փախչում էր: Իրեն հիմարի տեղ էր դնում: Անհեթեթություններ էր դուրս
տալիս: Ձևեր էր թափում, կմկմում: Հոգի էր հանում, բայց չէր խոսում: Ամեն ինչ
ընթանում էր խավարի, տանջալի անորոշության, ենթադրությունների ու կասկած-
ների, երկիմաստ խոսքերի ու զգուշավոր պահվածքի մեջ: Անիծյա՛լ: Մի զույգ ապ-
տակի ես արժանի: Անիմաստ մի երկու բառ էր քրթմնջում ու գլուխը կախում: «Հանուն
մեզ»: Այսի՞նքն: Բացատրի՛ր: Լեզուդ կո՞ւլ ես տվել: Քսան տարի է` նույն անկողնում
ենք քնել, հիմա հանկարծ հանուն մեզ տարբեր սենյակներո՞ւմ պիտի քնենք: Բա այդ
տարօրինակ շարժումները, ասես խելագար լինես: Լա՛վ, ենթադրենք` այդպես է:
Արի գնանք նյարդաբանի մոտ: Քիթ-կոկորդի բժշկի մոտ: Գաստրոէնտերոլոգի մոտ:
Ես ինչ գիտեմ… Ճամփորդության մեկնենք: Գնանք արտասահման` երեխաների մոտ:
Մի բան ձեռնարկենք: Չկա ցավ, որ դարման չունենա:

Մալեքազարի մենախոսությունը չէր ավարտվում: Տանջվում էր Էմիր Ալիից հեռու:
Սովոր էր նրա ներկայությանը, նրա մարմնի հոտին, մեղմ շնչառությանը, զգուշա-
վոր, խաղաղ խլվլոցին, խշխշոցին օրաթերթի, որ քնելուց առաջ էր կարդում, ջրի
չփփոցին, որ խմում էր արթնանալիս: Պատկերացնում էր հանգիստ քնած Էմիր Ալիին
(հո սուտ չէր) և ավելի էր վհատվում: Գլուխը խցկում էր բարձի տակ և ողբում: Ուզում
էր մի բան առնել ու պատին տալ: Ուզում էր Էմիր Ահուի երեսը ճանկռել, ցավեցնել
նրան, անել մի բան, որից նա կանհանգստանար, կխանդեր, կնեղվեր, ու քունն
աչքերից կփախչեր: Մտածեց` ամենալավ զենքն արհամարհանքն է: Ինչ լինելու էր,
եղել է: Բարև՛, սիրելի՛ս: Լավ քնեցի՞ր: Հրաշալի է: Ի՜նչ լավ օր է: Ինչ արևոտ է: Ի՜նչ
բույր է, բոված հացի բույր: Կարելի է սուլել անափ երջանկությունից կամ երգել քթի
տակ: Կարելի է ձգվել (գոհության սաստկությունից), հանգիստ մեկնվել աթոռին
և անիմաստ ծիծաղել: Կարելի է զարդարվել, յոթը տակ պճնվել, հեռվից հրաժեշտ
տալ ձեռքի թափահարումով ու գնալ: Կարելի է ուշ գիշերին վերադառնալ, և բա-
ցատրություն չտալ` որտեղ էր: Ասել` ընթրել եմ, բայց չասել` ում հետ և որտեղ:

158

Կարելի է ձևացնել իբրև քնել է հանգիստ, ավելի հանգիստ, քան երբևէ, և ուրախ
է ամուսնու որոշման համար: Եվ եթե այդ ամենն անօգուտ, դժվար ու տանջալի
թվար, եթե այդ խաղերն Էմիր Ալիի վրա չազդեին ու նա անտեսեր, եթե կույր ու խուլ
ձևանար և չպարզվեր` ինչն է պատճառը, կարելի էր սեղանի հախճապակե պնակը
վերցնել ու գլխին տալ:

Էմիր Ալին` շվարած ու քնաթաթախ, կնոջ ծրագրերից ու մտքերից անտեղյակ,
հայտնվեց նախաճաշի սեղանի մոտ, աչքի պոչով նայեց Մալեքազարին և հանգիստ
շունչ քաշեց: Սպասում էր, որ խոժոռված ու թախծոտ է լինելու, բայց հակառակ
սպասմանը` տեսավ ծիծաղկոտ, ուրախ Մալեքազարին, պճնված, կենսուրախ,
բախտավոր Մալեքազարին: Աստծուն փառք տվեց, որ բանը վեճ ու կռվին չհասավ,
և խիղճը հանգստացավ: Ախորժակով նախաճաշեց ու չնկատեց, որ կնոջ` արտա-
քուստ երջանիկ աչքերում ինչ մեծ բարկություն ու խավար է ծփում:

Շարունակությունը հաջորդ համարում
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

159

Հանդեսը տպագրվում է
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com

«Նորք հանդես» ՍՊԸ, 2020

160


Click to View FlipBook Version