ԱԺԴԱՀԱՆ
Սանիտարական կետը տեղավորված է արկերից խարխլած մի ընդարձակ շենքում։
Ամբողջ գյուղում միայն այդ շենքն է կանգուն մնացել։ Ծխացող ավերակների միջով
մենք հասանք այդ շենքին ու ներս մտանք։
— Ահա ասածս տարօրինակ հայը,— ասաց մեզ առաջնորդող զինվորական
բժիշկը։
Մահճակալին մեկնված էր մի իսկական հսկա: Նրա մազոտ կուրծքը կարծես
կազմված էր բրոնզյա զույգ վահանների միացումից։ Դիմագծերը խոշոր էին, քիթը
հայկական, դեմքը կոպիտ, խաշված արևից ու քամուց, մազերը թուխ, խճճված։
Ծալովի ճամփորդական մահճակալը շատ փոքր էր նրա համար, ուստի ոտները դուրս
էր հանել ճաղերի արանքից և զույգ գերանների նման մեկնել առաջ, մահճակալից
դենը։ Հոգատար քույրը մի աթոռակ էր դրել նրա փաթաթված ոտների տակ։
— Որտեղացի՞ ես,— հարցրի հսկային։
— Տեսնում չե՞ս, որ լոռեցի եմ,— պատասխանեց նա դժկամ։
Ծիծաղեցի։
— Ինձ հայրենակից է, ես սրան լավ կհասկանամ... Դուք կարող եք գնալ,– դիմեցի
բժշկին։
Բժիշկը ժպտաց և գլուխը օրորելով դուրս գնաց։
— Ինչպես երևում է, շատ ես նեղություն տալիս էստեղի աշխատողներին,— դիմեցի ես
հիվանդին։
Չպատասխանեց։ Նայում է խորթ-խորթ, կասկածանքով։
Սպասիր, սրա հոգու դռները բացեմ։ Եվ նրա ահագին ոտներին նայելով՝ խոսք գցեցի։
- Երևում է, որ Չաթին-Դաղումն ես մեծացել...
- Չաթին-Դաղը դու ո՞րտեղից գիտես,– հարցրեց նա աշխուժանալով։
- Ո՞նց չգիտեմ, քսան տարի է էն սարերում որս եմ անում։
Հիվանդը վրա նստեց։
-- Հաստա՞տ...– և նրա խիստ հայացքը մանկական պարզ արտահայտություն ստացավ։
- Դե, հիմի ասա, ինչի՞ չես յոլա գնում բժշկի ու քույրերի հետ,— հարցրի ես։
- Ասեմ, ախպեր ջան,– ժպտալով սկսեց նա։ – Ամենից առաջ էս անտեր ադյալը կարճ է,
անջաղ ծնկներիս է հասնում, ոնց որ տեսնում ես ջանս կասես երկու կտոր արած
լինեն, մինը թախտի վրա է, մեկ էլը՝ աթոռի։ Ասա մի քիչ երկար կարեցեք է՛լի էդ
զահրումարը,— սրտնեղած շարունակեց նա։ — Յարաբ մարդ իմանա, թե էս ադյալ
կարող կանանց մարդիկ ի՞նչ տեսակ մարդիկ են... Հալբաթ պուճուր-մոլճուր զատեր
են, հը՞ ...
— Դա ի՞նչ նշանակություն ունի որ,— միջամտեցի ես ժպտալով։
— Ո՞նց թե չունի, դնենք թե իմ կնկանը տարել են, որ զորքի համար ադյալ կարի, ոնց
ադյալներ կկարի, ինչ ես կարծում։
Նա իրավացի էր իր պարզ դատողության մեջ. իսկապես որ նրա կինը կարճ ադյալներ
չէր կարի։
— Էդ մեկ,— շարունակեց նա,— մեկ էլ ինձ շատ դժար է գալիս, որ ուտելիքը չափով են
տալիս։
— Բա որ չափով չլինի, ախր ոչինչ չի դիմանա,— խրատեցի ես։
— Հո չեմ ասում շատ տան. քիչ չեն տալիս, ոչինչ, համա որ կշեռքի վրա են դնում, աչքս
սով է ընկնում։ Համ էլ ինձ էլ են մի շունչ հաշվում, էս դիմացիս կես փթանոց լպուզին
էլ,— բողոքեց հսկան՝ դիմացի մահճակալին պառկած փոքր մարմնով մի զինվորի ցույց
տալով։
— Բա գեղացին եզանն ու մոզուն իրար չափ է խոտ տալի՞ս, բա էդքանն էլ չեն
գլխի՞...— շարունակեց բողոքել նա։
Ես նրա դժգոհությունը թարգմանեցի սանիտարուհուն։ Սա բարեսրտորեն ժպտաց.
— Կարծում եք շատակե՞ր է այդ հսկան, ամենևի՛ն։ Եվ երեխայի նման ամաչկոտ է ու
քաշվող, ինչքան էլ քաղցած լինի, ուտելիք չի ուզի։ Միայն ամեն կարգ ու կանոն խորթ է
դրա հոգուն, իսկական լեռների ծնունդ է, մեծացած առանց կոնտրոլի, բռի... «առանց
նորմայի», ինչպես ինքը մի օր մի կերպ հասկացրեց ինձ։ Բարկանում է, որ հացը
դանակով են կտրում։
— Ինչ է բլբլացնո՞ւմ,— հարցրեց հսկան, կասկածանքով աղջկանը նայելով։
— Քեզ բամբասում է։
— Բամբասելը հե՛չ, համա իրան ասա էդ զահրումարը թող ձեռքով մի կտոր կտրի
տա, էլ կշռելս ո՞րն է։
— Անչափ, անկարգ մեծացել ես, կարծում ես էստեղ էլ կթողնե՞ն կարգ ու կանոնից
դուրս գաս,— խոսեցրի ես։
— Հա՜յ, մերը չմեռնի Որսկանանց Արտեմի, որ կարգի տակ մտնի,— խնդաց նա։ —
Դու հո նամարդ մարդ չես,— հանկարծ տոնը փոխելով հարցրեց նա։
— Չէ, նամարդ չեմ, ի՞նչ կա որ։
— Մի բան եմ ուզում պատմեմ, համա վախում եմ ասես, պատժեն։
— Ես խոսք տվի, որ նրա գաղտնիքը ոչ ոքի չպատմեմ և ահա, ինչպես տեսնում եք,
մինչև հիմա սրբությամբ պահել եմ խոսքս։
— Դե որ ըտենց է, կաց ասեմ, թե ինչ եմ դրել դրանց սարքած չափ ռւ կշեռքի գլխին,–
ինքն իր արածի վրա երեխայի նման հրճվելով, սկսեց նա։
1
— Մուզդոկի տակ թունդ կռիվ արինք գերմանացիների հետ, էդ շան որդիքը մտել էին
դիրքերն ու մեզ վառում էին ականանետերով։ Հրամանատարը մի գլուխ գոռում էր՝
«Որսկանո՛վ, ական հասցրու...»։ Ես ական կրող էի վաշտում, դա ինձ համար շատ
հարմար գործ էր: Դե, ականն ի՞նչ բան է որ, ամեն թևիս տակը մի արկղ էի դնում ու
գնում, համա ուրիշները ամեն արկղը երկու հոգով էին տանում։
Հենց որ առաջ էինք գնում, ականանետը քանդում էին, չորս-հինգ հոգով տանում: Է՛ն,
ինչ-որ ե՛ս էի, դնում էի կռնատակիս ու լնգլնգալեն գնում: Բայց հենց որ գալիս էր
ուտելու ժամանակը, մեր ստարշինեն իրեն միսը կուտեր, ինձ մի գդալ ավելի բան չէր
տա , շատ քոռօջախ մարդ էր։
Մոզդոկը վերցրինք։ Որ Մոզդոկը վերցրինք, գերմանացիք փախան: Ձի՜ն, ցե՜խ, ընկել
ենք էդ Ռուսաստանի դզերը, գնում ենք հա՛ գնում, համ կռվում ենք, համ գնում։
Մի օր էլ ստարշինեն ասաց՝ «Որսկանով, վաշտի մսացու ոչխարներից 12 հատ չկան,
դու չոբան ես եղել, դրանց լեզուն լավ կիմանաս, գնա գտի բեր»։
Ասի՝ լավ, Սուրենին հետս դրեք, առանց էն էլ խեղճ տղեն էդ անտեր չուգունի տակին
կուչ է եկել։ Սուրեն ասածս էլ մի լղար զադ էր, էդ խեղճը հենց երեխա հասակից նորմի
տակ էր ընկել, պուճուր մնացել։
Սուրենի հետ գիշերը գնացինք չոլերը ման եկանք, ոչխարները գտանք բոմբի քանդած
մի փոսում։
Դե հիմի ո՞ւր գնանք, դո՜ւզ, ինչքան որ աչքդ կտրի, ոչ սար կա, ոչ քար կա, ոչ ձոր կա,
ո՞նց նշան անես, ի՞նչ իմանաս թե ուր ես գնում։
Վաշտը կորցրինք, էնքան ենք տեսնում, որ էդ դզերը լիքը զորք է, մեր Լոռու ծմակի
ծառերին հաշիվ կա, զորքին հաշիվ չկա... Ու բոլորն էլ հեղեղի պես գնում են, ո՜նց են
գնում։ Մենք էլ էդ հեղեղի հետ... Էստեղ-էնտեղ ձեն եմ տալիս, հարցնում մարդկերանց՝
«Այտա, բա մեր վաշտը տեսել չե՞ք...»։ Թե հայ են լինում, հարցնում են, թե ո՞ր վաշտը,
այտա՛, էստեղ հազար ու մի վաշտ կա։ Ասում եմ՝ ականանետի վաշտն, է՛լի,
ստարշինի անունն էլ Զաքար է, ասեղ մաշկող Զաքար ենք ասում, էնքան որ շատ է
ժլատ։ Ծիծաղում են ու գնում, մենք էլ հետևներիցը։
Մյուս օրը համ հալից ընկել ենք, համ էլ գելի պես սովել։ Հա՜յ գիտի ասեղ մաշկող
Զաքարի նորմա, ո՞րտեղ ես... «Այտա, բա մեր վաշտը ի՞նչ էլավ, է՞...», մտքումս էլ եմ
ասում, բարձր էլ եմ կանչում,— ոչ ոք չգիտի։
Սոված գելի պես աչքս ոչխարների դմակներին է, միտքս ծռվել է, համա Սուրենին չեմ
ասում, քանի որ կոմսոմոլ է, կարգ ու կանոնը պինդ է պահում։
Հալ ընկած ձինը համարյա ծնկներս է հասնում։ Ինչ որ Սուրենն է, խեղճը տնկվում է
մինչև կռնատակերը։ Ձնից հանում եմ, թափ տալիս, կռնատակիս դնում ու էլի առաջ
ենք գնում, դե, նորմով մեծացած մարդի քաշն ի՞նչ կլի...
Իրիկնադեմին մի քանդված գեղ հասանք։ Ասի՝ Սուրեն ջան, օրենքը բանը ղրաղ եմ
դնում, ոչխարներից մինը մորթեմ։ Դա չթողեց։ Ասի՝ ախպեր, էն չոլում պիտի մնար
գելն ուտեր, թող մենք ուտենք, էլի՛:
Վերջը, գլուխդ ինչ ցավացնեմ, ծնկանս տակին դրի էդ խեղճ հայվանին մորթեցի, մի
թեժ կրակ արի ու չոբանավարի խորովեցի։ Նորման խախտեցինք, մի պինդ կերանք,
հլա ուրիշ զինվորների էլ ուտեցրինք։
Ասի՝ Սուրեն ջան, էս մինը մեզ ղուրբան, էլ չենք մորթի։ Բայց դե, մարդիս ձեռը մեկ որ
հարամ բանի սովորում է, էլ ինչ անես ձեռ չի քաշիլ։ Համ էլ էս անտեր փորը մարդիս
լավությունը շատ շուտ է մոռանում։ Մյուս օրը յախես բռնել է, թե՝ էլի՛ բեր։
Ասում եմ՝ այ աննամուս, ախր երեկ երկու բուդը քեզ ուղարկեցի։ Ասում է՝ խաբար չեմ,
էս տարի ե՞րբ ես բան կերել որ։ Ճարն ինչ, մեկն էլ ծնկանս տակին դրի մորթեցի։
Էդ տնաշենի Սուրենն էլ մի երկու կտոր ուտում է ու ղրաղ քաշվում։ Ստիպված, չանս
դուրս գալով, ե՛ս էի ուտում էդ սաղ ոչխարը (դե ինչ արած, ընկել էի պիտի քաշեի... հո
միսը շալակած հետս չէի տանելու... էնա ամբարումս տեղավորում էի, ճամփա
ընկնում)։ Մյուս օրն էլի փորս երդում էր ուտում, թե էս տարի բան չի տեսել։
Վերջը ոչխարները ուտելով հասանք Կուբանի հողը։ Մնաց չորս ոչխար։ Սուրենն
ասաց՝ դե որ մեր վաշտը չենք գտնում, արի գնանք ներկայանանք մի ուրիշ զորամասի,
նրանց հետ կռիվ գնանք։ Էդ ոչխարներն առաջ արած ներկայացանք մի գնդի
հրամանատարի ու պատմեցինք մեր գլխի եկածը։ Նա մեզ ընդունեց...
- Կա՛ց, Արտեմ, արի ձեռդ խղճիդ դիր, ճիշտն ասա, հեչ չվախենաս, ես էլ եմ լոռեցի, դու
բոլոր ոչխարները կերել ես պրծել, հետո ներկայացել հրամանատարին,— նրա խոսքը
կտրեցի ես, շեշտակի նայելով լեռնցու աչքերի մեջ։
- Այտա, հնգեր հրամանատար, էդ ո՞նց իմացար,— կարմրելով ու ծիծաղելով
պատասխանեց Արտեմը։— Ախպեր, աստծուց թաքուն չի, քեզանից ի՞նչ պահեմ,
ոչխարները թամուզ մաքրեցինք, մի օր էլ սոված մնացինք ու որ տեսանք շատ ենք
նեղվում սովից, նոր ներկայացանք գնդին։
Որոշել էինք, որ մեր արած ղալաթը թաքուն պահենք, համա էդ հրամանատարը հենց
թարս-թարս հարցեր տվեց, որ բռնվեցինք։ Ամեն ինչ պատմեցի։ Դա թե՝ քեզ դատի եմ
տալու։ Ասացի՝ ախպեր, ես համ լավ ուտող եմ, համ լավ կռվող, արի դու ինձ կռիվ
ուղարկի, գնամ ամեն ոչխարիդ տեղը մի գերմանացի դնեմ թևիս տակը բերեմ։
Լավ մարդ էր, ծիծաղեց։ Հարցրեց, թե ինչ գործի եմ եղել, ասի՝ համ չոբանություն
գիտեմ, համ որսկանություն։ Ասաց՝ չոբանությունդ արդեն տեսանք, վաշտի
ոչխարները լավ ես պահել, մալադե՛ց, մնում է որսկանությունդ փորձենք, գնա
հետախուզական դասակը, էնտեղ իսկական որս անելու տեղ է։
Ճիշտն ասած, դրա էդ կակուղ խոսքերիցը գետինը մտա։ Գլուխս կախ լսեցի ու
մտքումս երդում տվի կերածս ոչխարների տեղը մեկին տասը հանեմ։
Ես ու Սուրենը գնացինք հետախույզ դառանք։
Դե, հետախուզությունն ու որսորդությունը մի բան է, կուչ-կուչ անելով սատանի պես
գնա, գլխին բամփի, կռնատակդ դիր բեր։
Մի երկու շաբաթ հետախուզություն արինք, լավ տեղեկություններ բերինք։ Սուրենին
շատ սիրեցին, դե պուճուր, մի աղվեսի չափ բան էր, ամեն ծակ ու ծուկ մանում էր,
ամեն ինչ իմ անում։ Շատ աչքաբաց տղա էր ու հրամանատարն էլ շատ սիրում էր
նրան, ճուտիկ էր ասում։
2
Մի անգամ թշնամու թիկունքում երեք օր սոված մնացինք։ Մենք ծմակում տապ ենք
արել, մեր դիմաց մի բացատ կա, գերմանացիները էդ թալումը բլինդաժներ են շինել,
կերակուր են եփում, հոտը գլուխս պոկում-տանում է։ Որ սովը շատ նեղեց, ճուտիկը
թփերից դուրս եկավ ու փորսող տալով առաջ գնաց։ Ասի՝ ո՞ւր ես գնում, այ տղա։ Թե՝
գնում եմ իմ բաժին կերակուրը ստանամ։ Ու էդ սարսաղն էլ ինձ չլսեց։ Մթնում
ամանների շխկշխկոց էր գալիս՝ գերմանացիք կերակուր էին բաժանում զորքին։
Քիչ հետո տեսնեմ Ճուտիկս եկավ մի վեդրո ճաշ ձեռին։ Այ տղա,— ասում եմ,— էդ ո՞նց
բերիր։ Ասում է՝ էնտեղ մթնում շունը տերը չի
ճանաչում։ Գնացի մի վեդրո գտա, շարքի հետ խառնվեցի ու դեմ արի՝ լցրին, ո՞ւմ
մտքով անց կկենար, թե բալշևիկ է եկել ճաշ տանելու...
Վերջը էդ տեսակ բաների համար գնդի հրամանատար մայոր Տիտովը շատ սիրեց
ճուտիկին։
Մի անգամ էլ մայորն ինձ ասաց. «Որսկանո՛վ, բա ո՞ւր է որսդ, ոչխարները կերար ու
տեղը գերմանացի չես բերում»։
Ասի՝ էս գիշեր գնամ բերեմ, ընկեր մայոր։
Ասաց՝ սաղ-սաղ կբերես, հա ...
Գնացինք։
Ճուտիկին ասացի՝ գտի էդ թալի ապրողների ժամապահին, իսկ ինքս մնացի թփերի
մեջ։ Ճուտիկս գնաց թալի չորս կողմը պտտեց ու եկավ, թե՝ հրե՜ , էն մեծ շամի ծառի
տակին մի մարդ կա։
Սուս արինք, դրանք իրիկնահացը կերան ու քնեցին։ Առաջ գնացինք սողալով, շունչս
պահած հասա ծառին, տեսնեմ ժամապահս մրափում է։ Գլխին էր, թե շլնքին, միտս չի,
բռունցքով տվի ու կոլոլեցի պարկը գցեցի, կռնատակիս դրի ու ետ գնացի։ Ձեն չհանեց,
ժաժ չեկավ։ Ասի էս ի՜նչ խելոք գերմանացի է, տո՜ ...
Հիմի ես լոք-լոք եմ անում՝ հանդարտ գնում, էս մեր Սուրենը կաչաղակի պես
քամակիցս ծուլ-ծուլ ըլելով գալիս է, չի հասնում։
Ճամփու կեսին բեռը վեր դրի, որ Ճուտիկը հասնի։ Հևալավ եկավ։ Տոպրակը շուռ տվի,
խոսեցնում եմ՝ «Ֆրից, քեֆդ , ո՞նց է, հո ինձանից բեդամաղ չես»։ Սուս է արել, ժաժ չի
գալիս։
Սուրենը թե՝ քեռի Արտեմ, վայ թե բռունցքով տվել ես սպանել։ Ասի, շաշ ես, տո՜, ես
դրան ի՞նչ եմ արել, որ մեռնի, մարդ բռնցքից կմեռնի՞...
Հասանք մեր զորքին։ Որսս տարա մայորի մոտ, ասի՝ տասնմեկը մնա՞ց, ընկեր մայոր։
Ասաց՝ հա՛, կեցցես։ Տոպրակը բաց արին՝ ֆրիցս կապտել է, սառել։
Մայորը վրես բարկացավ։ Տո սա՛րի արջ, ասաց, հենց տուր, որ շշմի, ոչ թե մեռնի։ Ասի՝
ինչ անեմ, ընկեր մայոր, հալբաթ ձեռս ծանր է։
Քեֆս խարաբ գնացի բլինդաժը ու նեղանում եմ հորս վրա, թե չէր ըլի՞ որ ինձ էլ
ուրիշների պես մարդավարի պատրաստեր...
Էլ ինչ էլ որ ըլի գլխին չեմ տալ, որոշեցի ես ու մյուս գիշերը նորից որսի գնացի։ Էս
անգամ մի օֆիցերի պատահեցի։ Մոտոցիկլետը ճամփու մեջտեղը խափանվել էր,
սարքում էր, որ վրեն նստի, վրա հասա, դրա կողքին մի մուշտի տվի։ Տարա՝ էլի մեռած
դուրս եկավ, կողի ճաղը կոտրել էր մտել սիրտը։ Մնացի մոլորված, թե էս ֆրիցները
բոլորն էլ սրանց նման փտած բաներ ե՜ն, ես ոչ մեկին չեմ կարող տեղ հասցնեմ։
Մայորն էլ համ բարկանում է, համ էլ վերջը չի համբերում՝ ծիծաղում է։ Որոշեցի էլ
չխփեմ, բերանը շոր կոխեմ-բերեմ։
Մի գիշեր Սուրենին բլրի մի կողմով ուղարկեցի, ես՝ մյուսով։ Բլուրը պատ տվի տեսա
հրես դիմացիս թփերի տակովը մի մարդ է գալիս։ Լիսամի*(լուսան) պես մարաղ մտա,
սուս արի։ Հենց եկավ՝ վրա թռա, վիզը ոչխարի պես ոլորեցի, ձեռքս դրի բերանին։
Ուզեց գոռալ, բան ասել, ըսկի կթողնե՞մ, որ ծպտուն հանի,— բերանը ոտի
փաթաթանով պինդ կապեցի, գցեցի տոպրակս ու գնացի։
Թեթև բան էր, հեշտ էի գնում։ Դա շատ չար ֆրից էր երևում, հա չալի-բալի էր անում,
իրեն կտրատում, ուզում էր բան ասի, թե ինչ, չհասկացա։ Դե ասում են, ինչի՞ ես
բռունցքով տալիս, նալաթ քեզ չար սատանա։ Մի երկու դրան հասցրի, դինջացավ։
Կռացա, անգաճս դեմ արի, չէ՛, շունչ է քաշում։
Հիմի շվշվացնում եմ, գելի պես ոռնում եմ, պատասխան չկա։ Ո՞ւր կորավ Ճուտիկը։
Մինչև լուսադեմ սպասեցի, Ճուտիկ չկա։ Ասի՝ որ լուսացավ, ինձ կբռնեն, գնամ, երևի
ճուտիկն ինձ կորցրեց, գնաց գունդ։
Գնացի։ Ճամփին էլի ոտներով կողքերս թակում է։ Վեր դրի, մի լավ դնգսեցի,
հանդարտվեց։ Տարա մայորի մոտ, ասի՝ ընկեր մայոր, էս անգամ սաղ եմ բերել, տե՞ս,
շունչ է քաշում։ Ասաց՝ մալադեց, բա ո՞ւր է Ճուտիկը։ Ասի՝ խի՞ չի եկե՞լ որ...
- Ճուտի՜կս...,— գոռաց մայորը՝ ոտը գետնին խփելով։
Մնացի մոլորված։ Վերջը տոպրակն առաջը դրի, բերանը բաց արին, տեսնենք
Ճուտիկս հրես ռեխ-մռեխն արնակոլոլ միջից դուրս եկավ։
Հիմի շտաբի հրամանատարները փորները բռնած ծիծաղում են, մայորը փրփրել է, ես
էլ կուչ եմ եկել շվարել։
- Այ տղա, Ճուտի՛կ, ասի, բա խի՞ չէիր ձեն հանում։
- Իսկի թողի՞ր, որ ձեն հանեի, ամեն ժաժ գալիս փթանոց բռունցքդ վրես էիր
փորձում,— լացակումած թոնթորաց Սուրենը։
Խե՜ղճ տղա...
Վերջը տեսան ինձնից «լեզու» բերող չի ըլիլ, ասին՝ հետախուզություն արա ու
խաբար բեր, մարդ մի բերի։
3
Մի անգամ էլ հետախուզության ժամանակ տեսանք անտառի ճանապարհին մի
բեռնատար ավտոմեքենա կանգնած։ Շոֆերը ինչ-որ բան էր սարքում, իսկ պետը, մի
լղար օֆիցեր, անհանգիստ չորս կողմն էր նայում, ամեն խշրտոցի ականջները սրում
էր ու շոֆերի վրա գոռում, երևի շտապեցնում էր։
Ճուտիկի ականջին ասի՝ էս անգամ որ սաղ-սաղ եմ տանելու։ Դա կասկածանքով
երեսիս նայեց ու քիչ մնաց փռթկացնի, հավատալը չէր գալիս։
Թփերի արանքով մոտեցա ու նռնակը վեր բարձրացնելով գռռացի՝ «հա՛լթ...»։
Օֆիցերն էն րոպեին ռանգը գցեց ու ձեռները վեր բարձրացրեց, համա շոֆերը ձեռքը
տարավ ատրճանակին։ Դա որ ձեռքն ատրճանակին տարավ, ես մոլորվեցի,— իսկույն
մտածեցի, դրան որ սպանեմ, բա մաշինեն ո՞վ կտանի,— միտքս էն էր, որ բեռը տեղ
հասցնեմ։ Հա , դա որ ձեռն ատրճանակին տարավ, էս մեր ղոչաղ Ճուտիկը ավտոմատը
ճակատին դեմ արավ, զինաթափ արավ։ Էդ շոֆերի ականջից բռնեցի, հորթի պես
ետևիցս եկավ։ Դրան դրի ավտոյի ռուլի մոտ ու մատով ցույց տվի դեպի մեր զորքը։
Հասկացավ։ Օֆիցերիս ձեռն ու ոտն էլ կապեցի, գցեցի ավտոն, գռռալով գնացինք մեր
գունդը։
Ասի՝ ընկեր մայոր, բերի՞, թե չէ։ Ասաց՝ բերի՛ր, մալադեց Որսկանով, բերիր։ Ասի՝ քսան
արկղ կոնսերվա եմ բերել, էդ քեզ տասը ոչխար, էս օֆիցերն ու շոֆերն էլ հո ամեն մեկը
մի ոչխար արժեն... Ասաց՝ արժեն, համա օֆիցերը շատ է լղար։ Ծիծաղեցինք։
Իրիկունը մայորը կանչեց իրեն մոտ, թե՝ Որսկանո՛վ, բերածդ օֆիցերի գինը սխալ էիր
նշանակել, մի ոչխարից ավելի արժի, շատ կարևոր տեղեկություններ տվեց։
Ասի՝ ընկեր մայոր, հիմի պարտքիցս ազատվեցի՞, թե չէ։
Ասաց՝ մալադեց Որսկանով, պարտքիդ տակից դուրս եկար, հալալ ըլի քո կերած
ոչխարները...
Ու էդպես էլ իմ հանցանքը ներեցին-գնաց։
Հա, վերջը հարցրեց, թե՝ Որսկանով, ի՞նչ նվեր ես ուզում տամ։
Ասի՝ ընկեր մայոր, ասա ինձ ուտելիքը չափով ու ժամով չտան։ Ոնց որ քսանհինգ
տարի ապրել եմ մեր սարերում, էն կարգով էլ թող ապրեմ։ Դա չհասկացավ, թե՝ ո՞նց
կլի։ Ասի՝ էնպես էլի, ո՛ր վախտը սովեմ, էն վախտն էլ ուտեմ, ինչքան որ ախորժակս
տանի։
Ծիծաղեց, թե՝ լավ, թող քո ասածը ըլի։
Ու էդ օրվանից մինչև էս քանդված տեղն ընկնելը քեֆս տեղն ապրում էի ինձ համար,
ի՜նչ չափ, ինչ բան,,.
— Բա ո՞նց ընկար էստեղ։ Ոտներդ, ի՞նչի են փաթաթած,— հարցրի ես։
— Էլի հերս է մեղավոր։ Այ տնաշեն, ասա մի մարդավարի ոտ պատրաստեիր, էլի՛։
Ոնց որ կոշտ ու կոպիտ թիակներ
էր տաշում-սարքում՝, էնպես էլ ոտներս... Դե ոտներս նոմերի հետ գործ չէին ունեցել,
տրեխի մեջ ծուռտիկ-մուռտիկ մեծացել էին, ո՛րի քեֆն ինչքա՛ն որ ուզել էր։ Ո՞ւմ
մտքով անց կկենար, որ նոմերով ոտնաման ենք հագնելու։
Որ բանակ եկա, ստարշինա Զաքարը մնաց մոլորված, 48 նոմերանոց ոտնամանները
բոբիկ հազիվ էին մտնում։ Վերջը, գլուխդ ինչ ցավացնեմ, ձմեռը դիրքերում բարակ
գուլպաներով ոտներս սառչում են, չեմ դիմանում։
Որ գարունքացավ, թաց խրամատում մնացի մի երկու օր, մեկ էլ տեսա ոտներս
կակղել են, ոնց որ ցրտատար կարտոլը դնես տաք տեղը։ Որ ոտներս կակղեցին, նոր-
նոր հասկացա, որ ցուրտը տարել է...
Հիմա դե լավ էլավ, վիրաբույժը մատներիս ծերերը տաշեց–կարգավորեց, հիմի
օրինավոր ոտներ են դառել,— կատակով վերջացրեց նա։
4
Վերջին անգամ Արտեմին ես պատահեցի Թամանում, թեժ
կռվի մեջ։ Նա գումարտակային ականանետը կռնատակին
դրած՝ դեպի կրակադիրք էր գնում փղի քայլվածքով։
Ձայն տվի, ետ նայեց։ Ճանաչեց և երեխայի նման ուրախացավ։
— Ողջ-առողջ ե՞ս,— գոռացի ես, որպեսզի թնդյունների մեջ ձայնս տեղ հասնի։
— Ողջ եմ, ողջ... Համա էլի կշեռքի տակ են դրել էդ բալեն մեռածները, — մոտենալով
ինձ կատակեց նա։ — Ա՜խ իմ մայորը ոսկի մարդ էր, կորցրի՝ աստղս մեր մտավ...
Նկատեցի, որ կաղում է, ու քիչ կռացած է գնում։
— Հո, վիրավորված չե՞ս,— հարցրի ես։
— Հա, մին-մին դիպչում է... Բայց դե չգիտեմ գնդակն է շատ պուճո՞ւր, թե ջանս է մեծ.
հա՛ դիպած, հա՛ չդիպած, մի հաշիվ է... Դե արջին եթե ճակատին յա սրտին չտվիր, վեր
չի ընկնիլ...— կատակով պարծեցավ նա։
Ապա տխրեց ու թախծոտ շարունակեց։ —Համա մեր Սուրենի համար թվանքի
գնդակը մի արկի չափ էր, խեղճը մի գնդակից վեր ընկավ ու էլ վեր չկացավ...
Հսկայի աչքերում արցունքներ երևացին։
Գնաց։ Փղի քայլվածքով կրակադիրք էր տանում հսկա ականանետը՝ իր ընկերոջ
արյան վրեժը հանելու...
1943