Երևան «Անտարես» Գաբրիել Գարսիա Մարկես սերը խոլերայի ժամանակ
Gabriel García Márquez EL AMOR EN LOS TIEMPOS DEL CÓLERA Իսպաներենից թարգմանեց ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Գաբրիել Գարսիա Մարկես Սերը խոլերայի ժամանակ։ Վեպ/Գաբրիել Գարսիա Մարկես.– թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյան:– Եր.: Անտարես, 2021.– 556 էջ: Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպը անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող հռչակավոր բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ և անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ու ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի: ISBN 978-9939-76-671-3 EL AMOR EN LOS TIEMPOS DEL CÓLERA: © GABRIEL GARCÍA MÁRQUEZ, 1985 and Heirs of GABRIEL GARCÍA MÁRQUEZ © Անտարես, 2021
Մերսեդեսի համար իհարկե
Առջևում հեռաստաններ են. արդեն գտել են իրենց թագակիր աստվածուհուն: Լեոնարդո Դիաս
7 Անխուսափելի էր. դառը նշենիների բույրը նրան միշտ հիշեցնում էր ճակատագիրը հակընդդեմ սերերի: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն դա հասկացավ այն պահին, երբ մտավ դեռևս կիսամութ սենյակը, որտեղ փութով եկել հասել էր՝ զբաղվելու մի գործով, որն իր համար վաղուց արդեն հրատապ չէր: Անտիլյան կղզիների վտարանդի, պատերազմի հաշմանդամ, մանկական լուսանկարիչ և շախմատի իր ամենակատաղի հակառակորդ Երեմիա դե Սենթ-Ամուրը ոսկու ցիանիտացման ծխեցման շնորհիվ կարողացել էր ազատվել հիշողության տառապանքներից: Տեսավ սավանով ծածկված դիակը՝ դաշտային ծալովի մահճակալին, որտեղ քնել էր միշտ, կողքին՝ աթոռակի վրա, թույն կաթեցնելու համար դրված թասը: Հատակին՝ մահճակալի ոտից կապված, ձգվում էր ձյունաճերմակ կրծքով դանիական գամփռի մարմինը, իսկ կողքին հենակներն էին: Խեղդուկ ու հագեցած սենյակը, որը միաժամանակ և՛ ննջարան էր, և՛ արհեստանոց, թեթևակի լուսավորվել էր բաց պատուհանից ներս թափանցող արշալույսի ցոլանքից, թեև այդ լույսն էլ բավական էր համոզվելու համար, որ ամենուր գերիշխողը մահն էր: Մնացած պատուհանները, ինչպես և սենյակի բոլոր ճեղքերը, խցկածծածկած էին փալասներով կամ սև ստվարաթղթով, և դա ավելի ճնշող տպավորություն էր գործում: Հսկա սեղանը լիքն էր անպիտակ շշերով ու սրվակներով՝ իրար կողքի դրված, բերանները լույսից կարմիր
8 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ թղթով պաշտպանող ցինկե երկու մեծ թասով: Երևակող հեղուկի համար նախատեսված երրորդ թասը դիակի կողքին էր: Սենյակի ամեն անկյունում հին թերթեր ու ամսագրեր էին, ապակե թիթեղների մեջ դրած սևանկարի տարաներ, ջարդված կահույք, բայց այդ ամենը մի հոգատար ձեռք մաքրել էր փոշուց: Ու թեև պատուհանից փչող զեփյուռը մաքրել էր սենյակի օդը, բայց և դառը նշենիների համ ունեցող անհաջող սերերի մարմրող գոլը դեռ չէր անցել: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն մի անգամ չէր, որ առանց կանխագուշակելու մտածել էր, որ դա այնքան էլ բարեհաճ միջավայր չէր հանգիստ խղճով մեռնելու համար: Բայց ժամանակի հետ ի վերջո սկսեց մտածել, որ այդ անկարգությունը թերևս աստվածային գաղտնի նախախնամությամբ էր տրված: Նրանից առաջ ոստիկանության մի կոմիսար էր եկել՝ հետը բերելով Բժշկական ուսումնարանի շատ շահել ուսանողի, որը դատական բժշկի պրակտիկան էր անցկացնում քաղաքային դիսպանսերում, և մինչև դոկտոր Ուրբինոյի գալը հենց նրանք էին օդափոխել սենյակը ու ծածկել դիակը: Երկուսն էլ նրան ողջունեցին մի հանդիսավորությամբ, որն այս դեպքում ավելի շատ ցավակցական էր, քան հարգալից, քանի որ բոլորը գիտեին Երեմիա դե Սենթ-Ամուրի հետ նրա մտերմության մասին: Հռչակավոր բժիշկը սեղմեց երկուսի ձեռքը, ինչպես սովորաբար դասից առաջ ողջունում էր կենտրոնական կլինիկայի յուրաքանչյուր աշակերտի, ապա բութ մատով ու ցուցամատով բռնեց սավանի ծայրից, ասես ծաղիկ էր բռնել, և դանդաղորեն, սրբագույն զգուշավորությամբ բացեց դիակը: Դիակն ամբողջովին մերկ էր, սառած ու կծկված, բաց աչքերով, կապտած մարմնով ու անցած
9 Սերը խոլերայի ժամանակ երեկոյի համեմատ ասես հիսուն տարով ծերացած լիներ: Բիբերը թափանցիկ էին, մորուսն ու մազերը՝ դեղնած, փորի երկայնքով ձգվում էր շերտ առ շերտ կարված բացվածքի հնացած սպին: Նրա իրանն ու ձեռքերն ասես տաժանակրի լինեին՝ մի բան, որի պատճառը հենակների օգտագործումն էր, իսկ մերկ ոտքերն ասես որբի լինեին: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն մի պահ նրան նայեց սրտի ցավով. մահվան դեմ իր անպտուղ ճիգերի շատ տարիների ընթացքում հազվադեպ էր եղել, որ ցավ զգար: – Վախկո՛տ,– ասաց նրան:– Ամենավատն այլևս անցյալում էր: Նա մեռածին նորից ծածկեց սավանով և վերագտավ իր ակադեմիական սառնությունը: Անցյալ տարի էին տոնել ութսունամյակը, երեք օր շարունակ պաշտոնապես նշում էին հոբելյանը, և իր շնորհակալական ելույթում ևս մեկ անգամ հրաժարվեց տրվել մեռնելու գայթակղությանը: Ասել էր. «Ես դեռ հանգստի շատ ժամանակ կունենամ, երբ մեռնեմ, բայց այդ պատահականությունը դեռ իմ ծրագրերի մեջ չի մտնում»: Չնայած գնալով աջ ականջն ավելի վատ էր լսում և արծաթազօծ գլխիկով ձեռնափայտին էր հենվում քայլերի անվստահությունը թաքցնելու համար, բայց և այնպես աշխատում էր պահպանել ջահել օրերի իր արտաքինը, երբ հագնում էր ամբողջովին վուշից կարված բաճկոն, որի վրա շողշողում էր ժամացույցի ոսկե շղթան: Հովվի սադափագույն մորուսը և նույն գույնի, ասես արդուկված մազերը՝ մեջտեղից բախտը բացած, նրա բնավորության ճշգրիտ դրսևորումն էին: Հիշողության՝ գնալով էլ ավելի անհանգստացնող կորուստը հնարավորինս փոխհատուցում էր առանձին թղթերի վրա հապճեպ արված գրառումներով,
10 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ որոնք ի վերջո իրար խառնված մնում էին գրպաններում, ճիշտ այնպես, ինչպես ճամպրուկում իրար գլխի լցրած բժշկական գործիքները, սրվակներն ու շատ այլ բաներ: Նա ոչ միայն քաղաքի ամենատարեց ու ամենահռչակավոր բժիշկն էր, այլև ամենաշքեղ մարդը: Բայց չնայած նրա՝ բոլորին հայտնի փորձառության ու անվան շնորհիվ այլոց նկատմամբ տիրականությանը, ամենուր արժանանում էր ավելի մեծ ընդունելության, քան իրականում արժանի էր: Կոմիսարի և պրակտիկանտի ցուցումները հստակ էին ու հապճեպ: Դիահերձելու կարիք չկար: Տան հոտը բավական էր հասկանալու համար, որ մահվան պատճառը ցիանիտի ակտիվ գոլորշիացումն էր այն թասի մեջ, որտեղ լուսանկարների համար թթուներն էին պահվում, և Երեմիա դե Սենթ-Ամուրը դրա մասին շատ լավ գիտեր, այնպես որ, հազիվ թե դժբախտ պատահարի զոհ դարձած լիներ: Կոմիսարը համառորեն լռում էր, և բժիշկն իրեն հատուկ խստությամբ անսպասելի վրա բերեց. «Մի՛ մոռացեք, որ մահվան վկայականը ստորագրողը ես եմ»: Երիտասարդ բուժակը հիասթափված էր. երբևէ իրեն բախտ չէր վիճակվել տեսնել ցիանիտի ազդեցությունը դիակի վրա: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն զարմացել էր, որ նա դա չէր տեսել Բժշկական ուսումնարանում, բայց նրա թեթև շիկնանքից և անդյան բարբառից իսկույն հասկացավ. գուցե որովհետև վերջերս է քաղաք եկել: Ասաց. «Այս կողմերում միշտ էլ կգտնվի սիրուց գժված մեկը, որի շնորհիվ նման բաներ դեռ շատ կտեսնեք»: Եվ իսկույն մտածեց, որ իր հիշած բազում ինքնասպանների մեջ սա ցիանիտի օգտագործման առաջին դեպքն է, որը դժբախտ սիրո հետևանք չէ: Եվ այնժամ ինչ-որ բան փոխվեց նրա ձայնի մեջ:
11 Սերը խոլերայի ժամանակ – Երբ այսպիսի դեպքի հանդիպեք, ուշադիր եղեք,– ասաց պրակտիկանտին,– նրանց սրտում սովորաբար ավազ է լինում: Ապա դիմեց կոմիսարին իբրև իր ենթակայի: Կարգադրեց հայտնել պատկան մարմիններին, որ հուղարկավորությունը կկայանա նույն օրը և հույժ գաղտնի: Ասաց. «Քիչ հետո ես կխոսեմ քաղաքագլխի հետ»: Նա գիտեր, որ Երեմիա դե Սենթ-Ամուրը սակավապետ էր և իր փեշակով շատ ավելին էր վաստակում, քան անհրաժեշտ էր սոսկ ապրելու համար, այնպես որ, սենյակի դարակներից մեկում պիտի որ լիքը փող թողած լիներ թաղման ծախսերը հոգալու համար: – Բայց եթե չգտնեք, բան չկա,– ասաց նա,– բոլոր ծախսերը ինքս կհոգամ: Նա կարգադրեց թերթերին հայտնել, որ լուսանկարիչը մեռել է բնական մահով, թեև կարծում էր, որ այդ նորությունը ոչ մի դեպքում չէր հետաքրքրելու նրանց: Ասաց. «Եթե պետք լինի, ինքս կխոսեմ նահանգապետի հետ»: Կոմիսարը՝ լուրջ ու խոնարհ մի ծառայող, գիտեր, որ բժշկի քաղաքացիական խստամբերությունը գրգռում է նույնիսկ նրա ամենամոտ ընկերներին, և զարմացած էր վերջինիս այն թեթևությունից, որով նա դիտմամբ աչքաթող էր անում ընդունված ընթացակարգերը, միայն թե հուղարկավորությունն արագացներ: Միակ բանը, որին նա համաձայն չէր, արքեպիսկոպոսի հետ խոսելն էր, որպեսզի Երեմիա դե Սենթ-Ամուրը թաղվի սուրբ հողում: Կոմիսարը, ինքն իր հանդգնությունից շշմած, փորձեց հակաճառել: – Դուք այս մարդուն սուրբ էիք համարում,– ասաց նա: – Ավելին, քան սուրբ,– ասաց դոկտոր Ուրբինոն,– աթեիստ սուրբ: Բայց Աստծու գործերն անքննելի են:
12 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Հեռվից՝ սյունակերտ քաղաքի մյուս ծայրից, լսվեցին Մայր տաճարի զանգերը, որոնք հրավիրում էին մեծ պատարագին: Դոկտոր Ուրբինոն դրեց ոսկե շրջանակով կիսալուսնաձև ակնոցը և նայեց շղթայով քառակուսի ու նրբակերտ պստիկ ժամացույցին, որի կափարիչը բացվում էր դագանակով. քիչ էր մնում ուշանար Հոգեգալստյան պատարագից1 : Դահլիճում անիվներով մեծ լուսանկարչական ապարատ կար, ինչպիսիք լինում են հասարակական զբոսայգիներում, և մուգ կապտավուն մանրանկարչական պատկերազարդումներով վարագույր, իսկ պատերին փակցված էին երեխաների լուսանկարները՝ հիշարժան տարեթվերով՝ առաջին հաղորդությունը, ճագարի դիմակը, ծննդյան երջանիկ տարեդարձը: Դոկտոր Ուրբինոն իրիկունները շախմատի վրա գլուխ ջարդելու արանքներում նկատել էր, թե ինչպես են տարեցտարի պատերը փոխվում, և շատ անգամներ հուսահատ մտածել էր, որ պատահական լուսանկարների այդ սրահից է սկսվում ապագա քաղաքի ծնունդը, որը ղեկավարելու և որի կարգերը փոխելու են այդ անծանոթ երեխաները, և որտեղ չեն մնալու նույնիսկ իր փառքի մոխիրները: Գրասեղանին՝ ծովային մի քանի հին ծխամորճով անոթի կողքին, շախմատի խաղատախտակն էր՝ անավարտ պարտիայով: Չնայած շտապելուն և իր մռայլ հոգեվիճակին՝ դոկտոր Ուրբինոն չկարողացավ չտրվել այն ուսումնասիրելու գայթակղությանը: Գիտեր, որ պարտիան սկսվել էր անցած գիշեր, քանի որ 1 Հոգեգալուստ – Քրիստոնեության գլխավոր տոներից մեկն է՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծու տասը պատվիրանի շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։
13 Սերը խոլերայի ժամանակ Երեմիա դե Սենթ-Ամուրը խաղում էր շաբաթվա բոլոր իրիկունները, ընդ որում՝ առնվազն երեք տարբեր մրցակցի հետ, բայց միշտ խաղում էր մինչև վերջ, հետո միայն խաղատախտակն ու քարերը տեղավորում հատուկ արկղի մեջ, որը պահում էր գրասեղանի դարակում: Գիտեր նաև, որ նա խաղում էր սպիտակներով, և ակնհայտ էր, որ այդ անգամ չորս քայլից մատից հնարավոր չէր եղել փրկվել: «Եթե որևէ հանցանք լիներ, ապա հաստատ որևէ հետք մնացած կլիներ,– ասաց ինքն իրեն:– Ես միայն մեկին գիտեմ, որը կարող էր այսպես վարպետորեն ծուղակ սարքել»: Նա չէր կարող ապրել առանց վաղ թե ուշ պարզելու, թե ինչու այդ անկոտրում զինվորը, որը սովոր էր պայքարելու մինչև արյան վերջին կաթիլը, անավարտ էր թողել իր կյանքի վերջին կռիվը: Առավոտյան ժամը վեցին, երբ գիշերապահն իր վերջին պտույտն էր անում, փողոցի դռներից մեկի վրա տեսավ մեխված մի ցուցանակ. «Մտե՛ք առանց թակելու և զգուշացրե՛ք ոստիկանությանը»: Շատ չանցած՝ պրակտիկանտի հետ հայտնվեց կոմիսարը, և երկուսով սկսեցին խուզարկել տունը՝ փնտրելով բացահայտ մի բան, որը կապ կունենար նշենիների դառը բույրի հետ: Բայց անավարտ պարտիան վերլուծելու համար պահանջվող կարճ րոպեների ընթացքում կոմիսարը գրասեղանի թղթերի մեջ գտավ դոկտոր Խուվենալ Ուրբինոյին ուղղված մի ծրար, որը զմուռսով այնպես էին ծեփել, որ նամակը հանելու համար ստիպված էր ջարդել չորացած մասը: Բժիշկը բացեց պատուհանի սև վարագույրը, որ լավ լույս լինի, և միայն դրանից հետո մի թռուցիկ հայացք նետեց թղթի երկու երեսին գեղեցիկ ձեռագրով գրված տասնմեկ էջանոց նամակին, իսկ երբ կարդաց առաջին տողը,
14 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ հասկացավ, որ այլևս ուշացել է Հոգեգալստյան պատարագից: Կարդաց շունչը պահած, երբեմն մեկերկու էջ հետ էր դառնում բովանդակության կորցրած թելը գտնելու համար, իսկ երբ վերջացրեց, թվում էր՝ վերադարձել էր շատ հեռվից և վաղնջական ժամանակներից: Ակնհայտ էր, որ ճնշված է, թեև ամեն կերպ աշխատում էր զսպել իրեն. շուրթերը նույն կապույտն էին, ինչ դիակինը, չէր կարողանում զսպել ձեռքերի դողը, երբ նորից ծալեց նամակը և պահեց բաճկոնի գրպանում: Միայն այդ ժամանակ նկատեց կոմիսարին ու ջահել բուժակին և մռայլ ժպիտով ժպտաց նրանց: – Առանձնապես բան չկա,– ասաց նա։– Նրա վերջին ցուցումներն են: Դա կիսով չափ ճիշտ էր, բայց լիովին հավատացին, որովհետև երբ նրանց կարգադրեց բարձրացնել հատակի սալիկներից մեկը, այնտեղից հանեցին հաշիվների քրքրված գրքույկն ու սեյֆի բանալիները: Փողն այնքան էլ շատ չէր, ինչպես մտածում էին, բայց լրիվ հերիք էր թաղման ծախսերի և այլ մանր-մունր բաների համար: Բժիշկ Ուրբինոն զգաց, որ այլևս չի հասցնի ներկա գտնվել Մայր տաճարի պատարագին: – Ինչ ինձ հիշում եմ, սա երրորդ անգամն է, որ բաց եմ թողնում կիրակնօրյա պատարագը,– ասաց նա։– Բայց Աստված կհասկանա: Այնպես որ, որոշեց մի քանի րոպե էլ ոտքը կախ գցել որոշ կարևոր հանձնարարականներ տալու համար, թեև հազիվ էր կարողանում զսպել նամակի գաղտնիքները կնոջ հետ կիսելու տանջալից անհամբերությունը: Նա իր պարտքը համարեց թաղման մասին տեղեկացնել քաղաքում ապրող Կարիբյան կղզուց
15 Սերը խոլերայի ժամանակ փախած բազմաթիվ գաղթականներին, որպեսզի ցանկացողներն իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցեն նրան, ով ամենահարգվածն էր բոլորի կողմից՝ ամենահարգվածը, ամենագործունյան և ամենաարմատականը, նույնիսկ եթե ակնհայտ էր, որ այլևս հիասթափված էր: Նաև՝ շախմատի խաղընկերներին՝ սկսած նշանավոր պրոֆեսիոնալներից մինչև անհայտ վարպետներ, նաև ոչ այնքան մտերիմ մյուս ընկերներին, որոնք երևի կուզենային մասնակցել նրա թաղմանը: Մինչև նամակին ծանոթանալը մտածում էր, թե ինքն էր նրա ամենամտերիմ ընկերը, բայց ընթերցելուց հետո այլևս վստահ չէր և ոչ մի բանում: Ամեն դեպքում հանձնարարեց գարդենիաներից պսակ պատվիրել, համենայնդեպս Երեմիա դե Սենթ-Ամուրն ունեցել էր զղջման մի վերջին րոպե: Հուղարկավորությունը նշանակված էր ժամը հինգին, որն ամենատոթ ամիսներին էլ ամենահարմար ժամն էր: Եթե իր կարիքը զգացվի, ինքը ժամը տասներկուսից լինելու է դոկտոր Լասիդես Օլիվելյայի՝ սիրելի աշակերտի ամառանոցում, որն այդ օրը տոնական ճաշկերույթով նշում էր իր արծաթե հարսանիքը: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն հավատարիմ էր իր սովորություններին՝ սկսած այն ժամանակներից, երբ այլևս անցյալում էին մնացել աշխատանքի առաջին բուռն տարիները, և հասել էր այնպիսի մեծ հարգանքի ու հեղինակության, ինչպիսին չուներ և ոչ ոք ամբողջ գավառում: Վեր էր կենում առաջին աքլորականչին և այդ ժամին էլ թաքուն սկսում էր խմել դեղերը. առույգությունը վերականգնելու համար՝ կալցիումի բրոմիդ, անձրևի ժամանակ հոդացավերը մեղմելու համար՝ սալիցիլիններ, գլխապտույտների
16 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ դեմ՝ հասկաժանգի կաթիլներ, քաղցր քնի համար՝ բելադոննա: Յուրաքանչյուր դեղն ընդունում էր ժամը մեկ ու միշտ թաքուն, քանի որ բժշկի և ուսուցչի իր ամբողջ կյանքում միշտ դեմ էր եղել, որ դեղատոմս տրվի ծերության դեմ. նրա համար ավելի հեշտ էր տանել այլոց ցավերը, բայց ոչ իրենը: Գրպանում միշտ քաֆուրի բարձիկ ուներ, որից բոլորի աչքից թաքուն խոր շնչում էր խառնիխուռն դեղերի հանդեպ վախը հաղթահարելու համար: Մի ժամի չափ գլխավոր կլինիկայում նախապատրաստվում էր դասի, որն անցկացնում էր Բժշկական ուսումնարանում երեքշաբթիից մինչև շաբաթ՝ ամեն օր, ուղիղ ժամը ութից, մինչև իր մահվան նախօրեն: Նաև ուշիմ ընթերցողն էր նոր լույս տեսած գրքերի, որոնք Փարիզից փոստով ուղարկում էր իր գրավաճառը, կամ որոնք պատվիրում էր Բարսելոնի տեղական գրավաճառին, թեև իսպանական գրականությունն այնքան էլ հաճույքով չէր կարդում, որքան ֆրանսիականը: Ինչ էլ լիներ, առավոտյան երբեք չէր կարդում, այլ միայն՝ սիեստայից հետո, այն էլ՝ մի ժամ, մեկ էլ գիշերը՝ քնելուց առաջ: Դասն ավարտելուց հետո լողասենյակում, բաց պատուհանի առջև կանգնած, տասնհինգ րոպե շնչառական վարժություններ էր անում՝ ներշնչելով ու արտաշնչելով, միշտ դեմքը պարզած դեպի այն կողմը, որտեղից լսվում էր աքլորների երգը, և թարմ օդ էր թափանցում: Ապա լողանում էր, կարգի էր բերում մորուսը, Ֆարինա Գեգենյուբերի իսկական օդեկոլոնով սղալում էր բեղերը, հագնում էր սպիտակ վուշե վերնաշապիկը՝ վրայից նրբահյուս ժիլետը, սոմբրերոն, հետո՝ սեկե կոշիկները: Ութսուն տարեկանում դեռևս պահպանել էր այն օրերի առույգ կեցվածքն ու սրամտությունը, երբ
17 Սերը խոլերայի ժամանակ խոլերայի մեծ համաճարակից շատ չանցած՝ վերադարձավ Փարիզից, ինչպես նաև մեջտեղից բախտը կիսած և հավասար սանրած մետաղագույն մազերը, ինչպիսին պատանեկության տարիներին էին: Նախաճաշում էր տանը, անձնական ռեժիմով. ստամոքսը մաքրելու համար օշինդրի ծաղիկներից թուրմ և մի գլուխ սխտոր էր օգտագործում, որի պճեղները պոկում, մեկ առ մեկ ուտում էր՝ բարեխղճորեն ծամելով հացի մի կտորի հետ շնչարգելությունը կանխելու համար: Հազվադեպ էր լինում, որ դասերից հետո չզբաղվեր քաղաքացիական նախաձեռնություններով կամ կաթոլիկական արարողություններով, կամ էլ գեղարվեստական ու հասարակական գյուտերով: Գրեթե միշտ տանն էր ճաշում, սիեստայի ժամին, ապա մի տասը րոպե բակի ծածկված պատշգամբում նստած ննջում էր՝ նիրհի միջից լսելով սպասուհիների երգը մանգոյի սաղարթների տակ, լսելով փողոցի աղմուկը, ձիթենիների խշշոցը և շարժիչների ժխորը ծովածոցից, որոնց ձայները տուն էին հասնում նեխման դատապարտված հրեշտակի պես հուրհրացող շոգ երեկոներին: Ապա մի ժամի չափ կարդում էր նոր ստացած գրքերը, հիմնականում՝ վեպեր ու պատմական ուսումնասիրություններ, ապա ֆրանսերենի ու երգի դասեր էր տալիս տնային թութակին, որն արդեն մի քանի տարի էր, ինչ տան ամենագրավիչ դեմքն էր: Ժամը չորսին՝ մի մեծ գավաթ սառույցով լիմոնադ խմելուց հետո, դուրս էր գալիս՝ այցելելու իր հիվանդներին: Չնայած տարիքին՝ նրանց հիվանդանոցում չէր ընդունում և շարունակում էր այցելել տները, ինչպես միշտ՝ սկսած այն ժամանակից, երբ քաղաքն այնքան փոքր էր, որ ցանկացած տեղ կարելի էր ոտքով հասնել:
18 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Երբ Եվրոպայից վերադարձավ, առաջին անգամ քաղաք դուրս եկավ երկու ոսկեբաշ նժույգ լծած չորստեղանի ընտանեկան բաց կառքով, բայց երբ դա էլ ավելորդ համարեց, նժույգները փոխարինեց ձիով՝ միշտ որոշակի արհամարհանք տածելով մոդայի նկատմամբ, իսկ երբ կառքերը սկսեցին անհետանալ աշխարհից և մնացին միայն մի երկուսը, այն էլ՝ զբոսաշրջիկներին ծառայելու, մեկ էլ՝ հուղարկավորության պսակները տանելու համար, նա հրաժարվեց բաժանվել իր կառքից՝ գիտակցելով, որ իրեն միշտ կանչում են անսպասելի՝ մի բան, որ իր մասնագիտության մասն էր: Միայն հիվանդի տեսքից արդեն կարող էր ախտորոշել, թե ինչ հիվանդություն ունի, գնալով սկսում էր չվստահել դեղերին և տագնապով էր հետևում վիրաբուժության լայն տարածմանը: Ասում էր. «Աշտեն բժշկության կործանման մեծագույն ապացույցն է»: Մտածում էր, որ եթե խիստ դատենք, ապա ցանկացած դեղամիջոց արդեն իսկ թույն է, և որ ամենօրյա ուտելիքի հարյուրից յոթանասունի օգտագործումը արագացնում է մահը: «Ամեն դեպքում,– դասարանում կրկնում էր,– մատներիդ վրա կարող ես հաշվել էն բժիշկներին, որ մի քիչ բժշկություն գիտեն»: Պատանեկան ոգևորությունից արդեն անցել էր մի վիճակի, որն անձամբ բնորոշում էր որպես ճակատագրական մարդասիրություն. «Ամեն մարդ ինքն է իր մահվան տերը, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, երբ ժամը վրա հասնի, այն է, որ նրան օգնենք մեռնել առանց վախի ու ցավի»: Բայց չնայած այս ծայրահեղ մտքերին, որոնք տեղական բժշկական բանահյուսության մի մասն էին, նրա երբեմնի աշակերտները, արդեն լուրջ մասնագետներ լինելով հանդերձ, շարունակում էին նրան դիմել՝ համարելով, այն
19 Սերը խոլերայի ժամանակ ժամանակվա լեզվով ասած, հիվանդանոցի աչքը: Ինչ էլ լիներ, նա միշտ սիրալիր էր ու բացառիկ բժիշկ, իսկ նրա հիվանդներն ապրում էին Փոխարքաների թաղամասի առանձնատներում: Նրա աշխատանքային օրն այնքան հստակ էր ծրագրված, որ եթե օրվա ընթացքում որևէ անհետաձգելի գործ էր ծագում, կինը գիտեր՝ որտեղ փնտրեր նրան: Տակավին երիտասարդ՝ տուն գալուց առաջ երեկոյան կողմ այցելում էր Ծխականների սրճարան, և այստեղ էր, որ աներոջ ու կարիբյան մի քանի փախստականի հետ կատարելագործեց իր շախմատային կարողությունները: Բայց նոր հարյուրամյակի լուսաբացից սկսած՝ այլևս չվերադարձավ Ծխականների սրճարան և Հասարակական ակումբի անունից փորձում էր ազգային մրցումներ կազմակերպել: Դա այն օրերին էր, երբ արդեն չորացած ծնկներով և առանց մանկական լուսանկարչի մասնագիտության քաղաք ժամանեց Երեմիա դե Սենթ-Ամուրը և երեք ամիս անց արդեն ճանաչման էր արժանացել բոլոր նրանց կողմից, ովքեր շախմատի խաղատախտակին քարերը շարժել գիտեին, որովհետև ոչ ոք գոնե մի անգամ չէր կարողացել հաղթել նրան: Դոկտոր Խուվենալ Ուրբինոյի համար դա հրաշալի հանդիպում էր՝ մի պահ, երբ շախմատի խաղը վերածվել էր անզուսպ կրքի, և այլևս շատ քիչ մրցակիցներ կային, որ գոհացնում էին իրեն: Նրա շնորհիվ էր, որ Երեմիա դե Սենթ-Ամուրը կարողացավ դառնալ այն, ինչ դարձավ: Դոկտոր Խուվենալ Ուրբինոն դարձավ նրա անվերապահ պաշտպանը, որին վստահում էր ամեն ինչում, առանց հետաքրքրվելու նույնիսկ, թե ով է, ինչ է արել և թե այդ ինչ անփառունակ պատերազմից է վերադարձել
20 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ հաշմանդամ ու փնթի: Ի վերջո նրան փող տվեց լուսանկարչի արհեստանոց բացելու համար, որը Երեմիա դե Սենթ-Ամուրը կոպեկ-կոպեկ վերադարձրեց՝ սկսած այն պահից, երբ լուսանկարեց մագնեզիումի բռնկումից սրտաճաք եղած առաջին երեխային: Ամեն ինչ անում էր հանուն շախմատի: Նախ խաղում էին երեկոյան ժամը յոթին՝ ընթրիքից հետո, այն էլ բժշկի՝ արդեն հայտնի մրցակցի բացարձակ առավելությամբ, թեև գնալով հաղթանակները քչացան, և երկուսի ուժերը հավասարվեցին: Ավելի ուշ, երբ դոն Գալիլեո Դակոնտեն բացեց առաջին բացօթյա կինոթատրոնը, Երեմիա դե Սենթ-Ամուրը նրա ամենաճշտապահ հաճախորդներից մեկը դարձավ, և շախմատային խաղերը կրճատվեցին երեկոյի այն մասի հաշվին, որ մասը խլում էին առաջին անգամ ցուցադրվող կինոնկարները: Այդ ժամանակ նա այնքան էր բարեկամացել բժշկի հետ, որ միմյանց ընկերակցում էին կինոյում, բայց միշտ առանց կնոջ, մասամբ այն պատճառով, որ կինը համբերություն չուներ քանդելու բարդ սյուժեների գունդուկծիկը, նաև որովհետև իրեն միշտ թվում էր, զուտ բնազդաբար, որ Երեմիա դե Սենթ-Ամուրը լավ ընկերակից չէր և ոչ մեկի համար: Կիրակին տարբերվում էր մյուս օրերից: Ներկա էր գտնվում Մայր տաճարի մեծ պատարագին, հետո վերադառնում էր տուն և մնում բակի բաց պատշգամբում՝ հանգստանալու և կարդալու: Հերթապահության օրերին հազվադեպ էր որևէ հիվանդի այցելելու համար տնից դուրս գալիս, եթե, իհարկե, ծայրահեղ շտապ չէր լինում, և արդեն տարիներ շարունակ թույլ չէր տվել իր հասարակական պարտականություններից և ոչ մի շեղում, եթե, իհարկե, ստիպված չէր եղել:
21 Սերը խոլերայի ժամանակ Հոգեգալստյան տոնի այդ օրը մի բացառիկ զուգադիպությամբ համընկավ երկու արտասովոր դեպք՝ ընկերոջ մահը և իր հայտնի աշակերտի արծաթե հարսանիքը: Չնայած դրան, անմիջապես տուն գնալու փոխարեն, ինչպես որոշել էր Երեմիա դե ՍենթԱմուրի մահը վկայելուց հետո, ինքն իրեն թույլ տվեց հետաքրքրասիրությամբ առաջնորդվել: Կառք նստելուն պես աչքի անցկացրեց հանգուցյալի նամակը և կառապանին հրամայեց, որ իրեն տանի ստրուկների հինավուրց թաղամասի դժվարանց ճանապարհով: Այդօրինակ որոշումն այնքան խորթ էր նրա սովորություններին, որ կառապանը ցանկացավ համոզվել՝ սխալ չի՞ լսել արդյոք: Ամեն ինչ ճիշտ էր. ուղղությունը պարզ էր, և նա, ով գրել էր նամակը, այդ թաղամասը լավ ճանաչելու առիթներ շատ էր ունեցել: Դոկտոր Ուրբինոն վերադարձավ առաջին էջին և կրկին խորասուզվեց այն անցանկալի բացահայտումների ակունքի մեջ, որոնք կարող էին փոխել նրա կյանքը, նույնիսկ իր տարիքում, եթե կարողանար ինքն իրեն համոզել, որ դրանք անհուսության զառանցանքներ չեն: Անամպ երկինքը շատ վաղուց սկսել էր մռայլվել, ամպամած էր ու ցուրտ, բայց մինչև կեսօր անձրևի վտանգ չկար: Աշխատելով ավելի կարճ ճանապարհ գտնել՝ կառապանը մխրճվեց սյունակերտ քաղաքի դժվարանց, վատ սալարկված փողոցները և շատ անգամներ ստիպված եղավ կանգ առնել, որպեսզի նժույգը չվախենա Հոգեգալստյան պատարագից վերադարձող դպրոցականների և կրոնական միաբանության սաների խառնամբոխից: Փողոցները լիքն էին թղթե դրասանգներով, երաժշտությամբ ու ծաղիկներով, գույնզգույն սոմբրերոներով՝ հարմարեցրած
22 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ պատշգամբից տոնին հետևող աղջիկների ժանեկաձև զգեստներին: Մայր տաճարի հրապարակում, որտեղ աֆրիկյան արմավենիների և Ծխականների սրճարանի արանքում հազիվ էր երևում Ազատարարը, ավտոմեքենաները խցանվել էին պատարագից ելնողների պատճառով, իսկ Ծխականների սրճարանում ասեղ գցելու տեղ չկար: Միակ ձիակառքը դոկտոր Ուրբինոյինն էր և տարբերվում էր քաղաքում մնացած հատուկենտ կառքերից, որովհետև միշտ պահպանվում էր լաքապատ ծալովի ծածկի փայլը, բրոնզից պատրաստված մետաղյա մասերը, որպեսզի չժանգոտվեն, իսկ անիվները և կարմիր ձողերը ոսկեգույն եզրաշերտեր ունեին, ինչպես վիեննական օպերայի տոնական գիշերներին: Ավելին՝ մինչ շատերը հաշտվել էին այն մտքի հետ, որ իրենց կառապանները մաքուր վերնաշապիկ էին հագնելու, նա համառորեն պահանջում էր, որ իր կառապանը թավշե խամրած շքազգեստ հագնի և կրկեսային վարժեցնողի լայնեզր գլխարկ դնի, որը ժամանակավրեպ լինելուց բացի, կարիբյան շոգերին ընդգծում էր նրա նկատմամբ կարեկցանքի բացակայությունը: Չնայած քաղաքի նկատմամբ ունեցած իր գրեթե մոլի սիրուն՝ քաղաք, որը ինքն ավելի լավ էր ճանաչում, քան որևէ մեկը, դոկտոր Խուվենալ Ուրբինոն ինչպես այդ կիրակի, այնպես էլ միշտ, շատ քիչ առիթներ էր ունեցել՝ ժխորն արհամարհելով մտնելու ստրուկների հինավուրց թաղամասը: Կառապանը ստիպված էր բազում պտույտներ տալ և մի քանի անգամ ճանապարհ հարցնել: Բժիշկ Ուրբինոն մոտիկից գիտեր ճահճուտների ծանր օդը, դրանց գուժկան լռությունը, խեղդուկ քամիները, որոնք, խառնվելով հասմիկների բույրին, քնատ առավոտներին հասնում էին մինչև իր
23 Սերը խոլերայի ժամանակ ննջարանը, հետո զգում էր, թե ինչպես էին ցնդում, ինչպես երեկվա քամին, որը կարծես ոչ մի կապ չուներ իր կյանքի հետ: Բայց գարշահոտությունը, որը բազմիցս կատարելագործվում էր հայրենաբաղձության շուքի տակ, վերաճում էր անտանելի իրականության, երբ կառքը վեր-վեր էր թռչում սալարկների վրա, որտեղ ամերիկյան սև անգղերը կենաց-մահու կռիվ էին տալիս ծովի բուռն ալիքներում քշվող սպանդանոցի մնացուկների համար: Ի տարբերություն Փոխարքաների քաղաքի, որի տները քարակերտ էին, այստեղ հիմնականում անգույն փայտից էին, իսկ տանիքները՝ ցինկից, և դրանց մեծ մասը ցցագերանների վրա էր, որպեսզի չողողվեն իսպանացիներից ժառանգություն մնացած բաց կոյուղիների կեղտաջրերով: Ամեն ինչ խղճուկ ու լքված տեսք ուներ, սակայն կեղտոտ պանդոկներից լսվում էր Աստծու և օրենքի կողմից մոռացված աղքատների՝ Հոգեգալստյան տոնի նվագախմբի թնդյունը: Երբ վերջապես ճամփան գտան, կառքն իր ճանապարհը շարունակեց մորեմերկ երեխաների ուղեկցությամբ, որոնք ծաղրում էին կառապանի թատերական համազգեստը, և որոնց ստիպված էր լինում մտրակով ահաբեկել: Դոկտոր Ուրբինոն, ձեռնամուխ լինելով այս գաղտնի այցելությանը, չափազանց ուշ գլխի ընկավ, որ իր տարիքի մարդու միամտությունը ամենավտանգավոր միամտությունն է: Չհամարակալված տան արտաքին տեսքը ոչ մի բանով չէր ընդգծում, որ այստեղ ավելի երջանիկ են, բացի պատուհանների վարագույրներից և ինչ-որ հին եկեղեցուց մնացած մուտքի դռնից: Կառապանը զնգացրեց մուրճիկը և համոզվելուց հետո միայն, որ ճիշտ հասցեով են եկել, օգնեց բժշկին կառքից իջնել: Դուռն անաղմուկ բացվեց, և ներսի կիսամթում հասուն մի կին
24 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ երևաց՝ ոտքից գլուխ սև հագած, ականջին՝ կարմիր վարդ: Չնայած տարիքին, իսկ նա քառասունից պակաս չէր լինի, այդ խառնածին սևուկը սեգ էր, անգութ ու ոսկեփայլ աչքերով, իսկ մազերն այնպես էին հավաքված, ասես երկաթե ճերմակ սաղավարտ լինեին գլխին: Դոկտոր Ուրբինոն նրան չէր ճանաչում, թեև մի քանի անգամ տեսել էր լուսանկարչի արհեստանոցում, շախմատի մշուշոտ պարտիաների ժամանակ, մեկ անգամ էլ նրա համար խինինի դեղատոմս էր գրել հաճախակի կրկնվող տենդի դեմ: Ձեռքը մեկնեց նրան, և կինն այն առավ իր ձեռքերի մեջ՝ ավելի շուտ ներս կանչելու, քան ողջունելու համար: Տանը յուրատեսակ մթնոլորտ ու անլսելի շրշյուն կար, լիքն էր կահույքով ու նրբաճաշակ իրերով, և ամեն բան իր տեղում էր: Դոկտոր Ուրբինոն առանց որևէ դառնության հիշեց անցած հարյուրամյակի աշնանային չորեքշաբթվա փարիզյան Մոնմարտր փողոցի վրա գտնվող թիվ 26 հնավաճառի խանութը: Կինը նստեց նրա դիմաց և խոսեց դժվար հասկանալի իսպաներենով: – Ձեզ տանը զգացեք, դոկտո՛ր,– ասաց։– Ձեզ այսքան շուտ չէի սպասում: Դոկտոր Ուրբինոն իրեն խաբված զգաց: Փորձեց սրտով նայել նրան, ուշադրություն դարձրեց նրա ընդգծված սգո հանդերձներին, վիշտը արժանապատվորեն տանելու նրա կարողությանը և այնժամ հասկացավ, որ զուր էր իր այցը, քանզի այն, ինչ ասված ու հաստատված էր Երեմիա դե Սենթ-Ամուրի՝ մահվանից առաջ գրած նամակում, կինն ավելի լավ գիտեր, քան ինքը: Այդպես էլ կար: Կինը նրան ընկերակցել էր մեռնելուց ժամեր առաջ, ինչպես որ ընկերակցել էր գրեթե քսան տարի՝ աստվածային նվիրվածությամբ ու հեզաբարո քնքշությամբ, որոնք ավելի շատ խոսում
25 Սերը խոլերայի ժամանակ էին սիրո մասին, և որի մասին ոչ մեկը չգիտեր գավառական այդ քնկոտ մայրաքաղաքում, որտեղ հասարակության սեփականությունն էին դառնում նույնիսկ պետական գաղտնիքները: Ծանոթացել էին Պորտ Օ Պրենսի շրջիկ հիվանդանոցում, որտեղ կինը ծնվել էր, և որտեղ Երեմիա դե Սենթ-Ամուրն անցկացրել էր իր փախուստի առաջին տարիները, և որտեղից էլ կինը նրա հետևից եկել էր իբրև թե կարճատև այցով, թեև առանց պայմանավորվելու երկուսն էլ գիտեին, որ եկել է մշտապես մնալու: Կինը շաբաթը մեկ մաքրում ու կարգի էր բերում արհեստանոցը, և նույնիսկ չարախոս հարևանները թվացյալն ու ճշմարտությունը չխառնեցին իրար, որովհետև բոլորի պես նրանք էլ գիտեին, որ Երեմիա դե Սենթ-Ամուրի հաշմանդամությունը միայն քայլելուն չէր վերաբերում: Անձամբ դոկտոր Ուրբինոն էր իր բժշկական հիմնավոր ապացույցներով դա հաստատել, և եթե նամակում այդ մասին ինքը չհայտներ, ապա երբեք չէր հավատա, որ նա կին է ունեցել: Բոլոր դեպքերում նրա համար դժվար էր հասկանալ, որ երկու ազատ, անցյալ չունեցող մարդիկ առանց որևէ փոխադարձ ակնկալիքի ընտրել էին արգելված սիրո ուղին: Կինը նրան բացատրեց. «Ինքն էր ուզում»: Եվ բացի այդ, նա այդ գաղտնիքը կիսում էր մի մարդու հետ, որը լիովին իրենը չէր, և այն, որ մեկ անգամ չէ, որ ճաշակել էին երջանկության փութանցիկ բերկրանքը, նրան անցանկալի վիճակ չէր թվում: Ընդհակառակը, կյանքը նման օրինակներ շատ էր մատուցել նրան: Նախորդ երեկո կինո էին գնացել՝ ամեն մեկն իր հաշվին և իրարից հեռու նստած, ինչպես գնում էին ամիսը առնվազն երկու անգամ՝ սկսած այն պահից, երբ իտալացի Գալիլեո Դակոնտեն 17-րդ դարի
26 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ եկեղեցու ավերակները դահլիճ դարձրեց բաց երկնքի տակ: Դիտեցին հնաոճ գրքի հիման վրա նկարահանած «Ռազմաճակատում նորություն չկա» վերնագրով կինոնկարը՝ մի գիրք, որը դոկտոր Խուվենալ Ուրբինոն կարդացել էր պատերազմի բարբարոսություններից հուսահատված սրտով: Հետո վերստին հանդիպեցին արհեստանոցում, որտեղ կինը նրան տեսավ տխուր ու մտախոհ և մտածեց, որ պատճառը ցեխերի մեջ վերքերից մեռնող զինվորներին պատկերող տեսարաններն էին: Փորձելով նրան հանել այդ տրամադրությունից՝ առաջարկեց շախմատ խաղալ, և նա չմերժելու համար համաձայնեց, բայց խաղում էր ցրված և սպիտակներով, մինչև որ, պարզ է, կնոջից շուտ զգաց, որ չորս քայլից մատ կլինի, և պատվով հանձնվեց: Բժիշկն այդ պահին միայն հասկացավ, որ վերջին խաղի մրցակիցը այդ կինն է եղել և ոչ թե գեներալ Խերոնիմո Արգոտեն, ինչպես ենթադրում էր: Զարմացած շշնջաց. – Վարպետաց խաղ էր: Կինը պնդեց, որ դա իր շնորհքը չէր, թեև այդ պահին Երեմիա դե Սենթ-Ամուրը, որն արդեն հեռանում էր մահվան մշուշների միջով, քարերը հենց այնպես էր շարժում: Երբ խաղն այդպիսով ընդհատվեց, տասնմեկն անց էր տասնհինգ րոպե, և արդեն լռել էր պարային երաժշտությունը, խնդրեց, որ իրեն մենակ թողնի: Ուզում էր նամակ գրել դոկտոր Խուվենալ Ուրբինոյին, որին համարում էր իր ճանաչած ամենահարգարժան մարդը, և ինչպես ինքն էր ասում, հոգու ընկեր էր, չնայած որ նրանց մտերմության պատճառը շախմատի նկատմամբ թուլությունն էր՝ որպես բանական երկխոսություն և ոչ թե գիտություն: Այն ժամանակ հասկացավ, որ Երեմիա դե Սենթ-Ամուրը
27 Սերը խոլերայի ժամանակ հոգեվարքի վերջին պահերն է ապրում և որ ապրելու համար ճիշտ այնքան ժամանակ ունի, որքան անհրաժեշտ է նամակը գրելու համար: Բժիշկը չէր կարողանում հավատալ դրան: – Նշանակում է՝ դուք ամեն ինչ գիտեիք,– բացականչեց նա: Ոչ միայն գիտեր, հաստատեց կինը, այլև նրան օգնեց հոգեվարքը թեթևացնել նույնպիսի սիրով, ինչպիսի սիրով որ օգնել էր գտնել իր բախտը: Քանի որ նրա վերջին տասնմեկ ամիսը դաժան հոգեվարքի ամիսներ էին եղել: – Դուք պետք է ասեիք,– ասաց բժիշկը: – Ես դա չէի կարող անել,– վրդովմունքով ասաց նա,– ես շատ էի սիրում նրան: Դոկտոր Ուրբինոն, որը կարծում էր, թե ամեն ինչ լսել է իր կյանքում, երբևէ այդքան պարզ խոսքերով նման բան չէր լսել: Իր հինգ զգայարանով զննեց նրան հիշողության մեջ պահպանելու համար, թե ինչպիսին էր նա այդ պահին. իր սև զգեստով գետային կուռքի էր նման՝ համարձակ, օձի աչքերով, ականջին՝ վարդ: Շատ վաղուց Հայիթիի մենավոր լողափերից մեկում, որտեղ իրար սիրելուց հետո երկուսով մերկ պառկել էին, Երեմիա դե Սենթ-Ամուրը հանկարծ հառաչեց. «Ես երբեք չեմ ծերանալու»: Կինը դա ընդունեց որպես հերոսական երդում՝ անխոնջ պայքարելու ժամանակի ավերումների դեմ, հետո ավելի պարզ ձևակերպեց միտքը. վճռել էր վերջ դնել իր կյանքին վաթսուն տարեկանում: Վաթսունը իրոք լրացել էր այս տարվա հունվարի 23-ին, և նա՝ որպես վերջին ժամկետ, նշանակեց Հոգեգալստյան տոնի նախօրեն, որը քաղաքի ամենամեծ տոնն էր՝ նվիրված Սուրբ հոգու պաշտամունքին:
28 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Չկար անցած երեկոյին վերաբերող մի մանրուք, որը նախապես չիմանար, և այդ մասին հաճախ էին խոսում՝ միասին տառապելով օրերի անդառնալի հեղեղի բերանն ընկած, որը ո՛չ նա, ոչ էլ ինքը ի զորու չէին կանգնեցնելու: Երեմիա դե Սենթ-Ամուրը գժի պես սիրում էր կյանքը, սիրում էր ծովն ու սերը, սիրում էր իր շանն ու այդ կնոջը, և որքան պահը մոտենում էր, այնքան ավելի էր հուսալքվում, կարծես սեփական մահվան վճիռը ոչ թե ինքն էր կայացրել, այլ անողոք ճակատագիրը: – Երեկ գիշեր, երբ իրեն մենակ թողեցի, արդեն այս աշխարհում չէր,– ասաց կինը: Գուցե ցանկացել էր շանն էլ իր հետ տանել, բայց կիսանիրհի միջից նայեց նրան, ապա հենակներին կռթնած՝ մատների ծայրով շոյեց և ասաց. «Ցավում եմ, բայց պարոն Վուդրո Վիլսոնն ինձ հետ է գալու»: Եվ խնդրեց իրեն, որ շանը կապի մահճակալի ոտքից, մինչև նամակը կավարտի, իսկ կինը կապը թուլացրեց, որպեսզի շունը կարողանա դուրս պրծնել: Սա իր անհավատարմության միակ դեպքն է եղել, և դա արդարացնում էր այն ցանկությամբ, որ ուզում էր հիշել տիրոջը՝ նայելով շան ցրտաշունչ աչքերին: Բայց դոկտոր Խուվենալ Ուրբինոն նրան ընդհատեց և ասաց, որ շունը կապից չի ազատվել: Կինն ասաց. «Ուրեմն չի արել, որովհետև չի ուզեցել»: Եվ ուրախացավ, քանզի գերադասում էր ոգեկոչել իր սիրեցյալին, ինչպես նա էր խնդրել անցած գիշեր, երբ մի կողմ դրեց նամակն ու վերջին անգամ իրեն նայեց: – Մի վարդով հիշիր ինձ,– ասաց նրան: Տուն եկավ կեսգիշերից քիչ անց: Հագնված փռվեց մահճակալին ծխելու՝ փաթաթելով ու ծխելով սիգարը սիգարի հետևից, ժամանակ տալով, որ նա ավարտի
29 Սերը խոլերայի ժամանակ նամակը, որն իր կարծիքով երկար ու դժվարին գործ էր, իսկ ժամը երեքից քիչ անց, երբ շները սկսեցին հաչել, սուրճի համար ջուր դրեց կրակին, ոտքից գլուխ սև հագավ, ապա բակից պոկեց արշալույսի առաջին վարդը: Արդեն որքան ժամանակ էր՝ դոկտոր Խուվենալ Ուրբինոն ինքն իրեն հարց էր տալիս, թե որքա՞ն կապրեն այդ անկաշառ կնոջ հուշերը, և կարծում էր, որ գտել էր հիմնավորումը. միայն սկզբունքներից զուրկ մարդը կարող էր այդքան սիրալիր լինել իր ցավի նկատմամբ: Կինը մինչև այցի ավարտը նրան ավելի շատ ապացույցներ հրամցրեց: Ինքը թաղմանը չպետք է գնար, քանի որ սիրածին այդպես էր խոստացել, չնայած դոկտոր Ուրբինոն կարծում էր, որ նամակի հատվածներից մեկում լրիվ հակառակն էր կարդացել: Չէր թափելու և ոչ մի կաթիլ արցունք, չէր շռայլելու իր կյանքի մնացած տարիները՝ դանդաղ խորովվելով հիշողության մարմանդ կրակին, իր կյանքը չէր թաղելու այս չորս պատի մեջ՝ կարելով իր պատանքը, որն այնքան լավն է, և որն այնքան լավ է նայվում, երբ գործում են տեղացի այրիները: Մտադիր էր վաճառել Երեմիա դե Սենթ-Ամուրի տունը, որն այդ օրվանից իրենն էր այն ամենով հանդերձ, ինչ կար, ինչպես որ ասված էր նամակում, և ապրել ինչպես միշտ, առանց որևէ բանից տրտնջալու աղքատների այս մեռելափոսում, որտեղ ինքը երջանիկ է եղել: Այդ խոսքերը հետապնդում էին դոկտոր Խուվենալ Ուրբինոյին տունդարձի ճանապարհին՝ «աղքատների այս մեռելափոսում»: Անհիմն բնորոշում չէր: Քանզի քաղաքը՝ իր քաղաքը, շարունակում էր նույնը մնալ՝ ժամանակից անդին. նույն շոգ ու ձանձրալի քաղաքն իր գիշերային սարսափներով
30 ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ և լքված առնականության բավարարումով, որտեղ ժանգոտվում էին ծաղիկները, և քայքայվում էր աղը, և որտեղ չորս հարյուրամյակի ընթացքում ոչինչ չէր փոխվել, թառամած դափնեպսակներից և հոտած ճահճուտների մեջ ծերանալուց բացի: Ձմռան ակնթարթային ավերիչ հեղեղների ժամանակ աղբը դուրս էր թափվում ափերից, և փողոցներն ասես գարշահոտ ճահիճներ լինեին: Ամռանը աննկատ, կավճի պես ողորկ, կարմիր փոշին լցվում էր հուսալիորեն փակված ամեն ճեղքից, քշված սանձակոտոր հողմերից, որոնք նույնիսկ կտուրներն էին պոկում և օդ հանում երեխաներին, աղքատ խափշիկները շաբաթներով խուճապահար լքում էին խավաքարտե հյուղակներն ու ճահճոտ ափերի արույրե շերտը՝ իրենց տնային կենդանիներով, ուտելիքի ու խմիչքի պաշարով, ցնծությամբ նետվում էին սյունակերտ թաղի քարքարոտ լողափերը: Ամենածերերից ոմանք նույնիսկ տարիներով իրենց վրա կրում էին ստրուկի խարանը, որը շիկացած երկաթով դաջել էին կրծքներին: Շաբաթվա վերջին անդուլ պարում էին, մեռնելու աստիճանի խմում իրենց քաշած օղին, ազատորեն սեր անում անտիլյան սալորենիների թփուտներում, իսկ կիրակի կեսգիշերին կուլ էին գնում անկարգություններին՝ արյունոտ կռիվներում գետնին զարկելով մեկը մյուսին: Նույն անզուսպ խառնամբոխն էր, որը շաբաթվա մնացած մասը թափանցում էր հինավուրց թաղամասերի հրապարակները, նրբանցքներն ու պանդոկները, գնելով ու վաճառելով այն ամենը, ինչ հնարավոր էր գնել ու վաճառել, և մեռյալ քաղաքին ներշնչում էր մարդկային մոլեգնավառ մի տոն, որը տապակած ձկան բույր ուներ. դա նոր կյանքն էր:
Թարգմանիչ՝ Խմբագիր՝ Հրատ. բաժնի ղեկավար՝ Տեխն. խմբագիր՝ Էջադրող՝ Սրբագրիչ՝ Շապիկը՝ Կազմի ձևավորումը՝ Ռուզաննա Պետրոսյան Արքմենիկ Նիկողոսյան Հռիփսիմե Մադոյան Արարատ Թովմասյան Սևաննա Գրիգորյան Լիանա Չոբանյան Սարգիս Անտոնյանի Վիկտորյա Նշանյանի ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ ՍԵՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ GABRIEL GARCÍA MÁRQUEZ EL AMOR EN LOS TIEMPOS DEL CÓLERA «Անտարես» հրատարակչատուն ՀՀ, Երևան-0009, Մաշտոցի պ. 50ա/1 Հեռ.՝ (+374 10) 58 10 59 [email protected] www.antares.am