- Դեւը կործանվեց: Տապալվեց անառակը,- Վիշապաքաղին
ընդհատելով կնքեց ավետիսը Վարդածղի աստվածուհին:
- Աստղի՜կ, երանի քո շուրթերին, որ ավետեց լուրն
աստվածային,- շրջվելով Աստղիկին հազիվ լսելի ձայնով ասաց
թագուհին:
- Խենթության պահ էր...,- շարունակեց Վահագնը: Սրով
զարկված ընկնում էին զինվորները՝ վիրավոր, արյունաքամ: Ու
մեկ էլ տեսնեմ, ի՞նչ ասեմ, Նուա՜րդ: Արան էլ ընկավ... ապշելու
բան էր: Ասես շանթազեն ամպեր բախվեցին: Շա՜տ քաջեր
ընկան... ո՞ր մեկին, որի՞ն թվարկել: Ո՞ր մեկին ասեմ... արքան էլ
ընկավ... Բայց Նուարդ, ասեմ, անմահ է Արան... Երկինքն է
արքան:
- Վահագն-Վիշապաքաղ, Աստղիկ-Վարդածղի, շուտո՛վ, շատ
շուտով ես էլ կգնամ, կգնամ երկինք, կհասնեմ Արայիս, կսեղմեմ
նրան կարոտավառ սրտիս ու անվերջ-անվերջ կհամբուրեմ ու
կհարբեմ շուրթերի գինուց: Ա՜խ, սիրելիս, ընդունիր հոգիս: Ա՜խ,
Արա, Արա... Ա՛ր-րա՛...
Ու խոնարհեց թագուհին գլուխը հոգնած: Արա կանչելով հոգին
ավանդեց:
- Թագուհի՛...Նուա՛րդ...,- գոռաց Վահագնը:
- Հայուհի՛... թագուհի՛... Նուա՛րդ: Հայուհի՛,- ճչաց Աստղիկը:
Դե շուտ, շուտ վե՜ր կաց, ե՜լ: Ե՜լ ու կանգնի՜ր, բա՜ց արա
աչքերդ...
51
- ԻԹ -
Նուարդ թագուհին էլ աչքերը փակեց: Աչքերը փակեց, հոգին
ավանդեց: Գնաց ու հասավ Արա արքային:
Վահագնը գրկեց թագուհու դին: Ապա հարմար դրեց սայլը
բարձած դեզի վրա: Համբուրեց Նուարդի սառած ճակատն ու
խնդրեց Աստղիկին, որ բարձրանա եւ նստի թագուհու դիակի
մոտ:
Ու Արեւորդին քշեց եզները հոգնած: Դուրս եկան Դութաղի
դաշտից ու ճանապարհն ուղղեցին դեպի Աշտիշատ: Եվ երբ
հասան Մնձուր-Բյուրակնի լեռնաշղթայի Սրմանց գագաթը,
նրանց ընդառաջ ելան աստվածուհի Գիսանեն ու դից Դեմետրը:
Նրանք Վահագնին ու աստվածուհուն հայտնեցին իրենց
ցավակցությունը՝ Նուարդ թագուհու մահվան պատճառով:
- Վարդամատն-Աստղիկ,- ասաց Գիսանեն: - Երկրիս
աստվածները հավաքվել են բարձրագահ Արագածի երկնահաս
գագաթին ու պատրաստվում են տոնել Վարդավառը:
- Արամազդն ասաց, որ Արան աստվածն է Հարության եւ
կկենդանանա ու չարժե Գեղուհու տոնն անցկացնել տխուր սգի
մեջ,- ավելացրեց Դեմետրը:
- Առավոտյան Ճառագայթյալն էր,- շարունակեց Գիսանեն: Ես
ու Դեմետրը դեռ Քարքե լեռան գագաթին էինք: Մեկ էլ
նկատեցինք, որ մեզ են մոտենում Վանատուրն ու Նանեն, Տիրն
ու Ծովինարը: Նրանք հաղորդեցին, որ Արագոտին լինենք
Արագած՝ Աստղիկիդ տոնը նշելու համար:
52
- Վիշապաքա՜ղ,- խոսեց Աստղիկը: - Գնանք Աշտիշատ,
դիցուհուս Մեհյան: Մի քիչ շունչ կքաշենք, վարդերով ու
վարդաջրով կցողենք թագուհու դին: Ապա կբարձրանանք
Ծովասարն ի վեր ու Նուարդին կամփոփենք, կհանձնենք
Սեղանասարին եւ հետո ճանապարհ կընկնենք Արագած:
-Լ-
...Թաղանթյալին փոխարինելու եկավ Արագոտնը:
Դիցերը հասան Արագած: Լեռան ստորոտում աստվածներին
դիմավորեց հյուրընկալ Վանատուրը: Նա Գիսանեին ու Դե-
մետրեին ուղեկցեց մինչեւ գագաթ: Իսկ Աստղիկին ու Վահագնին
հրավիրեց Արագածի լանջին գտնվող Իջեւանատուն: Այնտեղ էին
գտնվում Միհրն ու Նանեն, Ծովինարն ու Արեգը: Ամեն մեկն իր
աստվածային տուրքը մատուցեց դիցերին՝ նրանց վրա շաղ
տալով վարդաջուր եւ ծաղիկներ՝ որպես հավիտենական սիրո եւ
երջանկության խորհրդանիշ: Նրանք Աստղիկին փառաբանում
էին, վարդե պսակներ նվիրում, հավերժական սեր ցանկանում՝ ի
փառս հայոց աստվածների ու Նաիրյան աշխարհի:
Ապա Վարդածղին գուշակում է նրանց սիրո ծաղկունքը՝ վար-
դաջուր ցանելով աստվածների աչքերին: Հետո աստվածները
ձոներգերով, օրհնություններով զոհ մատուցեցին Աստղիկին.
Ո՜վ Դիցուհի մեր էության՝
Լույսի՜, Սիրո՜, Գեղեցկությա՜ն,
Լողա գետում Արածանի,
Արյան եռքը մեր վեր ծնանիր,
Ու տարածիր ծաղկամշուշ,
53
Թող արբենան Սասուն ու Մուշ,
Եվ լոգանքում քո շաղավոտ,
Պայազատներ սիրակարոտ,
Գտնեն իրենց հույսը սրտի,
Նրանց ներսում լույսը հորդի,-
Հորդի, կապի ծածք ու տանիք,
Դառնա Հայոց մեծ ընտանիք,
Ու ծեսերով մեր Նվիրական,
Խոյանքներով Նաիրական
Տանի դեպի խորհուրդը վառ,
Մեր ավյունը արևավառ,
Բացի խորքը մեր ինքնության,
Առաջնորդի մեզ հաղթության,-
Ո՜վ Դիցուհի մեր էության՝
Լույսի՜, Սիրո՜, Գեղեցկությա՜ ն;
Վարուժան Խաստուր
Այնուհետեւ նրանք իրենց աստվածային սիրո երգերով Աստ-
ղիկին ուղեկցեցին քառանիստ Արագածի երկնաձիգ գագաթը:
Այնտեղ նրանց էին սպասում Արամազդն ու Անահիտը, Ամանորն
ու Գիսանեն, Հայկն ու Տիրը, Տորք-Անգեղն ու Դեմետրը: Երբ
արդեն գագաթն էին, Աստղիկը օրհնեց կարմրաթուխ խնձորներն
ու բաժանեց բոլորին: Եվ թույլատրեց, որ այդուհետեւ ուտեն
պտուղն օրհնած:
Այստեղ Մեծն-Արին, վերցնելով գինով լի թասը, իր Հայրական
օրհնությունը տվեց Աստղիկին՝ ասելով.
54
- Դիցե՛ր, սերը արիական աստվածների ու Արի ցեղի Արարիչ
Հոր՝ Արայի էությունն է եւ Արայի աստվածային սերը
մարմնավորում է Աստղիկը: Աստվածային սերն է աստվածային
զորության ուժը: Եվ Աստղիկն է իր այդ սիրով անընդհատ
ոգեւորում ու զորացնում Վահագնին: Աստղիկն է աստվածային
սեր պարգեւում հայոց երկնքին ու Նաիրյան երկրին: Նա է սեր
վառում աստվածների ու դյուցազունների, ժողովրդի հոգիներում,
օգնում նրանց գտնելու մեկմեկու: Նա է ապահովում հայոց երկրի
նկատմամբ Նաիրյան երկնքի սերն ու գորովանքը: Եվ երբ
նույնիսկ մենք՝ աստվածներս, միմյանց հետ գժտվում էինք,
Վարդածղին էր մեզ հաշտեցնում: Հիշո՞ւմ ես, Հայկ:
- Ինչպե՞ս չէ, Արարիչ:
Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մա-
զերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ ու եր-
եւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին,
որոնք փորձում էին բոլոր հսկաների եւ դյուցազունների վրա
տիրապետելու:
- Աստղիկի սիրով է լցված հայոց եթերն ու հայոց աշխարհը
երջանիկ,- կրկին շարունակեց Մեծն-Արին: - Ահա թե ինչու ենք
աստվածներս հավաքվել եւ տոնում Աստղիկի Սերը: Ահա թե
ինչու ենք Գեղուհուն փառաբանում եւ վարդե պսակներ նվիրում:
Հավերժական սեր ցանկանում ի փառս մեզ... ու Նաիրի երկրի:
Այսօր, չնայած տխուր ենք բոլորս, որ մեզ հետ չեն, մեր կողքին
չեն Նուարդ թագուհին ու արքան Արա: Բայց այսօր հայոց
աշխարհում Աստղիկիս աստվածային Սերն է թեւածում:
55
Ապա մոտենալով Աստղիկին՝ գրկեց Գեղուհու նրբասլաց
մեջքն ու սեղմեց կրծքին: Համբուրեց աստվածուհու կայծկլտուն
աչքերն ու շարունակեց.
- Աչքերիդ երկնքի հեռուներում ծիրկաթիններ եմ տեսնում,
որտեղ արեւներ են մեռնում: Վարդամա՜տն, ըմպում եմ գե-
ղեցկությանդ ու անհուն սիրո կենացը,- ասաց Արարիչն ու նրան
միացան աստվածներն անմահ:
Խմեցին...
Խմում են Աստղիկի ու Սիրո կենացը:
Վահագնը մտամոլոր էր: Վեր բարձրանալով նստած տեղից,
տխուր նայելով աստվածներին՝ շրջվեց Աստղիկին: Նրա
թախծոտ դեմքին ժպտավառ լույս դողաց: Լացախառն ուրախու-
թյունը ծորում էր Արեւորդու դեմքից:
- Այսուհետեւ,- աստվածներին նայելով՝ խոսեց Վահագնը, ապա
շրջվելով Գեղուհուն՝ շարունակեց,- ես ու դու, Աստղիկ, հիմա ավելի
հզոր ենք, ավելի վճռական, ավելի... Աստղի՜կ: Մոտենալով
աստվածուհուն՝ գրկեց նրա սլացիկ իրանը եւ համբուրեց գեղուհու
սիրաբոց շուրթերն ու նայելով աչքերի կապտաբոց երկնքին՝
շարունակեց.
- Երկնային գահիդ շուրջն են բոլորել
Պերճանք, վայելում, խնդություն ու լույս,
- Արդյոք կա՞ մեկը, որին չի գերել
Քո գեղեցկության կախարդանքը կույս...
Ամեն կողմերում լուսնոտների պես
Քեզ են որոնում կարոտով անմար,
- Արդյոք կա՞ մեկը, որ չտենչա քեզ
56
Եվ չտառապի հայացքիդ համար:
Լռում է կոչը մարտական փողի,
Մեռնում է տխուր ամեն մի փափագ,
- Դո՜ւ, իշխանուհին երկնի ու հողի,
Բոլոր սրտերի աստվածը միակ...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
- Վահագն, ի՜մ լեռ, ես անհունորեն սիրում եմ քեզ: Ես
պաշտում եմ քեզ ոչ միայն նրա համար, որ դու գեղեցիկ մասնիկն
ես իմ սիրո աշխարհի, այլ նաեւ սիրում եմ նրա համար, որ դու
հրաշք առասպելներ ես ծնել իմ մանուկ հոգում ու հիմա, հիմա էլ
դեռ շարունակում ես երկնել: Իմ սիրո աղբուրները քեզանից են
ակունք առել: Դե, ուրեմն, ինքդ ասա, էլ ինչպե՞ս, ինչպե՞ս չսիրեմ,
ինչպե՞ս չպաշտեմ քեզ, սիրելիս Վահագն,- նայելով Վահագնի
հրաբոց աչքերին՝ դողդողջուն ձայնով ասաց Վարդածղին:
- Աստվածնե՜ր, ես ու Վահագնը շատ ջանացինք Նուարդ
թագուհուն փրկել, բայց ավա՛ղ, սպառվել էր նրա ուժը: Նա էլ
փակեց փայլփլուն աչքերն ու բարձրացավ երկինք: Գնաց իր
սիրելի արքայի մոտ: Գնաց, որ սիրո ջերմով լցնի Արայի սիրտը,
համբույր տա նրա սառած շուրթերին: Տաքացնի նրա մրսած
հոգին: Ես գոհություն եմ մատուցում Արամազդ-Արարչին, որ ինձ
նվիրված այս սիրո Վարդավառը դիմավորեց ուրախությամբ,
որովհետեւ գիտեք, թե որքան դժվար է այս օրերին նմանատիպ
միջոցառումներ կազմակերպելը...
57
- Շնորհակալ եմ Հայր, Մեծդ Արարիչ,- մոտենալով Արա-
մազդին, այսպես խոսեց Վարդածղին ու համբուրեց Տիրակալի
աջը: Ապա, նայելով Վահագնին, շարունակեց.
- Շնորհակալ եմ եւ իմ սիրելիից, որ դժվար պահերին չլքեց
Աստղիկիս: Եթե չլիներ Վահագնը, միգուցե ես այսպես...
Գոհություն քեզ, օրհնություն Վիշապաքաղիդ:
- Արամա՛զդ, հիշո՞ւմ ես Վահագնի ծնունդը: Տիեզերքի բուռն
երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվեցին
երկունքի ցավերով: Եվ երկնքից շառագունած ծիրանի ծովի մեջ
վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով դուրս
եկավ պատանի Վահագնը: Հիշո՞ւմ ես, ծնվելուն պես ինչպե՞ս
կռվի բռնվեց սեւ ու ամեհի վիշապների դեմ: Ինչպես սպանեց
դրանց: Հիշո՞ւմ ես, Տիրակա՜լ, թե ինչպես ազատեց տիեզերքը
կործանման սպառնալիքից, հիշո՞ւմ ես, այո՞:
- Հիշում եմ, Անահիտ, ինչպե՞ս չէ: Եվ դրա համար էլ նա
տիրեց, նա իշխեց ամպրոպներին ու կայծակներին: Նա՛ եղավ
աստվածը ամպրոպ-կայծակի:
- Տի՜ր, գուսան-դպիր, դե մի բան երգիր, Վահագնի քաջության
համբավը գովիր: Երգ ասա Վահագնի ու նրա ծննդյան մասին:
Արվեստագետը հայացք գցելով իր չորս կողմը նստածներին՝
տոնական բարեմաղթանք ասաց ու այսպես սկսեց.
- Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
58
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հէր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
- Վահագնը եկավ, աստղերից հյուսված թագն իր գլխին,
բոցե թիկնոցն իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ
Պատերազմին՝ ձուլված Արեւից, աջ ձեռքին բռնած հազար ու
հազար Արեւով կռած իր Թուր-Կեծակին:
«Արորդիների ուխտ» ՍԼԱՔ ԿԱԿՈՍՅԱՆ
Ապա շարունակեց.
- Ի՞նչ մայր է ըզքեզ բերեր,
Ի՞նչ դայեկ ՝ ըզքեզ սնուցեր:
Քեզ եղն ի սարին՝ բերեր
Ու շահին բազան սնուցեր.
Լուսինն՝ քեզ ծիծ տվեր.
Արեգակն է դադրեցուցեր.
Քամին՝ տարուբեր արեր:
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ
59
Ծափահարեց Նանեն: Ծափահարեցին Հայկն ու Անգեղը:
Լուռ էր Անահիտը: Մտախոհ էր Միհրը: Աստղիկի թախծոտ
բիբերը փայլեցին սիրո հրով: Ժպտաց Վահագնը: Վառվռուն
հայացքը խոհուն հառել էր Աստղիկին: Կարծես ուզում էր ինչ-
որ բան ասել, բայց...
- Արեգակի բոցակեզ ջերմություն, այրող ու կորստաբեր տա-
պի հզոր աստված, մեր սիրաշող սրտերը կօգնի, անպայման
կօգնի, որ նրանք պայծառակերպվեն:
- ԼԱ -
...Լուռ էր Արամազդը: Լուռ էին աստվածները: Հանդարտ էր
Աստղիկը: Ավելի շատ մտախոհ, քան երբեւէ:
Հանկարծ...
Վեր բարձրացավ նստած տեղից, մոտեցավ Տիրակալին ու
համբուրեց նրա ստեղծագործ աջը: Եվ խնդրեց, որ իր հետ
միասին աղոթեն: Հետո հանդարտ քայլերով բարձրացավ
Արագածի ամենասլացիկ գագաթն ու ծնկի եկավ մի ապառաժի
դիմաց: Ձեռքերն ուղղեց կապտաթաթախ եթերին ու անլսելի
ձայնով շշնջաց... մանուշակագույն, մանուշակաբույր աղոթք
մրմնջաց:
- Իջե՜ք երկնքից, իջե՛ք մեր մեջ: Ուժ տվե՜ք հողիս՝ սոսիներին
սնելու համար: Սիրով ողողեք երկինք ու երկիր: Ժպտացե՜ք
ծաղիկների հետ ու հպարտ եղեք, անխորտակ, ապառաժասիրտ
լեռներիս նման... Իջե՛ք... Իջե՛ք երկնքից...
60
Ու բարձրանալով՝ կանգնեց երկնասլաց գագաթների
արանքում եւ կրկին աղոթեց: Մերթընդմերթ ընդհատելով՝ նայում
երկնքին, ինչ-որ բան էր ճշտում եւ նորից շարունակում:
Հանկարծ փոթորկվեց երկինքը: Հողմեր փչեցին: Եթերը
շանթեց: Ու անձրեւ տեղաց: Ամպերն իջան ու գրկեցին
Աստղիկին: Ապա ոսկեզօծված՝ կապտակամար երկնքից
զորության ահռելի ուժով երկիր պոկվեցին թագավոր Արան ու
թագուհի Նուարդը:
Նրանք կանգնեցին աստվածուհու ձախ ու աջ կողմերում:
Սեւ-մութ ամպերի ետեւից ժպտալով դուրս եկավ Արեգը:
Աստվածները խոնարհվում են, փառաբանում, գովերգում ու
ցնծում: Մշուշը ցրվեց, հողին թողնելով թագավորին ու
թագուհուն:
Արամազդն ապշած էր ու հիացած: Սակայն զարմանքն ավելի
զորեղ էր:
Ապա Աստղիկը համբուրեց նախ՝ թագուհուն եւ հետո՝ Արային:
Նրա գլխին սոսապսակ դրեց եւ տվեց արտամետյան
կարմրավառ խնձոր՝ իբրեւ վավերացում սիրո եւ
հավատարմության: Հանկարծ պատռվեց երկինքն ու երկու
սպիտակաթույր աղավնիներ գեղանի թռիչքով իջան, նստեցին
Գեղեցիկի ու Հայուհու ուսերին:
- Աստղի՜կ, դու հրաշք ես, աստվածուհիս,- ասաց Արարիչը
խորհրդավոր շշունջով:
- Սիրո՛ աստվածուհիս,- խոսեց թագուհին: - Ջուր տուր ինձ մի
քիչ, ծարավս հագենա, հովանա հոգիս:
Աստղիկը վերցրեց վարդաջրով լի սափորն ու տվեց
Նուարդին:
61
- Խնդրեմ, թագուհի՜, խմի՛ր Սուրբ Ջրից, ծարավ չկենաս:
Ու խմեց թագուհին ջուրն անմահական: Խմեց, հագեցավ
ծարավն անասելի:
- Կարոտել էի ջրին Բյուրակնի,- ասաց թագուհին ու ժպտաց
մեղմիկ:
Ու ժպտաց նաեւ Աստղիկ դիցուհին:
Աստվածները զարմանքից ու զմայլանքից շունչները պահած՝
լսում էին նրանց զրույցը: Արան խոնարհվեց աստվածների առաջ
ու այսպես խոսեց.
- Ի՛մ սիրելիներ, հոգիս ցավում է, որ ձեզ հետ չեմ այլեւս: Ձեր
կողքին չկա Արաս ու Նուարդ, բայց իմացե՜ք, միշտ Հայոց
երկնակամարից հավիտյան կհսկենք Երկիրս Հայոց, թե որ
անգամ մի բան պատահի, իսկույն հրեշտակաց բանակը կիջնի:
Միշտ խաղա՜ղ եղեք, ապրե՛ք միշտ հանգիստ եւ թող բարին
երկրին տիրի:
Եվ ուրախությունից հրճված՝ շարունակեցին աստվածները
հայոց իրենց խնջույքը՝ նվիրված գեղեցկությանն ու սիրուն: Ապա
Տիրը, որ իմաստությունների, Արամազդի գրիչն ու Աշտիշատի
գիտությունների ուսուցման Մեհյան-Դիվանի տերն ու երազահան
գուշակն է, կրկին անգամ բամբիռն առնում է ձեռքերի մեջ ու
այսպես սկսում.
- Աղջիկս, եկո՜ւր քեզ տանիմ...
Վըճիտ աղբյուրն Հըրաշքին...
Ո՛րքան մարգրիտ ակին մեջ.
Եվ գուռին մեջ ո՛րքան լույս...
62
Երգ մըն է ան՝ մենության մեջ գըլգըլուն՝
Որուն ի լուր մայր բնությունը շուրջի
Գիշերվան մեջ կը ավշավետի, կը մեղմե
Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր...
Ըմպե՜, աղջի՜կս ըմպե՜...
Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով
է քաղցրացած,- թախիծդ ընդհուպ կբուժե,
Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված
Շուշանի պես՝ պի՜տ բուրեն
Գեղ եւ առույգ թարմություն...
Եվ աղբյուրին ձոնելու
Նըվերդ ահա, կը տըրոփե ափիս մեջ, -
Տատրա՛կն է այս Աստղիկին,
Վարդ կտուցով, փետուրներով ձյունաթույր...
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
«Հրաշքին Աղբյուր»
- Շնորհակալ եմ, Տիր, գրչության աստված:
- Աստղի՛կ, տիրուհի, երբ իմաստունն աստված Տիրը երգն
այսպես կազմեց քո մասին, ակամայից վերհիշեցի իմ Սասնա
Ծռեր որդիների ծննդյան հրաշքը:
- Ասպես էր ահա:
Ասաց Ծովյալ Խանումն ու պատմեց դեպքը հրաշքի
վերածած:
63
- Էդ են ժամանակն էր, երբ ես դուրս էի եկել զբոսանքի եւ
հանկարծ շատ ծարավեցի ու ջուր չկար խմելու:
Խնդրեցի Բարձրյալից, որ մի աղբուր բուսըցնե, որ խմեմ
ծարավս հագենա:
Նայեցի տեսա՝ մեկ ջոջ քար կա ծովու պռունկ,
Սպիտակ աղբուր մի էդ քարից կը թալի...
Ես իմ շորեր էհան, գնացի էդ աղբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիքը ջուր խմեցի,
Մեկ էլ մի բուռ կիսատ:
Էդ երկու բուռ ջրից հղացա...
Ժամանակը լըմընցավ,
Էրկու տղա բերեցի.
Մեկըն թամամ, մեկըն կիսատ:
Ջոջ տղիս անունն դրեցի Սանասար,
Պստիկինն էլ՝ Բաղդասար:
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ
Եվ ահա հիմա տեսնում եք, թե՛ Սանասարին եւ թե՛
Բաղդասարին: Հսկաներիս ջրածին, որոնք պատրաստ են իրենց
կյանքը նվիրել հայրենիքի փրկությանը:
- Այո, Ծովահարս Փերի, Ալենույշ Ծովյան, Ծովինար Թագուհի:
Իսկապես դու ճիշտ ես: Իրոք, որ նրանք իսկական նվիրյալներ
են: Եվ երբեք չեն երկնչում իրենց վճռի առաջ,- ասաց Արձագանք
Հավերժահարսը:
64
Արեւոտ օր էր, բայց միգապատվեց:
- Աստվածնե՜ր Հայոց, մենք կգանք նորից: Նորից միասին
կլինենք շուտով:
- Մեզ մի մոռացեք, աստվածնե՛ր Հայոց:
Այսպես խոսեցին երկրիս պայծառակերպված թագն ու
թագուհին: Ու հողից պոկվելով՝ ելա՛ն, բարձրացան ի վերն
երկինք: Ձուլվեցին կապույտի սպիտակ ամպերին: Գնացին, որ
վերից նայեն Մայր Հողին:
- ԼԲ -
...Խավարակ ժամն էր:
Մութը փորձում էր պատել սարին ու ձորին, հողին ու ջրին,
դիցուհիներին ու աստվածներին:
Ամպերը վերացան երկինք՝ իրենց հետ տանելով Նուարդին ու
արքային:
Աղջամուղջը մոտենում էր: Աստվածները պատրաստվում էին
հրաժեշտ տալ միմյանց:
Թաց լուսինը կրկին հայտնվեց թխպոտ երկնքում:
Արամազդն ու Անահիտը մնալու էին Արագածի փեշին՝
Իջեւանատանը:
Գիսանեն, Դեմետրը, Միհրը եւ Ծովինար-Նուրին հեռացան
Տարոն աշխարհ: Գիսանեն ու Դեմետրը բարձրացան Քարքե
լեռը, որի գագաթը ընդարձակ որսատեղ էր՝ զովասուն բուսակա-
նությամբ առատ:
Տորք Անգեղն ու Տիրը, Հայկն ու Նանեն գնացին դեպ Նաիրիի
հարավային կողմը՝ Անգեղատուն: Ամանորն ու Վանատուրը
65
գիշերն անցկացրին Ճորոխ գետի ափերից երկինք խոյացող
Խախտյաց լեռնաշղթայի փեշերին:
Եվ Միհրն ու Ծովինար-Նուրին՝ դեպ Սիփանն ի վեր:
Վիշապաքաղն ու Վարդածղին գիշերը հանգրվանեցին Աշտի-
շատի Աստըղկա Տաճարի Վահագնի Սենյակում:
Լուսնկա գիշեր էր: Բավականն իջել է, պատել Նաիրին: Եվ
Գիզակն հազիվ է իր տեղը զիջում Լուսաճեմին: Մեղմ զեփյուռը,
հեռուներից փչելով, հասնում է Աստըղկա Տաճար եւ հանդարտ
շոյում Սիրո Թագուհու ոսկեծամերը, որն անհամբեր նեկտար է
քաղում Վիշապաքաղի բոցավառ շուրթերից:
Գիշերավերջի գունատ լուսինը խնկահոտ ցոլք էր թափում
համբուրվող զույգի վրա:
Լիալուսնի հազիվ թրթռացող լույսը գծագրում է Հայկական
Տավրոս լեռնապարը: Անդոկի սպիտակաթույր գագաթը փայլ-
փլում է լուսնի հանգչող ճառագայթներից:
- ԼԳ -
...Իսկ այս գիշեր մի զարհուրելի հողմ ու շառաչող անձրեւ
տեղաց լեռնաշխարհի գլխին:
Անահիտի Մեհյանի վրա երկինքը ջարդուփշուր էր լինում:
Թնդում էր ու վայրի մոլուցքով Հրաչք խփում Վահագնի արդեն
կիսափուլ Սենյակի ճակատին:
Դերիկի գլխին կործանման մռայլ ամպեր էին կուտակվել:
Քանդվել էր եւ Արամազդի Տաճարը: Փլվել էր նաեւ Աստղիկ
աստվածուհու Ծիծեռնակաբերդը:
66
Երկնքից թափվող հորդ անձրեւը ծեծում էր երկրի հողե
կուրծքը: Փայլածուի եւ Այգի բախման ամենաթեժ պահին, երբ
աշխարհի վրա բացվելու էր եւս մեկ օր՝ Աստղիկի օրը,
խավարը համառորեն պայքարում էր, չէր զիջում լույսին:
Անձրեւը չէր դադարում: Մեղրագետը վարարել էր: Հեռու-
ներից լսվում էր նրա ալիքների ծփանքը: Նրանք, մեկը մյուսի
ետեւից գալիս, խփում էին սարահարթի ափերին, շառաչում,
աղմկում...
Երբ դեռ արեւ չկար ու երկնքի սարսուռը նոր-նոր էր փոխ-
վում ամպագոլ թրթիռի, նոր-նոր էր ջերմանում հորիզոնը, Կո-
տոր լեռների հետեւից հաղթական տեսքով երկինք է ձգվում
ճաճանչափայլ Արեգն ու ոսկեգույն ներկում Նեմրութի արծա-
թազօծ գագաթը:
Զորացյալի գունատ ցոլքերով, հազարամյա ձյուներով ծած-
կված այս վսեմաշուք լեռը շքեղ հրավառվում է լուսաբացի մեջ:
Ու այդ ամենից բազմապատկվում է նրա հմայքը, եւ նա
դառնում է առավել գեղեցիկ ու հմայիչ...
- ԼԴ -
...Սարալանջին նստել էր Նանեն: Նստել էր մեն-մենակ:
Շվար ու խոհուն հայացքը հառել Ծովասարին եւ լո՛ւռ շշուկով
վարդագույն, մանուշակաբույր երգ էր մրմնջում վաղորդայնի ու
բնության զարթոնքի մասին:
Երգում էր: Ու լռեց, ինչպես երկինքն է լռում անձրեւելուց
հետո: Խավար աչքերը բոցավառվեցին: Դողալով վեր կացավ՝
ձեռքերը երկինք կարկառեց, հրացայտ հայացքը մխեց փա-
րատվող խավարից արդեն նշմարված լեռների աղոտ եզրագ-
67
ծերին: Ապա, շրջվելով Ծովասարին, ինքն իր մտքում եւ հետո
բարձրաձայն կրկնեց.
- Դու հավերժական ես, լե՜ռ: Քո շքեղությամբ դու միշտ մնա-
լու ես աշխարհում:
Հետո...
Այնուհետեւ հիշեց անցած գիշերվա աղետաբեր կայծակն ու
խեղդամահ փոթորիկը:
- Երկնքից թափվող հորդ անձրեւը ծեծում էր երկրի հողե
կուրծքը: Երեւի... Երեւի դառն աշխարհի քնած խիղճն էր ուզում
արթնացնել... Օ՜, խիղճ իմ...
Իսկ ահա Մհերը-Միհր,
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ:
Մեկ քար մի պատահավ էդոր:
Էդ քարին Վանա քար կ՛ասեն:
Ագռավաքար կ՛ասեն էդ ժայռին:
Ասաց. «Կանգնի, իմ թուր զարնեմ էդ
քարին, թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»:
Թուր որ էզար քարին,
Քար երկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ:
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ
68
Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշ-
խարհը քանդվի եւ մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշ-
խարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառ-
նա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի: Երբ հողը դառնա արդար,
դիմանա նրա ոտների տակ:
Անիծված Ծկակ թռչունն էլ ահա երկրորդ անգամն էր ծա-
րավը հագեցնում: Թույն դարձավ ջուրը, թարախ դարձավ
խմածը: Թռավ ու գնաց: Գնաց դեպ հեռո՜ւ անհայտություն:
- ԼԵ -
Կեսօր էր: Արեւն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ:
Մեղմ զեփյուռը փչելով՝ հասնում էր Մայր գետի փրփրադեզ
ափերն ու ողողում ուռենուն թիկն տված քանդակագործ-
քարակոփ վարպետի՝ Տորք Անգեղի երանելի խաղաղություն
ապրող դեմքը:
...Արեւն արդեն իջել է սարի ետեւը:
Հորիզոնը ծածկվեց մութ ամպերով: Իրիկնամշուշը գրկեց
լիալուսնի թխալույս մարմինը: Քարակոփը սուզվեց սեւաթույր,
խորհրդավոր գիշերվա մեջ: Մտասույզ նայեց խավարին, որի
միջից դուրս էր լողում տխուր ու գեղեցիկ Վարագա լեռը:
Խոշաբի զրնգուն ձայնը տարածվել էր ամբողջ մթում:
Քարակոփը ոտքի կանգնեց, բարձրացավ ժեռոտ լեռան
կատարին, հայացքն ուղղեց Արտամետի փլված ու կիսափուլ
Տաճարներին ու գետի կարկաչուն ձայնին խառնեց իր խռպոտ
ասելիքը.
- Դուք կրկին պիտի հառնեք: Դուք նորից պիտի բարձրա-
նաք: Ես հարություն եմ տալու ձեզ, իմ Սուրբ Տաճարներ: Իմ
69
եղունգները ձեր քարերի վրա են մաշվելու: Իմ շուրթերը կրկին
համբուրելու են ձեր սրբալույս ճակատները: Դուք նորից պիտի
երկինք խոյանաք: Ձեր խորաններում կրկին լսվելու է Տիր
աստծո Նավասարդյան մեղեդին: Ձեր Զոհասեղաններին
նորից է մատուցվելու ցուլն ու ոչխարը, միրգն ու գինին: Դուք
կրկին կանգնելու եք Մայր Հողի վրա ու ազատ երկնքի առաջ:
Փա՜ռք ձեր խոնարհված քարերին: Հավիտյանս փա՜ռք:
...Սպառնալի՞ք էր, թե՞ երդում, որ բարձրադիր լեռան կա-
տարից իր խռպոտ ձայնով մռնչաց վարպետը:
- ԼԶ -
...Գիշերային այս համատարած խավարի մեջ պա՜րզ ու
միապաղաղ տարածվում էր Տորք Անգեղի մուրճի հաստատուն
թրխկոցը:
Շինում է...
Կառուցում է խոնարհվածը: Օր օրի, քար քարի բարձրանում
են Արամազդի ու Անահիտի, Վահագնի ու Աստղիկի ավերված
Տաճարները: Նանեի ու Տիրի, Հայկի ու Ծովինարի կիսափուլ
Մեհյանները:
...Տաճար են, մարմարե ճերմակ տաճար, ուր ներսում կրկին
լույս ու մեղեդի են տարածվելու: Թխակապույտ խորաններից
մեղեդի ու լույս են բխելու...
...Իսկ այն գիշեր երկինքը զայրացած ծեծում էր երկրի հողե
կուրծքը: Տաճարների գլխին կախվել էին մթագնած ամպերը:
...Բայց Տորք Անգեղը շինում էր ավերվածը, Տաճար ու Մեհ-
յան, Բագին-Զոհասեղան:
70
71
72
ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ
ՆԱՎԱՍԱՐԴ. Հայոց հին տոմարի առաջին ամիսն է, կազմ-
ված է ՆԱՎ (նոր) եւ ՍԱՐԴ (տարի) բառերից եւ նշանակում է նոր
տարի: Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին եւ վերջացել
սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար այս ամսվա 1-ը
(օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:
ՀՈՌԻ. Ամիսը սկսվել է սեպտեմբերի 10-ին եւ վերջացել
հոկտեմբերի 9-ին: Այս ամսանունը, ըստ պատմագիր ու տոմա-
րագետ Վանական վարդապետի (1181-1251թթ.), առնչվում է
ՀՈՐ բառի հետ: Դա հավանաբար կապվում է տարվա այն ժա-
մանակի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը՝ ցորենը,
գարին, գինին, եւ այլն... ամբարում էին հորերում: Ըստ ակա-
դեմիկոս Ստ. Մալխասյանի՝ ՀՈՌԻ նշանակում է Ուռի ամիս,
այսինքն՝ որթատունկի, այգեստանի ամիս:
ՍԱՀՄԻ. Ամիսը սկսվել է հոկտեմբերի 8-ին, վերջացել նո-
յեմբերի 8-ին: Ըստ Վանական վարդապետի՝ ՍԱՀՄԻ անունը
առնչվում է Սահմանել բայի հետ, որովհետեւ իբր այդ ամսում
էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանք-
ների կատարումը: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի՝ ՍԱՀՄԻ
նշանակում է սերմանց ամիս:
ՏՐԵ. Հայոց տոմարի չորրորդ ամիսն է, սկսվել է նոյեմբերի
9-ին եւ վերջացել դեկտեմբերի 8-ին: Այս ամսանվան ծագումը
կապում են հայոց դպրության աստված ՏԻՐԻ անվան հետ:
73
ՔԱՂՈՑ. Ամիսը սկսվել է դեկտեմբերի 9-ին եւ վերջացել
հունվարի 7-ին: Այս անունը կապում են ՔԱՂԵԼ բայի հետ:
Հր. Աճառյանը գտնում է, որ ՔԱՂՈՑԸ կազմած է «անասնոց
խառքն» բառերից (քաղ նշանակում է նոխազ, արու այծ) եւ
կապված է անասունների զուգավորման ամսի հետ:
ԱՐԱՑ. Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է
հունվարի 8-ին եւ վերջացել փետրվարի 6-ին: Վանական
վարդապետը այս անունը գրում է ԱՐԱՆՑ, որովհետեւ սա այն
ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանց
(տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ:
ՄԵՀԵԿԱՆ (ՄԵՀԵԿԻ). Սկսվել է փետրվարի 7-ին եւ
վերջացել մարտի 8-ին: Վանական վարդապետն այդ ամսանունը
կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու
բույսերը գտնվում են դեռեւս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
ԱՐԵԳ. Հայոց տոմարի ութերորդ ամիսն է, սկսվել է մարտի
9-ին եւ վերջացել ապրիլի 7-ին: Ամսանունն առաջացել է
ԱՐԵԳԱԿ բառից: Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում
է բնությունը: Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը՝
նոր տարին, սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին
ամսին, ԱՐԵԳԸ եղել է հայոց տոմարի առաջին ամիսը:
ԱՀԵԿԱՆ. Ամիսն սկսվել է ապրիլի 8-ին եւ վերջացել մայիսի
7-ին: Ամսանունը առնչվում է ԿՐԱԿ, ՀՈՒՐ բառերի հետ: Այդ
ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
74
ՄԱՐԵՐԻ. Ամիսն սկսվել է մայիսի 8-ին եւ վերջացել հունիսի
6-ին: Ըստ Վանական վարդապետի՝ դա այն ժամանակն է, երբ
ՄԱՅՐԻՔ (ծառերը) կանաչում են ու տերեւակալում:
ՄԱՐԳԱՑ. Ամիսն սկսվել է հունիսի 7-ին եւ վերջացել հուլիսի
6-ին: Անունը կապում են ՄԱՐԳ բառի, այսինքն՝ խոտհնձի,
խոտհարքի հետ:
ՀՐՈՏԻՑ. Հայոց տոմարի տասներկուերորդ ամիսն է, սկսվել
է հուլիսի 7-ին եւ վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է
ՀՈՒՐ բառից, որովհետեւ ամիսը համընկնում է տարվա
ամենաշոգ ժամանակին:
ԱՎԵԼՅԱՑ. Հայոց տոմարի տասներեքերորդ (լրացուցիչ)
ամիսն է, ունեցել է հինգ օր՝ հասարակ տարիներին, վեց օր՝
նահանջ տարիներին: Սկսվել է օգոստոսի 6-ին եւ վերջացել
օգոստոսի 10-ին: ԱՎԵԼՅԱՑ նշանակում է ավելացած՝ տարվա 12
ամիսներից ավելացած օրերը: Ենթադրվում է նաեւ, որ հայոց
ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարա-
գետներ գտնում են, որ հայոց տոմարի ամսանունները կոչվել են
Հայկ աղեղնավորի 12 ուստրերի եւ դուստրերի անուններով:
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
Հին հայերը առաջնորդվել են Բուն Հայկա թվականով, որի
տարին ուներ 12 ամիս (յուրաքանչյուրը՝ 30 օրով) եւ 13-րդ
(լրացուցիչ) մեկ ամիս (5 օրով):
Ահավասիկ Բուն Հայկա օրացույցը.
75
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
Անուններ են ունեցել նաեւ հայկական ամսվա բոլոր 30
օրերը եւ Ավելյաց ամսվա 5 օրերը: Ահա դրանք.
1. ԱՐԵԳ 16. ՄԱՆԻ
2. ՀՐԱՆԴ 17. ԱՍԱԿ /ԱՍԱԴ/
3. ԱՐԱՄ 18. ՄԱՍԻՍ
4. ՄԱՐԳԱՐ 19. ԱՆԱՀԻՏ
5. ԱՀՐԱՆՔ 20. ԱՐԱԳԱԾ
6. ՄԱԶԴԵՂ 21. ԳՐԳՈՒՌ /ԳՐԳՈՌ/
7. ԱՍՏՂԻԿ 22. ԿՈՐԴՈՒԻՔ /ԿՈՐԴԻ/
8. ՄԻՀՐ 23. ԾՄԱԿ
9. ՁՈՊԱԲԵՐ 24. ԼՈՒՍՆԱԿ
10. ՄՈՒՐՑ 25. ՑՐՈՆ /ՍՓԻՒՌ/
11. ԵՐԵԶԿԱՆ 26. ՆՊԱՏ
12. ԱՆԻ 27. ՎԱՀԱԳՆ
13. ՊԱԽԱՐ /ՊԱՐԽԱՐ/ 28. ՍԻՄ
14. ՎԱՆԱՏՈՒՐ 29. ՎԱՐԱԳ
15. ԱՐԱՄԱԶԴ 30. ԳԻՇԵՐԱՎԱՐ
76
ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
Ավելյաց ամսվա 5 օրերին տրվել են անզեն աչքով
տեսանելի 5 մոլորակների անունները.
1. ՓԱՅԼԱԾՈՒ /ԼՈՒԾ/
2. ԱՐՈՒՍՅԱԿ /ԵՂՋԵՐՈՒ/
3. ՀՐԱՏ /ԾԿՐԱՎՈՐԻ/
4. ԼՈՒՍՆԹԱԳ /ՓԱՌԱԶՆՈՏ/
5. ԵՐԵՎԱԿ /ԱՐՏԱԽՈՒՐ/
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ
Հայերը ունեցել են ոչ միայն իրենց ազգային ամսանուններն
ու ժամանունները, այլեւ՝ (գիշերն ու ցերեկը) բաժանել են 24
հավասար մասերի (ժամերի) եւ դրանց տվել հետեւյալ
անունները.
ՑԵՐԵԿՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ
1. ԱՅԳ
2. ԾԱՅԳ /ՑԱՅԳ/
3. ԶՈՐԱՑՅԱԼ /ԶԱՅՐԱՑՅԱԼ/
4. ՃԱՌԱԳԱՅԹՅԱԼ
5. ՇԱՌԱՎԻՂՅԱԼ
6. ԵՐԿԱՐԱՏԵՍ /ԵՐԿՐԱՏԵՍ/
77
7. ՇԱՆԹԱԿՈՂ
8. ՀՐԱԿԱԹ
9. ՀՈՒՐԹԱՓՅԱԼ /ՀՈՒՐՓԱՅԼԱՅԼ/
10. ԹԱՂԱՆԹՅԱԼ
11. ԱՐԱԳՈՏ /ԱՐԱԳՈՏՆ/
12. ԱՐՓՈՂ
ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ
13. ԽԱՎԱՐԱԾ /ԽԱՎԱՐՈՒԿ, ԽԱՎԱՐԱԿ/
14. ԱՂՋԱՄՈՒՂՋ
15. ՄԹՆԱՑՅԱԼ /ՄԹԱՑՅԱԼ/
16. ՇԱՂԱՎՈՏ /ՇԱՂՈՏ, ՇԱՂՎՈՏ/
17. ԿԱՄԱՎՈՏ /ԿԱՄՎՈՏ, ԿԱՄԱՎՈՐ/
18. ԲԱՎԱԿԱՆ
19. ԽՈԹԱՓՅԱԼ /ՀԱՎԱՏԱՓԱՅԼ/
20. ԳԻԶԱԿ /ԳՆԶԱԿ, ԳԵՂԱԿ/
21. ԼՈՒՍԱԿՆ /ԼՈՒՍԱՃԵՄ/
22. ԱՌԱՎՈՏ
23. ԼՈՒՍԱՓԱՅԼ
24. ՓԱՅԼԱԾՈՒ
78
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆ
Վերը նշված 72՝ ամսանունները, օրանունները, ժամանուն-
ները, եւս կապված են հեթանոս աստվածների հետ: Դրանց
գերակշիռ մասը մաքուր հայկական ազգային ծագում ունեն:
Ասվածին եթե ավելացնենք «ՄՀԵՐԻ ԴՌԱՆ» արձանագրութ-
յան բովանդակությունը ուր թվարկված են Վանի, Արարատյան
թագավորության դիքերն ու դիցերը՝ թվով 68 աստվածություն
Սարդուրի եւ Մենուա արքաների կողմից, հայոց հնագույն շրջանի
հեթանոս աստվածների պանթեոնը ամբողջական կդառնա:
Հայկական հարստության շրջանի աստվածների ցուցակին
զուգակշիռ՝ բերենք Վանի, Արարատյան շրջանի աստվածների
ցուցակը.
ԴԻՑԵՐ.
ՀԱՅԿ ԽԱԼԴԻ ԻՆՈՒԱՆԻ
ԹԵՅՇԵԲԱ ԻՆՈՒԱՆԻ
ՇԻՎԱՆԻ /ՇԻՎԻՆԻ/ ԻՆՈՒԱՆԻ
ԽՈՒՏՈՒԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ
ՏՈՏԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ
ՈՒԱ ԻՆՈՒԱՆԻ
ՆԱԶԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ
ՇԵԲԻԹՈՒ ԻՆՈՒԱՆԻ
ԱՐՍԻՄԵԼԱ ԻՆՈՒԱՆԻ
ՈՒԱՆԱՊՇՍ ԻՆՈՒԱՆԻ
79
ԴԻԴՈՒԱՆԻ ԻՆՈՒԱՆԻ
ՇԻԵԼԱՐԴԻ /ՄԵԼԱՐԴԻ/ ԽԱՐՍ
ԱԹԲՅՈՒՆԻ ԱՐԱԾԱՆ
ԿՈՒԵՌԱՆ ԶԻՈՒԿՈՒՆԻ
ԷԼԻՊՈՒՐԻՆ ՈՒՐԱ
ԹԱՐԱԻՆԻՆ ԱՌՆԻ
ԱԴԱՐՈՒԹԱ ՇՈՒԲԱՆ
ՀՐՄՈՒՇԻՆԻ ԷԼԱՈՒԱ
ԱՍՏՎԱԾ ԹԱԼՊՈՒՐԱՆ
ԱԼԱՓԹՈՒՇԻՆԻ ԿԻԼԻԲԱՆ
ԱՐԻԱՆԻ ԱՐՑԻ
ԷՐԻՆԱ ԱԻԱ
ՈՒՐՈՒԲԱՅՆՈՒ ՍԱՐԴԻՆ
ՈՒՆԻՆԱ ԻՆՈՒԱՆԻ
ԱՐՈՒՅԻ ԻԽՊՈՒՐԻ
ԽՈԻԲԱ ԲԱՐԾԻԱ
ՏՈՒՇՊՈԻԵՅԱ ՍԻԼԻԱ
ԶՈՒԶՈՒՄԱՐՈ ԱԲՈՒԱ
ԱՆԻՆԻ ԱԴԻԱ
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ
ԾԻՆՈՒԻԱՐԴԻ ԻՆՈՒԱՆԻ
ԻՆՈՒԱՆԻ ԱՐԾԻԲԻԴԻՆ
80
ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ
ԱՐԱՄԱԶԴ. Հայոց հեթանոսական դիցարանի գերագույն
աստվածը, բոլոր աստվածների հայրը: Հայաստանում պաշտվում
էր որպես երկնքի ու երկրի ստեղծողը, մարդկանց բարօրություն
եւ արիություն շնորհող, երկրին լիություն ու պարարտություն
պարգեւող: Նրան անվանել են «Մեծն ու Արին Արամազդ»: Նա
բնավորությամբ բարի է: Արամազդի անունից պարզ երեւում է, որ
նա համապատասխանում է իրանական ԱՀՈՒՐԱՄԱԶԴԱՅԻՆ
(ՕՐՄԻԶԴԻՆ), առանց, սակայն, նույնանալու վերջինիս հետ,
քանի որ իրանական Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված
ԱՀՐԻՄԱՆԸ (կամ նրա զուգահեռը) գոյություն չուներ հայկական
դիցարանում: Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ,
Արամազդը հաճախ նույնացվել է հունական ԶԵՎՍԻ եւ
հռոմեական ՅՈՒՊԻՏԵՐԻ հետ: Արամազդի գլխավոր տաճարը
կառուցված է եղել Եփրատի ափին, Դարանաղյաց գավառի Անի -
Կամախ ամրոցում, որը, հավանաբար, նաեւ հայոց քրմապետի
նստավայրն էր: Այստեղ դրված է եղել Արամազդի արձանը: Այս
ամրոցում էր գտնվում նաեւ հայ թագավորների դամբարանը:
Արամազդին նվիրված տաճարները եղել են նաեւ Վասպուրա-
կանի Անձեւացյաց գավառում եւ այլուր: Արամազդի պատվին
տոնը կատարվում էր Ամանորին, երբ տեղի էին ունենում նավա-
սարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր
կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդին է նվիրվել եւ
կոչվել հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:
81
ԱՄԱՆՈՐ. Նոր տարվա հին հայկական աստվածություն,
որին նվիրված էին ամենաբեր նոր պտղոց տոները:
ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի՝ արիական պտղաբերության
աստվածություն: Լիդիայում նույնացվում էր ՄԵԾ ՄՈՐ կամ
ԱՐՏԵՄԻՍԻ հետ: Մ.թ.ա. IV դ. Անահիտի պաշտամունքը
տարածվել էր Փոքր Ասիայում, Հունաստանում, հետագայում
նաեւ Հռոմում: Անահիտին նվիրաբերում էին ցուլեր: Ցուլը
աստվածուհուն զոհ մատուցելուց հետո, նրա արյունը ցողում էին
մարդկանց վրա (համեմատվում է մկրտության հետ), խմում էին
այդ արյունը (այդ ծեսը կոչվում էր տավրոբոլիա): Անահիտի
պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հին
Հայաստանում (Ստրաբոն):
Հայկական դիցարանում Անահիտը համարվել է պտղա-
բերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ
շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհի: Հնում Անահիտին անվանել
են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի» եւ նման
անուններով: Հելլենիստական ժամանակաշրջանում Անահիտը
նույնացվում է հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիանայի
հետ: Անահիտը միաժամանակ համարվում էր լուսնի աստվա-
ծություն: Մ.թ.ա. I դ. Անահիտը դառնում է Հայաստանի գլխավոր
աստվածուհին, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Նրա
գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում,
որը Անահիտի անունով կոչվել է նաեւ Անահտական: Այդ
տաճարում կանգնեցված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը, որը
մ.թ.ա. 34 թ. ջարդուկտոր են արել եւ ոսկին բաժանել իրար միջեւ
հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները: Անահիտի
մեհյաններ կային նաեւ ուրիշ վայրերում (Արտաշատ, Արմավիր,
Աշտիշատ, Բագարան, Անահտաձոր եւ այլն): Նավասարդի
82
սկզբին (օգոստոսի 15-ին) հայերը մեծ շուքով նշում էին Անահիտի
գլխավոր տոնը՝ կապված բերքահավաքի հետ: Ծիսակատա-
րություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով եւ խնջույք-
ներով: Անահիտին զոհաբերում էին առաջին բերքը, դիցուհու
արձանը պատում ծառերի դալար շիվերով ու պսակներով: Նրան
նվիրաբերում էին սպիտակաթույր սրբազան ցուլեր: Անահիտի
անունն էր կրում հայկական հեթանոսական տոմարի ամիսների
19-րդ օրը: Երիզայի շրջանում՝ Սատաղի մոտ, 19-րդ դարի վերջին
հայտնաբերել են Անահիտին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ,
որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:
ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ. Դժոխքի աստվածը հայկական հեթանո-
սական դիցարանում: ՍԱՆԴԱՐԱՄԵՏ էր կոչվում նրա գործելա-
վայրը, այսինքն՝ դժոխքը:
ԱՍՏՂԻԿ. Հայկական դիցարանի սիրո եւ գեղեցկության,
ինչպես նաեւ երկնային լույսի (աստղ) աստվածուհին. ուստի եւ
անվանվել է «Ոսկեծղի». «Վարդամատն»: Համապատասխա-
նում է հունական Ափրոդիտեին եւ Աստրադեին: Աստղիկին
նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Վանի մոտ`
Արտամետում եւ այլուր: Աստղիկը եղել է քաջության աստված`
Վահագնի սիրեցյալը կամ ամուսինը. ուստի Աշտիշատում գտն-
ված Աստղիկի մեհյանը կոչվում էր «ՎԱՀԱԳՆԻ ՍԵՆՅԱԿ»:
Աստղիկին նվիրված տոնը կոչվում էր Վարդավառ եւ մեծ
հանդիսությամբ նշվում էր Նավասարդի օգոստոսի կեսին:
Աստղիկին համարել են նաեւ ջրի աստվածություն: Ենթադրում
են, որ Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերված «վի-
շապներ» կոչված ձկնակերպ կոթողները Աստղիկ դիցուհու
արձաններն են:
83
ՎԱՀԱԳՆ. Ամպրոպի, անձրեւի, ամպի, կրակի հայկական
աստվածություն, որի իրանական զուգահեռն ու նախատիպը
համարվել է Վերեթրանգան: Առավել հավանական է, որ Վա-
հագն անունը կազմած լինի ՎԱՀ (աստված) եւ ԱԳՆԵ (կրակ)
բառերից եւ նշանակում է` կրակի աստված: Վահագնը միա-
ժամանակ համարվել է քաջության, ուժի, հերոսության, ռազմի
աստված: Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ, Հա-
յաստանում Վահագնը նույնացվել է Հեփեստոսի հետ: Վահագ-
նի Վահեվանյան կոչված նշանավոր տաճարը գտնվել է Տարոն
գավառի Աշտիշատ ավանում:
ՎԱՆԱՏՈՒՐ. Բառացի նշանակում է` հյուրընկալ, օթեւան
տվող: Հին հայկական դիցարանի հյուրասիրության աստվածը:
Համարվել է հատուկ մակդիրը Արամազդի, որի մեհյանին կից
կար իջեւան եկվոր ուխտավորների համար: Հաճախ նույնաց-
վել է Ամանորի հետ: Վանատուր-Ամանորին նվիրված ամե-
նամյա բերքի տոնը կատարվում էր հայոց տոմարի առաջին`
Նավասարդի մեկից մինչեւ վեցը:
ԾԿԱԿ. Անիծված թռչուն, որ տարին մեկ անգամ էր ջուր
խմում, իսկ եթե ավել խմեր, խմածը թույն ու թարախ կդառնար:
ԱՐՁԱԳԱՆԳ. Հայոց դիցարանի մեջ շատ լեզվանի հավեր-
ժահարս:
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ. Հեթանոսական Հայաստանի հնագույն
աստվածներից մեկը, որի անունը սերտորեն կապված է Շամի-
րամի հետ: Սկզբնապես Արայի կերպարը արտահայտել է գար-
84
նան բուսականությունը, երկրագործությունը, ցանքը եւ ջուրը:
Այդ են վկայում հայկական առասպելում պահպանված Արայի
շրջապատի բուսականություն հիշեցնող անունները (Նվարդ,
Անուշավան, Սոսանվեր): Արայի բուսական հին բովանդակութ-
յան դրսեւորումն է նաեւ նրա հարություն առնելու հանգա-
մանքը: Արայի, որպես մեռնող եւ հարություն առնող աստվա-
ծության, պաշտամունքը լայն տարածում է ունեցել Հայաստա-
նում: Հին արեւելյան հավատալիքների ազդեցության տակ Արան
սկսում է առնչվել Շամիրամի անվան հետ:
ԱՐԱԼԵԶՆԵՐ /ՀԱՐԱԼԵԶՆԵՐ/. Ոգիներ, որոնք Հայաստա-
նում պաշտվել են Արա Գեղեցիկի եւ Շամիրամի հետ միասին:
Հայերը հավատում էին, որ Արալեզները լիզում էին
պատերազմում ընկած հերոսների վերքերը եւ հարություն տալիս
նրանց: Հայերը Արալեզներին համարում էին շներից սերված
ոգիներ:
ՆԱՆԵ. Իմաստության, ողջախոհության աստվածուհին, մայ-
րության եւ տան օջախի պահապանը: Հայաստանում հելլենիզմի
շրջանում նույնացվել է հունական Աթենասի հետ, բայց իր
ընդհանուր դերով զիջել է վերջինիս: Նանեի մեհյանը գտնվել է
Եփրատի աջ ափին, Դարանաղյաց գավառի Թիլ ավանում:
ԱՐԵԳ. Հին հայերի արեւի պաշտամունքը անձնավորող աստ-
ված: Հրային լուսափայլ ճաճանչներով ամեն գիշեր հանգս-
տանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրված էր նրա
ոսկեղեն անկողինը: Սկզբնապես Արեգը պաշտվել է իր բնական
85
տեսքով, որպես կենսատու նախապայման, լույսի եւ ջերմության
աղբյուր: Հետագայում, երբ բոլոր լուսատուներին անձնավորում
տրվեց, Արեգը եւս դիտվեց որպես անձնավորված աստված:
Արեգը Հայաստանում եղել է սիրված աստվածներից մեկը եւ նրա
պաշտամունքը ունեցել է համահայկական բնույթ: Հելլենիզմի
ազդեցությամբ Արեգը նույնացվել է հունական Հելիոսի հետ, իսկ
հետագայում` Տիրի եւ Միհրի, երբեմն՝ նույնիսկ Վահագնի հետ:
Արեգի եւ Լուսնի արձանները կանգնեցված են եղել Արմավիրում:
Հայերը Արեգ կոչել են իրենց հեթանոսական տոմարի 8-րդ
ամիսը, ինչպես նաեւ բոլոր ամիսների առաջին օրը:
ԳԻՍԱՆԵ. Հին Հայաստանի հեթանոսական աստվածություն,
որին վերագրվել է հնդկական ծագում: Գիսանե անունը բա-
ցատրում են Գես (ծամ, մազ) բառով` իբր ինքը եւ իր տաճարի
քրմերը ունեցել են երկար մազեր: Գիսանեի պաշտամունքի
մասին հստակ տեղեկություններ չկան: Ըստ ավանդության՝
Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան
փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են: Հետա-
գայում նրանք պաշտվել ու աստվածացել են, նրանց պատվին
տաճարներ են կառուցել եւ արձաններ կանգնեցրել:
ՀԱՅԿ. Հայոց հնագույն կրոնական դիցարանի գլխավոր
աստվածը, որը հակադրվում է Ասորեստանի գլխավոր աստ-
ված Բելին: Հետագայում Հայկը մարդկայնացվել է եւ համար-
վել հայերի նախահայրը եւ անվանադիրը: Հայկը քաջ աղեղ-
նավոր է, հսկա, հմուտ որսորդ: Նա հայոց երկրին կյանք եւ
86
ազատություն պարգեւող աստվածն է, որը Հայաստանը պաշտ-
պանում է արտաքին թշնամիներից: Հնում նրա անունով է կոչ-
վել երկնքի առավել պայծառ աստղերից մեկը` Օրիոն-Երեւակի
աստղը:
ԾՈՎԻՆԱՐ /ՆԱՐ/. Հայոց դիցարանում ջրի, ծովի, անձրեւի
աստվածուհին: Ժողովրդական հավատալիքներում` ամպրոպա-
յին ոգի, փայլակի իգական անձնավորում: Ծովինարը հրեղեն
էակ է, որը ամպրոպի ժամանակ կարող է աղետաբեր կարկուտ
թափել կամ կենարար անձրեւ պարգեւել: Հայկական առաս-
պելներում ջրային տարերքի հետ կապված ոգի կամ ծովից
հղիացած երկվորյակների` Սանասարի ու Բաղդասարի մայրը:
ՔԱՋՔԵՐ. Առասպելական ոգիներ, երբեմն բարի, երբեմն
չար հատկություններով: Քաջքերն ընդհանրապես ապրելիս են
եղել քարանձավներում, լեռներում. նրանք համարվել են
պատժող ուժեր: Հավատացել են, որ Քաջքերը երբեմն էլ
մտնում էին մարդկանց մեջ, նրանց չարչարում:
ՏՈՐՔ ԱՆԳԵՂ. Հին հայերի դիցարանում ուժի, քաջության,
արհեստների աստված: Սկզբնական շրջանում Տորքը եւ
Անգեղը եղել են առանձին աստվածություններ: Տորք Անգեղին
վերագրվում է մարմնական աներեւակայելի ուժ: Նա ջարդում
ու փշրում է հսկա քարեր, եղունգներով հղկում դրանք եւ
դրանց վրա փորագրում: Տորք Անգեղի պաշտամունքը տարած-
ված է եղել Հայկական լեռնաշխարհի հարավարեւմտյան շըր-
ջաններում:
87
ՏԻՐ. Հայոց հնագույն եւ սիրելի աստվածներից: Սկզբնապես
եղել է Արեւի պաշտամունքի հետ կապված աստվածություն, բայց
հետագայում, իբրեւ արեւի աստվածություն իր տեղը զիջելով
Միհրին, ձեռք է բերում նոր դեր: Հայկական դիցաբանությունը
նրան դարձնում է Արամազդի դպիրը, գրի, գրականության,
գիտության եւ արվեստի հովանավորը: Առանձին վայրերում Տիրի
պաշտամունքը միաձուլվել է Արա Գեղեցիկի` որպես բերրիության
եւ բնության զարթոնքի աստծո հետ: Տիրը համարվում էր
երազացույց-երազահան: Նա իբրեւ «գրող» հաշվի էր առնում
մարդկանց բարի ու չար գործերը, մեկնում էր երազները: Նրա
մեհյանը կառուցված է եղել մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,
ճանապարհի եզրին, «Երազամույն» կոչված վայրում: Տիր աստծո
անունով է կոչվել հայկական հին տոմարի Տրէ ամիսը:
ՄԻՀՐ. Լույսի եւ բարու աստվածություն, հետագայում արեւի
աստվածություն: Միհրը ծնվել է ժայռից, եւ նրան խնամել են
հովիվները: Միհրին նվիրված տաճարը գտնվել է պատմական
Հայաստանի Դերջան գավառի Բագառիճ գյուղում: Ենթադրվում
է, որ հնագույն մայրաքաղաք Արմավիրում եւս գտնվել է Միհրին
ձոնված տաճար: Միհրի պաշտամունքը սկսում է վերանալ մ.թ.ա.
IV դարում:
88
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ՝ ՄԵՐ ԱՐՅԱՆ ԵՎ ԷՈՒԹՅԱՆ ......................................................3
«ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» ՏԱՆՈՂ ՃԱՄՓԱՆ .................................................4
ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔ ..............................................................................6
ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ ..................................................73
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ ..........................................................75
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ .....................................................76
ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ ..................................................77
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ ..................................................77
ՑԵՐԵԿՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ .............................................................77
ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ .............................................................78
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆ ..........................................79
ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ..............................81
89
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ
Հայոց արիական դիցարան
Խմբագիր՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ
Գեղ. խմբագիր՝ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տեխ. խմբագիր՝ ԱՆՆԱ ԲԱՅԱԹՅԱՆ
Սրբագրիչ՝
Գրքի ձևավորումը՝ ՌԻՏԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
êïáñ³·ñí³Í ¿ ïå³·ñáõÃÛ³Ý 25.03.2015Ã.:
ÂáõÕÃ` ûýë»Ã 80 և կավճապատ 115: îå³·ñáõÃÛáõÝ` ûýë»Ã:
¶ñ³ã³÷Á` 70x100, 1/16: îå³·ñ³Ï³Ý Ù³ÙáõÉ` 5.5:
î³é³ï»ë³ÏÁª GHEA Grapalat:
Տպաքանակ՝ 1000
§²ՐՏԱԳԵՐՍ¦ Ññ³ï³ñ³ÏãáõÃÛáõÝ
ù. ºñ¨³Ý, Æë³Ñ³ÏÛ³Ý 28
Հեռ.՝ (+37499) 14-27-97, (+37498) 14-27-97
¾É. ÷áëïª [email protected]
[email protected]
90